ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական​​ մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը և այլք: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական ​​հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։ Նախարարը փաստել է՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք, և վստահ եմ, որ համագործակցության համատեղ հարթակների ստեղծումը լավ հնարավորություն կլինի նաև երիտասարդների միջև շփման տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնելով: Նախարարը կարևորել է նաև Օմսկի մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով ուսուցման, ինչպես նաև համապատասխան դասագրքերով ապահովման հնարավորությունը: Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Օմսկի նահանգում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող գործընթացները՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձևաչափեր: Նրա խոսքով՝ Օմսկի բուհերում սովորող շուրջ 80 հազար ուսանողներից 11 հազարն օտարերկրացի է, այդ թվում՝ ՀՀ-ից: Ալեքսանդր Բուրկովը շեշտել է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ այլ բուհերի հետ համագործակցության կարևորությունը: Նա նաև անդրադարձել է նահանգի բուհերում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությանը, ներկայացրել Օմսկի հայկական դպրոցի գործունեությունը: Նահանգապետը կարևորել է հայկական սփյուռքի ներուժը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Օմսկի միջև իրականացվող համագործակցության ծրագրերում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մասնագիտական կրթության և ուսուցման, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ համատեղ մարզական միջոցառումների անցկացման և երկու երկրներում թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությանը: Նշենք, որ ՀՀ կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Վ. Բրյուսովի անվան պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոն և Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ:
16:07 - 24 օգոստոսի, 2022
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում

 |armenpress.am|

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին»  նախագծին, որը հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում: Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրակա­նացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով: Մասնավորապես տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետբյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհա­նուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասա­գրքերով: Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներից նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնա­գիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանել նպատակային ֆինանսավորում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով: Վերոնշված փոփոխությունների նպատակն է նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնա­գիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում անցնել համընդհանուր ներառման:
13:54 - 24 օգոստոսի, 2022
Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում փոփոխություն է եղել

Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում փոփոխություն է եղել

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։  Սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին: Ընդ որում`  սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը: Սահմանված ժամկետներում դիմում չներկայացնելու դեպքում`  սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում: Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` համապատասխանաբար մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը: Նախարարությունը վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատման դեպքում համապատասխան տեղեկատվությունը փաթեթով ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե: Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը նախարարության կամ բուհի կողմից մերժվում է, եթե  բուհը հավատարմագրված չէ, մասնագիտությունը ներառված չէ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում,  դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ սովորողը ՀՀ քաղաքացի չէ կամ ունի ուսման վարձի պարտք: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները և դրանց լուծման հրատապությունը:   Ակնկալվում է, որ այս որոշմամբ կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ:
15:05 - 23 օգոստոսի, 2022
ԿԳՄՍՆ-ում պարգևատրել են Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին

ԿԳՄՍՆ-ում պարգևատրել են Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը օգոստոսի 22-ին պարգևատրել են մայիսին Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին: Հանդիպման ընթացքում պարգևատրվել են տասնապետերը, որոնք ԵԱ-ի ժամանակ կատարել են ինչպես կամավորական աշխատանքներ, այնպես էլ ղեկավարել են կամավորների՝ 10 հոգուց բաղկացած խմբեր: Նրանք պարգևատրվել են հավաստագրերով և հուշանվերներով: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ առանց կամավորների աջակցության Եվրոպայի առաջնությունը կազմակերպչական առումով այդքան հաջող ընթացք չէր ունենա: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար. «Իմացե՛ք՝ դուք շատ հանրօգուտ աշխատանք եք կատարել: Ամբողջ աշխարհում կամավորական շարժումը շատ է կարևորվում: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ, երբ ՄՕԿ-ի նախագահը սկսում է ողջույնի խոսքը, մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների շարքում անպայման նշում է կամավորներին, քանի որ առանց նրանց այդ խաղերն ուղղակի չեն կայանա: Առանց ձեր օգնության մեր առաջնությունը չէր լինի այդքան փայլուն և գեղեցիկ»: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ևս շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ ընդգծելով, որ ԵԱ-ի հյուրերը բարձր են գնահատել նրանց աշխատանքը. «Որպես ֆեդերացիայի նախագահ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն տիտանական աշխատանքի համար, որ կատարեցիք այդ օրերին: Ձեր աշխատանքը բարձր են գնահատել նաև մեր հյուրերն ու միջազգային պատվիրակները»: Համահայկական կամավորական միության հիմնադիր-նախագահ Սևակ Կարապետյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնության ժամանակ ավելի քան 180 կամավոր է աշխատել: Կարապետյանն ասում է՝ իրենք աշխատել են մեկ տան սկզբունքով. առաջնային նպատակը եղել է հյուրերին գեղեցիկ ընդունելն ու ճանապարհելը, իսկ մնացած խնդիրները թողել են տան ներսում. «Նախապես հայտարարություն էինք տարածել, որին շուրջ 700 կամավոր էր դիմել: Մեր սահմանած որոշակի պահանջները հաշվի առնելուց հետո մնացին 186-ը, իսկ վերջնական փուլում՝ 136-ը: Առաջնության ընթացքում միջազգային պատվիրակությունների բարձրացրած յուրաքանչյուր հարց ժամանակին ստացել է իր լուծումը՝ առաջին հերթին հենց կամավորների արդյունավետ աշխատանքի շնորհիվ»: Սևակ Կարապետյանը նշում է՝ կամավորների աշխատանքը սկսվել է արդեն կազմակերպչական շրջանում՝ առաջնության մեկնարկից դեռ 10 օր առաջ. «Կամավորները մասնակցել են համալիրում տարվող աշխատանքներին, նվերների փաթեթավորմանը, տարածքի կահավորմանը: Առաջնության մեկնարկին ընդառաջ կամավորները 24/7 ռեժիմով գտնվում էին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ դիմավորում էին առաջնության միջազգային պատվիրակություններին: Մի խոսքով՝ ներգրավված են եղել կազմակերպչական բոլոր գործերում ու կատարել տարաբնույթ աշխատանքներ»: Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
13:46 - 23 օգոստոսի, 2022
Հունահռոմեական ոճի ԵԱ. Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ԵԱ. Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել՝ վաստակելով 1 միավոր: Որոշումը վիճարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ինչից հետո տրված միավորը չեղարկվել է և հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցչին: Վիգեն Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ ըմբիշին (9:0): Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սուրեն Աղաջանյանը եզրափակչում ցավալի պարտություն է կրել իրանցի Սաիդ Էսմաեյլի Լեյվեսիից (6:6)։ Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթելիս է եղել 6:2 հաշվով, սակայն իրանցի ըմբիշը 4 միավորանոց հնարք է կատարել և հավասարեցնելով հաշիվը՝ հաղթող է ճանաչվել: Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Բակիթժան Կաբդիլիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ են եղել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Արման Վարդանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում: Երիտասարդական ԱԱ-ի 72 կգ քաշայինների պայքարում սփոփիչ գոտեմարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը, սակայն 1:3 հաշվով պարտվել է ղազախ Մարեյ Մաուլիտկանովին և զրկվել բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ), որոնք դուրս են մնացել մեդալային պայքարից: Հիշեցնենք՝ ազատ ոճային ըմբիշներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ էին նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Սերգեյ Սարգսյանը:
18:42 - 22 օգոստոսի, 2022
Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում

Էրզրումում տեղի ունեցած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։   «Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ՝ ի պատիվ հայ բռնցքամարտիկների, Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Վստահ եմ՝ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց հասկանալով՝ որ երկրում ենք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը, այս արդյունքն էլ գոհացնող է։ Այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- այսպես է մեկնաբանել հայ բռնցքամարտիկների ելույթները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։   Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությոնում Հայաստանը ներկայացրել է 15 տղա և 5 աղջիկ:
18:02 - 21 օգոստոսի, 2022
Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները. Երկու երկրների հարաբերությունները զարգացման նոր միտումներ ունեն

Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները. Երկու երկրների հարաբերությունները զարգացման նոր միտումներ ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 19-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ չնայած առաջիկայում նշվելու է Հայաստանի և Սիրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու բարեկամական շփումները հարյուրավոր տարիների պատմություն ունեն: «Մեծարգո՛ տիկին դեսպան, ուրախ ենք Ձեզ կրկին ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Սիրիան Հայաստանի բարեկամ երկիրն է, ուստի մենք պետք է առավել խորացնենք շփումները մեր գերատեսչության գործունեության շրջանակում գործող ոլորտներում՝ ամրապնդելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և նախաձեռնելով նոր ծրագրեր»,- ասել է փոխնախարարը և ընդգծել արաբական պետությունում գործող հայկական մեծ և ակտիվ համայնքի առկայության փաստը:Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ սիրիական կողմը նույնպես շահագրգռված է հայ-սիրիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում զարգացնելու և ակտիվացնելու առումով: «Իսկապես, քննարկելու և նոր նախաձեռնություններ սկսելու թեմաներ շատ կան: Վերը նշված բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատելու հետաքրքրվածությունը մեծ է: Մենք պատրաստակամ ենք հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ և քննարկելու հետագա փոխգործակցության հնարավոր բոլոր եզրերը»,- նշել է դեսպանը և ավելացրել, որ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ, զրուցել արևելագիտության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի շուրջ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ նոր նախաձեռնությունների մեկնարկը կարելի է սկսել հայագիտության ոլորտում ծրագրերի ներդրմամբ, ինչին կարող է նպաստել նաև Սիրիայի հայ համայնքը: «Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչի արդյունքում մեր երկրի ամենատարբեր բնագավառներում կիրառվում են և՛ եվրոպական, և՛ ասիական մոդելներ: Այդ իսկ պատճառով տարբեր մոդելների տեղայնացման առումով մենք բավականին մեծ փորձ ունենք, ուստի ցանկության դեպքում կարող ենք Սիրիայի մեր գործընկերներին ներկայացնել մեր փորձն ու գիտելիքները»,- ասել է փոխնախարարը: Արտակարգ և լիազոր դեսպանը վստահեցրել է, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է նաև փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով: Արթուր Մարտիրոսյանը զրույցի ընթացքում ներկայացրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր:
17:42 - 19 օգոստոսի, 2022
Քննարկվել են hանրակրթության ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարարություն

Քննարկվել են hանրակրթության ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարարություն

Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել ԿԳՄՍՆ փոխնախարարը, հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ այսօրինակ խորհրդակցությունները նպաստում են համատեղ ջանքերով նոր գործիքակազմեր մշակելուն, որոնք թույլ են տալիս մեծացնել կրթական համակարգի արդյունավետությունը։ «Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի փոփոխության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, գնահատման, քննությունների անցկացման և վերանայման վերաբերյալ մի շարք հարցեր։ Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների՝ դպրոցներում պետք է ներդրվի կառավարման նոր մոդել` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենը պատասխանատվություն է կրելու առավելապես կրթության որակի համար, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական մասի համակարգողին: Օրենքի այս դրույթի կիրառման շրջանակում խորհրդակցության մասնակիցները քննարկել են «Լիազոր մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրելու կարգը հաստատելու մասին» նախագծի նախնական տարբերակը: Փոխնախարարը մասնակիցներին առաջարկել է ներկայացնել քննարկվող կարգի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները, ինչից հետո միայն այն կամբողջացվի։ Հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից  Քննարկված մյուս հարցերը վերաբերել են դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի կիրառմանը, ավարտական՝ 9-րդ և 12-րդ դասարաններում քննությունների անցկացման ձևաչափերի պահպանմանը, փոփոխմանը և վերանայմանը, ավարտական փաստաթղթերի, մեդալների, գովասանագրերի տրամադրմանը, ինչպես նաև հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր կարգին։ «Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։ Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։ Չափորոշչով սահմանված են նաև ԲՏՃՄ բնագավառում ուսուցման որակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին։  Փոխնախարարի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ. «Մենք քննարկել ենք կամավոր ատեստավորման փորձնական փուլում արձանագրված խնդիրները, որոնք անպայման հաշվի կառնվեն այս սեպտեմբերին կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ժամանակ»։ Ժ. Անդրեասյանը նաև հավելել է, որ վերանայվել է ուսուցիչների վերապատրաստման քաղաքականությունը. պարտադիր ատեստավորման և ուսուցչի որակավորման տարակարգերի տրամադրման նոր մոտեցումներ են որդեգրվել, որոնք ենթադրում են ուսուցչի մասնագիտական զարգացման և աշխատավարձային քաղաքականության փոխկապակցված մեխանիզմներ։ Նախադպրոցական կրթության ոլորտում անցում կկատարվի համընդհանուր ներառման Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթության մասին նոր օրենքին, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման կրթության համակարգին, որը կներդրվի փուլերով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի 2022 թ. սեպտեմբերից։ Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր է հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը։ Ըստ այդմ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ:  «Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվել մասնագիտացված կառույցների հզորացման համար: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները, լուծումներն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել կրթության զարգացման հնարավորությունները։ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցության կազմակերպումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ և ԱՄՆՄԶԳ-ի ֆինանսավորմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:38 - 19 օգոստոսի, 2022
Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.  «Սիրելի' երիտասարդներ,  Շնորհավորում եմ բոլորիդ այս լուսավոր օրվա՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Անվիճարկելի ճշմարտություն է, որ ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը, յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, և առաջադեմ են այն պետությունները, որտեղ երիտասարդները մասնակից են որոշումների ընդունմանը։ Մտքով և հոգով առողջ, կրթված, նպատակասլաց, նորարարական գաղափարներով զինված և նախաձեռնող երիտասարդությունն է մեր ազգի և պետության բարեկեցիկ ապագայի գրավականը: Այդպիսին ենք մենք ուզում տեսնել մեր երիտասարդությանը, և դրան են ուղղված պետության կողմից իրականացվող երիտասարդական հասցեական և թիրախային ծրագրերն ու միջոցառումները: Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Այս համատեքստում, իմ խորին համոզմամբ, երիտասարդությունը տարիքային սահմանափակում չունի. երիտասարդ են նրանք, ովքեր մշտապես հանդես են գալիս նորարարական գաղափարներով ու նախաձեռնություններով, շրջապատին համակում են երիտասարդական ավյունով ու եռանդով, պատրաստակամ են ու մասնակից դրական փոփոխություններին: Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Ըստ այդմ՝ վստա՛հ եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է իրականացնել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և հատկապես մարզային երիտասարդության ինքնաիրացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Եղե՛ք նորարար ձեր ցանկություններում և նպատակներում, համարձակ՝ ձեր որոշումներում, հետևողական՝ ձեր գործողություններում։ Քանզի ապագան ձերն է։ Ցանկանում եմ, որ այս գիտակցմամբ ապրեք և արարեք՝ ի շահ հարազատ համայնքի, մարզի, ի վերջո, մեր պաշտելի հայրենիքի։ Սիրելի՛ երիտասարդներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, ամուր կամք, վճռականություն և ապագայի նկատմամբ անսասան լավատեսություն»։  
10:39 - 12 օգոստոսի, 2022
Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել

Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Մաեստրոյի արձանը կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաև Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի` Մաեստրոյի արձանի պատրաստումը վերապահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, ինչն էլ հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կողմից։  Երևանի ավագանու նիստին ներկայացվել է հուշարձանի էսքիզն ու պատկերը տեղանքի հետ համադրությամբ։ Այն իրենից ներկայացնում է երեք վեր խոյացող մուգ ապակե սյուներ. մեջտեղի սյունի վրա կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին, իսկ կողքերի սյուների վրա՝ մաեստրոյի ձեռքերը՝ դիրիժորության (չափ տալու) պահին։ Արձանը լինելու է լուսավորված և ունենալու է երաժշտական ուղեկցություն (դինամիկները տեղադրվելու են պատվանդանի մասում)։ Կիսանդրին և ձեռքերը պատրաստված են լինելու բրոնզից։
13:36 - 11 օգոստոսի, 2022
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` դիմում` ուղղված տնօրենին. սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը. լուսանկար՝ 3 x 4 չափսի: ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք։ Նախարարությունից հայտնում են, որ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։ Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
16:19 - 08 օգոստոսի, 2022
Վահրամ Դումանյանը Սիրիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

Վահրամ Դումանյանը Սիրիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը ցավով փաստել է, որ որոշ հանգամանքներով պայմանավորված՝ երկու երկրների միջև նախատեսվելիք համագործակցության փաստաթղթերի ստորագրման գործընթացը դանդաղել է՝ վերահաստատելով այն վերսկսելու անհրաժեշտությունը: Նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես վերսկսել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին» ծրագրի ստորագրման համար սահմանված գործընթացը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2023-2025 թթ. համագործակցության մասին» ծրագիրը ստորագրելու հնարավորությանը: Նախարարը կարևորել է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկել է դիտարկել ՀՀ քաղաքացիների համար Հալեպի համալսարանում արաբերենի ուսուցումը վերսկսելու հնարավորությունը: Վահրամ Դումանյանը դեսպանին առաջարկել է զարգացնել ՀՀ բուհերում արաբագիտության ամբիոնների և Սիրիայի Արաբական Հանրապետության բուհերում հայագիտության ամբիոնների գործունեությունը և փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Սիրիայի 282 քաղաքացիներ, որոնցից 270-ը ազգությամբ հայեր են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցերին՝ ընդգծելով, որ պետք է ջանքեր չխնայել, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, որի շրջանակում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Նա վերահաստատել է ՀՀ-ի և Սիրիայի միջև համագործակցության խորացման և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների վրա: Դեսպանը շեշտել է, որ մեծապես գնահատում է հայկական մշակույթը՝ հույս հայտնելով, որ հայ արվեստագետներն իրենց փորձառությամբ կկիսվեն սիրիացի գործընկերների հետ: Նորա Արիսյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում արաբագիտության զարգացման և Սիրիայում հայ ուսանողների կրթության կազմակերպման հարցերին: Դեսպանը կարևորել է նաև երկու երկրների միջև գիտության ոլորտում համագործակցությունը և դասախոսների ու գիտնականների փոխադարձ այցերի կազմակերպումը: Վահրամ Դումանյանը դեսպանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայանալիք STARMUS FESTIVAL VI միջազգային փառատոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների զարգացումը:
17:05 - 05 օգոստոսի, 2022
Փոփոխություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար

Փոփոխություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար

Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ «Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալուն առնչվող գործընթացների կատարելագործման, դրանց արդյունավետության բարձրացման և պարզեցման հետ:   Ընթացիկ իրավիճակը Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է՝ նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը: 2018 թվականից գործածվող այսօրինակ կարգավորումը վերանայման անհրաժեշտություն ունի, քանի որ որևէ կերպ հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:  Առաջարկվող լուծում Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել: Մասնավորապես՝ Կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որոնցում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա:  Կատարված փոփոխությամբ հստակեցվում է բուհերի վարկանիշավորման ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից:  Կարգի կիրարկման ընթացքում քաղաքացիների իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկեր» արտահայտությունը, քանի որ http://www.shanghairanking.com/ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ: Նոր կարգավորմամբ սահմանված՝ «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա» կարգավորման նպատակն այն է, որ քաղաքացիներն ուսումնական հաստատություն ընտրելու պահին՝ դա կլինի նախորդող, թե դիմելու տարվա ընթացքում, արդեն իսկ վստահ կլինեն, որ տարկետման գործընթացում կդիտարկվի իրենց ընտրության պահին գործող բուհերի վարկանիշավորման ցանկը, և հետագա փոփոխություններն իր վրա չեն տարածվի: Նմանատիպ դեպքերում և՛ քաղաքացիների, և՛ վարչական մարմնի գործողությունների, և՛ նշանակալի նվաճման համապատասխանության որոշման հարցերում գործընթացը լինի կանխատեսելի և հստակ:  Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից, հետևաբար 2023 թվականի ապրիլի 1-ից դիմող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար որպես նվաճում կհամարվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու հանգամանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:16 - 04 օգոստոսի, 2022
Բուհերի ընդունելության քննություններին 14 հազար տեղ թափուր է մնացել. ինչ լուծումներ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն

 |armenpress.am|

Բուհերի ընդունելության քննություններին 14 հազար տեղ թափուր է մնացել. ինչ լուծումներ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է այս տարվա բուհական ընդունելության արդյունքները: Այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 հազար 887, միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 587-ը: Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 9 հազար 729 դիմորդ: Այս տարվա ընդունելության գործընթացն առանձնանում է մեծաքանակ թվով թափուր տեղերով, որոնք թե հիմնական, թե լրացուցիչ փուլերով այդպես էլ չհամալրվեցին: Անվճար 1900 տեղից համալրվել է 1670-ը: Ընդհանուր թափուր է մնացել 14 հազար 158-ը, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր 22 հազար տեղերի հատկացումը պայմանավորած է ՀՀ-ում գործող լիցենզավորման տեղերի քանակով: Դա նշանակում է, որ բուհերը, ըստ լիցենզավորման տեղերի, պատրաստ էին ծառայություններ մատուցելու 22 հազար դիմորդի: «Այս տարի կիրառվել է մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքը, ինչ նշանակում է, որ դիմորդը հիմնական առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը դրական միավորներ ստանալու դեպքում: Ինչպես տեսնում եք, որ նույնիսկ անվճար տեղերի պարագայում կան ուղղություններ, որոնթ թափուր են մնացել:  Ասեմ, որ թափուր մնացած տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են: Ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Այս տարի դիմորդների շրջանում պահանջված ուղղությունները եղել են՝ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, բուժական գործ, ստոմատալոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում: Նախորդ տարվա համեմատ այս մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել:  Թափուր մնացած ուղղություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային տեղեկատվական աղբյուր, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, տրանսպորտային և լոգիստիկ համակարգ, պարենամթերքի տեխոնոլգիա, ագրոէկոլոգիա, անասնաբուժություն և այլն:   Վերլուծությունները ցույց են տալիս, որ թափուր մնացած մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, սակայն պակաս գրավիչ են դիմորդների համար: Որո՞նք են նման մասնագիտությունների չպահանջված լինելը: Լուսինե Գրիգորյանի խոսքով, առանձնահատուկ ուսումնասիրություն չի արվել, սակայն կփորձենք այլ գերատեսչությունների հետ վերլուծթյուններ կատարել, վերհանել պատճառները: «Կարծում եմ, որ դրանք գալիս են հանրակրթության դպրոցից, հասարակության իրազեկվածության պակասից: Հասարակության շրջանում լայն իրազեկվածություն չկա կրթական համակարգի մասին: Այստեղ մեծ աշխատանք ունեն անելու բուհերը, գործատուները: Պետք է ցանկացած միջոց ձեռնարկեն կրթական ծառայությունների, աշխատանքային պայմանների, զարգացման միտումների մասին ներկայացնելու համար: Այս գործընթացը պետք է նաև համակարգային ուղղվածության վրա դրվի: Նախատեսվում է դպրոցներում ստեղծել կարիերայի կենտրոններ, ամրապնդել դպրոց-բուհ կապեր: Բավարար ինֆորմացիա չկա նաև թափուր աշխատատեղերի, դրանց պահանջարկի առումով»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ գործատուներն աշխատանք ունեն նաև անելու աշխատանքային պայմանները բարելավելու տեսանկյունից, որպեսզի աշխատատեղերը գրավիչ լինեն մասնագետների համար:
16:15 - 03 օգոստոսի, 2022