ԿԱՐԴԱԼԻՔ

«Ես նորից եմ ծնվել»․ ինչ է պատմում Հակարիի անցակետն ադրբեջանցիների սպառնալիքի ներքո հատած Մհերը

«Ես նորից եմ ծնվել»․ ինչ է պատմում Հակարիի անցակետն ադրբեջանցիների սպառնալիքի ներքո հատած Մհերը

Կարոտելով նռան այգին «Խաղողի այգի ունեմ, նռան այգի ունեմ, բերքն արդեն հասել է․․․»,- հոկտեմբերի կիսատ արեւի տակ, Երեւանի պուրակներից մեկում Մարտունիում թողած իր այգու մասին Մհերը շարունակում է ներկայով խոսել։ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումից հետո նա ընտանիքի հետ տեղահանվել է Բերդաշեն գյուղի իր տնից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ինչ հնարավոր է ունենալ ու արարել 36 տարիների ընթացքում եւ անսփոփելի կարոտ, որ չգիտի՝ ոնց բացատրել․ «Իմ գյուղը, իմ այգին, իմ տունը․․․ Հինգիդամ, դա անհոգի մարդ կլինի, որ չկարոտի։ Դա շատ ծանր ա։ Ես չեմ կարում ամեն մանրուք բացատրեմ։ Դա ոչ թե կարոտ ա, դա ոնց որ պարանը գցած վիզդ՝ մազից կախված, ցանկացած վախտ, երբ աթոռը ընկնի, կախվում ես․․․ Դաժե ձեռս կտրեն, գնամ ես իմ հայրենիքում ապրեմ, դրան էլ եմ համաձայն»։  Հայաստանն էլ է իմ հայրենիքը Մհերը Հայաստանն իրեն օտար չի համարում, ասում է՝ սա էլ է իր հայրենիքը ու այս հայրենիքի համար էլ է պատրաստ կռվել, ինչպես 44-օրյա պատերազմում է կռվել մինչեւ վերջին ժամը եւ ինչպես սեպտեմբերի 19-ին է մի ողջ օր դիմակայել իր տան վրա հարձակված հակառակորդին։ Երբ ադրբեջանցիները հարձակվել են, Մհերն ու համագյուղացիները թութունի դաշտում են եղել․ շրջափակման ժամանակ ծխախոտն էլ էր սպառվել Արցախում. մարդիկ թութուն էին հավաքում ու չորացնում։ Թութունի դաշտը շփման գծից հարյուր մետր է հեռու եղել։ Հենց առաջին կրակոցը լսել են, ինքնակազմակերպվել, ընտանիքներին ապաստարաններում տեղավորել ու անցել պաշտպանության։ Երկու օր անց նրանց հայտնել են, որ պիտի լքեն գյուղը։ Մհերը իր երկու մեքենաները թողել է, ընկերոջ մեծ մեքենան վերցրել, անկողին, սառնարան, մի քանի այլ իրեր վերցրել ու ճամփա ընկել։ Երեք գիշեր Զարգարյանների ընտանիքը մնացել է մեքենայում, ճամփի համար վերցրած սնունդն էլ գրեթե սպառվել է, բայց Մհերը ճարը գտել է․  «Երրորդ օրն էր արդեն, պոլնի դատարկ, բայց դիմանում էինք, երեխոցը մի բան էի ճարում, տալիս։ Լիսագորի ճանապարհին վայրի բույսեր կան, որ ուտելու են՝ սզնա, զըկըռ, թրթնջուկ, իմանում եմ լի։ Քաղեցի, տվեցի էրեխոցը։ Խորթն (ուրց) էլ եմ քաղել, հետս բերել․․․»։  Հակարիի անցակետը «Ես նորից եմ ծնվել, ես նոր ծնված մարդ եմ»,- մի քանի անգամ կրկնում է Մհերը, երբ պատմում է, թե ինչպես է անցել Հակարիի անցակետը։ Նրան, ինչպես տեղահանվող մյուս արցախցիներին, ադրբեջանցիները ստուգել են, զննել մեքենաները, բայց Մհերին ճանաչել են․ նրանց ձեռքի տակ է եղել մի տեսանյութ, որը փաստում է 44-օրյա պատերազմին Մհերի մասնակցությունը (տեսանյութում Մհերը Մեհրիբան Ալիեւայի անունն է տալիս՝ ակնարկելով, որ շուտով նրան են հասնելու)։  Անցակետում Մհերին կանչել են ներս, ատրճանակը սեղմել կողին եւ պայման դրել նրա առաջ․  «Պիստալետը դրեց կողիս, բայց նենց, որ դրսից չերեւա, ասում ա՝ Զարգարյան Մհերը դու ե՞ս։ Ես մտածեցի, որ սա իմանում ա, որ ասում ա, ավելի լավ ա՝ ճիշտն ասեմ, որ չբարդանա։ Եթե մենակ լինեի, մի ելք կմտածեցի, բայց որ էրեխեքը հետս են, ասեցի՝ ճիշտն ասեմ, գոնե ինձ պահեն, էրեխեքիս բաց թողնեն։ Ասեցի՝ ես եմ։ Վիդեոն միացրեց, ասեց՝ մենք անհամբեր էինք սպասում քեզ, մեր պրեմիեր մինիստրը Բաքվում անհամբեր քեզ ա սպասում։ Ասեցի՝ ինչ ուզեք կտամ, երեխեքիս ձեռ չտաք, մենք ոտով էլ կանցնենք, ոչ մի բան մեզ պետք չի։ Մաքուր, գրական հայերեն էր խոսում, ասեց՝ հլա կորոշենք, եթե ինչ ասենք՝ անես, բաց կթողնենք, եթե չէ, շանս չունես քեզ»,- հիշում է Մհերը։  Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը պնդել է, որ Մհերն արցախցի բարձրաստիճան զինվորականների անուններ տա, նա էլ ասել է, որ անուններ չգիտի, թեեւ ադրբեջանցիները չեն հավատացել, ասել են՝ Արայիկի (Արայիկ Հարությունյանի) անո՞ւնն էլ չգիտես։ Մհերն ասել է՝ Արայիկինը գիտի, որովհետեւ նախագահն է, այլ անուն չգիտի։ Հաջորդիվ Մհերին ստիպել են ադրբեջանցի լրագրողների տեսախցիկների առաջ հայերին վատաբանող խոսքեր ասել, մասնավորապես, որ գեներալներն են մեղավոր, որ հայ ազգը դավաճան է․  «Մի հինգ-վեց լրագրող եկան, ասացին՝ որ մոտենան քեզ, դու կսկսես արդեն, դաժե երկրորդ անգամ, որ ասեցի, ադրբեջանցիներից մեկը ասեց՝ նորից ասա, նկատողություն տվեց, որ նորից ասեմ, թե չէ արդեն շանսս պրծնում ա․․․ Նորից մոտիկացա, խոսեցի, ինչ ասեցին, ասեցի, որ մեր գեներալներն են մեղավոր, հայ ազգը դավաճան ա․․․ Ու տենց թողեցին, նստեցի ավտոն, ասի՝ պրծա, ճանապարհվեմ, սկաների մոտ էր իմ ավտոն, դիմացս ավտո կար, մեջը մարդ չկար, սպասում էի, որ անցի, հետո ես մտնեի, էլ չսպասեցի, ու կողքով անցնելիս եկավ (նույն այն ադրբեջանցին,-խմբ․), որ էլի կանգնեցնի, բայց չկանգնա, քշեցի։ Հակարին որ անցա, թե ուրախությունից, թե սաղ պրծնելուց էր՝ աչքերիս դեմը սեւացավ, գիտակցությունս մի պահ գնաց, հասցրի՝ ավտոն կանգնեցրի, մի հատ ջուր խփեցի երեսիս ու քշեցի ու էլ ոչ մի տեղ չեմ կանգնել»,- պատմում է Մհերը, որը հետո ընտանիքի հետ հասել է Կոռնիձոր, այնտեղ իրենց սնունդ են տվել, երեխաներին՝ քաղցրեղեն։ Ավելի ուշ շարժվել է դեպի Վայք ու տեղահանվածների ընդունման վայրում հաշվառվել ու ճանապարհ ընկել Երեւան։ Չեմ վախենում Մհերը կնոջ ու երեք անչափահաս երեխաների՝ դստեր ու որդիների հետ հիմա վարձով բնակվում է Երեւանում։ Եթե Բերդաշենում գյուղատնտեսությամբ էր զբաղվում, հիմա ամեն գործ էլ պատրաստ է անել, միայն թե ընտանիքի կարիքները հոգա։  Մհերը ասում է՝ մեքենա վարել շատ է սիրում․ թեթեւ մարդատար ու բեռնատար ավտոմեքենա վարելու վկայականներ ունի, վարորդի աշխատանք է փնտրում։ Կինը բուժքույր է, նա նույնպես աշխատանք է փնտրում։  «Ինչ դժվարություն էլ լինի, ես կկարողանամ [հաղթահարել], մի քիչ օգնեն՝ ցույց կտամ՝ ինչի եմ ընդունակ։ Եթե մենակ լինեի, ես յոլա կգնայի, գիշերն էլ կաշխատեի, ավտոյում էլ կքնեի, բայց որ էրեխեքը հետս են, ընտանիք ունեմ, չեմ կարա։ Հինգիդամ․․․ Ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց թուրքերի անունը, որ լսում եմ․․․ Անսովիստ են (անխիղճ), պապս միշտ ասում էր՝ իրենք հետեւից խփող ազգ են, արդեն իմ խելքս էլ ա կտրում, ես էլ գիտեմ, տեսել եմ, իմ աչքով եմ տեսել, ես գիտեմ, որ պապս ճիշտ էր․․․ Իրանց մեջ էլ [լավ] մարդ կլինեն, բայց․․․»,- խոսքը կիսատ է թողնում Մհերը՝ վառելով հերթական ծխախոտը։Լուսանկարում՝ Մհեր Զարգարյանը Հայարփի Բաղդասարյան  
17:48 - 12 հոկտեմբերի, 2023
Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախի 1 դատապարտյալ եւ 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Նրանց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արցախի քննչական կոմիտեն։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ազատ արձակվածներից որոշները, ըստ Արցախի պետական կառույցների մեր աղբյուրների, մեղադրվել են պետական դավաճանության մեջ։ Նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է։  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ)  կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի միակ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տեղափոխվել էին Հայաստանի ՔԿՀ-ներ։ 2020 թ․-ից հետո կալանավորված այն անձինք, որոնք Հայաստան չեն տեղափոխվել Լաչինի միջանցքի փակվելու պատճառով, պահվել են Ստեփանակերտի ժամանակավոր մեկուսարաններում կամ ձերբակալվածների պահման վայրերում։ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ 2020-2023 թթ․-ին Արցախի կալանավորների թիվը եղել է 18, որոնցից 12-ը պահվել են Ստեփանակերտում, իսկ 6-ը՝ մինչեւ միջանցքի փակվելը տեղափոխվել հայաստանյան ՔԿՀ-ներ։ Բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել Արցախի բոլոր 12 կալանավորները եւ Հայաստանում պահվող 6-ից 3-ը։  Արցախի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ֆելիքս Հարությունյանից փորձեցինք ճշտել կալանավորների ազատ արձակման մանրամասները, սակայն նա նշեց, որ այս պահին կառույցը չի աշխատում, եւ տեղեկություններ հայտնել հնարավոր չէ։ Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանն էլ ասաց՝ ղեկավարության հետ կապ հաստատել առայժմ չի կարողանում, ավելի ուշ տեղեկություններ կտրամադրի։  Թե իրավական ինչ ընթացակարգով են անձինք ազատ արձակվել, եւ ինչ լուծում է ստանալու նրանց վերաբերյալ քրեական վարույթների հետագա ընթացքը, առայժմ ՀՀ որեւէ պետական կառույց չի մեկնաբանել։ Նրանք կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել Արցախի օրենսդրությանը համապատասխան, ուստի Հայաստանում այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու իրավական խնդիր է առաջանում։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկա հրապարակումներով։   Միլենա Խաչիկյան
20:00 - 11 հոկտեմբերի, 2023
Առաջնային անհրաժեշտ ապրանքների տրամադրումը բռնի տեղահանվածներին․ ինչպես է կազմակերպվում, եւ ինչ խնդիրներ կան

Առաջնային անհրաժեշտ ապրանքների տրամադրումը բռնի տեղահանվածներին․ ինչպես է կազմակերպվում, եւ ինչ խնդիրներ կան

Արցախի Հանրապետության 100 հազար 632 բնակիչ բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց հաշվառման առաջին իսկ օրերից ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ կիրականցվի կարիքների գնահատում, ապա կսահմանվեն աջակցության ծրագրեր։ Թեեւ ծրագրերն արդեն մեկնարկել են, այնուհանդերձ հասարակական ոլորտից եւ անհատ քաղաքացիներից սոցիալական ցանցերում պարբերաբար հնչում են ահազանգեր այն մասին, որ շատ տեղահանվածների կարիքներ պատշաճ չեն բավարարվում։ Մասնավորապես, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի նորընտիր ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջով նախօրեին հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 300 ընտանիք (1400 անձ), որ գտնվում է Երեւանում եւ շրջակա մարզերում, ունի սննդի ծայրահեղ կարիք։ Infocom-ը փորձել է հասկանալ՝ ինչու է այդպես ստացվել, եւ առհասարակ, ինչպես է կազմակերպվում բռնի տեղահանված արցախցիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների տրամադրման գործընթացը։ Ըստ Գրիգոր Երիցյանի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեցող մարդկանց մեծ մասը Երեւանից է Մեր զրույցում Գրիգոր Երիցյանը մանրամասնեց՝ հիշյալ 1400 անձանց գերակշիռ մասը Երեւանում է, դիմողներ կան նաեւ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերից․ «Մեզ օրական մի քանի 100-ից ավելի զանգ եւ նամակ է գալիս, եւ հիմնական մասը՝ 99 տոկոսը, ունի սննդի եւ ամենաառաջնային պարագանների կարիք, որոնք հավանաբար իրենց չեն տրամադրվել պետական որեւէ մարմնի՝ համայնքապետարանի, մարզպետարանի կողմից, գիտեմ, որ մարզերում մարզպետարաննները ավելի ակտիվ են ներգրավված այդ աշխատանքներում, բայց առհասարակ տեղյակ չեմ՝ Երեւան համայնքը այս շրջանում իրականացնո՞ւմ է որեւէ գործառույթ թե՞ ոչ, ես չեմ հանդիպել, որ Քաղաքապետարանը կամ նույն վարչական շրջանները ինչ-որ բան տրամադրեն»։ Իրենց դիմած քաղաքացիները հաշվառում անցել են թե ոչ՝ Երիցյանը հստակ չգիտեր, այնուամենայնիվ նշեց՝ մարդկանց մեծ մասը Կոռնիձորով գալիս հաշվառվում էր, սակայն հարցն այն է, որ պետությունը Երեւանում կացարաններ չի տրամադրել, եւ շատ մարդիկ, որ հրաժարվել են սահմանամերձ բնակավայրերից եւ հասել Երեւան, այժմ բնակվում են տարբեր կառույցների կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում, իրենց բարեկամների տներում․  «Մենք, իհարկե, ասում ենք, որ հաշվառվեն, բայց երբ մարդիկ տեսնում են, որ համայնքը չունի այդքան կարիք ծածկելու հնարավորություն, ինչքան էլ աջակցություն ստացած լինեն, սկսում են դիմել այլ կազմակերպությունների»։ Կոնկրետ իրենց ՀԿ-ն հնարավորությունների սահմաններում տրամադրում են սննդային մեկամսյա փաթեթներ, որոնք, սակայն, բոլոր ընտանիքների կարիքը չեն ծածկում։ Զբաղվում են նաեւ իրավական, հոգեբանական եւ այլ տեսակի աջակցությամբ։ Ըստ Երիցյանի՝ այս գործընթացում ե՛ւ կազմակերպվածության, ե՛ւ առաջին հերթին ռեսուրսների անբավարարության խնդիր կա․ «Մենք ամեն օր լսում ենք, որ ոչ մի կարիք չկա, բայց տեսնում եք, որ ամեն տեղ տարբեր նախաձեռնություններ լիքը բեռ են վերցրել իրենց վրա, սա քաղաքականություն է, թե մենք ոչ մի կարիք չունենք, էդպես է պետք ասել, եթե այդ կարիքը ծածկվում է, ինչպես նշում են տարբեր համայնքներ, ապա ինչո՞ւ է այսպիսի կարիք առաջացել, սա հումանիտար աղետ է, որ պետությունը չի կարողանում փակել եւ չէր էլ կարողանա, եթե անգամ լիներ ամենահարուստ պետությունը»։ Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը Բռնի տեղահանված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման եւ գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով ՀՀ մարզպետարաններին Կառավարությունն իր պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ 960 միլիոն դրամ է հատկացրել։ Մասնավորապես, Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում որոշվել է 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին, որից 50-ական մլն դրամ՝ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերին, իսկ մնացած 7 մարզերից յուրաքանչյուրին՝ 30 մլն դրամ։ Կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում էլ որոշվել է 600 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին, որից 140 մլն դրամը՝ Կոտայքի մարզին, 100 մլն դրամը՝ Արարատի մարզին, 65 մլն դրամը՝ Սյունիքի մարզին, 50-ական մլն դրամ՝  Արմավիրի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերին, 45 մլն դրամ՝ Տավուշի մարզին, 40 մլն դրամ՝ Լոռու մարզին, 30-ական մլն դրամ՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզերին։ Երեւան համայնքը, սակայն, Կառավարության այս որոշումներում ներառված չէ, դրամական միջոցները հատկացվել են միայն մարզպետարաններին։ Երեւանում գտնվողների համար հասանելի են միայն աջակցության մյուս ծրագրերը․ յուրաքանչյուր անձի հաշվով առնվազն 6 ամսով տրամադրվում է 40 հազար դրամ՝ բնակության ծախսերը հոգալու եւ 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու նպատակով, ինչպես նաեւ՝ 100 հազար միանվագ դրամական աջակցություն 80 հազար շահառուների համար։ Շահառու դառնալու համար պարտադիր է, որ բռնի տեղահանված քաղաքացիները պետության կողմից հաշվառված լինեն։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ բռնի տեղահանված եւ հաշվառված անձինք ամենօրյա ռեժիմով ապահովվում են սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով Կառավարության կողմից այս գործընթացում ներգրավված են առավելապես Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Կարիքների գնահատում անելուց հետո Սոցհարցերի նախարարությունը տվյալները փոխանցում է ՏԿԵՆ-ին, որն էլ հենց զբաղվում է կարիքների ապահովմամբ։ ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ Կառավարության վերոնշյալ հատկացումներով համայնքները գնումներ են իրականացնում՝ բռնի տեղահանված եւ պետության կողմից հաշվառված բոլոր քաղաքացիներին ապահովելով սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով։ Գործընթացը կազմակերպվում է հետեւյալ կերպ․ այն անձինք, որոնք տեղակայված են հյուրանոցներում կամ հյուրատներում, օրական 3-անգամյա սնունդ են ստանում, իսկ այն ընտանիքներին, որոնք տներում են կամ կեցության համար հարմարեցված այլ վայրերում, ամենօրյա ռեժիմով փաթեթներ են տրամադրվում։ Դրանք ներառում են սնունդ, քաղցրավենիք, հիգիենայի, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Փաթեթները մատակարարում են հենց համայնքների ներկայացուցիչները, եթե լրացուցիչ ռեսուրսի անհրաժեշտություն է լինում, դիմում են կամավորների աջակցությանը։ Քննարկման փուլում է նաեւ սննդային քարտերի տրամադրման գործընթացը։ Սոնա Հարությունյանը բացառեց, թե որոշ ընտանիքներ կարող են սննդի ծայրահեղ կարիք ունենալ, բայց հիշեցրեց՝ պարտադիր պայման է հաշվառված լինելը․  «Նախարարը մարզպետերի եւ համայնքապետերի հետ օրը 2-3 մարզում շրջայց է կատարում, համայնքապետերը, վարչական ղեկավարները անուն-ազգանունով, դեմքով այդ մարդկանց ճանաչում են, ամեն օր անձամբ իրականացնում են այդ սնունդի առաքումը, ամենահեռավոր սահմանամերձ մարզից, բնակավայրից սկսած՝ սննդային փաթեթներն առաքվում են»։ Ամեն դեպքում, եթե կլինի հաշվառված անձ, որը փաթեթը չի ստացել կամ ստացել է, սակայն պակաս բանի կարիք կա, ապա, ըստ Հարությունյանի, պետք է դիմի տվյալ համայնքի համայնքապետարանին կամ բնակավայրի վարչական ղեկավարին, ներկայացնի իր կարիքը, եւ վերջիններս պետք է լրացնեն այդ կարիքը։ Նա բացառեց նաեւ, որ մարզպետարանները կարող են չտիրապետել իրենց մարզում տեղակայված արցախցիների վերաբերյալ տվյալների։ Այդ մասին եւս հայտնել էր Գրիգոր Երիցյանը՝ նշելով, որ երեկ խոսել է մարզպետարաններից մեկի հետ, տեղեկացել, որ դեռ տվյալ չունեն, թե մարզում քանի տեղահանված անձ կա․ «Բոլոր մարզերում թվերը ճշտված են, բոլոր բնակավայրերում գիտեն՝ ովքեր են ապրում, իհարկե, քանի որ հիմա տեղաշարժը շարունակվում է, այսինքն՝ մարդը մի տեղ հաշվառվում է, բնակարանը դուրը չի գալիս, եղանակային պայմանները դուրը չեն գալիս, տեղափոխությունները շատ են կամ օրինակ բարեկամի տանն է մնացել Տավուշի մարզում, բայց բնակարան է գտնում Գեղարքունիքում, Տավուշից գնում է Գեղարքունիք, փոխում է իր հաշվառման վայրը, այդ թվերը ամեն օր տատանվում են, բայց բոլոր տեղերում, մարդիկ, որոնք հաշվառվել են, համայնքը, վարչական ղեկավարը գիտեն, թե իր բնակավայրում, իր համայնքում ով է ապրում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են տարվում մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների հաշվառումն ու բաշխումը իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է Երեւանում տեղակայվածներին, նրանց մեծ մասը, ըստ Հարությունյանի, քաղաք է հասել եւ կացարան գտել ինքնուրույն՝ հրաժարվելով պետական աջակցությունից, սակայն եթե այժմ որեւէ մեկը նշի իր կարիքների մասին, նրա ենթադրությամբ՝ այն կբավարարվի։ Թե կոնկրետ ինչ է արվում այդ ուղղությամբ, ըստ Հարությունյանի, պետք է Քաղաքապետարանն ասի, որովհետեւ առաջնային անհրաժեշտության ապրանքների աջակցությունն իրականացվում է միայն մարզային մակարդակով։ Երեւան քաղաքի բյուջեով միջոցառում նախատեսված չէ, համագործակցում են այլ կառույցների հետ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեր զրույցում հայտնեց՝ քաղաքային բյուջեով կոնկրետ միջոցառում չի իրականացվում, աշխատում են Կառավարության եւ այլ գործընկերների հետ․ քաղաքացիերը դիմում են իրենց վարչական շրջաններին, գրանցվում եւ ըստ անհրաժեշտ կարիքների՝ Քաղաքապետարանն իր ենթակայության շրջանակներում ինչ գործառույթ հնարավոր է, իրականացնում է․ «Այն քաղաքացիները, որ դիմում են քաղաքի վարչական շրջաններ, հաշվառվում են, ապա ֆիքսում ենք կարիքները, ապա ըստ այդ կարիքների՝ դիմում ենք համապատասխան կառույցների՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կարմիր Խաչ եւ այլն, որոնք տարբեր տեսակի օգնություն եւ օժանդակություն են ցուցաբերում՝ կլինի սննդի հետ կապված, առողջապահական թե այլ, փոխանցում ենք, իրենք փոխանցում են մեզ բնաիրային այդ փաթեթները, որոնք էլ մենք փոխանցում ենք վարչական շրջաններում հաշվառված քաղաքացիներին»։ Ըստ Կոստանյանի՝ կարող են դիմել ե՛ւ հաշվառված, ե՛ւ չհաշվառված անձինք, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիների սպասարկել են։ Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ քաղաքային բյուջեից միջոցներ չեն տրամադրվել Երեւանում գտնվող անձանց կոնկրետ առաջնային անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների ապահովման համար, Կոստանյանը պատասխանեց՝ իրենց աշխատանքները բխում են Կառավարության ռազմավարությունից եւ վերջինիս որոշումներից․ «Քանի որ ամբողջ աշխատանքները իրականացնում է Կառավարությունը, համայնքային բյուջեից չի տրամադրվում, բայց ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն լինի, կարծում եմ՝ մեր գործընկերները մեզ կփոխանցեն, որ նաեւ ձեր օգնության կարիքը կա, բայց քանի որ Կառավարությունն այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, մենք, այսպես ասած, որպես աջակցող կառույց, ինչ հնարավոր է, մեր կողմից իրականացնում ենք»։   Միլենա Խաչիկյան
17:40 - 06 հոկտեմբերի, 2023
Աշխատանքի առաջարկներ բռնի տեղահանված արցախցիների համար․ թարմացվող

Աշխատանքի առաջարկներ բռնի տեղահանված արցախցիների համար․ թարմացվող

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով ՀՀ պետական գերատեսչություններն ու մասնավոր մի շարք կազմակերպություններ աշխատանքի հայտարարություններ են հրապարակել։ Դրանք ներառում են ամենատարբեր բնագավառներ՝ բանկային ոլորտից մինչեւ կրթություն, սպասարկման ոլորտից մինչեւ ծրագրավորում եւ ոչ միայն։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունների մասին ամփոփ տեղեկություններ՝ կից հղումներով։ Պետական ոլորտ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք կարող են workforall.am հարթակում առցանց ծանոթանալ ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին, որ հավաքագրվել են Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Ֆիլտրման գործիքակազմի միջոցով հնարավոր է ընտրել աշխատանքի ցանկալի ոլորտը, մարզը, աշխատավարձը եւ այլն։Հիշյալ անձինք կարող են նաեւ հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ այստեղ), որից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք: Առանձին եւ մանրամասն հայտարարություններով հանդես են եկել նաեւ պետական տարբեր գերատեսչություններ։ Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը հրապարակել է բարձրագույն եւ միջին բժշկական կրթություն ունեցողների համար ՀՀ-ում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է: ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին հրապարակում է արել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ նշելով, որ համապատասխան տեղեկությունը կարելի է գտնել  license.emis.am հարթակում։ Ի լրումն այս հայտարարության՝ նշենք նաեւ, որ «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կազմակերպությունն էլ մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված այն անձանց գրանցումները, որոնք հետաքրքրված են կրթական ոլորտում եւ դպրոցներում աշխատանքով․ «Բոլոր գրանցվողների հետ առաջիկայում կապ կհաստատենք եւ կփորձենք հնարավորությունների շրջանակներում թիրախային օժանդակություն ցուցաբերել»,- նշել է կազմակերպությունը։ Գրանցման հղումը կարող եք գտնել այստեղ։ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Նախարարությունում եւ ենթակա մարմիններում թափուր աշխատատեղերը՝ Երեւանում եւ գրեթե բոլոր մարզերում: Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաեւ աշխատավարձերի չափերն ու այլ կարեւոր տեղեկություններ: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, հայտնել է, որ ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված դատական ծառայողներին՝ ՀՀ-ում գործող դատարաններում առկա թափուր հաստիքներում․ «Հետաքրքրված բոլոր անձանց, որոնք ցանկանում են իրենց փորձը, գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգին, կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջին իսկ հնարավորության դեպքում Դատական դեպարտամենտը նրանց կներգրավի աշխատանքի»,- ասված է հայտարարության մեջ։ Աշխատանքի եւ պրակտիկայի հնարավորություն է առաջարկել նաեւ Ֆինանսների նախարարությունը։ Դրա համար անհրաժեշտ է ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Մի շարք թափուր հաստիքներ էլ առկա են Շրջակա միջավայրի նախարարությունում։ Մասնավոր ոլորտ staff.am կայքը, որ ներառում է հայկական շուկայի գործատու ընկերությունների աշխատանքային հայտարարությունները, գործարկել է արցախցիների համար առանձին հարթակ, որտեղ զետեղված են աշխատանքի հարյուրավոր առաջարկներ ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Աշխատանքի բազմաթիվ հայտարարություններ էլ գործատուներն ու անհատ քաղաքացիները հրապարակել են սոցիալական կայքերում։ Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Սաֆարյանը հավաքագրել է այդ հայտարարությունները մեկ ցանկում՝ ուշադրություն դարձնելով հատկապես ուսուցիչների, բուժաշխատողների, վարպետների, արհեստագործների, արտադրության ոլորտի մասնագետների, վարորդների, շինարարների, գեղեցկության, սպասարկման եւ թիրախային այլ ոլորտի հաստիքները․ «Ընկերներ ջան, անչափ գնահատում եմ էն աշխատանքը, որը HR համայնքը կատարում է էս օրերին՝ արցախահայերին աշխատանքի հարցում աջակցելուն ուղղված։ Այնուամենայնիվ, գիտակցում եմ, որ մեր հայրենակինցերի մի մասին բավական ժամանակ պետք կլինի՝ ՀՀ-ում, հատկապես՝ որոշ ոլորտներում, արդեն իսկ ընդունված գործընթացներին ծանոթանալու, թվային գործիքներին տիրապետելու ու տարբեր հմտություններ ձեռք բերելու համար։ Այդ իսկ պատճառով կազմել եմ ստորեւ բերված ցանկը, որտեղ ամփոփել եմ ՀՀ-ում ներկայումս թափուր հաստիքները եւ Արցախի մեր հայրենակիցների համար նախատեսված հաստիքները՝ ըստ ոլորտների»,- գրել է նա։ Ցանկը թարմացվող է, այս պահին ներառում է շուրջ 500 հայտարարություն։  
18:15 - 04 հոկտեմբերի, 2023
Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ պահեստազորայինների կազմով որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանին մարտական առաջադրանքի են ուղարկել որպես հետախույզ։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր հայտնեց ինքը՝ Բաբայանը։ Նա «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով տուժողներից է, սակայն՝ ոչ հենց Քիմիկների զորամասից (խոսքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի մասին է)․ 2020 թ․ սեպտեմբերի վերջից ծառայության է անցել Կապանի զորամասում, իսկ հոկտեմբերի 21-ին 11 այլ պահեստազորայինների հետ կցվել է Քիմիկների զորամասի՝ Մեղրիից Կապան ժամանած անձնակազմին եւ մեկնել առաջադրանքի։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Արցախի Հանրապետության Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տուժողի՝ իրենք չեն տեղեկացվել, թե ով է իրենց անմիջական հրամանատարը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Բաբայանը հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկն իր հրամանատարը չի եղել, նրանց քրեական գործից առաջ չի էլ ճանաչել։ Իր հրամանատարը եղել է մայոր Արտակ Վարդանյանը, որն էլ հենց հայտնել է մարտական առաջադրանքի մասին՝ ասելով՝ Զանգելանը մերն է, չթողնեն՝ գրավեն։ Ըստ Բաբայանի՝ հրամանատարը ասել է, որ Կովսականում 8 հոգու շարժ են նկատել, պետք է որպես հետախույզ գնան՝ «սանրման» աշխատանքների։ Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Դատավարության մասնակիցները այս դրվագի վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցին տուժողին․ – Ե՞րբ դարձաք հետախույզ։ – Այդ օրը։ – Ինչի՞ց եք ենթադրել, որ հետախույզ եք։ – Եկան, էդպես ներկայացրին, ասացին՝ 12 հոգի որպես հետախույզ գնալու ենք, «չիստկա» անեք, շարժի մասին զեկույցներ անեք, իսկ որ բոյ եղավ, մնացածը քիմիկներն են անելու։ – Ի՞նչ է նշանակում «սանրման» աշխատանք։ – Ես չգիտեմ, ես չեմ էլ պատկերացնում, կյանքումս հետախույզ չեմ եղել, որ ինձ ներգրավել են,– ասաց Բաբայանը, որ ժամկետային զինծառայության ժամանակ հրաձիգ է եղել։ – Հարց ուղղեցի՞ք Ձեր վերադասին։ – Ոչ, մեր վերադասը դաժը քարտեզ․․․ Տարածքին չի ծանոթացրել, թե ուր ենք գնացել։ Ես կյանքիս մեջ Կապան չէի եղել, չեմ էլ պատկերացրել Կապանն ինչ է կամ Զանգելանը որտեղ է․․․ Ես նենց եմ հասկանում, որ էդ [«սանրման» աշխատանքը] «չիստկա» է, բարբառով ասած․․․ – Բա Ձեր մեջ հարց չառաջացա՞վ, որ Դուք, որպես հետախույզ, որեւէ դասընթաց էլ չեք անցել․․․ – Չէ, որովհետեւ էդ խառը վիճակը տեսնելով՝ ոչ մի բան կոնկրետ ինձ չէր հետարքրքում։ – Իսկ որ գնայիք, իջնեիք ավտոբուսներից, ի՞նչ պիտի անեիք։ – Կարողա մեկը հրահանգավորեր էդ ժամանակ, չեմ կարող ասել։ Հրամանատարը՝ Արտակ Վարդանյանը, զորքի հետ չի մեկնել։ Թե ինչու, տուժողին հայտնի չէր։ Միեւնույն ժամանակ նա պաշտոնատար այլ անձի անուն, ըստ տուժողի, չի տվել, չի հայտնել, թե ով է լինելու իրենց անմիջական հրամանատարը առաջադրանքի ժամանակ, ասել է միայն՝ այ սենց՝ ժպիտը դեմքներիդ, հետ գաք, տղե՛րք։ Ըստ տուժողի՝ իրենց տրամադրվել է զրահաբաճկոն, սաղավարտ, մեկական նռնակ եւ ԱԿԱ-74 տեսակի հրաձիգ՝ իր 4 փամփուշտատուփերով։ Կապի միջոցներ չեն եղել։ Լուսադեմին տագնապով շարվել են, ճանապարհ ընկել։  Թե ինչպես է ստացվել, որ իրենց զրահաբաճկոն տվել են, Քիմիկների զորամասի անձնակազմին՝ ոչ, տուժողը չգիտեր, ասաց՝ նրանց չեն ճանաչել, շատ չեն էլ շփվել։ Տուժողի խոսքով՝ առջեւից գնացել է վիլիսը (ըստ ամենայնի, ուղեկցողների մեքենան–հեղ․), որից հետո՝ 3 ավտոբուսները, յուրաքանչյուրում՝ մոտ 20-21 հոգի։ Ինքը եղել է առաջին ավտոբուսում, որտեղ նաեւ քիմիկների մի մայոր է եղել։ Թե ով, Բաբայանը չգիտեր։ Բաբայանի խոսքով՝ հակառակորդի հարձակումն անակնկալ է եղել, թվակազմը՝ զգալիորեն մեծ Ալեքսանդր Բաբայանը պատմեց, որ երբ հակառակորդը անակնկալ հարձակվել է, ավտոբուսը դեռ ընթացքի մեջ է եղել, մինչդեռ նախորդ նիստին հարցաքննված տուժողը՝ Արտակ Անդրեասյանը, ասել էր, որ ավտոբուսներից հանգիստ պայմաններում իջել են, մի քանի րոպե անց նոր՝ հարձակման ենթարկվել։ Այս հակասությունը Բաբայանը դժվարացավ պարզաբանել, ասաց՝ ինքն առաջին ավտոբուսում է եղել, մյուսներից տեղյակ չէ։ «Սարերի վրա շարժ նկատեցինք, սկսեցին կրակել, մի քանի հոգի տեսանք, ասեցինք՝ տղե՛րք, իրենք են, ու  զենքերը զարիժատ արեցինք, հենց սկսեցին ավտոբուսի վրա կրակել, կոպիտ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում, ով ոնց հասցրեց, իջավ»։ Մեղադրողի հարցին՝ մարտական առաջադրանքը, որ իրենք ստացել են, բովանդակային առումով ներառե՞լ է այն իրավիճակը, որին իրենք փաստացի ականատես են եղել, տուժողը բացասական պատասխան տվեց։ Մյուս հարցին՝ կռվի ժամանակ գործողությունների հրահանգավորում եղե՞լ է, նա դարձյալ բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիշյալ մայորն ասել է միայն՝ ինչքան կարողանում եք, շատ կրակեք, մեր վրա են գալիս։ Նրա խոսքով՝ 6-7 հոգով թաքնվել են ինչ–որ պատի հետեւում, իր կողքին եղել է իր համաքաղաքացի, մասիսցի Դավիթ Կատանյանը։ Մարտը տեւել է մոտ 1 ժամ․ «Բոյի ժամանակ, երբ էլ չէինք կարողանում դիմադրել, սկսեցինք նահանջել, մեքենա արդեն չենք նկատել․․․ Դեմից ավտոմատով էին կրակում, մենք 1 հատ նռնակ էինք շպրտում, իրենք 100 հատ էին շպրտում, զգալի շատ էին․․․ Նռնակը որ շպրտել են, ընկել եմ քարերի վրա, կոտրվածք եմ ստացել, դրանից հետո բան չեմ հիշում․․․ Հիշում եմ, որ տղերքը ինձ քարշ տվեցին, հանեցին, հետո մի հատ գետ էինք անցնում, էդտեղ էլի ընկա, գետից օգնեցին, հանեցին, էդ տղուն ասեցի՝  թող գնա, պետք չի՝ իմ պատճառով մարդ մեռնի, ստիպեցի, որ գնա, գնաց»,– ասաց տուժողը։ Դահլիճում գտնվող ծնողները հուշեցին՝ խոսքը Գեւորգ Եդիգարյանի մասին է։ «Քայլել ընդհանրապես չէի կարողանում, 10 օր սողեսող գետին հակառակ նահանջել եմ,  հոկտեմբերի 31–ին Որոտանի ափին ինձ գտել են ու գերեվարել»,– պատմեց տուժողը։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Կիրի հանք տեղանքը, որտեղ էլ հենց պիտի մեկներ անձնակազմը, նրան ծանոթ չէր, դրա մասին խոսակցություններ, կոնկրետ առաջադրանքներ չէր լսել։ Ճանապարհին ոստիկանական հենակետ նկատել էր, ասաց՝ վիլիսն էլ, իրենց ավտոբուսն էլ այնտեղ կանգնել են, բայց թե ինչ նպատակով, դարձյալ չգիտեր։ Դա հենց այն հենակետն էր, որտեղ, ըստ առաջադրանքի, անձնակազմը պիտի իջներ ավտոբուսներից։ Թե ինչու չեն իջել, ինչու են խորացել դեպի Կովսական, տուժողին հայտնի չէր, ասաց՝ հայրենադարձվելուց հետո՝ քննիչի մոտ է իմացել, որ իրենք այդտեղ պիտի իջնեին․ «Քննիչն ասել է՝ ձեզ առաջադրանք է տրվել, որ հանքը պահեք, ինչի՞ եք մտել Զանգելան, ասել եմ՝ գնա, հրամանատարներին այդ հարցը տուր, ես զինվոր եմ»։ Ալեքսանդր Բաբայանը խուսափեց հստակ որեւէ մեկին որպես մեղավոր նշել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ի վերջո, իր գնահատմամբ, կատարվածն ում մեղավորությունն է․ – Ես չեմ կարող որոշում կայացնել կամ ինչ–որ մեկին մեղադրել, եղածը եղած է, ինձ էլ ճիշտ հասկացեք, ես դնեմ ասեմ՝ Պողոսն է մեղավոր․․․–ասաց տուժողը։ – Դու պրծել ես, ուրեմն՝ եղածը եղա՞ծ է,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Մեղադրողը վերաձեւակերպեց հարցը․ – Ի՞նչ պատճառով այս ամենը տեղի ունեցավ․ մարտական խնդրի կազմակերպմա՞ն գործընթացքում կար որեւէ մեկի սխալը, իրագործմա՞ն ընթացքում կար, չպիտի՞ հայտնվեիք այդտեղ, պատճառները կարող են տարբեր լինել։ – Իրագործման ընթացքում, ավելի ճիշտ, քանի որ էստեղ ենք իմանում, որ Կիրի հանք պիտի պահեինք, բայց մեզ մտցրել են Զանգելան։ Էդ անփութության պատճառով է էդ ամենը եղել։ – Իսկ ո՞վ պիտի դա համակարգեր,– հարցրեց մեղադրողը։ – Ո՞ւմ էին հրամանատար նշանակել, ես չեմ պարզել, չեմ էլ ուզում, ես ունեի մի հրամանատար, հրամանը տվել էր, հասել էի էդտեղ,– ասաց տուժողը։ Տուժողների իրավահաջորդները Այս եւ նմանատիպ հարցերին ի պատասխան նա ամեն կերպ խուսափեց ամբաստանյալներից որեւէ մեկին որպես մեղավոր նշել՝ պատճառաբանելով, որ նրանց չի ճանաչել, այնտեղ չի տեսել։ Դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանը, դիմելով նրան, հարցրեց․ – Եթե կան նախորդող օրերի տեսանյութեր, որտեղ Ադրբեջանը ցուցադրում է, որ Զանգելանը գրավել է, եթե կա Ադրբեջանի նախագահի տեսանյութ, որ պաշտոնապես հայտնում է, որ Զանգելանը Ադրբեջան է, էն փաստը, որ Դուք խոհարար եք եղել, բայց Ձեզ տարել են հետախույզ, էն փաստը, որ դուք չունեք ձեր գլխին հրամանատար մարտի դաշտում, ճանապարհին, որ ձեզ հրահանգ, խորհուրդներ տա, էդ ամեն ինչը ձեզ մոտ կասկած չի՞ առաջացնում, քանի՞ հատ հանգամանք բերեցի, դրանից ավելի էլ ի՞նչ պիտի լինի։ – Դե, Դուք փաստեր ունեք, բայց ես էդ փաստերից տեղյակ չեմ եղել։ – Դուք պատկերացնում եք 8 հոգի, գնացել եք, 500 հոգի է եղել, այսինքն՝ ռազվետկեն ձեզ ոչ հավաստի տեղեկություն է տվել, չէ՞, ձեզ տարել են, որ փուռը տա՞ն, կոպիտ ասած։ – Բա տվել են, էլ ի՞նչ են արել,–պատասխանեց տուժողը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Թե ով, նա դարձյալ չնշեց։ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հարցին ի պատասխան էլ՝ կարծիք հայտնեց, որ Աբգարյանն իր գերեվարության մեջ մեղավոր չէ, քանի որ ինքը նրան չի ճանաչում, այնտեղ չի տեսել։ Ի պատասխան դատախազի հարցին՝ նշեց՝ ամեն դեպքում, եթե կոնկրետ այդ կրակոցների վայր չհասնեին, իրավիճակը կարող էր այլ լինել։ – Մարտի դաշտում Աբգարյանն է եղել ձեր հրամանատարը, ծանոթացեք,– ասաց դահլիճում գտնվող իրավահաջորդներից մեկը։ Արձագանքելով սրան՝ Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե տուժողները մոլորության մեջ են․ «Դատական գործի նախապատրաստական մասում, եթե հիշում եք, դրա շուրջ որոշակի քննարկում տեղի ունեցավ, որ մենք հրապարակենք քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, որպեսզի հնարավորություն ունենանք տուժողներին հարցեր տալ, հիմա մենք չենք հրապարակել, եւ անում են արտահայտություն, որ ձեր հրամանատարը մարտի դաշտում եղել է Արսեն Աբգարյանը։ Եթե հրապարակեինք այդ նյութերը, պարզ կլիներ, որ Աբգարյանը չի եղել Արտակ Վարդանյանի հրամանատարը, եւ տուժողները մոլորության մեջ են, այ դրա համար էի ասում, հիմա ես ինչպե՞ս հարց ուղղեմ տուժողին,– դիմելով դատարանին՝ ասաց պաշտպանը։ Նշենք, որ դատակոչված անձանց կողմերը կարող են հարցեր տալ միայն դատարանում արդեն իսկ հետազոտված ապացույցների վերաբերյալ։ Պաշտպանի կողմից հիշատակված ապացույցները դեռ չեն հետազոտվել, դատարանը դրանց անդրադառնալու է տուժողների եւ վկաների հարցաքննությունների ավարտից հետո։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ Բաբայանի հարցաքննությունն այսօր մնաց անավարտ։ Այն կշարունակվի հոկտեմբերի 6-ին։   Միլենա Խաչիկյան
22:50 - 02 հոկտեմբերի, 2023
Մամ, բա իմ ծնունդը ե՞րբ ա գալու 

Մամ, բա իմ ծնունդը ե՞րբ ա գալու 

Սեպտեմբերի 28, Գորիս Գորիսի հրապարակը վրանային ճամբար է հիշեցնում: Միջազգային և տեղական կազմակերպությունները սննդի և առաջին օգնության տրամադրման համար վրաններ են տեղադրել: Հյուրանոցներում տեղ չկա: Մի քանի ընտանիքներ բառացիորեն տեղավորված են նստարանների վրա, երևի գիշերվանից:  Ավտոմեքենաների բարձած շարասյուների, հոգնատանջ դեմքերի նկատմամբ կարծես իմունիտետ եմ ձեռք բերել, իրար վրա բարձած ճամպրուկների կույտերին էլ աչքս վարժվել է, բայց այ ճամպրուկների վրա բազմած կամ դրանց արանքից ծիկրակող երեխաները… Դո՞ւք էլ էիք պատմության դասին մտածում, որ «գաղթից մազապուրծ փախած սովալլուկ մանուկներ» բառակապակցությունը մի տեսակ «հնացած է» արդեն:  Երկու կին՝ ամեն մեկի ձեռքերում մի նորածին երեխա, արդեն կես ժամ է՝ հետուառաջ են քայլում: Նստարանին գլուխը մինչև ծնկները կռացած Լյուսյա տատն է՝ մի ձեռքին՝ ձեռնափայտը, մյուսում՝ խնամքով ծալված հեռախոսահամարների ցանկ: 87 տարեկան է: Եթե ես լավ լրագրող լինեի, կհարցնեի՝ տատի՛ ջան, ինչե՞ր ես տեսել էս 87 տարիների ընթացքում: Իսկ ես միայն ասում եմ. «Տատի ջա՜ն, ինչե՜ր տեսար էս 87 տարիների ընթացքում»:  «Ես ու աղջիկս Ծաղկաձոր ենք ուզում, մենք էնտեղ բարեկամներ ունենք»,- կամաց, շատ մեղմ ձայնով պատասխանում է հարցիս, թե որտեղ պիտի գնան ու ինչի կարիք ունեն:   Աղջիկը՝ Իննան, թեև երիտասարդ տեսքին, արդեն երեք թոռնուհի ունի: 11 ամսական Գաբրիելան, ասես հասկանալով ծնողների ցավը, լաց չի լինում, կապույտ կլոր աչքերով նայում է դեմքիս, հետո «առգրավում» է ձեռքս ու երկար խաղում կարմիր ներկած եղունգներիս հետ: Տեսնես ի՞նքը ինչեր տեսած կլինի 87 տարեկանում:  Իննայի դուստրը նորածին երկվորյակների, մյուս մանկահասակ դստեր և ամուսնու հետ գնում է Ծաղկաձոր, որտեղ հարազատներից մեկը մեկսենյականոց տանը հյուրաընկալելու է 7-8 հոգու: Հաշվառման կետում Իննային և Լյուսյա տատին առաջարկել են երեք ուղղություն՝ Վարդենիս, Կապան կամ Մեղրի. երեքից էլ հրաժարվել են. չեն ուզում՝ ընտանիքը բաժանվի, համ էլ ախր «ընդեղ թխում են» (կրակում են):  Ծաղկաձորում տեղ չկա: Մարզպետարանից ասում են՝ Հրազդանի շրջակայքում բոլոր հյուրանոցները զբաղված են, մարզպետարանի շենքում հավաքված մարդիկ սպասում են՝ տեղ ազատվի: Լյուսյա տատի ձեռքից թուղթը վերցնում եմ, վրան գրում հեռախոսահամարս, վստահում եմ՝ չի կորցնի: Այդպես էլ չզանգեցին: Երևի տեղավորվել են:  *** Մարիայի (անունը փոխված է) տարեդարձը սեպտեմբերի 22-ին է: 3 տարեկան է, բայց արդեն երկու պատերազմ է տեսել: Ծննդյան մոմեր դեռ չի փչել: Իսկ առանց մոմերի էլ ի՞նչ տարեդարձ: Դրա համար մինչև հիմա հարցնում է. «Մամ, բա իմ ծնունդը ե՞րբ ա գալու»:  *** Ալվինային անվանակոչել են տատի անունով: Վարդագույն բարուրի մեջ փաթաթված՝ ճչում է. դե հիմա ո՞վ չի ճչում: Հինգ օր է՝ ինչ ծնվել է, իսկ այնքա՜ն բան է տեսել: Հորն էլ է տեսել: Միայն մեկ անգամ: Դեռևս: Հրադադարից հետո դիրքերից իջել է, կնոջն ու երեխային ծննդատանն այցելելուց հետո գնացել է բենզին ստանալու: Ալվինայի հայրը անհետ կորածների թվում է: Իսկ տիկին Ալվինան հույս ունի՝ «может գտնվի խոխաս, Աստված փրկի»:   Վիկտորյա Անդրեասյան Լուսանկարը՝ Լյուսի Մանվելյանի
10:14 - 02 հոկտեմբերի, 2023
Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․

Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․

Ստեփանակերտից Գորիս, Գորիսից Վայք, Վայքից Երեւան․ նախկինում սովորական թվացող այս ուղեգիծը այսօր անսովոր տեսք է ստացել․ աղետի միջով անցած, աղետով բարձված մեքենաներում՝ թեւաթափ ու թեւատ մարդիկ, որ գնում են առաջ, գնում են անվերջ ու անվերջ, գնում են՝ մի նոր տանիք, մի նոր երկինք, մի չեղած անդորր գտնելու հույսով։ Մեքենաների շարասյան մեջ նստած՝ նայում եմ այս պատկերին ու մտքիս մի բան է միայն՝ աղետի ուրվականը ողջ Հայաստանում է արդեն։ Ու զնգում է մի հարց, զրնգում վերստին՝ այս ամենից հետո ինչպե՞ս ապրել նորից։ – Որ էդքան նկարում եք, մի օգուտ կա՞,– հիշում եմ Գորիսում վերջին ֆոտոներն անելիս ինձ դիմած մի քաղաքացու հարցը, որ եկել էր՝ Արցախից բռնի տեղահանված իր հարազատների հետեւից։ Մեղավոր ու անմեղ՝ փորձում եմ բացատրել, որ այն, ինչ կատարվում է, պատմություն է, ու մեր աշխատանքն է դա վավերագրելը․ – Բայց տխուր պատմություն է, ախր,– ասում է նա հուսահատ։ Եվ այդ հուսահատության մեջ ես հիշում եմ մարդկանց, որ, Հայաստանի սահմանը նոր–նոր հատած, իմ թաց աչքերին ի պատասխան՝ ասում էին․ – Քուրիկ ջան, մի հատ ինձ էլ նկարի,– եւ ժպտում էին մարդիկ ցավի միջից, եւ ժպտում էին մարդիկ՝ չգիտես, թե ինչպես։ Բռնի տեղահանված արցախցին Հիշում եմ Կոռնիձորում նրանց դիմավորող անխոնջ կամավորներին, որ, քուն ու դադար թողած, բառացիորեն կռիվ էին տալիս՝ մոտեցող ամեն մեքենային ավելի ու ավելի շատ քաղցրավենիք ու քացրավենիքից շատ՝ սեր ու ջերմություն հասցնելու համար։ Նրանցից մեկը արտասահմանյան մի լրագրողի ինչ–որ բան էր ասել, սա էլ չէր հասկացել ու խնդրել էր՝ թարգմանեինք։ Պարզվել էր՝ ասում էին՝ դուք էլ օգտվեք, քաղցրավենիք վերցրեք։ Եվ համոզում էին, որ վերցնենք։ Արտասահմանցին շնորհակալություն է հայտնում․  –It for Artsakh, not for us,- ու սիրտը լցված՝ պատասխանում է։ Կամավորները Եվ իսկապես, սա Արցախի համար է՝ հուսահատության ու տխրության մեջ լույսի այս փոքրիկ շողերը, որ պիտի օգնեն մի օր պատասխան գտնել հարցին՝ այս ամենից հետո ինչպես ապրել նորից։ *** Տիկին Միրան վերջին արցախցին է, որի հետ զրուցում եմ մինչ Երեւան ուղեւորվելը։  Նախապես հարցնում եմ՝ կհամաձայնի՞ խոսել կատարվածի մասին, ասում է․ «Պատմելը կպատմեմ, պատմելը դժվար չէ․․․»։ Ու անավարտ է մնում միտքը․ երեւի ապրելն է դժվար։ Միրա Ասրյանը Ստեփանակերտի բնակիչ է՝ 63 տարեկան, 44-օրյա պատերազմից հետո աշխատում էր Ննգի գյուղում՝ որպես ակումբավար։ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո բռնի տեղահանվել է Հայաստան ողջ ընտանիքով՝ որդու, հարսի եւ 2 թոռների՝ Անիի ու Արամի հետ։ Ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Անին եւ Արամը Վերհիշելով սեպտեմբերի 19-ը՝ տիկին Միրան պատմում է՝ աղջիկ թոռը, որ առաջին դասարան է, դպրոցում էր, ուզել էր միայնակ տուն վերադառնալ, չէին թողել․ «էրեխուն վերցրի, եկա, ասում եմ՝ Անի ջան, ցավդ տանիմ, էլ ասես ոչ մինակ գամ, կացա, հլը կռիվ ա, փիս ժամանակաշրջան ա, խաղաղությունը կըլի, էն վախտ ուժե մինակ կգաս»,– թոռան հետ խոսելով՝ տուն է վերադարձել դպրոցի ճամփով վերջին անգամ։ Ու տանը, երբ պատրաստվելիս են եղել՝ պարի գնալու, տագնապի ազդանշանը միացել է․ «էրեխին բերել եմ տուն, հաց եմ տվել, հենց կոֆթան հանել եմ, մեկ էլ տեսա՝ պայթյունը սկսել ա, էրեխեքը՝ ընդի տկլոր, էն ա որ կոֆթա, շալվար վերցրել եմ, վազել ենք նկուղ։ Դրանից հետո արդեն՝ ահավոր ձեներ, ահավոր բան, հարսս ոնց ա հասել պադվալը՝ չեմ կարող ասել, 10 րոպեում հասել ա, բա՝ էրեխեքս–էրեխեքս, տենց էլ մնացինք պադվալում, 2 օր մնացինք, 3–րդ օրը ասեցին՝ հրադադար ա, բանակցություններ պիտի լինեն․․․ Հետո ասեցին՝ բանակցություններն ավարտվել են, որոշել են բանակը վերացնել, էնքան զինվորներ, էնքան անմեղ տղաներ զոհվին, վիրավորվին, տեհա պիտի լիներ՝ բանակը ցրեին, սկի էդքան զոհն էլ չտայինք․․․ Կրակել են սաղ շտաբների վրա, պոստերի վրա, լրիվ զենք–զինամթերք ոչնչացրել են, բանակը ցրել, ասել են՝ ամեն գյուղի բնակչությունը հետ է գնալու իր տուն, դրանից հետո ճանապարհը բաց է լինելու, ով կցանկանա Ադրբեջանի դրոշի տակ ապրել․․․ Ով չէ, ճանապարհը բաց է»։ Բայց ադրբեջանցիների հետ համատեղ ապրելը, ըստ տիկին Միրայի, այսօր հնարավոր բան չէ․ «2020 թ․ պատերազմից հետո դա անհնարին է, մեր էրեխեքը չգիտեն, բայց ես իմ հասակում․․․ Երբ դեռ ԼՂԻՄ էր, ես իրենց հետ ապրել եմ, մեր գյուղում ֆերմայի աշխատողները սաղ ադրբեջանցի էին,  իմ սկեսրայրս անասնաբույժ է եղել, էնքան է որպես ընկեր իր հետ բերել մեր տուն, հաց են կերել, էն վախտ ուրիշ էր, բայց հիմա անհնար է, հիմա ահավոր է, մեկը մյուսին ուզում չի տեսնել, մեկը մյուսի նկատմամբ ատելությամբ է լցված»։ Այսպես ստիպված՝ ընտանիքը բռնել է տեղահանության ճամփան․ «Հենց ասել են, որ պիտի հայաթափվի, սաղս էլ եկել ենք․․․ Տուն–տեղ թողած, դատարկ ձեռքով․․․ Ընդամենը մի երկու հագուստ՝ էրեխեքին, մեկը հագնես, մյուսը լվանաս, ի՞նչ պիտի էլ հասցնեինք [վերցնել]»։ Ադրբեջանական անցակետում, տիկին Միրայի խոսքով, հանգիստ է անցել, անձնագրերն էլ չեն ստուգել․ «Ավտոն բացել են, տեսել են՝ քանի հոգի ա,  ոչ մի գռուզ չեն թափել, հանգիստ անցել ենք, իրենց էլ էդ ա պետք, որ տեսնեն՝ Արցախից քանի շունչ ա գալիս, իրենց список ա պետք ռուսների հետ միասին, հա, ռուսը մեզ պահել ա, ռուսն էլ որ չլիներ, մեզ կկոտորեին, բայց ռուսի համաձայնությամբ, Ադրբեջանի համաձայնությամբ մեզ տեղահանեցին․․․ Ճանապարհն էլ շատ ահավոր էր, հենց հասել ենք Շուշի, 2 սուտկա է՝ Լաչինի ճանապարհի վրա էինք․․․ Առավոտ ժամը 8–ին Հակարիի կամուրջը հատել ենք, խցանում էր, կես ժամ կանգնում էինք, 10 րոպե ճանապարհ գալիս, 2 ժամ կանգնում, 5 րոպե գալիս, մի ահավոր վիճակ»։ Թե ինչ են անելու Հայաստանում, ուր են գնալու՝ դեռ անորոշ է, տիկին Միրան ասում է՝ եթե ֆինանսի խնդիր չլիներ, մի ժամ էլ չէին մնա, կգնային Ռուսաստան, թեկուզ էնտեղ էլ մի բան չի․ «Տղաս 88 թ․ շարժմանն է ծնված, էս հասակում կամաց–կամաց իր կվարտիրն է ստեղծալ, մեքենա է առալ, սաղ թողալ է, եկել, էրեխեքին ինչ ուզել են, իրենց սրտով, կերել են, քնել են, ման են եկել, ո՞վ ա իմացել, որ կարողա Արցախը հանձնել, որ փողը կուտակեն»։ Նրա խոսքով՝ քաղաքում էլ է ապրել, գյուղում էլ, կուզի ինչ–որ հողամաս ունենալ, դրանով զբաղվել․ «Ես չգիտեմ, նենց չի, որ էստեղ բարեկամ չունենք, ախպեր ունեմ, մի քույրս Կրասնոդար է, մեկը՝ Ուկրաինա, բայց մենք իրենց նեղություն չենք ուզում տալ, փախցրել են, հանել բերել են, մեր հոգսը [թող] քաշեն, գոնե տան վարձը տան, ժողովուրդը իր հոգսը քաշի, տհենց բան կլինի՞, հիմա էլ ուզում են ծայրամասային տեղեր տան, պետք չի, հանց որ էգուց էլ գան, արցախցու գլխին վեր ընգնին․․․ Ես ասում եմ՝ Հայաստանա տղերքը էնքան մեղկ են, Արցախի համար զոհվել են, դե զոհվել են, շարժումն արել են, ասել են՝ միացում Հայաստան, ժողովուրդը համաձայնել է, բայց դու պերես, ստորագրես, հանձնե՞ս, գոնե ինքնավար մարզ էլ չես թողալ․․․ Գոնե տանին ոչ ծայրամասեր»։ Հիմա Աստծուն փառք է տալիս, որ իր ընտանիքը նոր զոհեր չի ունեցել, բայց շատ է ցավում, որ շատ ծնողներ իրենց 20-22 տարեկան տղաների շիրիմները, ինքն էլ իր հարազատների շիրիմները ստիպված են եղել թողնել։ Ու ծնկները, ասում է, թուլանում են, երբ պատկերացնում է, որ հաջորդը կարող է Հայաստանը լինել։ Բայց թուլացող ծնկներին ամուր պահելու է հասնում փոքրիկ Անին, որ ողջ ընթացքում եղբոր հետ, վազվում էր տարածքում վանդակից դուրս եկած, կապույտ երկինք գտած աղավնու պես թեթեւ։ Գալիս է, խիզախորեն կանգնում տեսախցիկի առաջ ու ասմունքում Արցախի մասին մոր սովորեցրած տողերը․ –Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա,  Իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի  
20:50 - 01 հոկտեմբերի, 2023
«Սա լավ կյանք չի, չէ․․․»․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը դեռ չի պատկերացնում իր կյանքը տանից հեռու

«Սա լավ կյանք չի, չէ․․․»․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը դեռ չի պատկերացնում իր կյանքը տանից հեռու

Աշխարհի ամենաերկար՝ գաղթի ճանապարհից հոգնած ու մռութները կախած փոքրիկ տղան բացում է գունավոր տուփը, որի միջից թափվում են կոնֆետներ։ Նա ոտքերը գետնին խփելով նվնվում է, ընկնում խոտերի վրա ու սկսում լաց լինել հողի մեջ՝ դեմքը խոտերին դրած։ Գրպանումս երկու կոնֆետ կա, այն սպիտակ կլորիկներից, որոնք արջուկի տեսք ունեն։ Մոտենում եմ տղային, կոնֆետները դնում սպիտակ թաթիկների մոտ, նա լացը կտրած, զարմացած ինձ է նայում։  - Կկանգնե՞ս, ձագ ջան, հողը խոնավ է,- ասում եմ,- կանգնի, կուզե՞ս նկարեմ քեզ այ սրանով,- ցույց եմ տալիս ֆոտոխցիկը, որ միշտ հետաքրքիր է երեխաներին։ Տղան գլխով է անում՝ չհասկանալով էլ՝ էս ով է, ինչ է խոսում։ Նա ընդհանրապես չի ժպտում։  Չորսամյա Մաքսն իր ընտանիքի հետ Վայքի մշակույթի տան մոտ սպասում է, թե որտեղ է տանիք գտնելու երրորդ անգամ։ Նա մոր, քույրերի, տատի ու մյուս հարազատների հետ ժամերով ընդունման կետի բակում է, մեկ մեքենայում, մեկ՝ բակում, մեկ՝ մոր գրկին։ Նրանց ընտանիքը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է տունը Շուշիում, հիմա՝ Ստեփանակերտում։ Քույրերին՝ Անիին ու Իրային, հարցնում եմ՝ շտեղանա՞ եք, չեն ասում՝ ստեփանակերտցի, այլ երկուսով միաձայն՝ շուշվեցի։ Անին եւ Իրան Շուշվեցի քույրերը կարմիր սվիտրներով կարմիր մեքենայի մեջ սպասում են։ Խոսում են, խաղ անում, լռում, աչքերը կկոցելով նայում արեւին, կարմի՞ր է, թե՞ դեղին։ Ի տարբերություն իրենց եղբայրիկի, նրանք մի քիչ ավելի ժպտադեմ են։ Իրենց լուսանկարները տեսնելուց ավելի են ոգեւորվում՝ էդ միանգամից ցույց ա՞ տալիս։ Ինն ու տասնամյա աղջիկները Ստեփանակերտում երաժշտական դպրոց էին գնում, նրանցից մեկը կիթառ է սիում, մյուսը՝ ջութակ։ Կարոտել են իրենց ընկերներին։ Բայց չգիտեն՝ նրանցից ով է եկել, ասում են՝ կեսը՝ գնում են Երեւան, կեսը՝ Ռուսաստան։ Երբ պատերազմն սկսել է, տանը խաղալիս են եղել։  - Շատ ե՞ք վախեցել,- հարցնում եմ։  Անին Իրային է ցույց տալիս հայացքով՝ ինքը հա, ես չէ։  - Էդ ո՞նց։ Անին թոթվում է ուսերը, թե՝ եսի՞մ։ Այդ «եսիմ՝ ոնց չեմ վախեցել»-ից ես հիշեցի, որ 2020թ․ ձմռանը Մարտունիում մի փոքրիկ աղջիկ ինձ պատմում էր, որ հակառակորդը հրթիռակոծել է քաղաքը, իսկ նրա ընկերուհին ուղղում էր՝ էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել է։ - Մեզ պադվալ չկա, մեր տոնը լոխ առաջին հարկ ա, մեր տոնը պադվալ ա իլալ,- պատմում է Անին, - մեր տան վրա էլ են կրակալ, պենը, էն վերջումը, թխում էր Ստեփանակերտի մեջ։ Մեր զրույցին միանում է երեխաների տատը՝ Աիդա Մկրտումյանը։ «Հա՜, Շուշիից ընք, դուրս եկալ, եկալ ընք Ստեփանակերտ․․․ Տունս-տեղս թողած․․․ Թողալ ընք, եկալ, հինչ ա՞նինք, Ստեփանակերտա տուս են արալ, հլա չգիտեմ՝ շտեղընք մնալ, սպասում ընք տեսնանք, գրանցում անեն, տեսնանք, ինչ են ասում»,- պատմում է նա։ Հարցնում եմ՝ այստեղ կյանքը ո՞նց են պատկերացնում, ո՞նց են ապրելու․ «Ի՜հ, հինչ ա՞սիմ, սա լավ կյանք չի, չէ․․․»։ Տիկին Աիդան Հետո տատիկը երեխաների ձեռքից բռնած՝ գնում է ընդունման կետի մոտ, որտեղ քաղցրավենիք են տալիս։ Վայքի մշակույթի տան մոտ այսօր էլ հարյուրավոր արցախցիներ են հավաքված․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հաշվառում են այստեղ, առաջնային կարիքների գնահատում անում, կացարան գտնում նրանց համար, տրամադրում նոր հեռախոսահամարներ։ Այստեղ նրանց հատկացվում են հիգիենայի պարագաներ ու սնունդ, ովքեր կարիք ունեն՝ նաեւ այլ իրեր, այդ թվում հագուստ են վերցնում, որոնք հավաքվել են հումանիտար օգնության տարբեր նախաձեռնությունների ու անհատների միջոցով։  Կամավորներ Ի տարբերություն տեղահանության ու ՀՀ-ում մեր հայրենակիցներին տեղավորելու առաջին օրերի՝ այսօր ընդունման կետում գործընթացն ավելի համակարգված է։ Բացի դրանից՝ հիմա հոսքն ավելի թեթեւ է․ արդեն 100 հազարից ավելի անձ ժամանել է ՀՀ։ Կամավորներ Տասնյակ կամավորներ վազքի մեջ փորձում են օգնել հերթում սպասող բոլոր մարդկանց, առաջնահերթ՝ տարեցներին ու երեխաներին։  Ընդունման կետի բակում նաեւ վրաններ են տեղադրվել, որտեղ քաղաքացիները կարող են սնվել ու հանգստանալ։ Ընդունման կետի բակում իր երեխաների հետ կանգնած է Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից տեղահանված Սոնյա Սահակյանը։ Նրա երեխաները փոքր են, ամեն մեկը մի զբաղմունք գտել է։ Սոնյան Երբ կռիվը սկսվել է, նրանց ընտանիքն էլ, սովորականի պես, տանն է եղել։ Հետո գյուղապետը հանել է գյուղից, Ստեփանակերտ են գնացել, որովհետեւ այլեւս ապահով չի եղել մնալը․ «Տուն-տեղ թողած եկել ենք, ուրիշի տանն ենք մնում, տեսնենք՝ ոնց ենք անում»,- ասում է ու աչքերը լցնում։ Ներսիկը՝ նրա որդին, տեսախցիկը տեսնում, չարաճճիություն է անում, քույրը՝ Լիլիան, եղբոր ուսի հետեւից թաքուն նայում է։ Լիլիան ու Ներսիկը Մշակույթի տան դահլիճում՝ հերթից հեռու, միայնակ նստած է մի տարեց կին։ Նրա ոտքերի առաջ մի քանի տոպրակ է դրված․ այն իրերն են, որը Սվետիկ տատը հասցրել է վերցնել իր հետ Մարտունու շրջանի Ճարտարի գյուղից դուրս գալուց։ Նրա ամուսինը մահացել է, տղան՝ զոհվել 44-օրյա պատերազմում վիրավորում ստանալուց։ Սվետիկը մեն-մենակ է։ Նա անորոշ հայացքով նայում է ուղիղ իր դիմաց, որտեղ այլ տեղահանվածներ հագուստ են ջոկում իրենց համար։  Սվետիկ տատը - Ներվերս չի հերիքում արդեն,- անհանգիստ ասում է տատը։ Նա արդեն մի քանի ժամ է՝ այդտեղ նստած է, ասել են՝ սպասի, որ հենց ավտոբուսը լինի, իրեն ճանապարհեն։ Կարմիր խաչն է հոգալու նրա տեղափոխման հարցը։ Տատը խնդրում է իրեն հեռու գյուղեր չուղարկել։ Կամավոր երիտասարդները գալիս, նրա որպիսությունն են հարցնում, նոր հեռախոսահամար բերում, նրան օգնում՝ գնալ-գրանցվել, ու փորձում տատի խնդրանքն անել՝ հեռու տեղ չուղարկել։ «Թուրքի տունը քանդվի, չվայելեք էդ տունը, ես չվայելեցի, հիմա էլ դուք չվայելեք, քոչվորի կյանք եմ վայելում օր ծերության»,- սիրտը լցնում է տատը։ Երազիս իմ տատին եմ տեսել, չէր գտնում իր հաստ շալը, հետո գտավ խոնավ, գցեց ուսերին, էլ չեմ հիշում։ Չգիտեմ՝ ինչ զուգադիպություն է, բայց Սվետիկ տատն ինչ-որ անհանգիստ շարժումներ է անում հանկարծ, տոպրակներն է բարձրացնում, ու քթի տակ ասում․ «Մի հատ մեծ, քառակուսի շալ ունեի, ուր ա, է, չեմ գտնում, ո՞ւր թողեցի։ Չհասցրի մի նորմալ բան վերցնեմ, էնքան արագ ասին՝ դուրս պիտի գաք»։ Սվետիկ տատին ասում եմ՝ գուցե գնանք իր համար էլ հագուստ նայենք, ասում է՝ թող նայեն նրանք, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Երբ կամավորները նրան գալիս են օգնելու, ասում է՝ կներեք, որ ձեզ խանգարում եմ, մի բաժակ ջուր են տալիս՝ ցածրաձայն ասում է՝ «մերսի շատ, լավ մարդիկ մնացել են․․․»։ 30.09.2023Հայարփի Բաղդասարյան
16:10 - 01 հոկտեմբերի, 2023
Տեղահանված արցախցիներին աջակցող նախաձեռնությունների ցանկ․ թարմացվող

Տեղահանված արցախցիներին աջակցող նախաձեռնությունների ցանկ․ թարմացվող

Ետնանկարը՝ «Ազատություն» ռ/կ-իԱրցախի մեր հայրենակիցները հարկադրված տեղահանվում են իրենց բնօրրանից։ Այս օրերին հազարավոր արցախահայեր են տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն։ Նրանց աջակցելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ map.socservice.am, կառավարությունը հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու արցախահայության խնդիրները։ Դրան զուգահեռ, իհարկե, քաղաքացիները տարբեր նախաձեռնություններ են սկսել՝ հումանիտար օգնության հավաքագրումից մինչեւ կացարանների փնտրտուք եւ այլն։ Infocom-ն այս հրապարակման մեջ հավաքագրել է նախաձեռնություններն ու դրանց կոնտակտները։ Խնդրում ենք այստեղ չներառված նախաձեռնությունների տվյալներն ուղարկել Infocom-ի ֆեյսբուքյան էջին՝ դրանք այս ցանկում ներառելու համար։ Ցանկը պարբերաբար կթարմացվի։ Նշենք, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։    Կացարաններ գտնելու հարցում աջակցող նախաձեռնություններ Լոռիում առկա է 20 առանձնատուն, Թումանյան համայնք:Անվճար📞 077868597-Գնել Տելեգրամյան Տուն արցախահայությանը ալիքում տների տվյալներ են տեղադրվում։T t.me/tun_artsakhahayutyany Արտաշես Սահակյան օգտատերը հայտնում է, որ - Կապանում կա առանձնատուն 8 հոգու համար,- Սեւանում կա 1 քոթեջ 7 հոգու համար,- Կուտականում տեղ կա 8 հոգու համար։📞 098 137331 Գագիկ Կարապետյանը հայտնում է, որ Արմավիրի Բամբակաշատ գյուղում տրամադրում են ռեստորան, որը կարող է լինել կացարան, մնում է մահճակալների հարցը լուծել, մյուս հարմարություններն առկա են։📞 098 876444 Կապանի Առաջաձոր գյուղում անվճար երկարաժամկետ տրամադրվում է առանձնատուն մինչև 5 հոգու համար։📞 077 542467 Հանքավանում հյուրանոցային համալիրում անվճար հիմունքով կացարաններ կան։📞 098 137331 Դիլիջանում մինչեւ 40 հոգու համար անվճար ազատ տեղ կա հյուրանոցային համալիրում։ Կապ հաստատել Միհրանի հետ։ 📞098 137331 Շիրակի մարզի Սարալանջ գյուղում անվճար սեփական տուն կա։📞 077 070996 Ավանում վարձով փոքր սեփական տուն կա 2 հոգու համար, գտնվում է միջին վիճակում, 60․000 դրամ։📞 077 537707 Սյունիքի Սիսիան համայնքի Բնունիս գյուղը պատրաստ է ժամանակավոր կացարաններ տրամադրել 10 ընտանիքի։📞 077 839501 Ստեփանավան քաղաքում 2 ընտանիքի համար անվճար կացարան կա։ Դիմել Յուրային։ 📞 033 016836 📞 094 016836   Քաջարան-Կապան ճանապարհին մինչեւ 11-հոգանոց ընտանիքի համար տուն կա։ 📞 098 137331 Անվճար սեփական տուն կա Վարդենիկ գյուղում։ Դիմել Վահանին։📞 094 654435 Սիսիան համայնքի Ծղուկ գյուղի շրջակայքում կա անվճար կացարան։📞 093 488505 Hayrapetyans գործակալությունը պատրաստ է իր ծառայությունները մատուցել 24/7 ռեժիմով Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ Գրել Արման Հայրապետյանին եւ Հրաչ Սայիյանին։ Ջերմուկի Օլիմպիա առողջարանն ընդունում է Արցախցի մեր հայրենակիցներին։📞094 444904 Արմավիր քաղաքում 4-5 անձ-ի համար անվճար տուն կա։📞093231113 «Զուրաբյաններ» հյուրատունը պատրաստ է անվճար սենյակներով և կեցությամբ ապահովել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։📞094 403901 Հայորդի նախաձեռնությունը Հայորդի ճամբարում պատրաստ է կացարան տրամադրել զոհված հայորդիների ընտանիքներին:📞098 306969📧 [email protected] Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում Արցախից եկած 15-20 ընտանիքի անվճար բնակարաններ են առաջարկվում։📞 098 758728 Ֆեյսբուքյան օգտատեր Արփինե այգ-ն առաջարկում է կացարան։ Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Հակոբյանն առաջարկում է կացարան Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է կացարնների մասին տեղեկություններ։ Feminino23📞 077 930200📧 [email protected]🌐 feminno.com Genesis Armenia📞060 541400🌐genesisarmenia.com   Հումանիտար օգնություն հավաքագրող եւ տրամադրող նախաձեռնություններ Տարհանված արցախցիների համար Gangoor սալոնն իրականացնում է հագուստի եւ այլ իրերի հավաքագրում: 📞 077209345📍 Բայրոն 12 Kooyrigs  f https://www.facebook.com/kooyrigs🌐 kooyrigs.org  Armenian Progressive Youth📞 010 583399📧 [email protected]🌐 apy.am Homeland Development Initiative Foundation📞 077 473335📧 [email protected]🌐 hdif.org Հայորդի📞 098 306969📧 [email protected] T-Cycle f facebook.com/TeamTCycle📧 [email protected] All for Armenia 📞 033 654495📞 093 211243🌐 https://allforarmenia.org/donate/ Armenian food bank📞 095 208084🌐 www.armenianfoodbank.org/ Ethos UA Yerevan📞 041 703713 Viva fund📞 095 615565🌐 https://viva.foundation/ SpeshikDobru📞 +7 910 000-77-50🌐 https://kdobru.com/    Բժշկական, հոգեբանական աջակցություն ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը պատրաստակամությունն է հայտնել մատուցելու անվճար հոգեբանական ծառայություններ։ 📞077 105259 📞094 093409 Ընտանեկան բժիշկ, ինֆեկցիոնիստ Աննա Աթաբեկյանն արցախցիներին իր անհատույց բժշկական ծառայություններ է առաջարկում, բոլոր թերապեւտիկ խնդիրներով՝ ինֆեկցիոն ու ոչ ինֆեկցիոն բնույթի։📞 091 257056📍Ֆանարջյան 67 Արցախցիներին մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման անհատույց բուժօգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնում գաստրոէնտերոլոգ Մարինե Պետրոսյանը։📞 093 437101📍Հրազդան ԲԿ Արցախցիներին անհատույց օրթոդոնտիկ բուժօգնություն կարող է տրամադրել Աննա Մանասյանը։📞 095 900400📍 Մաշտոցի 40, «Երեւան» ստոմ. կլինիկա Արցախցիներին անհատույց բուժօգնություն է առաջարկում մաշկաբան Տիգրան Մկրտչյանը։📞 055 818816📍Վարդանանց 110, Medines բժշկական կենտրոն։ Բժիշկ Հայկ Մանասյանը եւս անվճար ծառայություններ է առաջարկում արցախցի մեր հայրենակիցներին։ Նրա ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել տարբեր մասնագետների կոնտակտներ, որոնք պատրաստ են անհատույց աջակցություն ցուցաբերել արցախցիներին։📞 091 992217f https://www.facebook.com/hayk.manasyan Անվճար բուժօգնություն արցախցիներին տելեգրամյան ալիք է գործում։ Շնչառության, մտքի հանդարտեցման և մարմնի թեթև վարժանքների միջոցով սթրեսի մեղմացման ուղղությամբ առաջին օգնություն։   Կամավորների խմբեր են գործում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձեւավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչեւ տեղեկատվական։ Ակնկալվում է ձեւավորել աշխատանքային 6 խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն եւ լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։Ձեւավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման եւ համակարգման հարցերով: Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ եւ դասակարգմամբ, միջազգային մամուլի եւ սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։ Բաբոն տեր ա նախաձեռնությունն էլ աշխատանքային թիմ է ձեւավորել, որում՝ Արյան դոնորների հարցով զբաղվում է Mary Mamikonian-ը։ Կամավորների հավաքագրմամբ զբաղվում են Էլլա Ավագյանն ու Մանէ Օհանեանը։ Հագուստի հավաքագրմամբ զբաղվում է Sona Koshetsian-ը։ Սննդի եւ մանկական կերի հարցերով զբաղվում են Սայիդա Պողոսյանն ու Սոֆյա Հովսեփյանը։ Կացարանների հարցով զբաղվում են Edith Jerejyanն ու Angelina Danielyan-ը։ Աշխատանքային տարածքների հարցով զբաղվում է Մելինե Մուրադյանը։ Տրանսպորտի հարցով զբաղվում են Zepur Tchokaklianն ու Sirun Semerjyanը։ Կենցաղային իրերի հարցով զբաղվու է Անի ՇահՊարոնյանը։ Հրատապ իրերի հայթայթման հարցով զբաղվում է Inessa Vardanyanը։ Դպրոցների, մանկապարտեզների հարցով զբաղվում են Թալին Սաղդասարյանը, Ani Hovhannisyanն ու Nara Yerkanyanը։ Հոգեբանական աջակցության հարցով զբաղվում է Ani Apitonyanը, համակարգում է Karine Panosianը։ Աշխատանքի տեղավորման եւ վերապատրաստման հարցով զբաղվում է Sona Hovhannisyanը։ Ֆինանսական աջակցության հարցով զբաղվում է Սոֆյա Հովսեփյանը։   Զբաղվածություն BDO Armenia ընկերությունը առաջարկում է Ձեզ հետևյալ հաստիքները՝             •Կրտսեր Հաշվապահ             •Հաշվապահի Օգնական             •Աուդիտորի Օգնական             •Ավագ Աուդիտոր             •Բիզնես Վերլուծաբան             •Իրավաբանի Օգնական  Դիմելու համար` ուղարկեք Ձեր ինքնակենսագրականն [email protected] էլ․ հասցեին։   IDBank-ը հնարավորություն է տալիս արցախցիներին ստանալու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ բանկային ոլորտում՝ հետագայում իրենց թիմին միանալու հեռանկարով։ Ծրագրի ընթացքում 2-3 ամիս արցախցի մեր հայրենակիցների համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնի Բանկի ղեկավար կազմն իր լավագույն մասնագետներով։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն։ Ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։Մանրամասների համար՝ 🌐 https://bitly.ws/TRsK📞 010-59-33-33 Մանթաշյանց Վանաձորի մասնաճյուղը այս պահին Լոռու մարզում կարող է տրամադրել 400+ աշխատատեղ: Բոլոր հարցերով զանգահարել՝📞 041 680107🌐 https://forms.gle/8fdxXE5s5YqrsXGT8 Armenian Code Academy-ն տրամադրում է 50 կրթաթոշակ ընդունելության փուլերը անցած դիմորդների համար 5 ամենապահանջված ուղղություններում՝ - Introduction to JavaScript - Introduction to Python - Introduction to Data Science and Machine Learning - UX/UI Design - Graphic Design 📞 041 481630 staff.am-ը ստեղծել է միասնական հարթակ աշխատանքի հայտարարությունների համար։   Իրականացվում է տվյալների հավաքագրում 3 ուղղությամբ՝   1. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տվյալները, որոնք աշխատանքի կարիք ունեն՝ այստեղ,   2. Գործատուներից համապատասխան աշխատանքի հայտարարությունները` այստեղ,   3. HR մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակել staff.am թիմին խորհրդատվական կամ այլ աշխատանքներում` այստեղ   Աշխատանք Արցախի հայերի համար խմբում աշխատանքի բազմաթիվ հայտարարություններ են տեղադրվում։  Any Wish Tour-ը կազմակերպում է անվճար դասընթացներ տուրիզմի ոլորտում: Դասընթացից հետո կօգնեն տվյալ ոլորտում աշխատանքի տեղավորման հարցում:📞+374 96 588 885 📧 [email protected] 📍 Տպագրիչներ 15 փողոց, Երևան «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը եւ «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում եւ պրակտիկա դեղագիտության կամ դեղագործության ոլորտի մասնագետների համար։📞 098 899529 «Երեւան-տեքստիլ» ընկերությունը առաջարկում է կարուհու աշխատանք։📞098 433080📞094 403050 Anrivatour ընկերությունը պատրաստ է անցկացնել անվճար ուսուցում եւ թրեյնինգներ՝ տուրիզմի ոլորտում: Ուսուցումից հետո հնարավորություն կընձեռնվի աշխատանքի անցնել այս կազմակերպությունում։📞 060 611110📞 012 221212 Vardan_travel - աշխատանք է առաջարկում Արցախից ժամանած տուրիզմի մասնագետներին։📞 094 449459 Evolution agency մարքեթինգային կազմակերպությունն առաջարկում է տարբեր ոլորտներում թափուր աշխատատեղեր։ Մանթաշյանց գործարարների միությունը թափուր հաստիքներ է առաջարկում։📞 041 680107 Castelo կահույքի ֆաբրիկա-յում աշխատատեղեր կան արցախցիների համար։📧 [email protected] Mrjoons design studio-ում գրաֆիկ դիզայնի դասերը արցախցիների համար կլինեն անվճար Happy Mum - Այն բոլոր երեխաները ու մեծերը, որոնք կիսատ են թողել իրենց գեղարվեստի խմբակները եւ այլ արվեստի դասեր, կարող են շարունակել Happy mum-ում։📞 091 000327  «Արագած սպորտ կոմպլեքսում» վաճառքի մասնագետի աշխատանք կա, աշխատանքը մարզում է, գործատուն լուծում է նաեւ կեցության հարցը։ 📞094073638 Այլ նախաձեռնություններ Yandex Go Armenia ծառայությունը Գորիսից Երեւան տեղափոխում է 300 դրամով։ Հասանելի են ggShuttle անվճար երթեր Գորիս-Երեւան-Գյումրի-Վանաձոր ուղղություններով։ Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ Transimpex Express ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ իրականացնել բեռների անվճար փոխադրումներ՝ Գորիսից դեպի Երևան և այլ մարզեր։ 📞 055 657070
23:59 - 28 սեպտեմբերի, 2023
«Սաղ կյանքը կորցրալ ընք, հինչ պա՞տմեմ․․․»․ արցախահայերի հաշվառման կետն՝ ինչպես որ է

«Սաղ կյանքը կորցրալ ընք, հինչ պա՞տմեմ․․․»․ արցախահայերի հաշվառման կետն՝ ինչպես որ է

Հինչ պա՞տմեմ, սաղ կյանքը կորցրալ ընք։ Այս նախադասությունն ամենաշատն է հնչում Վայքի մշակույթի տանը, որն արցախահայերի հաշվառման կետ է ծառայում այս օրերին։ Մարդկանց մեծ մասը խոսել չի ուզում, եւ դա հասկանալի է․ նրանք ամեն ինչ թողած՝ եկել ու օրեր շարունակ անորոշ սպասման մեջ են՝ ուր են գնալու, ինչ են անելու, եւ շարունակ այսպիսի հարցեր։ Եւ քանի որ շատ չի պատահում, որ հնարավոր լինի մարդկանց խոսքերն ու իրավիճակը հենց իրենց դեմքերով պատմել ձեզ, կփորձեմ նկարագրել ընդունման կետում կատարվողն ու այստեղ լսվող խոսքերը՝ դրսեւորվելով որպես հնարավորինս օբյեկտիվ դիտորդ։ Տասը ամիս հույսով ապրալ ընք, հեչ մտածալ չընք, որ սենց բաների միջով անց կկենանք Աննկարագրելի հերթ է գոյացել ընդունման կետի սրահում եւ բակում։ Դրսում՝ հենց մուտքի մոտ, երկու նստարան կա, որոնց վրա տեղավորվում եմ ամենահոգնած մարդիկ, հետո տեղը զիջում մյուսներին։ Քիչ հեռու էլի նստարաններ կան, բայց այնտեղ ավելի քիչ մարդ է նստում, հավանաբար այն պատճառով, որ մարդիկ ուզում են մոտ լինել ու հարմար պահի գնալ հերթագրվելու, համ էլ անհարմար արեւ է։ Անընդհատ խուլ աղմուկ է լսվում, բայց փորձում ես ֆիքսել՝ ովքեր ու ինչ են խոսում, հիմնականում գետնին հառած հայացքով լուռ մարդկանց ես նկատում։ Ամեն տարիքի մարդու հնարավոր է հանդիպել՝ նորածնից մինչեւ ծերունի։ Փոքր երեխաները ժամերով ծնողների գրկին են, մի քիչ ավելի մեծերը, որ արդեն ինքնուրույն են, ով ուժ ունի՝ իրեն զբաղեցնում է, ով հոգնած է ճանապարհից ու այս ամենից, լուռ կանգնում է հարազատի կողքին։  Ներսում աթոռները քիչ են, մարդիկ հիմնականում ոտքի վրա են։ Կա մի դահլիճ, որը կամ լույս չունի կամ լույսերը վառող չկա, բայց քանի որ այն եւս հեռու է հերթագրման սեղաններից, այստեղ հատուկենտ մարդիկ են նստած։ «Մեջքս ջարդվեց արդեն»,- քթի տակ ասում է ժամեր առաջ ընդունման կետ հասած մի գեղեցկադեմ կին, որի գրկին անհանգիստ շարժվում է փոքրիկ տղան։ Ամուսինը նոր-նոր է հասել հերթագրման սեղանի մոտ ու դեռ հայտնի չէ՝ ինչքան ժամանակ անց կավարտվի այդ գործընթացը։ «Կուզե՞ք՝ մի քիչ գրկեմ Ձեր բալիկին, գոնե մի տասը րոպե հանգստանաք»,- առաջարկում եմ ես, բայց անօգուտ, որովհետեւ հենց ձեռքերս մեկնում եմ տղայի ուղղությամբ, նա ավելի ուժեղ է փաթաթվում մոր պարանոցին․ «Ուրիշների մոտ չի մնում է ախր»,- ասում է մայրն ու աչքերը լցնում․ «Տասը ամիս հույսով ապրալ ընք, էդքան բան ենք տեսալ, որ էդքանից հետո մեր երկրին լյավ ինի։ Հեչ մտածալ չընք, որ սենց բաների միջով անց կկենանք»,- ասում է նա ու սկսում կրծոտել շուրթերը։ Նրա դուստրը խելոք կանգնած է կողքին։ Ուզում է դիզայներ դառնալ։ - Ինչո՞ւ հաց չեք վերցնում։ - Ամաչում եմ․․․ Էս ի՞նչ օրի ընկանք․․․ Ներսում պահի տակ հրմշտոց է սկսվում, որը փորձում են կառավարել, կամավորներն ու Հայկական կարմիր խաչի ընկերության աշխատակիցներն այս ու այն կողմ եմ վազում՝ փորձելով օգնել՝ ում հնարավոր է։ Նրանցից ոմանք աշխատում են այն սեղանների մոտ, որտեղից կարելի է սնունդ ու հիգիենայի պարագաներ վերցնել։ Նրանց արագությունն իսկապես տպավորիչ է, միայն թե ինչ-որ պահից արդեն նկատելի է դառնում հոգնածությունը, որովհետեւ ժամերով անդադար շարժի մեջ են։ Սենդվիչներ են տալիս տասնյակ ժամեր մեքենաներում քաղցած մնացած մարդկանց, դրանք վերջանում են, սկսում են քաղցրավենիք տրամադրել․ «Քանի՞ հոգով եք, քանի՞ էրեխա կա հետներդ»,- հարցնում է կամավորներից մեկը ու պատասխանը լսելուն պես «սմայլիկ» թխվածքաբլիթները մեկնում արցախցի տղամարդուն։ Սյուներից մեկի կողքին կանգնած կինը լարված մի ոտքից մյուսին է հենվում․ - Չէ է, չեմ կարա խոսամ, լավ չեմ զգում,- ասում է։ - Հաց կերել ե՞ք,- հարցնում եմ։ - Չէ․․․ քանի ժամ էր ճամփեքին էինք, երեխաների հետ, հոգնած, սպասում եմ ամուսինս հերթագրվի, գա, հասկանանք՝ ինչ ենք անում։ - Ինչո՞ւ հաց չեք վերցնում, էն սեղանի մոտ տալիս են։ - Ամաչում եմ․․․ Էս ի՞նչ օրի ընկանք․․․ Երեխաս էնքան երկար ժամանակ նորմալ պեն չի կերալ, փորը խանգարվալ ա - Վերջացրի՞ր, հը՞, վերջացրի՞ր,- զուգարանի դռան մոտից մի կին ձայնում է երեխային ու կողքին կանգնած աշխատողին ասում, - երեխաս երեք ամիս ա՝ նորմալ պեն չի կերալ, փորը խանգարվալ ա։ Թեյ, տաք շոր են առաջարկում նրանց։ Թեյն ու տաք շորը, սակայն, մարդկանց այստեղ այնքան էլ օգնել չեն կարող։ Նրանց կարիքների գնահատման գործընթացը իրականացվում է դանդաղ, եւ դրա պատճառները տարբեր կարող են լինել։ Նախ, հասկանալի չէ, թե պետությունն ինչու է միայն երկու հասցեում բացել ընդունման կետեր՝ Գորիսում եւ Վայքում, մի՞թե անհնար էր Արցախին մոտիկ այլ բնակավայրերում եւս հատկացնել համապատասխան տարածքներ, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթանային։ Մյուս պատճառն այն է, որ Վայքում, ինչպես եւ Գորիսում՝ մեր թղթակցի հաստատմամբ, հատկվացված դահլիճները փոքր են․ շատ մարդիկ, նրանց անհամապատասխան աշխատակիցներ։ Հասկանալի է, իհարկե, որ մեր հայրենակիցների տեղահանության նման մասշտաբների պարագայում գուցե հնարավոր չէ մեկը մեկին տվյալներ գրանցող գտնել, բայց առնվազն աշխատողների աշխատանքն էլ ավելի հեշտ կլիներ, մարդիկ էլ ավելի հարմար պայմաններում սպասելու հնարավորություն կունենային։ Բացի դրանից, որքան էլ ջանասիրաբար են աշխատում կամավորները, միեւնույն է, մարդկանց մեծամասնությունը մինչեւ իր համար նախատեսված կացարանը հասնելը շարունակ անցնում է անհարմարություններով։ Մարդիկ գիշերն էլ մնում են շենքի մոտ կանգնած։  Ոմանց նյարդերը տեղի են տալիս։ Մի կին պարզապես չի դիմանում ու մի կողմ է հրում գրանցվողների ու սպասողների միջեւ այսպես ասած սահման հանդիսացող սեղաններն ու վազում դեպի համակարգիչները։ Երեխաների լացի ձայն է լսվում անընդհատ։ Ծնողները երբեմն չեն դիմանում ու սաստում են նրանց։ Տղամարդիկ աշխատում են ավելի քիչ խոսել։ Բայց նրանցից մեկը չի դիմանում եւ ինձ դիմելով վրդովված՝ հարցնում է՝ ինչո՞ւ են արցախցիներին միայն կամ Կապան ուղարկում, կամ Վարդենիս, կամ Տավուշի մարզ, կամ Մեղրի, մի խոսքով՝ սահմանին մոտ բնակավայրեր։ Մարդիկ ակնհայտորեն վախեցած են, նրանք չեն ուզում եւս մեկ անգամ ուղիղ կրակի տակ հայտնվել։ Մի տեղից լսվում է՝ «Լոխ Փաշինյանն ա արալ, խե՞ չես ըյուրան հարցնում․․․», «Է դե, այ մարդ, ինչ ես ուզում, էս աղջիկն իրա գործն ա անում, հինչ ա՞նիս» Մարդկանց տրամադրում են կացարանների հասցեներ, բնակավայրերի անուններ։ Ծովինար գնացողներն իրենց մեքենային են սպասում, Ախուրյան գնացողները՝ իրենց, ու այսպես շարունակ։ Ու այդ սպասումը, դարձյալ, միջանցքներում, նստարաններին, աստիճաններին։ «Ախուրյան գնալու համար գրանցվածները մոտենան ստեղ»,- բարձրախոսով լսվում է կամավորներից մեկի ձայնը։ Կարծես թե մեքենան արդեն հասել է։  Հայարփի Բաղդասարյան
20:48 - 28 սեպտեմբերի, 2023
«Բալա, Արցախը էլ չկա, Գանձասարը էլ չկա». իրականության և գիտակցումի արանքում

«Բալա, Արցախը էլ չկա, Գանձասարը էլ չկա». իրականության և գիտակցումի արանքում

Առավոտյան Գորիսի հաշվառման կետի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Ոստիկանությունը մեկումեջ փոխում էր ուղեփակոցների դիրքը՝ փորձելով կառավարել 20-30 ժամվա ճանապարհից ասես նույնքան տարով ծերացած մարդկանց հոսքը: Ձախ կողմում՝ նստարանին, խիտ շարքով նստած կանայք ամեն անգամ տեսախցիկ տեսնելիս ձեռքով փակում են դեմքեր. «Մի նկարի, լի՜: Դե բա տեսնեն, մեզ մեղկ գա՞ն»:  Գետնին աջուձախ լցված ճամպրուկների դիմաց մի կին է կանգնած: Զարմանալիորեն առույգ է երևում: Մինչ մտքումս ձևակերպում եմ՝ ինչ ասեմ, ո՞նց ասեմ, հայացքս ինքն է որսում. «Ասա՛, ցավդ տանեմ, ասա՛»:  Էլմիրա Գրիգորյանն է: Այնքան հպարտությամբ է նշում, որ Գանձասարից է, մինչև գլուխս փշաքաղվում եմ, կարծես հենց նոր իմացա, որ Արցախը էլ չկա:  «Արցախի Գանձասար գյուղից եմ,- մի քանի անգամ կրկնում է տիկին Էլմիրան:- Ծնվել եմ, մեծացել եմ, ամուսնացել եմ Գանձասարում: Մեր գյուղի 177-ամյակը նշեցինք, հիմա եկել մեզ քշում են»:  Երբ հրետակոծությունը սկսվել է, Էլմիրան ամուսնու հետ և մի քանի հարևաններով տեղափոխվել են Ասկերանի օդանավակայան, ավելի ուշ ավտոբուսով հասել Ստեփանակերտ: Երկու օր ապրել են որդու ընտանիքի հետ, հետո երեք օր ճանապարհ կտրելով՝ հասել Գորիս:  Էլմիրա Գրիգորյանը՝ ամուսնու՝ Լևոն Գրիգորյանի հետ  Հարցնում եմ՝ բա ո՞ւր եք գնալու․ «Ես ասել եմ՝ ինձ էնպիսի տեղ ուղարկեք, որ կարողանամ աշխատել: Ես ողջ կյանքս աշխատել եմ. Գանձասարում ժընգյալավ հաց եմ թխել, հաց եմ թխել, հողամաս եմ բեջարել,- պատմում է տիկին Էլմիրան ու վերահաստատում իր իսկ ասածը,- ես աշխատող կին եմ, ես առանց գործ չեմ մնա»: Կապանի ու Գյումրիի միջև ընտրել է Գյումրին: Ասում է՝ իրենց գյուղից շատ մարդ է գնում Գյումրի, իրենք էլ գնում են, որ համագյուղացիներին մոտ լինեն: Գանձասարի տնից դուրս բերած մի քանի տոպրակների միջից, որտեղ հազիվ կարողացել է տեղավորել միայն հագուստ, դուրս է բերում գրտնակը. հույս ունի, որ Գյումրիում կկարողանա գործ գտնել, գոնե ժընգյալավ հաց կթխի: Տիկին Էլմիրան պատմում է, որ ողջ կյանքն աշխատել է, քանի որ Արցախյան առաջին պատերազմում ամուսինը վիրավորվել է և կորցրել ոտքը: Ամուսինը՝ Լևոն Գրիգորյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է, խնդիրներ ունի նաև տեսողության հետ:  Թույլտվություն եմ հարցնում ամուսնու հետ լուսանկարել․ «Լևո՛ն, արի՛, մեզ ուզում են նկարեն»: Գլուխս շրջում եմ, տեսնեմ՝ Լևոնը ձեռնափայտով, հուզմունքից թե տարիքից դողացող տղամարդն է, որին դեռ ժամեր առաջ էի նկատել, բայց սիրտ չէի անում մոտենալ: Բարևում եմ: «Բալա, Արցախը էլ չկա, Գանձասարը էլ չկա»,- ու հեկեկում է: Իսկ տիկին Էլմիրան ուժեղ կին է: Մի կերպ արցունքները խեղդելով՝ ամուսնուն գոտեպնդում է. «Պինդ կաց է՜, մի լացի, ե՛կ նկարվենք»:  Լևոն պապին հրաժեշտ տալիս առաջին անգամ խաբում եմ: Երևի ավելի շատ ինքս ինձ. «Պապի՛, լավ կլինի»: Իսկ պապին հեկեկում է. գիտի, որ լավ չի լինի:  Վիկտորյա Անդրեասյան  Լուսանկարները՝ Էնթոնի Պիզզոֆերատոյի Սեպտեմբերի 27, Գորիս
15:47 - 28 սեպտեմբերի, 2023
Տղամարդն իր երեխաների նկատմամբ սպառնալիքի ներքո է ստիպված եղել պրոադրբեջանական հայտարարություններ անել

Տղամարդն իր երեխաների նկատմամբ սպառնալիքի ներքո է ստիպված եղել պրոադրբեջանական հայտարարություններ անել

Լուսանկարը՝ azatutyun.am-ից Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ արցախցիների մի ընտանիք Հակարիի անցակետի մոտ պատասխանում է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին՝ «վատաբանելով հայերին եւ գովելով ադրբեջանցիներին»։ Ինչպես բազմիցս հայտարարվել է՝ նման տեսանյութերում երեւացող մեր հայ հայրենակիցները մեծավ մասամբ պարտադրված են նման հայտարարություններ անում, ուստի որեւէ պարագայում չպիտի թիրախավորել նրանց, վիրավորել ու ատելության խոսք հնչեցնել նրանց հասցեին։ Այժմ տարածվող տեսանյութում երեւում են ամուսիններ ու նրանց երեխաները։ Նրանք Հակարիի կամուրջը կարողացել են անցնել միայն այն պատճառով, որ հայրն իր երեխաների նկատմամբ ադրբեջանցիների սպառնալիքի ներքո համաձայնել է ասել այն տեքստը, որն իրեն հրամցրել են ադրբեջանցիները։ Բանն այն է, որ տղամարդը Մ․ Զ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ Արցախի պաշտպանության համար մղվող նաեւ վերջին մարտերին, եւ այնպես է ստացվել, որ ադրբեջանցիների ձեռքի տակ հայտնվել է Մ․ Զ․-ի մասնակցությամբ մի տեսանյութ, որը փաստում է պատերազմին նրա մասնակցությունը։ Այդ տեսանյութը եւ ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութը դարձյալ չենք տարածում՝ անձանց երկկողմանի չթիրախավորելու համար։  Երբ մեր բոլոր հայերնակիցները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն եւ նրանց անվտանգությունը երաշխավորված կլինի, այս թեմային կանդրադառնանք ավելի մանրամասն։
14:38 - 28 սեպտեմբերի, 2023
Վերապրելով տեղահանությունը

Վերապրելով տեղահանությունը

Այսօր սեպտեմբերի 27-ն է 2023 թվականի։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց, այսինքն՝ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմից մեկ տարի ու մի քանի օր անց, Արցախի վրա Ադրբեջանի նոր հարձակումից՝ օրեր անց։ Արցախահայության տեղահանություն՝ հիմա։ Հիմա, երբ ես գրում եմ սա, իմ առաջ նստած է արցախցի մի տղամարդ՝ գրկին՝ մի երեխան, կողքին՝ մյուս։ Նա անընդհատ համբուրում է իր շեկլիկ տղայի գլուխը, նա երեւի մտածում է՝ հիմա ո՞ւր գնալ։  Այսօր, որ հաշվվում է իբրեւ 2023 թվականի սեպտեմբերի 27, կամ որ նույնն է՝ 21-րդ դարի հերթական աշուն, որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չի կարող հասկանալ արդեն րոպեներ շարունակ անթարթ հայացքով իմ հետեւի պատին նայող կնոջը, որ չի հասցրել անգամ սանրել մազերը, նրա դստերը, որ ափով փակել է դեմքը ու չի շարժվում, եւ նրանց տարեց պապիկին, որ տոտիկ-տոտիկ հազիվ հասնում է աթոռին ու փլվում վրան։ Արցախի վրա հարձակումից հետո մեր հայրենակիցները ստիպված թողնում են իրենց տները։ Արդեն երկու օր է՝ նրանք հազարներով գալիս են Գորիս, երեկվանից արդեն՝ նաեւ Վայք․ այս քաղաքներում են տեղակայված նրանց ընդունման կետերը։ Երեւանից Վայք ճանապարհին երկու ուղղություններով էլ պատահում են մեքենաներ, որոնց վրա մանր ու մեծ բեռներ են կապված, մեկի վրա՝ անկողին, մեկի վրա պայուսակներ՝ հավանաբար հագուստով լցված։ Դեպի Երեւան ճանապարհին փչացել է Մարտակերտցի Նելսոնի մեքենան։ Նա մեր օգնության առաջարկից ազդվում է, մի քանի անգամ շնորհակալություն հայտնում, բայց վստահեցնում է, որ շուտով վարպետ է մոտենալու՝ մեր ճանապարհը հանգիստ գնանք։ Նելսոնն ընտանիքին մի քանի օր առաջ է հանել, հիմա գնում է նրանց մոտ։ Նելսոնի մեքենան Վայքի մշակույթի տունը հիմա մշակույթի հետ աղերս ունի այնքանով, որ ընդունում է իրենց մշակութային (ու ոչ միայն) ինքնությունը պահելու համար տասնամյակներով կռիվ տված արցախահայերին, որոնք այսօր անորոշության, ցավի, տառապանքի, հուսալքության, անզորության, անմխիթարության, ու էլ հոմանիշներ չեմ գտնում, թե ինչ վիճակում հարյուրներով գալիս են այստեղ՝ մի տանիք գտնելու հույսով։  Վայքի մշակույթի տանը հաշվառում են տեղահանված արցախցիներին, առաջնային կարիքների գնահատում անում, տրամադրում հասցեներ։ Ով չունի անձնական փոխադրամիջոց, համայնքապետարանն ու մարզպետարանը փորձում են տրամադրել։  Միջանցքի մի անկյունում դրված հնամաշ նստարանին նստած է մի տարեց կին, որն անհանգիստ սեղմում է ձեռքերը։ Մոտենում, ձեռքերը բռնում եմ, հարցնում՝ որտեղի՞ց է եկել, ասում է՝ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից։ Մալինա տատիկն է․ նա երկրորդ նախադասությունից հետո միանգամից ասում է՝ ոչ մեկին չի ցանկանա այնքան դժվար կյանք, որքան իրենն է․ ողբերգական մահով կորցրել է ամուսնուն, որդին կաթվածից է մահացել, հիմա էլ լքում է տունը, երեւի էլ հետ չգնա։ Թեպետ արցունքների արանքից մի կերպ ժպտալով ասում է՝ բայց դե բանալիները պահել ենք․․․ Մալինա տատը «Ողբերգություններ տարա ես․․․ Շատ վատ տարա, բայց պայքարեցի, որպեսզի շարունակեմ ապրել, քանի որ թոռներ ունեի․․․ Տեսանք ձայները լսվեցին [վերջին հարձակման ժամանակ պայթյունների ձայները], ասեցինք՝ վայ, նորից ա պատերազմ սկսվում, նորից են էս թուրքերը հարձակվում, եւ ճիշտ դառավ։ Նույնիսկ վախը չէր թողնում պադվալներում մնալ։ Մարտակերտից դուրս եկանք, ասացին՝ Հորաթաղը՝ քոչած, Մեծ Շենը՝ քոչած, մենք էլ պիտի դուրս գայինք։ Քիչ-միչ բան վերցրինք, հնարավոր չէր շատ բան վերցնել, էդ տենց եկանք-հասանք։ Ահավոր մեծ դժվարություններով եկանք, պրոպկաները էնքան շատ էր, անձրեւ էր գալիս, ռուսները չեն օգնում, խնդրում էինք, բան էինք անում․․․ Շատ դժվարությամբ վերջապես հասանք, հասանք, ասեցին՝ էդ գրանցումների տոչկան ստեղ ա։ Էս ա երկու օր ա ստեղ ենք»,- ասում է Մալինա տատը։ Նրա թոռներն էլ երեւի այսօր կգան Ստեփանակերտից․ «Բայց էս շրջափակումը մեզ կոտորեց, մեզ հիվանդացրեց, երեխաներին հիվանդություն պատճառեց, ուտելու ոչ մի բան չկար, էն փոքրերը մի կոնֆետի համար․․․ Թեկուզ մեծն էլ ա ուզում մի կոնֆետով մի բաժակ թեյ խմի։ Թուրքը հաղթեց․․․ Հետ վերադառնալ արդեն չկա, թուրքն ընդեղ ա»,- ասում է Մալինա տատիկը։ Նրան կացարան են առաջարկել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Վաֆլիների տուփերը ձեռքներին նստարանին նստած՝ իրենց հարազատին են սպասում ութամյա Տիգրանն ու տասամյա Արմանը։ Երբ սկսում ենք զրուցել, մոտենում է Արմանի հայրը (որը Տիգրանի հորեղբայրն է) ու ասում՝ բլոկադայի ընթացքում երեխեքը քաղցր ընդհանրապես չեն կերել, ու հենց դուրս են եկել, առաջին բանը, որ գնել են, քաղցրավենիքն է եղել։ Իսկ հիմա տղաներն իրենք են բաժանում մյուսներին, ու երբ ինքս կոնֆետ եմ հյուրասիրում նրանց, միաձայն ասում են՝ պահի՝ ուրիշին կտաս։ Եղբայրները վստահեցնում են՝ պատերազմից չեն վախեցել, համ էլ երբ սկսվել է, մտել են ապաստարաններ, բայց մեկ է՝ չեն վախեցել։ Միայն թե արդեն կարոտում են իրենց տունը։ Տիգրանն ամենաշատը տատիկ-պապիկի համար է տխրում, բայց, ասում է, իրենք էլ են գալու, հիմա Ստեփանակերտում են։ Տիգրանն ուզում է նկարիչ դառնալ, Արմանը՝ աստղագետ։ Նրա հայրն ասում է՝ ամեն ինչ պիտի անի, որ երեխեքը լավ կրթություն ստանան։ Տիգրանն ու Արմանը Երբ հարձակումն սկսել է, Արմանը դպրոցում է եղել, ծնողները եկել-գտել են իրեն, երեք գիշեր միասին ապաստարանում են եղել։ Տիգրանն էլ պատմում է, որ տան մոտ արկ է ընկել, բոլոր պատուհանները ջարդվել են․ «Մի քանի մեքենաների ապակիներ էլ ջարդվել են․․․ Վերջը։ Հետո ադրբեջանցիները սկսեցին կրակել նորից, հետո վազեցինք նորից դպրոցի ապաստարանը։ Եւ վերջ»։ Եւ վերջ, եւ վերջ, եւ վերջ․․․ զնգում է օդի մեջ։ Երկու օր առաջ Ստեփանակերտից դուրս են եկել Իրինան եւ Նունեն։ Քույրերը միայն երեկ երեկոյան են հասել Գորիս, հետո եկել Վայք․ այդքան ժամանակ ճանապարհներին են եղել։ Ճանապարհ, որ մի ժամանակ մի քանի ժամում էր հնարավոր անցնել․ «Երեսունյոթ ժամ, լի։ Էրեխեքը միջին, մի կտոր հաց էինք վերցրել, ասինք՝ հեսա կհասնինք, բայց դե․․․,- պատմում է Նունեն,- ինչքան կարացալընք, իրար օգնել ենք, մեկն առանց դեղորայքի, էրեխեքը՝ սոված։ Բայց ապրեն լի, ապրեն, Հայաստանը նենց ընդունեց, լացս եկավ։ Տղերքը կանգնած ճանապարհին՝ հաց էին բաժանում, ջուր էին բաժանում, ես չգիտեմ․․․։ Տասը մետր գնում էինք գիշերը, երկու ժամ կանգնում։ Շատ վատ էին թողնում սկզբից թուրքերը, մարդկանց ուշքները գնում էր, բայց հետո, որ շատացան [մարդիկ]․․․»։  Նունեն Երբ ադրբեջանցիները հարձակվել են, Նունեն աշխատավայրում՝ փոստում է եղել, ասում է՝ լավ է հասցրեց երեխային վերցնել մանկապարտեզից։ Միանգամից մտել են ապաստարան, մի ողջ գիշեր դուրս չեն եկել։ Քուրը՝ Իրինան, ասում է՝ արդեն սպասում էին, որ մտել են Ստեփանակերտ․ «Տենց էլ եղել ա․․․ Արդեն մենք սպասում էինք, որ հեսա կգան․․․։ Պադվալի մեջ, իմ երեխաս 15տ․ աղջիկ ա, ես արդեն սպասում էի, որ․․․»,- ու չի կարողանում խոսքն ավարտել, որովհետեւ արցունքները խեղդում են։  Քույրերը, վախը սրտներում, կարողացել են ընտանիքների հետ դուրս գալ․ նրանց ամուսինները կռվի բովով անցած մարդիկ են․․․ Բայց ստիպված են եղել «կորցնել» մեդալներն ու վկայագրերը, որ թշնամին նրանց հանկարծ չառեւանգի․ «Էդքան հավատը, էդքան հույսը, էդ ամենը տակը մտավ․․․ բան չմնաց․․․։ Հլա չենք հասկանում՝ ինչ ա կատարվում։ Ես չգիտեմ՝ էս ինչ ճակատագիր ա»։ Ահավոր է Ծովիկի տառապանքը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն ու որդուն։ Ու հիմա, ամեն ինչ, ամեն ինչ կորցրած՝ նա Ստեփնակերտից Գեղարքունիքի Մարտունի է գնացել, Մարտունուց՝ Գորիս, Գորիսից՝ Վայք, որ գտնի այն տեղը, ուր պիտի շարունակի ապրել։ Ծովիկի աղջիկը հղի է։ Հարձակումն սկսելուն պես նրանք մտել են ապաստարան, երբ կրակը դադարել է, գնացել են Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ռուսներն իրենց ասել են՝ մի ապահով տեղ գտեք, մնացեք․ «Ես ասում եմ՝ ո՞րտեղ մտնեմ, նկուղ կա՞, որ մտնեմ, Կրկժանի տակ եմ մնում, գյուլլեքը գալիս-գնում են մեր գլխի վերեւով, ասում ա՝ մենք ի՞նչ անենք, մենք չենք կարող ձեզ ապահովել։ Եկանք, էդ օրը մնացինք ավտոյի մեջ, հետո աղջիկս վատ էր զգում, տարանք հիվանդանոց, ասացին, որ կարող է՝ ծննդաբերի, տեսանք՝ չէ, էդ օրն էլ մնացինք ավտոյի մեջ, հետո եկանք տուն, երկու օր մնացինք, հետո դուրս եկանք»,- պատմում է Ծովիկը։ Լավ է՝ գոնե ճանապարհին երկար չեն մնացել։ Մարտակերտցի Զարվարդ Առուստամյանի ամուսինն էլ արցախյան առաջին պատերազմում է զոհվել, փեսայի եղբայրը՝ այս հարձակման ժամանակ։ Նրա մարմինը չեն գտել, որ հուղարկավորեն։ Տիկին Զարվարդն էլ, հենց վերջապես հրադադար է հաստատվել օրեր առաջ, ընտանիքի հետ դուրս է եկել Արցախից։ Ողբերգության չար ստվերը նրանց ճանապարհին էլ չի լքել․ Զարվարդի քրոջ որդին Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունի վայրում է եղել, հիմա վիրավոր՝ հիվանդանոցում է։ Զարվարդն ընտանիքի հետ ապաստարանում սպասել է, ասում է՝ սոված, ծարավ․ «Ոչ մի բան չկար, անընդհատ բոմբ էին գցում, հետո [հրադադարից հետո] եկան, կազմակերպեցին, կամազներով-բանով մեզ հանեցին։ Շատ ահավոր վիճակ ա»։ Տիկին Զարվարդը Շատ ահավոր վիճակ է։ Մարդիկ շարժվում են քաոտիկ, ներս ու դուրս են անում՝ անորոշ հայացնքերով ինչ-որ բան փնտրելով։ Երեւի ինչ-որ հայրենիք։  Հայարփի Բաղդասարյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, Ռոման Աբովյանի
20:24 - 27 սեպտեմբերի, 2023
Գորիսի հավաքակայան. չեղած կյանքի եւ եղած-չեղած իրականության մեջտեղում

Գորիսի հավաքակայան. չեղած կյանքի եւ եղած-չեղած իրականության մեջտեղում

Շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների անընդմեջ ազդանշանները, որ խախտում են գիշերվա առանց այդ էլ խախուտ ժամերը, մի բան են շշնջում ականջիս՝ աղետը ժամ–պատարագ չունի, աղետը սկիզբ ու վերջ չունի։ Լուսերես Գորիսի համար այստեսակ մտքերը գուցե շատ են մթին, բայց այդ անվերջության մեջ մենք բոլորս՝ մեծից փոքր, քաղաքից քաղաք, այլ տարբերակ չունենք․ կյանքը, որով ապրում էինք, էլ չկա։ Չեղած կյանքի եւ եղած–չեղած իրականության միջով  շտապում ենք դարձյալ հավաքակայան․ այստեղ արդեն օրեր շարունակ չի դադարում բռնի տեղահանված արցախցիների հոսքը․ դեպի ո՞ւր են գալիս, ի՞նչ հասցեով եւ ինչպե՞ս շարունակվելու՝ չգիտեն իրենք էլ։ –Բա ձեզ մոտ ի՞նչ են ասում, ո՞նց են տրամադրված մեր գալուն,– հարցնում է ինձ տուն–տեղ, հայրենիք ու զարմիկ կորցրած մի արցախցի։ –Իմացեք՝ ձեր տուն եք եկել, ուրիշ ի՞նչ կարող են ասել,– պատասխանում եմ ու կոտրվում։ *** Գորիսի հավաքակայանը, որ ընդամենը օրեր առաջ մշակույթի տուն էր՝ իր մշակութային անհոգությամբ ու օրակարգով, այսօր արդեն ուրիշ անուն, ուրիշ տեսք ունի։ Արգելապատնեշները, որ երեկ լրագրողների առաջ էին, այսօր մի քանի ժամով բացվեցին (ի դեպ, դա լավագույն տարբերակն է՝ փոխադարձաբար իրար աշխատանքի չխանգարելու), եւ շենքից ներս մշուշը մի քիչ պարզվեց։  Ընդարձակ սրահի ամեն մի անկյուն առանձնացված էր կոնկրետ նպատակի համար․ սկզբում գրանցատեղին է՝ համակարգիչներով ու փաստաթղթերով լի, ապա երեխաների սեղաններն են՝ աշխարհի ամենագունավոր նկարներով ու երազներով, դրան մոտ՝ բժշկական կետն է՝ բուժքույրերով ու դեղամիջոցներով, կողքին՝ սննդի ու ջրի կետը։ Քիչ հեռվում նաեւ հագուստներ կան՝ մեծ ու փոքր, հաստ ու բարակ։ Եվ այս ամբողջի մեջ ամենուր՝ Հայկական կարմիր խաչի անխոնջ կամավորներ, «քարսիրտ լրագրողներ» եւ անթիվ–անհամար մոլորյալ աչքեր․․․ Եվ աղմուկ, աղմուկ, աղմուկ․․․ Բայց առաջին հայացքից լաբիրինթ թվացող այս գործընթացն անվերջ չէ․ հաշվառվելուց հետո մարդիկ դուրս են գալիս բակ՝ իրենց ավտոբուսին կամ հարազատին սպասելու։ Ես էլ փորձում եմ սպասումը լցնել։ *** Քրիստինե Սարգսյանը Ասկերանի Իվանյան ավանից է, ամուսնու եւ անչափահաս երեք երեխաների հետ Գորիս է հասել 19 ժամում։ Քրիստինեն բժիշկ է, մինչեւ վերջին օրն աշխատել է Ստեփանակերտի հոսպիտալում։ Այնտեղ էր նաեւ սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց Ադրբեջանի վերջին հարձակումը․ «Երեք էրեխեքին էլ ուղարկել էի դպրոց, սովորական առօրյա էր, ու հետո հանկարծակի սկսեց պայթյունը, պայթյուն չէր է, везде… Իվանյանի учебка–ներում պայթյունները հաճախ են լինում, մեզ համար դրա ձայնը սովորական էր, բայց սա ամեն տեղից էր․․․ Մեզ էվակուացրել են նկուղում, հետո էրեխոց հետ մի կերպ կապ ենք հաստատել, իրենց են իջեցրել դպրոցի նկուղ, պահել են, մինչեւ ծնողները գնացել, վերցրել են, ես էլ, քանի որ հիվանդանոցում էի, չկարողացա վերցնել, սաղ գնացել են, մնացել են մեր էրեխեքը, հետո եղբայրս է ոտքով այդ պայթյուների, այդ կրակոցների տակ բերել, հասցրել նկուղ»,– պատմում է Քրիստինեն ու բացատրում՝ մեքենա ունեին, բայց բենզին չկար։ Մի քիչ հոգնած, մի քիչ անորոշ՝ Քրիստինեն մի բան է ուզում ասել միայն․ «Մեկ–մեկ զրույցներ են գնում, որ կարողա չգնանք, մնանք, ինտեգրվենք, թուրքի հետ ապրենք, բայց էդ даже представить невозможно. դեռ 90-ական թվականներին թուրքը ո՞նց է վարվել, ի՞նչ է արել արել, հիմա՝ էսքանից հետո, 2020 թ․–ից, 2023 թ․–ից հետո․․․ C ними невозможно жить… Բայց միաժամանակ մենք ցանկություն չենք ունեցել, որ հայրենիք լքենք, տուն կորցնենք, որովհետեւ եթե հայրենիք կորցնող լինեինք, տուն թողնող լինեինք, այսքան դժվարության միջով էլ չէինք անցնի, ոչ սով, ոչ բլոկադա, ոչ այդ պատերազմները»։ Մեր զրույցը, ցավոք, կիսատ է մնում․ ընտանիքը շտապում է դեպի Տավուշ գնացող ավտոբուսի հետեւից, Դիլիջանում հյուրատանը պիտի մնան։ –Դե, դու էլ պատմիր՝ ինչ էիր նկարել մշակույթի տանը, ու գնանք,– դիմելով աղջկան՝ ասում է Քրիստինեն։ Աղջիկն էլ՝ 11-ամյա Եվան, իր խոշոր–խոշոր աչքերը պարզելով ինձ, ժպտադեմ պատմում է․ –Մեր երկրի՝ Արցախի քարտեզն եմ նկարել, էդտեղ մի պուճուր մաս ա մնացել, շուրջը բոլորը թուրքեր են։ –Հիմա էդ մի փոքր մասն էլ չի մնացել,– հառաչում է Քրիստինեն։ Եվ այս տխուր նոտայի վրա էլ բաժանվում ենք։ *** Անօթեւան մնացած շատ արցախցիներ էլ ապաստանում են հենց Գորիսում։ Ամեն տուն ու հյուրատուն, ամեն հյուրանոց բաց է նրանց առաջ։ Հյուրանոցներից մեկում ծանոթանում եմ Ստելա Լազարյանի հետ՝ Մարտակերտի շրջանի Հորաթաղ գյուղից։ Օրերս բռնի տեղահանվել է նրա 13-հոգանոց ընտանիքը․ «Ես ու իմ ամուսինը՝ էրեխեքով, տեգրոջս կինը՝ 7 էրեխով, հարսի մայրը, սկեսուրս, 13 շունչ այստեղ ենք, իմ քույրն ու եղբայրը ճամփեքին են, խաբարություն չունեմ, մայրս էլի Գորիսում է, բայց էլի տեղեկություն չունեմ»։ Ստելայի պատմելով՝ հարձակման պահին սրտները դող ընկած միայն երեխաների մասին են մտածել․ «Ասում էինք՝ մի բան անենք, էրեխեքին հանենք, մենք՝ ջհանդամ, կարեւորը էրեխեքն էին, գիշերվա կեսին, սրտները ախ գցած, դուրս ենք հանել, գնացել ենք Ասկերանի օդանավակայան, էնտեղից էլ տեղափոխվել ենք այստեղ, էլ ուրիշ տեղ չունեմ գնալու, այստեղ եմ մնում, թե որտեղ կտանեն հետո, ինչ կանեն, չգիտեմ»,– ասում է նա՝ հավելելով, որ ինչի կարիք ունեցել է, տվել են, եւ ինքը դրա համար շնորհակալ է։ Ադրբեջանական անցակետում, նրա խոսքով, առանց լուրջ միջքադեպերի է անցել․ «Անցակետում որ մտել են ավտոբուսը, դողդողալով մնացել ենք, սուս արած, էնքան որ մտնեն, ստուգեն, մեր տղաներին էլ հանել են դուրսը, ոտքով քայլացրել, էնքան որ վնաս չլինի, ոչ զենք, ոչ մի բան, մի քիչ գնացել են ու էլի նստել ավտոն»։ Այժմ ընտանիքը Գորիսում փորձում է երեխաների օրը զբոսանքներով ու խաղերով լցնել․ «էնքան որ Աստծուն փառք եմ տալիս, որ առոք–փառոք եկել եմ, տեղ հասել, կարեւորը էրեխեքն են, որ էրեխեքին դուրս ենք հանել, Աստծուց գոհ եմ, փրկվել ենք թուրքի ձեռից»։ Հարցնում եմ՝ իսկ դուք ինչպե՞ս եք, տխուր ժպիտով ասում է՝ վատ․ «Իմանում եմ, թե էլի կգան, դուրս կհանեն էստեղից, անընդհատ կասկածի մեջ քնում եմ, իրիկունը քնելիս ասում եմ՝ վայ, թուրքերը եկան, վախից դող ընկած՝ քնում ենք, թե վերջներս ինչ կլինի, չգիտեմ, կուզեինք որ մեր հայրենիքում մնայինք, բայց որ տենց ա, ի՞նչ անենք»: Անկեղծ ասած՝ ես էլ չգիտեմ։ Բայց Ստելան անգամ այս իրավիճակում է փորձում չհուսահատվել․ «Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,–ասում է նա ու մի բան երազում միայն․ «Թող հայ ժողովուրդը մեր նման դժբախտ չապրի»։   Միլենա Խաչիկյանք․ Գորիս, 26․09․2023 Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝ WhatsApp-ում և Telegram-ում:
13:08 - 27 սեպտեմբերի, 2023
Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Վայոց ձորից երթևեկությունը ծանրանում է, մերթընդմերթ երևացող շտապօգնության մեքենաները և բեռներով բարձված մարդատարները մատնում են, որ մոտենում ենք Գորիսին:  Անձրևից մնացած ջրափոսերի մեջ չփչփացնելով՝ մոտենում ենք շենքին, որը դեռ մեկ շաբաթ առաջ Դրամատիկական թատրոն էր: Շենքի դիմաց մեծ կապույտ ավտոբուս է: Պատուհանից երևացող մարդանց դեմքերից տանջանքն ու հոգնածությունը ծորում են: Մտքիս մեջ ուրախանում եմ, որ դիմացս ուղեփակոց է և հնարավորություն չունեմ մարդկանց մոտիկից տեսնելու… Մոտ 4 տարեկան մի երեխա, հացի կտորը ծամելով, դուրս է գալիս շենքից և քիչ է մնում բախվի սնունդ տեղափոխող արագ-արագ ներսուդուրս անող կամավորներին։ «Տաքսին ստեղ ա, բոլորդ կա՞ք»,- ութհոգանոց ընտանիքին ճանապարհում է Կարմիր խաչի աշխատակիցը. երեխաների հետ կատակներ է անում, մեքենան նստելիս հարազատի նման հրաժեշտ տալիս… «Հետ գնացեք, էս ավտոն դուրս գա»,- բղավում է ոստիկանը և ձեռքի շարժումով խնդրում մարդկանց ճանապարհ բացել… Կարմիր վերարկուով մոտ երկու տարեկան մի երեխա մոլորված շուրջն է նայում. «Մենակ ա՞»,- իրար երեսի են նայում մարդիկ: Մինչ փորձում ենք կողմնորոշվել, մայրը՝ գրկին ևս մեկ մանկահասակ երեխա, բռնում է փոքրիկի ձեռքը և միասին անցնում են ուղեփակոցից այն կողմ։ Մի ծեր կին սայթաքում է և մինչև կոճերը հայտնվում ջրափոսում. տեսնես փոխնորդ կոշիկ ունի՞: Հողաթափերով էր:  Մինչ մայթեզրին կանգնած՝ փորձում եմ մարսել առաջին տպավորությունս, սպիտակ «Ֆորդի» դիմաց կանգնած կարմիր հուդիով 5-6 տարեկան աղջիկը գրավում է ուշադրությունս: Գոհարի ընտանիքը Մարտակերտի Հաթերք գյուղից է: «Ամսի 20-ին բարեկամներով՝ 25 հոգով, լցվեցինք ավտոյի մեջ ու գնացինք օդանավակայան, հինգ օր մնացինք էնտեղ, հետո էլ բերեցին (խաղաղապահները-խմբ.) Հակարին անցկացրին»,- պատմում է Գոհարի մայրը՝ տիկին Ռուզաննան: Ասում է՝ իրենք անասուններ ունեին, հասցրին մորթել ու հետները վերցնել, ինչով էլ ապրել են մինչև Կոռնիձոր հասնելը: Հարցիս՝ ինչպես դիմավորեցին օդանավակայանում, զարմանում է՝ «Ո՞վ, ռու՞սը: Բաց դաշտ ա, ավտոյով գնացել ենք կանգնել, ավտոյի մեջ քնել, մենք մեզանով ապրել»: Ասում է՝ գյուղում զոհեր են ունեցել՝ հինգ զինվոր: «Մինչև հիմա մի էրեխա ունենք, որ չեն կարողացել հանեն, բերեն, 19 տարեկան:  Չորս քույր են, մի ախպեր: Ավտոներով արդեն դուրս էինք գալիս գյուղից, էդ կինը (զոհվածի մայրը-խմբ.) հետ էր նայում, տենա էրեխեն գալիս ա, թե չէ. չի հավատում որ էրեխեն չկա: Մինչև հիմա սպասում ա, որ գալու ա»,- աչքերը լցրած՝ պատմում է տիկին Ռուզաննան: Նրա ընտանիքում ևս զոհ կա՝ ամուսնու զարմիկը՝ 19 տարեկան զինվոր: Ասում է՝ փորձում են Կարմիր խաչի օգնությամբ մարմինը տեղափոխել Հայաստան: Իրենք էլ սպասում են ընտանիքի այլ անդամներ էլ միանան, որ ճանապարհվեն Երևան: Իսկ հետո՞: «Հետո կգնամ Պյատիգորսկ, աղջիկս էնտեղ ա: Հետո քիչ-քիչ Հայաստանն էլ կհայաթափվի, ոնց որ Արցախը հայաթափվեց»:  Տիկին Ռուզաննան՝ Գոհարի հետ Պատի տակ միայնակ կանգնած աղջնակին հարցնում եմ՝ ու՞մ հետ ես: Բաբոյի: Մինչ փորձում եմ հասկանալ՝ ով է Նարեի տատիկը, տեսնեմ՝ աջ կողմում մի կին փորձում է «կարգի բերել» թափառական շան հետևից վազվզող չարաճճիներին՝ Արենին ու Ալենին. մեկի ձեռքից բռնում, փողոցից հեռացնում է, մինչև մոտեցնում է մայթին, մյուսն է փախչում: Տիկին Գոհարի ընտանիքը երկրորդ անգամ է տունը կորցնում: 2020թ. Շուշիից փախել են Ստեփանակերտ, հիմա՝ Գորիս, հետո… «երևի Ռուսաստան, էնտեղ բարեկամներ ունենք»: Արենը, Ալենը ու Նարեն «Գորիս» հյուրանոցի բակում տղամարդիկ մտահոգ ծխում են: Իրար հետ չեն խոսում, անծանոթների հետ չեն հաղորդակցվում: Հյուրանոցի միջանցքը մարդաշատ է, բազմոցի վրա թռվռացող մի երեխա տասը մատով թաթախված՝ շոկոլադ է վայելում, որի համը երևի արդեն մոռացել էր: Մի տղամարդ հերթով տոպրակից հանում է մրգերը, քաղցրավենիքը, հյութերը և բաժանում իրար հերթ չտվող փոքրիկներին ու նրանց ծնողներին: Կարճ գանգուրներով մի աղջնակ հազիվ է ձեռքերի մեջ պահում ստացած օգնության փաթեթները: «Տոպրակ կտա՞ս»,- ժպտալով դիմում է ինձ: «Ես Լարիսան եմ,- ներկայանում է ինքը, հետո ծանոթացնում եղբոր հետ.- ինքն էլ Արծիվն ա (Արտյոմ-խմբ.)»:  Լարիսայի ընտանիքը Եղցահողից է գաղթել, թեև ինքը՝ Լարիսան, հպարտորեն նշում է, որ ինքը շուշեցի է: «Շուշիի ծննդատանն է ծնվել»,- ուղղում է մայրը: Տիկին Սուսանի ընտանիքի հայրենի Եղցահողն ամբողջությամբ դատարկվել է: «Ամսի 20-ին, գիշերվա ժամը մեկին էրեխեքին հանեցինք, բերեցինք ռուսի պոստը: Մեր գյուղը լրիվ հանել են, կողքի գյուղերն էլ՝ Հին Շենը ու Մեծ Շենը: Ոչ մի բան չենք վերցրել՝ ոչ շոր, ոչ մի բան: Գյուղապետն ավտո տրամադրեց, գյուղից հանեց: Մենք դուրս ենք էկել, թուրքերը մեր հետևից մտել են գյուղը»,- պատմում է նա: Ռուսական անցակետում, ըստ տիկին Սուսանի, երեք գյուղերի բնակիչներին տեղավորել են և սնունդ տրամադրել, հետո ուղեկցել մինչև Կոռնիձոր: Անցակետում զննում չեն անցել, մեքենաներից չեն իջեցրել, ստուգել են միայն անձնագրերը:  Տիկին Սուսանը՝ Լարիսայի և Արտյոմի հետ Տիկին Սուսանի ընտանիքը ո՛չ Գորիսում, ո՛չ Երևանում բարեկամներ ու հարազատներ չունի: Ասում է՝ քաղաքում չի կարող ապրել: Ո՞րն է հաջորդ կայարանը՝ չգիտի, բայց Ռուսաստան չի գնա. «Ես գյուղ տեղ եմ ուզում, որ մի աշխատանք գտնեմ, էրեխեքիս պահեմ»: Կողքից մի տղամարդ հարցնում է. «Մեղրիում չե՞ք ուզի ապրել, հրավիրում եմ»: «Մեղրի՞, մոտիկ չի՞ թուրքին: Մոտիկ ա: Բա որ գնամ էնտեղ, մի հատ էլ էնտեղ հարձակվեն»:  Հյուրանոցի միջանցքը դատարկվում է: Ստեփանակերտի գազալցակայանի հրդեհից արդեն հրապարակված կադրեր կան: Բազմոցի վրա մի կին աղիողորմ ճչում է և արդեն որերորդ անգամ կրկնում. «Մամա, զանգում եմ չի պատասխանում, զանգ տուր Վարդանին»:  Հյուրանոցից լուռ դուրս եմ գալիս: Դրսում ժամանակը կանգ է առել։ Տղամարդիկ հուսահատ ծխում են՝ կարծես նույն դիրքով, ինչ մեկ ժամ առաջ էին: Իսկ ականջներիս մեջ դեռ զնգում է. «Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին»:    Հեղինակ՝ Վիկտորյա Անդրեասյան Լուսանկարները՝ Էնթոնի Պիզզոֆերատոյի
12:58 - 26 սեպտեմբերի, 2023
Չլուսացած օրեր ու անորոշ սպասում․ արցախցիները՝ Գորիսի հավաքակայանում

Չլուսացած օրեր ու անորոշ սպասում․ արցախցիները՝ Գորիսի հավաքակայանում

Երեւանից Գորիս ձգվող ճանապարհը արտասովոր լուռ է, հատկապես՝ մեզ՝ լրագրողներիս համար, որ միշտ գիտեն՝ ինչ թեմայով «աղմկել»։ Հիմա այդ աղմուկը միայն մի անուն ունի՝ արցախցի, ու մի հասցե՝ Արցախ, բայց արդեն բառերը չունեն իմաստ, արդեն բառերը չեն հերիքում։ Հասկանալի լռությունը խախտում են պաշտոնական աղբյուրներից մերթընդմերթ եկող անհասկանալի լուրերը, ու մեկ էլ Սարգիսի՝ մեր օպերատորի շարականները՝ ամեն հաջորդ լուրին ավելի սիրտմաշող․ – Տե՛ր, ողորմեա՜, տե՛ր, ողորմեա՜․․․– երգում է նա մի բան, որ Գորիսում դեռ շատ պիտի կրկնեինք։ Իսկ Գորիսում հավաքակայանն է, ուր գալիս են իրենց բնօրրանից Հայաստան տեղահանված եւ Կոռնիձորում հաշվառված արցախցիները։ Գալիս են անվերջ, անընդմեջ, գալիս են հանկարծակի սկսված ձյան պես, որի փաթիլները իջնում են արագորեն, նստում հողին ու բարձրանում հազիվհազ։ Հիմա այդ փաթիլներն իջնում են մեր սրտերին, իջնում են ու քար դառնում, իջնում են ու ծանրանում ընդմիշտ։ Գորիսի հավաքակայանում ասեղ գցելու տեղ չկա, անկեղծ ասած՝ արցունք գցելու տեղ էլ։ Քարսիրտ դարձած՝ աշխատում ենք, լուսանկարում տասնամյակների կյանքը մի ճամպրուկում իբր տեղավորած, եղած–չեղածը փաթեթավորած, մեքենաներին փաթաթած մարդկանց, որ շտապում են մեկ այս, մեկ այն կողմ, մեկ բարձրանում են ավտոբուս, մեկ էլ լսում կազմակերպիչներից մեկի անորոշ ձայնը․ – Գեղարքունիք գնացողնե՛ր, հե՛տ իջեք, մեկ այլ ավտոբուսով եք գնալու։ –Վայք ո՞վ էր գնում, նստե՛ք։ Եվ իջնում են մարդիկ, եւ նստում են մարդիկ, եւ տանում են ավտոբուսները նրանց նոր հասցեներ։ Եվ իջնում են մարդիկ, եւ սպասում են մարդիկ, եւ ո՞վ գիտե՝ ինչպե՞ս չեն խելագարվում մարդիկ․․․ *** Անորոշ սպասման մեջ նկատում եմ մենակ կանգնած մի աղջկա։ Մոտենում եմ, հարցնում՝ Արցախի՞ց եք։ Հաստատակամ ասում է՝ այո։ Հարցնում եմ՝ կհամաձայնե՞ք մի քանի բառ խոսել։ Պատասխանում է՝ առանց տեսախցիկների պայմանով։ 22-ամյա Ամալյա Առուշանյանն է՝ լեզվաբան Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Ներողություն եմ խնդրում ցավոտ հարցերի համար, խնդրում հիշել սեպտեմբերի 19-ը՝ Ադրբեջանի վերջին հարձակման օրը։ –Կուզե՞ք մաքսիմալ անկեղծ ասեմ․ որպես արցախցի՝ հիմա իմ համար ընդհանրապես դժվար չէ էդ ամեն ինչը վերհիշելը, որովհետեւ արդեն սովորական է դարձել,– ասում է Ամալյան, ու գետերը հոսում են աչքերից,– Չէ, խաբեցի, դժվար է։ Հարձակման ժամանակ Ամալյան իր աշխատավայրում՝ դպրոցում է եղել, աշակերտներն են լուր բերել, թե թշնամին հարձակվել է կողքի գյուղերի վրա, բայց Ամալյան չի հավատացել, մտածել է՝ հերթական մի բան է, որ կանցնի, կգնա։ Հետո, երբ ձայներն արդեն իրենց են հասել, չի մնացել այլ բան, քան դպրոցի ապաստարան իջնելը․  «Հետո մեր հարազատները եկան, մեզ տուն տարան, ով ում կարողացավ, տարավ․․․  Հետո սկսվեց ցերեկային ժամը, երբ էլի կային կրակոցներ․ իմ փոքրիկ քույրիկը շատ վատ վիճակում էր, առողջական խնդիրներ ունեցավ․․․ Հետո եկավ գիշերը, գիշերվա ժամանակ երկինքը ընդհանրապես սեւ չէր, կարմիր էր, ինչի՞, որովհետեւ իրենք շատ պրոֆեսիոնալ ձեւով էին կազմակերպել էս ամեն ինչը, չորս կողմից լայնամասշտաբ գալիս էին, իսկ մեր բանակը գտնվում էր շատ վատ, ոչ կազմակերպված վիճակում․․․ Հետո մի անգամ եկավ ինքնաթիռի հարվածը, էդ գիշեր մենք ընդհանրապես չենք քնել, կապ չկար, չէինք կարողանում տեղեկանալ դիրքերում գտնվող մեր եղբայրների մասին․․․ Բոլորս վախեցած մտել էինք ապաստարանը, էնտեղ էլ չէր ապահով, ոչ մի տեղ էլ ապահով չէր, էդ գիշեր ընդհանրապես չլուսացավ մեզ համար, տենց էլ մութ մնաց»։ Հաջորդ օրը, երբ պաշտոնապես հաղորդվեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռքբերվել 13։00-ին կրակը դադարեցնելու մասին, այն, ըստ Ամալյայի, չի դադարել․  «ժամը մեկի դադար կոչվածից հետո էր, որ ես կորցրի իմ եղբորը, ում մենք զոռով բերում ենք էստեղ, որ մեզ հետ տանենք, որ էնտեղ չմնա իր շիրիմը»,– լացը զսպելով՝ ասում է նա։ – Տե՛ր, ողորմեա՜, տե՛ր, ողորմեա՜․․ *** Հարձակման հաջորդ օրը Ամալյան տեղափոխվել է Ստեփանակերտ․ հարցնում եմ՝ ողջ ընտանիքո՞վ։ Գերդաստանով՝ պատասխանում է․ «Մենք գնացինք օդանավակայան, որտեղ ռուսների բազան է գտնվում՝ համարելով, որ էնտեղ ռուսներին մոտ ենք, հարձակում չի լինի, բայց ռազմաբազան Ասկերանի պոլկի մոտ է, էնտեղ էլ էին հարձակումներ կատարում՝ Ասկերանի զորամասի վրա, էլի վախենում էինք, բայց արդեն մի տեսակ անտարբեր, առանց զգացմունքի վախ էր, մենք արդեն դրան սովորել էինք, հասկանո՞ւմ եք»,– ասում է նա՝ Արցախի սարերի պես կանաչ ու ջրերի պես լցված աչքերն ուղղելով ինձ։  Իսկ ես չգիտեմ՝ հայացքս ուր փախցնեմ, երբ չորսբոլորը նույն ողբերգություն է։ Օդանավակայանում ընտանիքը մնացել է 2 կամ 3 օր, Ամալյան ասում է՝ երկար է թվացել, չի հիշում հստակ․ «Անընդհատ լուրեր էին գալիս, որ պրծնում է կամ որ գյուղում էսինչին են մորթել, մտել, դրոշն են դրել․․․ Գիտեք՝ էդ տագնապահար վիճակը, որ չես կարողանում ոչ ոքի հետ կապ հաստատել․․․ Միայն ռազմաբազայի տարածքում էր, որ կապ կար, դա էլ ռուսների շնորհիվ, Ստեփանակերտ ընդհանրապես լույս չկար․․․ Էդ անորոշ վիճակը համ ճիշտ, համ սուտ ծնում էր»։ Հաջորդ օրը, երբ իսկապես կրակը դադարեց, Առուշանյանները որոշեցին գյուղ չվերադառնալ․ «Ոչ ոք չէր ուզում հետ գնալ, մտնել Հաթերք կամ մնալ Արցախի տարածքում, որովհետեւ էդ արդեն ինքնասպանության տիպի բան է կամ կամավոր ստրկության»,– ասում է նա։ Ադրբեջանական անցակետում, Ամալյայի խոսքով, ամեն ինչ հանգիստ է անցել, առանց մանրակրկիտ ստուգման․ «Անցակետի մոտ մեզ համար շատ սովորական էր, տեսել ենք համ թուրքեր, համ ռուսներ, համ հայեր, մանրակրկիտ, խորը չեն զննել մեքենան, փաստաթղթերն էլ ինչքան գիտեմ, չեն նայել, դուռը բացեցին, նայեցին, վերջ, գնացեք, կարողա էնտեղ ապարատ կար իրականում, որ ստուգում էր, չգիտեմ»,– ասում է նա՝ հավելելով, որ լսել է՝ խմբին մանրակրկիտ զննում են, երբ անձանցից մեկի մոտ զենք է հայտնաբերվում։ Ընտանիքն իր հետ հազիվ սնունդ է վերցրել, հագուստ ու անկողին, բայց մարդիկ կան, ասում է Ամալյան, որ դա էլ չեն հասցրել կամ էլ չեն ուզել․ «Օրինակ՝ իմ տատիկը՝ տարիքով կին, շատ բան է տեսել իր կյանքում, ասել է՝ վերցնում եմ, ի՞նչ անեմ, անցած անգամ էլ՝ 44–օրյայի ժամանակ տարա շորերս, կոշիկներս, ի՞նչ եղավ»։ Ամալյան ասում է՝ ամեն դեպքում, ինքն իր տունը տխուր չի հիշում, ցավով է հիշում, բայց ոչ տխուր, սիրուն է հիշում ու սիրով․ «Մինչ էդ մենք 274 օր մնացել ենք բլոկադայում, որն էլի իր հետ լիքը դժվարություններ է բերել, ու արդեն էդ ամեն ինչը մեզ չի թողել, որ երջանիկ պահեր կուտակվեն կամ ստեղծվեն, բայց ես մեր տանը տխուր չեմ հիշում, նույնիսկ դուրս գալիս նկարել եմ մեր տունը, մեր հայաթը, մեր մեքենաները, որովհետեւ էնտեղ լիքը բաներ ենք թողել»։ Հարցնում եմ՝ իսկ դուռը փակե՞լ եք, պատասխանում է՝ հայրը չի թողել, որ երբ թշնամին գա, չկոտրի, վնաս չտա․ «Բայց որ շատ խորը մտածում ես, իմ պապաս 50 տարեկան մարդ ա, սաղ կյանքը տվել ա, մեզ համար տուն սարքել, հիմա ինքը էդ ամեն ինչը թողել ա ու նորից պիտի սկսի, ու արդեն զրոյից չէ, չգիտեմ՝ էլ որտեղից»։ Հարցնում եմ՝ իսկ ձեզ մոտ որեւէ խնդիր կա՞ այս պահին, որ առաջնահերթ լուծման կարիք ունի, պատասխանում է՝ կա, հետո էլ, թե խնդիրների լուծումը մենք գիտենք, միայն մի խնդիր կա, որի լուծումը մեր ձեռքին չէ, քանի որ Արցախը արդեն չկա․ «Աստված տա, չգիտեմ՝ ինչ տիպի հզոր լինի հայկական բանակը, որ կարողանա հետ վերցնել էդ ամենը, բայց տա Աստված, որ էնքան ուժեղ ու գիտակից լինենք․․․ Մենք մեր ազգին չենք սիրում, մենք մեզ պետք է սիրենք, որ կարողանանք հաղթել, մենք մեր հույսը մեզ վրա պետք ա դնենք, որ կարողանանք հաղթել, ու ռուսը չի մեզ պահողը, ոչ էլ ամերիկացին, մենք ենք մեզ պահողը, ու ես համոզված եմ՝ լինի 50 թե 60 տարի հետո, եթե ՀՀ–ն խելացի գտնվի, մենք անպայման հետ ենք վերցնելու էդ ամեն ինչը՝ թե՛ Շուշիի տանկը, թե՛ «Մենք ենք մեր սարերը» արձանը, թե՛ Քարվաճառի լեռները, թե՛ մեր եկեղեցին, թե մեր խաչերը, որ ամեն մի գյուղում դրված էին, ամեն–ամեն ինչը»,– ասում է Ամալյան՝ վստահեցնելով՝ մենք չենք պարտվել ո՛չ էս կռվում, ո՛չ էլ 44–օրյա կռվում, մեր տղաները մինչեւ վերջ կռվել են։ Ապագա անելիքների մասին Ամալյան չի խոսում, ասում է՝ դա հոր գործն է։ Առաջ պլանավորել էր գյուղում լեզվի կենտրոն բացել, դրա շեմին էր, հիմա՝ Գորիս–Վայք ճանապարհի շեմին․ գիտի, որ իրենց այնտեղ են տեղափոխելու։ Իսկ մինչ այդ դեռ պիտի ձգվի ծանր սպասումը․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եղբոր դին է բերում։   Միլենա Խաչիկյան
11:58 - 26 սեպտեմբերի, 2023