Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Դատախազությունն ուսումնասիրել է «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընթացքը

Դատախազությունն ուսումնասիրել է «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընթացքը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տրված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում, ուսումնասիրել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի կատարման համար պետական բյուջեից հատկացվել է 16 մլն 695,1 հազար դրամ: Իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սուբվենցիայի ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. դրանք չեն համաձայնեցվել Շիրակի մարզպետարանի հետ: Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ևս չի համապատասխանել Կառավարության որոշմամբ հասատված կարգին: Ըստ փաստաթղթերի՝ Ծրագրով նախատեսված աշխատանքները փաստացի ավարտվել, իսկ ջրագիծը շահագործման է հանձնվել 2021 թվականի նոյեմբերի 18-ին: Նշվածի վերաբերյալ կազմվել է «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտ: Այն իրենց ստորագրություններով և կնիքներով հաստատել են Շիրակի մարզի տեսչական մարմնի ներկայացուցիչ Գ.Ե.-ն, «Վեդի պլաստ» ՍՊԸ տնօրեն Ա.Պ.-ն, «ԱԳԷԱ» ՍՊԸ տնօրեն Ռ.Ս.-ն, «ԼՍ նախագիծ» ՍՊԸ տնօրեն Ա.Ս.-ն, մինչդեռ, ակտում բացակայել է Շիրակի մարզպետարանի ներկայացուցչի ստորագրությունը, որի արդյունքում գումարը չի փոխանցվել շինարարական ընկերություններին, իսկ որպես համայնքի ներկայացուցիչ՝ փաստաթուղթը ստորագրել է համայնքի նախկին ղեկավար Մ.Ղ.-ն (վերջինիս արարքին տրվել է իրավական գնահատական, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան): 2023 թվականի հունվարի 30-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է Ամասիա համայնքի ղեկավարի գրությունը, որում նշվել է, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Աղվորիկ բնակավայրում՝ մինչև առաջացած խնդրի՝ համայնքի միջոցներով կարգավորումը, «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից անցկացված ջրագծերով հինգ հասցեներում ջրամատակարարում չի իրականացվել, Բերդաշեն համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագծի անցկացման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակիչները տվյալ ջրագծից չեն օգտվում՝ ջուր չլինելու պատճառով, իսկ Զարիշատ բնակավայրում «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից կառուցված ակունքը գրեթե չի գործում: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք, ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով (Պաշտոնեական անփութություն) նախատեսված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տվյալներ, 2023 թվականի փետրվարի 2-ին Շիրակի մարզի դատախազը ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ուղարկել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
11:27 - 03 փետրվարի, 2023
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արամ Արամյանը միաձայն (40 կողմ) քվեարկությամբ` ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ: Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազ Արամյանին՝ ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: «Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է համապատասխանենք վարքագծի ամենաբարձր չափորոշչին»,- շեշտել է Աննա Վարդապետյանը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամ Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ստանձնած գործառույթներն իրականացնելիս՝ կանի առավելագույնը համակարգի հեղինակությունը բարձր պահելու համար:
15:00 - 30 հունվարի, 2023
Պաշտոնից ազատվել են Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազները. կան նոր նշանակումներ

Պաշտոնից ազատվել են Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազները. կան նոր նշանակումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ hունվարի 19-ի, 23-ի, 24-ի և 25-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազը ստորագրել է պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազ Վարդապետյանը ստորագրել է նաև պաշտոնի նշանակման հրամաններ: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Մադոյանը փոխադրվել է Երևան Քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին: Առաջին դասի խորհրդական Ռեմ Ռշտունին նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երրորդ դասի խորհրդական Անի Միքայելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վաչե Ղազարյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Մուրադյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ Ոստիկանությունում շնորհված լեյտենանտի կոչումը համապատասխանեցնելով երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանին:
13:08 - 26 հունվարի, 2023
Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված վարկածը այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Այս մասին այսօրվա՝ հունվարի 26-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին։  «Հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է, և կարծես թե, էս պահի դրությամբ ունենք ապացույցների այն անհրաժեշտ բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ քանի որ հասարակությունը անընդհատ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որ հետո չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք»։ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ կառավարության նիստում որևէ բան հնչել է, որևէ մեկը այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ․ «Որովհետև այդ պահին ինչ հնչել է, ինչ տեղեկություն ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք, կիսում ենք և կկիսենք։ Նկատի ունեմ՝ եթե կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հայտնեց, որ բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է․ «Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ չեն»։ Վարդապետյանի ու Քյարամյանի հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մանրամասներ հայտնեց քննությունից։ «Պետք է ընդգծել, որ ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար, որից հետո հարց է ծագել, որ բուլդոզերները դիզվառելիք են օգտագործում, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար։ Հիմա փաստորեն գործի տվալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի լավ է։ Ընդ որում՝ վկան տեսել է էդ բենզինի տարան և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում, ու նաև տարածքը՝ բռնկված վիճակում։ Եվ էդ ամեն ինչը էս պահին գոնե հիմնավորվում է, և էլի եմ ասում, որ սա չի նշանակում, որ որևէ բանով կաշկանդված ենք, և քննությունը պետք է լինի շարունակական»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել ՊՆ-ում։ Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն՝  Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։
12:03 - 26 հունվարի, 2023
ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է․ Աննա Վարդապետյան

ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է․ Աննա Վարդապետյան

ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Նա այլ մանրամասներ չասաց՝ իր խոսքով, ելնելով նախաքննության ընթացքից։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ որոշվել է զինվորների կացարանի հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում հարուցել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
11:52 - 26 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա․Չ․ի (Արմեն Չարչյանի-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Photolure-ի
12:58 - 23 հունվարի, 2023
«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից |aysor.am|

«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից |aysor.am|

aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողովի նախագահին։ Նա կարծում է, թե այս միջնորդությունն այսօր են ներկայացրել, որ շեղեն հասարակությանն այն իրավիճակից, որը տիրում է Հայաստանում։ «Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ Ազգային ժողովի նախագահը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Պատգամավորին համապատասխան տեղեկացում է տրվել։ Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ», - հայտնեց Ծովինար Խաչատրյանը։
13:12 - 20 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։ Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
11:58 - 20 հունվարի, 2023
Կադրային փոփոխություններ, նշանակումներ և փոխադրումներ ՀՀ դատախազության կազմում

Կադրային փոփոխություններ, նշանակումներ և փոխադրումներ ՀՀ դատախազության կազմում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:  Մասնավորապես՝ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե  Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:  Երկրորդ դասի խորհրդական Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է  Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի  դատախազության ավագ դատախազի պաշտոնից:  Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին:  Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:  Արմավիրի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գուրգեն Գուրգենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:  Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Մելիքյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Երիցյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և  Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:  Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
10:39 - 05 հունվարի, 2023
Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբ

Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում (նախկինում՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ․ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազը (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ), լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Հարկ է ընդգծել, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով (նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով): Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ևս՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
14:55 - 04 հունվարի, 2023
5 ամիս անգործություն է ցուցաբերվել, չի պահպանվել օբյեկտիվություն. նկատողություն՝ դատախազության տարածքային ղեկավարին

5 ամիս անգործություն է ցուցաբերվել, չի պահպանվել օբյեկտիվություն. նկատողություն՝ դատախազության տարածքային ղեկավարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով՝ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ տույժի նշանակմանը նախորդած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը N քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի կողմից շուրջ 5 ամիս որևէ քննչական և վարութային գործողություններ չկատարելու պայմաններում, գործուն միջոցներ չի ձեռնարկել դատախազական հսկողությունը պատշաճ իրականացնելու համար, այդ կապակցությամբ որևէ դատախազական ակտ չի կայացրել:  Արդյունքում, քրեական գործով (վարույթով) նախաքննություն չի կատարվել, ողջամիտ ժամկետում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման, ինչպես նաև նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար։  Բացի այդ, Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իրավական հիմքերի բացակայության պայմաններում, առանց որոշում կայացնելու, ստանձնել է նույն քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և որոշում կայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին:  Իր և մեկ այլ քրեական գործով տուժողների և մեղադրյալի (ամբաստանյալի) միջև հեռավոր ազգակցական կապի առկայությամբ պայմանավորված՝ դատարանում իրեն բացարկ ներկայացված լինելու պայմաններում, դատախազն ինքնաբացարկ չի հայտնել, և, մինչև վերոնշյալ հիմնավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վարույթից հեռացվելը, շարունակել է քրեական գործով իրականացնել մեղադրողի պարտականությունները՝ կասկածի տակ դնելով գործի արդարացի քննության սկզբունքի պահպանումը:  Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդգծվել է, որ դատախազի անկողմնակալության վերաբերյալ «անաչառ դիտորդի» մոտ կարող է կասկած առաջանալ ոչ թե գործով տուժողների և մեղադրյալի հետ դատախազի ունեցած հեռավոր ազգակցական կապի, այլ այդ պայմաններում վերոնշյալ քրեական գործով թույլ տրված խախտումների և ձգձգումների առկայության պատճառով. կասկած է առաջացնում նշված հանգամանքների՝ խախտումներ, ձգձգումներ, ազգակցական կապ, համակցությունը, այլ ոչ թե ինքնին ազգակցական կապը:
10:11 - 28 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները: «Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - շեշտել է Աննա Վարդապետյանը: Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները: Աննա Վարդապետյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՌԳ գլխավոր դատախազին և շեշտել, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:
14:24 - 08 դեկտեմբերի, 2022
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին․ կադրային փոփոխություններ Դատախազությունում

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին․ կադրային փոփոխություններ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ` նաև առաջխաղացումների ձևով: Մասնավորապես՝ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել  մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ  դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
15:50 - 06 դեկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը պետական միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ աշխատանքների կապակցությամբ վարույթներով պահանջել է առանց ձգձգումների քննություն

Գլխավոր դատախազը պետական միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ աշխատանքների կապակցությամբ վարույթներով պահանջել է առանց ձգձգումների քննություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Գյումրի համայնքում գտնվող Շիրակի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը: Գլխավոր դատախազը, նախքան բովանդակային քննարկմանն անցնելը, շնորհավորել է Արմեն Չիչոյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դատախազի մասնագիտական և մարդկային որակները թույլ կտան մարզում անցնցում ու արդյունավետ կազմակերպել գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերությունները, բծախնդիր լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ավարտին հասցնելու հարցի նկատմամբ, սեղմ ժամկետներում առաջարկել դրանց լուծումները՝ շեշտելով, որ վարույթների հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ իրավապահ կառույցների կողմից ձգձգումներն ու անգործությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Մարզպետ Նազելի Բաղդասարյանը ողջունել է գլխավոր դատախազի այցը Շիրակի մարզ, կարևորել է մարզի նոր դատախազի նշանակումը և վստահություն հայտնել, որ Արմեն Չիչոյանը կնպաստի Շիրակում օրինականության ամրապնդմանը: Մարզի դատախազ Չիչոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին վստահության համար և նշել, որ անելու են առավելագույնը՝ հատկապես խնդրահարույց և ձգձգվող վարույթները սեղմ ժամկետներում լուծելու համար: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է օտարման ոչ ենթակա տարածքներն ու զբոսայգիները, որոնք օրենքի խախտմամբ գտնվում են կոնկրետ անձանց տնօրինման ներքո, քաղաքացիներին վերադարձնելուն, քրեական վարույթի հետ մեկտեղ պետական շահերի պաշտպանության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, իրավապահ կառույցների միջև գործընկերային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև պահանջել է պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով բծախնդիր, անզիջում, արդյունավետ և առանց ձգձգումների քննություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ հարկատուների միջոցներից իրականացվող ծախսերը, այդ թվում` սուբվենցիոն ծրագրերը, պետք է լինեն նպատակային և արդյունավետ: Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
10:50 - 05 դեկտեմբերի, 2022
 «Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ․ դատախազություն

«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ․ դատախազություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Մասնավորապես, Պետական շահերի  պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական  գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով:
11:23 - 29 նոյեմբերի, 2022