Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է. ուսումնասիրվում են որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ ընտրելու, առգրավումներ եւ զննություններ կատարելու որոշումները, որոնց վերաբերյալ կողմերը հիմնականում հայտարարություններ չեն անում. ըստ նրանց՝ դրանք գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունեն: Այն պահին, երբ դատավորը ընթերցեց գործում առկա փաստաթղթերը, ըստ որոնց՝ 2013 թվականին Դավիթ Սանասարյանը մեքենայի առուծախի հետ կապված գործարք է արել, նրա պաշտպան Արսեն Սարդարյանը հայտարարություն արեց. «Հարգելի՛ դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն կարգի է եղել Դավիթ Սանասարյանի գույքերի նկատմամբ հետաքրքրությունը, որ նույնիսկ 2013 թվականին մեքենայի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկություն են կցել գործին»: Արձագանքելով պաշտպանին՝ դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք դա օրենքով արգելվո՞ւմ է. «Չէ՛, ուղղակի ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականին չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ նման խորությամբ գործի իր պրակտիկայում չէր հանդիպել. «Ես ինչ գործ ունեցել եմ, սովորականին չնմանվող է,- ընդգծեց դատավոր Դավիթ Բալայանը,- ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, բերում դնում է գործի մեջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:48 - 01 հունիսի, 2020
ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը կասեցվել է

ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը կասեցվել է

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման: Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էին հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա: ՈՒսումնասիրության հետագա աշխատանքների ընթացքում պարզվել էր նաև, որ համաձայն ՀՀ ոստիկանության և «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն ՀՀ ոստիկանության մանկապարտեզի գույքի և հողի դիմաց պետք է մինչ 19.05.2018թ-ը նույն հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից որոշակի տարածք սեփականության իրավունքով հատկացներ մանկապարեզին, ինչը սակայն տեղի չէր ունեցել: ՀՀ ՊՎԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականով կասեցվել է մանկապարտեզի լուծարումը, իսկ «Ավագ Շին» ՍՊԸ-ն պարտավորվել է մանկապարտեզին սեփականության իրավունքով հատկացնել 401,2 մ2 ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքին հարակից լրացուցիչ հողատարածք՝ որպես երեխաների համար խաղահրապարակ: Վերոնշյալը ամրագրված է ՀՀ կառավարության 07.05.2020թ-ի N 721-Ա որոշմամբ: Ներկայումս մանկապարտեզը շարունակում է իր բնականոն գործունեությունը և մանկապարտեզ  են հաճախում ՀՀ ոստիկանության զոհված և սոցիալապես անապահով աշխատակիցների ընտանիքների բազմաթիվ երեխաներ:
12:15 - 21 մայիսի, 2020
ԿԳՄՍ-ում  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում

ԿԳՄՍ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ.  հուլիսի 26-ի  N 1052 — Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի  N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին) կատարման նկատմամբ ուսումնասիրության արդյունքները: Ընդհանուր առմամբ,  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում: Տեղեկանքում արձանագրված համապատասխան խախտումները ներկայացվում են ստորև՝ վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ հանդիպակաց կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված և հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան  ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձևավորվել է Նախարարության հետ կնքված գործարքների արդյունքում:Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանքներ: Նշենք, որ կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական և 1 հայկական ընկերություններից: Հաշվի առնելով փոխկապակցվածության և ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության և հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել է կեղծ գործարքներ և ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր: ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման նախագծով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված հարցը պարունակել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի շուկայական արժեքի գնահատման և դրա դիմաց մասնավոր ըկերության կողմից իրականացման ենթակա աշխատանքների արժեքի վերաբերյալ անարժանահավատ և չհիմնավորված տեղեկատվություն: Ըստ կառավարության որոշման, Ընկերությանը  սեփականության իրավունքով հատկացվել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկում գտնվող  հողամասը և ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Կազմակերպությունը պարտավորվել է ՊՈԱԿ-ի համար կառուցել նոր կաթսայատուն և տրամադրել երաժշտական գործիքներ: Հողամասի հատկացման նպատակն է հանդիսացել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, սակայն նման համալիր մինչ օրս չի կառուցվել: Ավելին՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագիր գոյություն չի ունեցել: Պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց ընկերությունը Նախարարությանն է հատկացրել շուրջ 47 միլիոն դրամի լարային 12 գործիքներ միայն, որոնց շուկայական արժեքը, համաձայն փորձաքննության արդյունքների, կազմում է  շուրջ 23 միլիոն դրամ: Լարային գործիքների ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով կեղծ գործարք է կնքվել ՌԴ գրանցված անհատ ձեռնարկատիրոջ հետ: Ընկերությունը, պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց նաև տեղափոխել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Վերոգրյալ աշխատանքի արժեքը գնահատվել է շուրջ 17 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթսայատան տեղափոխումը բխել է Կազմակերպության և ոչ թե պետության կամ ՊՈԱԿ-ի շահերից, քանի որ հին կաթսայատունը գտնվել է Կազմակերպության հատկացված հողամասում և հողամասը ցանկացած նպատակով օգտագործելու համար կաթսայատունը պետք է տեղափոխվեր: Ըստ ՍՊԸ պարտավորությունների, այն պետք է կառուցեր նոր կաթսայատուն, ինչը չի արվել: Ներկայումս հողամասի վրա կառուցված է բազմահարկ շենք, որտեղ 1 քմ-ի վաճառքի շուկայական արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար: Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով:
17:13 - 20 մայիսի, 2020
ՊՎԾ կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 202 միլիոն դրամ

ՊՎԾ կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 202 միլիոն դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ (100 տոկոս պետական մասնակցությամբ) գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաև իրականացված գնման գործընթացները: Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ: Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:  Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝ — ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետևանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ, — Հայկական ավիաընկերություններից մեկը (տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված) 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ Ընկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: — Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ և նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ, — ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև Ընկերությունում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ, — Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել և վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ, -Ընկերության կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամի չափով պարգևատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ, -աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝  իրավական գնահատական տալու նպատակով:
15:39 - 19 մայիսի, 2020
Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան
 |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան |pastinfo.am|

pastinfo.am: Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։ «Մինչև ՊՎԾ ուսումնասիրությունները, դաշտում եղել է երկու կազմակերպություն, որոնցից մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ Դոն Պիպոյի քրոջ որդուն։ Ինձ ներկայացվել է Սամվել Ադյանի կողմից, որ երկար տարիներ դաշտը սպասարկել են, այսինքն՝ քվոտավորված։ Այնպես չի եղել, որ Սամվել Ալեքսանյանի ֆիրման մասնակցել է այն հիվանդանոցի մրցույթին, որին քվոտավորված էր մյուս կազմակերպությունը ։ Այսինքն՝ դաշտը երկու մասի են բաժանել 80-ից ավել տոկոսով, մնացածը՝ տարբեր հիվանդանոցներ փոքր բաժնով սպասարկել են։ Երբ ՊՎԾ-ն հասկանում է, որ ներկրում են Հայաստան և երկուսը երկու անգամ ավել գնով վաճառում են պետության վրա, մասնակցում են գնումների և գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն ստանում է գործընթացը»,- ասաց Սանասարյանը։ Նրա խոսքով՝ եթե բժշկական կենտրոնն այնպիսի չափորոշիչներ են ներկայացնում դիալեզի պարագաների, որը կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն արդեն չեն մասնակցում այդ մրցույթին։ «Եթե մեկը նայում է, որ իրենից է կախված, գին է կրակում, որը պետությունն ուզած-չուզած պետք է գնի։ Մեր խնդիրն այն է, որ մրցակցություն լիներ։ Գուցե նույն կազմակերպությունը նորից կհաղթեր այդ մրցույթները, բայց այլ գնով։ Ոչ թե Սամվել Ալեքսանյանի կամ ինչ-որ մեկի դեմ է գործությունը, այլ՝ հանուն պետության»,- ասաց Սանասարյանը։
21:25 - 18 մայիսի, 2020
Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից․ Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին |armtimes.com|

Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից․ Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին |armtimes.com|

armtimes.com: ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Սանասարյանը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր դեմ ցուցմունքները գրվել են անձամբ Սամվել Ադյանի կողմից: Այսօր ապացույցների հետազոտման ժամանակ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ, ըստ գործում եղած նյութերի, Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ցանկություն հայտնելով նրա հետ առանձնազրույց ունենալ առանց փաստաբանի ներկայության: Եվս մեկ դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը: Նախագահող դատավորի խոսքով՝ այդ դիմումներից բացի, Սամվել Ադյանն ավելի ուշ մեկ այլ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ասելով, որ Գեւորգ Խաչատրյանի հետ տեղի ունեցած առերեսումից հետո տվել է լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել է Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները եւ նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չի տեսնում: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես վստահություն ունեմ ու այդ մասին առաջիկայում կխոսեմ, որ այս գրությունների, դիմումների տակ պիտի գրած լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչ, որովհետեւ ակնհայտ է, որ դրանք քննիչի կողմից թելադրված են»: Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը, սակայն քննիչը վարպետորեն ներկայացրել է, որ դրանք Սամվել Ադյանի գրություններն են. «Եթե ոչ այս վերջինը, ապա մյուսները քննիչի կողմից պարտադրված են»,- հայտարարեց Սանասարյանը՝ կրկնելով, որ իրենց համոզմունքն այն է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:31 - 18 մայիսի, 2020
Սամվել Ադյանը ցանկացել է տալ խոստովանական ցուցմունք եւ ներկայացնել Դավիթ Սանասարյանի առնչությունը մեղադրանքին |armtimes.com|

Սամվել Ադյանը ցանկացել է տալ խոստովանական ցուցմունք եւ ներկայացնել Դավիթ Սանասարյանի առնչությունը մեղադրանքին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է: Ընթերցելով գործում առկա նյութերը՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել գործը քննող ԱԱԾ քննիչին՝ խնդրելով իրեն ընդունել առանձնազրույցի՝ առանց փաստաբանի ներկայության: Դիմումները հասցեագրված են եղել 2019 թվականի մարտի 18-ի, 19-ի եւ 20-ի ամսաթվերով: Դատավորը Ադյանից հետաքրքրվեց՝ ամսի 18-ին առանձնազրույց տեղի է ունեցե՞լ է, որ նա մեկ օր անց դիմել է քննիչին՝ իրեն կրկին կանչելու խնդրանքով, ինչին ի պատասխան՝ Ադյանն ասաց, որ հավանաբար եղել է, ինքը լավ չի հիշում: Նախագահող դատավորը տեղեկացրեց նաեւ, որ ըստ գործում եղած նյութերի՝ մարտի 20-ին Սամվել Ադյանը մի դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը: Թե ինչ ցուցմունք է տվել Ադյանը, դատավորն ասաց, որ բնականաբար չի հրապարակի: Դեռ առաջին դատական նիստերին դատարանի կողմից սահմանվել է ապացույցների հետազոտման կարգ, ըստ որի՝ սկզբում հետազոտվելու են գործում առկա գրավոր փաստաթղթերը, իրեղեն ապացույց սարքավորումը, որից հետո հարցաքննվելու են վկաները, եւ վերջում միայն՝ ամբաստանյալները: Գործով ամբաստանյալի կարգավիճակում է 5 անձ:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:43 - 18 մայիսի, 2020
Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Այսօր՝ մայիսի 14-ին, armdaily.am կայքը հրապարակել է «ԱԱԾ-ում արշալույսները խաղաղ չեն․ աշխատանքից ազատման դիմումները՝ Քյարամյանի նշանակման դեմ ընդվզում» վերտառությամբ հոդված, որտեղ նշվում է, որ Արգիշտի Քյարամյանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու համար նրան գնդապետի կոչում են տվել, որը համառորեն թաքցնում են։  «Մինչեւ օրս ԱԱԾ կայքում, ի տարբերություն մյուս տեղակալների, նշված չէ Քյարամյանի կոչումը։ Սակայն առանց այդ կոչման նա չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,- գրել է լրատվամիջոցը։ Նախ նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։  Armdaily.am կայքի այն պնդումը, թե առանց գնդապետի կոչման Քյարամյանը չէր կարող նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» վերոգրյալ օրենքի պահանջին, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Բանն այն է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 5-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Հետևաբար կամ շաղկապը հստակ տարանջատում է «․․․մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն․․․» հատվածը՝ «․․․մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում։» հատվածից, ինչը ենթադրում է, որ այս երկու պայմաններից որրևէ մեկի բավարարումը բավարար է նորմի կիրառման համար։   Բացի այս՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, իսկ Քյարամյանն, ինչպես արդեն նշել ենք, մինչեւ ԱԱԾ պետի տեղակալ դառնալը՝ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։ Վերոնշյալից կարրող ենք եզրակացնել, որ ՔԿ բարրձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար նրա՝ գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը պարտադիր չէ։ Այսպիսով, armdaily.am կայքի պնդումը չի համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներրին։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անմիջապես հաջորդ օրը Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Infocom.am-ն անդրադարձել է նաև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համապատասխանությանը դա կարգավորող իրավական ակտի էությանը։ Հայարփի Բաղդասարյան
16:15 - 14 մայիսի, 2020
Նախատեսվում է տուգանք սահմանել հարկային ուսումնասիրությանը խոչընդոտելու համար |hetq.am|

Նախատեսվում է տուգանք սահմանել հարկային ուսումնասիրությանը խոչընդոտելու համար |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է վարչական պատասխանատվություն նախատեսել հարկային ուսումնասիրություններին և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող գործողություններին խոչընդոտելու համար: Պետական եկամուտների կոմիտեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նման փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել քննարկման։ ՊԵԿ-ը մասնավորապես առաջարկում է քաղաքացիներին 100 հազար դրամով տուգանել՝ ստուգում, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու կամ ստուգվող, հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելու, փաստաթղթեր չտրամադրելու, գույքի պահպանությունը չապահովելու համար։ Այս գործընթացների խոչընդոտող պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքն ավելի մեծ կլինի՝ 200 հազար դրամ։ Ստուգումները պետք է կատարվեն հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով։ ՊԵԿ-ն ընգծել է, որ վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաև ուսումնասիրությունների միջոցով:  «Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել, վարչական պատասխանատվություն նախատեսելով, նաև ուսումնասիրություններ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար»,-հայտնել է պետական եկամուտների կոմիտեն: Նշենք, որ «Հարկային օրենսգրքով» սահմանվում է, որ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող գործողությունների եղանակներով: Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ խախտումների բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում օպերլիազորների օրինական պահանջները տնտեսվարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվում։ Մասնավորապես՝ արգելվում է զննել ավտոմեքենաները, որը ենթադրում է դրանցում առկա մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ուսումնասիրում, հաշվառում, գույքագրում։ Կամ արգելվում է մուտք գործել հարկ վճարողի առևտրային, արտադրական, պահեստային տարածքներ, որտեղից փաստացի իրականացվում են ապրանքների մատակարարումներ և տեղափոխություններ։ Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրներ են առաջանում նաև մատակարարվող ապրանքների ամսաթվերի, բեռնման (բեռնաթափման) վայրերի և այլ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, չեն ներկայացնում համապատասխան բացատրություններ, տեղեկանքներ (այդ թվում՝ ապրանքային մնացորդների վերաբերյալ) կամ տեղափոխություն իրականացնող վարորդները, առաքիչները չեն ներկայացնում իրենց անձը հաստատող փաստաթղթերը:
12:38 - 11 մայիսի, 2020
ՊՎԾ ղեկավարի  պարտականությունները մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը

ՊՎԾ ղեկավարի  պարտականությունները մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի  պարտականությունները 2020թ. մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՊՎԾ-ն։ Կից ներկայացվում է Ռաֆայել Զաքարյանի ինքնակենսագրությունը: Ծնվել է 1986թ․, մայիսի 30-ին, Երևանում: Կրթություն 1993-2003թ․ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2003-2008թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Աշխատանքային գործունեություն 2008-2009թ․ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ: 2009-2010թ․ աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ բանկի շահերի պաշտպանության բաժնում: 2011-2016թ․  աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ: 2016-2018թ․ աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչությունում՝ որպես գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ: 2018-2019թթ․ աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում՝ որպես հարկային խորհրդատու: 2019թ․ փետրվարի 12-ից  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Անձնական տվյալներԱմուսնացած է, ունի երկու զավակ։
18:29 - 06 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: Քանի որ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոնշյալ ցանկում ևս առկա չէ, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հաշվի առնելով այն, որ Քննչական կոմիտեն ներառված է վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետում թվարկված կառույցների ցանկում, ինչպես նաև այն, որ ըստ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, ինչն էլ հենց ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու պահանջներից մեկն է, Արգիշտի Քյարամյանի՝ այդ պաշտոնում նշանակումը հնարավորություն է ստեղծել նրա՝ ԱԱԾ պետի տեղակալ նշանակումն իրականացնել «օրենքի տառին» համապատասխան։ Քանի որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ նվազագույն պաշտոնավարման ժամկետ, հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Միաժամանակ նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, այս տարվա հունվարին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեորգի Կուտոյանը նախկինում ևս նմանատիպ ընթացակարգով էր նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Գեորգի Կուտոյանի 2016 թվականի փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 9 օր անց՝ փետրվարի 12-ին, նշանակվել էր ԱԱԾ պետ։  Արփի Ավետիսյան
20:05 - 05 մայիսի, 2020
Գեղամավան և Հաղարծին համայնքների հողամասերը 100-ապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին

Գեղամավան և Հաղարծին համայնքների հողամասերը 100-ապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին

Գեղամավան եւ Հաղարծին համայնքների նախկին ղեկավարներն ապօրինի պայմանագրերի հիման վրա ենթավարձակալության են տվել համայնքին պատկանող հողերը եւ վնաս պատճառել համայնքին։ Հարուցված քրեական գործերով վնասները մասամբ վերականգնվել են, քայլեր են ձեռնարկվում այդ հողերը համայնքներին վերադարձնելու ուղղությամբ։ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով այս գործերի մանրամասները։ Ստորեւ՝ հաղորդագրությունն ամբողջությամբ։ Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքների հիման վրա Հայաստանի մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականության հողամասերը ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում դատախազությունը շարունակում է հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման գործընթացը: Ինչպես ստեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, քրեական վարույթների շրջանակներում հիմնական շեշադրումը կատարվում է համայնքներին հասցված վնասների վերականգնման և վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման վրա: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Սևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարզի Գեղամավան համայնքի, ի դեմս համայնքի նախկին ղեկավար Մ.Վ.-ի, և Գեղարքունիքի նախկին մարզպետի վարորդի միջև 2010թ. սեպտեմբերի 3-ին կնքվել է 0,02 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 3.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այնուհետև, 2010թ. սեպտեմբերի 24-ին վերջինս կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր՝ 280 անգամ ավելի՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այդ կերպ Գեղամավան համայնքի օրինական շահերին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Փաստի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մեկ այլ դեպքում Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հաղարծին համայնքի ղեկավար Ս. Պ.-ն, 2013թ. ստեղծելով մրցույթային հանձնաժողով և գլխավորելով այն, կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականության հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակից անձի հետ 2013թ. հունիսի 27-ին կնքել է համայնքային սեփականություն հանդիսացող 0,2 հա մակերեսով հողամասը 20 տարի ժամկետով տարեկան ընդամենը 4400 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վերջինիս վարձակալության հանձնելու վերաբերյալ պայմանագիր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, տվյալ անձը արոտավայր հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այդ հողամասից 0.02 հա հատարծքը մոտ 218 անգամ ավելի՝ տարեկան 960.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերություններից մեկին: Արդյունքում Հաղարծին համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ մուրջ 2մլն դրամի վնաս։ Տավուշի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախնական քննությունների արդյունքում Գեղամավան համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 մլն ՀՀ դրամ, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել համայնքի համար ակնհայտ անբարենպաստ և ապօրինի կնքված հիշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ: Իսկ Հաղարծին համայնքին պատճառված վնասից կամովին վերականգնվել է 1 մլն դրամ գումար, ինչպես նաև եկկողմ համաձայնությամբ լուծվել են ապօրինի վարձակալության պայմանագրերը: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայքներին պատճառված ամբողջ վնասը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:55 - 04 մայիսի, 2020
Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել

Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները:  Մասնավորապես ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Աշոցքի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Ձորաշեն համայնքի վարչական ղեկավար Գ. Ս.-ն 2006թ. օգոստոսի 21-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1 հա մակերեսով հողատարածքն աճուրդ վաճառքով՝ մրցութային հանձնաժողովի կողմից և իր համաձայնությամբ տրամադրել է իր կնոջը՝  25 տարի ժամկետով կնքելով տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարի չափով վարձակալության պայմանագիր:Ապա բառացիորեն երեք օր անց կինը նրա համաձայնությամբ հիշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ, տարեկան 480 հազար ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է հեռահաղորդակցության կապի հայաստանյան օպերատոր ընկերություններից մեկին։ 2007թ. մայիսի  29-ին նույն ընթացակարգով Ձորաշեն համայնքի վարչական ղեկավարը կնոջը վարձակալության է հանձնել 1․58 հա մակերեսով համայնքապատկան այլ հողատարածք՝ կնքելով վարձակալության պայմանագիր տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարի չափով։ Ապա հիշյալ հողատարածքից 200 քմ տարածքը ենթավարձակալության պայմանագրով, առանց համայնքի համաձայնության, ամսեկան 85 հազար ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրվել է մեկ այլ կապի օպերատոր ընկերության, իսկ պայմանագրում նշվել, որ առկա է սեփականատիրոջ համաձայնությունը: Ենթավարձակալության նշված գործարքների արդյունքում համայնապետի ընտանիքը մինչև 2020թ. փետրվարի 17-ը ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 19 մլն  ՀՀ դրամ շահույթ՝ նույնքան վնաս պատճառելով համայնքին։ Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում և կատարվում է համատեղ քննություն: Համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, 2 մլն դրամի չափով փոխհատուցել պատճառված վնասը՝ պարտավորվելով մնացած մասը ևս վերականգնել: Մեկ այլ դեպքում Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աստղաձոր համայնքի և համայնքապետի հետ միևնույն հասցեում գրանցված անձի միջև 2013թ. օգոստոսի 6-ին կնքվել է 0,105 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 12 հազար 900 ՀՀ դրամ վարձավճարով։Այնուհետև մի քանի օր անց, հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում, վերջինս կապի օպերատոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ենթավարձակալության պայմանագիր՝ ամսական 40 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ տարեկան 480 հազար ՀՀ դրամ վարձավճարով։ Այդ կերպ Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հողամասի վարձակալը դիմում է ներկայացրել Աստղաձոր համայնքի ղեկավարին՝ 18.04.2020թ.-ից վարձակալության իրավունքը դադարեցնելու մասին: Իր հերթին համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ հողամասի վարձակալության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու մասին, ինչպես նաև, որպես փոխհատուցում, Աստղաձոր համայնքի բյուջե է վճարել ամբողջ վնասի՝ 3.075.075 ՀՀ դրամ գումարը:   Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
17:28 - 01 մայիսի, 2020
ՊՎԾ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային հողամասերի ենթավարձակալության մի շարք դեպքեր

ՊՎԾ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային հողամասերի ենթավարձակալության մի շարք դեպքեր

ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը․ «Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից նախ վարձակալությամբ են տրամադրվել բավականին ցածր վարձավճարով, ապա ավելի ուշ (որոշ դեպքերում հաջորդող կամ մի քանի օրերի ընթացքում)՝ վարձակալը հեռահաղորդակցության կապի օպերատորներին այդ գույքը (կամ դրա մի փոքր մասը) ենթավարձակալության է հանձնել մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի թանկ վարձավճարով։ Մասնավորապես  համայնքներից մեկում համայնքի սեփականություն հանդիսացող 1.200 քմ հողմասը վարձակալության է հանձնվել տարեկան 2.000 դրամով, իսկ այդ հողամասի 200 քմ-ը  հեռահաղորդակցության կապի օպերատորին ենթավարձակալության է տրվել շուրջ 500 անգամ թանկ գնով՝ տարեկան 1.020.000 դրամ վարձավճարով կամ 10.000 քմ հողատարածքը տրամադրվել է տարեկան 4.540 դրամ վարձավճարի դիմաց և նույն օրն այն տրվել է ենթավարձակալության շուրջ 100 անգամ թանկ գնով՝ տարեկան 480.000 դրամով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ ուսումնասիրված գործարքների մի մասում, ըստ էության, առկա է ուղղակի փոխկապակցվածություն վարձատուի՝  համայնքի ղեկավարի և վարձակալի միջև։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ համայնքից վարձակալված հողամասերի վարձակալները հանդիսանում են համայնքների ղեկավարների ընտանիքի անդամները, հաշվառված են միևնույն հասցեում կամ գտնվում են բարեկամական, ազգակցական կապերի մեջ: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:48 - 15 ապրիլի, 2020