ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ. Եղոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին
 |1lurer.am|

Այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ. Եղոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին |1lurer.am|

1lurer.am: 2023-ի հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան դա ԵՄ-ն հնարավոր կհամարի: Սա աննախադեպ հայտարարություն էր, ինչպես որ ելույթի փաստը Եվրախորհրդարանում, որովհետև այն բացում էր անսահմանափակ հնարավորություններով երկխոսության հնարավորություն: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հիշեցնելով հարցը ԱԺ մտցնելու նախապատմությունը: Այս հայտարարությունից հետո Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ կապերի մասին բանաձև, որում նշվում էր, որ եթե ՀՀ-ն հետաքրքրված է ԵՄ անդամության թեկնածությամբ և իր ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու հետաքրքրվածությամբ, սա կարող է ՀՀ-ԵՄ հարաբերությունների փոխակերպման հիմք դառնալ: Նաև կոչ արվեց Եվրահանձանաժողին և ԵՄ խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ ավելի խոր գործընկերություն ունենալու ՀՀ ձգտումներին: Այս ամենից հետո վարչապետը կոչ արեց հարցը ներառել հանրային քննարկումների օրակարգ, ԱԺ հանձնաժողովը խորհրդարանական երկու լսում կազմակերպեց, և քննարկումների արդյունքում մի քանի կուսակցություններ, քաղհասարակության ներկայացուցիչներ որոշեցին հարցը քաղաքացիական նախաձեռնության կարգով, 60 հազար ՀՀ քաղաքացու ստորագրությամբ բերել ԱԺ օրակարգ: «Ակնհայտ է, որ ՀՀ-ն այս օրենքն ընդունվելու դեպքում, եթե անի դեպի ԵՄ իր հաջորդ քայլը, հաջորդ քայլն անմիջապես, այսինքն՝ այսօրվա մեր իրավապայմանագրային բազային գումարած մեկ քայլ, դա պետք է լինի ազատ առևտրի համաձայնագիրը՝ շատ դասական փաստաթուղթ, որի շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր տարիներ շարունակ, որը չստորագրվեց հայտնի պատճառներով: Ահա, եթե ազատ առևտրի համաձայնագրի փաստաթուղթ ստորագրվի ԵՄ-ի հետ, այն օրը, երբ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանն այևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ, եթե խոսում ենք դասական ազատ առևտրի համաձայնագրից, ոչ թե 4 կողմից կտրտած և ձևափոխված մի ինչ-որ հիբրիդային փաստաթղթից: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց դա ճանապարհ է, որ պիտի անցնենք, և ես չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում»,- ասաց նա: Եղոյանը ներկայացրեց նաև նախատեսվող քայլերն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո, այն է՝ դրանից հետո պետք է լինի անդամության թեկնածության հայտ, ապա՝ այդ թեկնածության կարգավիճակի շնորհում, ապա՝ անդամակցության բանակցությունների մեկնարկ, որի համար էլի պետք է լինելու առանձին որոշում: «Նույնիսկ շատ-շատ արագ, նույնիսկ շատ-շատ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմանների պարագայում այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կան երկրներ, որ այս գործընթացում տասնամյակով իրենց հերթին են սպասում:
16:48 - 11 փետրվարի, 2025
Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ զգալիորեն առաջ է անցել տնտեսական հարաբերություններից, բացն անհրաժեշտ է լրացնել։ Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։  «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության և տնտեսական համագործակցության միջև։  Եվ, կարծում եմ, որ այս բացը պետք է լրացնել։ Բնականաբար, ոչ թե քաղաքական երկխոսությունը նվազեցնելու հաշվին, այլ տնտեսական համագործակցությունը մեծացնելու հաշվին»,- ընդգծեց Եղոյանը։ 
16:05 - 11 փետրվարի, 2025
Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին սպասում են |armenpress.am|

Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ԵՄ-ում Հայաստանին սպասում են |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը պատրաստ է ընդունել Հայաստանին, և դրա վերաբերյալ բազմիցս արվել են հայտարարություններ ու ընդունվել իրավական ակտեր։ Ազգային ժողովում Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։  Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ ունի հստակ դիրքորոշում, որն արտահայտվել է ոչ միայն խոսքերով, այլ նաև կոնկրետ իրավական փաստաթղթերով։  «Ուղղակի Եվրոպական միության ակտ վկայակոչեմ՝ Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA), որը բանակցվել և ստորագրվել է Հայաստանի կառավարության կողմից։ Այն Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս է, Եվրոպական միությունում մեզ սպասելու վերաբերյալ իրավական ակտերից մեկը։ Եվրոպական միությունում մեզ սպասում են։ Եթե ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, կարծում եմ, դուք սխալվում եք։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրոպական միության համար։ Եվ Եվրոպական միությունն էլ Հայաստանի կարիքն ունի, ինչպես, օրինակ, այլ միություններ ևս»,- ասաց Զեյնալյանը։  Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց սկսելու վեաբերյալ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագիծ ներկայացնելու օրակարգով։ Սահմանված ժամկետում նախաձեռնության անդամները անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն, ինչից հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը, որի կողմից հաստատվելուց հետո քննարկման է դրվել խորհրդարանում։ 
15:15 - 11 փետրվարի, 2025
ԵՄ-ին անդամակցելու «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է՝ միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու․ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը

ԵՄ-ին անդամակցելու «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է՝ միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու․ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»։ «ՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո'չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար: Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում: Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանգրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։ Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։ Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։ «Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ։ Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։ Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
15:12 - 11 փետրվարի, 2025
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում Հայաստան է ժամանել փորձագիտական առաջին առաքելությունը

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում Հայաստան է ժամանել փորձագիտական առաջին առաքելությունը

Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխնախարարն անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ մի շարք թեմաների, մասնավորապես՝ միգրացիոն ներկայիս իրավիճակին, նոր նմուշի կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը, քաղաքացիության հարցերին, միգրացիայի և ապաստանի կառավարմանը, թվայնացման գործընթացներին և այլն։ Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների մասին՝ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում ՆԳՆ մանդատի ներքո գտնվող մի շարք ուղղություններով էական առաջընթաց է գրանցվել: Նա այդ համատեքստում մասնավորապես անդրադարձել է միգրացիայի և քաղաքացիության և ոստիկանության ոլորտներին։ ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու են առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն՝ նպաստելով համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։
15:08 - 11 փետրվարի, 2025
Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը

Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ընդգրկվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ն գումարվող հերթական նիստերի օրակարգում։ Նշված տեղեկությունը տեղադրված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ «Նիստերի օրակարգ» ենթաբաժնում։ Որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ՝ նշված է «Քաղաքացիական նախաձեռնություն» եզրույթը, իսկ առաջարկությունը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից, ինչը ամրագրված է օրինագծի ամփոփաթերթի առաջին տողում։  «Ելնելով Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած` Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնի 1.1-ին ենթաբաժնից, որի համաձայն «Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսություն սկսելու ուղղությամբ», ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցված դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը հնարավոր կհամարի, Կառավարությունն առարկություն չունի նախագծի բովանդակության վերաբերյալ»,- նշվում է առաջարկության մեջ։
19:48 - 10 փետրվարի, 2025
Գալուզին. ԵՄ-ն Հայաստանից արդեն պահանջում է հակառուսական քաղաքականություն՝ ոչինչ չխոստանալով |news.am|

Գալուզին. ԵՄ-ն Հայաստանից արդեն պահանջում է հակառուսական քաղաքականություն՝ ոչինչ չխոստանալով |news.am|

news.am: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի կոնկրետ մերձեցմանը, մենք և՛ հրապարակայնորեն, և՛ մեր հայ ընկերների հետ երկխոսության ընթացքում հստակ հայտարարել ենք, որ միաժամանակ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանն անհնար է, քանի որ դրանք երկու անհամատեղելի կարգավորիչ համակարգեր են՝ տարբեր մոտեցումներով մաքսային ստանդարտների, տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ապրանքների մակնշման և նույնիսկ ապրանքների պիտակավորման և նույնիսկ ապրանքների պիտակավորման հարցերի վերաբերյալ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Ըստ Գալուզինի՝ դրանք բոլորովին այլ համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինելն ուղղակի անհնար է։ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու հարցին՝ ի նպաստ մերձեցման տարբեր նախագծերի, և մասնավորապես՝ առանց վիզայի ռեժիմի, այո, նման բանակցությունները սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն ցուցաբերել և միանալ հակառուսական պատժամիջոցներին: Եվ այս ամենը տեղի է ունենում այն ​​բանի ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։ Եթե ​​վերցնենք հայաստանյան վիճակագրության վերջին թվերը, ես մոտավորապես ներկայացնեմ, որպեսզի որոշ մանրամասներում չսխալվեմ, ապա Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 13 մլրդ դոլար, իսկ անցյալ տարի այն աճել է 53%-ով, մինչդեռ Եվրամիության հետ ապրանքաշրջանառության ծավալը անցյալ տարի հազիվ գերազանցել է 2 մլրդ դոլարը և նվազել 24%-ով։ Այսինքն՝ նույնիսկ հայաստանյան վիճակագրության այս թվերից պարզ է դառնում, թե որտեղ են Հայաստանի և նրա ժողովրդի ներկայիս տնտեսական բարեկեցության աղբյուրները: Պարադիգմի կտրուկ փոփոխությունը և անցումը դեպի Եվրամիության հարթակ, մեր կարծիքով, անխուսափելիորեն կապված կլինի ՀՆԱ-ի անկման և հայկական բիզնեսին, տնտեսությանը և Հայաստանի հասարակ քաղաքացիների կենսամակարդակին լուրջ հարվածների հետ։ Հայ քաղաքական գործիչները երբեմն ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Նման տրամադրություններ, հավանաբար, կան, բայց, ինչպես կարծում ենք, նույնքան ուշադրության արժանի են Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները, որոնք մտածում են իրենց երկրի ապագայի մասին եվրասիական ընտանիքում և եվրասիական ինտեգրման շրջանակներում»,- նշել է Գալուզինը։
09:46 - 10 փետրվարի, 2025
Նորվեգիան կմնա ՀՀ-ի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Էսպեն Բարթ Էյդեն՝ Միրզոյանին

Նորվեգիան կմնա ՀՀ-ի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Էսպեն Բարթ Էյդեն՝ Միրզոյանին

Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով. Արարատ Միրզոյան. «Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ: Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել: Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում  տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար: Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն: Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»: Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։ Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։ Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ։ Շնորհակալություն»:
17:09 - 07 փետրվարի, 2025
Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի |armenpress.am|

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր բնույթով ռազմական չէ: ՀՀ իշխանություններն իրանական կողմին հավաստիացրել են, որ այդ առաքելությունը պարզապես հայ-ադրբեջանական սահմանին կայունություն պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակ ունի, ինչն իրանական կողմին հասկանալի է։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման իրողությանը։  «Մենք Հայաստանի կառավարության կողմից սեփական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշմանը վերաբերվում ենք հարգանքով։ ՀՀ իշխանությունները մեզ հայտնել են, որ Եվրամիության ու եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կարող են նաև լավ հնարավորություններ ստեղծել հայ-իրանական փոխգործակցության համար։ Եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել և այդ հանգամանքն օգտագործել ի նպաստ հայ-իրանական հարաբերությունների խթանմանը, ապա մենք դրական ենք գնահատում այդ ջանքերը»,- ասաց Մեհդի Սոբհանին։     
19:40 - 06 փետրվարի, 2025
Հայաստանի ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ անդրադարձ է կտարել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի

Հայաստանի ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ անդրադարձ է կտարել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ:  ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ: Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
17:34 - 04 փետրվարի, 2025
Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով |azatutyun.am|

Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինություն, որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավակնորդ երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Եվրահանձնաժողովից հայտնում են, որ սա ներառում է նաև հաղորդակցություն ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև ընդլայնման առավելությունների մասին գործընկերներին տեղեկացում: Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասի ընդլայնմամբ գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, այս կառույցը մշտական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային:
11:54 - 04 փետրվարի, 2025
Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները
 |1lurer.am|

Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները |1lurer.am|

1lurer.am: ԵՄ-ն խստորեն դատապարտել է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան գործողությունները, որոնք տեղի են ունեցել կիրակի երեկոյան Թբիլիսիում, անընդունելի են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ներկայումս չի արդարացնում Բրյուսելի ակնկալիքները։ «ԵՄ-ն աջակցում է վրաց ժողովրդին ազատության և ժողովրդավարության համար պայքարում»,- հավելել է Կալասը։ Կիրակի Թբիլիսիում տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում ամենազանգվածային բողոքի ցույցերից մեկը։ Ի թիվս այլոց, ձերբակալվել է ընդդիմության երկու առաջնորդ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Հարյուրավոր ցուցարարներ արևելյան ուղղությամբ քաղաքից դուրս գտնվող առևտրի կենտրոնի մոտ որոշ ժամանակ փակել են Վրաստանի մայրաքաղաքը Սև ծովի ափին կապող մայրուղու մի քանի գիծ։ Ակտիվիստները պահանջել են ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին, ինչպես նաև նոր ընտրություն անցկացնել։ Ըստ ընդդիմադիր հեռուստաալիքների՝ ձերբակալվածներից մի քանիսին հետո դաժան ծեծի են ենթարկել, փաստաբաններին էլ թույլ չեն տվել տեսակցել նրանց։  
20:16 - 03 փետրվարի, 2025
Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում նրանց ելույթներից. Մագդալենա Գրոնո |armenpress.am|

Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում նրանց ելույթներից. Մագդալենա Գրոնո |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։  ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջերս Բաքու կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է նրանց հրապարակային  խոսքից տարբերվող հայտարարություններ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։ Խոսելով Հայաստանում ունեցած հանդիպումների մասին՝ Գրոնոն շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ: Հարցազրույցում Գրոնոն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Ադրբեջանից հնչող մեղադրանքներին ու քննադատություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ԵՄ-ի անելիքներին, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։  -Տիկին Գրոնո, հունվարի 8-ին Ձեր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ կասկածի տակ դնելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությունը։ Ձեր հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ եք այս սպառնալիքներին, և ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաղություն Հարավային Կովկասում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է Հայաստանին և առաջադրում անհիմն տարածքային պահանջներ։ -Դուք իրոք անդրադառնում եք այն համատեքստին, որի շրջանակում տեղի ունեցավ իմ այցը Ադրբեջան: Հանրային հռետորաբանության, բնակչությանը խաղաղ ապագայի նախապատրաստելու, սպառնալիքները հասցեագրելու ու դրանց ընկալումը նվազեցնելու հարցերը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղությանը միտված դրական հռետորաբանության միջոցով, քննարկվել են իմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանում: ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, վերջերս նաև երկկողմ հարթությունում ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Բաքվում քննարկումների ընթացքում լսեցի հուսադրող հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ. դրանք հաճախ տարբերվում էին այն ամենից, ինչ լսել ենք հանրային տիրույթում, մասնավորապես՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ: Կարծում եմ՝ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս. Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով: Հիմա ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերի համար փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար: -Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի զենքի ձեռքբերումը, մինչդեռ ինքը արագորեն զինում է իր երկիրը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կեղծ պնդումներ տարածել այն մասին, թե Հայաստանի Սահմանադրությունն իբր պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռետորաբանությունը չի դադարում։ Դուք տպավորություն ունե՞ք, որ Բաքուն պատրաստվում է նոր հարձակման Հայաստանի վրա, և որքանո՞վ եք արժանահավատ համարում Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության ձգտման վերաբերյալ։  -Բաքվում իմ բոլոր զրուցակիցները հայտնեցին այն տեսակետը, որ «հակամարտությունը կարգավորվել է», «իրավիճակը կայունացել է», որ «ուժ կիրառելու մտադրություն չկա», և որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի բոլոր ուղղություններով: Կրկին նշեմ, որ այն, ինչ լսեցի հանդիպումների ընթացքում, շատ տարբերվում էր այն ամենից, ինչ երբեմն լսում ենք հանրային տիրույթում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 11-րդ հանդիպումը նախատեսվածի պես տեղի ունեցավ հունվարի 16-ին: Ցանկանում եմ ողջունել և գնահատել կողմերի միջև շարունակական տեսակետների փոխանակումը ապագա սահմանազատման աշխատանքների և ձեռք բերված համաձայնությունը՝ հյուսիսից հարավ կոնկրետ սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Սա շատ դրական ազդակ է, և ես մեծապես հույս ունեմ, որ նման առաջընթաց կապահովվի նաև մյուս ուղղություններով՝ լինի դա խաղաղության պայմանագրի նախագիծը, կապերի վերականգնումը և հաղորդակցության ուղիների վերաբացումը, թե մարդասիրական խնդիրները: Մենք, անշուշտ, կոչ ենք անում երկու կողմերին՝ հանձնառություն ստանձնել առաջընթացի հարցում և զգուշացնում ենք բացասական ազդեցության մասին՝ որոշակի հակառակ միտումների դեպքում։ -Ադրբեջանը բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին՝ միաժամանակ կեղծ պնդումներ տարածելով, թե ԵՄ առաքելությունը զբաղվում է լրտեսությամբ Ադրբեջանի դեմ։ Ինչպե՞ս եք արձագանքում այս մեղադրանքներին, և արդյոք այս հարցը բարձրացրե՞լ եք Ձեր հանդիպումների ընթացքում ադրբեջանական պաշտոնյաների հետ։ -Բաքվում իմ զրուցակիցները նույնպես բարձրաձայնեցին Ադրբեջանի տեսակետները Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ: Մենք միշտ ուշադիր լսում ենք ցանկացած քննադատություն կամ տարբերվող տեսակետ և փորձում ենք հասկանալ, թե ինչ դժգոհություններ կարող են լինել և ինչ կարող է թաքնված լինել դրանց հետևում: Մենք ձգտում ենք պարզաբանել հնարավոր թյուրընկալումները, բայց նույնքան հետևողական ենք ապատեղեկատվությունը հերքելու հարցում: Սա վերաբերում է նաև քննադատությանը, որը մենք լսում ենք Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հասցեին: Ինչ վերաբերում է ընկալումներին, հանդիպումների ընթացքում հստակ նշել եմ, որ ԵՄ-ն մտադիր չէ նոր բաժանարար գծեր ստեղծել, ներգրավվել «զրոյական արդյունքով խաղերում» կամ տարածաշրջանում առաջ մղել «թաքնված օրակարգ»: ԵՄ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է հայկական իշխանությունների ինքնիշխան դիմումի հիման վրա: ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին իրազեկել է գործընթացի բոլոր փուլերում՝ տեղակայումից առաջ, ընթացքում և հետո։ Հաշվի առնելով տեղում երրորդ կողմի ներկայության հետ կապված զգայունությունը և հակամարտության երկար պատմությունը՝ բոլոր զրուցակիցներին հավաստիացրի, որ մենք առավելագույն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր դերին: Հետևաբար, կրկին հաստատում ենք, որ «լրտեսական գործունեության» կամ «ապակայունացման նպատակների» վերաբերյալ բոլոր պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում թե՛ առաքելության համար սահմանված մանդատին ու նպատակներին, թե՛ վերջինիս գործողություններին: Հայաստանում ԵՄ առաքելությունը բացառապես քաղաքացիական, չզինված առաքելություն է և կշարունակի մնալ այդպիսին:  -Տարածաշրջանային այցերի շրջանակում դուք նաև այցելել եք Հայաստան, որտեղ հանդիպել եք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր այցի արդյունքները։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք Հայաստանի կառավարության քայլերից՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ։  -Այո, Բաքվում հանդիպումներից հետո ինձ բարձր մակարդակով ընդունեցին նաև Երևանում, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանը և կառավարության մի շարք առանցքային ներկայացուցիչներ: Ինչպես Ադրբեջանում, այստեղ ևս հանդիպեցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս այցերը շատ հագեցած էին և բովանդակալից, իսկ որոշ առումով՝ նաև հուսադրող: Երևանում հայտնեցի մեր հստակ աջակցությունը ընթացիկ բարեփոխումներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկված համարձակ քայլերին։ Չնայած գործընթացի վայրիվերումներին՝ հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ: Քննադատները կասեին, որ կարելի էր ավելին անել, և մենք, իհարկե, ցանկանում ենք շուտով ավելի շատ առաջընթաց տեսնել: Միևնույն ժամանակ, եթե գնահատենք աշխատանքի ընթացքը, բանակցությունների կառուցվածքային շրջանակն ու երկկողմ հարաբերությունների ընդանուր դինամիկան, ապա սա անհավանական կթվար մի քանի տարի առաջ:    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքուն
12:02 - 03 փետրվարի, 2025
Կայա Կալլասը դատապարել է Թբիլիսիում ցուցարարների ձերբակալությունները |azatutyun.am|

Կայա Կալլասը դատապարել է Թբիլիսիում ցուցարարների ձերբակալությունները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է Թբիլիսիում ցույցի ժամանակ ակտիվիստների ձերբակալությունը։ «Թբիլիսիում խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների դաժան ճնշումն անընդունելի է։ Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրից ոչ մի ակնկալիք: ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին՝ հանուն ազատության և ժողովրդավարության նրանց պայքարում», - գրել է նա X-ի իր էջում: Հանրապետական կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը նույնպես մեկնաբանել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ «Ժամանակն է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի ոչ լեգիտիմ Իվանիշվիլիի և նրա ընկերների դեմ, ովքեր կեղծել են հոկտեմբերի ընտրությունները և այժմ դաժանորեն ճնշում են վրաց ժողովրդին: Ցավոք, Հունգարիան և Սլովակիան սխալվում են՝ արգելափակելով պատժամիջոցները։ Ես կոչ եմ անում ՆԱՏՕ-ի այս դաշնակիցներին վերացնել իրենց վետոն», - նշել է նա։ Վրաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, կարճ ժամանակով փակել էին մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում: Վրացիները բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:
09:41 - 03 փետրվարի, 2025
Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին
 |1lurer.am|

Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի, բայց էլի եմ ուզում ասել՝ մեր խոսակցությունները, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք եղե՞լ են սպառնալիքներ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց պաշտոնապես մեկնարկելու դեպքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք: «Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է, այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, կարծում եմ՝ նաև պետք է ուշադիր լինել, որ ԵԱՏՄ շրջանակներում չարվեն քայլեր, որ ինքնին հարցականի տակ կդնեն ԵԱՏՄ-ի բովանդակությունը: Արդեն եղել են, ցավոք սրտի, քայլեր, որոնք, մեր գնահատմամբ, կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, և նաև դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Այսինքն՝ ամեն ինչ միակողմանի չէ»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, որն ավելի քան 50 հազար քաղաքացիների ստորագրություն է ստացել, Փաշինյանը հիշեցրեց՝ հարցը մտնելու է ԱԺ քննարկման, բայց եթե մերժվի, ապա, կարգի համաձայն, որոշ ժամանակ անց պետք է արվի հանրաքվե: «Ինչո՞ւ են ՀՀ-ում՝ քաղաքացիների շրջանում, այսպիսի ընկալումներ ձևավորվել, դա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է, և մեր խոսակցությունը եղել է և շարունակում է մնալ սրա մասին»,- ասաց նա՝ հավելեց, որ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների՝ ընտրություն ունենալու իրավունքը:
17:07 - 31 հունվարի, 2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս: Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները, կառուցվածքային յուրահատկությունները, իրականացվող բարեփոխումները, նյութատեխնիկական հագեցվածության առկա պատկերը և մարտահրավերները: Ներկայացվել են նաև ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստական փուլին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի ազդեցությանը նախարարությանը ենթակա ծառայությունների և ընդհանուր առմամբ ռազմավարական զարգացման վրա։Հանդիպմանը քննարկվել են նաև բյուջետային և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրերի իրականացման ընթացքում ճկունության գործոնը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ապահովելով բարեփոխումների և գործընթացների արդյունավետ իրականացում:
14:48 - 31 հունվարի, 2025