Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։ Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է: «Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։ Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից: «Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։ «Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։  Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 16 մարտի, 2023
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Ղրղզստան սահմանին |armenpress.am|

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Ղրղզստան սահմանին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի և Ղրղզստանի սահմանին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երկուշաբթի օրը, Աստանայի ժամանակով 05:58-ին (Երևանի ժամանակով 03:58-ին), հաղորդել են Ղազախստանի ԱԻՆ-ից։ Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։ «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ղրղզստանի և Չինաստանի սահմանին: Երկրաշարժի էներգետիկ դասը 12,1 է, MPV-ի մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր», - ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, ըստ սեյսմոլոգների տվյալների՝ դրանից մի քանի ժամ առաջ՝ Աստանայի ժամանակով 03.42-ին (Երևանի ժամանակով 01:42-ին), այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումներն Ալմաթիում զգացվել են 2 բալ ուժգնությամբ։
14:29 - 27 փետրվարի, 2023
Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան 
 |factor.am|

Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Տեղեկացվում է, որ փետրվարի 28-ին Աստանայում նա կհանդիպի Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «խորացնելու երկկողմ համագործակցությունը»։ Ղազախստանի ԱԳՆ-ն հստակեցրել է, որ Բլինքենին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բանակցություններ են նախատեսվում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Նույն օրը Բլինքենի մասնակցությամբ Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների նախարարական հանդիպումը C5+1 ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան՝ գումարած ԱՄՆ): Ըստ Պետքարտուղարության՝ հանդիպումը «կենտրոնացված կլինի ԱՄՆ-ի և ասիական հինգ պետությունների միջև տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա»։ Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ՝ քննարկելու «երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները և առաջ մղելու բարեկեցիկ, անվտանգ և ժողովրդավարական տարածաշրջան ստեղծելու ընդհանուր նպատակը»։  Շարունակությունը՝ factor.am-ում
17:48 - 24 փետրվարի, 2023
Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. վարչապետ Փաշինյան

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջուկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների hարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունել Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի մասնակիցներին և հյուրերին։ Թույլ տվեք ելույթս սկսել Ալիխան Սմաիլովին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի՝ բարձր մակարդակով կազմակերպման համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նախագահող կողմին և անձամբ Միխայիլ Միշուստինին մաղթել արդյունավետ աշխատանք և Ռուսաստանի նախագահության կողմից նախանշված առաջնահերթ ոլորտների իրականացման գործում հաջողություններ։ Անկեղծորեն ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և Կուբայի հարգելի ներկայացուցչին, հաստատում եմ դիտորդ երկրների հետ արդյունավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը։ Մինչ այսօրվա օրակարգի ակտուալ հարցերին անցնելը, նշեմ, որ չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, փոխադարձ առևտուրը Միությունում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով։ Հարգելի գործընկերներ, Միության հետագա զարգացման համար մեզ անհրաժեշտ է շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված և հետևողական աշխատանքը: Այս նպատակներին հասնելու համար կարևոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը։ Իհարկե, դեռևս որոշիչ դեր են խաղում արտադրողներին՝ արտադրության բոլոր փուլերում աջակցելուն ուղղված միջոցառումները։ Այս համատեքստում, կցանկանայի կարևորել ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակման և ընդունման կարևորությունը։ Այս ուղղության զարգացումը, ըստ մեր գնահատականների, թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործությունը և բժշկական արդյունաբերությունը: Միության մրցունակ արդյունաբերության ձևավորումը լիովին պայմանավորված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սրանք ԵԱՏՄ-ի մոտակա և միջնաժամկետ անվիճելի առաջնահերթություններն են։ ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակիորեն կախված է նոր տեխնոլոգիական ձևերին անցումից և չի կարող իրականցվել միանգամից։ Այն պահանջում է ռազմավարության, փուլերի, ծախսերի սահմանում, ինչը կախված է ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական զարգացման մակարդակից, և, որպես հետևանք, անցումը կպահանջի առկա ճյուղերի արդիականացում, ինչպես նաև նոր ինովացիոն արդյունաբերական ոլորտների ստեղծում։ Ակնհայտ է, որ այդ նպատակների համար Միության ներսում պետք է ստեղծվի տեխնոլոգիական կանխատեսումների համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ամենահեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Միևնույն ժամանակ, փոխգործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծումը: Հարգելի գործընկերներ, Նշեմ, որ մենք նաև մեծապես կարևորում ենք տալիս պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը։ Կարծում ենք, որ ապագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը և ակտիվացնել փոխադարձ առևտուրը։ ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը։ Այս համատեքստում, կնշեմ մեր շահագրգռվածությունը գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում, և ևս մեկ անգամ հաստատում եմ դրանց լուծմանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։ ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն և բազմավեկտոր մոտեցումները։ Մասնավորապես, կանոնները հնարավորություն կտան ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով (մեր դեպքում՝ Վրաստանի միջոցով)՝ դրանով իսկ ստեղծելով տեխնիկական և իրավական նախադրյալներ՝ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար։ Նիստի հարգելի մասնակիցներ, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկման նպատակով մենք պետք է սինքրոնացնենք մեր գործողություններն այս ուղղությամբ, ինչը թույլ կտա մեզ ձևավորել հուսալի «թվային կմախք»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար։ Թվային տնտեսության զարգացումը և թվային տեխնոլոգիաների ներդրումն օբյեկտիվ անհրաժեշտություն է միասնական թվային տարածքի ձևավորման համար։ Այս համատեքստում, կնշեմ միջպետական տեղեկատվության փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը: Եվ, չնայած ձեռք բերված արդյունքներին, մենք պետք է անընդհատ վերանայենք և ընդլայնենք թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ «Digital Almaty» համաժողովը դարձել է շահագրգիռ մասնակիցների հետ համապարփակ երկխոսության, թվային փոխակերպման հարցերը և թվային զարգացման հեռանկարները քննարկելու արդյունավետ հարթակներից մեկը: Հարգելի գործընկերներ, եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթել և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի՝ եվրասիական ինտեգրման առաջնահերթ ուղղությունների իրականացմանն ուղղված ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը: Ստորագրվել են նաև նիստում ընդունված որոշումների արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսին` Սոչիում: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների թանգարան և Պետական արվեստի թանգարան, շրջայց կատարել ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված նմուշներին: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Ալմաթի ավարտվել է:
15:50 - 03 փետրվարի, 2023
Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը. վարչապետն Ալմաթիում մասնակցել է թվային համաժողովի լիագումար նիստին

Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը. վարչապետն Ալմաթիում մասնակցել է թվային համաժողովի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը` առանձին տաղավարով: Համաժողովի բացմանը Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի գործընկերներ, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախական կողմին համաժողովի կազմակերպման համար, որը դարձել է թվայնացման խնդիրների և թվային զարգացման հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ։ Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։ Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը։ Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը։ Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ միասնական թվային տարածություն ձևավորելիս չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին։ Այս համատեքստում, հատկապես արդիական է համարվում տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը: Գործընկերներ,Ալմաթիում 2021 թ.-ին կայացած համաժողովի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումից հետո մեր կառավարությունն ընդունեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։Նշեմ, որ մինչ ռազմավարական փաստաթղթի ընդունումը մենք արդեն ունեինք թվային ծառայությունների զարգացման մեծ փորձ, սակայն ռազմավարությունը կապահովի երկրում համախմբված թվային էկոհամակարգի ստեղծումը։Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են.1. տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում2. հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում3. բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն:Միաժամանակ, բոլոր 3 ուղղությունները փոխկապակցված և փոխլրացնող են։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ։ Ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։ Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ջանքերով հաղթահարել լոքդաունի և բուն համաճարակի հետևանքները։Մենք սկսել ենք ավելի լայն և խորը օգտագործել թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ՝ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի կայուն թվային զարգացման նպատակներին հասնելու կարևորագույն գործիքներից է։Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար։ Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել է մեր երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։Հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն. իսկապես հսկայական թիվ է: Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է ինը երկիր ներգրավող լիարժեք նախագիծ։ Իմ կարծիքով, չնայած բուն համավարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ:Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։Համաժողովի հարգելի մասնակիցներ,Այսօր ես կցանկանայի մեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ արդիական թվային գործիքի վրա, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին և պետական մարմիններին համագործակցել մեր երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս: Խոսքն «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին է, որը մշակվել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից՝ Միխայիլ Միշուստինի գաղափարի իրականացման շրջանակում։«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, և ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն։«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաև հետևել դիմումի քննարկման և պատասխանի ստացման ընթացքին։ Հայաստանի ներսում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր, իսկ դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է երեք հարյուր հազարը։ Հաջորդ թվային ծառայությունը, որն ինտեգրված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում», workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը: Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա կարելի է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։ Հարթակը պարբերաբար կհագեցվի պետական և առևտրային այլ ծառայություններով։ Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ մեր ազգային տիրույթը հաշվի է առնում մեր շուկայի առանձնահատկությունները և չի հանդիսանում ռուսական տիրույթի կրկնօրինակը։ Այսպիսով, մենք մշակում ենք «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը նոր հավելյալ արժեքով։ Հայաստանն ու Ռուսաստանը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» և «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակների առաջին մասնակիցներն էին։ Մեր կապը ցույց է տալիս փոխգործակցության արդյունավետությունը և ազգային ծառայությունների առավելությունների ինտեգրման կուտակային ազդեցությունը: Եվ մենք սատարում ենք Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը` ի շահ մեր ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի։Շնորհակալություն ուշադրության համար»։ Վարչապետ Փաշինյանը և կառավարությունների մյուս ղեկավարները մրցանակներ են հանձնել նաև համաժողովում լավագույն աչքի ընկած մասնակիցներին:  
11:45 - 03 փետրվարի, 2023
Air Astana ավիաընկերության ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում․ տուժել է յոթ ուղևոր |tert.am|

Air Astana ավիաընկերության ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում․ տուժել է յոթ ուղևոր |tert.am|

tert.am: Air Astana ավիաընկերության Տաշքենդ-Ալմա-Աթա չվերթն իրականացնող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ուղևորներից ոմանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով։ Ավելի վաղ, ավիափոխադրողի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Air Astana-ի ինքնաթիռը Տաշքենդից Ալմա-Աթա ճանապարհին հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով յոթ ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ։ Ավելի ուշ ավիաընկերությունը մամուլի հաղորդագրությունից հանվել է այրվածքների մասին հիշատակումը:   Ավիաընկերության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մանրամասնել է, որ «այրվածքների վերաբերյալ գանգատներով» որևէ մեկն ընկերության հետ չի կապվել։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (CAC), իր հերթին, հաղորդել է հինգ տուժածի մասին, այդ թվում՝ Ուզբեկստանի քաղաքացու, որի մոտ կան ողնաշարի պարանոցային հատվածի փակ կոտրվածքի կասկածներ:
09:55 - 03 հունվարի, 2023
Հայաստանի և Ղազախստանի գլխավոր դատախազների տեղակալներն անդրադարձել են համագործակցության հետագա զարգացմանը

Հայաստանի և Ղազախստանի գլխավոր դատախազների տեղակալներն անդրադարձել են համագործակցության հետագա զարգացմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը: Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և անհրաժեշտություն համարել երկու երկրների Դատախազությունների միջև համագործակցության զարգացմանը միտված քայլերի ձեռնարկումը:
14:36 - 20 դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը
 |azatutyun.am|

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։ «Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», - երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։ Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ 
13:42 - 20 դեկտեմբերի, 2022
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

 |armenpress.am|

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,- երդմնակալության ժամանակ ասել է Տոկաևը՝ աջ ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա։ Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 20-ին։ 69,44 տոկոս մասնակցության պայմաններում Տոկաևը ստացել էր ընդհանուր ձայների 81,31 տոկոսը։ Համաձայն փոփոխված սահմանադրության՝  նա կպաշտոնավարի 7 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։
13:16 - 26 նոյեմբերի, 2022