Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը զինծառայողի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել |pastinfo.am|

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը զինծառայողի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողներին, ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվել ծառայողական բնակարաններով:Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրից առնվազն 30 կմ հեռավորության վրա սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական հաշվառման վայր չունենալը: Նախագծով առաջարկվում է զինծառայողին ծառայողական բնակավայրոով չապահովվելու դեպքում՝ այլ տարածքում բնակվելու համար զինծառայողներին վճարել դրամական փոխհատուցում՝ կառավարության սահմանված կարգով «Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել այն մասին, որ զինծառայողներն օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահված իրավունքից ստանում են փոխհատուցում, բայց այդ ստանալու կարգում ստիպված են լինելում օրենք խախտել, ինչի արդյունքում 81 քաղաքացի այս պահին քրեական մեղադրյալ է հանդիսանում»,-ասաց Թովմասյանը:
13:07 - 02 դեկտեմբերի, 2021
Թագուհի Թովմասյանն ընդդիմության առաջնորդներին առաջարկում է քննարկել պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը

Թագուհի Թովմասյանն ընդդիմության առաջնորդներին առաջարկում է քննարկել պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ընդդիմության առաջնորդներին առաջարկում է հնարավորինս շտապ քննարկել պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը: Պտգամավորը նման առաջարկով է հանդես եկել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ: Նա գրել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:  «Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը»,- գրել է Թովմասյանը։ Նա հավելել է, որ պատգամավորական մանդատներից հրաժարվելը պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Պատգամավորի խոսքով՝ կոնսենսուսային լուծում է պետք:
15:52 - 15 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց |tert.am|

ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց |tert.am|

tert.am: ԱԺ-ում այս պահին իրականացվող փակ քննարկումը իրականցվում է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։ Երկու խմբակցությունները հրավիրել են հրատապ նիստ, որպեսզի պարզաբանումներ ստանան, թե  ինչ է կատարվում ՀՀ պետական սահմանին, ինչ դեմարկացիոն գործընթացներ կան այսօր և ամենակարևորը` որքանով են պաշտպանված ՀՀ սահմանները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցի պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են պետական գաղտնիք է, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չեն ասում, ասում են պետական գաղտնիք է։ Սա արհամարհանք է Խորհրդարանի նկատմամբ։ Ես պարզ հարցեր եմ հնչեցրել։ Առաջինը` ինչու պատերազմից մեկ տարի անց կահավորված չեն սահմանները և ինչն էր մեզ խանգարում։ Երկրորդ հարցը` ինչու ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժը այն պայմաններում, երբ պետք է ունենայինք դիմադրություն։ Ինչու է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին։ Ես չստացա այս երկու կարևոր հարցերի պատասխանները»,-ասաց նա։ Թովմասյանը քննարկումը անիմաստ համարեց ընդգծելով, որ հիմնական հարցերին պատասխան չի տրվում։ «Ստացվում է, որ մեր երկրի անվտանգային կարևոր հարցերին չունենք պատասխան։ ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստով կանգնած, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի։ Իրենք մտադրություն ունեն 90 րոպե ջուր ծեծել, անցնի, գնա։ Մենք պատրաստ ենք լսել դաժան ճշմարտությունը, բայց լսել։ Խոսում են , որ ցանկացած քաղաքացի իրավատեր է մեր երկրում,  բայց քաղաքացիների թիկունքում իրականացնում են գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք չեն բխում ՀՀ պետական շահից»,-ասաց պատգամավորը։
16:50 - 26 հոկտեմբերի, 2021
Ես 1,3 տարի հանիրավի անցկացրել եմ բանտում, ինչպե՞ս կարող եմ ճնշել դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում եւս հանիրավի դատապարտված մարդիկ ունենա․ Ջհանգիրյան

Ես 1,3 տարի հանիրավի անցկացրել եմ բանտում, ինչպե՞ս կարող եմ ճնշել դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում եւս հանիրավի դատապարտված մարդիկ ունենա․ Ջհանգիրյան

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, հետաքրքրվեց վերջինիս գործունեության մասին այն խոսակցություններով, ըստ որոնց՝ Ջհանգիրյանը դատական իշխանությունը դարձրել է «գրպանային իշխանություն», եւ որ դատավորները ԲԴԽ նախագահի հետ ճշտելով են վճիռներ կայացնում։ Ջհանգիրյանի խոսքով՝ ԲԴԽ-ն, ըստ էության, դատական իշխանության բարձրագույն մարմինն է, եւ ինքը չի կարող մասնակցել ԱԺ դահլիճի ոչ աջ, ոչ ձախ, ոչ էլ կենտրոնում նստած խմբակցությունների քաղաքական քննարկումներին․ «Թեեւ ես դատավոր անդամ չեմ, բայց ինձ վրա տարածվում են դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնները, ուստի ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, եւ ես ի պաշտոնե պարտավոր եմ պատասխանեմ։ Նախ՝ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, կազմված է տասը անդամից, որի հինգը դատավոր են, հինգը՝ իրավաբաններ։ Խորհրդի նախագահը որեւէ առանձին լիազորությամբ օժտված չէ։ Ավելին՝ ԲԴԽ-ն որեւէ դատավարական գործառույթով օժտված չէ։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե խորհրդի մի անդամն ինչպես, ինչ միջոցներով է ճնշումներ իրականացնում»,- ասաց Ջհանգիրյանը՝ նշելով, որ Խորհրդում իր ներկայությունից ի վեր դատավորների փոփոխություն չի եղել․ «Այսինքն՝ մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել դեռեւս 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների օրոք»։Ջհանգիրյանն ասաց, որ հեռախոսազրույցի ժամանակ մի կալանավոր է Թովմասյանին ասել, թե ինքը ճնշումներ է գործադրում դատավորի վրա։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ինքը 2-րդ, ապա 3-րդ նախագահների օրոք 1 տարի 3 ամիս հանիրավի անցկացրել է բանտում, ապա 12 տարի անց արդարացվել, ընդ որում՝ Ջհանգիրյանի իրավունքների խախտումն արձանագրել է ոչ միայն ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը․ «Եվ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում եւս ՀՀ-ն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»,- եզրափակեց Ջհանգիրյանը։ Իսկ Թովասյանն իր արձագանքի ժամանակ ասաց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Ջհանգիրյանի ցուցոմով է իր նկատմամբ հետապնդում ու խոշտանգում իրականացվում։
11:33 - 14 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքների ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան

Ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքների ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ահազանգ.  Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը: Իրավիճակն էլ ավելի է վատթարացել քամու պատճառով, որի արդյունքում հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել: Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար: Ակնկալում եմ, որ իրավասու օղակները արագ կարձագանքեն և քայլեր կիրականացնեն Ադրբեջանի սանձարձակ վարքագծին համարժեք արձագանք տալու առումով: Հիշեք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից»:
15:34 - 01 սեպտեմբերի, 2021
Մտահոգված էին Սյունիքի գլխին կախված վտանգներով․ Թագուհի Թովմասյանն այցելել է կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

Մտահոգված էին Սյունիքի գլխին կախված վտանգներով․ Թագուհի Թովմասյանն այցելել է կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Նախօրեին ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող մեր գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին: Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսևորումներին ականատես ենք լինում: Մխիթար Զաքարյանը ևս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում նրա ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից: Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է:  Այս հարցում հետևողական եմ լինելու: Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»:
13:41 - 01 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանը հայտնվել է կադրերի ռեզերվում․ վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տնից դուրս է հանել․ Թ. Թովմասյան

Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանը հայտնվել է կադրերի ռեզերվում․ վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տնից դուրս է հանել․ Թ. Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․  «Խորհրդարանում ընդունեցի Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանին: Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս և 17 օր անցկացրել Բաքվի բանտում: Այդ  օրերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել: Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին սովորաբար կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, և այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել:  Բացի այդ, զինծառայողները Պաշտպանության նախարարության հետ  բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, և վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրան կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տանից դուրս է հանել: Արմենը հավելեց, որ պահանջել է իրեն ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե ոչ, ապա զորացրել: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ ինչ իրեն չեն զորացրում, նույնիսկ զինվորական գրքույկը չեն տալիս:  Նա պահանջում է իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է այլ ոլորտում աշխատանքի անցնելու համար: Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել: Հետևողական եմ լինելու և իմ հնարավորությունների սահմաններում զբաղվելու եմ նրա խնդիրներով՝ փորձելով հասնել դրանց լուծմանը»:
13:58 - 31 օգոստոսի, 2021
Թագուհի Թովմասյանն այցելել է Արմեն Չարչյանին․ նա սուր նախաինֆարկտային վիճակով՝ Վարդաշեն ՔԿՀ-ից տեղափոխվել էր հիվանդանոց

Թագուհի Թովմասյանն այցելել է Արմեն Չարչյանին․ նա սուր նախաինֆարկտային վիճակով՝ Վարդաշեն ՔԿՀ-ից տեղափոխվել էր հիվանդանոց

ԱԺ մարդու իրավունքների և  հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին: Նա, սակայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում չէր: Բժշկի ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն: Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր: Բայց բժիշկն ընկճված չէր, միայն երկու թեմայով խիստ անհանգստություն հայտնեց. նախ մտահոգված էր մեր երկրի այսօրվա իրավիճակով, սպառնալիքներով ու մարտահրավերներով, և անհանգստություն ուներ իր հիվանդների համար. «...մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ...»,- անկեղծացավ բժիշկը: Եվ սա ասում էր մարդ, ում սուր նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են հիվանդանոց, և 5 օր է՝ բժիշկները չեն կարողանում կայունացնել վիճակը: Լիահույս եմ, որ պրոֆեսորը շատ շուտ կկարողանա ապաքինվել և չնայած իր համար ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտներին՝ հասնել իր հիվանդներին»:
10:21 - 31 օգոստոսի, 2021
ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովում նախաձեռնվել է քննարկում՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման սկզբում արձանագրեց, որ այդ միջոցառման նպատակը լրագրողական հանրույթի լսելի լինելու հրամայականն է, որը, պատգամավորի համոզմամբ, խախտել է ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի վերաբերյալ առանց վերջիններիս հետ քննարկումների որոշումներ կայացնելով։ Թագուհի Թովմասյանն ընթերցեց «ԶԼՄ մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որում նշված է, որ հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի։ Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է այս օրենքի 6-րդ հոդվածի երրորդ կետին, այսինքն՝ իրավական առումով խնդիր կա։ Նա նաեւ հիշեցրեց, որ այդ որոշման համար կայցած ԱԺ խորհրդի նիստը դռնփակ է եղել, սակայն պետք է լիներ հրապարակային, ուստի նա կարծիք հայտնեց, որ լրագրողական հանրությունը այս երկու հանգամանքների վերաբերյալ իրավական գործընթաց պետք է նախաձեռնի։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, որը մասնակցում է քննարկմանը, արձանագրեց, որ այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք լրագրողների գործունեության վերաբերյալ որոշման ընդունումից, ապա ԱԺ նիստերի ժամանակ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունից, անընդունելի են․ «Նման բան Հայաստանում չպետք է լինի, նման բան չի կարող լինել ոչ միայն ժողովրդավարական, այլ նաեւ կիսաժողովրդավարական երկրում, եւ ես վստահ չեմ, որ կարող է նույնիսկ ոչ ժողովրդավար երկրում լինել»,- հայտարարեց Իոաննիսյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումներին, նա նշեց, որ այդ որոշումը որոշակիորեն հակասում է Սահմանադրության 51-րդ եւ 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու, ստանալու եւ մամուլի ազատությունը․ «Մայր օրենքի այդ նորմերը հստակ ամրագրում են, որ այդ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ սպառիչ թվարկված նպատակների համար։ Արձանագրենք, որ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետեւապես այն իրավաչափ չէ։ Ամենաուշը վաղը մենք հայցադիմում ենք մուտքագրելու Վարչական դատարան, որով վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որոնք վերաբերում են անվտանգության աշխատակիցներին նկարահանելու, տեսանկարահանելու արգելքինն, որը որեւիցե կերպ չի տեղավորվում սահմանադրականության ու տրամաբանության մեջ»,- ասաց Իոաննիսյանը։ Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնությունների չորս դրվագներին՝ օգոստոսի 11-ին, երբ լրագրողներին ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից, օգոստոսի 24-ն, երբ լրագրողներին դարձյալ հեռացրին օթյակից, ապա, ինչպես նշեց Իոաննիսյանը,  երբ Վահե Ղալումյանը լրագրողների նկատմամբ բռնություն գործադրեց, եւ 25-ին նորից օթյակից լրագրողներին բռնությամբ հեռացման դեպքերին՝ հանրային գործիչը նշեց, որ դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ դատախազություն։ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ իր հերթին շեշտեց, որ լրագրողների եւ ԶԼՄ-ների գործուենության որեւէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ, անհրաժեշտ, բավարար պայմանների ապահովմամբ․ «Որեւէ սահմանափակում չի կարող լինել կամայական, անգամ եթե դրանք սահմանվում են օրենքներով, նորմատիվ ակտերով ու ընթացակարգերով, հակառակ դեպքում այդ սահմանափակումները որակվել եւ որակվելու են որպես բռնություն՝ խոսքի եւ արտահայտման ազատության դեմ»։ Բարսեղյանը մեջբերեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ռեպլիկը, թե՝ «չեմ կարծում, որ ծեծկռտուք լուսաբանելը լրագրողների գործն է», եւ շարունակեց, որ բռնապետական ռեժիմները հիմնականում ինչ-որ հատուկ ազդարարմամբ չեն ներդրվում․ «Ես լսել եմ որոշ պատգամավորների, որ իրենք համաձայն չեն Վարդանյանի այս մտքին, բայց բոլորդ հասկանում եք, որ բացի պատգամավոր լինելուց՝ նա կարեւոր հանձնաժողովի նախագահ եւ խմբակցությունում էական դերակատարում ունեցող մարդ է։ Կասկածում եմ, թե նա երբեւէ կհասկանա՝ որքան վտանգավոր եւ չարամիտ արտահայտություն է իր խոսքը, հույս ունեմ՝ խմբակցությունն իրեն կարգի կհրավիրի եւ կարգելի նման անհեթեթություններ խոսել, որոշել լրագրողների եւ լրատվականների անելիքները»,- ասաց Բարսեղյանը՝ շեշտելով, որ դա կոնցլագերական մոտեցում է։
13:18 - 30 օգոստոսի, 2021
Թագուհի Թովմասյանն Ադրբեջանի քայլերի հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Թագուհի Թովմասյանն Ադրբեջանի քայլերի հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին: «Սիրելի' հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվում են բացել: Այսօր նաև տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաև կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ: Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները և պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն և դաժանություն ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը:
15:20 - 26 օգոստոսի, 2021
Ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տալու ժողովրդավարությունն օգտագործել որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ․ Նիկոլ Փաշինյան

Ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տալու ժողովրդավարությունն օգտագործել որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ծրագիրը։ Աժ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը, ինչից հետո սկսվեց հարցուպատասխանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր խոսքում անդրադարձավ մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններին և դրանց հետևանքներին։ «Մասնավորապես մի շարք բնակավայրերում՝ Վերին Շորժայի Այրք, Ջաղացաձոր, Գեղամաբագ համայնքների ջրամատակարարումը սնուցող ջրամբարում, որտեղ ջուրը դատարկվել է , հիմա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ուզում էի իմանալ՝ արդյո՞ք այլընտրանքային տարբերակ մշակվել է, թե՞ ոչ,- մանրամասնեց Թովմասյանը։ Իր երկրորդ հարցով պատգամավորն անդրադարձավ Կութ համայնքից՝ ադրբեջանցի զինծառայողներ կողմից հափշտակված 80 գլուխ անասուններին և այն խնդրին, որ մինչև հիմա դրանք չեն վերադարձվել։ Թովմասյանը շեշտեց, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը, խոստումները, տեսականները, բայց ստացվում է, որ տարրական, անվտանգային հարցերը և մարդկանց կյանքի իրավունքը չեն պահպանվում։ «Չենք կարողանում պահպանել նաև նրանց սեփականության իրավունքը։ Ես կուզեի հետաքրքրվել՝ ինչ է սպասում այն գյուղացիներին, որոնք այսօր զրկված են 80 գլուխ անասունից»,- հավելեց Թովմասյանը։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ընդունում է պատգամավորի բարձրացրած հարցադրումների տրամաբանությունը, ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ են վնասվել, ենթակառուցվածքներ են վնասվել։ «Երբ խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք Ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին, և ուզում եմ հիշեցնել, եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք վերաբերվում մարդկանց գույքային վնասները վերականգնելու այդ թվում պարտավորությանը, խնդրում եմ այցելեք Տավուշի մարզի Այգեպար գյուղ, որը 30 տարի եղել է անընդհատ գնդակոծությունների ներքո և Դուք այսօր գյուղը կգտնեք այլ վիճակում։ Կտեսնեք, որ այդ գյուղի ճանապարհները բոլորը ասֆալտապատված են, համենայն դեպս վատ վիճակում գտնվող տանիք չկա և այդպես շարունակ։ Մենք նույն գործընթացը պետք է իրականացնենք մեր բոլոր բնակավայրերում, իհարկե սահմանապահ գյուղերի դեպքում առանձնահատուկ քաղաքականություն և վերաբերմունք կա։ Իսկ ընդհանուր առմամբ տարածքային համաչափ զարգացման խնդրին ես անդրադարձա, իսկ ընդհանուր առմամբ անվտանգային խնդիրների կառավարման և կարգավորման մասին իմ պատկերացումները նույնպես բարձրաձայնեցի»։ Արձագանքի հնարավորությունից օգտվելով պատգամավոր Թովմասյանն անդրադարձավ այսօր ԱԺ օթյակում լրագրողների կողմից իրականացված ակցիային։ Նա փոխանցեց լրագրողների դժգոհությունը։«Լրագրողները փորձում էին Ձեր ուշադրությունը հրավիրել, որպես նախկին լրագրողի, որովետև և՛ ես, և՛ Դուք , և՛ Ազգային ժողովի այլ պատգամավորներ եղել են լրագրող, և մենք աշխատել ենք խորհուրդարանոմ, լուսաբանել ենք ԱԺ աշխատանքները և երբեք այսպիսի սահմանափակումների չենք ենթարկվել, այսպիսի տարբերակված մոտեցում չի եղել, որ օրինակ արգելվի իշխանական խմբակցության մոտով անցնել։ Ես կուզեի Ձեր վերաբերմունքը իմանալ և ի՞նչ պատասխան ունեք լրագրողներին»։ Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված մենք կոնկրետ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, որ լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն, և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը, բայց մենք նաև աննախադեպ, շատ իրավիճակներ ունենք, և կառավարությունը ստիպված է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով։ Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի՝ որևէ լրագրող, լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի, կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է։ Եթե ուշադրություն եք դարձրել, ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել եմ, որ ես որպես վարչապետ թույլ չեմ տալու՝ ժողովրդավարությունը, որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ և բոլոր միջոցները ձեռնարկելու եմ, ընդ որում ոչ միայն ձեռնարկելու եմ սեփական ճաշակներին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի շրջանում»։ Փաշինյանը խոսքը եզրափակեց՝ անդրարդառնալով պատգամավորի հնչեցրած սահմանամերձ համայնքների վերաբերյալ հարցին․ «Սահմանամերձ համայնքների վերաբերյալ Ձեր ասածը ընդունում եմ, որպես ի գիտություն և ամեն ինչ կանենք, որ այդպես էլ լինի»։
15:37 - 24 օգոստոսի, 2021
Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր  |armenpress.am|

Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ակնկալում է Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլեր: Ազգային Ժողովի բարձր ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տևական ժամանակ տարբեր տրամաչափի զինատեսակներից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակահերթեր են արձակում: «Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մի շարք բնակավայրեր թիրախավորվել են, և բնակավայրերում հենց լսելի են եղել տարբեր պայթյունների ձայներ ու մարդկանց գիշերային խաղաղ քունը խախտվել, խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է: Փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից սպանվել է 2002 թվականին ծնված շարքային Արմեն Հովհաննեսի Հակոբյանը: Նույն օրը թշնամին սադրանքների է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը»,- ասաց Թովմասյանը: Պատգամավորի խոսքով` ադրբեջանական զինված ուժերի կրակահերթերը հաճախ կատարվում են հատուկ լուսարձակող զինատեսակներով, որպեսզի դրանք քաղաքացիական բնակչության համար լինեն ահաբեկող: «Ադրբեջանական կողմի արարքները հանցավոր բնույթ ունեն, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունը և անվտանգությունը»,- ընդգծեց Թովմասյանը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց այն, որ ադրբեջանական զինված ուժերը ամիսներ շարունակ ապօրինի գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: «Հարգելի քաղաքացիներ, այս իրավիճակից ելքեր փնտրելու, գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ամբողջությամբ ձևավորման պահից սկսած կնախաձեռնի խորհրդարանական լսումներ այս հարցերը քննարկելու համար»,- եզրափակեց Թովմասյանը:
13:27 - 17 օգոստոսի, 2021
Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նրա համոզմամբ, պետք է տարբերակել վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից՝ առաջ գնալու համար։ Թագուհի Թովմասյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ Թագուհի Թովմասյան․ - Յուրաքանչյուր ոք, ով խոսում է ատելության խոսքի, վիրավորանքի և ընդհանրապես այդ դատապարտելի երևույթների մասին, առաջին հերթին սեփական օրինակով պետք է ծառայի՝ դու ինչ ես անում և ինչ պատասխան ես ակնկալում։ Ես ամբողջ կյանքում էդպես եմ առաջնորդվել․ քննադատել եմ ամենադաժան, ամենսուր ձևով, բայց վիրավորական բառեր չեն պարունակել այդ քննադատությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պիտի հասնենք այդ վիճակին, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության և հետևողական քննադատության։ «Ազատություն»․ - Իբրև մարդու իրավունքների պաշտպան եք Դուք, քանի որ ղեկավարում եք այդ հանձնաժողովը, պետք է Ձեր նպաստը բերեք դրան, որպեսզի այդ ատելության խոսքը, կամ փոխադարձ մեղադրանքները մտնեն խորհրդարանական օրենսդրական ձևաչափերի, էթիկայի կանոնների մեջ։ Կարծում եմ Դուք էլ այնդտեղ գործ ունեք անելու, տիկին Թովմասյան, այդպես չէ՞։ Թագուհի Թովմասյան․ - Այո, ես համաձայն եմ, որ ես էլ իմ նպաստը պետք է ունենամ, և մենք պետք է իսկապես տարբերակենք վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից, սրանք պիտի տարբերակենք, որպեսզի կարողանանք գնալ առաջ։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
13:20 - 16 օգոստոսի, 2021