Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան

Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն։ Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Արթուրին ճանաչում եմ վաղուց։ Շատ վաղուց, դեռ լրագրողական իմ տարիներից եւ սա այդ եզակի դեպքերից է, որ վստահ եմ՝ Արթուրը չի կատարել իրեն մեղսագրվող հանցագործությունը։ 19-ամյա զինվորին 24 տարի առաջ մեղադրեցին ծառայակիցներին սպանելու մեջ ու 24 տարի է Արթուրը բոլորին ու բոլորիս փորձում է ապացուցել, որ ինքը մարդասպան չի։Սպանված ծառայակիցների ծնողները եւս գիտեն, որ Արթուրը չի սպանել իրենց որդիներին ու քանիցս այդ մասին հրապարակավ հայտնել են։ 19-ամյա երիտասարդից ցուցմունք կորզելու համար նրան կապում էին գետնին գամված աթոռին ու ասեղներով ծակծում ոտքերն ու ձեռքերը։ Արթուրը պատմում էր, որ դա պարզապես ֆիզիկական ցավ չէր, այլ մարդուն խելագարության հասցնելու կտտանք։Արթուրը շատ է պատմել, թե ինչ մեթոդներով են 19-ամյա գրեթե երեխային ստիպել ստորագրել մեղադրական ցուցմունքի տակ։ Ու արդեն 24 տարի Արթուրը բղավում է, որ ինքը մարդասպան չէ։ Ու 24 տարի մենք բոլորս լսում ենք ու լռում։ 2018-ին Արթուրը դիմեց ռեժիմի փոփոխության համար եւ ունենալով քրեակատարողական հիմնարկի դրական եզրակացությունը՝ նրա ռեժիմը փակից դարձրեցին կիսափակ՝ տեղափոխելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն դատախազությունն արդեն երկու անգամ է կասեցնում է տեղափոխման հանձնաժողովի որոշումը եւ Արթուրին կրկին տեղափոխում են փակ ռեժիմի գաղութ։ Ու օրենքը թույլ է տալիս դատախազությանը որեւէ կերպ չհիմնավորել իր որոշումը։Հիմա ասածս ի՞նչ է։ Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու, առանց չարացնելու ու առանց վերջին հույսը ջնջխելու։ Արթուրը հացադուլ հայտարարելու օրը դիմել է նաեւ վարչապետին, ով լրագրող ու պատգամավոր եղած տարիներին, ինչպես ես, քանիցս հանդիպել է Արթուրին, զրուցել հետը։ Ես առանց մի րոպե վարանելու ասում եմ, որ Արթուրի դեպքում ոչ թե ռեժիմը պետք է փոխվի, այլ նրան ազատություն պիտի տրվի։ Մարդ, ով 24 տարի ուրիշի կատարած հանցագործության համար ամեն րոպե ու ամեն օր դանդաղ մահանում է։ Արթուրը ամսի 11-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ճանաչելով Արթուրին, ես գիտեմ, որ սա իր ձայնը մեզ բոլորիս հասցնելու վերջին փորձն է։ Եկեք չսպանենք մարդուն։ Պարզապես՝ չսպանենք։ Հ.Գ. Մեկ տարի առաջ, դեկտեմբերի 5-ին, դատական նիստերից մեկի ժամանակ տուժողի իրավահաջորդ, սպանված զինծառայող Վարդան Մարտոյանի հայրը դատարանում հայտարարեց՝ վստահ եմ, որ Արթուրը չի սպանել իմ որդուն և դիմելով Արթուրին, ասաց՝ «Աստված տա, ազատվես»»,- գրել է Զոհրաբյանը։ 
14:38 - 13 օգոստոսի, 2020
Առաջարկում եմ հրավիրել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ․ Նաիրա Զոհրաբյան

Առաջարկում եմ հրավիրել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ առաջարկելով Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ հրավիրել և քննարկել ստեղծված իրավիճակը։ «Որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի որեւէ հայ երբեւէ կհոգնի արցախյան խնդրի պայքարից ու կհանձնվի։ Ո՛չ։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ վայոցձորցին, ջերմուկցին կհոգնի, կդադարեցնի պայքարը ընդդեմ Ամուլսարի շահագործման ու կհանձնվի։ Ո՛չ։ Եւ ուրեմն՝ Ամուլսարը սար է մնալու։ Եւ ուրեմն՝ Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու։ Որպես ԱԺ-ում ստեղծված՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, առաջարկում եմ հրավիրել հանձնաժողովի հրատապ նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ոստիկանական բռնությամբ եւ մարդկանց ահաբեկելով հարց չի լուծվելու»,- գրել է նա։
22:49 - 05 օգոստոսի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանը, Ռուսաստանի հայերի միությունը բանակցել են «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերի հետ, հույս ունենանք՝ խնդիրը կկարգավորվի․ Զոհրաբյանը՝ շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ լարվածության մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանը, Ռուսաստանի հայերի միությունը բանակցել են «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերի հետ, հույս ունենանք՝ խնդիրը կկարգավորվի․ Զոհրաբյանը՝ շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ լարվածության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մոսկվայի գյուղմթերքների շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ առաջացած լարվածությանը։ Նա մասնավորապես նշել է, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունի, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի: Գրառումը՝ ստորև․ «Մենք բացառիկ ժողովուրդ ենքԻնչպես գիտեք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանական մաֆիան ամեն կերպ խոչընդոտում էր և թույլ չէր տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով: Եվ երեկ, երբ շատերս կոչով դիմեցինք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին՝ հորդորելով օգնել, գնալ և հենց բեռնատարներից գնել հայկական գյուղմթերքը, սիրելիներս, տեղի ունեցավ իսկապես ֆանտաստիկ մի բան. Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր իրազեկվեցին, որ նման խնդիր կա, հարյուրավոր կիլոմետրեր հատելով շարժվեցին դեպի տարբեր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Վորոնեժ և այլ քաղաքների գյուղատնտեսական շուկաներ, որտեղ, ադրբեջանցիները, ձեռք բերելով շուկաների սեփականատերերի հետ համաձայնություններ, տարբեր արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չէին տալիս մեր բեռնատարների մուտքը շուկաների տարածք և ժամերի ընթացքում Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ:Երեկ ամբողջ գիշեր ինձ զանգահարում էին Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ապրող մեր հայրենակիցները և ասում էին, որ պատրաստ են մեծ ծավալի ծիրան գնել, կոնտակտներ էին խնդրում Հայաստանից տեղափոխված բեռնատարների վարորդների և ֆերմերների, որպեսզի անմիջապես նրանցից կարողանան ձեռք բերել գյուղմթերքն ու հատկապես ծիրանը, որը ևս մեկ օր ու տոննաներով ծիրանը փչանալու էր:Իսկապես հուզիչ էր տեսնել նման աննախադեպ միասնություն և ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որ մեկ մարդու պես միավորվեցին և հատելով անգամ Մոսկվայից 100-200 կիլոմետր, հասան «Ֆուդ սիթի» շուկա և օգնեցին հայաստանցի իրենց հայրենակիցներին:Սա ևս պատերազմ էր և էս պատերազմում ևս մենք հաղթեցինք:Քիչ առաջ տեղեկացա նաև, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունենանք, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի:Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր արձագանքելով կոչին ՝ մեկ բռունցք դառած աննախադեպ հայրենասիրության օրինակ ցույց տվեցին»։
14:08 - 18 հուլիսի, 2020
Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին․ «ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ Գեորգի Ծերեթելի, ԵԽԽՎ հարգարժան նախագահ Ռիկ Դեմս, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար Դունյա Միատովիչ Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետեւողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։ Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, եւ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետեւանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ, իսկ այսօր սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել:Այսօր առավոտից ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, վտանգելով խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները, շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։Ուզում եմ նաեւ ընդգծել, որ նմանօրինակ ռազմական սադրանքներով Ադրբեջանը անտեսում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ, ԵԽԽՎ հարգարժան նախագահ, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար, ձեր հատուկ ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, քանզի իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
16:07 - 14 հուլիսի, 2020
Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակ

Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակ

Առողջապահությա նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ հարցեր են հնչում՝ կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»: Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։ Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»:
19:45 - 03 հուլիսի, 2020
Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

media.am: Անձեռնամխելիությունից վերջերս զրկված և քրեական գործով մեղադրյալ դարձած Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարն է, այլ նաև երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Hetq.am-ը հաշվարկել է նրա հայտարարարգրած միջոցները՝ 99 միլիարդ դրամ կամ 206 միլիոն դոլլար։ Ծառուկյանի իրական կարողությունը կարող է ավելի մեծ լինել։ Ծառուկյանը հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004 թ․։ Media.am-ը ուսումնասիրեց կուսակցության գործող պատգամավորների կենսագրությունները, և պարզեց, որ 26 պատգամավորներից 14-ը Գագիկ Ծառուկյանի բարեկամներն են, նրա հիմնած հեռուստաընկերության նախկին լրագրողները, նրա բիզնես-ընկերությունների նախկին աշխատակիցները կամ նրա ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ փոխկապակցված անձինք։ Խնամի, ծանոթ, բարեկամ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները տարբեր ժամանակներում ընտրվել են ԱԺ պատգամավոր։ 2017-ից մինչ օրս պատգամավոր է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Գայանեի ամուսինը՝ Դավիթ Մանուկյանը։ Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։ Հեղափոխությունից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավոր ընտրվեց նաև Ծառուկյանի խնամու՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը։ Այժմ Աբովյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է։ Նրա կինը՝ Նատալիյա Բուկովսկայան հայտարարագրել է շուրջ 105 հազար դրամ եկամուտ, որը ստացել է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ից։ Պատգամավոր էր նաև Ծառուկյանի մյուս փեսան՝ Արգամ Աբրահամյանը։ Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է և «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է եղել 2017-2018 թթ․։ 2007-ից ի վեր ԲՀԿ պատգամավոր է Տիգրան Ստեփանյանը, ով Արգամ Աբրահամյանի մերձավորներից է։ Երբ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն որոշեց չեզոքություն պահպանել, Ստեփանյանը հայտարարեց, որ սատարելու է Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, «քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է»։ Խնամիական այս թևի ծանոթ-բարեկամներից ևս մեկ պատգամավոր է ԲՀԿ խմբակցությունում։  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ Կարինե Պողոսյանը, ով 2012-ին ՀՀԿ պատգամավոր էր դարձել, իր ձևակերպմամբ, «շնորհիվ և հանուն» Հովիկ Աբրահամյանի, դուրս եկավ ՀՀԿ-ից և 2017-ից ի վեր «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է։ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողներ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Կենտրոն» հեռուստաընկերության երկու լրագրող անդամակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դարձել ԱԺ պատգամավոր։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը աշխատել է «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» պարբերականներում։ 2007-ին նա հեղինակել և վարել է «Կենտրոն» հ/ը «Վերելք» քաղաքական հաղորդաշարը։ Նույն տարում նա ընտրվել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։ Մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանը, մասնագիտական գործունեությունը սկսել է որպես «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թթ․, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, նա աշխատել է որպես նախարարության հասարակույնության հետ կապերի բաժնի պետ: Այնուհետև վերադարձել է «Կենտրոն» որպես լրատվական ծառայության տնօրեն: Տոնոյանը նաև «Կենտրոն» հ/ը տնօրենների խորհրդի անդամ է: 2015 թ. Տոնոյանը դարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն և այս պաշտոնը թողել է երկու տարի անց՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր դարձավ նաև նրա տեղակալը՝ Շաքե Իսայանը։ 2012-ից ի վեր Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ ԱԺ ևս հինգ պատգամավորներ աշխատել կամ աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնած կազմակերպություններում։ Շարունակությունը՝ media.am-ում
18:25 - 03 հուլիսի, 2020
Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց․ Նաիրա Զոհրաբյան

Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրեցի տատիկի դին գտնվեց Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի։ Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։ Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն եւ հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել եւ կհանձնեն հարազատներին»:
16:36 - 02 հուլիսի, 2020
ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Հետո հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ»:
19:36 - 01 հուլիսի, 2020
Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ․ Նաիրա Զոհրաբյան

Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ․ Նաիրա Զոհրաբյան

Հաղորդում հանցագործության մասին։ Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառման մեջ ասվում է․ «Ուրեմն, տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու` «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը կամ ԲՀԿ-ն այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ կամ ԲՀԿ-ի հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: Ոչ մի կապ ինձ հետ: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվել էս հանցագործությամբ: Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին»: Գրառմանը կից Զոհրաբյանը հրապարակել է լուսանկար և տեսանյութ։  
15:15 - 30 հունիսի, 2020
20 օրյա ժամկետում ՍԴ-ն  պետք է հրավիրի  աշխատանքային նիստ և որոշի՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ․ Նաիրա Զոհրաբյան

20 օրյա ժամկետում ՍԴ-ն պետք է հրավիրի աշխատանքային նիստ և որոշի՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Ես որքան տեղյակ եմ, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 20 օրյա ժամկետում իրենք պետք է հրավիրեն աշխատանքային նիստ և որոշեն՝ մեր դիմումը վարույթ ընդունվում է, քննվում է, թե մերժում են մեզ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով  Սահմանադրական վերջին փոփոխությունների սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկելու նպատակով իրենց կողմից ուղարկված դիմումին։ Զոհրաբյանն իր խոսքում անդրադարձավ նաև ընդհանուր իրավիճակին․ «Ընդհանուր իրավիճակը տեսնում եք, մեր հարյուրավոր համակիրների շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, ինչ-որ հետախուզական բաժիններ, նրանց տալիս են անհեթեթագույն հարցեր, օրինակ ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին և հարցրել են՝ «Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է», ասել է՝ «այո իմ ընկերն է, իմ մտերիմն է» ։  Ասել են՝ «Դուք իրեն ամեն օր  զանգո՞ւմ եք», ասել է՝ «այո, ստեղից դուրս գամ էլի եմ զանգելու»։ Ասել են՝ «իսկ Երևանի ավագանու ընտրությւոնների ժամանակ տիկին Զոհրաբյանը կարո՞ղ ա Ձեզ ասել ա, որ պլակատ բռնեք»։ Նկատի ունեն այն, որ մենք գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի, ասել է՝  «մի հատ ինձ նայեք , ես նմա՞ն եմ պլակատ բռնող մարդու»։ Քանի որ ԱԱԾ-ն նաև իմ մասով է հնագիտական պեղումներով զբաղված, որ ասենք պեղեն, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ես ինչ-որ մեկին ասել եմ՝ այս ինչ բանի դիմաց քվեարկիր։ Հիմա ես ձեզ բոնուս եմ տալիս, հարգելի ԱԱԾ, իմ դեպքում մեծացրեք շրջանակը, իջեք առաջին ընտրությանը, որին ես մասնակցել եմ՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների բոնուսը ձեզ, 2012 , 2017,2018 թվականների համապետական ընտրությունների բոնուսը ձեզ։ Եթե դուք կգտնեք այս մոլորակի վրա գեթ մեկ հոմո սափիենս, ով փաստարկված, պատասխանատու հայտարարություն կանի, որ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար, բամբաներկա կամ մեկ այլ բան է տվել կամ խոստացել է, և ասել է ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, ապա  ես պատրաստ եմ ընդունել իմ մեղքը և կասեմ, որ դուք ճիշտ էիք, ես սխալվեցի։ Կրկնում եմ, եթե այս մոլորակի վրա կպեղեք  մի բանական մարդ, ով փաստերով, ոչ թե թղթի վրա գրած ասի դա, ես կընդունեմ իմ մեղքը։  Մի նախադեպի մասին էլ ասեմ՝  2018 թվականի ընտրություններին, քանի որ ես առաջադրվել էի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, եղել են գյուղեր , որտեղ ես ստացել եմ զրո ձայն  և անգամ հանձնաժողովում մեր կողմից ներկայացված ներկայացուցիչը իմ օգտին չի քվեարկել, որովհետև , երբ ես իրեն ներկայացրել եմ հանձնաժողով, ես նրան չեմ ասել՝ ինձ կընտրես, մի երկու- երեք նման գյուղ եղել է։  Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, որ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք, թե չուզեք համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բամբաներկայի կամ այլ բանի դիմաց»,- ասաց պատգամավորը։ Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքին, Զոհրաբյանը նշեց, որ 124 քննիչներ հանված են իրենց այլ գործերից  և կցված են միայն  Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն։ «Ես կարծում եմ և նորից եմ կրկնում եմ,  որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը անհեթեթ է, և շարունակում եմ պնդել, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ»,- ասաց պատգամավորը։
12:11 - 29 հունիսի, 2020
Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են Քննչական բաժին

Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են Քննչական բաժին

Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են Քննչական բաժին։ «Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի: Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի: Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ: Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը։
12:47 - 23 հունիսի, 2020
Տուսկի հայտարարությունը մարտահրավերներ ունի, եւ դրանք հաղթահարելու համար մեր դիվանագիտությունը պետք է ժամ առաջ հետեւողական աշխատանք վարի․ Եվա Թովմասյան

Տուսկի հայտարարությունը մարտահրավերներ ունի, եւ դրանք հաղթահարելու համար մեր դիվանագիտությունը պետք է ժամ առաջ հետեւողական աշխատանք վարի․ Եվա Թովմասյան

Օրերս, երբ հայտնի դարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին, Եվրոպական Միության խորհրդարանում ամենամեծ ֆրակցիայի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում կատարեց բովանդակությամբ, որ ԵԺԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմությանը ճնշելուց։ Տուսկի գրառման մեջ նշված էր նաեւ, որ ԵԺԿ-ն «մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ օրինականերով»։ Այս տեքստը, իհարկե, մեծ արագությամբ տարածվեց հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցցանցերում եւ առիթ դարձավ տարատեսակ մեկնաբանությունների։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, սա մեկնաբանեց որպես եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի արած այնպիսի շեշտադրում, որտեղ, ի թիվս այլ նրբերանգների, «ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջեւ աննկատ եւ անհետեւանք անցնել չեն կարող»։  Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական կայքից՝ կուսակցությանն անդամակցում են ՀՀԿ-ն եւ Ժառանգությունը՝ դեռեւս 2012 թվականից։  Տուսկի հայտարարության պատճառների, դրա հնարավոր ազդեցության ու եվրոպական կառույցների հետ ՀՀ գործող կառավարության առավել արդյունավետ համագործակցության մասին զրուցել ենք Եվա Թովմասյանի հետ, որը 2010 թվականից մասնագիտացված է Եվրոպական տեղական եւ միջազգային քաղաքական ուժերի հետ աշխատանքի ոլորտում։ Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ երբ խոսում ենք եվրոպական քաղաքական ընտանիքների մասին, պետք է պատկերացնենք նաեւ, թե այդ քաղաքական ընտանիքները ինչպես են ձեւավորվում եւ եվրոպական քաղաքականության հիերարխիայի որ սանդղակում են։ Այս առումով ամենակարեւորը, ըստ Թովմասյանի, այն հանգամանքն է, որ ԵԺԿ-ն եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական, պահպանողական ընտանիք է, այսինքն՝ Եվրոպական միության եւ եվրաինտեգրվող տարածքաշրջանների՝ նշյալ հայացքներին հարող ամենատարբեր կուսակցություններ կարող են դիմել, դառնալ լիիրավ անդամ, նախագծերի մշակման մասնակցել, բանաձեւերի քննարկման, եւ այլն․ «Սա լրիվ առանձին աշխատանքային ֆորմատ է, եւ ամենակարեւորը՝ այս կուսակցությունները, որոնք մինչեւ 4-5-ն են, չեն հանդիսանում եվրոպական ինստիտուտներ։ Ես ցավով պետք է նշեմ, բայց ԵԺԿ-ն իր հերթին երբեք չի առանձնացել, թույլ տվեք ասել, իր քաղաքական «մաքրասիրությամբ»։ Եվրոպական միության ամենատարբեր երկրներում իրենց իսկ պետություններին արջի ծառայություն մատուցած առաջնորդներն ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ հայտվել են ԵԺԿ անդամների շրջանակներում։ Դրա պարզ օրինակը կարող է լինել Վիկտոր Օրբանը՝ ԵՄ անդամ Հունգարիայի՝ պոպուլիստ համարվող առաջնորդը։ Ի դեպ՝ այնտեղ ընդդիմության շատ մեծ դժգոհություն է կուտակվում Օրբանի նկատմամբ։ Հատկանշական է, որ նույն այդ Օրբանի հակասահմանադրական գործողությունները, իմ հիշողությամբ, բավականաչափ հետևողականության չէին արժանանում ԵԺԿ-ի կողմից, եւ նրա առաջնորդած ուժը շարունակում էր վայերել ԵԺԿ անդամի կարգավիճակը։ Չնայած նրան, որ այս ուժի անդամակցությունն, այնուամենայնիվ, առկախվեց, այսպիսի ուժերը ԵԺԿ ընտանիքում, ցավոք, բազմաթիվ են»,- նկատեց Թովմասյանը։ Իսկ ահա ինչ վերաբերում է Հայաստանի անդամներին եւ հարցին, թե այդ որոշումներն ինչպես են կայացվում ԵԺԿ շրջանակներում, մեր զրուցակիցը նշեց, որ երբ բացում ենք անդամակցող կամ ինտեգրվող կուսակցությունների շրջանակը, տեսնում ենք՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»․ սա, ըստ նրա, մեր հանրության համար արդեն իսկ պիտի կարմիր լամպ լինի։ Ընդ որում, Թովմասյանը նկատեց, որ ՀՀԿ իշխանութան տարիներին էլ ժողովրդավարության սկզբունքների եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները ոչ մի անգամ չեն արժանացել ԵԺԿ առաջնորդներին եւ ոչ մեկի ուշադրությանը «Մենք պետք է հասկանանք, որ, փաստորեն, այս կազմակերպության հետ կոմունիկացիոն, լոբբինգային օղակները Հայաստանից տարիներ շարունակ վարել է նախկին իշխանությունը, որը հեռացվեց հեղափոխության միջոցով, ապա ձեւավորվեց նոր կառավարություն։ Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը տվյալ դեպքում Դոնալդ Տուսկի հայտարարության շահագրգիռ կողմերից մեկը կարող է հանդիսանալ։ Այստեղ շատ բարդ տրամաբանություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ դրան նախորդած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ էլ, երբ Գագիկ Ծառուկյանին պետք է զրկեին պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից ակնարկեց, որ իրենք եվրոպայում ընկերներ ունեն, որ իրենց եվրոպական կապերի միջոցով դեռ կպատասխանեն՝ իրենց այսպես վերաբերվելու համար»,- ասաց Թովմասյանը։  Նրա խոսքով՝ տրամաբանորեն՝ հաջորդ քայլը եվրոպական կառույցների հետ վարվող կոմունիկացիան է․ ի՞նչ են անում․ տարիներ շարունակ զանազան քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, զրույցներ, եւ այլն․ «Ինքս 2010-2014-2016 թվականներին ներգրավված եմ եղել եվրոպական լիբերալ քաղաքական ընտանիքում եւ պարզ տեսել եմ, թե այնտեղ ինչպես է ձեւավորվում քաղաքական կարծիքը, ինչպես է կատարվում լոբբինգը։ Դա ամենօրյա քրտնաջան կոմունիկացիայի արդյունք պետք է լինի։ Եթե որպես ներհայաստանյան ակտիվիստ, քաղաքական գործիչ՝ շահագրգռված ես, որպեսզի պետության, ժողովրդավարության իրական պատկերը հասկանալի լինի միջազգային գործընկերներին, ապա պետք է վարես քրտնաջան, մանրակրկիտ եւ լավ մտածված կոմունիկացիա»։  Եւ սա, մեր զրուցակցի խոսքով, ոչ թե նպատակ ունի այնտեղ մարդկանց որեւիցե բան համոզել, այլ, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր մամուլի գերակշիռ մասը չի թարգմանվում կամ միայն ընտրովի թարգամանություն է կատարվում, ձգտում է դրսից նայող մարդուն բացատրել այստեղ տեղի ունեցող զանազան քաղաքական իրողությունների բուն պատճառները, այդ քաղաքական իրողությունների հետեւում կանգնած «մոխրագույն կարդինալների» իսկությունը, եւ, ի վերջո, կարողանալ բացատրել, թե իրականում ինչ էր նախորդել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։ «Այս ամբողջ ինֆորմացիան ահռելի ծավալներ ունի, եւ մենք միամիտ կլինենք, եթե պատկերացնենք, որ որեւէ միջազգային ակտիվ կազմակերպության գրասենյակում նստած մեկը այնպիսի պարզ եւ հստակ պատկերացում ունի այս ամենի մասին, ինչպես մենք։ Ընդ որում, անգամ մենք ենք հաճախ մեդիամանիպուլյացիաների եւ այլ իրողությունների համատեքստում խճճվում՝ հիմա՞ ինչ տեղի ունեցավ։ Հետո ստիպված ենք լինում ահռելի վերլուծություն անել՝ այս կամ այն հարցի շուրջ անաչառ դիրքորոշում ունենալու համար»։  Թովմասյանի կարծիքով՝ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գուցե այդքան էլ հետեւողական կոմունիկացիա չի վարվել այս կառույցի հետ։ Եւ, հաշվի առնելով կոմունիկացիոն նախկին օղակը, գուցե պետք էր որոշ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի տվյալ կառույցում աշխատող, տվյալ կառույցում Հայաստանով հետաքրքրվող գործընեկերներին դուրս հանեին  մանիպուլյացիոն, ապատեղեկատվության դաշտից, հեռացված իշխանությունների՝ «գուցե վրեժխնդրության, ռեվանշիզմի պատճառով տարածած լուրերի դաշտից»։ Անդրադառնալով նաեւ Դոնալդ Տուսկի անվան շուրջ այս օրերին հնչած կոպիտ հայտարարություններին՝ Թովմասյանը հարկ համարեց նշել, որ Տուսկն առհասարակ Եվրոպայում բարեխիղճ եւ շատ ռացիոնալ քաղաքական գործչի կերպար ունի․ «Իհարկե, գուցե երբ տարիներ առաջ նա Լեհաստանի վարչապետն, այնտեղ կլինեն ընդդիմադիր գործիչներ, որ չեն համաձայնի ինձ հետ, բայց, ամեն դեպքում, ԵՄ առաջնորդ եղած շրջանում էլ նա կշռադատված եւ կառուցողական քաղաքական գործիչ էր, եւ հուսով եմ հետեւողական կլինի իր խոսքից բորբոքված հանգամանքներին տարբեր շրջադարձերի դեպքում։ Ես լիահույս եմ, որ եթե ժամ առաջ համապատասխան, գրագետ ու հետեւողական կոմունիկացիա վարվի, գուցե հնարավոր կլինի նաեւ օգնել, որ այս մի կառույցը հստակ պատկերացում ձեռք բերի, թե մենք ինչ կարեւոր իրողության մեջ ենք, որ սա Հայաստանի իրական, ոչ թե ֆասադային ժողովրդավարության կայացման բարդ, բայց կենսական անհրաժեշտության ճանապարհն է»։ Մեր հարցին՝ հիմա ի՞նչ կարեւորություն կարող ենք տալ Տուսկի հայտարարությանը, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրության կարծիքի վրա, Թովմասյանն արձագանքեց, որ սա նուրբ եւ զգայուն հարց է․ նախ պետք է հասկակալ՝ ինչ կերպար է Դոնալդ Տուսկը եւ որոշումների վրա ազդեցության ինչ ներուժ ունի նրա հայտարարությունը․ «Ինչպես արդեն նշեցինք՝ նա եղել է Լեհաստանի վարչապետը, հետո Եվրախորհրդի նախագահը, հետո ԵԺԿ նախագահը։ Իսկ ԵԺԿ-ն իր հերթին այս պահի դրությամբ Եվրոպական խորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում ամենամեծ եւ ազդեցիկ ֆրակցիաներից մեկն է։ Այս առումով, բնականաբար, այս հայտարարության քաղաքական ներուժը բավականին մեծ է, եւ եթե Տուսկի կերպարին նայենք որպես կարծիք ձեւավորող, ապա այս հայտարարությունն անպայման իր հետեւանքներն ունենալու է որոշակի շրջանակներում թերի կարծիքի ձեւավորման առումով։ Ամեն դեպքում՝ ի՞նչ է նշանակում Տուսկի թվիթերում հայտարարությունը՝ եվրոպական քաղաքական ընտանիքների համատեքստում։ Այս ընտանիքներում՝ քրիստոնյա-պահպանողականներ, լիբերալներ, կանաչներ եւ այլն, կուսակցության ընդհանուր դիրքորոշումն արտահայտող քաղաքական որոշումները բավականին բարդ պրոցեսի արդյունքում են կայացվում․ կուսակցությունների ընտանիքի տարեկան համագումարի ժամանակ տեղի է ունենում բանաձեւերի բանավեճը։ Ամենատարբեր ուժերը կարող են ներկայացնել իրենց բանաձեւերի առաջարկները, որից հետո ընդհանուր պատվիրակների ժողովն իրավունք ունի քննարկել, ջնջել բաներ, որոնք գուցե չեն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դրանից  հետո քվերակություն, եւ հետո միայն անհրաժեշտ ձայներ հավաքած բանաձեւերը հրապարակվում են որպես տվյալ կառույցի, կազմակերպության քաղաքական կարծիք»։ Տվյալ դեպքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մենք բանաձեւի մասին չենք խոսում, այլ ընդամենը կուսակցության ղեկավարի՝ ենթադրյալ հանգամանքների արդյունքում ձեւավորված մտահոգության արտահայտման, որը հետագա զրույցների թեմա պիտի դառնա։ Մտավախությունն այստեղ այն է, որ Տուսկի՝ ամենայն հավանականությամբ ապատեղեկատվությամբ կամ մեզ ոչ տեսանելի այլ դրդապատճառներով պայմանավորված հայտարարությունը մեր կողմից պատշաճ արձագանքի չարժանանալու դեպքում կարող է հիմք հանդիսանալ, որ աշնանային նստաշրջանների եւ համագումարների ընթացքում ԵԺԿ-ի ներսում ավելի կոշտ եւ արդեն ավելի բարձր մակարդակի հայտարարությունների հող նախապատրաստվի․ «Եւ դարձյալ, եթե մեր խորհրդարանական եւ պետական դիվանագիտությանն ինչ-որ կերպ հետաքրքրում է այս ամենը շտկելու հարցը, ապա պետք է անհրաժեշտ հայտարարություններ արվեն, անհրաժեշտ զրույցներ՝ փաստարկ-հակափաստարկ ձեւաչափով, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել սխալ տեղեկության արդյունքում ձեւավորված կարծիքը»,- եզրափակեց Եվա Թովմասյանը։ Հայարփի Բաղդասարյան
14:50 - 20 հունիսի, 2020
Անձնագրում ծննդյան վայրը նշելու հիմքը ծննդյան վկայականն է․ քաղաքացու անձնագրում Ադրբեջան գրառումը փոխարինելու հարցով ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է քննարկումների

Անձնագրում ծննդյան վայրը նշելու հիմքը ծննդյան վկայականն է․ քաղաքացու անձնագրում Ադրբեջան գրառումը փոխարինելու հարցով ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է քննարկումների

Այս տարվա հունիսի 11-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակչի՝ ՀՀ քաղաքացիության անձնագիր, որտեղ որպես անձի ծննդավայր նշված է Ադրբեջանը։ ԲՀԿ պատգամավորը, մասնավորապես, նշել է․ «Եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Պարզ է նաեւ, որ օրենքի տառը պահելու դեպքում պիտի գրվի Ադրբեջան։ Բայց,  կարծում եմ էստեղ այլ լուծում պիտի գտնել»։ Նաիրա Զոհրաբյանի գրառումից հետո ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում տարածեց և նշեց, որ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը։ Այնուամենայնիվ Infocom-ը որոշեց հասկանալ, թե ի՞նչ պատճառով է քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել Ադրբեջան և արդյո՞ք հնարավոր էր ընդհանրապես չնշել ծննդավայր։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն՝  անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները. 1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում, 2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, 3) սեռը, 4) քաղաքացիությունը, 5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, 6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը): Ծննդյան վայրը հաստատող փաստաթուղթը ծննդյան վկայականն է և այն անձնագրում նշվում է միայն նշված փաստաթղթի հիմքով։ Պատգամավորը նշում է, որ անձը դիմել է անձնագիրը թարմացնելու (ըստ օրենքի՝ փոխանակելու համար, քանի որ անձնագրի ժամկետը լրանալը փոխանակման հիմք է-հեղ․)։ Անձնագրում նշված է, որ այն ստացվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին, ինչի համար հիմք պետք է հանդիսանար նախորդ անձնագիրը։ Իսկ առաջին անգամ անձնագիր ստանալիս պետք է իր ծննդյան վկայականը ներկայացներ, որպեսզի անձնագրում պահանջվող անհատական տվյալը լրացվեր։ Նաիրա Զոհրաբյանը հետգրությամբ նշում է, որ այսօրինակ դեպքերում կարելի է գրել ոչ թե պետության անվանումը, այլ միայն բնակավայրը, ինչը չի հակասի ICAO- ի ստանդարտներին (Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության): Այդ ստանդարտների համաձայն՝ ծննդյան վայրը կարող է ներկայացվել ոչ միայն պետության, այլ՝ ծննդյան քաղաքի, արվարձանի անվանմամբ։ Սակայն վերոնշյալ ստանդարտները չեն սահմանում, թե որտեղից պետք է վերցվեն ծննդյան վայրի տվյալները։ Այս դեպքում պետք է առաջնորդվել տվյալ պետությունում, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներվ։ ՀՀ-ում, ինչպես արդեն նշեցինք, անձնագիր ստանալիս որպես ծննդավայր նշվում է այն, ինչը նշված է անձի ծննդյան վկայականում։ Պատգամավորի գրառման վերաբերյալ խոսեցինք նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։  Վերջինս  նշեց, որ ծննդյան վկայականները ոստիկանության գործառույթներին չեն առնչվում, անձնագրում ֆիքսվում է ծննդավայրը, որն արտացոլված է ծննդյան վկայականում, որը փոփոխման ենթակա չէ մինչեւ մարդու կյանքի ավարտը, եւ շատ քաղաքացիներ խնդիրներ են ունենում, երբ ծննդյան վկայականի եւ անձնագրի տվյալները չեն համընկնում։ «ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է իր գործառույթները կարգավորող օրենսդրությամբ։ Մենք պատրաստ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ունենալ, բայց այն, ինչ կատարվել է, կատարվել է օրենքի սահմաններում՝ ընդունված կարգերի համաձայն»,-եզրափակեց Աշոտ Ահարոնյանը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ եթե քաղաքացին չի ցանկանում, որ իր անձնագրում գրված լինի ծննդավայրը՝ Ադրբեջան, ապա գոնե Ոստիկանության հետ բանակցության արդյունքում կարող են ուղղակի գրել Խորհրդային միություն։ «Իհարկե, սա լավագույն լուծումը չէ, բայց տեխնիկապես որոշակի լուծում է իրենից ենթադրում։ Ընդունված կարգ է, որ ծննդավայրը գրում են այն վայրը, որը ֆիքսված է մարդու ծննդյան վկայականում։ Միջազգային պրակտիկայում էլ է այդպես, վստահ եմ, ուրիշ պետություններում էլ է այդպես․ նույն սկզբունքով գրվում է ծննդավայր քաղաքը և պետությունը։ Իհարկե, համաշխարհային փոփոխություններ են լինում, պետություններ են անկախանում կամ մտնում են այլ պետության կազմի մեջ, բայց, համենայն դեպս, ծննդյան վայրը նշվում է այն քաղաքը, որը գրված է ծննդյան վկայականում։ Այսինքն, տվյալները տեխնիկապես արտատպվում են»,-նշեց մեր զրուցակիցը։ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ քաղաքացիներն իրավական առումով խնդիր կունենան։ «Նաև կարծում եմ, որ եթե ցանկություն ունեն փոփոխելու պետք է քննարկեն Ոստիկանության հետ և անձնագրերում նշվի քաղաքը և ԽՍՀՄ։ Սա կարծում եմ լավագույն լուծումն է այդ մարդկանց համար»-եզրափակեց քաղաքագետը։ Infocom-ը զրուցեց նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ։ Պարոն Մանասյանը ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը Ադրբեջան գրելու վերաբերյալ մեր հարցին պատասխանեց իր օրինակով․ «Ես անձնագիր ունեմ, որտեղ գրված է Բաքու, Ադրբեջան։ Ես ծնվել եմ այնտեղ 1940 թվականին՝ 80 տարի առաջ։ Հիմա ես կողմ եմ, որ դա գրված լինի, որովհետև դրանով ասվում է, որ ես այնտեղից դուրս եմ եկել և չեմ կարողանում գնալ իմ տունը։ Դա ունի ենթատեքստեր»։ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ անձնագրերում փոփոխություններն էլ են քաղաքական հարցեր։ «Եթե քաղաքականությունը բացատրում ես նրան և նա չի հասկանում, ուրեմն կարող է փոփոխություններ անել անձնագրում»,-եզրափակեց քաղաքագետը։ Այպիսով, կարող ենք փաստել, որ տվյալ անձի անձնագրում ծննդյան վայրը նշվել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքին համապատասխան և այս պահին այլ օրենսդրական կարգավորում նախատեսված չէ, սակայն ՀՀ Ոստիկանությունը, ինչպես պարզ է դառնում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ զրույցից, պատրաստակամ է այս հարցով քննարկումներին։ Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանն այս հարցը բարձրացնում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի շուրջ հենց նույն օրը՝ հունիսի 11-ին բարձրացված աղմուկի ֆոնին։ Դեռ երեկ Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրերս հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն»։ Արփի Ավետիսյան
13:25 - 18 հունիսի, 2020
Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է. փաստաբան |pastinfo.am|

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է. փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է։ Այս մասին ասաց նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։ «Նշված քննչական գործողությունն ակնհայտորեն իրավաչափ չէր, քանի որ խուզարկություն քննչական գործողությունն ինքնին ենթադրում է բովանդակային առումով քրեական հետապնդում՝ տվյալ անձի նկատմամբ, իսկ տիկին Զոհրաբյանն օժտված է պատգամավորի անձեռնմխելիությամբ և նրա անձեռնմխելիությունը հաղթահարված չէր կոնկրետ քննչական գործողությունը կատարելու պահին»,- ասաց փաստաբանը։ Հարցին, թե արդյո՞ք խուզարկության ժամանակ իրեր առգրավվել են, փաստաբանը պատասխանեց, որ քննիչներին հետաքրքրող իրեր չեն հայտնաբերվել, ըստ այդմ՝ առգրավում չի կատարվել։ Ինչ վերաբերում է խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշման դեմ բողոք ներկայացնելուն, Ավագյանը նշեց, որ իր վստահորդի հետ քննարկելուց հետո կորոշեն հետագա քայլերը։ «Դատարանի որոշում եղել է, որը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման, ինչը տիկին Զոհրաբյանի հետ կճշտենք»,- ասաց նա։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
09:11 - 17 հունիսի, 2020
Չի ստացվելու իմ վրա գործ կարելու Ձեր  ջանքերը․ Պարոն դատախազ, Դուք տապալվել եք․ Նաիրա Զոհրաբյան

Չի ստացվելու իմ վրա գործ կարելու Ձեր ջանքերը․ Պարոն դատախազ, Դուք տապալվել եք․ Նաիրա Զոհրաբյան

Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք,  եթե ձեզ չզանգեր ինչ-որ փոխվարչապետ, Դուք հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  միջնորդությունը, Դուք այդտեղ ևս կտապալվեիք: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես ասաց․ «Դուք տապալվեցիք, որովհետև թե նախորդ անգամ Դուք կատարել եք քաղաքական պատվեր նախորդ իշխանությունների, թե այս անգամ Դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդու համար, որի համար 2018-ի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել մասսայական անկարգություններ, հավաքներ, երթեր անցկացնելու հիմքով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Դուք այսօր հաստատեցիք, որ Դուք քաղաքական պատվեր կատարող եք: Հաստատեցիք, որ Դուք պատրաստ եք կատարել բոլոր հնարավոր գալիք  իշխանություններ քաղաքական պատվերը: Դուք տապալվեցիք, որովհետև փաստացի ընդունեցիք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը կամ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կամ էլ ոչ իրավաչափ է հետ կանչվել: Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել եք 5 ամիս ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առևտուր անելու ակնկալիքով: Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որովհետև գործի հիմքերը ներկայացնելով չկարողացաք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստական ապացույց ներկայացնել, իսկ իր ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա: ուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ 17 հազար մարդ, այն էլ անուններով հայտնի մասնակցել է ընտրակաշառքի գործընթացին, բայց նրանցից որևէ մեկը փաստացի պատիժ չի կրում։ Ես չգիտեմ թե այս ամենը ուր է տանելու, բաց որպես պետական պաշտոնյա, որպես գլխավոր դատախազ Դուք այս դահլիճում վերջացաք։ Ձեր բերած ապացույցները չունեին արժանահավատություն։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը Դուք չեք պատրաստել կամ խմբագրել: Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձեր մատնանշած անձինք՝ ոմն Կիրակոսյան ու ոմն Մուրադյան, որևէ կերպ չեն ակնարկել Ծառուկյանի անունը գործարքի մեջ, կամ ճնշման տակ չեն տվել ձեր նշած ցուցմունքները:  Ես այս անձանց անունները լսում եմ առաջին անգամ։ Ովքե՞ր են նրանք, ինչ հեղինակություն ունեն, ինչ նախկին քրգործերով են անցնում, արդյոք հարցաքննվել են փաստաբանի մասնակցությամբ: Ինչո՞ւ պետք է հավատանք նրանց: Տվեք  մեզ այս հարցերի պատասխանները  և մի թաքնվեք խրթին իրավական ձևակերպումներ միջոցով։ Պարոն դատախազ չի ստացվելու նաև իմ վրա քրեական գործ կարելու ջանքերը:  Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետև բարոյականություն չունեցող մարդ եք: Քիչ առաջ ավարտվեց խուզարկությունը ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակի իմ աշխատակազմում: Ինչ-որ լոլո էիք գրել, իհարկե Ձեզ հետ համաձայնեցնելով: Գրել են՝ «Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կարող էին պահվել ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող այլ փաստեր, ընտրացուցակներ, ընտրողներ»:  Գիտեք ինձ շատ բաներում կարող եք մեղադրել, ասենք էմոցիոնալ լինելու մեջ, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց էստեղից իր ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ:  Ես հայտարարություն եմ տալու հանցագործության մասին, որ այս նյութում ասում եք, որ հեռախոսազրույցներից մեկում Նաիրա Զոհարբյանն ասել է՝ «դե փաստորեն էս ժողովուրդն առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չի տալիս»: Սա ապացուցում է, որ առնվազն 2 տարի Դուք լսել եք իմ հեռախոսները, ինչում ես մի րոպե չեմ կասկածում: Այս ամենը ինչ կատարվում է այստեղ, ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին, իրենք արդեն երեկվանից անհանգստացած են: Դուք ուզում եք իմ վրա գործ սարքել:Գիտեմ, որ Դուք իրավական ֆուտուրիզմի, իրավական սյուրռեալիզմով անցել եք նախկիններին: Նրանք գոնե գործ կարելի գոնե փորձում էին իրավական ինչ-որ տրամաբանություն դնել: Ես որպես ԲՀԿ-ական պատգամավոր և քաղաքացի հայտարարում եմ՝ որևէ բանի առաջ չեմ ընկրկելու: Ինձ հնարավոր չէ սպառնալ, վերջին շնչի վրա էլ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, արեք, ինչ ուզում եք»:
14:15 - 16 հունիսի, 2020