Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան
 |news.am|

Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան |news.am|

news.am: Խնդրում եմ իրենց մասին խոսելիս մի օգտագործեք իշխանություն բառը, Հայաստանում իշխանությունը պականում է ժողովրդին. Հայ ժողովուրդը վաղուց իր ընդվզմամբ ցույց է տվել, որ այս խունտան իրավունք չունի իր անունից՝ բանակցելու կամ ներկայանալու որպես իշխանություն: Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Երեկ, երբ գնում էի ԱԺ եւ տեսա մի քանի շերտ ոստիկանական «կարդոնները», այլ կերպ բնազդային վախ, դա անվանել հնարավոր չէ»,-ասաց նա: Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բացահայտում էր անելու, բայց ընդդիմությունը փախավ նիստերի դահլիճից, Մամիջանյանն ասաց. «Էլ ի՞նչ ինքը կարող է բացահայտել: Արդեն բացահայտել է, որ Սյունիքի հանձնումը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եւ իր միանձնյա որոշմամբ: Արդեն բացահայտել է, որ մոբիլիզացիան եւ բանակի կազմակերպման աշխատանքում թերացել է ինքը, արդեն բացահայտել է, որ կարող էր կանխել պատերազմը, կանգնեցնել պատերազմը: Արդեն իր թիմակիցները բացահայտել են, որ մենք ճիշտ ենք, երբ ասում էինք, որ 2019-ին սեղանին փուլային տարբերակ էր: Ինքը քողարկված տեքստով բացահայտել են իրենց պլանները՝ այլեւս չպայքարել Արցախի համար, նվազեցնել նշաձողը եւ կասկածի տակ դնել այն միտքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Խոսելով երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն ունեն ծափահարել իրենց ղեկավար կոչեցյալի զեղումներից հետո՝ բացարձակ չհարգելով ու չգիտակցելով նահատակված զինծառայողների հարազատների վիշտը, Հայաստանի ներկա իրավիճակը։ «Երբ ասելիք չկա, ծափահարելը լավագույն ու ամենահեշտ միջոցն է»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է», Մամիջանյանը նշեց. «Վերջին շրջանում դեպքերի մեծ մասում գործընթացների մասին տեղեկանում ենք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերից։ Այս պարագայում ունեմ որոշակի խիստ հիմնավոր մտահոգություններ, բայց մինչև դրանց հաստատվելը չեմ մեկնաբանի Ալիևի հայտարարությունը, թեպետ մինչև այսօր Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների և այլ պաշտոնյաների ասածները հետագայում, ցավոք սրտի, իրականություն են դարձել»։ Լրագրողի հարցին՝ «տպավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուսափում են ակցիաների ժամանակ միմյանց հանդիպելուց, ինչ որ հակասություն կա՞ նրանց միջև, Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները։ Իրենք ունեն մեծ անցած ուղի, որի մի մասն անցել է մարտական գործողություններով և, կարծում եմ, որ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Սերժ Սարգսյանը երբ այցելում է վրանային ավան, շփվում է ակտիվիստների, քաղաքացիների հետ, տալիս է կազմակերպչական հանձնարարություններ հենց տեղում ձևավորված շտաբից»։   Գլխավոր նկարը՝  panorama.am
12:43 - 05 մայիսի, 2022
Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։ Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց․ «Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։ Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։  Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։ Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։ Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։ Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։ Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։ 2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։   Միլենա Խաչիկյան
12:32 - 05 մայիսի, 2022
Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։  Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․ «Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։  Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։ Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։ Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։  Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Հայարփի Բաղդասարյան
16:04 - 04 մայիսի, 2022
«Աշխարահաքաղաքական նոր փոփոխությունների ընթացքում մենք մեկնարկային շատ վատ վիճակում ենք»․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Դիմադրություն» շարժման խմբի հետ |news.am|

«Աշխարահաքաղաքական նոր փոփոխությունների ընթացքում մենք մեկնարկային շատ վատ վիճակում ենք»․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Դիմադրություն» շարժման խմբի հետ |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ ապրիլի 29-ին, Էջմիածնում՝ խարույկի շուրջ, հանդիպում է ունեցել «Դիմադրություն» շարժման շրջանակում Սարդարապատից քայլերթով Երեւան եկող խմբի հետ։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հատվածներ է ներկայացրել այդ հանդիպումից․ «Վերջին հանդիպումներիս ընթացքում ինձ մի բան են շատ ասում՝ հույս կա՞ որ մի բան կարող ենք շտկել։ Ես վերհիշեցի երեւի թե ամենածանր ժամանակահատվածը Արցախում՝ 1992 թվականի հունիս-հուլիս ամիսն էր՝ Շահումյանի, Մարտակերտի կորուստներից հետո։ Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ուղիղ կեսը կորցրած էր։ Հույս չկար մարդկանց մոտ, բայց ամենից վատ բանն է հույսը կորցնելը, եւ երկրորդ ամենավատ բանն է, երբ չես փորձում վիճակ փոխել։ Այն ժամանակ, երբ ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, շատերին թվում էր, թե ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեի, բայց վերցրել եմ ինձ վրա, եւ շատ արագ իրավիճակ փոխեցինք։ Կարեւորը վճռականությունն է, պարտվողական հոգեբանությունը գլխիցդ հանելը, հասկանալը, որ այլ ելք չկա։ Այն ժամանակ այնպես չէր, որ շատ բարեկամներ ունեինք, բայց հենց մենք ոտքի կանգնեցինք լավ բարեկամներն էլ հայտնվեցին։ Պարզվեց, որ հարգանքի մի մակարդակ կա, որին հենց հասնում ես լիքը բարեկամներ ես ձեռք բերում։ Հենց դու քեզ չես հարգում ու չես հավատում, բարեկամներ ես կորցնում։ Հիմա այս ճանապարհով առաջ գնալու իրավունք մենք չունենք։ Պետք է ցույց տանք, որ ազգ ենք»։ ... «Ինձ շատ են հարցնում, թե ինչ կարելի է փոխել Արցախի եւ Հայաստանի հետ կապված։ Շատ բան է կարելի փոխել, եւ առաջնահերթ գլխում է պետք փոխել, գլխումդ փոխեցիր՝ ամեն ինչ կգա։ Եվ խոսքը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության, բայց արժանապատիվ խաղաղության։ Այն խաղաղությունը, որը մեզ են առաջարկում, ավելի մեծ կորուստների է բերում»։ ... «Բանակի վերականգնման հարցում մենք անիմաստ կորցրել ենք արդեն 1․5 տարի։ Ինձ մոտ տպավորություն կա, որ այս իշխանությանը բանակ պետք չէ։ Եթե այսօր բանակ լինի, ժողովուրդը կպահանջի, որ այս հարցը լուծի, այն հարցը լուծի։ Իրենց պետք չէ, բանակ, որովհետեւ այդ բանակն արժանապատիվ խաղաղության պահանջարկ է ձեւավորելու մեր հանրության մոտ, իսկ եթե բանակը չկա, դու միշտ էլ կարող ես ասել՝ դե, ի՞նչ անեք խեղճացած ենք, կարող է ավելի վատ բան լինի։ Չի արվում ոչինչ։ Հաշիվը կորցրել են, թե շտաբի քանի պետ է փոխվել, պաշտպանության քանի նախարար է փոխվել, նաեւ բանակի այլ օղակներում շատ փոփոխություններ եղել։ Քիչ թե շատ կարող մարդիկ ուղղակի չեն մնացել բանակում։ Երեք տարի առնվազն պետք է բանակի վերականգման համար, երեքից-հինգ տարի՝ եթե ինչ-որ հանգամանքներ խանգարեն։ Այդ երեք տարիներից 1․5-ն արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ երեք տարում կարող ենք բավական լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Տեսեք՝ վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց ադրբեջանական գործակալների առկայությունն ինչի՞ մասին է խոսում՝ բանակում բարոյահոգեբանական վիճակի։ Առաջ բանակում ուղղակի չկային նման երեւույթներ»։ ... «Մենք յոթ տարի անընդմեջ եղել ենք աշխարհի ամենարագ զարգացող երկրների տասնյակի մեջ՝ այն էլ փակ սահմաններով։ Իմ եւ առաջին նախագահի վեճը եղել է հետեւյալ բանաձեւի շուրջ՝ այն ժամանակ իրենք համոզված էին, որ մինչեւ Արցախի հարցը չլուծվի իրենք սահման չեն բացելու, մինչեւ սահմանները չբացվեն, հնարավոր չէ զարգանալ։ Իմ մոտեցումն էլ հետեւյալն էր՝ մենք չենք անում անհրաժեշտ քայլեր զարգանալու համար, խնդիրը մեր մեջ է, ոչ թե սահմանի։ 1998 թվականի իշխանությունից հետո մենք շատ արագ լավ տեմպեր ստացանք, տնտեսական միջին աճը յոթ տարվա ընթացքում եղել է 12․5 տոկոս։ Տասնյակի մեջ էինք, նույնիսկ վերջին հինգ տարին էլ հնգյակի մեջ էինք։ Հիմա սա չի նշանակում, թե փակ սահմանը լավ է, եթե սահմանը բաց լիներ, գուցե ավելի լավ լիներ, բայց նաեւ չի նշանակում, որ սահմանը բացելու համար դու պատրաստ ես ամեն ինչի։ Ի՞նչ վտանգներ կան սահմանը բացելու համար հիմա։ Մենք մրցակից ենք Թուրքիայի հետ, նույն մեր գյուղատնտեսությունն ուղղակի չի դիմանալու,  նույնիսկ եթե թուրքական կողմ հայտարարի, որ առանց նախապայմանների սահմանը բացում է, մենք երեք տարի պետք է ժամանակ պետք է վերցնենք եւ փորձենք բազմաթիվ բաներ վերանայենք մեր շուկան պաշտպանելու համար։ Բանաձեւը հետեւյալը պետք է լինի՝ սահմանների բացումը Արցախի կամ այլ քաղաքական հարցի հետ մի կապեք։ Մենք սահմանը չենք փակել, այն մեր կողմից բաց է, ուզում ես բացիր, ուզում ես փակիր, բայց հենց որ բացեցիր, ես իմ գյուղացուն պետք է պաշտպանեմ։ Քո գյուղացու արտադրածը չպետք է իր ձեռքին մնա։ Այն ժամանակ, որ կարկուտը խփում էր, գյուղացին ուրախանում էր, որովհետեւ ավելի շատ փող էինք տալիս, հիմա բոլոր դեպքերում թքած ունեն, որովհետեւ ֆիզիկական գործ կյանքում չեն արել, նայես ձեռքներին մի մազոլ չի լինի, աշխատող մարդու արժեքը չգիտեն»։ ... «Մեր կշիռը շատ ընկավ պատերազմից հետո։ Մենք Հարավային Կովկասում համարվում էինք ամենամարտունակ բանակն ունեցողը, բայց մենք դա կորցրինք, եւ այսօր բոլորը հասկանում են, որ մեր անվտանգությունը մենք չենք կարողանում ապահովել եւ ռուսական բանակի ներկայությունը ոչ թե լրացուցիչ, այլ հիմնական երաշխիք է։ Աշխարահաքաղաքական նոր փոփոխությունների ընթացքում մենք մեկնարկային շատ վատ վիճակում ենք»։ ... «Հիմա սեւ ու սպիտակի է վերածվել ամեն ինչ։ Արեւմուտք եւ մնացած աշխարհը, իսկ Ռուսաստանը կիզակետում հայտնվեց Ուկրաինայի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այստեղ մեր մանեւրել տեղը շատ է փոքրացել, բայց գուցե սա հնարավորություն է տալիս վերարժեւորելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները կան, բայց մենք ներսում պետք է արդյունավետ լինենք, ինչը չի արվում»։ ... «Սա միայն Արցախի համար չէ արվում, սա նաեւ ժողովրդի համար է արվում, եւ եթե մենք չզբաղվենք սոցիալական հարցերով, նախ արդար չէ, բացի այդ մենք հաջողություն չենք ունենա։ Սրանք խոստացել էին թռիչքաձեւ աճ, իսկ մենք ստացան թռիչքաձեւ անկում, աղքատության աճ։ Մի այդպիսի արտահայտություն կա՝ ինչքան դու պետք է փչացնես ներկան, որ մարդն ապագայի մասին մտածելով, ցանկանա անցյալը վերադարձնել։ Այս վիճակում ենք մենք հայտնված»։ ... «Ժողովուրդը պետք է իր սոցիալական հարցերի նկատմամբ լինի պահանջատեր։ Իմ նախագահության տարիների ընթացքում ամենաբարձր գնաճը եղել է երեք տոկոս, եղել են կայուն գներ, որեւէ բան չի փոխվել։ Այն ժամանակ մտածում էի, որ ամեն ինչ պետք է պլանավորվի մոտակա երեքից հինգ տարիների համար, որ ամեն ինչ կանխատեսելի լինի եւ բիզնեսմենի եւ գյուղացու համար, բայց պարզվում է, որ այս ամեն ինչը կարելի է անտեսել»։ ... «Մի բան պարզ պետք է լինի՝ ղեկավարը ստելու իրավունք չունի։ Ես նույնիսկ քրեական հոդված էի առաջարկում, որ եթե ղեկավարը ստում է, պետք է հեռացվի պաշտոնից, իսկ եթե այդ սուտը ծանր հետեւանքներ է բերում, նա պետք է պատասխանատվության ենթարկվի»։
19:59 - 30 ապրիլի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանում հարուցված քրեական հետապնդումների վերաբերյալ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարություն մասնավորապես ասվում է հետևյալը․ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»:
22:03 - 22 փետրվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ենթադրյալ կաշառք ստանալու գործով հերթական նիստի ժամանակ միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը մինչև ՍԴ որոշումը։   Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ Քրեական Դատավարությունը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Պաշտպանը պնդեց, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը, միևնույն ժամանակ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ «Մեղադրանքի վերաբերյալ մենք ունեինք առավելագույնը 10 հարց, և եթե դատախազները կպատասխանեին այդ հարցերին, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից», - նկատեց Խուդոյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի․ եթե համաձայն չեք, այդպես էլ մակագրեք։ «Իմ փաստաբաններն ասում են, որ նրանք էլ չեն հասկանում մեղադրանքը։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտականություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի՞ է, թե՝ ոչ։ Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց», - հայտարարեց Քոչարյանը։ Միջնորդությանը միացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ համարելով միջնորդությունը ոչ հիմնավորված։ Ըստ նրա՝ մեղադրանքի էությունը պետք է դատարանը պարզաբանի:
14:41 - 22 փետրվարի, 2022
Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը Բաքվի կողմից հետախուզվելու հայտարարությանը

Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը Բաքվի կողմից հետախուզվելու հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում սկսելու հայտարարությանը։ Հաղորդագրության մեջ ասվում է․   «Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:   Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:   Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ: Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:   Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:   Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:   Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»:
16:13 - 21 փետրվարի, 2022