ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ՝ դատական կարգով հողա­մա­սի օտարման աճուրդը, դրա հիման վրա կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերն անվավեր ճանաչելու և սահմանված կարգի խախտմամբ համայնքի ղեկավարի որդու կողմից ձեռք բերված համայնքապատկան հողամասը իր օրինական տիրոջը՝ համայնքին վերադարձնելու  նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Միաժամանակ, մարզի դատախազը միջնորդագրով ընդգծել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը: «Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանին առաջադրվել էր մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս մեղադրվում էր այն բանի համար, որ իբրև համայնքի ղեկավար, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին. 2017թ. ապրիլի 10-ին ավագանու հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսական նշանակության 0,04 հա հողա­մա­սը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուց­վածք­ների օբյեկտների հողերի կատեգորիայի գործառնական նշանակության փոխադրելու որոշումը: Նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը՝ նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ավագանուն ներկայացրել հիշյալ 0.04 հա հողատարածքն աճուրդով օտարելու մասին որոշումը, որը հաստատվել է: Այնուհետև, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ աճուրդավարի հետ փոխշաղկապված անձանց սակարկություններին մասնակցելու արգելքը, 2017թ. հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարի՝ որպես աճուրդավարի, ղեկավարմամբ անցկացվել է նշված հողամասի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել նրա որդին, ում հետ կնքել է հողամասի առու­վա­ճառքի պայմանագիր: Կարճ ժամանակ անց համայնքի ղեկավարը որդու միջոցով նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության ոլորտի ընկերութ­­յանը՝ արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիս ստանալով ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Այդ կերպ էական վնաս է պատճառվել Հարթագյուղ համայնքի իրավունքներին՝ վերջինիս զրկելով նույն չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: 2021թ. հունվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի նախաքննության և դատական քննության ընթացքում մեղադրանքի ծավալում ներառված՝ համայնքին պատճառված վերոնշյալ նյութական վնասն ամբողջապես վերականգնվել է: Դատարանի 2021թ. մայիսի 11-ի դատավճռով Անդրանիկ Հարությունյան մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման մեջ ու դատապարտվել տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:10 - 20 դեկտեմբերի, 2021
Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով |1lurer.am|

Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով |1lurer.am|

1lurer.am: Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ Ըստ ծանուցման՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել ամփոփագիր։ Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, դեկտեմբերի 27-ին հրավիրվել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով։ Նունե Նիկոլյանին, Հրանտ Բեգլարյանին և Նատելլա Բեգլարյանին պատկանող գույքերը, ըստ դատախազության, հանդիսանում են բռնագանձման ենթակա։ 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է Երևանի Կենտրոնում՝ Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզը՝ 233.4 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի ավագանու և քաղաքապետ եղած ժամանակվա իր համապատասխան որոշումներով Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23 միլիոն դրամով օտարել էր սեփական որդուն՝ Հրանտ Բեգլարյանին։ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ այս տարվա մայիսին նա վերադարձել էր ՀՀ՝ դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցելով պատճառված վնասը։ Եվս 50 միլիոն դրամ Բեգլարյանը վճարել էր խափանման միջոց գրավի համար։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
13:14 - 20 դեկտեմբերի, 2021
Արթուր Դավթյանը ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի նստաշրջանի նախագահի հետ քննարկել է անդրազգային հանցավորության դեմ պայքարի և համագործակցության խնդիրները

Արթուր Դավթյանը ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի նստաշրջանի նախագահի հետ քննարկել է անդրազգային հանցավորության դեմ պայքարի և համագործակցության խնդիրները

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, ով նաև ընտրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի՝ ընթացող 9-րդ նստաշրջանի նախագահ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, այդ թվում նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորություններին, կապված երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների զգալի աճի հետ՝ միմյանց երկրներում նրանց իրավական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցին, իրավական ոլորտի տարբեր ուղղություններով գործակցության ամուր իրավական հիմքեր ձևավորելու հեռանկարներին: ՀՀ գլխավոր դատախազն արժևորել է ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի այս տարվա նստաշրջանը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Ընդգծելով Վարչական վերահսկողության ծառայության դերը Եգիպտոսի իրավապահ համակարգում՝ Արթուր Դավթյանն առաջարկել է ՀՀ դատախազության և այդ կառույցի միջև համագործակցության նոր կամուրջներ ստեղծել: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Նա խոսել է ռազմական գործողություններում հայ խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման  փաստերի մասին՝ ակնկալելով տարածաշրջանում բույն դրած այդ չարիքի դեմ պայքարում բարեկամ երկրների աջակցությունն ու սերտ համագործակցությունը: Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի բաձրարցրած բոլոր մտահոգություններին և այդ շրջանակներում բոլոր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել: Մասնավորապես, նկատի ունենալով, որ առաջիկա տարվա ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունն ստանձնում է Եգիպտոսը, և որ ՄԱԿ-ի  թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) ղեկավարում է Եգիպտոսը ներկայացնող Ղադա Վալին,  նա առաջարկել է աջակցել միջազգային հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ՀՀ նախաձեռնություններին: Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահը հատուկ շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի՝ դարեր շարունակվող բարձր հեղինակությունն ու դերն իր երկրում: Նշելով, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը բարեկամ են Եգիպտոսի համար՝ նա փոխանցել է իրենց շահագրգռությունը՝ ակտիվացնելու Հայաստանի հետ երկկողմ կապերը բոլոր ոլորտներում:
15:57 - 16 դեկտեմբերի, 2021
Դատախազության միջնորդագրի արդյունքում ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

Դատախազության միջնորդագրի արդյունքում ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

Վ. Գալստյանը, 2011թ. ապրիլի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչի պաշտոնը, 2019-2020թթ. ընթացքում քաղաքացիների կողմից կանոնները խախտելու համար վճարված ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամը ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «Գումարները մեկ օրյա ժամկետում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել, փոխարենը՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելով՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար»,- հայտնում են դատախազությունից: Վ. Գալստյանին  մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր  արարքի կատարման համար: Նախաքննության ընթացքում նա  ընդունել  էր իրեն առաջադրված մեղադրանքը, տվել  խոստովական ցուցմունք և ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու, ինչի արդյունքում 2021թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով Վ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով: ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով նախաքննության ընթացքում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները: Մասնավորապես, պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ  տեղ գտած այդ թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար, առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, վերոնշյալ գործընթացների նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով: Արդյունքում` դատախազության միջնորդագիրը, համաձայն ստացված գրության, քննարկվել է ՀՀ ոստիկանությունում և որոշում է կայացվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործառութային պարտականություններում կատարել փոփոխություններ՝ հասցեականացնել ու կոնկրետացնել նշված գործընթացների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակը:
19:00 - 15 դեկտեմբերի, 2021
Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Կողմերը քննարկել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության արդիական հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան, փոխվստահության և փոխգործակցության մակարդակի շարունակական աճը, ինչի վկայությունն են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների արդյունավետ փոխայցելությունները: Դրանց ընթացքում պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական վերահսկողության, ինչպես նաև ալ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Բացի այդ նշվել է նաև, որ  օպերատիվ լուծումներ են ստանում երկուստեք բարձրացվող քրեաիրավական բնույթի խնդիրներ՝ հիմքում ունենալով երկու երկրների ներքին օրենսդրության հարգումը, իրավական անվտանգությունը, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի  ամրապնդման համատեքստում միմյանց երկրների տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ապահովությունը և իրավունքները: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, գոհունակություն է հայտնել Իրանի գլխավոր դատախազի անմիջական միջամտությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին Հայաստանի իրավասու մարմինների միջնորդություններն Իրանի իրավասու մարմինների կողմից կատարելու խնդրի լուծման կապակցությամբ։ Արթուր Դավթյանը և Ամին Հոսեյն Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունից տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ: Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, հակառակին ուղղված միտումները թույլ չտալու հարցում: Կրկին շեշտվել է այս ուղղությամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականությունն ցուցաբերելու և եկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
17:18 - 15 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:  Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ  ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին: Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում: «Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը: Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ: Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա: Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն: «Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:
13:30 - 15 դեկտեմբերի, 2021
Ռազմական, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները թաքցվում են կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո. Արթուր Դավթյան

Ռազմական, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները թաքցվում են կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում դեկտեմբերի 14-ին հանդես է եկել ելույթով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ստրատեգիական բնույթ, որի հիմնական խնդիրներից է հակակոռուպցիոն նոր կառուցակարգերով ինստիտուցիոնալ մոդելի ներդրում: Որպես դրա բաղադրիչներ՝ Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փաստաթղթերի պահանջներին համապատասխան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիադատավարական ինստիտուտի ներդրումը, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաև այդ բնույթի գործեր քննող դատավորների մասնագիտացումը:   Կոռուպցիայի կանխարգելման համատեքստում ընդգծվել է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրման, դատական համակարգում և դատախազությունում պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը: Նշվում է, որ այս ամենով հանդերձ, Արթուր Դավթյանն առանձնահատուկ շեշտադրում է կատարել ազգային մակարդակով ժողովրդավարությունների ամրապնդման, պետությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության վրա լրջագույն բացասական ազդեցություն ունեցող այնպիսի երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության վրա, ինչպիսին է կոռուպցիայի արտահանումը միջազգային հարաբերությունների հարթակներ: «Կոռուպցիայի արտահանման, օտարերկրյա, միջպետական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց կաշառելու աճող միտումները ստեղծում են լրացուցիչ մարտահրավերներ մարդու իրավունքների պաշտպանության իրագործման, ժողովրդավարական կառավարման և հասարակությունների կայուն զարգացման համար՝ ծայրահեղ բացասաբար ազդելով տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա: Բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում նաև ռազմական, մարդկության դեմ գործվող  հանցագործություններ, թաքցվում են նմանատիպ կաշառքի և կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Դա առանձնապես զգալի դարձավ նախորդ տարի Լեռնային-Ղարաբաղի ժողովրդի դեմ գործված  ռազմական ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվում էր Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններով և բոլորին քաջ հայտնի մերձավորարևելյան տարածաշրջանի ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար այլազգի ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ: Այդ պատճառով, նմանատիպ հանցագործությունները ժամանակին կանխելու և դրանց հակազդելու համար չափազանց կարևոր է վերոնշյալ միտումներին արձագանքելը»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցության խորացման հարցում ՀՀ դատախազության լիարժեք  պատրաստակամությունը:
13:12 - 15 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

armlur.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: Նա հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ քննություն է ընթանում: Ինչպես հայտնի է օրերս հրապարակվեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Մասնավորապես գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։
12:53 - 15 դեկտեմբերի, 2021
Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների միջև կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, քրեական գործերով իրավական փոխօգնության մեխանիզմների գործարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի կարևորությունը համամարդկային այս չարիքի կանխարգելման, դրա դեմ պայքարի ունիվերսալ միջոցների մշակման, լավագույն փորձի յուրացման և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից՝ Արթուր Դավթյանը և Նիդա Գրունսկինեն քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխումները և դրա շրջանակներում երկու երկրների դատախազությունների միջև առավել թիրախային համագործակցության ծավալման հարցերը: Արթուր Դավթյանը շեշտել է, որ բարեփոխումների ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով հետխորհդրային ընդհանուր ժառանգության պայմաններում հակակոուպցիոն պայքարի եվրոպական չափորոշիչների տեղայնացման ուղղությամբ արձանագրած հաջողությունները: ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջն ընդհանուր գծերով ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների մասնագիտացման և այլ կառուցակարգերի ներդրման գործընթացները: Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազը շեշտել է իրենց շահագրգռությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ կապերին նոր որակ հաղորդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակը հստակեցնելով այդ ուղղություններով գործակցությունն ամրապնդելու առումով: Այս հարցերն առավել հանգամանալից քննարկելու, հարաբերությունները զարգացնելու նոր մեկնարկ ապահովելու համատեքստում տիկին Գրունսկինեն  Արթուր Դավթյանին հրավիրել է այց կատարել Լիտվա:                    
16:44 - 14 դեկտեմբերի, 2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները: Մասնավորապես՝ թիրախային հարցերից են Համաժողովի կողմից ընդունված համապատասխան հռչակագրերի համաձայն անդամ երկրների կողմից կոռուպցիայի կանխարգելման պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը, կոռուպցիայի միջոցով ստացված ապօրինի եկամուտների, ակտիվների վերադարձման մեխանիզմների կատարելագործումը և այս ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցները, նշված բոլոր ոլորտներում միջազգային համագործակցությունը և դրա շրջանակներում անդամ երկրների միջև իրավական փոխօգնության կառուցակարգերի զարգացումը, ինչպես նաև այլ խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով` ներկայացնելով Հայաստանում հակակոռուպցիոն համալիր՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակներն ու ընթացքը, անդրազգային կոռուպցիայի, փողերի լվացման և ապօրինի շրջանառության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ՀՀ դատախազության տեսլականը: Աշխատանքային այցի և համաժողովին մասնակցության շրջանակներում նախատեսված են ՀՀ գլխավոր դատախազի՝ երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ:       
15:07 - 13 դեկտեմբերի, 2021
Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում. Դատախազություն

Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում. Դատախազություն

Դատախազության պարզաբանում է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության որոշման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներին։  Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումները, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի տառացի մեկնաբանության և պատգամավորական անձեռնմխելիության հայեցակարգի հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարի վրա, եղել է այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է արդեն իսկ այդպիսի կարգավիճակ ունեցողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ Ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը, դրանք շարունակելուն։  Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է, որ վերջինս քրեական հետապնդում հարուցելուց անձեռնմխելիության կապակցությամբ փաստացի համաձայնել է վերը նշված հստակ, սահմանադրի պարզ կամքն արտահայտող մոտեցմանը և գտել, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում։ Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու կապակցությամբ և փաստել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել ազգային ժողովի գործունեությանը։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, և դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից։ Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս առումով խեղաթյուրվում է նաև անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։ Բանն այն է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն շնորհված է, իբրև պատգամավորի, նրա գործունեության ազատությունն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական հետապնդումը և ազատությունից զրկելը բացառելու նպատակով։ Ավելի պարզ՝ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով անմիջականորեն կամ անուղղակիորեն պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով նախքան պատգամավորի մանդատն ստանալն անձի նկատմամբ հարուցված և սկսված քրեական հետապնդումը, տեղի ունեցած ազատությունից զրկումը չեն էլ կարող պայմանավորված լինել նրա պատգամավորական գործունեությամբ, չեն կարող կապված լինել դրա ազատությունը սահմանափակելու հետ, հետևաբար դրա նկատմամբ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվել չի կարող։  Բացի այդ, սահմանադրական դատարանի որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում մեկ այլ առումով ևս։ Խնդիրն այն է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիության՝ ամբողջությամբ նույնական իրավակարգավորումները սահմանադրական դատարանի որոշմամբ անհասկանալի կերպով ենթարկվել են սկզբունքորեն տարբերակված մեկնաբանության այն դեպքում, երբ մեջբերված սահմանադրական դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի կամքը այդ երկու դեպքերը միատեսակ իրավակարգավորման ենթարկելն է։ Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրության 96-րդ հոդվածի դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի միասնական կամքն այն է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու նկատմամբ, իսկ նախքան պատգամավորի մանդատն ստանալը հարուցված քրեական հետապնդումը և տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելու նկատմամբ չի տարածվում։ Այնինչ, սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար՝ պահանջվում է։ Այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը, որոշմամբ արձանագրել է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը կամ այն սահմանափակելը կայացած և իրական ժողովրդավարական պետություններում դրսևորվող միտում է։ Եվ չնայած այդ կերպ անձեռնմխելիությունն ուժեղացնելը դիտարկում է որպես ժողովրդավարական չհամարվող պետություններին բնորոշ երևույթ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր վտանգավոր իրավամեկնաբանությամբ փաստացի ինքն է ուժեղացնում այդ ինտիստուտը»:
11:27 - 13 դեկտեմբերի, 2021
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել պետհամարանիշներ հափշտակելու և վերադարձի գումար պահանջելու համար

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել պետհամարանիշներ հափշտակելու և վերադարձի գումար պահանջելու համար

Իրենց ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակման և դրանք վերադարձնելու դիմաց իրենցից գումար պահանջելու դեպքերի առթիվ քաղաքացիներից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և միացվել մեկ վարույթում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Բ.-ն, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ա Ա.-ի հետ, խմբի կազմում 2021թ. հունիս ամսին, տարբեր օրերի և ժամերի Մ. Բ.-ի կողմից շահագործվող «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայով շրջելով Երևան քաղաքի և Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 150.00-ից 1.500.000 ՀՀ դրամ արժողության թվով 8 զույգ համարանիշերը: Օգտվելով ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշերի կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտամադրելու հանգամանքից՝ նրանք մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ համարներն իրենց մոտ լինելու և վերադարձնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցի կոնկրետ հասցեով կապ հաստատելու վերաբերյալ: Միաժամանակ, համարանիշերը վերադարձնելու համար նրանք պահանջել են համապատասխանաբար՝  30.000-ից մինչև 150.000ՀՀ դրամ գումարներ փոխանցել իրենց կողմից ուղարկված կրիպտոհաշվին՝ սպառնալով չհամաձայնվելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվող նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակացությամբ Ա. Ա.-ին և Մ. Բ.-ին առաջադրվել է մեղադրանք: Նշվում է, որ միջնոդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Ա.-ին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է: Մ. Բ.-ն ձերբակալվել է և նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:52 - 10 դեկտեմբերի, 2021
Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի. Դատախազություն

Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի. Դատախազություն

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն վերջինիս՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: Ընդ որում՝ տվյալ հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է օրենքի վերոնշյալ լրացումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2021թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրված նշված հանցավոր արարքով քրեական շարժընթացը: Համաձայն վերջինիս՝ վերոնշյալ ժամանակահատավածում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք: Դրանցից 56-ի պարագայում առերևույթ ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեւությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց:  Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, այդ թվում՝ 5-ը՝ հանցադեպի բացակայության, 41-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 25-ը ՝ բողոքի բացակայության հիմքերով: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 166 քրեական գործ, որոնցից 154-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան, որոնք գտնվում են դատական քննության փուլում: Ընդհանուր առմամբ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 14 անձի: Հաշվի առնելով այս արարքի նոր քրեականացման պատճառով նոր քրեական պրակտիկայի ձևավորման հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ  վերջին շրջանում լայն տարածում գտած՝ հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու բացասական, հանցածին երևույթների կանխարգումը, այդ կերպ հանրային հարաբերություններում առկա լարվածությունը վերացնելու անհրաժեշտությունը ՀՀ դատախազության համար հանդիսանում է առանցքային խնդիր, հանրությանը պարբերաբար կտեղեկացվի դրա դեմ տարվող քրեիրավական պայքարի ընթացիկ արդյունքերի մասին:
15:20 - 10 դեկտեմբերի, 2021
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության փուլում այդ գործերով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից տարբեր ձևաչափերով, իրենց հետաքրքրություններից ելնելով՝ աղճատված բովանդակությամբ նախաքննական նյութեր, այդ թվում նաև դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքներից պատառիկներ հրապարակելու, հանրայնացնելու դեպքերը: Հերթական նման դրսևորումը վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կոնկրետ գործով որպես տուժող անցնող՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված, ապա վերադարձված մի խումբ հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից որոշակի հատվածների հրապարակմանը: Նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին: Քրեական գործերով անցնող բոլոր անձանց, այդ թվում նաև դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող փաստաբան գործընկերներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձևավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից: Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը: Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»:
14:40 - 08 դեկտեմբերի, 2021