ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները, անդրադարձել հիմնական առաջնահերթություններին՝ այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացին: Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») հետ սերտ համագործակցությանն ու դրա շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը: Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև ամերիկյան գործընկերների աջակցությունը միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքներում: Դեսպան Քվինը, ընդգծելով Հակակոռուպցիոն  կոմիտեի կարևոր դերակատարումը Հայաստանի իրավապահ համակարգում, հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Կոմիտեին հաջողվել է գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ որոշակի դրական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: ԱՄՆ դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել նույն արդյունավետությամբ շարունակել ձևավորված սերտ համագործակցությունը:
17:00 - 12 մայիսի, 2023
ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել և առաջարկել են փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձին: Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն քաղաքացի Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ.Վ.-ից: Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:54 - 05 մայիսի, 2023
Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է

Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:   Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կ.Ս-ն, 2010 թ. փետրվարի 28-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը, Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ անցել է պաշտոնեական լիազորությունները, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:   «Մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարը, նույն համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը եղբորն օտարելու նպատակով, ստորագրել, ապա իր կնիքով հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքի տնտեսության գրքում իր եղբոր անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, նշված քաղվածքը, առանց համայնքի ավագանու որոշման, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է եղբոր սեփականության իրավունքը։   Բացի դրանից՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարը համայնքում գտնվող, ՀՀ հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով օտարման ոչ ենթակա՝ տարբեր մակերեսներով հողամասերը, վրան առկա ինքնակամ կառույցներով իրեն և իր ծանոթներին ու մտերիմներին օտարելու նպատակով, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ստորագրել է Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի կողմից կազմված որոշումներ՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ հողամասերը հանդիսանում են բնակավայրի հասարակական կառուցապատման, ինքնակամ կառույցի պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին և համայնքի գլխավոր հատակագծի պահանջներին, ինքնակամ կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:   Նշված որոշումներով Կ.Ս.-ն հիշյալ հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական։ Ապա համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում ուղղակի վաճառքով դրանք վաճառել է: Հետագայում, որոշումները ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա հիշյալ հողամասերի, դրանց վրա առկա շինությունների նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի կամ նրա մերձավորների սեփականության իրավունքը:   Քննությամբ պարզվել է նաև, որ Այնթապ համայնքի բնակիչը, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.058 հա մակերեսով բնակավայրերի տնամերձ գործառնական նշանակության հողամասը մետաղյա ցանցով ցանկապատելիս դուրս է եկել Այնթապ համայնքի 13-րդ փողոցի 2 փակուղու վրա, որը համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամաս է։ Այդ կապակցությամբ հիշյալ փողոցի բնակչուհին դիմումներ է հասցեագրել համայնքի ղեկավարին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել փողոցի փակուղում ապօրինի հողազավթումները կանխելու ուղղությամբ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքային սեփականության հողամասի զավթման մասին, դիտավորությամբ չի ձեռնարկել միջոցներ հողազավթումը կասեցնելու ուղղությամբ, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել հողազավթում կատարած անձի նկատմամբ:   Բացի դրանից՝ նպատակ ունենալով օրինականացնել համայնքի բնակչին պատկանող, Այնթապ համայնքի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի հասցեներից մեկում գտնվող՝ բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը, ստորագրել է որոշում՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ նշված հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Այնուհետև, առանց հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է վերոնշյալ հասցեում գտնվող արտադրական նշանակության անասնագոմը և տնտեսական պահեստը:   Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (7 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (8 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին:   Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:57 - 02 մայիսի, 2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն 1.9 մլն դրամ կաշառք տալուց անմիջապես հետո ձերբակալել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն 1.9 մլն դրամ կաշառք տալուց անմիջապես հետո ձերբակալել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենին

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն, մտադիր լինելով ընդլայնել Արագածոտնի մարզում պեռլիտի վերամշակման գործարանի աշխատանքներն ու Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալել, հանրային լսումներ կազմակերպելու և դրական եզրակացություն ստանալու նպատակով դիմել է Թալինի համայնքապետարան, որտեղ իրականացված չորս լսումների արդյունքների, ինչպես նաև համայնքի բնակիչների բողոքների հիման վրա տրվել է բացասական եզրակացություն: Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է «Թալինի համայնքային ծառայություն, կոմունալ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածքը վարձակալության տրամադրելու և արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով հանրային կրկնակի լսումներ կազմակերպելու, ինչպես նաև նոր՝ դրական եզրակացություն տալու համար: Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է կաշառք ստանալու նմանակում: Հիշյալ գործողության շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:05 - 28 ապրիլի, 2023
Կալանավորվել է Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը

Կալանավորվել է Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու հոդվածով մեղադրանք է ներկայացվել Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին։  Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր զրույցում տեղեկացրեց՝ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը․ «Վարույթի շրջանակում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք եւս»,- ասաց Օհանջանյանը՝ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհաղորդելով։ Օհանջանյանի փոխանցմամբ՝ վարույթի վերաբերյալ առաջիկայում կտրամադրվի պաշտոնական հաղորդագրություն։ Երվանդ Հովհաննիսյանը ՀՀ զինված ուժերում է գրեթե երկու տասնամյակ։ Նա բուժծառայության փոխգնդապետ է։ 44-օրյա պատերազմի ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 2020 թ․ նոյեմբերի 11-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով: Միլենա ԽաչիկյանԼուսանկարը՝ Hayzinvor.am-ի
16:12 - 26 ապրիլի, 2023
Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների  չհայտարարագրված տները Դուբայում   
 |hetq.am|

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում |hetq.am|

hetq.am: Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ.  միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր: Նա անշարժ գույք է գնել «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Fairmont Palm Residence» համալիրի հյուսիսային մասնաշենքում՝ «The Residences North»-ում: Բեգլարյանի տունը 8-րդ հարկում գտնվող բնակարան է, որի մակերեսը 160 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (18 քմ): Նախկին պաշտոնյան նաեւ մեքենայի կայանատեղ ունի այստեղ: Դուբայի կադաստրի գնահատմամբ՝ «Palm Jumeirah»-ում գտնվող եւ 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Այդուհանդերձ, ներկա պահին Հ. Բեգլարյանի բնակարանը վարձակալ չունի: Շեշտենք, որ մինչ օրս հենց Հակոբ Բեգլարյանն է տան սեփականատերը:  Ներկայում «Fairmont Palm Residence»-ի վերոնշյալ մասնաշենքում կարելի է 2 ննջասենյակով բնակարան ձեռք բերել սկսած 3,3 մլն արաբական դիրհամից (900 հազ. դոլար): Նախկին պաշտոնյային ուղարկել էինք նույնատիպ հարցեր, ինչ եղբորը, բայց եթե Գագիկ Բեգլարյանը մեր նամակը ստացել է ու չի պատասխանել, ապա Հակոբ Բեգլարյանին փոստատարն այդպես էլ չի կարողացել հանձնել նամակը: Այնուհետ զանգահարել ենք նախկին պատգամավորի բջջային համարին: Ճշտելուց հետո, որ իր հետ զրուցողը լրագրող է, Բեգլարյանի ձայնով անձն ասաց. «Ինքը տեղում չի, քաղաքում չի», ապա անջատեց հեռախոսը:  Հակոբ Բեգլարյանը չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալը Հ. Բեգլարյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տեղեկացմամբ, երբեւէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող գույք: Նա այս գույքը չի հայտարարագրել նաեւ 2017 թ. փետրվարին, երբ որպես ԱԺ պատգամավորության թեկնածու հայտարարագիր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Խնդիրն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեական հանցանք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ: Քրեականացումից հետո Հակոբ Բեգլարյանը պաշտոնավարման բերումով ԿԿՀ-ին ներկայացրել է 3 հայտարարագիր, որոնցից վերջինը՝ պաշտոնի դադարեցման հայտարարագիրը, պետք է պարունակեր ԱԺ պատգամավորի մանդատը թողնելու օրվա՝ 2019 թ. հունվարի 14-ի դրությամբ Բեգլարյանի ունեցած անշարժ գույքի բոլոր տվյալները: Բայց, ինչպես ասացինք, Դուբայի բնակարանը նա երբեւէ չի հիշատակել:  Սա, թերեւս, խնդիրներ կառաջացնի նախկին պաշտոնյայի համար: 2019-ի փետրվարին, երբ Բեգլարյանը ներկայացրել է իր վերջին հայտարարագիրը, ուժի մեջ էր նախկին Քրեական օրենսգիրքը: Այն սահմանում էր, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:  Նախկին պատգամավորը 2 բնակարան ունի Դուբայում Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռեւս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք:  Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո Մեր ունեցած տվյալների հիման վրա գրել էինք, որ Հ. Դավթյանը բնակարան ունի Դուբայ Մարինայում (հայտնի է նաեւ որպես Մարսա Դուբայ), որը քաղաքի բավականին արագ զարգացող ու կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: Դավթյանի տունը գտնվում է «Al Sahab» զույգ աշտարակներից առաջինում: 2018-ին նշել էինք, որ Դավթյանը բնակարան է ձեռք բերել 24-հարկանի «Al Sahab 1» աշտարակի 7-րդ հարկում, իսկ նրա ընկեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 44-հարկանի «Al Sahab 2»-ի 6-րդ հարկում: Հակոբյանը դեռ այն ժամանակ մեզ հայտնել էր, որ հարկային պարտավորությունների կատարման համար բնակարանը վաճառել է: Բայց ավելի հետաքրքիր էր Դավթյանի պարագան:  Այսպես՝ «Al Sahab»-ում Հրանտ Դավթյանը գույք է գնել 1997-2007 թթ. միջակայքում, բայց երբ 2012-ին ԱԺ պատգամավոր է դարձել, չի հայտարարագրել արաբական այս բնակարանը, ինչը պարտավոր էր անել: Ամեն դեպքում, ինչպես վերեւում նշեցինք, հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը հանցանք չէր համարվում մինչեւ 2017 թ. հուլիս ամիսը, ինչն էլ լավ առիթ էր շատ հայ պաշտոնյաների համար, որոնք պարտաճանաչ չեն գտնվել իրենց պարտականությունները կատարելիս: Այն, որ Հ. Դավթյանը «Al Sahab»-ի իր գույքը չի հայտարարագրել մինչեւ 2018 թ., տեղեկացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկ 2018-ին դա անելուն ակամա նպաստել է «Հետքի» լրագրողի հարցադրումը:  2012-2017 թթ. պատգամավորության շրջանից հետո Հրանտ Դավթյանն առաջադրվել էր նաեւ 2017 թ. ընտրություններում: Որպես թեկնածու նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագիր էր ներկայացրել 2017-ի փետրվարին, սակայն դրանում նշել էր միայն Հայաստանում ունեցած 5 միավոր անշարժ գույք: Այդուհանդերձ, Դավթյանը նորից պատգամավոր էր դարձել ոչ թե 2017-ի, այլ 2018-ի ամռանը, երբ նրա կուսակիցներից մեկը հրաժարվել էր մանդատից: Եվ ահա դրանից հետո «Հետքի» լրագրողը մի քանի հարց էր տվել նրան Դուբայում ձեռք բերած գույքի մասին: Դավթյանը խոստովանել էր, որ այնտեղ, իր հիշելով, 86 քմ մակերեսով բնակարան ունեն, որն իր տնեցիներից մեկի անունով է, դրա համար էլ մինչ այդ չի հայտարարագրվել: Միաժամանակ նշել էր, որ այն ձեռք են բերել մոտ 15 տարի առաջ, երբ Դուբայում տուրիստական բիզնես էին հիմնել: «Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել»,- ասել էր Հ. Դավթյանը: Այս զրույցից հետո՝ 2018-ի սեպտեմբերին, Հ. Դավթյանը ԿԿՀ-ին էր ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որում առաջին անգամ ցույց էր տվել արաբական բնակարանը այն գնելուց տարիներ անց: Հանձնաժողովից վերջերս տեղեկացել ենք, որ 2018-ին հայտարարագրվածը համատեղ սեփականության իրավունքով գույք է:    Հրանտ Դավթյանի խոսքերը համադրելով փաստերի հետ՝ տեսնում ենք, որ նա շատ լավ էլ հիշում էր մանրամասները, այդ թվում՝ գույքի չհայտարարագրված լինելը (չնայած համասեփականատերերից մեկն էլ ինքն է), ընտանիքի անդամներից մեկի սեփականատեր լինելը, անգամ՝ մակերեսը: Այսպես՝ 1997-2007 թթ. արանքում Դավթյանն ու կինը՝ Աննա Դավթյանցը, «Al Sahab 1»-ի 7-րդ հարկում 85 քմ մակերեսով բնակարան են գնել, որն ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (5 քմ): Ամուսինները նաեւ ավտոկայանատեղի ունեն: Փաստորեն, ըստ Դավթյանի, իրենք տունը ձեռք են բերել մոտավորապես 2003 թ. («Հետքի» լրագրողի հետ զրույցից շուրջ 15 տարի առաջ), ինչը եւս չի հակասում մեր ունեցած տվյալներին:  Դուբայի կադաստրից տեղեկանում ենք, որ ամուսինները գույքը վարձակալության են հանձնել. ներկա պահին այն վարձակալ ունի: Ըստ կադաստրի՝ Դուբայ Մարինայում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 71.000-87.000 արաբական դիրհամ (20-24 հազ. դոլար): Մյուս կողմից՝ ներկայում «Al Sahab» համալիրում կարելի է 1 ննջասենյակով բնակարան գնել սկսած 1,4 մլն արաբական դիրհամից (380 հազ. դոլար):  2018-ին պաշտոնը ստանձնելու եւ 2019-ին այն թողնելու առիթով Հ. Դավթյանը ներկայացրել է հայտարարագրեր, որտեղ նշել է այս բնակարանը: Այսինքն՝ այս առումով նա խախտում թույլ չի տվել: Բայց սա ամենը չէ: Հրանտ Դավթյանը եւս մի գույք է ձեռք բերել Դուբայում, որի մասին նա չի հայտնել ո՛չ «Հետքի» լրագրողին, ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:17 - 17 ապրիլի, 2023
Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։ Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը  նախնական դատալսումների փուլը  հայտարարել է ավարտված և  անցել է  հիմնական դատալսումների փուլին։ Նշենք, որ  հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է  ամբաստանյալ։
14:52 - 14 ապրիլի, 2023
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. 10 անձ ձերբակալվել է

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. 10 անձ ձերբակալվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի և Ա. Գ.-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք: Այս մասին նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 5 քաղաքացի, դիմելով  Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, խնդրել է օժանդակել ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Վերջիններս համաձայնել են և հիշյալ քաղաքացիներից ստացել են տարբեր չափի գումարներ և որպես կաշառք փոխանցել են ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին և Հ. Մ.-ին: Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներ  Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու ձևականորեն ընդունել են գործնական քննություններ և դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ:   Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, միջնորդներ Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, ինչպես նաև կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են և բերվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Վերը նշված հանցավոր արարքների համար ՃՈ աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին  և Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Ժ. Վ.-ին՝ 3 դրվագ/, միջնորդներ Ս. Գ.-ին 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 5 քաղաքացիներին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:34 - 11 ապրիլի, 2023
Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի ընթացքում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից  կաշառք ստանալու դեպքեր: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա. Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը նշված քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Ա. Ղ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար, հիշյալ կալանավորից պահանջել և վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է պաշտոնատար անձի կնոջ բանկային հաշվեհամարին: Այսպիսով՝ կատարված բանկային փոխանցումներով ՔԿՀ պաշտոնատար անձը երկու դեպքում ապօրինի գործողությունների համար կաշառք է ստացել: Նախաքննության ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ս.-ին և կալանավոր Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Ա. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:03 - 06 ապրիլի, 2023
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակիցն ու ևս երկու անձ

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակիցն ու ևս երկու անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար հիշյալ անձանցից կաշառք է ստացել: Մասնավորապես՝  նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ին: Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի մեկ այլ բնակչից՝ Յ. Գ.-ից: Վերջինս, իր բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար Լ. Ա.-ին տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք: 31.03.2023 թվականին Լ. Ա.-ն, Ա. Ա.-ն և Յ. Գ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն:
13:55 - 01 ապրիլի, 2023
«Ինֆոքոմ»-ի հոդվածն ընդգրկվել է Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնված գործին |azatutyun.am|

«Ինֆոքոմ»-ի հոդվածն ընդգրկվել է Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնված գործին |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունից դեռ չեն հստակեցնում՝ ինչ քայլեր են ձեռնարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակման առիթով։ Գերատեսչությունից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնում են՝ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։ «Ինֆոքոմ»-ի հրապարակած հոդվածը՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է» վերնագրով,  ընդգրկվել է հանձնաժողովի կողմից դեռ ամիսներ առաջ նախաձեռնված Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման գործին։ Արդյոք բնակարանի ձեռքբերման գործընթացում կա կոռուպցիոն ռիսկ, հանձնաժողովում խուսափում են հստակ պատասխանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասում է, թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։ «Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է գլխավոր դատախազություն», - ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։
11:25 - 31 մարտի, 2023
«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
 |news.am|

«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ |news.am|

news.am: Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր՝ մարտի 30-ին, մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը: Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստին հայտարարեց, որ ոչ պատշաճ դատախազի մասնակցություն է ապահովվել սույն բողոքի քննությանը. «Նկատի ունենալով այն, որ այստեղ ոչ թե վիճարկվում է դատախազության անգործությունը դիմողների կողմից հաղորդման ընթացքը լուծելու վերաբերյալ»: Դատախազն իր անհամաձայնությունը հայտնեց ներկայացված դիրքորոշման հետ, նշելով, որ ներկայացված հաղորդումը կցվել է կոնկրետ քրեական վարույթին, եւ նշված քրեական վարույթի շրջանակներում ինքը հանդիսանում է որպես հսկող դատախազ: Դատավորը հայտարարեց, որ քիչ առաջ դատարանի աշխատակազմ է ստացվել բողոքի վերաբերյալ նյութերը, որին պետք է կողմերը ծանոթանան: Այդպիսով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 17-ին: Դատական նիստից հետո Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն: Նա հայտնեց, որ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ եւ 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակն առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»:  
13:06 - 30 մարտի, 2023