Համբարձում Մաթևոսյան

Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետն է։ 

Ծնվել է 1992 թ․-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում։ 

2009-2012 թթ.  սովորել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժնում, 2012-2015 թթ.՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետում՝ համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ։

2011-2012 թթ. աշխատել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնում՝ որպես համակարգող, 2013-2014 թթ. աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու։
2013-2015 թթ.  եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թթ. աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018-2021 թթ.  զբաղեցրել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը։ 2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները: Ըստ նրա՝ պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ Օմիկրոնը, կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը: Նիստի ընթացքում, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վարակի տարածման ներկայիս միտումների պատկերը և պատվաստումների առկա ցուցանիշները: Նիստի ընթացքում քննարկվել են համավարակի կանխարգելման առկա միջոցառումների արդյունավետությունը և վերջինիս բարձրացման ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերը:
18:44 - 10 դեկտեմբերի, 2021
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Դեկտեմբերի 8-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն: Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբերանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն:  Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն:  
21:56 - 08 դեկտեմբերի, 2021
 ՀՀ փոխվարչապետն ընդունել է Պաոլո Սպանտիգատիին. քննարկվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Պաոլո Սպանտիգատիին. քննարկվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետի գրասենյակը, որում ասված է. «Փոխվարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև հաստատված հաջող գործընկերությունը՝ նշելով, որ այն արդյունավետ է եղել ինչպես ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հարցում: Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է այն՝ ակտիվ աշխատանքներ տանելով դրա 2-րդ և 3-րդ տրանշներն ավարտին հասցնելու ուղղությամբ: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ ծրագրի հարավային հատվածի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն առավել ընդգծում է դրա ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին», որով նախատեսված է եղել կառուցել և ամրացնել 46 դպրոց: Շեշտելով առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱԶԲ-ի տրամադրած աջակցությունը ինչպես բժշկական կարողությունները զարգացնելու, այնպես էլ ճգնաժամային պայմաններում հեռավար կրթության անցման ուղղությամբ: Հանդիպման օրակարգում էր նաև պետություն-մասնավոր գործընկերության հարցը: Համբարձում Մաթևոսյանը ուշադրություն է հրավիրել մասնավոր հատվածում ԱԶԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ավելացման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով նոր օրենսդրական դաշտի առկայության և այդ ասպարեզում ԱԶԲ-ի կողմից միջազգային լավագույն փորձին տիրապետելու հանգամանքները»:
18:32 - 08 դեկտեմբերի, 2021
Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձով է հանդես եկել: Ինչպես  տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի: Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի:
10:49 - 07 դեկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Համբարձումյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանվել և համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի նաև նորանշանակ մարզպետը։ Գնել Սանոսյանը շնորհավորել է Հովհաննիսյանին կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ նա նոր մարդ չէ պետական կառավարման համակարգում, ունի աշխատանքային մեծ փորձ և վստահություն է հայտնել, որ նրա հմտությունների և աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մարզում նոր հաջողություններ կգրանցվեն։ Փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել Արմավիրի մարզը ղեկավարելը, և գրանցած արդյունքը թիմային աշխատանքի հետևանք է։ Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետն ունի անհրաժեշտ աշխատանքային հմտություններն ու հնարավորությունները՝ սկսված աշխատանքը շարունակելու և նոր, կարևոր նախագծեր իրագործելու համար։ Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ ներդնելու է ողջ ներուժը, օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ պետական կառավարման տարածքային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։
17:59 - 29 նոյեմբերի, 2021
Փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացի համար. Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացի համար. Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որը երեկ, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, արմավիրցիներին հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ  մեծ պատասխանատվությամբ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և ա3  տարիների ընթացքում փորձել է անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացն ապահովելու և ազգաբնակչության կենսամակարդակը բարելավելու համար: Ուղերձի մյուս մասը ներկայացնում ենք ստորև. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, Ես դադարեցրել եմ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում: Անկեղծորեն պետք է նշեմ, որ մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը, հանգամանքների բերումով ուղղակի չկարողացա հանդես գալ իմ պաշտոնավարման երեք տարիները ներկայացնող հաշվետվությամբ: Սակայն խոստանում եմ, որ անպայման ժամանակ կգտնեմ և Ձեզ կներկայացնեմ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առարկայական տվյալներ, որոնք ես համարում եմ համատեղ ձեռքբերումներ: Իհարկե, ես և իմ գործընկերները երբեք չենք սահմանափակվել մեր հաջողություններով և ձգտել ենք ավելիին: Եվ ի ուրախություն բոլորիս, այսօր Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեի նախագծով, պետական այլ միջոցներով, հիմնադրամների և միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերով գալիք տարվա համար սահմանել ենք մարզի զարգացմանն ուղղված առավել բարձր նշաձող, որը, վստահորեն կարող եմ ասել, իրականացվելու է մեծ պատասխանատվությամբ և ամբողջ ծավալով: Ինձ հարազատ մարզի սիրելի բնակիչներ և գործընկերներ, Հավատացնում եմ բոլորիդ, որ Արմավիրի մարզից հեռու լինելով էլ հետևողականորեն շարունակելու եմ զբաղվել մեր մարզի խնդիրների լուծմամբ: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց Արմավիրի մարզն ամբողջությամբ փոխելու է իր դիմագիծը՝ հետևում թողնելով անլուծելի համարվող բոլոր խնդիրներն ու հարցերը: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, Կառավարության, Ազգային ժողովի գործընկերներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կրթական, առողջապահական հաստատությունների և այլ ոլորտների ներկայացուցիչներին, որոնց հետ անցել եմ այս բարդ ու պատվաբեր ճանապարհը՝ համատեղ ուժերով հաղթահարելով ընթացիկ խոչընդոտներն ու դժվարությունները: Հարգելի գործընկերներ, թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի և ծառայի Արմավիրի մարզի շենացմանը, բնակչության բարօրությանն ու պետության հզորացմանը: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար՝ խոստանալով, որ անելու եմ հնարավորը՝ արդարացնելու իր և մեր հայրենակիցների սպասումները: Ամենայն լավն ու բարին բոլորիդ: Ձեզ շատ հարգող, Ձեր խոնարհ ծառա, արմավիրցի Համբարձում Մաթևոսյան»:
10:01 - 26 նոյեմբերի, 2021