ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն , որպեսզի թույլ չտան Պարսից ծոցում նոր պատերազմ: Այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հայտարարությամբ անդրադառնալով հունվարի 3-ին Բաղդադում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը և դրան հաջորդող զարգացումներին։ «Այս պահին առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն։ Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նոր պատերազմ լինի Ծոցի տարածքում»,- ասել է Գուտերեշը՝ հավելելով, որ խորապես անհանգստացած է տարածաշրջանում լարվածության աճով։ Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում ն՛ել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:  
07:07 - 04 հունվարի, 2020
ՄԱԿ-ի ԳՎ-ն Ղրիմի հարցով բանաձև է ընդունել. Հայաստանը դեմ է քվեարկել |factor.am|

ՄԱԿ-ի ԳՎ-ն Ղրիմի հարցով բանաձև է ընդունել. Հայաստանը դեմ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի ներկայացրած՝ Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 65 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել, իսկ 23 պետություն դեմ է քվեարկել: Հակառուսական բանաձևին դեմ են արտահայտվել, մասնավորապես, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Սերբիան և այլ երկրներ: Ռուսական կողմից արդեն արձագանքել են ՄԱԿ-ի ընդունած բանաձևին: ՌԴ նախագահին առընթեր Ղրիմում մշտական ներկայացուցչության միջազգային-իրավական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը հայտարարել է, որ Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի կողմից ընդունված ցանկացած բանաձև անիմաստ է՝ առանց թերակղզի օտարերկրյա առաքելությունների և իրավապաշտպանների այցելության: Նրա խոսքով՝ Ղրիմի տարածաշրջան ՄԱԿ-ի առաքելության այցերի համար ոչ մի խոչընդոտ չկա: «Այդ մասին բազմիցս են հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն և Ղրիմի իշխանությունները»,- հավելել է Մոլոխովը:    
11:12 - 19 դեկտեմբերի, 2019
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։ Այն նաև ամրագրում է, որ շախմատը՝ որպես արդարությանը, ներառականությանը և փոխադարձ հարգանքին նպաստող խաղ, կարող է դրական դեր ունենալ ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման միջավայր ձևավորելու առումով։ ՄԱԿ անդամ պետություններին, ՄԱԿ համակարգի մարմիններին, այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում նշել շախմատի համաշխարհային օրը և տարածել շախմատի առավելությունները, այդ թվում՝ կրթության և հանրային իրազեկման միջոցով։ Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ շախմատը, հանդիսանալով հնագույն և համաշխարհային ճանաչում ունեցող մտավոր խաղերից մեկը, նպաստում է սոցիալական, քաղաքական և ռասայական անջրպետների հաղթահարմանը, նախապաշարմունքները փոխելուն և խտրականության դեմ պայքարին։Անդրադառնալով Հայաստանի ազգային ջանքերին շախմատի հանրայնացման գործում՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ շախմատը հայկական մշակույթի էական մասն է՝ հիշատակելով օլիմպիական և աշխարհի չեմպիոնի տիտղոսների նվաճումը հայ գրոսմայստերների կողմից։ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։
07:41 - 13 դեկտեմբերի, 2019
ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով |news.am|

ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով |news.am|

news.am: Միացյալ Նահանգները այս շաբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով, հայտնում է AFP-ը։ ԱՄՆ-ը, որն այս շաբաթ նախագահում է Անվտանգության խորհրդում, ծրագրում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել՝ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցով նախատեսված հանդիպման փոխարեն։ Նիստում կներկայացվի «համակողմանի տեղեկատվություն Կորեական թերակղզում վերջին իրադարձությունների մասին, ներառյալ վերջերս հրթիռների արձակումը եւ ԿԺԴՀ սադրանքների հնարավորությունը», հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։ ՄԱԿ ԱԽ-ն անցյալ շաբաթ փակ դռների հետեւում հանդիպում էր անցկացրել, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայի հրթիռային 13 փորձարկումները։ Այդ հանդիպումը կազմակերպվել էր եվրոպական երկրների կողմից, որոնք դատապարտել էին Փհենյանի գործողությունները։
05:35 - 10 դեկտեմբերի, 2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնագետներ: «Հողային բարեփոխումները առաջնային խնդիրներ են: Առանց հողերի կոնսոլիդացիայի, առանց արդյունավետ մշակման ու հարմար պայմաններ ստեղծելու՝ դժվար թե կարողանանք հասնել ցանկալի նպատակի: Այժմ վարելահողերի մոտավորապես մեկ երրորդ մասը չի մշակվում կամ արդյունավետ չի մշակվում։ Պետք է ձգտենք երկարաժամկետ արդյունքների, արդյունավետ բիզնեսի: Մեր առաջարկները պիտի իրականացնենք պիլոտային ծրագրերի միջոցով և, կարծում ենք, հաջորդ տարվա վերջում կունանանք արդյունքներ, որոնք էլ մեզ կհուշեն. արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե՝ ոչ», - իր խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՊԳԿ-ին, շեշտելով, որ խնդիրը բարձրաձայնելու հենց առաջին իսկ օրվանից կազմակերպությունն աջակցությունն է ցուցաբերել: «Այսօրվա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ծրագիրը հիմնական շահառուներին, որոնք իրենց դերակատարումն են ունենալու հողերի կառավարման նոր իրավական շրջանակի ներդրման հարցում։ Հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հողերի չօգտագործման պատճառների բազմաբնույթ լինելը պահանջում է համակարգված աշխատանք հողային և այլ հարակից քաղաքականությունների միջև, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ընդհանուր տնտեսությունը», - նշել է ՊԳԿ-ի հողերի կառավարման գծով պատասխանատու Մորթեն Հարթվիգսենը։ Նախկինում կատարված վերլուծության հիման վրա ՊԳԿ-ն առաջարկել է ոլորտի քաղաքականության, իրավական և ինստիտուցիոնալ մակարդակի գործողությունների հայեցակարգային շրջանակ: Նաև կհիմնվի նոր հաստատություն՝ Հողի գործակալություն, որը պատասխանատու կլինի հողային քաղաքականության ձևավորման և իրականացման, ինչպես նաև հողերի շուկայի կանոնակարգման համար: Մեկ տարի տևողությամբ ծրագիրը մասնավորապես կաջակցի Հողի գործակալության իրավասությունը կարգավարող իրավական շրջանակի և հողերի կառավարման գործիքակազմի ձևավորմանը: Սա ավելի մեծ ուշադրություն և աջակցություն կհրավիրի հողերի սեփականատերերի և վարձակալների (երաշխիքային վարձակալություն) միջև «միջնորդավորված վարձակալության» հարցին։ Փորձնական ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում: Հաջողության դեպքում նմանատիպ մոտեցում կկիրառվի ամբողջ երկրում։ Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
12:12 - 27 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում կազմակերպության մեքենայի վրա հարձակումը |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում կազմակերպության մեքենայի վրա հարձակումը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությանը պատկանող մեքենայի վրա գործված հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպության 1 աշխատակից: Այս մասին հաղորդվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը: «Գլխավոր քարտուղարը Աֆղանստանի իշխանություններին կոչ է անում անել ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նա հաստատել է արդարության և խաղաղության ձգտելու հարցում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին օգնելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Անտոնիու Գուտերեշը նաև ցավակցել է զոհված աշխատակցի ընտանիքին:  
06:14 - 25 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը` Շ.Գուլիևի և Դ.Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը` Շ.Գուլիևի և Դ.Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին

Նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին: Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի նորմը կոդիֆիկացված է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային իրավունքի հանձնաժողովի` միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին զեկույցի 8-րդ հոդվածում, որում ասվում է, որ «անձի կամ անձանց խմբի վարքագիծը դիտվում է որպես պետության արարք՝ համաձայն միջազգային իրավունքի, եթե այդ անձը կամ անձանց խումբը նման վարքագծի իրականացման ժամանակ փաստացի գործում է այդ պետության ցուցումներով, կամ ղեկավարությամբ կամ վերահսկմամբ»։ Այդպիսով օտարերկրյա տարածքում որոշակի հանձնարարություններ կատարելու համար որպես «կամավորներ» ուղարկված ֆիզիկական անձանց հակաիրավական արարքները ենթադրում են պետությունների միջազգային պատասխանատվություն: Ադրբեջանը, հանցավոր խմբին զինելով և ուղարկելով Արցախի տարածք՝ լրտեսության և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, միջազգային պատասխանատվություն է կրում խմբի կողմից Արցախի տարածքում իրականացված բոլոր հակաիրավական արարքների համար: Հուշագրում բերվում են մանրակրկիտ փաստեր, որոնք հաստատում են անօրինական զինված խմբի ուղղակի կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Հուշագրում նաև նշվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված արշավը, որի նպատակն է աջակցություն գտնել Ասկերովի և Գուլիևի ազատ արձակման հարցում, նույնպես կարող է դիտվել որպես Ադրբեջանի կողմից զինված խմբի հակաիրավական արարքների ճանաչման և ընդունման ապացույց:
11:13 - 22 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ում հավանության չեն արժանացրել Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությանը |news.am|

ՄԱԿ-ում հավանության չեն արժանացրել Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությանը |news.am|

news.am։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ պաղեստինյան գրավված տարածքներում իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը, դրանով իսկ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերանայված դիրքորոշումը, հայտնում է Reuters-ը։ Միացյալ Նահանգները փաստացի սատարել է գրավված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքը՝ հրաժարվելով իր այն դիրքորոշումից, որ դա «չի համապատասխանում միջազգային իրավունքին»։ «Մեկ պետության քաղաքական դիրքորոշման փոփոխությունը չի փոխում միջազգային գոյություն ունեցող իրավունքը եւ Միջազգային դատարանի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից դրա մեկնաբանությունը»,- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
05:49 - 20 նոյեմբերի, 2019
Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում |armenpress.am|

Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել Է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: Այդ մասին, ինչպես հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նա հայտարարել Է Լիբանանի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշի հետ կայացած հանդիպմանը։ «Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել Է նախագահը: Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ: «Լիբանանի ֆինանսական ու տնտեսական իրադրությունը հսկողության տակ Է,-ասել Է Աունը: Ձեռնարկվում են կայունացմանն ուղղված քայլեր, ինչի մասին վկայում Է բանկային հիմնարկությունների աշխատանքի վերսկսումը»:Ինչպես հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը, բողոքի շարժման ղեկավարներից մեկը՝ Ահմեդ ազ-Զեյնը, դրական Է գնահատել երեք երրորդներից բաղկացած կառավարության ստեղծման գաղափարը: «18 նախարարներից բաղկացած կաբինետում վեց տեխնոկրատների եւ ժողովրդի վեց ներկայացուցիչների ընդգրկումը մեծ ձեռքբերում կդառնա` հայտարարել Է ազ-Զեյնը: -Մենք դա գնահատում ենք որպես հաջողություն, որպես մեր բողոքների կոնկրետ արդյունք»:Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել Է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում Է վարչապետի պարտականությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:41 - 19 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում, եթե ներգրավի ներդրումներ, ասում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում: Կառույցը կոչ է անում բարեփոխումներ իրականացնել՝ ներդրումային միջավայրը բարելավելու ու տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ կերպով ներդրումներ արվեն, ապա հնարավոր է իրականացնել երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Սա երկրի վերաբերյալ այն հիմնական եզրահանգումներից է, որն արել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Հայաստանի մասին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը: Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 11-րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդգծվեցին երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձրագույն տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Այն նաև ուսումնասիրել է հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը: Բացառություն չի կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հարցը: Փորձ է արվում վերականգնել ներդրումային հոսքերը նախաճգնաժամային մակարդակի: Հաշվի առնելով երկրի քաղաքական վերջին զարգացումները՝ ներդրողներն այժմ զբաղեցրել են սպասողական դիրք: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը կոչ է անում բարելավել ներդրումային միջավայրը բարեփոխումների միջոցով: Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» առանձնացնում է ներառական աճի ու կայուն զարգացման միտումները, որոնք կօգնեն կարգավորել մի շարք կարևոր սոցիալական ոլորտի հիմնախնդիրներ:
06:53 - 13 նոյեմբերի, 2019
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում ունեցավ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, որի ընթացքում անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի լարման, մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգների խնդրին։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային կոտորածների վտանգը։ Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի Քամիշլի քաղաքի հայ հոգևորականներ Հովսեփ և Աբրահամ Պետոյանների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտեց այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք։ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն իր ցավակցությունները հայտնեց հայ հոգևորականների սպանության կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այլատյացության հողի վրա հանցանքների, զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը։
06:56 - 12 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել |tert.am|

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել |tert.am|

tert.am: Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել: Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, գրում է ria.ru-ն։ «Մենք լրջորեն մտահոգված ենք ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառման հետևանքով մահերի և վիրավորների, ինչպես նաև Իրաքում զինված մարդկանց կողմից կատարված սպանությունների մասին շարունակական հաղորդագրությունների առիթով։ Հոկտեմբերի 1-ից մինչև երեկ գիշերն ընկած ժամանակահատվածում Իրաքում ՄԱԿ-ի օգնության առաքելության մարդու իրավունքների գրասենյակը 269 մահ է արձանագրել՝ կապված երկրում ընթացող ցույցերի հետ», - հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ է սպանվել Բասրայում՝ կառավարության շենքի դիմաց ցույցերի ժամանակ։ Վիրավորվել է 8 հազար մարդ, այդ թվում՝ Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները։
07:15 - 09 նոյեմբերի, 2019