Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:   Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:  ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով: «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», - նշեց ԱԳ նախարարը: Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում:  Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը,  հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից: Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։  Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց արցախահայության կարիքների հասցեագրման գործում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարար Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց. «Մեր հետագա կարևորագույն առաջնահերթությունը կացարան կորցրած արցախցիների վերադարձի ապահովումն է, որի համար «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համատեղ կառավարությունը սկսում է բնակարանաշինության ծրագիր՝ մոտ 210 մլն դոլար բյուջեով։ Հավելեմ նաև, որ սոցիալական աջակցության ծրագրերի մասով պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար, հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով հատկացումները կկազմեն ևս 50 մլն դոլար։  Ուզում եմ մեր երախտիքը հայտնել բոլոր այն պետություններին ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել պատերազմից տուժած արցախցիներին: Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները։ Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1.5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որը, առաջին հերթին, պատվով հաղթահարեցին հենց արցախցիները՝ օր առաջ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ իրենց ծննդավայր»: Նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը համապարփակ ներկայացրեց շուտափույթ հասցեագրում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես հնարավոր արտաքին ֆինանսավորման համար կարևոր առաջնահերթություններ: Ներկաներին ուղերձով դիմեցին նաև արցախցիներ, պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսած Սամվել Առաքելյանը և Լիկա Զաքարյանը՝ ներկայացնելով պատերազմական ժամանակաշրջանում իրենց փորձը և արցախահայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերներն ու հումանիտար խնդիրները։ Վերջիններս կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը՝ այդ խնդիրների հասցեագրման գործում:  Իր եզրափակիչ խոսքում ԱԳ նախարարը նշեց. «Ցավոք, երբ մենք խոսում ենք աշխարհում հաճախակի դարձած հակամարտությունների մասին, մենք սկսել ենք ուշադրություն դարձնել ընդամենը վիճակագրությանն ու թվերին՝ մոռանալով մարդկանց մասին: Այսօր մենք պատիվ ունեցանք Ձեզ ներկայացնել Արցախի մեր երկու հայրենակիցներին՝ Լիկային և Սամվելին՝ իրենց մարդկային դեմքերով: Եվ պատկերացրեք, որ այսպիսի մարդկային պատմություններ հարյուր հիսուն հազար դեմք ունեն»:
20:19 - 31 մարտի, 2021
ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը

ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին  ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նախարար Այվազյանը շնորհավորել է Ջոն Պատրիկ Գալագերին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-բրիտանական օրակարգի առավել ամրապնդման և հարստացման գործում: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:  Նախարար Այվազյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացրել են տնտեսության, գիտության և կրթության ոլորտները, կարևորել են մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը վերաբերող հարցեր:
17:04 - 31 մարտի, 2021
Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին՝ այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  Ըստ նրա` Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում նախատեսված չէ: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառվել են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն կազմակերպության ձևաչափով բազմակողմանի համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:
13:53 - 31 մարտի, 2021
Արա Այվազյանը Սուրբ Աթոռի ներկայացուցչի հետ զրույցում խոսել է հայ գերիների անվտանգ հայրենադարձման անհրաժեշտության մասին

Արա Այվազյանը Սուրբ Աթոռի ներկայացուցչի հետ զրույցում խոսել է հայ գերիների անվտանգ հայրենադարձման անհրաժեշտության մասին

Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր փոխանակվեցին սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:   Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:  ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրեց նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարն շեշտեց ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:  Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորվեց միջազգային հանրության գործուն միջամտությունը:
12:46 - 31 մարտի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել անդորրացի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել անդորրացի գործընկերոջ հետ

Տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Ավազյանի հեռախոսազրույցն Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ:  Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն առանձնացրել են գյուղատնտեսության առանձին ոլորտները և զբոսաշրջությունը. կարևորվել է այդ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը: Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը:  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր անդորրացի գործընկերոջը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: 
17:09 - 30 մարտի, 2021
Հայաստանն իսկապես գնահատում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանն իսկապես գնահատում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և Հայաստանը իսկապես գնահատում է դա: Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Համաձայն չեմ, որ Հայաստանը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախում ունեն Ռուսաստանից: Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, և մենք իսկապես գնահատում ենք այն, որովհետև ի վերջո պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց դա փաստ է: Հակառակ պարագայում մենք կունենայինք ամբողջովին այլ իրավիճակ»,- ասաց Այվազյանը: Արա Այվազյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ-ն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգային ոլորտում: Ըստ Այվազյանի` պատերազմի ընթացքում Հայաստանը տեղեկացրել է իրավիճակի վերաբերյալ, բայց չի դիմել ՀԱՊԿ-ին:
16:35 - 29 մարտի, 2021
Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար |armenpress.am|

Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության  խնդիրը անհապաղ պետք է լուծվի, և դա իրապես շատ դրական քայլ կլինի հարևան երկրի կողմից: Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: «Ադրբեջանում իրարարամերժ հայտարարություններ են հնչում: Մի կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ հակամարտությունն ավարտված է, հարցը լուծվում է, և իրենք հիմա պատրաստվում են խաղաղության, բայց մյուս կողմից՝ նրանց խոսքերն ու գործերն ապացուցում են ճիշտ հակառակը: Թե ինչու է այդպիսի ականջ շոյող հայտարարություններ անում Ադրբեջանի նախագահը որոշ լսարանի համար, շատ պարզ է՝ հեռու գնացող նպատակներ ունի, բայց իրականությունն այդպես չէ: Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը չի ավարտվել: Եվ դրա մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր դերակատարներ»,- ընդգծեց Այվազյանը: ԱԳ նախարարի կարծիքով` տարածաշրջանում իրապես կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ ձևավորելու համար պետք է անպայման հասցեագրել ԼՂ հակամարտության ամենաառանցքային տարրը` ԼՂ կարգավիճակի հարցը: «Դա պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դա բոլորն են հասկանում, շատ քիչ դերակատարներ կան, որ չեն հասկանում: Դրան հասնելը երկար և դժվարին գործընթաց է: Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Հատկապես հիմա՝ այս ցնցումից հետո, ողջ տարածաշրջանում անհապաղ պետք է լուծում գտնի մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը: Դա կլինի իսկապես շատ դրական քայլ՝ հարևան երկրի կողմից»,- շեշտեց Այվազյանը: Արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա ԱՊՀ շրջանականերում արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու, որտեղ  կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ, սակայն Ադրբեջանի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ դեռ նախատեսված չեն: «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ շփումներին, ապա  պարբերաբար լինում են շփումներ թե ողջ կազմի հետ, թե առանձին համանախագահ երկների և արտգործնախարարների, և դեսպանների հետ»,- հավելեց նախարարը: Ամփոփելով խոսքը ` Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ ռազմագերիների խնդիրը դարձել է շատ հնչեղ միջազգային ասպարեզում: «Եթե հետևում եք լուրերին, ապա ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և պատանդառության այս գործելաոճը դարձել է խնդրահարույց Ադրբեջանի համար»,- եզրափակեց Այվազյանը:
15:36 - 29 մարտի, 2021
ԱԳ նախարարն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին |hetq.am|

ԱԳ նախարարն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարում է` Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում: Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին: Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում այդպես էլ հստակ պատասխան չէր տվել, թե արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ: Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Գրիգորյանն ասել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ «Պետք է հիշեցնեմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից»,-հանձնաժողովի նիստում ասաց Արա Այվազյանը: ԱԳ նախարարի խոսքով` հայ ժողովուրդը, որը 20-րդ դարասկզբին ցեղասպանություն է վերապրել, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը, հետևաբար Հայաստանը չի փնտրում թշնամիներ: «Հայաստանի անկախացման առաջին օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, վերջին գործընթացը բոլորս լավ ենք հիշում Ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: Ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է, և մեր իսկապես ազնիվ, առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից»,-ասաց Այվազյանը: Նախարարի համոզմամբ` Թուրքիայի կողմից նախորդ դարի հայատյացությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է տարածաշրջան, և չնայած բոլորն էլ լավ են գիտակցում, թե ինչ հնարավորություններ ու հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և հաշտությունը, սակայն դրանք չպետք է լոկ գեղեցիկ խոսքեր լինեն: «Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- ասաց նա: Արման Աբովյանը խնդրեց հստակեցնել` կա արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման որևէ բանակցություն կամ կոնսուլտացիա, նախարարն արձագանքեց. «ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»:
13:44 - 29 մարտի, 2021
Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Այվազյանը ներկայացրեց ԱԳՆ մոտեցումները |1lurer.am|

Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Այվազյանը ներկայացրեց ԱԳՆ մոտեցումները |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 2020 թվականի Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ պատերազմից հետո որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին: «Այդ մոտեցումները ենթադրում են՝ Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա. Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում. Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա. տեղահանված բնակչության անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր. Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ հայկական կողմի համար առաջնահերթությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրավիճակի հասցեագրումը միջազգային գործընկերների, մասնավորապեա՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ:   Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար օգնության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, և ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ: «Անհապաղ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ, անվտանգ հայրենադարձությունը»,- նշեց նախարարը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ դիվանագիտության գերակայության շարքում է, Հայաստանը շարունակելու է հանդես գալ որպես ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխման դեմ պայքարի առաջամարտիկ:
13:19 - 29 մարտի, 2021
Կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը. Այվազյան |1lurer.am|

Կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը. Այվազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը: Նախարարը նշեց, որ նախորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Հայաստանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այվազյանը նախ անդրադարձավ 2020 թվականի հունվարին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանը, հետո՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում համանախագահները կողմերին կոչ էին արել խստորեն հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին, ինչից դժգոհ էր մնացել Ադրբեջանի նախագահը՝ աշխատանքից ազատելով այդ փաստաթուղթը ստորագրած արտգործնախարարին՝ դրանով ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր հանձնառությունը: «Ադրբեջանը նախ ուժ կիրառեց Տավուշի շրջանի սահմանամերձ հատվածում՝ անցած տավա հուլիսի կեսերին, ապա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների օգնությամբ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիա, որը տապալեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով անցկացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ գործընթացը, խաթարեց տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»,- նշեց նախարարը: ԱԳՆ-ն մեծածավալ աշխատանքներ է իրականացրել միջազգային հանրության կողմից ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու դիվանագիտական ճնշումը թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները՝ նշեց Այվազյանը: «Տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ գործակցության ամրապնդումը: Միաժամանակ, դրանք ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց նախարարը:
13:00 - 29 մարտի, 2021
2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի. Արա Այվազյան |armtimes.com|

2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Վերջինս խորհրդարանում է՝ ներկայացնելու ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:   Նա տեղեկացրեց, որ 2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել են արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու և անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ: «Դրա արդյունքում Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով: ԱԳՆ-ի կողմից դեսպանությունների գործուն ջանքերով իրականացվել է մի շարք երկրների և կառույցների կողմից կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի մարդասիրական աջակցության տրամադրումը»,- ասաց նա:
12:49 - 29 մարտի, 2021
Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել  են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել  դրանց լուծման  ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի  ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու  պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին: Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած  հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել  արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը: Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:
16:34 - 26 մարտի, 2021
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը: Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում:
19:40 - 25 մարտի, 2021
ԱԳ նախարարը Իրաքի պաշտպանության նախարարի ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վրա

ԱԳ նախարարը Իրաքի պաշտպանության նախարարի ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վրա

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Ողջունելով իրաքյան պատվիրակությանը՝ նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-իրաքյան դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում։ Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։ Այս համատեքստում ընդգծվեց հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։
17:53 - 25 մարտի, 2021
Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան
 |armtimes.com|

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե հայ դիվանագիտությունն ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել մշակույթի գործոնը հետպատերազմյան իրավիճակում և հարց ուղղեց, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում նոր ստեղծված մշակութային հանձնաժողովը: «Մշակութային դիվանագիտության հանձնաժողովը շատ կարևոր է, քանի որ ներկայումս, առավել քան երբևէ, պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և մեր ներգրավվածությունը միջազգային մշակութային ոլորտում, և այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում՝ մեր մշակույթը դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու»,- նշեց Արա Այվազյանը։ Հայրապետյանի մյուսին հարցին, թե ի՞նչ է անում Կառավարությունը ադրբեջանական՝ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացման քաղաքականության դեմ, Այվազյանն ընդգծեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. «Դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվեն։ Մեր ամենօրյա շփումները միտված են այս խնդրին հասցեագրել միջազգային ջանքերի շնորհիվ: Հայտնի է, որ Արցախի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում, և այսօր գործի է դրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և նրա պատկանելությունը»,- եզրափակեց նախարարը:
19:13 - 24 մարտի, 2021