Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախ կարող են այցելել միայն այն քաղաքացիները, ովքեր իրենց ձեռքին ունեն Covid-19 թեստի բացասական արդյունք․ Արայիկ Հարությունյան

Արցախ կարող են այցելել միայն այն քաղաքացիները, ովքեր իրենց ձեռքին ունեն Covid-19 թեստի բացասական արդյունք․ Արայիկ Հարությունյան

Այսօր իմ զրույցը ձեզ հետ լինելու է նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու մեր հետագա քայլերի վերաբերյալ։ Իհարկե, ես նշել եմ և շարունակում եմ գնահատել  պարետատան աշխատանքը, որը թույլ է տվել մինչ այսօր կանխարգելել վարակի տարածումը, և Արցախում դեպքերը լինում են հատուկենտ և վերահսկելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․ «Բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք ՀՀ-ում վարակակիրների դինամիկայի աճը , իհարկե, հույս ունենաք, որ հասել են գագաթնակետին  և պետք է անկում լինի, բայց անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք պահպանել բոլոր անհրաժեշտ, խստացված կանոնները, որոնք թույլ են տալու մեզ զերծ մնալ վարակման ավելի արագ տեմպերից։ Հանրային գիտակցության մակարդակի բարձրացումն ամանակարևորն է։ Այսօր ես հրավիրել եմ պարետատան հետ հանդիպում․ կոնկրետ նման միջոցառումների՝ թաղումների և նմանատիպ մեծամասշտաբ այլ միջոցառումների հետ կապված հստակ կանոններ ենք ֆիքսելու և պատասխանատվության ենք ենթարկելու այն բոլոր անձանց, ովքեր կխախտեն կանոնը։ Վարակի տարածման ամենամեծ աղբյուրը թաղումներն են, եթե նայենք ՀՀ փորձին, այդ պատճառով մենք պետք է խստացումներ կիրառենք։  Ամեն օր Հայաստանից Արցախ ելումուտ ունի 500-600 մարդ, և եթե Հայաստանի վիճակագրական տվյալներին նայենք, մենք ամեն օր թույլ ենք տալիս Արցախ մուտք գործել այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են և հավանական աղբյուր կարող են դառնալ, դա անհնար է վերահսկել։ Այսօր պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, բայց այդ հանձնարարականը պետք է կյանքի կոչել։ Դա լինելու է  այն, որ սահմանը հատեն միայն, եթե ձեռքին ունեն Covid-19-ի թեստի բացասական արդյունք, այսիքն հետազոտվել նոր գալ։  Նշեմ, որ Պաշտպանության բանակը նույնպես կիրառում է այս մեթոդը։  Մեր սպաները, ովքեր գնացել են ՀՀ, անցել են այդ ստուգումը ,ապա նոր վերադարձել։ Բոլորի համար դա պետք է լինի պարտադիր, անխտիր։  Բացի դրանից, բոլոր մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից  սահմանված կանոներին և պահպանեն այդ կանոնները հետագայում։ Նրանք պետք է ստանան հատուկ թերթիկ, որտեղ կլինեն պարետի որոշումները։ Մենք կփորձենք նաև «Ղարաբաղ Տելեկոմի» կապով պարբերաբար համապատասխան հայտարարություններ տարածելով հրավիրենք մեր հայրենակիցների ուշադրությունը։ Հայաստանի փորձը հաշվի առնելով, ես նպատակահարմար եմ գտնում նաև դիմակ կրելը դրաձնել պարտադիր, և ախտահանման ճիշտ կազմակերպումը։ Դիմակների պարտադիր կրումը չենք ասում լինելու է այսօր, վաղը, բայց պետք է փուլ առ փուլ անցնենք դրան։  Այսօր կքննարկենք նաև Արցախ այցելողների թվի նվազեցման հարցը, որպեսզի հնարավորինս քիչ քաղաքացիներ գան Արցախ, քանի դե ՀՀ-ում թվերի անկում չի արձանագրվել։  Կոչ եմ անում, որ մեր հայրենակիցներին լուրջ վերաբերեն վարակին»։
11:06 - 08 հունիսի, 2020
Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ փոխգործակցված և սերտ աշխատանքի միջոցով նախանշված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան: «Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվել են արտագնա աշխատանքից: Կարծում եմ՝ այս փուլում մեր ջանքերը մեծապես նպաստելու են նաև մեր հայրենակիցների համար հայրենիքում կայուն աշխատանք ունենալուն»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության համար՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է նախանշված հարցերի քննարկումը և պատրաստակամություն հայտնել այդ խնդիրների համապարփակ լուծման նպատակով օր առաջ քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Այնուհետև ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան, որի իրականացման արդյունքում Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք, որից 10.000 հա-ի վրա նախատեսվում է հիմնել նոր այգիներ: Մնացած տարածքներն, ըստ նախարարի, կօգտագործվեն դաշտավարական նպատակով՝ ցանքաշրջանառության կիրառմամբ՝ մշակելով հացահատիկ, յուղատու բույսեր, ընդեղեն և ձավարեղեն՝ էականորեն բարձրացնելով ԱՀ և ՀՀ պարենային անվտանգության մակարդակը:
18:48 - 06 հունիսի, 2020
Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով՝ տեղում պատկան մարմինների պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ: Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը: Այցի ընթացքում Հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվո՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:
21:28 - 05 հունիսի, 2020
Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին:Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին: Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով:Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի»:
09:18 - 05 հունիսի, 2020
Արցախի նախագահն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին

Արցախի նախագահն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել է  զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքը: Նախագահը նշել է, որ ծրագիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում այն ավարտելու համար: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև  մասնավոր ներդրողների կողմից Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ընթացքով՝ կարևորելով, որ առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկեն նոր բնակթաղամասերի կառուցման աշխատանքները: «Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ,  որը թույլ է տալու լուծել հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմի, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքների, սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը և, ամենակարևորը, հիփոթեքային մատչելի պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելով «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» նախընտրական շրջանի մեր կարգախոսը»,- ասել է Ա. Հարությունյանը և ընդգծել, որ մինչև այդ բնակարանների շահագործման հանձնելը նշված սոցիալական խմբերի ընտանիքներին կառավարության կողմից կտրամադրվի բնակվարձի փոխհատուցում: Հանդիպման ընթացքում Դավիթ Սարգսյանը նախագահին է ներկայացրել քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:
14:30 - 04 հունիսի, 2020
Արցախում հսկիչ անցակետի աշխատակիցներ են վարակվել․ Արայիկ Հարությունյան

Արցախում հսկիչ անցակետի աշխատակիցներ են վարակվել․ Արայիկ Հարությունյան

Ես երեկ առաջին անգամ հանդիպել եմ պարետատան ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։ Փորձել եմ պատկերացնել մեր անելիքներն առաջիկայում։ Առաջին անգամ մենք հանրապետությունում ունեցանք 8 վարակակիր, իհարկե այդ բոլորը հիմնականում կապված էին Խարխափուտի մեր հսկիչ կետի ոստիկանության ծառայողների, նրանց ընտանիքի անդամների հետ։  Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  Նախագահը մասնավորապես իր խոսքում ասաց․ «Հիմնականում  պարետատունը, առողջապահության նախարարությունը կարողացել են ճիշտ միջոցների արդյունքում կանխարգելել վարակի տարածումը։  Մեր իրավիճակը կախված է նաև Հայաստանում տիրող իրավիճակից, եթե մեկ ամսի առաջ Հայաստանում մոտ 3000 վարակակիր կար, այսօր այդ թիվն անցել է 10․000-ը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն օր Հայաստանից Արցախ են գալիս ավելի քան 500 հայրենակիցներ, դրա համար հավանականությունը մեծ է, որ այդ մարդկանց մեջ կլինեն վարակակիրներ, դրա համար մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները։ Անհնարին է, որ մենք փակենք սահմանը, քանի որ կան պատճառներ՝  մատակարարումից և այլ անհրաժեշտություններից սկսած։ Սակայն, հնարավոր է ավելի խիստ պայմաններ ստեղծել, մենք կփորձենք սահմանում խստացնել վերահսկողությունը։ Մենք երեկ քննարկում էինք, թե ինչքանով է հնարավոր սահմանին ունենալ արագ թեստավորման լաբորատորիա, որպեսզի Արցախ մուտք գործելուց առաջ այդ հնարավորությունը  տրվի և նոր քաղաքացին մտնի Արցախ։ Սակայն, այսօր դրա վերաբերյալ խնդիր ունենք, մասնագետները նշում են, որ էֆեկտիվությունը այդքան էլ մեծ չէ, չնայած ես կողմ եմ դրան։ Իհարկե, թույլ են տրվել որոշ սխալներ, որոնց պատճառով վարակվել են նաև հսկիչ կետի աշխատակիցները։ Դա նշանակում է, որ հսկիչ կետերում մեր պատասխանատուները բավարար միջոցներ չեն ապահովել։  Մենք նոր խստացումներ կիրականացնենք, բայց  ցանկացած քաղաքացու քաղաքացիական պարտքի զգացումից  և քաղաքացիական պարտքի կատարումից է կախված լինելու տարածման արագությունը։ Այս ընթացքում  վարակի տարածման առումով մենք հաջողել ենք, բայց դա պետք է շարունակվի նաև ապագայում։ Արցախում գրանցվել է 57 դեպք, որից 26-ը չունի այդ վարակը, չեմ ուզում օգտագործել բուժում բառը, քանի որ հիմնականում հիվանդ չէին, ծանր դեպքեր ընդհանուր առմամբ չունեինք։ Չունենք նաև մահվան դեպքեր, բայց դա պայմանավորված է եղել պատահականությամբ, եթե այդ վարակվածների մեջ խրոնիկ հիվանդություններ ունեցողները շատ լինեին, ապա այդ ռիսկն ավելի մեծ կլիներ։ Այսօր ինձ մոտ եմ հրավիրել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարարին և խնդրել եմ մեր հասարակական սեկտորի և մանավանդ երիտասարդների հետ հավաքագրել կամավորական մեծ խումբ, ովքեր ամեն օր պետք է աշխատեն հասարակության հետ։   Մեր նպատակը պատժամիրոցներ, տուգանքներ սահմանելը չէ։ Այս վարակը չպետք է դառնա ազգային սպառնալիք։  Սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ և ինչպես պատերազմի ժամանակ, այսօր  էլ մենք պետք է համախմբվենք և պայքարենք այս վիրուսի դեմ։ Ես վստահ եմ, որ այս պատերազմում էլ մենք հաղթելու ենք, ինչպես միշտ»։ 
10:28 - 03 հունիսի, 2020
Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում»,-ընդգծել է նախագահը և ԱՀ Ազգային ժողովի նախագահին մաղթել հետագա հաջողություններ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության զարգացման: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ շարունակելու է Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: «Այսօրվա հանդիպումն ավելի է մեծացնում իմ՝ որպես խորհրդարանի նախագահի պատասխանատվությունը»,-ասել է նա: Խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջնային խնդիրների հստակ ձևակերպումը: Նա հատկապես շեշտել է ժողովրդագրական խնդիրը, կարևորել հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցել ու խրախուսել՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև պարենային անվտանգության առումով:
18:56 - 02 հունիսի, 2020
Արցախում հասկացել են, որ նոր իշխանությունից սպասելիքներ չկան, Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է |lragir.am|

Արցախում հասկացել են, որ նոր իշխանությունից սպասելիքներ չկան, Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ինչո՞վ եք բացատրում: Գրեթե ամեն օր Ալիևն է հայտարարություններ անում, ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին են խոսում: Նման հավանականություն կա՞, թե ոչ: Ես այդքան էլ շատ չեմ հետևել, բայց կարծում եմ՝ կապված ընդհանրապես աշխարհում ստեղծված վիճակի հետ, այն որ Արցախի հարցով նորմալ շփում, բանակցություն ուղղակի հնարավոր չի կորոնավիրուսի պատճառով, իրենք պետք է ինչ-որ բացատրություն տան իրենց հասարակությանը, թե ոնց է լինելու: Բացի այդ, նավթի գնի հետ կապված տեսնում եք Ադրբեջանի վիճակը, փորձում են կադրային փոփոխություններով թոզ փչել: Այսինքն երկիրը այդ երկու առումով բարդ վիճակում է և նման պայմաններում ի՞նչ է մնում անել: Մնում է ռազմատենչ հայտարարություններով շեղել մարդկանց, մյուս կողմից աշխարհի ռեակցիան ստուգել, ինչն էլ անում են: Ալիևի հայտարարությունից հետո արձագանք եղավ Արցախից. նախագահը հայտարարեց՝ եթե ուզում եք ուժային ճանապարհով լուծում, դա էլ կստանաք: Հիմա խնդիրը ուժային ճանապարհո՞վ պետք է լուծվի: Դե եթե Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, համապատասխան մեր կողմից էլ պետք է պատասխան լինի: Ուրիշ բան չկա: Կոնկրետ էստեղ խնդիրը երկրների վիճակն է, մասնավորապես, բավական բարդ վիճակում է  Ադրբեջանը, բանկեր են պայթում, բյուջեի խնդիրներ կան և այլն: Իրենց բյուջեի 60 տոկոսը նավթի վրա է: Հիմա պատկերացրեք, թե ինչքան միլիարդներ են կորցնում: Արցախում բուռն արձագանք գտավ Սամվել Բաբայանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Դուք ինչպես եք գնահատում այդ նշանակումը: Սամվել Բաբայանի հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր է: Իհարկե, շատ մարդկանց համար ինքը շատ անընդունելի է: Մյուս կողմից, երբ ստորագրություններ էր հավաքում, առավել թշվառ զանգվածներ կային, որոնք իր հետ ինչ-որ հույսեր էին կապում: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Շատերը չեն կարողանում հասկանալ, թե ոնց կարելի էր նման նշանակում անել: Անգամ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներից եղան, որ շատ կոշտ գնահատականներ, մեղադրանքներ հնչեցրեցին: Մնացածի մասին չեմ էլ խոսում: Ես չգիտեմ՝ ոնց են որոշել: Դրանից հետո Արայիկ Հարությունյանն իր ելույթում ամեն կերպ փորձեց ասել, թե Երևանում են որոշում ընդունել, Երևանի հետ են վերջնական հայտարարի եկել: Այսինքն ինքն էլ ուզում է պատասխանատվությունն իր վրայից գցել: Ինձ թվում է, որ ինքը բացատրություն չունի հիմնականում իր կողմնակիցների համար: Դե հիմա ինչ կլինի, ոնց կլինի, կյանքը ցույց կտա: Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Մասիս Մայիլյանը նորից նշանակվեց ԱԳ նախարար: Ես փորձում էի հասկանալ բացատրությունները: Արայիկ Հարությունյանն ասում է, որ Մայիլյանը այդքան ձայն է ստացել, երկրորդ ֆիգուրն է, և ինքը չի կարող հաշվի չնստել ժողովրդի ձայների հետ: Բայց թե իրականում ինչ է եղել, չեմ կարող ասել: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:51 - 02 հունիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ: «Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:
17:29 - 01 հունիսի, 2020
Յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքը երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր դարձնելն է․ ԱՀ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքը երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր դարձնելն է․ ԱՀ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղում եմ ջերմագին շնորհավորանքներս բոլորին՝ անկախ տարիքից: Բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա կառուցելու պետական քաղաքականության և յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքն առաջին հերթին մեր երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր ու պայծառ դարձնելն է, նրանց իրավունքների պատշաճ երաշխավորման պայմաններում առողջ, զարգացած ու ստեղծարար սերունդ դաստիարակելն է:Պետությունը վստահաբար շարունակելու և ընդլայնելու է կրթական, առողջապահական և սոցիալական բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերելու առողջ ու զարգացած սերունդ ունենալու և այն ազգային արժեհամակարգով դաստիարակելու գործին: Մեր երեխաների անվտանգ ու երջանիկ մանկության իրավունքի իրացումը պետության առաջնահերթ պարտականությունների թվում է, և իշխանությունների կողմից արվելու է առավելագույնն այն հավուր պատշաճի իրականացնելու համար:Սիրելի՛ երեխաներՏարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և կրթական ու ստեղծագործական շարունակական հաջողություններ»։
10:24 - 01 հունիսի, 2020