ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց
2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով:
Եվ այսպես, հրապարակման մեջ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետևաբար նրանց և փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հասանելի է յուրաքանչյուրի համար: Ուստի, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ոչ միայն գործունեությունը, այլև նրանց, այդ թվում՝ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց, գույքն ու եկամուտները, ինչպես այլ հայտարարատու պաշտոնատար անձնաց դեպքում, նույնպես գտնվում են հասարակության անդամների ուշադրության կենտրոնում:
Այդուհանդերձ, եթե որևէ անձի, տվյալ դեպքում նաև նյութի հեղինակին հայտնի են ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերևույթ հանցագործության մասին, ապա առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ին: Այդ դեպքում, պատրաստակամ ենք հետևողականորեն արձագանքել նշված պնդումներին, հակառակ պարագայում՝ ՀՀ ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հավաստիության հարցով:
Ինչ վերաբերում է մինչև հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայասատանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից:
Այն, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ դոնոր հանդիսացող բազմաթիվ երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, և ում, ում, բայց նյութի հեղինակի համար դա ևս պետք է պարզ լիներ, և կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում՝ նաև հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսևորվելու իրավունքը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համակարգում մտերիմներին պաշտոնների նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, ապա մեկ անգամ ևս նյութի հեղինակին հորդորում ենք մինչև արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը և ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում: Թերևս, սա ընդհանուր առմամբ: Մինչդեռ հարկ ենք համարում հիշեցնել, որ՝ որպես հատուկ ծառայություն, ԱԱԾ-ում աշխատանքի ընդունման և ծառայողական առաջխաղացման համար գործում են առավել խիստ չափանիշներ՝ անկախ մտերմության աստիճանից, իսկ ինչ վերաբերում է մտերմական կապերին, ապա ի գիտություն դրանով մտահոգվածներին՝ տեղեկացնում ենք, որ հատուկ ծառայության աշխատակցին ներկայացվող համապատասխան պահանջների բավարարման պարագայում, օրենսդրական սահմանափակումների բացակայության դեպքում, այո՛, մտերիմ կապեր ունեցող անձը չի կարող զրկվել ազգային անվտանգության մարմիններում ծառայելու հնարավորությունից:
Եվ վերջապես, կոչ ենք անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները:
13:25 - 10 դեկտեմբերի, 2019