Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Գեղարքունիքի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզի սահմաններին տիրող իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզի սահմաններին տիրող իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին   Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվել է մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության և արձագանքման հետ կապված հարցերով։ «Մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին և անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։   Բնական է, որ կյանքը հիմա մեր մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն և միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ Այդուհանդերձ, մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը և խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ։   Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրող մյուս հարցերին՝ ասեմ, որ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներից շատերը եւս աստիճանաբար կարգավորվում են ամենատարբեր ծրագրերի միջոցով, որոնց արդյունքում կառուցվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգեր, գազատարներ, գիշերային լուսավորության ցանցեր, էականորեն բարելավվում է մարդկանց ապրելակերպը, զարգանում են թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերը։ Տարեցտարի պետական և սուբվենցիոն ծրագրերի հաշվին ավելանում են շինարարության ծավալները։   Եթե նախորդ տարում մենք ունեցել ենք ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունենք։ Բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապաստարանների կառուցմանը։ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և ընդունելության համար` նշելով, որ կշարունակեն իրենց փաստահավաք առաքելությունը, կլինեն համայնքներում, մոտիկից կծանոթանան հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինեն համատեղ քննարկել ծագած խնդիրները՝ ի շահ հանրային բարօրության, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման։   Հանդիպումից հետո Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր»,- Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը:  
13:52 - 02 օգոստոսի, 2022
Կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը. ՄԻՊ ուղերձը

Կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը. ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 2013 թվականից ի վեր հուլիսի 30-ը մարդկության կողմից նշվում է որպես Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Մարդկանց թրաֆիքինգը կամ, այսպես կոչված, մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար, այդ թվում՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրացման, ֆիզիկական և մտավոր առողջության տեսանկյունից: Ցավոք, կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված։ Մասնավորապես, կանանց տնտեսական կայունության բացակայությունը, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին: Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։ Հաշվի առնելով թրաֆիքինգի հանցակազմի առանձնահատկությունները՝ կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը, հատկապես՝ ռիսկային խմբերի շրջանում (կանայք, երեխաներ, ապաստան հայցողներ, փախստականներ): Մեր երկրում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միևնույն ժամանակ, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, կոչ եմ անում ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվելու ու գործուն քայլեր ձեռնարկելու՝ մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորման կանխման, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնացման, աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:19 - 30 հուլիսի, 2022
ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: Ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքների և ահազանգերի հաշվառմամբ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցեր են իրականացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժնումներ (զինկոմիսատրիատներ)։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Այցերի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների, ինչպես նաև վարժական հավաքներին ներգրավվող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, դրանց շրջանակում կայացված որոշումների բողոքարկման, բժշկական փաստաթղթերը զորակոչիկներին տրամադրելու ընթացքում պրակտիկայում առաջացող խնդիրներին։ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժնումների ղեկավարների հետ քննարկվել են զինծառայության ներգրավման և գրավչության բարձրացման, զորակոչիկների կրթական ցենզի, առողջական վիճակի հետ կապված և Պաշտպանին հասցեագրվող բողոքներով վերհանված մի շարք հարցեր։ Համակարգային բնույթի բազմաթիվ հարցեր են բարձրացրել նաև ստորաբաժնումների ղեկավարները և ներկայացուցիչները։ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։ 
09:50 - 28 հուլիսի, 2022
ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ համայնքներում արձանագրել է բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ համայնքներում արձանագրել է բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երկրորդ օրը՝ հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները և պայմանները և բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։ Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։ Համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։ Արձանագրված խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների և վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարակում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ։ 
10:18 - 27 հուլիսի, 2022
ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը, ինչով պայմանավորված քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։ Վեր են հանվել, ինչպես անհատական բնույթի խնդիրներ անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալական իրավունքների վերաբերյալ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների և անվտանգային հարցերի հետ կապված։ Մի շարք խնդիրների հետ կապված՝ Պաշտպանի իրավասության շրջանակներում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ անհատական խնդիրների կարգավորման և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, իսկ համակարգային խնդիրների հետ կապված՝ նաև պարզաբանումներ են պահանջվել տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչներից: Այցի արդյունքների մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո։ 
14:28 - 26 հուլիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային

Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ Հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին, այդ թվում նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և դրանից բխող ԳԾ-ի շրջանակներում նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը և կենսագործմանը վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրմանն ուղղված ձևաչափերին առնչվող հարցերում։
14:12 - 22 հուլիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները

Հուլիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Հանդիպման ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ներկայացրել է ռուս-ուկրաինական սահմանով ՌԴ տարածք մուտք գործող հայազգի ընտանիքների խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անձամբ Հանձնակատարի կողմից իրականացվող ջանքերն ու տրամադրվող աջակցությունը։ Տիկին Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով տիկին Մասկալկովային կատարած կարևորագույն աշխատանքի համար, գործընկերոջը ներկայացրել է ՄԻՊ հաստատության ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ հետպատերազմյան շրջանում ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները։ Պաշտպանը Ռուսաստանի Դաշնության Հանձնակատարի աջակցությունն է հայցել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանն աջակցելու ու անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հզորացնելու գործող բազմակողմ համագործակցության հարթակները, ինչպես նաև մշակելու առավել ընդլայնված համագործակցության նոր ձևաչափ։ Տիկին Մոսկալկովան հրավիրել է Պաշտպանին մասնակցելու Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի տարեկան նիստին, որը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի վերջին Մոսկվայում: Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է հրավերը։
18:19 - 21 հուլիսի, 2022
ՄԻՊ-ը մասնակցել է «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը

ՄԻՊ-ը մասնակցել է «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը

ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ: «Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել օրենսդրական առաջարկներ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման նպատակով: Պաշտպանն իր խոսքում ներկայացրել է ՄԻՊ հաստատության աշխատանքն ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ, շեշտել է կանխարգելման կարևորությունը և այդ նպատակով նախանշել է մի քանի առաջարկություններ մասնավորապես քրեական օրենսդրության բարեփոխման, որը կնախատեսի ընտանեկան բռնության հանցագործությունն ավելի դիպուկ հասցեագրող և ավելի համապարփակ հասցեագրող հանցակազմ: Պաշտպանն առաջարկություն է ներկայացրել նաև կրթական և իրազեկման աշխատանքների կազմակերպման համար։  Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ իրավապահ համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը, կանանց ակտիվ ներգրավումը տեսնում է որպես ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկը։  Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ և փորձագետներ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային հանրության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, գենդերային փորձագետներ և իրավաբաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:54 - 21 հուլիսի, 2022
Սյունիքի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում․ ՀՀ ՄԻՊ

Սյունիքի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Մասնավորապես, կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։   Հարկ է նկատել, որ Սյունիքի մարզի նշված բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խնդիրը Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է դեռևս 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։   Նշել էին, որ աշխատանքները սկսվել են Գորիս քաղաքից և կշարունակվեն Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քաղցրաշեն գյուղերում, որոնց ավարտից հետո ջրամատակարարումը կբարելավվի։   Հաշվի առնելով, որ խնդիրը զանգվածային է և կրում է շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ստեղծված իրավիճակը։ Անթույլատրելի է, որ հատկապես ամռան տապին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։   Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառների, ինչպես նաև խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից։  
13:35 - 21 հուլիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Գերմանիայի փոխդեսպանի հետ հանդիպմանը անդարդարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցին

ՀՀ ՄԻՊ-ը Գերմանիայի փոխդեսպանի հետ հանդիպմանը անդարդարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցին

Հուլիս 20-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին։ Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը և աշխատանքի հիմնական ուղղությունները։Զրույցի ընթացքում տիկին Կատրին Գյորինգ-Էքադը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։  Վերջինիս առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդարդարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, վերջիններիս և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցության և հոգեբանական օգնության տրամադրման հարցերին, սահմանամերձ համայնքների անվտանգային և այլ խնդիրներին, ինչպես նաև խտրականության դեմ պայքարին և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանն առնչվող հարցերին։ Տիկին Կատրին Գյորինգ Էքարդը հետաքրքրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ Պաշտպանի հաստատության համագործակցության հարցերով, ինչին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու համատեղ իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում և Հայաստանում հիմնադրամի կողմից իրականանցվող ծրագրերին, աշխատանքի հիմնական ուղղություններին և Հայաստանում հիմնադրամի առաջնահերթություններին։
18:19 - 20 հուլիսի, 2022
Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը․ ՄԻՊ-ը՝  Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ կապված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հետ կապված․    «Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։    Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։   Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»:
17:00 - 15 հուլիսի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

Հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։   Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։   Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։   Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։   «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։   Իվո Բալինովը իր խոսքում մատնանշել է խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։   Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։
17:26 - 13 հուլիսի, 2022
ՆԳՆ ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու. պաշտպան

 |armenpress.am|

ՆԳՆ ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու. պաշտպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև սա ամենալայնածավալ վերակազմակերպումն է: «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնել կառավարման ձևը, ավանդույթներն ու մշակույթը: «Ներքին անվտանգության հարցերը որևէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ու, թերևս, հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրը ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ ներքին գործերի նախարարության ձևավորման համար: Գործնականում կառուցվածքը պլանավորելիս` մենք շատ հարցեր ավելի սուր ենք զգալու, քան հինգ տարի առաջ»,-ասաց նա`հավելելով, ոստիկանությունը պետք է գործի պրոֆեսիոնալ, պետք է պաշտպանի հանրությանը: «Երբ խոսում ենք այն մասին, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որը պետք է օրենքի կիրառման միջոցով ծառայի ու պաշտպանի հանրությանը, չպետք է մոռանալ, որ ամբողջ աշխարհում ոստիկանությունը հասարակության հետ ամենաինտենսիվ շփվող իրավապահ մարմինն է և այդ առումով ավելի խոցելի է սոցիալական մեդիայի քարկոծման տեսակետից: Ոստիկանությունը պետք է ստանա պատշաճ կրթություն, հրահանգավորում, առաջնորդվի օրենքներով ու կանոններով, պետք է ունենա մասնագիտական շարունակական պիտանի կրթության հնարավորություն»,-նշեց նա` հավելելով, որ ոստիկանության կառուցվածքային վերանայման տրամաբանության մեջ պահը պետք է օգտագործվի ժամանակակից մարտահրավերները սպասարկող ճգնաժամային իրավիճակներում բարձր մակարդակի ադապտացիա ապահովող և դինամիկ կառուցվածք ունենալու համար:
13:01 - 12 հուլիսի, 2022
Դատապարտյալների հիվանդանոցում օտարերկրացի կալանավորը մեկուսի է պահվել, իր կամքին հակառակ բուժում է ստացել. ՀՀ ՄԻՊ

Դատապարտյալների հիվանդանոցում օտարերկրացի կալանավորը մեկուսի է պահվել, իր կամքին հակառակ բուժում է ստացել. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի հետևանքով խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները: ՄԻՊ-ի բնորոշմամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման: Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։ Բժշկական անձնակազմի կողմից չի գնահատվել անձի ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը: Ավելին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հոսպիտալացվելու կապակցությամբ՝ չի գնահատվել կալանավորված անձից բխող ենթադրյալ վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար), ինչպես նաև առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չկազմակերպելու հետևանքները, հոգեբուժական օգնությունն ուշացնելու և անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին վտանգ ներկայացնելու հանգամանքները: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ստացիոնար ընդունվելիս կալանավորված անձի համաձայնության բացակայության պարագայում վերջինս 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողովային զննության չի ենթարկվել և ոչ հոժարակամ բուժում սկսելու գործընթաց նախաձեռնված չի եղել: Հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը: Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմային գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի ապահովվել օտարերկրացի կալանավորված անձի հաղորդակցությունը հարազատների հետ, ինչի հետևանքով խախտվել է նաև վերջինիս արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չի ապահովվել պահման պատշաճ պայմաններ՝ չի տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ են կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց գործողություններում միաժամանակ: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել է. 1) կալանավորված անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով, 2) բացառել ազատությունից զրկված անձին առանց գրավոր համաձայնության, ինչպես նաև համապատասխան հիմքերի բացակայության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան, 3) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ համապատասխան հիմքերի առկայության պարագայում օրենքով նախատեսված ոչ հոժարակամ բուժմանն առնչվող ընթացակարգերի խախտումները, 4)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու բժշկական անձնակազմերին իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերի, ընթացակարգերի, տևողության, հիմնավորման կարևորության մասին, 5) պարբերաբար իրականացնել քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց համար հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրականացման իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերոշարադրյալ խախտումների դեպքերը բացառելու նպատակով, 6) քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելու վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես դրանց բավարար և անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում, 7) քրեակատարողական հիմնարկներում միջադեպերից և ինքնասպանության փորձերից հետո ազատությունից զրկված անձանց նկատմամբ իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, այդ թվում՝ բժշկական զննություն, պատշաճ արձանագրել ազատությունից զրկված անձանց ստացած վնասվածքները, ցուցաբերել անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն, 8) քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացումը, հատկապես՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը, իրենց հասկանալի լեզվով համապատասխան թարգմանչի ներգրավվածությամբ կազմակերպելու ուղղությամբ, 9) խիստ հսկողություն սահմանել ազատությունից զրկված անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անկողնային պարագաներով և սպասքով ապահովելու նկատմամբ: Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն՝ ի գիտություն:
15:44 - 04 հուլիսի, 2022
ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում

ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում

Կառավարման խորհրդարանական մոդելն անհրաժեշտ է զարգացնել, քանի որ  այն իր մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ ունի: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թեմայով քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Խորհրդարանական մոդելի զարգացման և հետագա կայացման համար մենք ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց նա: Նրա խոսքով` Սահմանադրության փոփոխությունը կառավարության ծրագրից բխող նպատակ է, որի համար կան հստակ ժամկետներ: «Ես կարծում եմ, որ մենք օրացույցի հետևից չպետք է գնանք: Մեզ համար կարևոր է, որ այդ գործընթացը մարդկանց համար ընկալելի լինի, որ իրապես Սահմանադրությունը մարդունը դառնա, այլ ոչ անհասկանալի մի փաստաթուղթ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Սահմանադրությունից իրավունքների մի տպավորիչ ցանկ դուրս է մնացել: «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը հստակորեն պետք է արձանագրվի Սահմանադրությամբ, որ անձը կարող է միայն մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում: Սա ուղղակիորեն միտված է այս հաստատության անկախության էլ ավելի ամրապնդմանը»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը:  
13:42 - 04 հուլիսի, 2022
ՄԻՊ գրասենյակում անցկացվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում

ՄԻՊ գրասենյակում անցկացվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում

ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նշել, որ քննարկման առաջին մասում առաջարկում է կենտրոնանալ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերին, դրանց միջազգային իրավական գործընթացներին և կարևորապես խոշտանգում վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցերին։ Պաշտպանը շեշտել է, որ խոշտանգման զոհերին ու նրանց ընտանիքի անդամներին տրվող պետական աջակցությունը հիմնականում արձագանքող ու ինտուտիվ է՝ հիմնված չէ յուրաքանչյուրի խնդիրների ու կարիքների օբյեկտիվ ու մասնագիտական գնահատման վրա։ Նշված թեմայի շրջանակներում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, որը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի թույլ տրված խոշտանգումների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում մոնիթորինգի, փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրված դեպքերը և հետևությունները։ Ներկայացվել են նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ու շարունակվող խոշտանգումների, նվաստացումների, էթնիկ ու կրոնական հիմքով ատելությամբ պայմանավորված վատ վերաբերմունքի մասին հավաքագրված տվյալները։ Ներկայացվել են միջազգային հարթակներում Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքի ընթացքն ու խնդիրները։ Զեկույցով հանդես են եկել նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասնել են իրենց կազմակերպությունների կողմից կատարվող և կատարված աշխատանքները։ Քննարկվել է նաև գերությունից վերադարձող զինծառայողներին առանց հիմնավոր մասնագիտական գնահատականների ծառայության ներգրավման, ինչպես նաև որոշ անձանց դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրը։ Քննարկման երկրորդ փուլում թեման վերաբերել է ՀՀ-ում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի քննության և զոհերի աջակցության հետ կապված խնդիրներին: Այս թեմայով մանրամասն զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, որը ներկայացրել է ՄԻՊ հաստատության հետևությունները, որոնք հիմնված են մշտադիտարկման արդյունքների վրա։ Առանձին զեկույցով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Խոշտանգում վերապրած անձանց հայկական վերականգնողական կենտրոնի ծրագրի ղեկավար Իզաբել Լևոնյանը: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները և Պաշտպանի աշխատակազմի մասնագիտական վարչության հետ համագործակցության առաջարկ ներկայացրել։ Մասնակիցներն ընդունել են, որ ներպետական մակարդակում խոշտանգման զոհերի աջակցության իրականացումը պետության դրական պարտավորությունն է, և որ ներկայում անկատար են ինստիտուցիոնալ արձագանքման մեխանիզմները։ Ամփոփելով՝ տարբեր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի միջև համատեղ գործողությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
17:35 - 27 հունիսի, 2022