ՀՖՖ նախագահը՝ Թուրքիայի դեմ խաղերի, ապագա մարզչի ընտրության, Ազգերի լիգայում հավաքականի ելույթի մասին |vnews.am|
vnews.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլային հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ։
- Ավարտվեց Ազգերի լիգայի շրջափուլը: Կխնդրենք ամփոփել այն և տալ Ձեր գնահատականը:
- Գնահատականը պարզ է և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քայլերից բոլորը հասկացել են: Գլխավոր մարզչի հետ համաձայնության ենք եկել գործակցությունը չշարունակելու հարցում: Սա ամենաօբյեկտիվ գնահատականն է: Նպատակ ունեինք պահպանել տեղը Ազգերի լիգայի B խմբում, սակայն դա չիրագործվեց: Այն, ինչ տվել է Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականին, արդեն տվել է: Շնորհակալ ենք նրան, բայց ժամանակն է փոխել քաղաքականությունն ու գլխավոր մարզչին, որը խնդիրը չկատարեց:
- Ազգերի լիգայի մեկնարկային 3 խաղերում հաղթելուց հետո երկարաձգվեց Խոակին Կապառոսի հետ պայմանագիրը: Ո՞րն էր նման որոշման պատճառը:
- Եթե չեմ սխալվում, պայմանագիրը երկարաձգվեց Խորվաթիայի և Շվեդիայի դեմ ընկերական հանդիպումներից հետո: Նման որոշում կայացվեց, որովհետև պայմանագրում նշված էր կետ, որը պարտադրում էր պայմանագրի ավարտից 5 ամիս առաջ բանակցել այն երկարաձգելու շուրջ կամ դադարեցնել գործակցությունը: Հասկանալի է, որ կառույցի յուրաքանչյուր ղեկավար, որի հավաքականն ընթանում է առաջին տեղով, այլ որոշում չէր կարող կայացնել:
- Ի՞նչ պահանջներ եք հաշվի առնում նոր մարզչի ընտրության հարցում:
- Շատ է խոսվում, որ նոր մարզիչը նույնպես իսպանացի է լինելու: Մենք ուշադրություն չենք դարձնում մարզչի ազգությանը, սակայն կարևորում ենք նրա փիլիսոփայությունը: Խոակին Կապառոսի ընտրության ժամանակ նույնպես եղել են ոչ իսպանացի թեկնածուներ: Կոնկրետ չափանիշներ չկան. ցանկանում ենք հավաքականում տեսնել փորձառու մարզիչ: Հիանալի կլիներ, որ առաջիկա ընկերական խաղերին ունենայինք մարզիչ, սակայն չենք ցանկանում շտապել և մտադիր ենք մանրակրկիտ բանակցել, որպեսզի ապագա մարզիչը հասկանա իր առաքելությունը: Շատ ենք ուզում, որ հավաքականում մնան Ռոման Բերեզովակին ու Խավիեր Մինյանոն: Շատ մասնագետներ, որոնց հետ բանակցում ենք, դեմ չեն լինի մարզչական շտաբում նման փորձառու մարզիչներ ունենալուն:
- Առաջիկա ընտրական փուլում առանձնահատուկ են լինելու Թուրքիայի հավաքականի հետ խաղերը: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը փորձելու է խնդիր լուծել ու դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ՝ այդ ամենը կարող է դուրս գալ ֆուտբոլային հարթությունից ու կապվել քաղաքականության հետ: Ի՞նչ պետք է անել, որ ֆուտբոլիստներն ու մարզիչները խուսափեն ավելորդ ճնշումներից ու կենտրոնանան ֆուտբոլի վրա:
- Ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որ հավաքականը խուսափի այդ ամենից, ու Թուրքիայի դեմ խաղերը քաղաքական ենթատեքստ չստանան: Հայաստանի հավաքականը չի սկսվում կամ ավարտվում Թուրքիայի դեմ խաղերով: Պետք է գիտակցենք, որ կարող ենք վտանգի տակ դնել ֆուտբոլային մեծ սերնդի ապագա, եթե այս խաղերին քաղաքական ենթատեքստ տանք: Ցավալի է, որ հենց առաջին խաղն է. ասածս չի նշանակում, որ չենք կարևորում այս խաղերը: Մարզչի ընտրության ժամանակ նույնպես անդրադառնալու ենք այս թեմային, որ նա ևս պատկերացնի այդ հանդիպումների կարևորությունը, բայց չենք ցանկանում այնպես անել, որ մեկ խաղով որոշվի ամեն ինչ:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ։
Առավել մանրամասն՝ vnews.am-ում
09:33 - 09 նոյեմբերի, 2022