«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31 մայիսի, 2021
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, դավաճանական որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, դավաճանական որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺԲ խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․    «Վիժեցնել Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագրի կնքումը Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Աշխարհը, մասնավորապես՝ հայ ժողովուրդը, այսօր անակնկալ կերպով տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքել սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանանշման (դեմարկացիա) համաձայնագիր, որն իր բնույթով հանրաքվեի հիման վրա կնքվող և վավերացման ենթակա միջազգային պայմանագիր է։ Փաստում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր այդ կարգավիճակի բերմամբ ոչ միայն չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավասություն և իրավազորություն, այլև զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից՝ համազգային նշանակության նման կարևորագույն հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու առումով։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանանշման հարցին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն չի կարող լուծվել Խորհրդային Միության կողմից իր հանրապետությունների միջև ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։ Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ և չի կարող դրվել բանակցությունների հիմքում։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան Միացյալ Ազգերի Կազմակերպության իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է, որի տակ դրված են այդ կազմակերպության խորհրդի անդամներ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները։ Ըստ այդմ, դիտարկվող հարցը կարող է լուծվել ապագայում՝ նշված փաստաթղթի հիման վրա և հայ ժողովրդից լեգիտիմ իրավասություն և իրավազորություն ստացած իշխանության օրոք։ Մինչ այդ, աշխարհասփյուռ հայ ժողովրդին կոչ ենք անում միասնական և միահամուռ կերպով ընդդիմանալ հայտարարված ազգադավ գործընթացին և վիժեցնել դրա իրականացումը հենց սկզբնավորման փուլում։ Հակահայկական աշխարհաքաղաքական կենտրոն Ռուսաստանը և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոկանատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող հակազգային ուժերը չեն կարող հայ ազգին զրկել իր նվիրական՝ միացյալ Հայաստան ունենալու երազանքից և դրա անխուսափելիության հեռանկարից։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ Երևան, 20 մայիսի 2021 թ․, Երևան»
22:01 - 20 մայիսի, 2021
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է ընդունել արտահերթ ընտրություններում պայքարի մարտավարության վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է ընդունել արտահերթ ընտրություններում պայքարի մարտավարության վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է ընդունել արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ․  «Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝ հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն, համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների, գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կայունացնելու Հայաստանում ներքին քաղաքական վիճակը և որ ընտրությունները չեն լինելու արդար, ազատ ու թափանցիկ, ինչպես նաև չունենալով պատրանք, թե լավ ծրագրի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է հաղթել դրանցում, հաշվի առնելով Հայաստանի շահերի իրացման համար գերնպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը ԱՄՆ ռազմավարական շահերի օրակարգում ընդգրկելու հստակ ու կայուն միտումը և Կրեմլի ռեժիմի արագընթաց թուլացումը, նկատի ունենալով Հայաստանում արտահերթ ընտրությունների ընձեռած “Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա” քաղաքական այլընտրանքը ժողովրդի լայն զանգվածների համար հասու դարձնելու քարոզչական հնարավորությունները, ուստի և ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունները. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է՝ շարունակելով վերկուսակցական ձևաչափով ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունը, որպես մարտավարական քայլ՝ կուսակցական ձևաչափով մասնակցել հայտարարված արտահերթ ընտրություններին և դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործել որպես ազգային-ազատագրական պայքարի հզորացման ռեսուրս՝ ժողովրդի համախմբմանը նպաստելու և այդ պայքարը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։ Որպես իր որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու հավաստիք, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որդեգրում է այն մոտեցումը, ըստ որի նախընտրական ցուցակում են ընդգրկվելու խորհրդի անդամների միայն մի մասը։ Մեր ժողովրդին կոչ ենք անում առաջիկա արտահերթ ընտրություններում աջակցել Ազգային-ժողովրդավարական բևեռին ու ձայն տալ նրան հանուն հենց այդ նպատակի։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»։
22:30 - 14 մայիսի, 2021
Նախագահը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

Նախագահը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն: Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ՝ երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
16:43 - 25 մարտի, 2021
Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել․ Վարուժան Ավետիսյան

Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել․ Վարուժան Ավետիսյան

Մենք տարիներ շարունակ ահազանգում էինք, որ վիճակն օրհասական է, որ պատերազմ է լինելու, մեզ ասում էին՝ դուք պատերազմի հրձիգ եք, դուք արյուն եք ուզում, դուք պատերազմ եք ուզում, դուք չեք ուզում, որ մենք հանգիստ ապրենք։ Այս մասին մարտի 20-ին Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» հերթական հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը․ «Կարողացան մեր ծողովրդի մեծամասնությանը մոլորեցնել, թմրեցնել, քնեցնել մինչեւ աղետը վրա հասավ։ Մենք հիմա նորից զգուշացնում ենք, որ սա վերջը չէ, մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ միայն համախմբվելու եւ աղետը կանխելու, այլեւ հզոր, ինքնիշխան պետականություն ստեղծելու»։ Ավետիսյանը ելույթի ժամանակ անդրադարձավ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով․ «Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել, մի՛ տատանվեք։ Եթե մենք թույլ տանք, որ այդ քաղաքական հարվածը, վերջին հարվածը, մեր ազգի եւ պետականության վզին հասցնեն, ապա համոզված եղեք, որ ռազմական հարվածը եւ վերջնական ազգային աղետը չեն ուշանալու։ Հասկանանք վերջապես, որ չի կարելի անտարբերությամբ նայել, թե ինչպես է մարդասպան, հայասպան համակարգը շարունակում իր արշավը անգամ ազգային աղետից հետո»։
19:21 - 20 մարտի, 2021
Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթից 2 մեքենա է տարվել տուգանային հրապարակ․ ոստիկանություն

Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթից 2 մեքենա է տարվել տուգանային հրապարակ․ ոստիկանություն

Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթից երկու մեքենա է տարվել տուգանային հրապարակ, քանի որ վարորդների մոտ բացակայել են փաստաթղթերը։  Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։  Հիշեցնենք, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հատնել էր, որ  Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում Ազգային֊ժողովրդավարական բևեռի այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի մասնակիցների նկատմամբ։ Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները և տանում տուգանային հրապարակ։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում առհասարակ անտեսել տապալվող ռեժիմի ջղաձգումները և էլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքներին, երթերին և այլ միջոցառումներին։
14:30 - 20 մարտի, 2021
Նրանք ընդամենը մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի շարունակվող ստրկացումը, ոչնչացումը. Տիգրան Խզմալյան
 |lragir.am|

Նրանք ընդամենը մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի շարունակվող ստրկացումը, ոչնչացումը. Տիգրան Խզմալյան |lragir.am|

lragir.am: Խոսքն այսօր Հայաստանի ապագաղութացման, ազատագրման ու անկախացման մասին է, այսօրվա հանրահավաքում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։ «Մենք հաճախ ենք ասում՝ լյուստրացիա։ Ահա ձեզ լյուստրացիա։ Որտե՞ղ են այդ կուսակցությունները, որոնք դրոշներ էին այրում, երթեր էին կազմակերպում, վրաններ էին դնում և շարունակում են։ Նրանք այստեղ չեն այն մեկ օրը, երբ պետք է լինեին այստեղ, որովհետև նրանց պայքարը աթոռի համար է։ Նրանք ընդամենը մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի շարունակվող ստրկացումը, ոչնչացումը»,- ասաց Խզմալյանը։ Ըստ նրա՝ 30 տարի շարունակ տարբեր դեմքերով կուսակցապետեր, խմբակներ, գործիչներ, որոնք իրականում գործիք էին ռուսական հատուկ ծառայությունների ձեռքին, անում էին ամեն ինչ, որ չխոսեինք Հայաստանի ապագաղութացման, անկախացման մասին։
20:45 - 16 մարտի, 2021
Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել․ «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին կործանարար քաղաքականության պատճառով գրեթե բոլոր, այդ թվում՝ տրամագծորեն հակառակ հայացքներ ունեցող, քաղաքական ուժերը և հանրային շրջանակները դեմ են նրա հետագա կառավարմանը։ Այսօր այդպիսի պահանջ ներկայացրեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, հրաժարական ներկայացնելու և ժողովրդին նրա ճակատագիրը որոշելու անցնցում հնարավորություն ընձեռելու փոխարեն, իր կողմնակիցներին կոչ է անում գալ Հանրապետության Հրապարակ և սատարել իրեն։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և գիտակցաբար ստեղծում է քաղաքացիական բախումների տանող փակուղային իրավիճակ, որը, բացի իր ներազգային ծանր հետևանքներից, ճանապարհ է բացելու թշնամիների ուղիղ միջամտության համար, ինչն իր հերթին հայոց պետականությանը կանգնեցնելու է լինել-չլինելու խնդրականի առջև։ Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զերծ մնա բռնության միջոցով իր աթոռը պահելուց ու ներազգային բախումներ հրահրելուց և րոպե առաջ հեռանա։ Ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում տուրք չտալ բռնության և հակաժողովրդավարական մեթոդներով իշխանության հասնելու հավանական գայթակղությանը, այլ խստորեն մնալ ժողովրդավարության ու ազգային համաձայնության շրջանակներում և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր ու դրանց հաշվառմամբ կազմակերպի արտահերթ ընտրություններ։ Մեր ժողովրդին կոչ ենք անում չգնալ Նիկոլ Փաշինյանի հետևից և տուրք չտալ ներազգային բախումների տանող որևէ գործողության։ Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է նպաստել և մասնակցել ստեղծված փակուղային վիճակից Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության շրջանակներում քաղաքական երկխոսության միջոցով դուրս բերելու գործընթացին»։
14:57 - 25 փետրվարի, 2021
ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագաները վերջին օրերին տարածաշրջանային այցեր են իրականացրել․ դեկտեմբերի 12-ին նրանք Ադրբեջանում էին, իսկ երեկ այցելել էին Հայաստան։ ՀՀ վարչապետը նախօրեին ընդունել է համանախագահ երկրների ներկայացուցիչներին ու անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը: Իսկ ահա Արցախի նախագահի ու համանախագահների միջեւ նախատեսված հանդիպումը չեղարկվել է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է, որ պատճառը ոչ լիարժեք ձեւաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանն Արցախի նախագահի քայլը համարում է Արցախի շահերի դավաճանություն։ Infocom-ի հետ զրույցում Պապյանը մեկնաբանեց, որ անգամ Ալիեւը, որը համարում է, որ հարցը Մինսկի խմբի շրջանակներում չպիտի լուծվի եւ արդեն լուծված է համարում, այսինքն՝ շահագրգռված էլ չէ հանիդպել եռանախագահներին, չհամարձակվեց նրանց հետ չհանդիպել․ հանդիպեց, իր ասելիքն ասաց․ «Հիմա ինչ-որ մի տեղական իշխանիկ, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, հրավիրվում է մասնակցել աշխարհի երկու հզորագույն պետությունների ներկայացուցիչների հետ, Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկու երկրների հետ, մարդկանց հետ, որոնք առաջ են տանում հենց Արցախի շահերը, բայց չի գնում հանդիպման, որովհետեւ, ենթադրաբար, ինքը սպասարկում է ՌԴ շահերը։ Պարզ ասվում է, չէ՞՝ հանդիպումը չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Սրան դավաճանությունից բացի այլ անուն տալ չի լինի, այս դավաճանական վիճակով այդ մարդը չի կարող որեւէ խնդիր լուծել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին, եւ, ըստ էության, տվեց։ Պապյանի կարծիքով՝ այս քայլի հետեւանքով հարաբերությունները կարող են ավելի վատանալ համանախագահող երկու երկրների հետ, եւ սա այն դեպքում, երբ ինքներս շահագրգռված պիտի լինեինք նրանց հետ հանդիպում ունենալ ու նրանց ներգրավվածությունը հնարավորինս ակտիվացնել։ Ազգային-ժողովրդավարական բեւեռի ու Արա Պապյանի համոզմամբ եւս Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափում, ինչի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Ադրբեջանը պետք է իր զորքերը եւ վարձկան ահաբեկիչներին դուրս բերի պատերազմի միջոցով գրաված տարածքներից: Ըստ Բեւեռի՝ ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը պետք է որակվի ընդամենը որպես հրադադարի եւ հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները պետք է դատապարտվեն եւ առոչինչ ճանաչվեն:  Մեր զրույցում Պապյանը կարծիք հայտնեց, որ ՄԽ ձեւաչափը ձախողված չէ, իսկ շրջանառվող պնդումները, թե այսքան տարիներ այդ շրջանակում ըստ էության աշխատանք չի տարվել, դրա համար էլ զարգացումները հանգեցրել են պատերազմի, հիմնավոր փաստարկ չհամարեց․ «Դա ալիեւյան փաստարկ է․ ի՞նչ է նշանակում «այսքան տարիներ»․ 70-ականներից գնում է Կիպրոսի հակամարտությունը, Իսրայելա-արաբական հակամարտությունը՝ տասնյակ տարիներով, սա ամենաթարմ հակամարտությունն է, թող եւս 30 տարի բանակցեին, ո՞վ ասաց՝ պիտի արագ լուծվեր, եւ լուծվեր հօգուտ Ադրբեջանի։ Ընդհակառակը, Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը ռազմական ճանապարհով է լուծում հարցը՝ ոտնահարելով այսքան տարիների բանակցությունը։ Եւ, փաստացի, Ադրբեջանը ոտնահարել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, որովհետեւ բազմիցս է ստորագրել փաստաթուողթ, որտեղ հստակ գրված է եղել, որ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում։ Առաջինը եղել է ուժի չկիրառումը, այսինքն՝ Ադրբեջանն իր պարտավորություններից հրաժարվել է, եւ եթե հիմա Ադրբեջանին տալ ուժով իր խլածը, նշանակում է խրախուսել միջազգային իրավունքի ոտնահարումը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միջազգային իրավունքը քրեական իրավունք չէ, որ ինչ-որ դատաստանագիրք լինի, դրանով պատժեն․ միջազգային իրավունքը պետությունների ստանձնած պարտավորություն է պարունակում։ Եւ, Պապյանի համոզմամբ, եթե նախադեպ է ստեղծվում, որ պետությունը կարող է ստանձնել պարտավորություն, հետո այն ոտանահարել, նշանակում է քանդել այդ ամբողջ իրավական դաշտը․ «Սա շատ վտանգավոր նախադեպ է, եւ դրա համար էլ մենք կարծում ենք, որ պիտի վերադառնանք Մինսկի խմբի ձեւաչափ, կարծում ենք, որ սա խնդրի լուծում չէ, սա պարզապես հրադադար է, եւ այն չի կարող լինել կապիտուլյացիոն փաստաթուղթ, այսինքն՝ որով զուտ ռազմական գործողությունները դադարեցնելու երկկողմ պարտավորությունց ինչ-որ տարածքների հանձնում լինի, սահմանային հարցեր, եւ այլն։ Եթե այդպես է, նշանակում է ոտնահարվում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաեւ ՀՀ Սահմանադրությունը․ երկրի ղեկավարն իրավունք ունի միանձնյա միայն հրադադարի պարտավորություն ստանձնել, բայց ոչ այնպիսի պարտավարություններ, որոնք արդեն միջպետական պայմանագրի կարգավիճակ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ միակ ելքը ՄԽ շրջանակներին վերադարձն է․ «Հիմա այսպիսի անարդար իրավիճակ է, ոտնահարվել են մի կողմի իրավունքները՝ այն պատճառով, որ այդ մի կողմն այսօր ավելի թույլ է։ Մենք պիտի ուժեղանանք եւ զենքի ուժով խնդի՞ր լուծենք, սա՞ են ուզում։ Սա բերելու է փակ ցիկլի, մի անգամ մենք ենք ուժեղ լինելու, մի անգամ՝ իրենք․ հարցը պիտի լուծվի բանակցություններով՝ Մինսկի խմբի շրջանակում։ Պիտի վերադառնանք այն կետին, որին կայինք մինչեւ այս պատերազմի սկիզբը։ Պարզապես հայկական կողմը, երբ խոսում է տարածքային ամբողջականության մասին, պիտի անպայման հստակեցնի՝ ինչ տարածքի մասին է խոսքը, արդյոք ՍՍՀՄ վարչական միավորի տարածքը կարո՞ղ է համարվել միջազգային իրավունքի սուբյեկտի տարածք, թե՞ ոչ»։  Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռը եւս այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ Արա Պապյանի խոսքով՝ պնդումը, թե հրաժարականը կհանգեցնի իրավիճակի ավելի վատթարացման կամ բախումների, ճիշտ չէ, որովհետեւ Փաշինյանը, հեռանալով վարչապետի պաշտոնից, շարունակելու է մնալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության առաջնորդը․ «Ինքն է բոլորին բերել այդ խորհրդարան, ինքն էլ բոլորին տիրություն է անում, այնպես որ՝ հանգիստ կարող է խորհրդարանի միջոցով վերահսկել այն անձին, որը կլինի ժամանակավոր վարչապետ՝ մինչեւ խոստացած փոփոխությունները տեղի ունենան, հետո երկիրը կգնա ընտրությունների, եւ դրանով կորոշվի երկրի ճակատագիրը։ Կարծում եմ՝ դա է միակ ելքը, հակառակ դեպքում ճգնաժամային վիճակը շարունակվելու է, եւ երկիրը դուրս չի գալու այդ վիճակից»։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը կհեռանա, եթե ժողովրդի հստակ կամարտահայտում լինի, Պապյանն ասաց, որ Փաշինյանը պիտի հստակեցնի՝ ինչ է նշանակում կամարտահայտություն լինի կամ չլինի․ «Ենթադրենք՝ չկա կամարտահայտում, ինքը պարտված վարչապետ չէ՞, ինքը չի ստորագրե՞լ կապիտուլյացիա, ինքը, երկուսուկես տարի լինելով երկրի ղեկավար, կարո՞ղ է նշել մի ոլորտ, որտեղ հաջողություն ենք ունեցել։ Ի վերջո կա սեփական խղճի դատարանի հարցը, սեփական գործունեության գնահատականը։ Անկախ նրանից՝ ժողովուրդն ուզում է, թե չէ, ինքը պիտի հրաժարական տա։ Գամալ Աբդել Նասերը, երբ պարտվեց Իսրայելին, հրաժարական տվեց եւ գնաց, հետո ժողովուրդը կամարտահայտությամբ նրան հետ բերեց, բայց նա ուներ այնքան խիղճ եւ քաղաքական իրատեսություն, որ գնաց։ Ադոլֆ Հիտլերը, երբ պարտվեց, ինքնասպան եղավ, Ճապոնիայի ամբողջ կառավարությունը, երբ պարտվեց, հարակիրի արեց (ճապոներեն՝ փորը կտրել), հունական ռազմական ամբողջ ռազմական ու քաղաքական ղեկավարությունը, երբ պարտվեց, գնդակահարվեց, անգամ Նապոլեոնը, երբ պարտվեց, աքսորվեց սուրբ Հեղինե կղզի։ Այդպիսի բան չկա աշխարհում, որ մեկը պարտվի պատերազմում, այն էլ նման ջախջախից ու խայտառակ ձեւով, շարունակի մնալ իշխանության։ Սա արդեն զավեշտ է»։  Պապյանի խոսքով՝ կա մեկ ձեւ՝ որոշելու, թե ինչպիսին է ժողովրդի կամարտահայտությունը․ գնալ ընտրությունների․ «Գնա ընտրությունների, ժողովուրդը քվեն կտա քեզ՝ կիմանաս, որ չի ուզում գնաս, նորից քեզ կընտրի, չի տա քվեն՝ ուրեմն ուզում է՝ գնաս։ Ընդհանրապես, ցանկացած լուրջ հարցից առաջ կառավարությունը նորից գնում է ժողովրդի մոտ եւ հանրաքվեի եղանակով խնդրում է, որ վերահաստատի իրեն տված լիազորությունները։ Այսօր առանձին հանրաքվեն մեզ համար ծախսաշատ հաճույք է, դրա համար միանգամից ընտրությունով հնարավոր է այդ ամենը հստակեցնել»։  Իսկ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու խոստացած բարեփոխումները, Պապյանի համոզմամբ, հնարավոր է կեսից մեկ տարում իրականացնել․ պետք է գա ժամանակավոր վարչապետ, իրականացնի այդ քայլերը, կազմակերպի ընտրություններ։ Եւ պնդումը, թե Փաշինյանի հրաժարականի դեպքում նախկինները կվերադառնան, ըստ մեր զրուցակցի, մանր, գավառական խորամանկություն է․ «Ի վերջո խորհրդարանն է ընտրելու վարչապետ։ Հիմա մի թեկնածություն այդ խմբավորումն է առաջադրել (Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները,- խմբ․), մի թեկնածու էլ՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Կարող է՝ մեկ-երկու թեկնածություն էլ առաջադրի հենց «Իմ քայլը»՝ իր շարքից։ Ընդհանրապես, ճիշտ կլիներ, որ «Իմ քայլը» գտներ տնտեսական շրջանակներում մի ապաքաղական անձի, նրան էլ առաջադրեր։ Թող խորհրդարան ներկայացվեն ժամանակավոր վարչապետի մի քանի թեկնածություններ, խորհրդարանն ընտրի։ Ի՞նչ է, այդ տասնյոթից դուրս այլ մարդիկ չկա՞ն, եւ ես չեմ կարծում, որ խորհրդարանն անպայմանորեն պնդելու է, որ ընտրվի հենց Վազգեն Մանուկյանը։ Ես կարծում եմ՝ եթե թեկնածուն չեզոք լինի, չլինի «Իմ քայլ»-ից ու տասնյոթից, դրան էլ բոլորը կհամաձայնվեն։ Կարեւոր է, որ այդ անձը լինի տնտեսական լավ ղեկավար, որովհետեւ ծանր վիճակ է սպասվում, եւ կարողանա ապահովել օրենսդրական փոփոխություններն ու ընտրությունները»,- եզրափակեց Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանը։ Հայարփի Բաղդասարյան
19:53 - 15 դեկտեմբերի, 2020
Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր․ Ազգային ժողովրդական բևեռ

Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր․ Ազգային ժողովրդական բևեռ

Հայաստանի ազգային-ժողովրդական նեւեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի առթիվ Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկն է՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը:  Հայ իրականության մեջ այն մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր:  Այդուհանդերձ, Ապրիլի 24-ը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել տալու օր: Մինչդեռ, որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա՛ այդ օրը։  Հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը:  Նոյեմբերի 22-ի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի հյուսիս-արևելյան մասը:  Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և ստորագրման պահից մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը. 1) կատարման համար պարտադիր է,2) իրավական տեսանկյունից անբեկանելի է, 3) իրավունքների գոյության առումով անժամանցելի է: Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի ու Ռումինիայի և նրանց իրավահաջորդների համար, քանի որ կայացվել է նրանց անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա։Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ սահմանված կարգով հաստատված է ԱՄՆ Մեծ կնիքով, ԱՄՆ նախագահի ստորագրությամբ և ԱՄՆ պետքարտուղարի ենթաստորագրությամբ: Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ Իրավարար վճիռն ի կատար ածելը դրա կողմերի,  այսինքն՝ հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների, անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը:  Ըստ այդմ, մեր համազգային խնդիրն է՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն: Սա ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում ներկա փուլում, երբ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը անցնում են մեծ փորձությունների միջով և կանգնած են էլ ավելի մեծ մարտահրավերների առաջ: Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի խոսքով ասած՝ հայրենասիրության օր»։
11:46 - 22 նոյեմբերի, 2020
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են։ Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը։ «Այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 12֊ին Ազատության հրապարակում կայացած հավաքի տեսանյութի զննություն, ինչպես նաև հարցաքննություններ Քարվաճառ մեկնելու հայտարարության վերաբերյալ։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ երեկ՝ նոյեմբերի 13֊ին, Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը չեղարկվել է, ինչի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Փաստորեն, դեպքի ակնհայտ բացակայության պայմաններում, արհեստական կերպով նոր դրվագ է ավելացվում քննությանը և դրա վերաբերյալ կատարվում են քննչական գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ ձերբակալվել են Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը:  
18:19 - 14 նոյեմբերի, 2020