Բելառուս

Ճապոնիան դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը
 |armenpress.am|

Ճապոնիան դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան, որպես ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված երկիր, անընդունելի է համարում և դատապարտում Բելառուսում իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այսօր Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Մացունոն նաև Ռուսաստանին կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը: Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանն արձագանքել են նաև Ուկրաինայում: Կիևը պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Ռուսաստանի նման մտադրությունները չեն կարող առանձնահատուկ անհանգստություն չառաջացնել ողջ համաշխարհային հանրության մոտ: Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիևը սպասում է գործողությունների Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ «Կրեմլի միջուկային շանտաժին դիմակայելու համար»։ Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ: ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։    
12:38 - 27 մարտի, 2023
Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի հայտարարության պատճառով |tert.am|

Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի հայտարարության պատճառով |tert.am|

tert.am: Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությանը։ Ուկրաիյի ԱԳՆ-ն կոչ է արել բելառուսական հանրությանը «կանխելու Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին և աղետալի հետևանքներ կունենա Բելառուսի ապագայի համար, ինչպես նաև երկիրն ավելի շատ կվերածի Կրեմլի պատանդի»։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 25-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։  Նա նշել է, որ Մոսկվան արդեն օգնել է Մինսկին ինքնաթիռների վերազինման հարցում, նրանց է փոխանցվել նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգը։ Պուտինն ընդգծել է, որ տակտիկական միջուկային զենքը կտեղակայվի այնտեղ՝ չխախտելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Շարունակությունը՝ tert.am-ում
22:14 - 26 մարտի, 2023
The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։ Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է: «Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։ Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից: «Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։ «Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։  Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 16 մարտի, 2023
ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում
 |armenpress.am|

ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում, այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը», - գրել է Ռևենկոն Twitter-ում։ Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել էր, որ այս տարի ՀԱՊԿ-ը կանցկացնի համալիր համատեղ զորավարժություններ՝ օպերատիվ-ռազմավարական «Մարտական ​​եղբայրություն» զորավարժությունների ձևաչափով:
15:51 - 28 փետրվարի, 2023
Լուկաշենկոն հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Չինաստան
 |azatutyun.am|

Լուկաշենկոն հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Չինաստան |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 28-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Չինաստան, այս մասին հայտնում է Բելառուսի առաջնորդի գրասենյակը։ Բելառուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդները մտադիր են քննարկել առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, փոխգործակցությունը քաղաքական ոլորտում և « արձագանքը միջազգային ամենասուր մարտահրավերներին»։ Այցին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների դիվանագիտության ղեկավարները: Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը հայտարարել է՝ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ՝ խորացնելու փոխադարձ քաղաքական վստահությունը։ Ըստ չինական կողմի պաշտոնական հաղորդագրության, Պեկինը վստահեցրել է նաև, որ կշարունակի աջակցել Բելառուսին իր ազգային կայունությունը պահպանելու հարցում, կհակազդի Բելառուսի ներքին գործերին միջամտելու կամ Մինսկի դեմ «ապօրինի» միակողմանի պատժամիջոցներ կիրառելու «արտաքին ուժերի» փորձերին։
16:56 - 25 փետրվարի, 2023
Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանով երթևեկությունը
 |armenpress.am|

Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանով երթևեկությունը |armenpress.am|

armenpress.am:  Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: Նման հայտարարություն է արել հանրապետության փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին Լեհական ռադիոյի եթերում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Եթե նման անհրաժեշտություն լինի, հատկապես անվտանգության խնդիրներով պայմանավորված, ապա մենք, միանշանակ, պատրաստ ենք: Բայց մենք դա կվերլուծենք իրադարձությունների զարգացմանը զուգընթաց», - ասել Է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լեհաստանը պատրաստ է վերջնականապես փակել սահմանը։ Դրա հետ մեկտեղ Յաբլոնսկին ընդգծել է, որ անցակետը փակելու մասին որոշումները չեն ընդունվում բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Նրա խոսքով՝ Վարշավայում հասկանում են, որ կան փոխադրողներ և ապրանքներ, որոնք կարելի Է փոխադրել սահմանով։ «Սակայն հենց իրադրության վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա, ապա նման որոշում կարող Է ընդունվել», - եզրափակել է Յաբլոնսկին։ Փետրվարի 10-ից Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի անցակետով՝ ելնելով «պետական ​​անվտանգության շահերից»։ Փետրվարի 21-ի երեկոյան Կոզլովիչի-Կուկուրիկի անցակետը կփակվի ԵՄ-ում և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայում գրանցված բեռնատարների անցման համար։ Այսպիսով, բելառուսալեհական սահմանին կմնա միայն ուղևորների համար նախատեսված մեկ՝ Բրեստ-Տերեսպոլ անցակետը, իսկ բեռնատարների համար ոչ մի անցակետ չի լինի։ Ի պատասխան՝ Մինսկը փոխել է լեհ բեռնափոխադրողների տեղաշարժի ռեժիմը. նրանք կկարողանան Բելառուսի տարածք մուտք գործել և այնտեղից դուրս գալ բացառապես սահմանի բելառուսալեհական հատվածով։ Վարշավայում նախազգուշացրել են, որ բելառուս փոխադրողների նկատմամբ կմտցնեն համազոր սահմանափակումներ։
13:49 - 21 փետրվարի, 2023
Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը
 |armenpress.am|

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ  Չորրորդ արձանագրության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է այսօր հանրապետության ազգային իրավական հարթակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», - ասված է հաղորդագրության մեջ։ Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով:
11:43 - 17 փետրվարի, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Մինսկ
 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Մինսկ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը փետրվարի 12-13-ին կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությանը: «Այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Գլխավոր քարտուղարը հաստատման կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների ծրագիրը Բելառուսի նախագահության ընթացքում, որը նախօրեին համաձայնեցվել էր ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի կողմից», - նշված է հաղորդագրությունում։ Ակնկալվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի և պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենիմիի հետ։ Սա Թասմաղամբեթովի առաջին այցն է Մինսկ՝ որպես կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյա։ 2023 թ.-ին ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսի Հանրապետությունը:
16:31 - 10 փետրվարի, 2023
Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Լուսանկարում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Բորիս Ելցինը Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու առնչությամբ քննարկումները տեւական ժամանակ է՝ չեն դադարում։ Այդ քննարկումները, մեծ մասամբ, կառույցի էության ու պետությունների ինքնիշխանությունը թուլացնելու ռիսկի մասին են։ Միութենական պետությանը Հայաստանի միանալու, այսպես ասած, անխուսափելիության մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրա վերաբերյալ շատ արձագանքներ են եղել, խոսել են նաեւ հայ պաշտոնյաները՝ տարբեր ձեւերով ակնարկելով, որ, այո՛, Հայաստանի հանդեպ ճնշումներ են գործադրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի, Միութենական պետության շրջանակում ստորագրված ինտեգրացիոն դեկրետի դրույթները, ռուս-բելառուսական հարաբերությունների որոշ անհարթ դրվագներ, ինչպես նաեւ քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի եւ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ է Միութենական պետությունը՝ քաղաքական ու իրավական տեսանկյունից։ Միութենական պետության մասին խոսակցություններն, ընդհանուր առմամբ, այնպես չէ, թե նոր են սկսվել։ Դեռ տասնամյակներ առաջ՝ ԽՍՀՄ փլուզումից տարիներ անց՝ 1999թ․ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը կնքեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր, որը բաղկացած է 71 հոդվածից։ Լուկաշենկոն Պայմանագիրը ստորագրելիս Բայց մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այս Պայմանագիրը, ներկայացնենք՝ ինչ հանգամանքներում է կնքվել այն, եւ ինչ զարգացումներ են հաջորդել դրան։ Լուկաշենկոյի սպասումներն՝ ի սկզբանե Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը նկատում է՝ Միութենական պետությունը բավական ժամանակավրեպ ու հետաքրքիր ինստիտուտ է՝ պայմանավորված նրանով, որ ստեղծվել է մի կոնտեքստում՝ ինչ-որ նպատակների համար, իսկ հիմա փորձում է հարմարվել լիովին այլ կոնտեքստի ու սահմանել այլ նպատակներ։ «1990-ականների վերջին, երբ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը կորցնում էր իր հեղինակությունը, քաղաքական ու հանրային շրջնակներում, վատթարացող տնտեսական պայմաններում ու ներքին քաղաքականության մեջ քաոսի իրավիճակում էլեկտորատի շրջանակում նոր թափ էին հավաքում եւ առավել պոպուլյար դառնում Սովետական Միության նոստալգիան եւ սովետական կարգ ու կանոնի նկատմամբ հանրային պահանջը (ինչն, ի դեպ, օգտագործվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, որը Ելցինի ոխերիմ թշնամին էր, ինչպես նաեւ ԼԴՊՌ-ի (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) կողմից)։ Այդ ժամանակաշրջանում Ելցինը, հասկանալով, որ կա նման օրակարգի նկատմամբ հանրային պահանջ, եւ փորձելով խլել այդ օրակարգը իր քաղաքական հակառակորդների ձեռքից, հավանություն է տալիս Միութենական պետության առաջարկներին, ինչը կարող էր հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ ինչ-որ կերպ վերադարձ է կատարվում դեպի հին ու բարի ժամանակներին»,- հիշեցնում է Սուքիասյանը։ Հենց այդ ժամանակվանից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դրական է վերաբերվում այս գաղափարներին․ նա այդ շրջանում հետսովետական տարածքում եզակիներից էր, որ կիսում էր Սովետական Միության նկատմամբ նոստալգիկ վերաբերմունքը։  «Նա սատարում է անգամ Ռուսաստանի խորհրդարանում Բելովեժյան համաձայնագրերի քննադատումը։ Լուկաշենկոն Ռուսաստան ամենաշատ այցեր կատարող առաջնորդներից էր, նա հանդիպումներ էր ունենում ռեգիոնալ մակարդակներում՝ հաճախ շրջանցելով Մոսկվան, ու կարծես կամաց-կամաց ձեռք էր բերում սովետական քաղաքական գործչի կերպար, որը նաեւ սկսում էր լայն հեղինակություն վայելել Ռուսաստանում՝ ներկայանալով որպես հին ու բարի ստաբիլ ժամանակների ներկայացուցիչը»,- նկատում է քաղաքագետը՝ շարունակելով, որ Լուկաշենկոն, հասկանալով, որ Ելցինը կորցնում է իր քաղաքական հիմքերը, իսկ ինքը լայն հեղինակություն է վայելում, նաեւ քաղաքական մեծ ամբիացիաներ է տեսնում Միութենական պետության մեջ․  «Որովհետեւ եթե իրոք ձեւավորվելու էր մեկ պետություն՝ մեկ առաջնորդով ու ընտրությունների միջոցով, չէր բացառվում, որ Լուկաշենկոն կարող էր դառնալ Միութենական պետության առաջնորդի շատ լուրջ հավակնորդ»։ Սակայն, Սուքիասյանի խոսքով, այս մոտիվացիաները շատ արագ գլխի վայր շրջվեցին, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը․ նա վերցրեց այս օրակարգը, եւ արդեն ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխություն տեղի ունեցավ, ու, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների համատեքստում փոխվեցին պետության առաջնահերթությունները։ «Ռուսաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որը տեղ չէր թողնում Լուկաշենկոյի վերոնշյալ ամբիցիաների համար»,- նշում է Սուքիասյանը՝ հավելելով, որ ահա այդ ժամանակվանից արդեն Միութենական պետությունը Լուկաշնեկոյի համար այն խոստումնալից պրոյեկտից, որն ինքը պատկերացնում էր, դառնում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգ։ Լուկաշենկոն փորձում էր հնարավորինս դանդաղեցնել ինտեգրացիան Իհարկե, առաջին հայացքից ամուր տնտեսական համակարգ եւ դրական այլ զարգացումներ խոստացող, եւ միաժամանակ պետությունների ինքնիշխանությանը չվնասելու սկզբունքը շեշտող այս փաստաթղթերն այդքան էլ միանշանակ չեն մեկնաբանվում։ Անգամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես ցույց են տվել զարգացումները, հնարավորինս փորձում էր դանդաղեցնել Բելառուսի ինտեգրացիան։ Օրինակ, 2000-ականների կեսերին Լուկաշենկոն հրաժարվեց ընդունել միասնական դրամական արժույթ, ինչը ենթադրվում էր կամ նախանշվել էր Պայմանագրով։ Ավելի ուշ՝ օրինակ, 2019 թ․-ի մարտի 1-ին, Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ միասնական արժույթին դեմ չէ՝ միեւնույն ժամանակ, սակայն, նշելով, որ այդ արժույթը չպիտի լինի ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական ռուբլին։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանեց, որ թեեւ միասնական արժույթի ներդրման հարցում դեռեւս կոնկրետություն չկա, բայց այն կարելի է քննարկել Միութենական պետության կառուցման համատեքստում։ Միասնական դրամական արժույթին դեմ չլինելու մասին հայտարարություն Լուկաշենկոն արեց նաեւ 2020թ․ ապրիլին՝ դարձյալ նշելով, որ այն չպիտի լինի երկու երկրներից որեւէ մեկի դրամական միավորը։ Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները սրվեցին նաեւ 2000-ականների վերջին՝ կապված Ռուսաստան կաթնամթերքի արտահանման խնդիրների հետ։ Այդ կոնֆլիկտը հայտնի է որպես «կաթնային պատերազմներ»։  Հարաբերություններն, ըստ էության, այնքան էլ լավ չէին նաեւ 2010-ականների կեսերին։ Մասնավորապես, 2015-ին ռուսական rbc.ru-ն գրեց, որ Բելառուսը դարձել է Ռուսաստան արգելված ապրանքների մուտքի տարանցիկ երկիր։ Պետք է հիշել նաեւ դրվագները, երբ Ռուսաստանը գազի ու նավթի գները բարձրացրեց Բելառուսի համար, իսկ հետո երկների ամբողջական ինտեգրացիայի համար խոչընդոտ հանդիսացավ նաեւ այն, որ Բելառուսը փորձում էր հարաբերություններ կառուցել Արեւմուտքի հետ։ Վ․ Պուտինի եւ Ա․ Լուկաշենկոյի հանդիպումը՝ 2021թ․-ին Սանկտ-Պետերբուրգում Հանգամանքները Բելառուսին ստիպեցին մեղմացնել քաղաքականությունը Սուքիասյանի խոսքով՝ Բելառուսին հաջողվել է երկար տարիներ հետաքրքիր բալանսի մեջ պահել իր արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ եղել է ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող աշխարհագրական տարածքի տեր՝ որպես այս երկու ռեգիոնները կապող միջանցք (որոնցից մեկը հսկայական ռեսուրներ արտադրող է, մյուսը՝ հսկայական ռեսուրսների կարիք ունեցող)։ Բայց արդեն 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Արեւմուտքը խզեց կապերը Բելառուսի հետ, նման բալանսավորումը դարձավ անհնարին, եւ արդեն քաղաքական առումով, քաղաքագետի խոսքով, Միութենական պետությունը սկսվեց նմանվել Միութենական պետության իրական կարգավիճակին։ Սուքիասյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ համագործակցային դրվագներին՝ Լուկաշենկոն փորձել է հնարավորինս հետաձգել ամբողջական ինտեգրացիան․  «Այո, Լուկաշենկոն անընդհատ փորձել է զերծ մնալ, խուսափել ամբողջական ինտեգրացիայից, որովհետեւ ամբողջական ինտեգրացիան արդեն Պուտինի իշխանության ժամանակ եւ Ռուսաստանում իշխանության կոնսոլիդացիայից հետո կնշանակեր Լուկաշենկոյի իշխանության կորուստ, նա այլեւս չէր կարող լինել ինքնիշխան պետության նախագահ, մաքսիմումը, ինչին կարող էր հասնել, Բելառուսի՝ որպես գուբեռնիայի ղեկավարի պաշտոնն էր կամ ինչ-որ նոր մտածված պաշտոն, բայց որը երկրոդական կլիներ Ռուսաստանի նախագահի պաշտոնին»։ Եւ այս խուսափողականությունը, Սուքիասյանի խոսքով, արտահայտվել է քաղաքականության մի շարք ոլորտներում, մասնավորապես գազի ընդհանուր շուկային, մաքսային ընդհանուր քաղաքականությանը վերաբերող։ Այդ ոլորտները Բելառուսը միշտ փորձել է օգտագործել ի նպաստ իր ազգային բյուջեի մեծացմանը, քանի որ մեծ եկամուտներ էր ունենում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրից, որտեղ ինքն ուներ առանձնահատուկ կարեւոր եւ իրավականորեն հետաքրքիր կարգավիճակ ու կարողանում էր մաքսիմալ օգուտներ քաղել, իսկ Ռուսաստանը փորձում էր դրանց վերափոխման միջոցով ինքն առավել օգուտներ ունենալ, ինչին Լուկաշենկոն միշտ հանդիմանում էր․ «Բացի դրանից՝ ինչքան էլ թվա, թե Բելառուսն իր մշակութային կարգավիճակով ամենամոտն է Ռուսաստանին, այս երեսուն տարիների ընթացքում Բելառուսի հասարակության մեջ ձեւավորվել է կոնսենսուս՝ ի նպաստ եւ ի պաշտպանություն ինքնիշխանության, եւ Լուկաշենկոն ստիպված էր հաշվի առնել հասարակական կարծիքի այդ արտահայտումները»,- կարծում է քաղաքագետը։ Եւ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնք արեւմտյան մայրաքաղաքների կողմից լեգիտիմ չէին ճանաչվում, խզվեցին բոլոր նշանակալի տնտեսական կապերը, ու Լուկաշենկոն ստիպված էր հենվել Մոսկվայի աջակցության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել ընտրություններին հաջորդած բողոքի շարժումները, ինչպես նաեւ հնարավորություն ունենա պահպանել տնտեսությունը որեւէ կայուն կարգավիճակում․ «Այս պարագայում Ռուսաստանի համար պատուհան բացվեց, որպեսզի կարողանա հաղթահարել Լուկաշենկոյի քմահաճ քաղաքականությունը իր հանդեպ։ Լուկաշենկոյին իրենից մաքսմիմալ կախվածության մեջ գտնելով՝ Ռուսաստանը փորձեց ինստրումենտալիզացնել սա եւ վերակենդանացնել, խորացնել Միութենական պետության շրջանակում համագործակցությունը եւ այն սուր ոլոտները, որոնք գազայինն ու մաքսայինն են (որտեղ Բելառուսը, յուրահատուկ պայմաններից օգտվելով, կարողանում էր շահույթներ գեներացնել)։ Այդ հարցերում Բելառուսի քաղաքականությունն ավելի մեղմացավ, եւ 2021-ին երկկողմ բանակցությունների արդյունքում ընդունված միութենական ծրագրերը նախատեսում են այդ թվում այս խնդիրների հաղթահարում»։ Այնպես չէ, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի միանալը Միութենական պետությանը Անդրադառնալով Հայաստանի՝ Միութենական պետությանը անդամակցելու հավանականությանը եւ այդ առումով Ռուսաստանի ցանկությանը, Սուքիասյանն այն կարծիքին է մնում, որ այս պահին այդ հարցը տեղ չի գտնում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ, եթե ընդհանրապես առկա է այդ օրակարգում։ Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցելը Միութենական պետությանը Ռուսաստանի չի կարող տալ արտաքին քաղաքական լուրջ առավելություններ, քանի որ եթե խոսքը գազի շուկայի ինտեգրման, մաքսային կանոնակարգերի ու դրույթների հարմոնիզացիայի մասին է, ապա դա արդեն իսկ ենթադրվում է ԵԱՏՄ-ի շրջանակում, եթե խոսքը բանակի մասին է, ապա մենք ՀԱՊԿ-ի մաս ենք, ունենք բազմաթիվ միացյալ զորամիավորումներ եւ այս ոլորտում համագործակցության տարբեր դրսեւորումներ։ Խոսելով ներքին դիվիդենտների մասին՝ Սուքիասյանը նկատում է, որ երբեմն քննարկումներն այն համատեքստում են, թե Ռուսաստանը հետաքրքրված է սրանով՝ ներքին օրակարգը սպասարկելու, ռուս էլեկտորատին արտաքին քաղաքական հաղթանակ ցույց տալու համար։ Ըստ քաղաքագետի՝ այս կարծիքը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ինչպես Ղրիմից հետո Ռուսաստանի իշխանությունը ձեռք բերեց գերբարձր լեգիտիմություն եւ ձեւավորվեց ղրիմյան կոնսենսուսը (ինչը 2018թ․ ապահովեց համեմատաբար հանգիստ նախագահական ընտրություններ), այդպես էլ Հայաստանի միացումը Միութենական պետությանը կարող է բարձրացնել Ռուսաստանի իշխանության լեգիտիմությունը։ Բայց, Սուքիասյանի համոզմամբ, նման տեսակետը հիմնված է այն սխալ կանխավարկածի վրա, որ ռուս հանրության շրջանակում Հայաստանը կարող է ունենալ այնպիսի կարեւորություն, ինչպիսին Ղրիմը։ «Սա, իհարկե, չափազանց հեռու է իրականությունից․ Հայաստանը Ռուսաստանի քաղաքականությամբ հետաքրքրված շրջանակներում եթե ոչ տասնորդական, ապա երկրորդական նշանակություն ունի ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։ Ես չեմ կարծում, որ այն արտաքին քաղաքական ռեսուրսը եւ ծախսերը, որոնք պետք է դրվեն Հայաստանը Միութենական պետություն մտցնելու համար, կարող են բերել այնպիսի օգուտներ, որ քաղաքական առումով եկամտաբեր լինեն Ռուսաստանի համար։ Ավելին՝ պատերազմի պայմաններում, ունենալով բազմաթիվ գլխացավանքներ, չեմ կարծում, թե Ռուսասատանը պատրաստ է նման բեռ վերցնել իր վրա, որովհետեւ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալը նաեւ ենթադրում է, որ Ռուսաստանը կամ Միութենական պետությունը պիտի լրացուցիչ պարտավորություններ ստանձնի մասնակից պետության անվտանգության ապահովման, սոցիալական եւ այլ հարցերով»,- մեկնաբանում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը՝ ամփոփելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը նախ այս պահին չի ցանկանում, որ Հայաստանն անդամակցի, եւ երկրորդ՝ եթե անգամ ցանկանում է, ապա դրա համար լիովին ազատ ռեսուրսներ չունի։ Վերպետական կառույցներին միանալը՝ սուվերենության կորստի վտանգ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ու Սահմանադրության մեջ շեշտված են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Պետության ամենակարեւոր բնութագրիչներից մեկը հենց ինքնիշխանությունն է։ Սուվերենությունը, ինչպես մեր զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանվում է սեփական տարածքում գերագույն իշխանություն ունենալու, խնդիրներն ինքնուրույնաբար լուծելու եւ արտաքին հարաբերություններում անկախ հանդես գալու առումով։ Իհարկե, ինչպես նկատում է նա, ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում ինքնիշխանության դրսեւորումները փոփոխվում են, պետությունները տարաբնույթ կառույցների են անդամակցում, եւ, ըստ էության, այսօրվա աշխարհում պարզապես հնարավոր էլ չէ ապրել եւ գոյատեւել մեկուսի։ «Այդ կառույցներին անդամակցելիս սուվերենության որոշակի տարրեր կարող են փոխանցվել դրանց, եւ կախված նրանից, թե ինքնիշխանության ինչ բաժին է փոխանցվում գործընկեր երկրներին եւ կառույցներին, արդեն նոր մոդելավորումներ կարող ենք ունենալ, օրինակ՝ կարող է ստեղծվել դաշնային պետություն, իսկ Միութենական պետությունն այդպիսին է․ դրա պարագայում պահպանվում է որոշակի ոլորտներում ինքնավար հարցեր լուծելու հնարավորությունը, բայց կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, հարցերի լուծումները պատվիրակվում են եւ իրականացվում կենտրոնացված ձեւով»,- նշում է Սահակյանը։ Ըստ նրա՝ Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության դեպքում էլ կա սուվերենության զիջում, բայց ոչ այն ծավալով, որ հանգեցնի նոր դաշնային կառուցվածք ունեցող պետության ստեղծման։ Իսկ վերջինները, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, վերազգային միավորներ են եւ կարող են միասնական քաղաքականություն իրականացնել որոշ ոլորտներում․  «Օրինակ՝ կա ընդհանուր մաքսային քաղաքականություն, տնտեսական եւ այլն։ Այստեղ սուվերենությունը ոչ թե այն ծավալով են փոխանցում, ինչպես դաշնային պետություններում, այլ սահմանափակ ծավալով, եւ փորձում են միասնականացնել քաղաքականությունը՝ պահպանելով այդ հարցերում մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում»։  Կա նաեւ երրորդ մակարդակը, որն, այսպես ասենք, ավելի թեթեւ է․ դա միջազգային կառույցներին անդամակցելն է, օրինակ՝ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, եւ այս կառույցներին անդամակցելու պարագայում մեծ չափաբաժնով ինքնիշխանության զիջման հարց չկա։ Սահակյանի մեկնաբանմամբ՝ անկախությունն էլ ինքնին շատ կարեւոր է ինքնիշխանության բնութագրության մեջ, եւ լիարժեք սուվերենության պայմաններում պետք է ունենալ անկախության բարձր մակարդակ․ «Մենք կարող ենք նաեւ փաստացիորեն զիջել անկախությունը, երբ արտաքին հարաբերություններում չենք կարող ինքնուրույն քաղաքականություն վարել։ Պարզապես այդ միութենական կառույցների կամ վերազգային միավորումների պարագայում իրավական ֆորմալ ձեւով կարգավորվում են այն հարցերը, որտեղ պետության լրիվ անկախ կամ ինքնուրույն հարցեր կարգավորելու կարողությունը սահմանափակվում է»։ Այդուհանդերձ, ողջամի՞տ են արդյոք ԵԱՏՄ-ին միանալու եւ Միութենական պետությանը միանալու համեմատությունները այն համատեքստում, թե երկուսի դեպքում էլ ենթադրվում է տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականություն, միասնական մաքսային տարածք, եւ այլն։ Սահակյանն այստեսակ համեմատություններին համաձայն չէ։ Նա նշում է, որ երկու պարագայում էլ կա սուվերենության զիջում, բայց օրինակ երբ անդամակցում ենք միջազգային կառույցներին, հանրաքվե անհրաժեշտ չէ, իսկ վերպետական միավորումներին անդամակցելիս Սահմանադրությունը պահանջում է հանրաքվե․  «Եւ դա պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը պետք է որոշի, որ պետության սուվերենության մի մասը փոխանցվելու է այլ կառույցի, պարզապես տնտեսական միավորումների պարագայում սահմանափակ ոլորտներում է դա փոխանցվում, որոշումների կայացման մասնակցայնությունն էլ ապահովվում է։ Այստեղ անդամ-պետությունները միասնական քաղաքականություն են իրականացնում, եւ որոշումների դեպքում պետությունները ենթարկվում են, բայց քննարկումներին հավասարապես են մասնացում, ձայնի իրավունք ունեն, կառույցներ ու մեխանիզմներ են ստեղծվում, որոնք բոլորի համար են որոշումներ կայացնում։ Միութենական պետությունների կառուցվածքն այլ է, կան որոշ հարցեր, որոնք իրավասության տիրույթից դուրս են եւ իրացվում են կենտրոնական իշխանությունների կողմից, եւ այստեղ սուվերենության անհամեմատ ավելի մեծ ծավալ է զիջվում, լինում է անկախության կորուստ, ինչն այնքան էլ բնորոշ չէ տնտեսական միություններին անդամակցելու պարագայում։ Բայց երկու դեպքում էլ սուվերենության զիջում կա, ինտենսիվ զիջում տեղի է ունենում այդ դաշնային պետությունների պարագայում, որտեղ կորցնում ենք ինքնուրույն քաղաքական անկախությունը»։ Ինքնիշխանության սակարկումը դեմ է Անկախության անփոփոխելի հռչակագրին Եթե վերպետական կառույցին միանալը, փաստացի, նշանակում է ինքնիշխանության զիջում, ստացվում է դեմ գնալ ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ վերնորմատիվային փաստաթուղթ համարվող Անկախության հռչակագրին, որն, ի դեպ, անփոփոխելի է։ Հարցին՝ արդյոք Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով մեր պետության ինքնիշխանության արձանագրումը բավարար երաշխիք չէ՞ երբեւէ բացառելու համար ինքնիշխանության զիջումը կամ սակարկումը, միջազգային իրավունքի մասնագետն այսպես է պատասխանում․ «Ես այդպես կմեկնաբանեի, դա անփոփոխելի հոդված է, եւ նոր սահմանադրություններ ընդունելով կամ փոփոխելով՝ այդ դրույթները չեն կարող վերանայվել, դա կնշանակի փաստացիորեն պետության անկախության կորուստ։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրում Սահմանադրությունը բազմիցս խախտվել է, եւ կա Սահմանադրությունը խախտելու քաղաքական ավանդույթ, ես չեմ կարծում, որ այդ մեխանիզմը կարող է հակակշիռ ծառայել եւ կանխել մեր պետությանը սպառնացող վտանգները։ Այսինքն՝ այստեղ մենք մշակույթ ենք փոխել, որի պայմաններում ես չեմ կարող ապավինել Սահմանադրությանը՝ որպես պաշտպանության միջոց»,- ցավով նկատում է Սահակյանը՝ շարունակելով, որ նման որոշման պարագայում, իհարկե, կլինեն քննարկումներ ու սահմանադրական բնույթի վեճեր, մասնագետները կհիմնավորեն սահմանադրական կարգի վտանգումը, կլինեն դատական գործընթացներ, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունն իրական գործընթացների վրա, համենայն դեպս այդ վեճերը ընթացող քաղաքական գործընթացներում գերագնահատել չարժե։ Ի վերջո, ի՞նչ է ենթադրում Միութենական պետությունը* Այսպես, Միութենական ստեղծման մասին պայմանագրով նախ սահմանվում են Միութենական պետության նպատակներն ու սկզբունքները։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը ստեղծում են Միութենական պետություն, որը, ինչպես նշված է պայմանագրում, նշանավորում է նոր փուլ երկու երկրների ժողովուրդների միավորման գործընթացում ժողովրդավարական իրավական պետությունում։  Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրում մի շարք սկզբունքներ են նշված, այդ թվում՝  - մասնակից պետությունների եղբայրական ժողովուրդների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ապահովում եւ կյանքի որակի բարձրացում,  - մարդու եւ քաղաքացու իրավունքի եւ ազատության հիմնարար իրավունքների անխախտ պահպանում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, - միացյալ տնտեսական տարածքի ստեղծում՝ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ հիմնված մասնակից պետությունների նյութական եւ մտավոր ներուժի միավորման վրա եւ օգտագործելով շուկայական մեխանիզմները՝ տնտեսության գործունեության համար, - արտաքին քաղաքականության եւ քաղաքականության ոլորտում պաշտպանության համակարգված վարում, - ժողովրդավարական պետության միասնական իրավական համակարգի ձեւավորում,  - սոցիալական քաղաքականության համակարգված իրականացում՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արժանապատիվ կյանք եւ մարդու ազատ զարգացումը, - միութենական պետության անվտանգության ապահովում եւ հանցավորության դեմ պայքար, - խաղաղության, անվտանգության եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, Անկախ պետությունների համագործակցության զարգացում։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության նպատակներին հասնելն իրականացվում է փուլերով՝ հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման առաջնահերթությունը։ Բացի դրանից՝ Միութենական պետության հիմնադրման դեպքում նախատեսվում է քննարկել նաեւ դրա Սահմանադրության ընդունման հարցը։ Պայմանագրում ասված է, որ Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության եւ մասնակից պետությունների միջեւ իրավասության եւ լիազորությունների բաշխման վրա։ Իսկ նախանշված նպատակների իրականացման համար Միութենական պետությունում ստեղծվում են Գերագույն պետական խորհուրդ, Խորհրդարան, Նախարարների խորհուրդ, Դատարան, Միութենական պետության Հաշվիչ պալատ։ Այս կառույցներին կանդրադառնանք ավելի ուշ։ Պայմանագրում նշված է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով միութենական պետությանը կամովին փոխանցած լիազորությունները, պահպանում է ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կառուցվածքը, Սահմանադրությունը, պետական դրոշը, զինանշնանը եւ պետականության այլ ատրիբուտները։ Անդամ-պետությունները պահպանում են նաեւ իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին։ Իսկ միջազգային կազմակերպություններին եւ այլ միջազգային ասոցիացիաներին միասնական անդամակցության հնարավորությունը որոշվելու է մասնակից պետությունների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Պայմանագրի՝ Միութենական պետության տարածքը կազմված է անդամ-պետությունների պետական տարածքներից, եւ անդամ-պետությունները ապահովում են Միութենական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի իր զինանշանը, դրոշը, հիմնը եւ պետականության այլ ատրիբուտներ։ Միութենական պետությունն ունի մեկ դրամական միավոր։ Սահմանված է նաեւ, որ Միութենական պետության անդամ պետությունների քաղաքացիները միաժամանակ հանդիսանում են Միութենական պետության քաղաքացի։ Միութենական պետության քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու Միութենական պետության խորհրդարանում, նաեւ նշանակվելու Միութենական պետության մարմիններում պաշտոնների։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության բացառիկ իրավասությունը ներառում է միասնական տնտեսական տարածքի եւ միասնական շուկայի իրավական հիմքերի ստեղծում, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը մասնակից պետությունների տարածքներում, հավասար պայմաններ եւ երաշխիքներ տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։ Միութենական պետությունն ունենում է միասնական օրենսդրություն, որը կարգավորում է տնտեսական գործունեությունը, ներառյալ քաղաքացիական եւ հարկային օրենսդրությունը: Միութենական պետությունն իրականացնում է միասնական գնային քաղաքականություն՝ ներառյալ գների եւ սակագների կարգավորումը։ Միութենական պետությունում ստեղծվում եւ գործում է միասնական օրենսդրություն՝ արտաքին եւ ներքին պարտքերի սպասարկման եւ մարման, արտաքին փոխառությունների իրականացման կարգի եւ օտարերկրյա ներդրումների մասով։ Միութենական պետությունն ունի հարկեր գանձելու միասնական սկզբունքներ, որոնք կախված չեն իր տարածքում հարկատուների գտնվելու վայրից: Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի մեկ մաքսային տարածք։ Բացի դրանից՝ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասությունը ներառում է նաեւ ուրիշ պետությունների ընդունում Միութենական պետության կազմ։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասության սուբյեկտների բացառիկ իրավասության սահմաններից դուրս վերջիններս պահպանում են պետական ​​իշխանության ամբողջականությունը։ Միութենական պետության բյուջեն նախատեսված է Միութենական պետության ծրագրերի եւ նախագծերի, նրա գործունեության, ներառյալ նրա մարմինների պահպանման ծախսերը ապահովելու համար: Իսկ Միութենական պետության բյուջեն ձեւավորվում է մասնակից պետությունների տարեկան համաձայնեցված վճարներից։ Միութենական պետության մարմինները Գերագույն պետական խորհուրդ Միութենական պետության բարձրագույն մարմինը Գերագույն պետական ​​խորհուրդն է։ Խորհրդում ներգրավված են պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները, ՌԴ եւ Բելառուսի խորհրդարանների պալատների ղեկավարները։ Գերագույն պետական ​​խորհրդի նիստերին մասնակցում են Նախարարների խորհրդի նախագահը, խորհրդարանի պալատների նախագահները, Միութենական պետության դատարանի նախագահը։ Ինչպես տեղեկանում ենք Միութենական պետության տեղեկատվական-վերլուծական հարթակից՝ Միութենական պետության գերագույն պետական խորհրդի կազմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն, ՌԴ վարչապետ Միշուստինը, Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի նախագահը։ Ըստ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի՝ Գերագույն պետական ​​խորհուրդը՝ - լուծում է Միութենական պետության զարգացման կարեւորագույն խնդիրները, - իր իրավասության սահմաններում ձեւավորում է Միութենական պետության մարմիններ, այդ թվում՝ ոլորտային եւ գործառական բնույթի կառավարման մարմիններ, - նշանակում է Միութենական պետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, - հաստատում է Միութենական պետության բյուջեն, որն ընդունվում է Միութենական պետության խորհրդարանի կողմից, եւ դրա կատարման տարեկան հաշվետվությունները, - հաստատում է Միութենական պետության՝ խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, եւ այլն։ Գերագույն պետական ​​խորհրդի ակտերն ընդունվում են անդամ պետությունների միաձայն քվեարկության հիմքով։ Ակտը համարվում է չընդունված, եթե դրա ընդունմանը դեմ է արտահայտվել մասնակից պետություններից մեկը։  Գերագույն պետական ​​խորհրդի նախագահը ռոտացիայի հիման վրա մասնակից պետությունների ղեկավարներից մեկն է, եթե այլ բան համաձայնեցված չէ մասնակից պետությունների կողմից: Նախագահը Գերագույն պետական ​​խորհրդի անունից վարում է միջազգային բանակցություններ եւ Միութենական պետության անունից ստորագրում միջազգային պայմանագրեր, իր լիազորությունների շրջանակում հանձնարարականներ է տալիս Միութենական պետության Նախարարների խորհրդին, Գերագույն պետական ​​խորհրդի անունից իրականացնում այլ գործառույթներ։ Միութենական պետության խորհրդարան Միութենական պետության խորհրդարանը Միութենական պետության ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն բաղկացած է երկու պալատից՝ Միության եւ Ներկայացուցիչների: Միութենական պետության խորհրդարանն ընդունում է օրենքներ եւ օրենսդրական ակտեր՝ Պայմանագրով Միութենական պետության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ, նպաստում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանը, ընդունում է բյուջեն եւ լսում դրա կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվությունները, հաստատում է հաշվետվությունը, լսում է Միութենական Պետության Հաշվիչ պալատի հաշվետվությունները եւ հաղորդագրությունները, վավերացնում է Միութենական պետության անունից կնքված միջազգային պայմանագրերը, համագործակցության համաձայնագրեր է կնքում Միութենական պետության անդամ չհանդիսացող պետությունների խորհրդարանների եւ խորհրդարանական կազմակերպությունների հետ եւ այլն։ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները եւ Միության պալատի անդամներն իրենց լիազորությունների ողջ ընթացքում օգտվում են անձեռնմխելիությունից Միութենական պետության ողջ տարածքում: Խորհրդարանի նախագահը ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։ Նախարարների խորհուրդը Նախարարների խորհուրդը Միութենական պետության գործադիր մարմինն է։ Նախարարների խորհրդի կազմում են Նախարարների խորհրդի նախագահը, կառավարությունների ղեկավարները, պետքարտուղարը, անդամ պետությունների արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Միութենական պետության հիմնական ոլորտային եւ գործառութային կառավարման մարմինների ղեկավարները։  Նախարարների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել կենտրոնական բանկերի ղեկավարները եւ անդամ երկրների նախարարները։ Նախարարների խորհուրդը՝ - մշակում է Միութենական պետության զարգացման ընդհանուր քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանք ներկայացնում Գերագույն պետական ​​խորհրդի քննարկմանը,- Գերագույն պետական ​​խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Միութենական պետության ոլորտային եւ գործառութային մարմինների ձեւավորման եւ դրանց գործունեությունը ղեկավարելու վերաբերյալ, - խորհրդարանին է ներկայացնում օրենքների եւ օրենսդրական ակտերի նախագծեր, - ապահովում է վերահսկողություն Պայմանագրի դրույթների, Միութենական պետության ակտերի կատարման նկատմամբ եւ, անհրաժեշտության դեպքում, պատճառաբանված դիմումներ է ներկայացնում մասնակից պետություններին՝ դրանցից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում, - մշակում եւ Միութենական պետության խորհրդարան է ներկայացնում Միութենական պետության բյուջեի նախագիծը, ապահովում է բյուջեի կատարումը, խորհրդարանին է ներկայացնում բյուջեի կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններ,  - տնօրինում է Միութենական պետության ունեցվածքը,  - համակարգում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացման գործընթացը, եւ իրականացնում Գերագույն պետական ​​խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: Այժմ Միութենական պետությունն ունի նաեւ Մշտական կոմիտե, որը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի եւ Միութենական պետության Նախարարների խորհրդի աշխատանքային ապարատն է եւ հաշվետու է Նախարարների խորհրդին։ Այն ղեկավարում է ռուս գործիչ, պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը։ Պայմանագրով նախատեսված է ստեղծել նաեւ Միութենական պետության դատարան, որը կոչված է լինելու ապահովել Պայմանագրի՝ Միութենական պետության կարգավորող իրավական ակտերի միասնական մեկնաբանություն եւ կիրառում։ Միութենական պետության ֆինանսների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար էլ նախատեսված է ստեղծել Հաշվիչ պալատ։ Մասնակից պետությունը կարող է Միութենական պետությունից դուրս գալու մասին որոշում կայացնել Պայմանագրի վերջում արձանագրված է, որ այս փաստաթուղթը բաց է դրան միանալու համար, եթե միանալ ցանկացող պետությունները միջազգային իրավունքի սուբյեկտներ են, կիսում են Միուենական պետության նպատակներն ու սկզբունքները եւ ամբողջությամբ ստանձնում են Պայմանագրից բխող պարտավորությունները: Նշված է նաեւ, որ մասնակից պետությունը, իր համապատասխան սահմանադրական ընթացակարգերով, կարող է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա որոշում կայացնել Միութենական պետությունից դուրս գալու մասին: Իսկ Պայմանագիրը դադարում է գործել նման պետության նկատմամբ՝ դրանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու օրվանից 18 ամիսը լրանալուց հետո։ Արձանագրված է, որ Պայմանագրից դուրս գալը չի ​​ազդում Պայմանագրով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի ժամկետով:  Եւ շեշտված է, թե Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, եւ որ մասնակից պետությունները կատարում են իրենց պարտավորությունները նախկինում կնքված միջազգային պայմանագրերով։ Մասնակից պետություններն էլ, համաձայն Պայմանագրի, չեն կարող ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք հակասում են սույն Պայմանագրի դրույթներին: Պայմանագիրն անժամկետ է։  Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը Թեեւ տարիների ընթացքում ինտեգրացիոն տարբեր գործընթացներ են եղել ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ, տարբեր համատեղ ծրագրեր են իրականացվել, այս Պայմանագրի ստորագրումից երկու տասնամյակից ավելի անց՝ 2021թ․ սեպտեմբերին, Ռուսաստանն ու Բելառուսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես, Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում հաստատվեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները 2021–2023 թվականներին եւ Միութենական 28 ծրագրերը՝ ուղղված ռուս-բելառուսական ինտեգրացիայի ամրապնդմանը, այդ ծրագրերում կան դրույթներ նաեւ նավթի եւ գազի միասնական շուկայի մասին։  Ըստ այդմ, Ռուսաստանն ու Բելառուսը մակրոտնտեսական քաղաքականության մերձեցման շրջանակում պայմանավորվածություն են ձեռք բերել սինխրոնիզացնել ռազմավարական կառավարումը, ներդաշնակեցնել օրենքները։ ՌԴ Կենտրոնական բանկի եւ Բելառուսի Ազգային բանկի միջեւ դրամավարկային քաղաքականության սկզբունքների եւ մեխանիզմների ներդաշնակեցման մասին համաձայնագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Քննարկվել է նաեւ այս ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման հարցը։  Կողմերը պայմանավորվել են նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումների, տեղեկատվական անվտանգության ոլորտում աուդիտի արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմի, էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ժամանակ ամբողջականության եւ վավերության արտատարածքային հսկողության միջոցների կիրառման ներդաշնակեցման մասին։ Համաձայնագրով պայմանավորվել են ներդաշնակեցնել բանկային եւ ապահովագրական կազմակերպությունների փոխադարձ մուտքը Միութենական պետության ֆինանսական շուկաներ, կատարելագործել ռուսական եւ բելառուսական վարկային կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց միջեւ ֆինանսական տեղեկատվության անդրսահմանային փոխանակման մեխանիզմները, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը արագ վճարումների, ֆինանսական հաղորդագրությունների եւ հաշվարկների փոխանցման, մասնակիցների վերահսկողության հարցերում։ Կողմերը պայմանավորվել են մշակել առաջարկներ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման համար՝ ապահովելու սպառողների իրավունքների հավասարաչափ պաշտպանությունը: Կողմերը պայմանավորվել են ինտեգրել տեղեկատվական համակարգերը՝ տվյալների փոխանակման ավտոմատացման համար, նաեւ մշակել ծրագրային ապահովում, որը թույլ կտա տվյալների փոխանակում երկու պետությունների տարածքում տրանսպորտային վերահսկողության արդյունքների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կնքել միջազգային պայմանագրեր անուղղակի հարկերի հարկման ընդհանուր սկզբունքների եւ մաքսային մարմինների միջեւ փոխգործակցության խորացման մասին, ներդաշնակեցնել փոխադարձ առեւտրի վիճակագրության պահպանման մոտեցումները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման համակարգերը եւ լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը: Կողմերը պայմանավորվել են միասնակացնել տրանսպորտային շուկայի կարգավորումը․ խոսքը վերաբերում է եւ օդային, եւ երկաթուղային, եւ ջրային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներին, նախատեսվում է ճանապարհների ոլորտում մշակել ընդհանուր օրենսդրական նորմեր։ Ամենաառանցքային պայմանավորվածություններից մեկը վերաբերում է գազի միասնական շուկայի ձեւավորմանը։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են համակարգել գործողությունները՝ կապված 2022 թվականին բելառուսական կողմի համար ռուսական գազի գների ձեւավորման, ինչպես նաեւ Միութենական պետության գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքների մշակման հետ։ Այս գործողությունը նախատեսված է եղել մինչեւ 2022 թվականի հուլիսը: Իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսվում է ստորագրել ծրագրի լրացում, որը սահմանում է գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ դրանց իրականացման ժամկետները՝ բիզնես պայմանների մերձեցման հիման վրա։  Նախատեսվել է ձեւավորել նավթի եւ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2023թ․ վերջ ապահովել ատոմային էներգիայի օբյեկտների շահագործման, ճառագայթային անվտանգության կարգավորման, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ արձագանքման, միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտներում օրենսդրության միասնականացումը։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել օրենսդրության սերտաճում գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առեւտրի ծավալն ավելացնելու, վարչական խոչընդոտների վերացման, պարենային անվտանգության ապահովման եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են խթանել համատեղ ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաեւ միասնական քաղաքականություն վարել արտադրությանն ու վաճառքին աջակցելու համար, իսկ առեւտրի թափանցիկությունը բարձրացնելու եւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով վերացնել արդյունաբերական արտադրության հարցում տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտները։ Ձեռք են բերվել նաեւ այլ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։  Ի վերջո, Համաձայնագրում ասված է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշում են, որ Միութենական պետության դրական զարգացումը, ազգային տնտեսությունների ամրապնդումը, Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար կենսական սոցիալական խնդիրների լուծմանը խոչընդոտում են «մի շարք արեւմտյան պետությունների կործանարար գործողությունները, միջազգային իրավունքին հակասող կառույցներ»։ Եւ այս կապակցությամբ, ինչպես նշված է Համաձայնագրում, համաձայնեցվել են համատեղ գործողություններ «Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության դեմ ոչ լեգիտիմ տնտեսական պատժամիջոցների կիրառման համատեքստում»։ Ռուսական եւ բելառուսական կողմերը նշում են նաեւ դրանով չսահմանափակվելու, Միության կառուցման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման հաստատակամ մտադրությունը․ «Կշարունակվի 1999 թվականի դեկտեմբերի 8-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի բոլոր հիմնարար դրույթների իրականացումը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ինտեգրման ամրապնդմանը»,- ասված է Համաձայնագրում: Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ որպես ինստիտուտ՝ Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել, ու մինչեւ վերջին տարիները, եթե ոչ անգամ այսօր, դրա անգամ բյուջեն, որը հատկացված է ինստիտուտի պահպանման ծախսերի համար, չի գերազանցում անգամ միջին քաղաքի տարեկան բյուջեին։  «Դրա համար այն կառույցները, որոնք նախատեսված էր ունենալ պայմանագրով, կամ այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ գործում են սիմվոլիկ, կամ համարյա չեն գործում, սահմանված նպատակներն ամբողջովին չեն իրականացել, այդ նպատակները նաեւ սահմանված են մի շարք երկկողմ եւ բազմակողմ  համաձայնագրերում, ու այն (նկատի ունի Միութենական պետությունը,- հեղ․) կարելի է համարել ավելի շատ հռչակագիր, քան իրականում գործող վերպետական մարմին»,- ասում է Սուքիասյանը։ Հարցին, թե Միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրում հատկապես որ դրույթներն են հուշում, որ այդ կառույցին միացող պետությունն այլեւս կորցնելու է ինքնուրույնությունը կամ վտանգի տակ է դրվելու այդ պետության ինքնիշխանությունը, Սուքիասյանը պատասխանում է՝ դիտարկելով երկու հարթություն՝ իրավական եւ քաղաքական․  «Եթե իրավական հարթության մեջ նայենք Պայմանագրի դրույթներին, չենք գտնի այնպիսիք, որոնք մասնակից կողմերից որեւէ մեկին լիովին զրկում են ինքնուրույնությունից․ սա կարելի է համեմատել երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշնակցության կամ համագործակցության մասին բարձր մակարդակի որեւէ պայմանագրի հետ, որով հանձնառություն են վերցնում մերձեցնել իրենց քաղաքականությունները գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց եթե գանք հարցի քաղաքական տեսանկյունին, ապա Միութենական պետությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որպես գործոն է օգտագործվում Բելառուսի հետ հարաբերություններում՝ այդ երկրի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու համար, եւ այս հարթությունում է, որ պետք է դիտարկել Հայաստանի ինքնիշխանության հարցը:»,- ամփոփում է Սուքիասյանը։   *Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի եւ ինտեգրացիոն դեկրետի թարգմանությունը լրագրողական է Հայարփի Բաղդասարյան
17:20 - 31 հունվարի, 2023
Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին
 |armenpress.am|

Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու կոչ անող բանաձևին: Այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից: «Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, քանի որ թույլ է տվել օգտագործել իր տարածքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Նրա դերն ու մեղսակցությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- շեշտվում է բանաձևում: Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները, հաշվի առնելով դրանց բնույթը, մասշտաբը և ծանրությունը, հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ ուժի կիրառման արգելքի: Բանաձևում ընդգծվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական առաջնորդները, ովքեր ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել, իրագործել են այդ գործողությունները, և ովքեր ի վիճակի են եղել վերահսկելու կամ ղեկավարելու պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները, պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն։ «Վեհաժողովը վերահաստատում է իր միաձայն կոչը՝ անդամ երկրներին և Եվրոպայի խորհրդի դիտորդ պետություններին՝ ստեղծելու հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար»,-ասված է բանաձևում: Ըստ բանաձևի՝ տրիբունալի իրավասությունը կսահմանափակվի Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի հանցագործությամբ և  կտարածվի Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականի փետրվարին սկսված ագրեսիայի վրա: Իրավասությունների շրջանակում նշվում է նաև Բելառուսի առաջնորդների դերն ու մեղսակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային: Ըստ ընդունված բանաձևի՝ տրիբունալի նստավայրը պետք է լինի Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային դատարանների ու հաստատությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով:
13:08 - 27 հունվարի, 2023