«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները» |hetq.am|

Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները» |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանում վեցերորդ օրն է շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով երկու կուսակցությունների և երկու դաշինքների դիմումների քննությունը: Այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում դիմող կողմի ներկայացուցիչները հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ելույթում պնդեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ատահայտում ժողովրդի իրական կամքը, «ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը  խեղքաթյուրված է»: Վարդևանյանի խոսքով՝ հենց վարչական ռեսուրսի չարաշահում է այն, որ վարչապետը հրաժարականի դիմումից հետո շարունակել է պաշտոնավարոումը` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ նրա՝ իրավապահ համակարգը չի ունեցել այն անկախությունը, որը պետք  է ունենար: «Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների  արդյունքների վերաբերյալ վեճ չէ»,-ասաց Վարդևանյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
12:53 - 14 հուլիսի, 2021
Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքապետներին այսօր փորձում են կալանավորել, սա կապված է ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան |tert.am|

Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքապետներին այսօր փորձում են կալանավորել, սա կապված է ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Հետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:«Նա որոշումներ է կայացնում և ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել, տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ և առհասարակ մեր դաշինքի համախոհների, անդամների նկատմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել: «Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- նշեց նա:
17:06 - 13 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի մանդատները չգերազանցեն 3/5-ը |hetq.am|

«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի մանդատները չգերազանցեն 3/5-ը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքը պահանջում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները սահմանափակվեն պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչև 3/5-ով (երեք հինգերորդ)։ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացրած պահանջներից մեկի՝ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու հիմքում հենց այս պնդումն է դրված։  Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությանը դատավոր Վահե Գրիգորյանը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին, թե ինչու պետք է մինչ 3/5-ը դիտարկվի այն առավելագույն չափը, որ ժողովրդի ընտրությամբ ստացած որևէ քաղաքական ուժ զբաղեցնի հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։  Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ 2016 թվականի ընտրական օրենսգիրքը չէր ընդունվել միայն մեկ ուժի կամքով, այլ՝ լայն կոնսոլիդացիայի և համաձայնության արդյունքում։ Նրա խոսքով՝ սահմանադիրը ցանկացել էր, որ 2015 թվականից հետո սահմանադրական օրենքները ընդունվեն ոչ թե մեկ ուժի կամքի արտահայտմամբ, այլ կոնսոլիդացիայիբ ձևով, զսպումների և հակակշիռների իրացման ձևով։  Արամ Վարդևանյանը մի քանի օրինակ նշեց․ «2022թ․ նոր դատախազ պետք է ընտրվի․ սահմանադիրն ուզել է, որ գլխավոր դատախազը չլինի մեկ ուժի կողմից նշանակված, սահմանադիրն ուզել է, որ գլխավոր դատախազն ունենա նման անկախություն։ Սահմանադիրն ուզել է, որ ԿԸՀ անդամները չընտրվեն մեկ ուժի կողմից, այլ ընտրվեն կոնսոլիդացիայի արդյունքում։ Մարդու իրավունքները պաշտպանն ընտրվի կոնսոլիդացիայի արդյունքում, այլ ոչ թե մեկ ուժի կամքի արտահայտությամբ։ Սահմանադիրը ուզել է, որ հենց ՍԴ դատավորները ևս ընտրվեն ոչ թե մեկ ուժի որոշմամբ, այլ մի քանի ուժերի, որովհետև 3/5-ը ընդդիմադիրների ուժն ու դերը բարձրացնելու համար է եղել՝ դրանով իսկ երաշխավորելով ժողովրդավարության սկզբունքի դասական իրացումը»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:26 - 13 հուլիսի, 2021
Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով այսօրվա նիստում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դիմումում տեղ գտած այն պնդմանը, որ ընտրությունների օրը կատարված իրավախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները համանման մոտեցում չեն ցուցաբերել իշխող կուսակցության եւ այլ թեկնածու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից ֆեյսբուքում արված գրառման մասին է, որում նա հրապարակելով 24 համարի քվեաթերթիկը՝ գրել էր. «Մերժվածները»:  «Հայաստան» դաշինքի դիմումում նշվել է, որ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից հենց քվեարկության ընթացքի մեջ լինելու պայմաններում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պարունակող նյութ է հրապարակվել, սակայն այդ կապակցությամբ չի արձանագրվել որեւէ իրավական հետեւանք, կանխարգելիչ գործունեություն: Սեւակ Հովհաննիսյանը հակադարձեց. «Պետք է նշեմ, որ գլխավոր դատախազությունը հենց նույն օրը ՀՔԾ է ուղարկվել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քվեարկության խցիկը նկարահանելու վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը, որի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»: Այնուհետեւ, անդրադառնալով համանման մեկ այլ դեպքի՝ դատախազն, իր խոսքերով, «հակառակորդ ճամբարից» օրինակ բերեց: «Ֆեյսբուքում Նարեկ Սամսոնյանի կողմից հրապարակվեց նույնաբնույթ լուսանկար եւ գրառում, որ ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ հրապարկում է թիվ 3 քվեաթերթիկը: Այս դեպքում եւս կայացվել է նման որոշում (քրգործի հարուցումը մերժվել է-խմբ.) եւ հիմք է հանդիսացել նշված երկու անձանց կողմից տրված բացատրությունը, որ համացանցում են հանդիպել լուսանկարը, ներբեռնել են իրենց հեռախոսի մեջ...»,- ասաց Երեւան քաղաքի դատախազը:
15:26 - 12 հուլիսի, 2021
Հուլիսի 10-ից դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել

Հուլիսի 10-ից դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել

Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել՝ ուղղված Մեղրիի բնակիչներին: Ուղերձը՝ ստորև. «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,   սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները: Ինչպես գիտեք «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա: Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ:  Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար: Հարգելի՛ մեղրեցիներ, իմ քաղաքական տեսակետը որևէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, և ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին և ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր  գործընթացներում: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին, ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ ևս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և Մեղրի համայնքին»:
10:04 - 10 հուլիսի, 2021
Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու  հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։  Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։  «Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։ Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
12:07 - 09 հուլիսի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Հակաօրինական այս գործողությունների նպատակն է թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից․ «Հայաստան» դաշինք

Հակաօրինական այս գործողությունների նպատակն է թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Հայրենակիցներ, Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ  իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են  խորացնում երկրում առկա քաղաքական  ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը: Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»:
16:35 - 08 հուլիսի, 2021
Սյունիքում այսօր Ոստիկանության, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի՝ 15-ից ավելի քննչական խմբեր կան․ խուզարկում են ԶՊՄԿ-ն, Քաջարանի համայնքապետի, 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ․ Վահե Հակոբյան
 |tert.am|

Սյունիքում այսօր Ոստիկանության, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի՝ 15-ից ավելի քննչական խմբեր կան․ խուզարկում են ԶՊՄԿ-ն, Քաջարանի համայնքապետի, 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ․ Վահե Հակոբյան |tert.am|

tert.am: Մոտ մեկ ժամ է՝ Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը խուզարկություն է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, խուզարկում են իրավաբանի աշխատասենյակը՝ անհիմն փաստարկներով։ Այս մասին  զրույցում ասաց կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ «Իրենց սովորական ձեռագիրն է, մեկից ինչ-որ ցուցմունք են կորզել ու դրա հիման վրա հարուցել են քրեական գործ ու անում են քննչական գործողություններ։ ԱԱԾ-ից էլ են մարդիկ եկել․ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, հատուկ գրոհայիններով եկել են։ Սյունիքում այսօր 15-ից ավել քննչական խմբեր են՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի»,-ասաց նա։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս պահին խուզարկում են նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը՝ Հակոբյանն ընդգծեց, որ թե՛ դա, թե՛ կոմբինատի խուզղարկությունը, թե՛ երեկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը դիտարկում է մեկ շղթայի մեջ։ Նրա տեղեկացմամբ՝ Փարամազյանից բացի՝ խուզարկում են նաև կոմբինատի 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ։ «Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն, դրա համար նպատակային ցուցմունք կորզեցին։ Թիրախ ընտրեցին կին համայնքապետի՝ Քարահունջի ղեկավարին, փորձեցին «կոտրել», ինչպես հասկացա՝ այդ կինը ցուցմունք է տվել, սա սուտ մատնություն կարելի է դիտարկել այդ կնոջ կողմից։ Իրեն չեմ մեղադրում, ամեն մեկը չի կարող դիմանալ թիրախավորմանը»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։   
11:28 - 08 հուլիսի, 2021
Դատարանը քննում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

Դատարանը քննում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու քննիչի միջնորդությունը: Ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացվում, այնտեղ է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:  Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետիսյանը օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ է տրամադրել նրանց և  հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին:  Բացի այդ Ավետիսյանը սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա հարկադրել նրան մասնակցել «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է ընտրությունների օրը կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
13:50 - 07 հուլիսի, 2021
Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին: Բացի այդ, Լ.Ա.-ն սոցիալական   և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին  և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լ. Ա.-ին 06.07.2021 թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
19:01 - 06 հուլիսի, 2021
Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ խորհրդարանում «Հայաստան» դաշինքից լինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ խորհրդարանում «Հայաստան» դաշինքից լինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները |armenpress.am|

armenpress.am: Հայ հեղափոխական դաշնակցությունը բացառում է այնպիսի տարբերակ, որ «Հայաստան» դաշինքից խորհրդարանում կլինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները. որոշում կայացնելու է դաշինքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է միայն ՀՅԴ ներկայացուցիչները մտնեն խորհրդարան: «Բացառվում է, որ միայն ՀՅԴ-ն մտնի: Այդ որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը և որոշումը կլինի ամբողջական: Երբեք չի կարող գործընկերներից մեկն առանձին դիրքորոշում ունենալ: Որոշումն ընդունվելու է համատեղ: Վերջնական որոշումը կընդունենք ՍԴ-ի եզրակացությունից հետո»,-ասաց Սաղաթելյանը: Նրա վստահեցմամբ՝ այդ որոշումը բխելու է իրենց պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե դաշինքը գա այն եզրակացության, որ այդ մանդատները վերցնելով իրենց պայքարին նոր ուժ են տալու, օգտվելու են նաև խորհրդարանական ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից, ուրեմն կգնան այդ տարբերակով, կվերցնեն մանդատները և պայքարը կշարունակեն: «Հայաստան» դաշինքը խորհրդարան չմտնելու քննարկումներ ունեցել է հատկապես սկզբնական օրերին: «Հիմա հակված ենք մյուս տարբերակին: Բայց վերջնական դիրքորոշումը կհայտնենք ՍԴ-ի որոշումից հետո»,-ասաց Սաղաթելյանը: Արծվիկ Մինասյանն էլ, խոսելով ՍԴ ներկայացված դիմումի մասին՝ նշեց՝ ակնկալվում է, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ԿԸՀ-ի որոշումն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ և կկայացնի 3 հնարավոր որոշումների մեկը: «Որոշում կարող է կայացնել առաջինը՝ մանդատների բաշխման կարգը փոխելու մասին, երկրորդ՝ նոր ընտրություններ նշանակելու մասին և երրորդ՝ ընտրությունների 2-րդ փուլ նշանակելու մասին: Այս բոլոր որոշումների հիմնական միտքն ու տրամաբանությունը հենված է այն հիմնարար և լրջագույն ապացուցողական բազայի վրա՝ ըստ որի հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումներ, որոնք չեն կարող արտացոլել իրական պատկերը հասարակության մոտ՝ քաղաքական ուժերին տրված վստահության քվեների մասով»,-ասաց Մինասյանը: Նա հավելեց՝ ակնկալում են, որ ՍԴ-ն կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ապացույցները, ներկայացված փաստերը և կայացնել այդ որոշումներից որևէ մեկը: Դաշինքը հուսով է նաև, որ հունիսի 9-ին՝ առաջին նիստին ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխարգելել իրավախախտումները: «Կներկայացվի նաև բավականին լուրջ տեղեկատվություն՝ կրկնաքվեարկությունների, նյութական ռեսուրսները մասսայական օգտագործելով, ըստ էության, պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելուն ուղղված քայլերի մասին»,-ասաց նա ու հավելեց՝ վստահ են, որ դրանք  ոչ միայն ներպետական դատական համակարգում, նաև միջազգային իրավական համակարգում պատշաճ  գնահատման ենթակա փաստեր են:
14:06 - 06 հուլիսի, 2021
Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը․ «Հայաստան» դաշինք

Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր երկրի կարևորագույն խորդանիշներից մեկի՝ ՀՀ Սահմանադրության օրն է։ 1995 թ. հուլիսի 5-ին համապետական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունն, ըստ էության, վերահաստատեց Հայաստանի Անկախության հռչակագրում արտացոլված՝ անկախ և ինքնիշխան պետություն, զարգացող և բարգավաճող հայրենիք, բարեկեցիկ և համերաշխ հասարակություն, ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալու մեր հավաքական իղձերն ու արժեքները։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին մեր պետության կառավարման և պետության կառուցման ամենաէական սկզբունքները՝ իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն կառուցելու մեր հանձնառությունը: Հետագայում, հաշվի առնելով երկրի զարգացման և կառավարման համակարդի միտումները, 2005 և 2015 թթ. հանրաքվեներով Սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, սակայն ազգային կայուն, ժողովրդավարական պետականություն և իրավական երկիր ունենալու մեր հավաքական ձգտումները մնացին անառարկելի։ Նախընթաց տարիներին, որոշ բացթողումների կողքին, պետք է նշենք, որ մեր Մայր օրենքը կյանքի կոչելու ուղղությանբ քիչ գործ չի կատարվել․ Սահմանդրությանբ ամրագրված նորմերն ու սկզբունքները նպաստել են պետական ինստիտուտների կայացմանը, խթանել են իրավական դաշտի բարեփոխումներին։    Սահմանադրության օրը նաև բացարձակ արժեք հանդիսացող այս փաստաթղթի գնահատման և մեր պետական ու քաղաքացիական գիտակցության մեջ վերջինիս արժևորման օրն է։ Ավաղ, վերջին երկու-երեք տարիներին երկրի քաղաքական ղեկավարության և քաղաքական մեծամասնության կողմից որդեգրված քայլերն ու արձանագրվող արդյունքները վկայում են, որ երկրում Սահմադրական կարգի և նորմերի  խախտման փաստերը բազմաթիվ են և համակարգային։ Խաթարվել է իրավական երկրի հիմքերն ու ժողովրդի իշխանության վրա հիմնված Հայաստանի Հանրապետության պետականության արժեհամակարգը, կասկածի տակ է երկրի ինքնիշխանությունն ու նրա հետագա զարգազման ընթացքը։ Այս ամենի բացասական հետևանքներն ազդում են նաև երկրի միջազգային վարկանիշի վրա։ Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը, ջանքեր չխնայելու, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերն ու իրավունքները իրական և շոշափելի դառնան Հայոց պետականության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մենք միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի»։
17:26 - 05 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր կազմակերպված ճեպազրույցին հայտարարեց դաշինքնի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ իրենք վիճարկում են ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունն ու օրինականությունը, ինչպես նաև որոշման հիմքում դրված փաստական տվյալները։ Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու և՛ քանակական խախտումների մասով, այսինքն՝ քվեարկության օրվա վերաբերյալ խնդիրների, և՛ որակական առումով, ինչը ըստ Վարդևանյանի՝ վերաբերում է մայիսի 10-ից առաջացած խնդիրների խմբին։ ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից։ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ ներկայացրել են մի շարք ապացույցներ ընտրախախտումների մասին, ինչպես նաև 109 ընտրատեղամասերի արդյունքների իրենց վերլուծությունը, ինչը վերաբերում է 88 հազար ձայնի, որոնցից 4 հազար ձայնի մասով «Հայաստան» դաշինքն արձանագրել է, որ ընտրատեղամասում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։ «Հարցերից մեկն էլ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին, երբ վերջինս հրաժարական է տալիս։ Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել․ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակն այդպես պահպանելը՝ ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող մնալ պաշտոնակատար։ Բոլոր դեպքերում այդ կարգավիճակը պահպանվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման։ Եվ մենք այս շղթան ևս հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց Վարդևանյանը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված ատելության խոսքն էր։ Ըստ Վարդևանյանի՝ ագրեսիվ հռետորաբանությունը կարող է տեղավորվել խոսքի ազատության տրամաբանության մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանը կողմից կիրառվել է աննախադեպ ծավալի ատելության խոսք։ Վարդևանյանի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դիմումի հետ մեկտեղ գրություն-միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ դիմումի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, քանի որ ըստ Արամ Վարդևանյանի՝ Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ՝ կոնկրետ գործով հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և Սեյրանի Օհանյանի։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:17 - 02 հուլիսի, 2021
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզչությանը. քրգործն ուղարկվել է դատախազին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզչությանը. քրգործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Գորիսի «Գուսան Աշոտ» մշակութային կենտրոնի տնօրենի կողմից կենտրոնի աշխատակիցներին «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցել ստիպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 7-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության աշխատակիցներին հրավիրել է ժողովի, որի ընթացքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամների կողմից Գորիս կատարվելիք այցի մասին և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել նշված դաշինքի կողմից Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության թանգարանի դիմաց հանդիպելով գրադարանավարին և տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, խոչընդոտել է նրան մասնակցել նշված կուսակցության հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
13:03 - 02 հուլիսի, 2021