Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ծիծեռնակաբերդի բարձունքում 420 ծառ և թուփ է տնկվել

Ծիծեռնակաբերդի բարձունքում 420 ծառ և թուփ է տնկվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019 թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են սկսվել, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներին ներգրավվել է շուրջ 160 աշխատակից: «Ավելի քան 400 մեքենա աղբ է տեղափոխվել տարածքից: Այստեղ առկա էին բազալտի մեծ շերտեր, քարեր, մենք այդ ամենը մաքրեցինք այնպես, որ հասնենք հողային շերտին: Բնաբաժակներն ապահովված են անհրաժեշտ բաղադրիչներով հարուստ հողախառնուրդով»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը: Որպեսզի աշխատանքներն արդյունավետ լինեն, մոտեցումներն էլ մասնագիտորեն հիմնավորված՝ տարածքում կատարվել է նաև հողագիտական ուսումնասիրություն, և նմուշառումներն ուղարկվել մասնագիտացված կենտրոն: «Խնդիրն այն էր, որ գետինը հիմնականում ծածկված էր մեծ քարերով, որոնք մաքրել ենք: Մոտավորապես 1.2 մ խորությամբ փոսեր ենք փորել, դրան համապատասխան հողախառնուրդը լցրել փոսերը և նոր միայն ծառատունկ սկսել: Դա ծառերին հնարավորություն է տալիս 2-3 տարի այդ հողախառնուրդում աճել, որից հետո արմատային համակարգը կուժեղանա և արդեն բնական հողում էլ կսկսի բնականոն աճել»,- ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը: Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս հատվածի են բաժանել: Գործընթացն իրականացվում է մի շարք ուղղություններով. ծրագրի այս փուլում աշխատանքներ են տարվում համայնքապատկան մասի շուրջ 2 հա տարածքում: Գարնանային ծառատունկի ընթացքում արդեն իսկ տնկվել են 420 ծառ և թուփ: «Երևանի զարգացման ծրագրով քաղաքականությունը միտված է կանաչ տարածքների ընդլայնմանը, որի վառ օրինակներից մեկն այս տարածքի վերականգնումն է: Այստեղ հիմնվում է անտառային գոտի: Նաև թփապատման ծավալուն աշխատանքներ ենք քաղաքում իրականացնում, որը երկրորդ շերտի բուսականությունն ավելացնելու հնարավորություն է տալիս: Այն կարևոր նշանակություն կունենա մեքենաների արտանետումները զտելու-կլանելու և օդը մաքրելու գործում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվել է նաև ոռոգման ցանցի խնդիրը: Ջուրը տարածք հասցնելու նպատակով փոխվել է ջրագիծը: Այս ծավալուն նախագիծը, բնապահպանական նշանակությունից բացի, ունի ևս մեկ կարևոր խորհուրդ. խնամված, ակնահաճո միջավայր ստեղծել հայության համար խորհրդանշական Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում:
19:43 - 14 մայիսի, 2022
Շաբաթօրյակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. քաղաքապետը հետևել է աշխատանքներին

Շաբաթօրյակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. քաղաքապետը հետևել է աշխատանքներին

Մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու և խնդրահարույց տարածքներն աղբից մաքրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում շաբաթօրյակ է կազմակերպվում՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:   Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս անգամ միացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Աշխատանքներին վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:   Վարչական շրջանի մաքրությունն իրականացվել է հասցեագրված տարածքներում: Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբը տեղափոխելու գործին ներգրավվել է 12 ջրցան, 8 փոշեկուլ մեքենա, 3 մեծ և 5 փոքր տրակտոր, 10 «ԿամԱԶ», ինչպես նաև «ԶԻԼ» մակնիշի 4 ինքնաթափ։
19:23 - 14 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրագործմանը

Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրագործմանը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև՝ այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է համատեղ ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը և նշել, որ համայնքային մակարդակում գործակցության հաստատումը հնարավորություն կտա բացահայտել այն ուղիները, որոնցով բրիտանական փորձառությունը կօգնի հաղթահարել մարտահրավերները: Ջոն Պատրիկ Գալագերին ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման գործում իր մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է տեխնիկական աջակցության ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը տրանսպորտային համակարգի արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի բարելավման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման բնագավառներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների առնչությամբ:
15:01 - 12 մայիսի, 2022
Երևանը ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ

Երևանը ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ

Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN  մակնիշի ավտոբուսներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:  «Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ -ապրիլ ամիսներ»,- գրել է Սարգսյանը: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է նաև նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացված և իրականացվող մի շարք գործնական քայլերը։ «Հաստատվել է նոր տրանսպորտային համակարգի երթուղային ցանցը, ձեռք է բերվել նոր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ: Մոտ օրերս կհայտարարվի մրցույթ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար:Մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նոր ավտոբուսներում ուղեվարձի վճարման համար տեղադրվել են մետաղադրամը ընդունող սարքեր (այս տարի նախատեսվում է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրել վերոնշյալ սարքերը): 2022 թվականի ընթացքում նախատեսվում է երթուղիներից որոշներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումը  ավարտել 2023 թվականին։ Վարորդները պլանային աշխատավարձից անցում են կատարել կայուն աշխատավարձի. ամսական աշխատավարձը կախված տրանսպորտային միջոցի մեծությունից կազմում է 250 կամ 350 հազար դրամ։ Այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն։ Կառավարության աջակցությամբ մոտ ամիսներին կմեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։ Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել  մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել  յուրաքանչյուր կիլոմետրի համար։   Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և վարորդների աշխատանքը վերահսկելու համար պատվիրվել է հանրային տրանսպորտի  կառավարման կենտրոնի  ստեղծման  նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ կենտրոնի  փաստացի շահագործումը նախատեսված է մինչև տարեվերջ։   Երթևեկության ճիշտ կազմակերպման համար համայնքի կողմից ձեռք է բերվել երթևեկության մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ: Ստեղծվել են  երթևեկության կազմակերպման էլեկտրոնային  սխեմաներ: Երևանում  մեկնարկել է 252 խաչմերուկներում խելացի լուսացույցների նախագծային փաստաթղթերի  մրցույթի հրապարակման համար նախապատրաստական աշխատանքներ: Հայտարարվել է մրցույթ 10 նոր ժամանակակից կանգառասրահների ձեռքբերման համար, որը հիմք կհանդիսանա հետագայում բոլոր կանգառասրահների փոխարինման համար։ Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար որոշ հետիոտնային անցումներ լուսավորվել են  հատուկ լուսավորությամբ, խաչմերուկներում տեղադրվել են արգելապատնեշներ՝ չթույլատրված վայրերով քաղաքացիների երթևեկությունը սահմանափակելու համար:Մինչ տարեվերջ արդեն  տեղադրված կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց: Մետրոպոլիտենում մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նախատեսվում է ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն։ Մետրոպոլիտենում կապիտալ ծախսերի համար կառավարության կողմից կհատկացվի  500-1000 մլն  դրամ։ Ավտոբուսների ժամանակակից  լվացման կայանի ձեռքբերման  համար հայտարարվել է մրցույթ: Նախատեսվում է հայտարարել մրցույթ 15  հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսների ձեռքբերման համար»,- գրել է Սարգսյանը:    
20:11 - 06 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու համար: Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցում է Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, քաղաքապետն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա՝ բազմակողմանի քննարկելու հետագա համագործակցության տեսլականն ու ծրագրերը:
15:42 - 06 մայիսի, 2022
Աշակերտին գրքով հարվածած ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Աշակերտին գրքով հարվածած ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում մայիսի 5-ին  տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը: Դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում  դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ:  Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»: Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման:
18:50 - 05 մայիսի, 2022
ՇՕ մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ Երևանի քաղաքապետարանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

ՇՕ մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ Երևանի քաղաքապետարանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․    «Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել․   Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը:   Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
17:00 - 05 մայիսի, 2022
Երևանը բավականին աղտոտված է, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել. Հրաչյա Սարգսյան

Երևանը բավականին աղտոտված է, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել. Հրաչյա Սարգսյան

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երևանը բավականին աղտոտված է, և, կարծում եմ, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել: Մենք քննարկումներ ունենք, պատրաստվում ենք յուրաքանչյուր շաբաթ մի վարչական շրջանում շաբաթօրյակ իրականացնել, որպեսզի արդյունքի հասնենք: Այս պահի դրությամբ արդեն 500 հավաքարար ունենք, բայց եթե շարունակեն աղտոտել, չենք հասնելու արդյունքի»,- նշել է Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվում է հասցեագրված տարածքներում: Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը ներգրավել է աղբատար Կամազների գրեթե ամբողջ պարկը: Աշխատանքները հստակ սխեմաներով է կազմակերպված նաև հանրապետության բոլոր բնակավայրերում: Յուրաքանչյուր կառույց գիտի, որ տեղում պետք է աշխատի մինչև աղբի աղբավայր տեղափոխումը: «Մենք պետք է ոչ թե ոգևորված շաբաթօրյակ անենք, այլ ոգևորված ամբողջ ժամանակահատվածում պետք է մեր շրջակայքը չաղտոտենք: Ցավոք սրտի, մենք կարծես դեռ խնդիր ունենք հասարակական տարածքները մերը համարելու մտքի հետ, բայց, կարծում եմ, նաև նման միջոցառումները և բոլորիս կողմից տարածվող այն միտքը, որ պետք է մաքուր միջավայրում ապրենք, անընդհատ տարածելով կհասնենք նրան, որ կգա մի ժամանակ և շաբաթօրյակ անելու անհրաժեշտություն չի առաջանա»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը: Քաղաքը մաքուր պահելու հարցում շատ կարևոր է, որ բնակիչները դառնան քաղաքային իշխանության աջակիցը. նկատում է քաղաքապետն ու ընդգծում՝ Երևանը պետք է զգա յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքը: «Այս ամեն ինչը կետային լուծումներ է. մենք պետք է մեր վարքը փոխենք և աշխատենք, որ այն երկարաժամկետ լինի: Թե չէ, ամեն տարի բոլորս հավաքվելու ենք, մաքրություն ենք իրականացնելու, և դա կայուն չի լինելու: Մենք պետք է մեր հասարակության հետ երկխոսության մեջ մտնենք և պարզապես սիրենք մեր քաղաքը ոչ միայն բառերով կամ ֆեյսբուքյան գրառումներով, այլև մեր առօրյայով ու վարքով»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը: Համապետական շաբաթօրյակի շրջանակում լվացվել են նաև երևանյան արձանները:
15:45 - 30 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին: Ինչպես տեղեկանում ենք ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով: ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև  տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն՝ շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով: Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
13:57 - 29 ապրիլի, 2022
Մայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն, որոշ երթուղիներ կփոփոխվեն

Մայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն, որոշ երթուղիներ կփոփոխվեն

Մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հ.7 երթուղիՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ԶԱՎԱՐՅԱՆ ՓՈՂՈՑՆազարբեկյան թաղ. (ս/կ) – Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան Հալաբյան – Կիևյան – Օրբելու փ-ներ – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Սրբ. Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց - Ե. Քոչարի – Խորենացու փ-ներ – Զավարյան փ. (վ/կ): Հետադարձը՝ Զավարյան փ. – Տ.Մեծի պող. – Ե.Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան - Բաշինջաղյան–Բեկնազարյան – Մելքումովի – Չաուշի փ-ներ. – Սիլիկյան նոր խճ. – Նազարբեկյան: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր:  Հ.74 երթուղիԴԱՎԹԱՇԵՆ - «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆԴավթաշենի 4-րդ թաղ.(ս/կ) – Եղվարդի խճ. – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռեր փ-ներ– Դավթաշենի կամուրջ – Վաղարշյան փ. – Կոմիտասի պող. – Կասյան փ. – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Մոսկովյան – Խանջյան փ-ներ – Տ. Մեծի – Արցախի պ-ներ – Ռոստովյան - Աթոյան – Էրեբունու - Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի - Խ.Դաշտենցի փ-ներ – «Էրեբունի» թանգարան (վ/կ): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր: Հ.23 երթուղիԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 6-ՐԴ ԶԱՆԳՎԱԾԷներգետիկների բանավան (ս.կ.)- Ծով.Իսակովի պ.- Ա.Բաբաջանյան- Շերամի- ՕհանովիԶոր.Անդրանիկի - Րաֆֆու- Սեբաստիայի փ.-ներ- Ծով.Իսակովի- Մաշտոցի պ.-ներ - Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. - Սարալանջի փ. - Ազատության պ. - Պ.Սևակի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ.- Մուրադյան փ. - Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:  Հ.41 երթուղիԱՎԱՆ - ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԱՆԳՎԱԾԱվան (ս.կ.) - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. -Աբովյան - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փ-ներ - Տ.Մեծի - Արցախի պ-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Մյասնիկյան պ.-շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 14 միավոր:
18:22 - 28 ապրիլի, 2022