էդուարդ Աղաջանյան

2012թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, 2016թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան: Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս:

2009-2010թթ. աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ  արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական: 2011թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական: 2012 – 2016թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ: 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ. եղել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ կառավարության նիստի զեկուցվող հարցերի թվի նվազմանը

 |armenpress.am|

Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ կառավարության նիստի զեկուցվող հարցերի թվի նվազմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստերում զեկուցվող հարցերի թիվը նվազել է միայն այն պատճառով, որ դրանք ոչ այնքան մեծ կարևորություն կարող են ունենալ հանրային ընկալման մեջ. ընտրությունը կատարում է վարչապետի աշխատակազմը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Կխնդրեմ որևէ նպատակային բան չտեսնել այս պրոցեսի մեջ: Մեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ մի շարք հարցերին այլևս կառավարության նիստի օրակարգում չենք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ մեր գնահատմամբ՝ դրանք հանրային ընկալման մեջ այն կարևորությունը չունեն, որի համար կառավարության նիստի օրակարգում արժեր այդ հարցերը քննարկել»,-ասաց Աղաջանյանը: Անդրադառնալով հարցին՝ թափանցիկությունը դրանից չի՞ տուժում՝ Աղաջանյանը պատասխանեց, որ այդ տրամաբանությամբ կարելի է նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, և 24 ժամը չի հերիքի այդ օրվա կառավարության նիստը ավարտելու համար: Նա նշեց, որ պետք է ֆիքսել՝ խոսքը կառավարության նիստի օրակարգում տեղ գտած հարցերի մասին է, որոնք հրապարակված են, հասանելի են, դրանց բովանդակությունն ամբողջությամբ հասանելի է՝ թե լրագրողներին, թե հանրությանը: «Հետևաբար, խնդրում եմ, թաքցնելու մասին ընդհանրապես չխոսել: Խոսքը կառավարության նիստի օրակարգերում քննարկման դրվող հարցերի ընտրության մասին է: Եվ կառավարությունը, մասնավորապես վարչապետի աշխատակազմն ունի լիազորություն՝ այդ ընտրությունը իրականացնելու: Եվ մենք դա իրականացնում ենք՝ ունենալով որոշակի սկզբունքներ ու չափորոշչներ»,-ասաց Աղաջանյանը: Նա  նշեց, որ դա կառավարության գնահատման տիրույթում է, բնականաբար՝ սուբյեկտիվ է, սակայն ցանկացած որոշում վստահաբար խնդրահարույց կարող է լինել ինչ-որ շրջանակների համար:
09:16 - 18 սեպտեմբերի, 2020
Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակվածներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ. Է. Աղաջանյան
 |tert.am|

Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակվածներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ. Է. Աղաջանյան |tert.am|

tert.am: Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի անկառավարելի ռիսկեր չկան: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել և պնդումները, թե կառավարությունն այս հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, մատոհոգությունները և չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մրցույթների ձևական լինելու խնդրին, վարչապետի աշխատակզմի ղեկավարն ասաց, որ ձևական մրցույթ չի իրականացվել, դրանք տեսաձայնագրվում են, և բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն մտավախություն, որ մրցույթները ձևական են, նրանք բոլոր հնարավորությունները ունեն այդ որոշումները բողոքարկելու՝ ունենալով արձանագրությունները, տեսաձայնագրություններ: «Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակումներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ, բայց որոշման հիմքում ոչ թե իմ անձնական հարաբերություններն է,  այլ տվյալ անձանց պրոֆեսիոնալ պատրաստվածությունը»,-ասաց նա:  
22:29 - 07 սեպտեմբերի, 2020
ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են. Է. Աղաջանյանը՝ կառավարական առանձնատների վերանորոգման ժամանակ կատարված չարաշահումների մասին
 |tert.am|

ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են. Է. Աղաջանյանը՝ կառավարական առանձնատների վերանորոգման ժամանակ կատարված չարաշահումների մասին |tert.am|

tert.am: Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով կառավարության թիվ մեկ առանձնատան վերանորոգման ժամանակ չարաշահումներ լինելուն, ինչի հետ կապված դիմել է ՊՎԾ-ն, ասաց, որ իր մտավախության հիմքում ընկած  է եղել նշված ՊՈԱԿ-ի տարբեր աշխատակիցների կողմից հնչեցրած մտավախություններ, ինֆորմացիա, որի հիման վրա ՊՎԾ-ն իրականացրել է ստոգում: «Ինձ հասած ինֆորմացիան ենթադրում էր առերևույթ չարաշահումներ, անհամեմատ ավելի շատ գումաների հատկացման ռիսկերով: ՊՎԾ-ի ստուգումների արդյունքները այս փուլի համար իմ մտավախությունները հաստատել են»,-ասաց նա և նշեց, որ հորդորել է գործը ուղարկվի իրավապահ մարմիններ: Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որ նշվող մինչև 250 միլիոն դրամ չարաշահումը բնականաբար գերուռճացված է: «250 միլիոնի մասով, գուցե պակաս, ամբողջ շինարարության համար տրվող գումարն է»,-ասաց նա և նշեց, որ առաջին տպավորությամբ տասնյակ անգամ ավելի գումարներ են հատկացված եղել: «Ինչ վերաբերում է  Հրաչյա Հակոբյանի անվան հետ կապվելուն, ապա սա հերթական աբսուրդային միտքն էր, պարոն Հակոբյանը որևէ աղերս չունի ընդհանրապես այդ գործընթացի հետ»,-ասաց նա: Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դրանք բովանդակային առումով ոչ թե աշխատողի լավ ու վատ աշխատելու արդոյւնքն է, այլ դրա հիմքում ընկած է սոցիալական խնդիր: «Այսինքն մենք սրանով կոնկրետ աշխատավարձի խնդիր ենք լուծում, ոչ թե տվյալ աշխատողի լավ կամ վատ աշխատելը: Պարգևավճարների կտրումը կնշանակի աշխատավարձի կրճատում, որը ի դեպ տեղի է ունեցել, այս օրերին չեն տրվել և այդ գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,-ասաց նա:  
21:57 - 07 սեպտեմբերի, 2020
Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կա տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում,  գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս և դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշում կարող է իրավական հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական թիմի համար, այլև ՀՀ միջազգային համատեքստում։Լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ամուլսարի համար պայքարողները դժգոհում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի համար ընթացող վերջին զարգացումներին չի արձագանքում:«Որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդատվություն տվյալ թեմայի վերաբերյալ: Այս հացը Կառավարության ուշադրության կենտրոնում է և հավաստիացնում եմ, որ Կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։ Գիտեք, որ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակն օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային Ժողով, որով  բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում կոնկրետ ընդերքի ոլորտին վերաբերող, որը տեսչական մարմիններին կտա հստակ հիմքեր կոնկրետ գործողություններ իրականացնելու, կոնկրետ իրավիճակներից ելնելով, որի հնարավորությունը ներկայիս գործող օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն»,– ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն և դրանք կներկայացվեն հանրությանը: Հարցին հնարավո՞ր է,  որ Կառավարությունը մտահոգված է, որ կտրուկ հայտարարությունը կբերի դիմադրության, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, թե Կառավարությանը միայն մտահոգում են ՀՀ շահերը:
18:17 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարական առանձնատան վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ եմ դիմել ՊՎԾ․ Էդուարդ Աղաջանյան

Կառավարական առանձնատան վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ եմ դիմել ՊՎԾ․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների:  «Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին։ Եվ ուրեմն, առանձնացնենք իրենց լրատվամիջոց հռչակած «Փաստինֆո» և այլ կայքերի կոնկրետ 2 ստերին։ Սուտ 1 - Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։ Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը տասնյակ անգամներ ուռճացված է։ Սուտ 2 - Կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։ Պարզաբանում. Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»։
17:34 - 01 սեպտեմբերի, 2020
Ազգային ժառանգության կոթողների անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլեր

Ազգային ժառանգության կոթողների անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում «Մշակութային ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշում է մեզ» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է. «Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը: Ազգային ժառանգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում: Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել՝ պետական իշխանություն - ՏԻՄ - Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը: Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե հայաստանյան, և թե արտասահմանյան զբոսաշրջիկներին»:
15:39 - 22 օգոստոսի, 2020
Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

tert.am: Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով: Հարցը  ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այն զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է եղել: «Որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երբ այս հարցերում նաև դնում են պարտավորություններ՝ ներդրում իրականացնելու, աշխատատեղ ստեղծելու, ապա խորհուրդ է տալիս գույքը չպահել որպես գրավ: «Դա պոտենցիալ գնորդների շրջանակը նեղացնում է, որովհետև, ըստ էության, բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է»,-ասաց նա:Վարչապետը ևս համաձայնեց, որ դա անտրամաբանական է: Կառավարութան աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ: «Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, և այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
13:40 - 30 հուլիսի, 2020
Էդուարդ Աղաջանյանն իր հետ կապված լուրերը որակում է ապատեղեկատվություն

Էդուարդ Աղաջանյանն իր հետ կապված լուրերը որակում է ապատեղեկատվություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է մամուլում տարածված իր հետ կապված լուրերին և դրանք որակել ապատեղեկատվություն: Աղաջանյանը, մասնավորապես, գրել է. «Սիրելի հետևորդներ, Անկեղծ ասած երկար մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի անդրադառնալ վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող և շահարկվող լրատվությանն առ այն, թե իբր ինձ պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, այն պարագայում, երբ ինքս տարբեր առիթներով հրապարակավ մեղադրել եմ նման վարքագիծ դրսևորող տնտեսավարողներին։ Ակտիվորեն շրջանառվում է նաև մի ավտոմեքենայի լուսանկար, որն օրենքի խախտմամբ կայանած է տվյալ սրճարանի դիմաց, որով փորձ է արվում բնութագրել ինձ, որպես օրինախախտ և հղփացած պաշտոնյա, ով իրեն համարում է օրենքից վեր և կայանում է ծառայողական ավտոմեքենան օրենքով չնախատեսված վայրերում։  Ավաղ նման ապատեղեկատվությանն անդրադառնալն իր մեջ պարունակում է դրանց էլ ավելի մեծ կարևորություն տալու, դրանով իսկ էլ ավելի տարածելու ռիսկեր։ Մյուս կողմից՝ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավավորում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ։  Ըստ այդմ՝ որոշել եմ այնուամենայնիվ անդրադառնալ մեղադրանքներին հերթով և առավել հանգամանալից։  Եվ այսպես.  Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար պաշտոնի ստանձման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։   Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։ (տես հղումները մեկնաբանություններում)։  Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։    Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։ Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողները այդ գումարի չափով գողանում են պետությունից, թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն գործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։   Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյո՞ք ես աշխատանքային ժամերից դուրս, օգտագործելով ծառայողական մեքենա՝ այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։ Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք թե որտեղ է կայանում։ Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։ Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչու՞ եմ նշում այս հանագամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։  Եվ այսպես, ամփոփելով վերը նկարագրված եղելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը. Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացու, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա։   Շնորհակալություն ուշադրության համար»։
19:40 - 02 հուլիսի, 2020
Պահանջում եմ հերքել ապատեղեկատվությունը․ Էդուարդ Աղաջանյանն՝ ի պատասխան 168.am-ի հրապարակմանը, թե Աղաջանյանն ակումբում բազմամարդ խնջույք է կազմակերպել

Պահանջում եմ հերքել ապատեղեկատվությունը․ Էդուարդ Աղաջանյանն՝ ի պատասխան 168.am-ի հրապարակմանը, թե Աղաջանյանն ակումբում բազմամարդ խնջույք է կազմակերպել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ 168.am կայքում «Փարթի իշխանական «Ֆերմատանը» վերնագրով մի նյութ է հրապարկվել, որտեղ շոշափվում է նաև իմ անունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Դժվարանում եմ դրական շարժառիթներ տեսնել այն բանում, թե այս լարված ժամանակահատվածում ինչու են մեր լրատվական դաշտի որոշ գործընկերներ, առանց լուրի իսկությունը ճշտելու, ապշեցուցիչ արագությամբ դա արտատպում իրենց կայքերում՝ կամա ակամա մոլորեցնելով մեր հանրությանը։ Այսպիսով՝ 168.am կայքից պահանջում եմ անմիջապես հերքել տարածված ապատեղեկատվությունը, որպեսզի խուսափենք մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին լիովին անհարկի թվացող դատական գործընթացից»։ Այսօր 168.am կայքն այսօր «Փարթի իշխանական «Ֆերմատանը» » վերնագրով  նյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր․ «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը»։
22:51 - 07 հունիսի, 2020
Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ

Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական միջոցառումները և դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։ ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից իրականացված հաջողված ժողովրդավարական մոդելների մասին՝ գնումների «Open Data» ձևաչափի և հրապարակային գործընթացի, միջոցառումների վերաբերյալ ժամանակին տեղեկատվության հասանելիության, Էլեկտրոնային ժողովրդավարական գործիքների հասանելիության և կառավարության նկատմամբ վստահության մասին։ Քննարկման ընթացքում երկուստեք համաձայնել են, որ համաճարակի ընթացքում հաջողել են այն երկրների կառավարությունները, որոնք  գործել են առավել բաց և թափանցիկ, ուստի կարևորվել է «Բաց կառավարման» սկզբունքների դերը համաշխարհային մարտահրավերի հաղթահարման շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել համաճարակի շրջանում Հայաստանի փորձը ներկայացնելու, ինչպես նաև՝ գործընկեր երկրների հաջողված մեխանիզմները տեղայնացնելու, տեխնիկական և ֆինանսական աջակցության մասին։
19:03 - 19 մայիսի, 2020