Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահն ԱԳՆ-ի համակարգող դերի մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահն ԱԳՆ-ի համակարգող դերի մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին։  Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։ Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի հիման վրա՝ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է պետական կառավարման այլ մարմինների միջազգային բնույթի պաշտոնական գործունեությունը և միջազգային կապերը: Արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ պաշտոնատար անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: Արտաքին քաղաքական բնույթի պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով։ Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան: Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների հետ հարաբերություններն իրականացվում են ԱԳՆ հետ համաձայնեցված։ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները միջազգային համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետներում արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն: 
11:31 - 17 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ Մարտունու շրջանի ճանապարհաշինական ծրագրերը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ Մարտունու շրջանի ճանապարհաշինական ծրագրերը

Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր_շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ճանապարհաշինական այլ ծրագրեր։ «Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում: Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը_Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս: Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ_Կարմիր_շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին: Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային_ճանապարհների_սալապատման աշխատանքները: Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»,- նշել է Արցախի նախագահը։
17:35 - 16 օգոստոսի, 2020
Արցախի նախագահի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել

Արցախի նախագահի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել

Նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ կողմից տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Հատկանշական է, որ Արցախից ամենաբարձր մակարդակով արվող կառուցողական հայտարարությունները Բաքվում միշտ չնկատելուն էին տալիս՝ ուղղակի թողնելով անարձագանք: Իսկ այսօր նրանց համար անսպասելի իրավիճակ է ձևավորվել, պաշտոնական Ստեփանակերտի կոշտ ու իրենց վարքին համահունչ հայտարարություններից սկսել են ջղաձգվել, հիասթափությամբ միջազգային հանրությանն արձագանքելու կոչեր են անում… Հ.Գ. Ուժեղ ու արժանապատիվ կեցվածքն է հարգանք պարտադրում»,- գրել է նա: Նախօրեին ԱՀ նախագահը երիտասարդների հետ զրույցում ասել էր նաև, որ եթե հակառակորդը փորձի Ստեփանակերտի վրա մի շատ փոքր արկ կամ ռումբ նետել, պատասխանը կստանա Կիրովաբադում։    
10:21 - 15 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են օնլայն խաղերի, վիճակախաղերին վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են օնլայն խաղերի, վիճակախաղերին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի եւ տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռեւս լուրջ եւ համապարփակ աշխատանքներ պիտի տարվեն արգելքը շրջանցելու ցանացած փորձ կանխելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար, ըստ նախագահ Հարությունյանի, պայքարը պիտի լինի անընդմեջ եւ հետեւողական, իսկ արգելքի շրջանցման ուղիները փակելու մեխանիզմները՝ արդունավետ՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ առաջընթացը։ Տիրող իրավիճակի, խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ զեկույցներով եւ առաջարկություններով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։ Հանրապետության նախագահը հանձնարարել է շահագրգիռ մարմինների ղեկավարներին կարճ ժամանակահատվածում սկսել ոլորտը կարգավորող իրավական դաշտի հստակեցման եւ համացանցում մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ աշխատանքները։
20:40 - 13 օգոստոսի, 2020
Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն` Արցախում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություններ են կատարվել. Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Այսինքն, նշված պայմանների պահպանման դեպքում Արցախի տարածք մուտք գործելու համար Պարետի թույլտվության կարիքը չի լինելու։ Վերանայվել է նաև հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն: Հրամանագրից բխող համապատասխան որոշումները Պարետը կստորագրի հաջորդիվ:
20:13 - 12 օգոստոսի, 2020
ԱՀ նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց

ԱՀ նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումն Արցախում ոլորտի առաջին հաջողված քայլերի համար և ընդգծել, որ ԱՀ կառավարությունը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապահովմանը: Նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ կարևոր որոշումներ արդեն կայացվել են՝ բարենպաստ դարձնելով հարկային միջավայրը, սակայն ավելի գրավիչ ներդրումային դաշտ ունենալու համար մշակվում են նոր գործիքակազմեր: Պատվիրակության անդամները ողջունել են Արայիկ Հարությունյանի ցուցաբերած պատրաստակամությունը և խոստացել աջակցել ինչպես ոլորտի զարգացման նոր ծրագրի մշակման, այնպես էլ կադրերի պատրաստման և նոր ներդրումների ներգրավման գործում: Մասնավորապես՝ քննարկվել են բուհական համակարգում ՏՏ ոլորտի նախագծերի իրականացման, ստարտափների ֆինանսավորման, ինչպես նաև` նոր ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի հիմնադրմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
19:20 - 11 օգոստոսի, 2020
Արցախի նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է անցկացնում

Արցախի նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է անցկացնում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և գործադիր իշխանության պատասխանատուները: Բացելով նստաշրջանի աշխատանքը` Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն ու վշտակցություն է հայտնել  Լիբանանի  եղբայրական ժողովրդին՝ մայրաքաղաք Բեյրությում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ և մաղթել տոկունություն ու ոգու արիություն՝ արհավիրքի  ցավին դիմանալու համար: Խորհրդարանի ղեկավարը նաև հավելել է, որ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն  ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար Արցախի Հանրապետության  նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը կմասնակցեն նաև Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը: Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի՝ ԱՀ նախագահի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել  է գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկված՝ «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է՝ առաջին ընթերցմամբ ընդունված  «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:  Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ  նախագահի 2020-2025թթ-ի ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Նախարարի փոխանցմամբ, առաջարկվող փոփոխությամբ կիրականացվեն ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, չգազաֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման, սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման այս և այլ ծրագրեր: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում  2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 399,2հազ դրամ (ավելացումը՝ 5,100մլն դրամ), ծախսերը՝ 135 մլրդ 650 մլն717,7 հազ դրամ, (ավելացումը՝ 14, 810.0մլն ), դեֆիցիտը՝ 9 մլրդ 601 մլն 318,5 հազ դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին: Պատգամավորները ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջեյի ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր: Գլխադասային՝ Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Էդուարդ Աղաբեկյանը: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահն անդրադարձել է առաջադրված հարցերին և պատրաստակամություն հայտնել բյուջեի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորների հետ առաջիկայում կազմակերպել  քննարկումներ: Ամփոփելով ելույթը՝ ԱՀ նախագահը նաև խոսել է երդմնակալության արարողության ժամանակ Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկության մասին, նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել նաև նախագահական նստավայրի Շուշի տեղափոխելու հավանականությունը: Նախագահի ելույթից հետո քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  26 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հաջորդիվ Ֆինանսների նախարարը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակի հիմնավորմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020թ-ի մայիսի 26-ի հրամանագրով սահմանված ԱՀ կառավարության կառուցվածքին համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող  անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում  բարձրաստիճան  պաշտոնատար անձանց համար, որը պայմանավորված է ՀՀ-ում 2019թ. սեպտեմբերից տնտեսական մրցակցության  պաշտպանության  պետական հանձնաժոովում  և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացմամբ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես է եկել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Քվեարկության արդյունքում՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է: ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքները 18:25-ին: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
16:30 - 11 օգոստոսի, 2020
Լիբանանահայ հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ

Լիբանանահայ հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։ Նախագահը հիշեցրել է, որ արդեն երեկ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին» հատուկ չվերթով մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը, և ընդգծել, որ Արցախի ժողովրդի աջակցությունը կկրի շարունակական բնույթ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Լիբանանի հայկական գաղթօջախին կտրամադրվի նաև ուղիղ ֆինանսական աջակցություն և կոչ արել բոլոր արցախցիներին ակտիվ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքին։ Նախագահը հայտարարել է, որ թեպետ օրեր առաջ խոստացել էր նախագահի աշխատավարձը փոխանցել բարեգործական հիմնադրամներին, այս անգամ այն կուղղվի Լիբանանում ապրող հայերին՝ որպես աջակցություն։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև կառավարության պահուստային ֆոնդից: Հանրապետության նախագահը նշել է, որ, չնայած Հանրապետության բնակարանային ֆոնդի սահմանափակ հնարավորություններին, կձեռնարկվեն բոլոր միջոցներն Արցախում բնակություն հաստատելու ցանկություն հայտնող բոլոր լիբանանահայերի համար ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Հայտարարում եմ, որ ազատ բնակֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը։
20:15 - 10 օգոստոսի, 2020
Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ, եղել է նաև թաղամասի դպրոցում, ծանոթացել առկա պայմաններին

Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ, եղել է նաև թաղամասի դպրոցում, ծանոթացել առկա պայմաններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն, կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ Հանրապետության նախագահը տեղում հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:Արայիկ Հարությունյանը եղել է նաև թաղամասի դպրոցական շենքում, ծանոթացել առկա պայմաններին: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
11:40 - 08 օգոստոսի, 2020
Արցախում ներքին սահմանափակումները կմեղմանան. Արայիկ Հարությունյան

Արցախում ներքին սահմանափակումները կմեղմանան. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա գրում է, որ համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունեն: Երեկ 183 թեստավորված քաղաքացիներից ոչ մեկի մոտ «COVID 19»-ով վարակման դեպք չի հայտնաբերվել:«Սա, իհարկե, հետևողական աշխատանքի արդյունք է, բայց չի նշանակում, որ պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Այս պահի դրությամբ մեր երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացիներ շարունակում են բուժում ստանալ. նրանցից 6-ը ծանր վիճակում են: Պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել եմ փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց հնարավորություն կտրվի բաց տարածքում ընտանեկան տոնախմբությունները կազմակերպել 60 հոգով, իհարկե, պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները, որն առաջին հերթին մեր բոլորիս սոցիալական պատասխանատվության խնդիրն է: Մեր հարազատների կյանքից թանկ ոչինչ չկա: Հատկապես փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը դարձրեք ձեր կենսակերպի պարտադիր մաս: Միայն միասնական ջանքերով կարող ենք վերաբացել կրթօջախները, վերականգնել կյանքի բնականոն ընթացքը» – գրել է Արցախի նախագահը:      
17:54 - 06 օգոստոսի, 2020
Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին |civilnet.am|

Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին |civilnet.am|

civilnet.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունին, հեռախոսազրույց ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Այս մասին  ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նախագահը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք 100-150 ընտանիք ընդունել Արցախում։ Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, ավելի քան 4000-ը վիրավորվել է (օգոստոսի 5-ի կեսօրի դրությամբ)։ Զոհվածների թվում վեց հայ կա։
16:52 - 05 օգոստոսի, 2020
Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին. Արայիկ Հարությունյան

Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին. Արայիկ Հարությունյան

Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանյի մայրաքաղաք Բեյրութում որոտացած հզոր պայթյունին: «Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը: Զոհերի և վիրավորների թիվն անգամ ժամեր անց, ցավոք, շարունակում է աճել. հայկական գաղթօջախը ևս կորուստներ ունի: Անընդհատ կապի մեջ լինելով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ՝ արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին: Այդ ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն եմ մաղթում»,- նշել է նախագահը:
09:38 - 05 օգոստոսի, 2020