Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերը

Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար։ Նախարարը նաև բարձր է գնահատել կազմակերպության հետ ձևավորված երկարատև համագործակցության դերը և վստահություն հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքները ևս կլինեն նույնքան արդյունավետ։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տեղահանված անձանց՝ ՀՀ մուտք գործելու առաջին իսկ օրերից ԱՍՀ նախարարության առաջնահերթություններից է եղել արագ և արդյունավետ արձագանքել հայրենակիցների առաջնային կարիքներին։ Այս նպատակով գործարկված հարթակների միջոցով գույքագրվել են տեղահանված անձանց կարիքներն ու աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների ռեսուրսները։ Նախարարը նաև խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված խոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների մասին՝ նշելով, որ վերջիններս շարունակում են անհրաժեշտ խնամք ստանալ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում։ Բարբարա Բոշը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում։ Պատվիրակության ղեկավարը խստորեն դատապարտել է ԼՂ-ից անձանց բռնի տեղահանումը և ասել, որ այն խախտում է մարդու իրավունքները։ Բարբարա Բոշը նաև նշել է, որ մեծագույն հարգանք է տածում ՀՀ կառավարության և հայ ժողովրդի նկատմամբ՝ տեղահանված անձանց աջակցելու և առկա մարտահրավերներին պատշաճ դիմակայելու համար։
11:18 - 27 հոկտեմբերի, 2023
100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները
 |1lurer.am|

100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Կարմիր խաչի միջոցով դեռևս Լաչինի միանցքի շրջափակման առաջին իսկ օրվանից մինչև բռնի տեղահանումը տարբեր առիթներով՝ առողջական խնդիրներով և այլն, մեր հայրենակիցներ են եղել, որ տեղափոխվել են ՀՀ, և մենք այս նոր նախագծով որոշում ենք կայացնում՝ մշակելու նաև նրանց տվյալները և նրանց նույնպես հատկացնել 100-հազարական դրամ աջակցությունը: Այս նույնը մենք կիրառել էինք 40000+10000 նախագծի պարագայում, և հիմա որոշում ենք կայացնում 100-հազարական դրամների շահառու դարձնել նաև այս խմբին»,- պարզաբանեց նախարարը: Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց. «Մենք ոչ միայն, ըստ էության, 100-հազարականների շահառու ենք ճանաչում այն անձանց, որոնք բուժման նպատակով, օրինակ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ եկել էին Հայաստան, բուժում էին ստանում Երևանում, այլև նրանց անչափահաս երեխաներին, որովհետև մեր կարգն այնպիսին էր, որ եթե ծնողները չէին կարողանում համակարգում գրանցվել որպես շահառու, ապա չէր հատուցվում նաև երեխաներին: Հիմա մենք այս փոփոխությամբ շահառուների կազմը լրացնում ենք ոչ միայն այդ մարդկանցով, այլև նրանց անչափահաս երեխաներին շահառու ճանաչելով»:
13:24 - 26 հոկտեմբերի, 2023
Սահմանվել է, թե որ դեպքերում է հնարավոր հեռավար աշխատանքը. խորհրդարանը քննարկեց նախագիծը
 |tert.am|

Սահմանվել է, թե որ դեպքերում է հնարավոր հեռավար աշխատանքը. խորհրդարանը քննարկեց նախագիծը |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային ժողով ներկայացված նախագծով սահմանվել է, որ  հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե կա փոխադարձ համաձայնություն, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս և արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ և լրացումներ: «Նախագծով սահմանել ենք, թե ինչ է հեռավար աշխատանքը. հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքի վայր չներկայանալով աշխատանքի կատարումն է: Հստակ սահմանել ենք, որ հեռավար աշխատանքը հնարավոր է երեք փոփոխականների պարագայում, առաջինը փոխադարձ համաձայնությունն է, երկրորդը՝ եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, երրորդը՝ արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում»,-ասաց փոխնախարարը: Սահմանվել է, որ գործատու-աշխատող փոխադարձ համաձայնությամբ են հստակեցվում հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, նաև նյութերի ծախսերի փոխհատուցման կամ տրամադրման պայմանները: Ըստ փոխնախարարի՝ այս փոփոխությունները շատ սպասված են տարբեր գործատուների և աշխատողների կողմից, ինչը կնպաստի Հայաստանի աշխատաշուկա բարձր արտադրողականություն ունեցող աշխատուժի ներգրավմանը, ինչն էլ ազդեցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտների վրա։
12:56 - 24 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի այսօր վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի այսօր վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95 հազար 200 անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Աղբյուրը հիշեցնում է, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։  Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։ ՀՀ ԱՍՀ նախարարության տեղեկացմամբ՝ տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը կփոխանցվի նրանց քարտերին։ Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝ https://dimum.ssa.am/)։
20:12 - 20 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը։ 25 963 անչափահաս անձանցից 17 139-ի վերաբերյալ այս պահի դրությամբ կան մուտքագրված դիմումներ․ գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Կարևոր դիտարկումներ․ վճարումն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձանց վերաբերյալ առկա տվյալների հիման վրա՝ Կենտրոնական բանկի կողմից Միասնական սոցիալական ծառայությանը փոխանցվող քարտային հաշիվներին փոխանցելու միջոցով, գումարը վճարվում է վճարային քարտերին փոխանցելու միջոցով՝ բացառությամբ 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն վճարային քարտեր, աջակցությունը կարող են ստանալ առձեռն՝ մոտենալով Հայփոստ կամ փոստատարի միջոցով, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ինչպես նաև Կենտրոնական բանկից ստացվող նոր տվյալների հիման վրա կշարունակվեն վճարումները․ կկազմվեն նոր վճարման ցուցակներ և կուղարկվեն վճարման, անչափահասների համար աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ տվյալներն առցանց դիմումով մուտքագրելուց հետո ստացվում է հաղորդագրություն՝ դիմումը հաստատելու կամ մշակման փուլում գտնվելու (հաշվառվելու) կամ մերժելու մասին։ Եթե նշվում է, որ դիմումը գտնվում է մշակման փուլում, ապա նոր դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ պետք է սպասել ներկայացված դիմումի հաստատման կամ մերժման մասին հաղորդագրություն ստանալուն։   Տեղահանված այն անձինք, ովքեր մինչև 18 տարեկան երեխաների համար դեռևս առցանց դիմում չեն ներկայացրել, պետք է՝ մուտք գործեն https://dimum.ssa.am հարթակ.  ընտրեն «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմեն «Դիմումի մուտքագրում» կոճակը. լրացնեն էլեկտրոնային հասցե և սեղմեն «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը վերջինս կարող է լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը. լրացնեն երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները (բացված էջում) և սեղմել «հաստատել» կոճակը. գրանցեն երեխաների տվյալները՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը։ Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալներն ինքնաշխատ կհամադրվեն համապատասխան բազաների տվյալների հետ, և, եթե դիմումը չմերժվի, այն կփոխանցվի մշակման փուլ:
18:27 - 09 հոկտեմբերի, 2023
ՀՀ կառավարությունը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ տրվող հարցերին

ՀՀ կառավարությունը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ տրվող հարցերին

ՀՀ կառավարությունը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերջին օրերին հնչել են ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից։  1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): 2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Ո՛չ, քանի որ այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ 3․ Ու՞ր դիմել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձն ունի սննդի, հագուստի և առաջնային այլ պարագաների կարիք։  ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով լրացվում է առաջնային կարիքի գրանցման հարթակը՝ https://e-soc.am/, եթե ունեք կարիքներ ու դեռ չեն բավարարվել դրանք, կարող եք մոտենալ վարչական շրջաններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ 4․ Ի՞նչ անել ՀՀ-ում աշխատանք գտնելու համար։ Անձը կարող է գտնել աշխատանք «Գտիր աշխատանք» https://workforall.am/ հարթակի միջոցով կամ կարող է մոտենալ իր բնակավայրին մոտ գտնվող ՄՍԾ տարածքային կենտրոն, գրանցվել որպես աշխատանք փնտրող և համալրել առաջարկվող թափուր հաստիքներից մեկը։ 5․ Ինչպե՞ս ստանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։  Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Եթե ՀՀ մուտք գործելուց հետո անցել եք հաշվառում և ունեք բանկային քարտ, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Հաշվառում անցած և տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։ 6․ Եթե անձը ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 2020 թվականին, արդյոք կարող է օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցությունից։ Ո՛չ, քանի որ աջակցությունն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքների բավարարմանը։ 7․ Ի՞նչ անել անձնագիր չունենալու կամ ժամկետանց անձնագրի դեպքում։  Անհրաժեշտ է մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք)։ 8․ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը 75 (կամ ավելի) տարիքի կենսաթոշակառու է և չունի բանկային քարտ, ի՞նչ անել։  75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։ 9․ Վարձավճարի 40 հազար դրամ + կոմունալ վճարների համար՝ 10 հազար դրամ 6-ամսյա ծրագրից օգտվելու համար ի՞նչ պետք է անել․ հոկտեմբերի համար գումար կտրամադրվի՞։  Հոկտեմբեր ամսվա համար վարձի և կոմունալ ծախսերի վճարման նպատակով սոցիալական աջակցություն կտրամադրվի․ ընթացակարգը կներկայացնենք առաջիկայում։ Աջակցությունը վերաբերվում է նրանց, ովքեր չունեն բնակարան Հայաստանում։ 10․ Եթե անձն ունի հաշմանդամություն, և սայլակ է անհրաժեշտ, ու՞ր դիմել։ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
14:39 - 06 հոկտեմբերի, 2023
Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 8 միլիարդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
 |armenpress.am|

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 8 միլիարդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Այն քաղաքացիները, ովքեր հաշվառում չեն անցել, բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տեղակայված 60-ից ավելի հումանիտար կենտրոններում»,- ասաց Մկրտչյանը։ Լուսանկարը՝ Ինֆոքոմի/ Կոռնիձոր, 27․09․2023
12:38 - 05 հոկտեմբերի, 2023
250 ծերեր եւ խնամքի կարիք ունեցողներ, առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխա տեղավորվել են հաստատություններում. նախարար
 |news.am|

250 ծերեր եւ խնամքի կարիք ունեցողներ, առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխա տեղավորվել են հաստատություններում. նախարար |news.am|

news.am: Սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հատուկ հարթակում esoc.am եթե առաջին օրերն  մի քանի հարյոր կարիքներ կային, այսօր արդեն  52 000 կարիքներ կան  նշված: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա նշեց, որ սա կարեւոր ցուցանիշ է հասկանալու՝ արցախցիների կարիքները եւ ըստ այդմ դրանց լուծում տալու համար: «Առաջնային կարիքներից բացի, մենք պետք է հասկանանք, թե այլ խորը ու համապարփակ ինչի կարիքներ ունեն արցախցիները, որը պետությունը պետք է բավարարի: Ժամը 17:00-ի դրությամբ սպասարկվել է 25 հազար զանգ թեժ գծին, որն աշխատում է 24 ժամյա ռեժիմով»,- ասաց նա: Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 250 ծերեր եւ խնամքի կարիք ունեցողներ այժմ գտնվում են նախարարության ենթակայության ներքո գործող հաստատատություներում: Նա նշեց, որ առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխաներ նույնպես համապատասխան հաստատություններում են տեղավորվել: Նարեկ Մկրտչյանը  հայտնեց, որ կան արդեն արցախցիներ, որոնք դիմել են  աշխատանքի ընդունման համար:
22:02 - 03 հոկտեմբերի, 2023
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը․  «ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։  Ընդ որում՝ Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Կարևոր դիտարկումներ. Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով։ Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։ Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»։ 
13:49 - 03 հոկտեմբերի, 2023
ԱՍՀ նախարարը՝ բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու մեխանիզմի մասին

ԱՍՀ նախարարը՝ բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու մեխանիզմի մասին

Վարչապետի հայտարարությունից հետո մենք անմիջապես անցել ենք գործի, որպեսզի հնարավորինս շուտ մեխանիզմը գործարկենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրին: «Նրանք, որոնք որ ունեն բանկային քարտեր, թոշակային, կենսաթոշակային քարտեր, նրանք միանգամից այդ աջակցությունը կստանան: Բայց կան նաև մարդիկ, որոնք չունեն քարտային հաշիվներ, մենք պետք է նրանց նույնպես, բնականաբար, այդ աջակցությունը տրամադրենք: Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի բոլորը մաս դառնան հաշվառման գործընթացին: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում գործելու են հաշվառման կետեր: Համայնքներում մարզպետարանների հրապարակած այդ հասցեները և հեռախոսահամարները կան, այդտեղ նույնպես այդ հաշվառումը տեղի է ունենալու: Եվ Միասնական սոցիալական ծառայության մեր տարածքային կենտրոններում ԼՂ-ի բոլոր մեր հայրենակիցները, որոնք չունեն անձնագրեր, փաստաթղթեր, պետք է գնան այնտեղ՝ ինքնանույնականացվելու: Այնտեղ մեր գործընկերները բնակչության պետական ռեգիստրից կհանեն տվյալներ, ինքնանույնականացման գործընթացը տեղի կունենա, կտրվի տեղեկանք, այդ տեղեկանքի հիման վրա (սա վերաբերում է այն բնակիչներին, որոնք չունեն բանկային քարտեր) նրանց կսպասարկվի մեր «Հայփոստի» բաժանմունքներում, և մեր «Հայփոստի» բաժանմունքներում Միասնական սոցիալական ծառայությունից տրված տեղեկանքների հիման վրա, երբ որ կհամադրվեն տվյալները, և նույնականացումը տեղի կունենա, նրանք կկարողանան այդ աջակցությունը ստանալ: Հետևաբար այս պահի դրությամբ նրանք, որ չեն հաշվառվել, մենք կոչ ենք անում մոտենալ ցանկում հրապարակված հասցեներում անպայման հաշվառվել, որից հետո օրերի ընթացքում մենք կկարողանանք մեկնարկել գործընթացը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս պահին տեխնիկական լուծումները տալու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ կգործարկվի ևս մեկ հարթակ, որտեղ ծնողները կլրացնեն իրենց երեխաների տվյալները, քանի որ 100-հազարական դրամ աջակցության շահառուները նաև երեխաներն են լինելու:
17:27 - 29 սեպտեմբերի, 2023
Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։ Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։  Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։  Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։  «Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։ «Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։ ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։  Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։  Աննա Պալաքյան Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք 
18:33 - 27 սեպտեմբերի, 2023
Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան |aysor.am|

Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան |aysor.am|

aysor.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսում գործող մեր հաշվառման կայաններում, այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հաշվառումից հետո հասկանում ենք, թե ով միանգամից տեղավորվելու կարիք ունի։ Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրնց նախընտրած վայրը գնալ, իրենք ազատ են որոշելու, թե  որտեղ պետք է տեղակայվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրենց հետ կապ չենք պահպանում և իրենց խնդիրներին չենք արձագանքում։ Այս օրերին գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ,  ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 3000 դեպք և դրանց մասով գնահատում է իրականացվելու և մենք աջակցություն ենք տրամադրելու։ Դրանք կարող են տարբեր լինել՝ սննդի կարիք, հագուստ, սոցիալական որոշակի աջակցություն»,- նշեց նախարարը։ Մկրտչյանը նաև ավելացրեց, որ նոր հարթակ են նաև գործարկել. սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակն է. «Մենք գիտենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ցանկություն են հայտնել աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը և որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այց գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները, այս հարթակում արդեն 170 առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»։ Նա նշեց, որ նախարարությունն շխատանքները պլանավորում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով. «Այս պահի դրությամբ մեր խնդիրն է, որպեսզի արցախահայերին հնարավորություն տանք տեղակայվելու։ Մենք գործարկել ենք նաև թեժ գիծը՝ 114, և այս ընթացքում ավելի քան 6000 զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրներով»։
12:53 - 27 սեպտեմբերի, 2023
Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։Դեսպան Դըկոտինյին ևս, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
20:47 - 26 սեպտեմբերի, 2023
Նախարար Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Նախարար Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին հայտ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։    Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության դերը։ Նախարարը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման նպատակով։ Մասանորի Ֆուկուշիման վշտակցություն է հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը ևս պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ։
13:25 - 26 սեպտեմբերի, 2023