ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին հիշեցրել է, որ օգոստոսի 3-ից սկսվում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավոր է և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարագրերը ներկայացնել առցանց՝ կուսակցության ստացած օգտահաշիվների միջոցով։ ԿԸՀ նախագահը վերահաստատել է կուսակցությունների հետ համագործակցության վերաբերյալ  ԿԸՀ դիրքորոշումը։ Համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամության մասին է հայտնել նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Այնուհետև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է կայքի էլեկտրոնային նոր համակարգերը։ Քննարկմանը հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հղել են իրենց հուզող հարցերը օգտահաշիվ ստանալու, տվյալները մուտքագրելու, գովազդային վահանակների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:20 - 02 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման

Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման

Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է քննարկման։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։ Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում՝ Գևորգ Քոչար 21Ա։ Հետաքրքրված կուսակցությունները մինչև օգոստոսի 2-ը ժամը 12։00-ը կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ [email protected],  [email protected][email protected] էլփոստերին ուղարկելով  կուսակցության և կուսակցության ներկայացուցիչների տվյալները։ ԿԸՀ-ից հարկ են համարում ընդգծել, որ ցանկալի կլինի քննարկմանը ներկա լինեն այն անձինք, ովքեր զբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։
13:20 - 01 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 20-ի հերթական նիստում ընդունած որոշմամբ փոփոխություն է կատարել «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները։ Գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ԿԸՀ մասնագետները մշակել և կիրարկել են հատուկ համակարգ։ Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել օնլայն։ Օգտահաշիվները կլինեն մշտական՝ տվյալները թարմացնելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ կազմակերպությունները տասնօրյա ժամկետում իրենց հայտերը կներկայացնեն հանձնաժողով։ Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, ԿԸՀ շենքում վահանակ տիրապետող կազմակերպությունների հետ կլինի քննարկում, և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության աշխատակիցները մանրամասն կներկայացնեն համակարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ հաջորդ շաբաթ կուսակցությունների համար ևս իրազեկման հանդիպումներ կլինեն ԿԸՀ շենքում, որպեսզի մինչ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները նրանք ևս տիրապետեն ԿԸՀ էլեկտրոնային համակարգերին։
18:44 - 20 հուլիսի, 2023
Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի հերթական նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի 18։00-ն է։ ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, դրանք առաջիկա օրերին կներկայացվի ադ ընկերություններին։ Մեկ այլ հարցով ԿԸՀ-ն հաստատեց ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընդգծեց՝ այդ կարգի ընդունումը  որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում։ Հովակիմյանը հավելեց՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։
17:55 - 18 հուլիսի, 2023
Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին
 |hetq.am|

Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի՝ հունիսի 22-ի որոշումից, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Պատգամավոր լինելն ու վճարովի վիրահատություններն անհամատեղելի են Պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հարուցվել է 2023թ․ մարտի 13-ին։ Հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2021թ․ օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո Չարչյանը շարունակել է վիրահատություններ կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և ստանալ վարձատրություն։ Հիշեցնենք, Արմեն Չարչյանը 2014-2021թթ․ եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը։ Հանձնաժողովը հարցում է կատարել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ Արմեն Չարչյանը 2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Իզմիրլյան» ԲԿ-ից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է աշխատանքային վարձատրություն։ ԿԿՀ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին նյութեր, որոնցից մեկը հրապարակվել է 2023թ․ մարտի 2-ին՝ «Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը» վերնագրով, իսկ մյուս երկուսը՝ 2022թ․ հունիսի 8-ին և հոկտեմբերի 10-ին՝ նույնաբովանդակ վերնագրերով։ Բժշկական կենտրոնը հերքել է՝ Չարչյանը չի վարձատրվել Այս ամենի վերաբերյալ ԿԿՀ-ն գրություն է ուղարկել «Իզմիրլյան» ԲԿ՝ առաջարկելով ներկայացնել 2021թ․ օգոստոսի 2-ից մինչև 2023թ․ հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների քանակի, ժամանակացույցի և բնույթի մասին տվյալներ։  Բժշկական կենտրոնից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն Բժշկական համալսարանի կլինիկական բազան է, իսկ Արմեն Չարչյանն այնտեղ իրականացրել է համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների և 1-3-րդ տարվա կլինիկական օրդինատորների թեորետիկ և կիրառական ուսուցում, որոնց շրջանակում նա մասնակցում է որոշ վիրահատությունների՝ որպես Համալսարանի վնասվածքաբանության օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարել վիրահատության այս կամ այն փուլը։ Ըստ «Իզմիրլյան» ԲԿ-ի գրության՝ Արմեն Չարչյանը որևէ բուժական գործունեություն չի ծավալել, չի կատարել ամբողջական վիրահատություն և աշխատավարձ չի ստացել։  Ըստ բժշկական կենտրոնի՝ պացիենտների հիվանդությունների պատմագրերում Արմեն Չարչյանի մասնակցությունը ֆիքսված է հետևյալ կերպ՝ «Հիվանդը վիրահատվել է պրոֆեսոր Ա․Գ․ Չարչյանի գիտական մանկավարժական ղեկավարությամբ»։ Համացանցում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հայտնել է, թե դրանք եղել են գործընկեր կազմակերպության վրիպակները, և լիարժեք չտիրապետելով իրավիճակին՝ սխալ տեղեկություն են հրապարակել։ Նախկինում «Վիրահատությունը կատարել է պրոֆ․ Ա․Գ․ Չարչյանը» վերնագիրը փոխարինվել է «Վիրահատությունը կատարվել է պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից՝ պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ՓԲԸ-ի գիտական համակարգող Արմեն Չարչյանի գիտաուսումնական ղեկավարությամբ» վերնագրով։ Հանձնաժողովը նշում է, որ շտրիխով ջնջել են վիրահատող բժշկի անուն-ազգանունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով հիվանդությունների պատմագրերը, պարզել է, որ դրանցից 4-ում ուղղիչ գրիչով՝ շտրիխով, փակվել է վիրահատող բժշկի անուն-ազգանունը և ավելացվել է այլ անուն-ազգանուն, ինչից Հանձնաժողովը եզրակացրել է, թե վիրահատող բժշկի անուն-ազգանունը փոփոխված տարբերակով է ներկայացվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած այն մասին, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ներկայացրած փոփոխված տվյալները նպատակ ունեն չեզոքացնել անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտումները։  Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, և ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ երբ հանձնաժողովը այդպիսի եզրակացության է հանգում, վարչական վարույթը կասեցնում է, իսկ վարույթի նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ դրանց իրավական գնահատական տալու նպատակով, ինչը և այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ արել է։
16:34 - 04 հուլիսի, 2023
«Յուրայինին նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը»․ Փաշինյանը՝ անկախ պաշտոններում իշխանության ներկայացուցիչ նշանակելու մասին

«Յուրայինին նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը»․ Փաշինյանը՝ անկախ պաշտոններում իշխանության ներկայացուցիչ նշանակելու մասին

ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով այն պնդմանը, որ իշխանությունը յուրայիններին նշանակում է անկախ պաշտոնների։ Նախ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք ԿԸՀ նախագահին նկատի ունեն, ապա այդ օրինակով ասաց, թե վա՞տ է, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։  «Մենք յուրայինին չենք տարել, նշանակել էնտեղ, որ ընտրությունները կեղծի, մենք յուրայինին տարել, նշանակել ենք էնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը, և գործնականում ապացուցել ենք․ ոչ մի դիմում-բողոք»,- ասաց նա։ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման և քննադատության առիթ էին դարձել՝ պայմանավորված մի քանի հանգամանքով։ Խոսքը նրա քաղաքական և կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու ու իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել էր, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ և էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։
11:11 - 31 մայիսի, 2023
ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել «իներցիայով արված» գործողություններ. Վահագն Հովակիմյան
 |tert.am|

ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել «իներցիայով արված» գործողություններ. Վահագն Հովակիմյան |tert.am|

tert.am: Այսօր՝ ապրիլի 5-ին, մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ դատական կարգով բողոքարկման վերջին օրն է, և այս պահի դրությամբ բողոքարկում առկա չէ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահը կարևորեց ՏԻՄ ընտրություններում ուղիղ ժամանակային ռեժիմում առաջին անգամ կիրառված ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումը։ Ըստ Վահագն Հովակիմյանի, այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել, որպես «իներցիայով արված» գործողություններ։ Նա թվարկեց դեպքեր, երբ ընտրական գործընթացներում ներգրավված անձինք, ճիշտ է, չեն խախտել Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրատեղամասերից 100 մետր հեռավորության վրա կանգնելով, սակայն տեղամասերից որոշակի հեռավորությամբ կուտակումները ինքնին ահազանգերի առիթ են դարձել։ Հովակիմյանի խոսքով՝ այդ միջադեպերը արժանացել են ընտրատեղամասերի տարածքներում հերթապահություն իրականացնող ԿԸՀ անդամների գնահատականին, և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների վրա ազդեցություն չեն ունեցել։ Նախընտրական քարոզչության ընթացքում դեպք է արձանագրվել, երբ թիվ 34 ԸԸՀ-ն խնդիր է նկատել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառների փակցնելու ընթացքում, ինչի արդյունքում նշված հանձնաժողովը պահանջել է, որ դրանք հեռացվեն՝ չնայած որ դրանք տեղադրված են եղել գովազդային վահանակի վրա։ Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ընտրության օրը քաղաքական ուժերից մեկն ընտրակաշառքի մասին հայտարարությամբ է հանդես եկել, սակայն որևէ հիմնավոր փաստ չի ներկայացրել, Հովակիմյանը հիշեցրեց, որ այդ հարցն իրավապահների տիրույթում է։ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ ցանկացած հաղորդում քրեաիրավական բնույթի տարրեր է պարունակում։ Ապա ընդգծեց, որ այդ լուրից անմիջապես հետո գլխավոր դատախազությունն է հաղորդագրությամբ հանդես եկել, որ բոլոր նման լուրերը քննվելու են։ «Ես լիահույս եմ, որ դատախազությունը մինչև վերջ հետամուտ կլինի, և առհասարակ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված հետաքննություն կիրականացնեն, եթե հարկ կլինի նաև նախաքննություն»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում համացանցային ԶԼՄ-ների վրա կիրառվող օրենսդրական սահմանափակումների մասին հարցին, ԿԸՀ նախագահն ասաց, որ համացանցային ԶԼՄ-ների դեպքում միակ օրենսդրական պահանջն է, որ ընտրությունների բոլոր մասնակիցների նկատամամբ ոչ խտրական պայմաններ լինեն։ Հովակիմյանը սակայն ընդգծեց, որ դա չի կարող վերաբերել ԶԼՄ հրապարակումների բովանդակությանը։ «Եթե որևէ մեկնաբանությամբ որևէ պետական մարմին կամ քաղաքական գործիչ իրավունք ստանա միջամտել ԶԼՄ-ների հրապարակումների բովանդակությանը, թե օրինակ ինչու ես քննադատում կամ ինչու չես քննադատում, դա կլինի արդեն գրաքննություն, բայց միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է գիտակցեն, որ լռության օրը քարոզչություն կամ հակաքարոզչությունն արգելվում է։ Վատ է, որ որոշ ԶԼՄ-ներ այս կանոնը չեն պահպանում»,-ասաց նա։
18:51 - 05 ապրիլի, 2023
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10 գրառում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 34 ԸԸՀ) 15 գրանցամատյանում արձանագրվել է 39 գրառում։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։  Նշված գրառումները կուսումնասիրվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում կընդունվեն ոոշումներ։ Գրանցամատյանների գրառումներով որոշումներ կարող են կայացվել մինչև մարտի 31-ը, ժամը 14։00-ն։ Մինչև քվեարկության օրը թիվ 34 ԸԸՀ-ն ստացել է 5 դիմում-բողոք, որոնցով կայացվել են որոշումներ, 1 տեղեկատվության հարցում, ևս 1 հարցում ներկայացվել է թիվ 33 ԸԸՀ, որոնցով տրամադրվել են պատասխաններ։ 33 և 34 ԸԸՀ-ների կայացրած որոշումները հրապարակված են ԿԸՀ կայքում՝ Elections.am: 2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում մինչև քվեարկության օրը ներկայացվել է 1 հայցադիմում վարչական դատարան՝ վիճարկելով թիվ 34 ԸԸՀ 2023  թվականի մարտի 25-ի 16-Ա որոշումը։ Հայցը մերժվել է։ 2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում քվեարկության օրը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել։ Ե՛ւ 33 և՛ 34 ԸԸՀ-ները կազմել են ընտրությունների արդյունքների նախնական ամփոփման արձանագրությունը։ Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների, ինչպես նաև այլ դիմում-բողոքների ներկայացման համար։ Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները կարող են ներկայացվել համապատասխան ԸԸՀ մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, մարտի 28-ին ժամը 09։00-ից 18։00-ն և մարտի 29-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ կարող են համապատասխան ԸԸՀ ներկայացվել մինչև մարտի 31-ը 18։00-ն։ Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են մարտի 28-ից ժամը 14։00-ից և պետք է ավարտվեն մինչև մարտի 31-ը ժամը 14։00-ն։ Ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրությունը պետք է կազմվի ապրիլի 2-ին։
17:42 - 27 մարտի, 2023
ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ մարտի 26-ին, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեցին Շիրակի մարզի Անի ու Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել երկու համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 934 է, մասնակցել է 9869-ը կամ 61.93%-ը։ ԿԸՀ նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է։ «Ազգ-համայնք» դաշինք (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան) - 3134 ձայն կամ 31.75% «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան) կուսակցություն - 744 ձայն կամ 7․53% «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) - 795 ձայն կամ 8․05% «Քաղաքացիական պայմանագիր» (Արման Սարիբեկյան) - 5180 ձայն կամ 52․48%։ Անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրողների ընդհանուր թիվը համայնքում 22 890 է, մասնակցել է 11 355-ը կամ 49․6%-ը։ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալներով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է։ Հայաստանի հանրապետական կուսակցություն - 2 553 ձայն կամ 22․48% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 7 325 ձայն կամ 64.5% «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 1 443 ձայն կամ 12.7%: Անվավեր քվեաթերթիկների թիվը 34 է։ Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Այսպիսով՝ երկու համայնքներում առաջատար է իշխող ՔՊ կուսակցությունը։ Ընտրություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը ևԿա՜ Ապագա»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Անի համայնքի ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քր. օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը): Սիսիանի ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում, որոնց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում։ Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։
09:34 - 27 մարտի, 2023
Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը

Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը

1lurer.am: Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22880 քաղաքացիներից 9610-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15918 քաղաքացուց 8465-ը։ Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 08:00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։
18:45 - 26 մարտի, 2023
Ժամը 11։00-ին դրությամբ ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10․78%-ը

Ժամը 11։00-ին դրությամբ ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10․78%-ը

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին, մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22 880 քաղաքացիներից 2 490-ը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում, 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15 918 քաղաքացուց 1 693-ը։ Երկու համայնքներում, ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։ Ըստ աղբյուրի՝ ընտրողների մասնակցության թվերին, ըստ բնակավայրերի, կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում։ Նշվում է, որ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։
13:04 - 26 մարտի, 2023
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից: Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։ Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում՝ Elections.am: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։ Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։
11:07 - 17 մարտի, 2023
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքին վիճակահանության կարգով տրամադրել է հերթական համարներ։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա են եղել նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցել են վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք-1, «Իմ հզոր համայնք» կուսակցություն-4, Հայաստանի հանրապետական կուսակցություն-5, «Հայկական երազանք» կուսակցություն-2, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-6, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-3։ Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են և՛ Սիսիան և՛ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, հանդես կգան նույն համարի ներքո։ Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը կրկին վիճակահանությամբ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։
16:52 - 25 փետրվարի, 2023