ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «Սույն թվականի փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ցեղասպանության և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին: Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ։ Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։ Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։ Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
19:51 - 28 փետրվարի, 2024
2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան
 |1lurer.am|

2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածները նախկին վարկերի մասով ունեն չկատարված պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից այդ մարդկանց բանկային համակարգի համար դարձնում է ռիսկային, և նրանց վարկի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե 2020 թվականից ԼՂ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցները, որոնք բնակարան գնելու սերտիֆիկատներ են ստացել, ունեն դրանք իրացնելու խնդիր, քանի որ սև ցուցակներում են, իսկ բլոկադայի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ են հայտնվել այդ ցուցակներում: Քննարկվե՞լ է նրանց խնդիրը: Ըստ Խաչատրյանի՝ բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացին դիտարկվում է որպես կամուրջ, և պետք է այնպես անել, որ բանկային համակարգն այդ հարաբերություններում ռիսկեր չունենա: «Մենք փորձում ենք այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ այդ խնդրի առջև կանգնած անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան»,- ասաց նա: Ըստ փոխվարչապետի՝ խնդիրը վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք առկա՞ են բավականաչափ տարածքներ, որպեսզի աջակցության շրջանակն ամբողջությամբ և արագ իրականացվի: «Ցավոք սրտի, առկա չեն: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան՝ ներառյալ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացքում այն չափով չեն շրջանառվում առկա պատրաստ տների, բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինել մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին մտածում են խնդրի փուլային լուծման մասին, և որ դա ունի երկու պատճառ: Առաջինն այն է, որ այդկերպ որոշակի ընտանիքների առաջնահերթորեն կտրվի խնդիրն ավելի արագ լուծելու հնարավորություն: «Առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից: Երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայմանորեն կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք, մեծ քանակով պահանջարկ ստեղծելով, կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձևով բարձրանան»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ կլուծվի նրանց խնդիրը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ խնդիրը լուծվի արագորեն, բայց դա կապված է նաև վերջիններիս՝ ՀՀ քաղաքացինություն ձեռք բերելու հանգամանքի հետ:
19:49 - 28 փետրվարի, 2024
ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի և Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում: Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարևոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման  և փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական և ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել, այդ ծրագրերը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները և հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջև՝ ՏՆՊ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար: Հանդիպումն ամփոփվել է հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և Հայաստանում հետագա ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման հանձնառությամբ: 
19:13 - 28 փետրվարի, 2024
Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ
 |armenpress.am|

Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում նախատեսված է եղել, որ Հայաստանի ռեզիդենտը եկամտահարկ վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ստացած եկամուտների համար։ Այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դժգոհություններին։ Նրա խոսքով՝ նախկինում որևէ մեխանիզմ չի եղել օրենքով սահմանված այդ պարտականությունը կյանքի կոչելու համար։ «ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը, և, ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք վարչարարություն իրականացնել․ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-հայտնել է Բադասյանը։ Նա նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կողմից կան նաև  օբյեկտիվ հիմքեր ունեցող հարցադրումներ և դժգոհություններ։ Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, քանի որ սովորույթի ուժով երբևէ հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, ապա առաջին անգամ համապատասխան տեղեկատվություն ստանալով արտագնա աշխատանքի մեկնած անձանց  վերաբերյալ՝ որոշակի տույժեր են հաշվարկվել։ «Կարծում ենք, որ մենք կկարողանանք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։ Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-ասել է ՊԵԿ-ի նախագահը՝ ընդգծելով, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրմամբ, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին, ընթանում են այն ուղով, որպեսզի բոլոր եկամտային հարկերը վճարվեն։
12:56 - 23 փետրվարի, 2024
Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 2021 թվականին նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է, և կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 % տնտեսական աճ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12,6% էր, 2021թ․ նախընտրական տարում` 5,6 %։ Փաշինյանի խոսքով՝ միջինում կատարվել է ավելի քան տարեկան 7% տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, ըստ նրա, համապարփակ ցուցանիշ է։ «Այս ցուցանիշը բոլոր ոլորտների վրա ունեցել է կոնկրետ ազդեցություն։ 2023 թվականին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ։ 2017 թվականին բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեյի աճը կազմել է 92 %»,- մանրամասնեց նա։
11:03 - 23 փետրվարի, 2024
Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ |news.am|

Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ  հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը: Գնահատականներում հաշվի է առնվել, որ ներկայումս ընթացքի մեջ է 5 շահառուների համար փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը, որոնց հասանելիք ամբողջ գումարի չափը կազմում է 27,5 մլն դրամ: Բացի այդ, մեկ շահառուի համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսը՝ 600 հազ. դրամ պետք է փոխանցվի համապատասխան բժշկական կազմակերպությանը: Միաժամանակ կանխատեսվում է, որ 2024-ի առաջին եռամսյակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու և դոնորական ձվաբջջի ծախսերը շահառուներին մասնակի փոխհատուցելու նպատակով դիմումներ կներկայացվեն ևս 3 շահառուից, որոնց փոխհատուցման գումարը կկազմի՝ 1.650 մլն դրամ: Կանխատեսվում է նաև, որ 10 անձի համար դոնորական ձվաբջջի ծախսերը բժշկական կազմակերպություններին մասնակի փոխհատուցելու նպատակով անհրաժեշտ կլինի 6 մլն դրամ: Արդյունքում, Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում 2024 թվականի առաջին եռամսյակում մասնակի փոխհատուցում հատկացնելու համար անհրաժեշտ գումարը կկազմի ընդամենը՝ 15.250 մլն դրամ:
11:01 - 23 փետրվարի, 2024
Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

civilnet.am: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունից հետո ստվերից դուրս է եկել շուրջ 21 հազար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր․ կառավարության փետրվարի 23-ի նիստի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ 15 392 քաղաքացի ներկայացրել է վարձակալությանը վերաբերող շուրջ 21 հազար հայտարարագիր։ «Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»,- ասել է Բադասյանը։ Ըստ օրենքի փոփոխության՝ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
11:00 - 23 փետրվարի, 2024
Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

news.am: Որդիս զոհվել է Հադրութի մոտ, հիմա ամեն օր երեխան անընդհատ ասում է՝ պապային եմ ուզում. ես էլ չեմ կարողանում 200 հազար դրամ վարձ տամ ու երեխեքին պահեմ, թող մեզ տնով ապահովեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կանանցից մեկը: «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞: Հիմա 200 հազար դրամով վարձով եմ ապրում Սարի թաղում: Ոչ մեկս չենք աշխատում, երեխեքի փողն էլ չեն տալիս, ո՞նց ապրենք: Երկու տուն եմ թողել Արցախում. Մեկը Ստեփանակերտում, մեկն էլ՝ մեր գյուղում: Մի ավտոմեքենա եմ թողել, անասուններ եմ թողել: Դատարկ հասել եմ Հայաստան: Թող մեր հարցը լուծեն: Հիմա թոռանս էլ տանե՞մ սահմանամերձ շրջանում զոհվի: Ամեն որ երեխան արթնանում  ու հարցնում է՝ տատի, պապան երբ կգա: Այնքան եմ ստել, էլ չեմ կարողանում, երեխան ամբողջ օրը սթրեսային վիճակում է, պապային է ուզում, որտեղի՞ց տամ: Հիմա թոռանս տանեմ սահմանամերձ գյուղում պահեմ, իրեն էլ սպանեմ, ինքն էլ էստեղ ինչ ուզում է՝ անի: Դա ճի՞շտ է: Թոփղ գոնե երեխաներին տնով ապահովեն, ես մեքենայի մեջ կքնեմ: Էլ չենք կարողանում 200 հազար վարձով ապրենք: Հիմա ոչ տուն ունենք, ոչ փող ունենք, ոչ գերեզման ունենք: Պետք է դրսում մնանք, ես երեք երեխայի դրսում ոնց պահեմ: Լրագրողների հետ զրույցում հադրութցի Անուշիկ Ասրյանն էլ ասաց, որ Կառավարություն եկել է այն խնդրանքով, որ առաջինը Արցախը հետ տան, իրենք էլ վերադառնան իրենց տները:  «Ես երկու անգամ եմ տարհանվել. նախ Հադրութից, որից հետո գնացել եմ Ստեփանակերտ, հրաժարվել եմ սերտիֆիկատից, ասել եմ՝ ես մեր հող ու ջուրն եմ ուզում: Ես 41 տարի այնտեղ ապրել եմ, ամուսնացել եմ, 5 երեխա եմ ունեցել, իմ մանկությունը, հիշողությունը ամեն ինչ այնտեղ է: 2020-ի պատերազմից հետո հետ եմ գնացել  Ստեփանակերտ, էնտեղ տուն եմ ստացել: 44-օրյա պատերազմում համ տղես է զոհվել, համ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին: Հիմա դռնեդուռ մ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք»,-ասաց նա: Կինն ասաց, որ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել. «Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50-հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս: Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չի: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ: Ամուսինս ու երկու որդիներս»: Հարցին, թե ի՞նչ ակնկալի ունի կառավարությունից, Անուշիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունեմ: Այն պատճառով, որ մեզ որպես զոհվածի ծնող առաջնահերթ տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ եմ կորցրել: Չգիտեմ՝ էլ ինչ մտածեմ: Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեի, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտծեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:  
17:17 - 20 փետրվարի, 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել  կառավարության շենքի դիմաց |news.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացրել  կառավարության շենքի դիմաց: «Շատ մարդիկ չունեն հստակ պատկերացում, թե հետո ինչ է լինելու, իրենք որտեղ են ապրելու, դա խանգարում է աշխատանք գտնելու հարցում: Կամ եթե վաղը այդ փոխհատուցումը կտրեն, ի՞նչ են անելու այդ ընտանիքները, ստիպված են լինելու ավելի վատ պայմաններով բնակարան գտնել, կամ հեռանալ քաղաքից կամ երկրից: Կառավարության կողմից լռությունը յս ընտանիքներին պահում է անորոշության մեջ: Մենք ընդամենը փողոցային խոսակցություններ ենք լսել, որ կարող է բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ տան: Տարբեր թվերի մասին են խոսում՝ 2, 3, 5, 6 մլն դրամ: Դա արդյունք չի տալու: Տեսեք, ասենք, տան կերակրողին կորցրել է ընտանիքը, ապրում է երկու երեխայի հետ, եթե տան 5 մլն դրամի սերտիֆիկատ, դա 15 մլն դրամ է անում, իսկ տների գներն աստղաբաշխական բարձր են: Ի՞նչ ասենք զոհվածների ծնողներին ասենք՝ գնացեք Վարդենիսում, Շուռնուխում, Ներքին Հանդում կամ Տեղ գյուղում ապրե՞ք: Մենք սահմանից չենք վախենում, հասարակ քաղաքացիները կարող են գնալ, բայց այս ընտանիքներին բարոյական իրավունք չունենք ինչ-ինչ լծակներով ստիպել, որ նորից գնան սահմանամերձ բնակավայրում ապրեն: Ոչ, իրենք պետք է արժանավայել կյանք վարեն: Սա է մեր պահանջը: Եթե մարդ կա, որ ուզում է մեզ հակադրվել, Աստված իրեն մեր օրն է գցելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են կառավարություն, խնդրել են հանդիպում վարչապետի հետ, բայց մնացել են անտեսված, անգամ չեն պատասխանել, որ վարչապետը ժամանակ չունի, չի կարող հանդիպել. «Չի կարելի մարդկանց անտեսել, ախր կարող է մի ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան: Շատ տհաճ է քաղաքացուն անտեսելը, արհամարհելը: Հիմա գնում ենք պահանջենք, որ հանդիպեն մեզ հետ»,-ասաց նա: Ասրյանը թվարկեց, թե որ հարցերն են իրենց հետաքրքրում, որոնք շարադրել են վարչապետին ուղղված նամակում. «Տղաների շիրիմների տեղափոխման հարցը կամ այլ տարբերակների քննարկում: Մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել ու ասել՝ չէ, պիտի բերեք: Հասկանում ենք բարդությունը, բայց այլ տարբերակներ կան քննարկելու եւ լինչ-որ լուծումներ գտնելու: Նշել ենք կացարանների, բնակարանների հարցը, հարցի լուծման ի՞նչ հեռանկարն ենք մենք տեսնում: Այս երկու հարցերը լրիվ անտեսվել են: Եվ մեզ պատասխան չի տրվել հանդիպման մասին: Թող գրեին՝ վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տեսնելու: Պարզապես մեր նամակը վերահասցեագրել է սոցապ նախարարությանը: Վերջինս էլ նշել է, որ այդ երկու հարցերը մեր տիրույթում չի գտնվում»: Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում միայն Արցախից ունեն մոտ 700 զոհվածի ընտանից եւ 23 անհետ կորածի ընտանիք:
16:28 - 20 փետրվարի, 2024
ՄՄԿ-ի տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է միգրացիայի ոլորտում ՀՀ բարեփոխումների արդյունավետությունը

ՄՄԿ-ի տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է միգրացիայի ոլորտում ՀՀ բարեփոխումների արդյունավետությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ: Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Էմի Պոպը շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն իր հերթին պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:
22:00 - 16 փետրվարի, 2024
Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ: Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:
19:14 - 15 փետրվարի, 2024