Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Ժողովրդավարության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են. Արարատ Միրզոյանը՝ Սթիվեն Նիքսին

Ժողովրդավարության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են. Արարատ Միրզոյանը՝ Սթիվեն Նիքսին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններն են: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ-ի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
18:10 - 08 սեպտեմբերի, 2022
Սերգեյ Լավրովի հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

Սերգեյ Լավրովի հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։ Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի: Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը: Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։
22:01 - 05 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը անդրադարձել է բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների

Արարատ Միրզոյանը անդրադարձել է բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի անդրադարձը բրյուսելյան հանդիպման հաջորդած որոշ շահարկումների մասին․ «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը: Սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում: Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»։
13:20 - 03 սեպտեմբերի, 2022
ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունենցող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրներին, նախարար Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ հետևելով նաև ՄԱԿ-ի «չանտեսելով ոչ ոքի» սկզբունքին: Նախարար Միրզոյանի կողմից շեշտվել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանման կարևորությունը։
18:55 - 02 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննայի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննայի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման անհրաժեշտությունը

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։  Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման  և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։  Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։
17:56 - 24 օգոստոսի, 2022
 Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:  ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայումս գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:  Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:
13:43 - 04 օգոստոսի, 2022
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ:  Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։  Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ-ի հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների լուծման համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը: 
13:11 - 03 օգոստոսի, 2022
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը

 |armenpress.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Վերահաստատվել է հանձնառությունը համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-հայկական կապերի ներկա վիճակին ու հետագա սերտացման հեռանկարներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում: Գոհունակությամբ ընդգծվել է Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության բարձր մակարդակն ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակում: Քննարկվել են առաջիկայում կայանալիք երկկողմ միջոցառումների ծրագրերը:  
16:01 - 02 օգոստոսի, 2022
Անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Երևանում օգոստոսի 1-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում  գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:  ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների  միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
18:38 - 01 օգոստոսի, 2022
Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը

Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը

Հուլիսի 29-ին Երևանում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։ Կողմերն արձանագրել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց առավել ընդլայնման և ամրապնդման համար անհրաժեշտ քայլերին։ Կողմերը շեշտել են Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում՝ հայկական կողմն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Խորհրդակցությունների ավարտին եգիպտական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները և փոխադարձ այցերը, որոնք նպաստում են բազմաոլորտ երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը:
18:28 - 29 հուլիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահին հայտնել է հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահին հայտնել է հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hուլիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով գործընկերոջը ՄԱԿ ԳԱ հաջող նախագահության կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի ներդրումը` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ, որի առանցքում է արդյունավետ բազմակողմանիության գաղափարը: «Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող համագործակցությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրակարգի առաջմղմանը։ Աբդուլա Շահիդը, իր հերթին, բարձր է գնահատել Խորհրդում Հայաստանի ծավալած արդյունավետ գործունեությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։ Հավելվել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորում է ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդման և ոճրագործությունների կանխարգելման համապատասխան մեխանիզմների կատարելագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը և գոհունակություն հայտնել հուլիսի 24-ը կին դիվանագետների օր ճանաչելու Մալդիվների նախաձեռնության կապակցությամբ, ինչի վերաբերյալ բանաձևի համահեղինակ է Հայաստանը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերի: Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և շեշտել ՄԱԿ համապատասխան կառույցների՝ տեղում անարգել ներգրավվածության հրամայականը։ «Նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը հաջորդել է ՀՀ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որին ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳԱ նախագահը հանդես են եկել ելույթով: Այցի շրջանակներում Աբդուլա Շահիդը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կին դիվանագետների հետ, որի ընթացքում կարևորվել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը և կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ քայլերի իրականացումը:
20:58 - 28 հուլիսի, 2022