Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ներքաղաքական և հասարակական բնույթի մի շարք հարցերի։ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու հարցին անդրադառնալով՝ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ, որ Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, կարծում եմ՝ պարոն Թովմասյանին շատ բնորոշ է այս քայլը»: Հարցին, թե արդյոք 2 ընդդիմադիր խմբակցությունների նիստերին չմասնակցելը միջազգային հանրության բացասական արձագանքին կարո՞ղ է արժանանալ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Պառլամենտարիզմը ենթադրում է, որ, օրինակ, երկու կամ երեք ընդդիմադիր ուժ կարող են քաղաքական քայլ անել և չմասնակցել, բոյկոտել, չքվեարակել, հանձնաժողով ստեղծել, դա նրանց դիրքորոշումն է, և դրա հիման վրա կարող է եզրակացություն անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ տեսնելով, օրինակ, ինքը ժամանակին գնացել քվեարկել է ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի համար, և մշտապես օրհասական պահին պատճառներ են գտնվում»: Անդրադառնալով ԲՀԿ, «Հայրենիք» ՀՅԴ  կուսակցությունների դատախազություն դիմելուն՝ Սիմոնյանն ասաց. «Դե, մի բան պետք է անեն, չգիտեմ՝ ինչ են անում։ Երբ հիմա տեսնում եմ այն գործողությունները՝ միանալը, հուշագրեր ստորագրելը, ինձ հիշեցնում է այն նույն շրջանը, որ երեսուն տարի ՀՀ-ի բոլոր ընդդիմությունները այդ շրջանով անցնում են, պտտվում, վիճում, հանդիպում, լուսանկարվում և այլն, և այլն։ Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որ հնարավորություն ունեին կամ ունեն այլ ձևով աշխատելու, այլ մարտավարություն ընտրելու, իրականությունը ճիշտ գնահատելու, այլ ոչ թե իրենց վճարած իրականությունը տեսնելով և դրան հավատալով, գործողություններ անելով՝ նույն ցիկլի մեջ են, նույն բաներն են անում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ փոխնախագահը ճեպազրույցում անդրադարձավ նաև որոշ ընդդիմադիր հեռուստաընկերությունների. «ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է, և ՀՀ-ում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի տարբեր նախկին իշխանության ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առուվաճառքի պայմանագրեր։ Դրանց մեջ մտան «5-րդ ալիք»-ը, «Արմնյուզ»-ը, եթե չեմ սխալվում, էլի շատ ու շատ բաներ»,- նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ այդ ամենը արվում է և արվել է՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար։ «Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ ստեղծվի իրականություն, և հետագայում քաղաքական գործիչները ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ։ Այդ լրատվամիջոցները ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը, և հետո իրենք դիտում են հեռուստաալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը ցածր է, իրենց վարկանիշը շատ բարձր է, իսկ իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։ Սիմոնյանը անդրադարձավ նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի առաջին ընթերցումից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հայտարարությանը՝ նշելով, որ հարցը քննարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ «Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի է ասել, որ ՀՀ-ի ամենափոքր մասն է, մի քանի տոկոսն է կազմում։ Դա այն վայրերն են, որտեղ փաստացի գոյություն չունի, օրինակ, Ucom ցանցը, Rostelecom ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը, և մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպես CNN-ն է, և ռուսական երկու երեք հեռուստաալիք։ Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկա ներառված որևէ երկրի, նույնիսկ ամենադաշնակից Բելառուսի կամ Հայաստանի հեռուստաալիքները, և դա նոնսենս է, որ մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որևիցե հեռուստաալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որ, այնուամենայնիվ, հայաստանյան մուլտիպլեքսում ռուսական որոշ հեռուստաալիքներ ներառվեն։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում: 
14:00 - 30 հունիսի, 2020
Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում․ Հայաստանում սով չի եղել և չի լինելու․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում․ Հայաստանում սով չի եղել և չի լինելու․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքը իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Միգուցե իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, միգուցե իրենց մոտ սով սկսի, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում սոցիալ- տնտեսական իրավիճակը շատ վատ է, և սով է սպասվում։  «Շատ շուտով, այդ քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, որը համարում եմ անընդունելի և շատ սխալ աշխատելաոճ, կարծում եմ շատ շուտով կավարտվի։ Խնդրում եմ ձեզ, 2-3 ամիս հետո այդ հարցը հիշենք և կտանք պարոն Ծառուկյանին հարցնենք՝ բա սով էր սկսվում, բա ո՞ւր է այդ խոստացված սովը»,- հավելեց Սիմոնյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից երեկ արված հայտարարության մասին,որտեղ վերջինս անդրադարձել էր Էդմոն Մարուքյանին,  Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանը պետք  է արձագանքի այլ ոչ թե ես։ Ես ընդհանարպես միտք չունեմ խառնվել այդ երկու անձանց բաց կամ փակ նամակագրոթյան մեջ։ Ես,  համենայն դեպս նման առիթ չեմ տեսնում, իրենք թող պարզեն, ով է ում պռոյեկտը եղել, եղել է, թե չի եղել։ Ես կարդացի նաև, որ Մինասյանն էր պատրաստակամություն հայտնել, որ ինքը լիներ Էդմոն Մարուքյանի պրոյեկտը։ Ինձ համար զավեշտալի էր նաև , որ Միքայել Մինասյանը «Բարգավաճ Հայաստանին» որպես ընդդիմություն էր դիտում և որպես ընդդիմություն էր հռչակում, ձգվում դեպի «Բարգավաճ Հայաստան»։ Ես կարծում եմ, որ դա զավեշտ է և նման արտահայտություններ անելը ի ցույց է դնում այն իրավիճակը, որի մեջ նա գտնվում է»։  Լրագրողների այն դիտարկմանը, որ Մինասյանը հայտարարել է, թե Հայաստանում միակ ընդդիմադիր ուժը ԲՀԿ-ն է, Սիմոնյանը ընդգծեց․ «Այդ պարատագայում ես կաառաջարկեմ Միքայել Մինասյանին հաջորդ ընտրություններին այդ ընդդիմության՝  «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով մասնակցի ընտրություններին։ Վստահ եմ, որ հաջողություն չի ունենա»։ Լրագրողի այն հիշեցմանը, որ վերջին շրջանում  Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել են, իսկ մյուս կողմից ազատության մեջ է արդեն Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե լայն կոնսոլիդացիա կարող է լինել այս անձնաց միջև և կարո՞ղ է առաջանալ  իշխանափոխության վտանգ։ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ իրեն քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում։  « Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակներ են այսօր։ Միակ մտահոգությունս այն է, որը կարծում եմ ավելի շատ բարոյական մտահոգություն է, իսկ իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի ՝ դա ժողովրդի զայրույթն է։ Ժողովրդի զայրույթն է, որը չի կարող հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն կամ փորձեն կրկին խաբել։ Նույն մարդիկ դեմքերը փոխում են գալիս ասում են՝ մենք կոնսոլիդացել ենք, ի՞նչ ասենք՝ կոնսոլիադանում եք   կոնսոլիադցեք։ Նաև մեկ այլ բան է անհանգստացնում, որ իրենք ընդդիմադիր դաշտը լցնում են իրենցով, լցնում են փողի հաշվին և չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժերը, որոնք անցյալի հետ կապ չեն ունեցել, կայանան։ Իրենք վնասում են  ավելի շատ ընդդիմադիր դաշտին , թույլ չտալով այդ  դաշտի կայացումը»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:54 - 25 հունիսի, 2020
Գործընթացները ունեն հստակ ժամկետներ, ամեն ինչ միանգամից լինել չի կարող, բայց որևէ մեկը թող չկասկածի, որ բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են․ Ալեն Սիմոնյան

Գործընթացները ունեն հստակ ժամկետներ, ամեն ինչ միանգամից լինել չի կարող, բայց որևէ մեկը թող չկասկածի, որ բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են․ Ալեն Սիմոնյան

Դատական համակարգում եղած խնդիրների մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար՝ կարիք չկա յուրաքանչյուր դատական նիստից հետո գնահատականներ տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։  Լրագրողների այն դիտարկմանը, որ տարբեր ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրակեղծարարության դեպքեր , օրինակ՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ հրապարակվեց  ձայնագրություն, այլ դեպքերում եղել են այլ փաստեր։ Հարցին, թե ինչու այս շրջանակը չի ընդլայվում, ինչո՞ւ նրանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդում չի սկսվում, այն դեպքում, երբ իշխող մեծամասնության անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։ Սիմոնյանը պատասխանեց․ «Որևիցե մեկը չի կարող ասել, որ այդ ամենի հետ կապված գործեր չեն լինելու։ Կոնկրետ մեր մեկ պաշտոնյայի հետ կապված գտնվել է հաշվետվություն, դրան ընթացք է տրվել և քրեական գործ է հարուցվել: Ինչ ասել է՝ եթե մեկի հետ կապված չկա,  մյուսի հետ կապված ինչո՞ւ  կա,  այսինքն՝ մենք չենք կարող մեկին մյուսի հետ համեմատել։ Գործել է երկու տարբեր մեխանիզմ՝ մի դեպքում պատգամավորներն են հոգացել կաշառքը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ և  ըստ արժանվույն ստացել են իշխանության իրենց մասնաբաժինը: Մյուս դեպքում գումար է տրվել, որ տվյալ տարածքում ձայներ հավաքվի և դրանց վերաբերյալ ներկայացվել է հաշվետվություն:  Կոնկրետ որևէ մեկին նկատի չունեմ և կարծում եմ՝ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը: Որևիցե մեկը թող չկասկածի, բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են: Հետևաբար՝ կարող էր լինել հակառակը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը  Զագրեբում, դրանից հետո՝ ինչ-որ քրեական գործ ՀՀԿ-ի նկատմամբ, դուք ինձ ասեիք էլի կան կուսակցութուններ, որոնց նկատմամաբ չեք կիրառում քրեական հետապնդում»։ Սիմոնյանը կրկին ընդգծեց, որ գործընթացները ունեն հստակ ժամկետներ և ամեն ինչ միանգամից լինել չի կարող։ Սիմոնյանը շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործընթացը դեռ շարունակվում է։   
15:20 - 22 հունիսի, 2020
Քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի մասին |armenpress.am|

Քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանին առնչվող նոր նախագծի քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: Սիմոնյանն այս մասին ասաց «Իմ քայլը»-ի նիստից հետո՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ առաջարկված նախագծով Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել ՍԴ անդամի պաշտոնում: Սիմոնյանը հորդորեց չշտապել: «Որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են առաջարկում տարբեր ժամանակներում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետի հետ չեն քննարկել նախագիծը: Սիմոնյանը նկատեց՝ ՍԴ հարցը լուծելու համար հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հնարվոր չէ այն անցկացնել: «Այս դեպքում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ստացավ պատգամավորների և ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելը: Բնական է, բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»,-ասաց նա: Սիմոնյանը չի կարծում, թե ՀՀ-ում կա մթնոլորտ, որ կարող է հանրաքվե անցկացվի, և այդ հարցը չլուծվի: «ՀՀ քաղաքացիներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին »,-կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը:
16:41 - 20 հունիսի, 2020
Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների․ Ալեն Սիմոնյան |lragir.am|

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների․ Ալեն Սիմոնյան |lragir.am|

lragir.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ «Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն այդ խնդրի հետ այսօր առնչվում են։ Եվ դուք տեսնում եք, որ այսօր միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների։ ՀՀ-ում ամեն օր բան է փոխվում, և մենք լիահույս ենք, որ վաղը հիվանդացության թվերի հետ կապված անկում կունենանք, և լուծում կգտնվի»,- նշեց նա։ Անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմը ՀՀ վարչապետին առաջարկե՞լ է թեստ հանձնել օդանավակայանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև վարչապետի աշխատակազմն է դրանով զբաղվում։ Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ դա չի կարող որևէ ձևով պատճառ կամ առիթ հանդիսանալ»։
15:25 - 20 հունիսի, 2020
Վիրավորելու համար 5 միլիոն, զրպարտության` 10 միլիոն դրամ փոխհատուցում. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը |hetq.am|

Վիրավորելու համար 5 միլիոն, զրպարտության` 10 միլիոն դրամ փոխհատուցում. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ցանկանում է սոցիալական ցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում: Նույն հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը. Հրապարակայնորեն ներողություն խնդրել: Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը. .Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: Նախագծի հիմնավորումներում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներից մեկին, ըստ որի քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես և քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք: Եւ որպես հիմնավորում նշվում է այն, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: «Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական և (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձրագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ, և կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով»,-ասված է նախագծում: Ըստ ԱԺ փոխխոսնակի` խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որևէ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով, և եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից: Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Ըստ նախագծի հեղինակի` ներկայում բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, բացառություն չէ  նաև անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը: Ըստ հիմնավորման` լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ ու ունի առևտրային ուղղվածություն:  Նախագծի համաձայն` առաջարկվող փոփոխությունները կապահովեն լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:  
12:02 - 20 հունիսի, 2020
ՌԴ դեսպանն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի. Ալեն Սիմոնյան |panarmenian.net|

ՌԴ դեսպանն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի. Ալեն Սիմոնյան |panarmenian.net|

panarmenian.net: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ՀՀ ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` ԲՀԿ-ի քաղաքական հետապնդման վերաբերյալ հայտարարություններին միջազգային արձագանքների մասին հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ արձագանք չունի։ Նա նշել է, որ իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպումը դեռ չի կայացել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Սիմոնյանը հիշեցրել է, որ հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը։ «Ես զրույց եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր, Ռուսաստանի Դաշնային ժողովի փախնախագահի հետ, և որևիցէ նման հարց չենք քննարկել: Իսկ մնացած գործընկերների առումով, այս պահի դրությամբ, ես որևէ արձագանք չունեմ»,-ասել է նա: ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ երբ խոսքը քրեական գործի մասին է, լուրջ գործընկերները, որոնք գիտեն իշխանությունների գործելաոճը, դժվար թե շտապեն և հախուռն հայտարարություններ անեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ: Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ:
19:11 - 18 հունիսի, 2020
Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան |shantnews.am|

Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան |shantnews.am|

shantnews.am: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ օրը ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի պատշաճ՝ նշելով, որ այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում: «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի, ավելի մասնագիտցված անձինք»: Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է նկատի ունենալ ավելի լուրջ, ավելի համապարփակ ներկայացվող զեկույցների և արձագանքների՝ օրինակ բերելով կրկին նախրդ օրը հնչած Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:    
13:58 - 18 հունիսի, 2020
ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին  |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ չէ` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դիմի Սահմանադրական դատարան, դատարանի գործող կազմը կքննի բարձրացված հարցը, թե ոչ:  Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ՍԴ դիմելու որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով:  Սիմոնյանը նախ կարծիք հայտնեց՝ ԲՀԿ-ի գործընկերները ևս մեծ հաշվով համաձայն են եղել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներ կան: «Ասում էին բազմիցս, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էին քվեարկել, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այստեղ այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի»,-ասաց Սիմոնյանը: 
15:34 - 17 հունիսի, 2020
Երբ մեզ մահակներով ծեծում էին, ԲՀԿ-ական պատգամավորները լռում էին․ դա էր անհամաչափ ուժը ․ Ալեն Սիմոնյան

Երբ մեզ մահակներով ծեծում էին, ԲՀԿ-ական պատգամավորները լռում էին․ դա էր անհամաչափ ուժը ․ Ալեն Սիմոնյան

Քանի որ իրադարձությունները իրավական են, գնահատականների շռայլություն չի եղել։ Ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն՝  ես տեսել եմ, որ մի քանի պատգամավորով փողոց են փակում և ոստիականները համոզելով, խնդրելով  նաև գրկելով փորձել են բացել փողոցը։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոսնակ Ալեն Սիմանյանը։  Վերջինս իր խոսքում նշեց, որ անհամաչափ ուժ կիրառվում էր նախկինում, երբ ջրցան մեքենաներով, մահակներով ծեծում էին իրենց, իսկ «Բարգավաճ Հայաստան » կուսակցության պատգամավորները լռում էին այդ ժամանակ և դա տևել է տասնամյակներ։ «Դա էր անհամաչափ ուժը ՝ էլեկտրիկ Երևանի ժամանակ, հեղափոխության ժամանակ, երբ ես և իմ գործընկերները վիրավորվեցինք և ընկանք հիվանդանոց։ Երեկ ուղղակի ոստիկանները փողոց էին փորձում բացել, ես չգիտեմ, թե այլ կերպ ինչպես կարող էին բացել փողոցը։ էլ չեմ ասում, որ այդ մեծ բիլակներով թիկնապահներին, մարդկանց, որոնք նույնիսկ մի քանի ոստիկանով չէին կարողանում բերման ենթարկել»,- ասաց Սիմոնյանը։ Պատգամավորը նշեց, որ ինքը չի տեսել, թե որևէ մեկին գետնին փռելով տանել չի տեսել։ Սիմոնյանի խոսքով այդ նույն պատգամավորները լռել են այն ժամանակ, երբ քաղաքացուն դատել են տոնածառի համար, երբ Հայաստանում քաղբանտարկյալներ են եղել։   «Հայաստանի Հանրապետության իշխանությունը որևէ մեկին ձերբակալելու քաղաքական որոշում կայացնել չի կարող, ինչպես չի կարող կայացնել որոշում, օրինակ՝ կազմակերպություններից մեկի կողմից պետական բյուջեից 30 միլիարդ դրամ պահել։ Չի կարող որոշում կայացնել ընտրությունների ընթացքում գումար բաժանել, սրանք այն տեղեկություններն են, որոնք պտտվում են համացանցում և կան։ Ես կարծում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է ավելի զուսպ  լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գան նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող։ Եվ թե՛ տիկին Զոհրաբյանը, թե՛ մեր մյուս գործընկերները պետք է զուսպ լինեն իրենց գնահատականներում։ Ստացում է այնպես , որ գնահատական է հնչում, մեկ էլ պարզվում է, որ իրականում այլ բան է տեղի ունեցել և մեր գործընկերները հայտնվում են մեղմ ասած ծիածղելի իրավիճակում»,-ասաց Սիմոնյանը։  Սիմոնյանը ի պատասխան լրագրողների դիտարկամը, թե ինչո՞ւ հենց այս փուլում տեղի ունեցան այս իրադարձությունները, երբ Ծառուկյանը հայտարարություն էր արել կառավարող ուժի վերաբերյալ։  Սիմոնյանը հակադարձեց՝ ինչո՞ւ Ծառուկյանը այդ հայտարարությունը արեց կորոնավիրուսի այս իրավիճակում։ Սիմոնյանը նշեց, որ դրա պատասխանն ակնհայտ է, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ մնացած գործընկերները, որոնց հետ կապած քրեական գործեր կան, իրենք բոլորը կարծում են, որ քաղաքական գործունեությամբ կարող են պատսպարվել քրեական գործերից։  «Պարոն Ծառուկյանի նկատմամբ քրեական գործերը հարուցվել են մինչև Կառավարության փոփոխության հետ կապված նրա հայտարարությունները: Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե պայքարելու է մինչև վերջ, տեղին չէ, քանի որ գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի: Իհարկե, հետ չի կանգնելու, որովհետև հետ կանգնելու տեղ չկա։ Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են։ Նույն այն փաստաթուղթը, որը երեկ շրջանառվում էր, իմ ունեցած տվյալներով գտնվել է շատ ավելի վաղ և այլ գործի շրջանակներում։  Քրեական գործը թող շարունակվի, եթե քաղաքական առումով գտնում է, որ պետք է պայքարի, թող պայքարի, իր խնդիրն է»:Ծառուկյանին հարցաքննության, տան խուզարկության մասին Սիմոնյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ որևէ քաղաքական որոշում չի կայացվել այդ առումով: Սիմոնյանը նշեց, որ  այդ մասին իմացել են Արման Աբովյանի տեսանյութից։ «Խորհրդի նիստ չենք արել, վիրավորական արտահայտություններ չենք արել, հիստերիկություն չենք արել, ինչպես անում էին պարոն Ծառուկյանի նախկին և ապագա  գործընկերները: Կա իրավական գործընթաց, որը շարունակվում է և շարունակվելու է»:Անդրադառնալով այն հարցին, թե Ալեն Սիմոնյանը նախկինում արել է արտահայտություն, թե բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի գործելաոճը, վերջինս նշեց, որ դա համակրանք համարել չի կարելի, քանի որ հայտարարությունը եղել է 2012 թվականին, երբ նա ասել է՝ Սերժ Սարգսյանի հետ կարող է մի ուժ պայքարել, որը Գագիկ Ծառուկյանն է: «Ես հիմա դա կրկնում եմ, եթե Գագիկ Ծառուկյանը 2012 թվականին որոշեր, որ ինքը կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, ապա նա իր համակարգով կարող էր անել»: Ըստ նրա՝ եթե իրավական համակարգն ունի կոնկրետ հաշվետվություն 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասով, չէին կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թուղթը պատռենք, հետ գցենք:  Պատգամավորը նշեց, որ նույն այգում հանդիպել են նաև Ծառուկյանը և Վանեցյանը, և վերջինս էլ չի հերքել այդ տեղեկությունը։ Սիմոնյանը նշեց, որ կառավարող ուժը վաղուց է իմացել նրանց հանդիպումների մասին և Ծառուկյանի կողմից արված հայտարարությունը չի կարող լինել այս ամենի պատճառը։ «Իրավական գործընթացները ունեն հստակ ժամկետներ։ Քաղաքական երանգներ տալը փորձ է սակարկումներ անելու, ինչը արվեց Սերժ Սարգսյանի օրոք: Վախենալու և անհանգստանալու ոչինչ չունենք, քանի որ ՀՀ քաղաքացիները մեզ պատվիրակել են օրենքն իրացնելու, իսկ մեր միակ գործընկերը ՀՀ քաղաքացին է», -եզրափակեց Սիմոնյանը:  
13:57 - 15 հունիսի, 2020
Պետհամարանիշերի փոփոխության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծի քննարկումը հետաձգվեց |hetq.am|

Պետհամարանիշերի փոփոխության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծի քննարկումը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում ԱԺ փոխխոսնակ  Ալեն Սիմոնյանի հեղինակած նախաձեռնությունն էր, որով նա առաջարկում է հնարավորություն ընձեռել մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների ընտրություն` սեփականատիրոջ ցանկությամբ: Գործող օրենքով, պետհամարանիշի ընդունված համակցությունը հետևյալն է` 2 թիվ, 2 տառ, 3 թիվ: Ալեն Սիմոնյանի առաջարկը կյանքի կոչվելու դեպքում այս օրինաչափությունը կարող է փոխվել: Նախագիծը հանրայնացվելուց հետո բավականին քննադատությունների ենթարկվեց, և հնչեցին մտահոգություններ, որ կարող են ցենզուրայից դուրս պետհամարանիշներ լինել: Այսօր արդեն նախագիծը քննարկման էր ներկայացվել գլխադասային հանձնաժողով, սակայն նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը չէր ներկայացել հանձնաժողով, չնայած նախագծի հարակից զեկուցող, ոստիկանպետի տեղակալ Տիգրան Եսայանը եկել էր նիստին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, քանի որ նախագծի հեղինակը բացակայում է, ապա իրավակարգավորումը պահանջում է հարցը հանել օրակարգից: «Երկու ամիս կհետաձգվի` մինչև նախագծի հեղինակը կայացնի որոշում»,-ասաց Քոչարյանը: Այսպիսով, նախագծի քննարկումը հետաձգվեց:
11:14 - 15 հունիսի, 2020
Ի տարբերություն 2015 թվականի՝ այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու․ Ալեն Սիմոնյան

Ի տարբերություն 2015 թվականի՝ այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու․ Ալեն Սիմոնյան

Պարոն Ծառուկյանն ազնիվ էր, երբ ասում էր, որ ինքը մինչև վերջ գնալու է, որովհետև, ի տարբերություն 2015 թվականի, այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու և չի աշխատում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօրվա իրադարձություններին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այսօր տեղի ունեցող գործընթացը լիովին իրավական է, և չի հաջողվելու գործընթացին քաղաքական երանգ տալ։ «Մինչև օրս եղած դեպքերը վկայում են, որ զուտ իրավական պրոցես է։ Քրեական գործը և քրեական գործի մանրամասները, որի մասին խոսում են այսօր, եղել են ավելի շուտ, քան  պարոն Ծառուկյանի քաղաքական քննադատությունը»,- նշեց նա։ Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ 2017-ի ընտրությունների վերաբերյալ համացանցում հայտնված փաստաթղթերին։ Նա ենթադրում է, որ այդ փաստաթղթերը կան ոչ միայն համացանցում, այլև  իրավապահ մարմինների մոտ։ «ՀՀ որևիցե քաղաքացի չի մոռացել, թե ընտրությունները ՀՀ-ում ինչ մեխանիզմներով էին տեղի ունենում։ Փաստաթղթերը, որոնք հրապարակվել են համացանցում, հենց դրա ապացույցն են։ Սպասենք, կտեսնենք՝ արդյո՞ք կստացվի, որ այդ փաստաթղթերը կեղծ են»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություններ տարածեց։ Հայտարարություններից մեկի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Ըստ ԱԱծ-ի հաջորդ հայտարարության՝ բացահայտվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր: ԱԱԾ-ի դիմաց, որտեղ Գագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է, նրա աջակիցները հավաք են անցկացնում։          
21:04 - 14 հունիսի, 2020
ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությանն ուղղված հայտարարությունը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նախկինում այդպիսի հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ծառուկյանի հայտարարությունը: Անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին Ծառուկյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց. «ՀՀ-ում իշխանությունը, կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը կարծում եմ, որ հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ երկար տարիներ: Եվ նման հայտարարություններով միգուցե ինչ-որ սակարկումների, խոսակցությունների և ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում սա այդ դեպքը չէ»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափ ուրախալի էր: «Այն, ինչ որ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում: Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր կօգտվեն, կօգտվեն, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր՝ ոչ, ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, երբևիցե իրենց չենք դավաճանել և չենք դավաճանելու»,-ասաց նա ու նշեց՝ իսկ մնացածը ճաշակի և քաղաքական հիշողության, բնազդների հարց է: Նա շեշտեց՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու: Սիմոնյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Սիմոնյանը կարծում է, որ այն ուժերը, օրինակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը, հանրապետականները, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, բոլորը պայմանավորվածության են հանգել մեկ ընդհանուր ճակատով հանդես գալու: Սիմոնյանը նշեց. «Ես վստահ եմ, որ երեկ հնչած այն արտահայտությունը, թե պատրաստ են քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությունը: Շատ տարբեր ինֆորմացիաներից ելնելով, ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, այդ խոսակցություններն արդեն տեղի են ունեցել: Մեզ համար, ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի ճիշտ ու լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով ով է: Քանի որ շատ հաճախ քաղաքական պրոցեսներն ԱԺ-ում, օրինակ, թաքնվում են ինչ-որ իրավական ձևակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ ոչ հաճախ են խորանում»: ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի եղել, չկա և չի կարող լինել: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել`մասնավորապես նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:
19:49 - 06 հունիսի, 2020
Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը |pastinfo.am|

Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, վերադարձրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ քաղաքագետ, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանի։  Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հայց էր ներկայացրել ընդդեմ Գարեգին Պետրոսյանի՝ պահանջելով վերականգնել իր պատիվն ու արժանապատվությունը։ Նույն օրն այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Ամալյանին։ Մայիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին՝ նշելով, որ այն ընդդատյա չէ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին։ Խնդիրն այն է, որ ԱԺ փոխնախագահի կողմից ներկայացված հայցադիմումում պատասխանողի հասցեն նշված է Սյունիքի մարզում, հետևաբար՝ հայցն ընդդատյա է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Պետրոսյանն ապրիլի 19-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, թե Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը։
13:49 - 30 մայիսի, 2020
Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ, ուստի վերադառնալուց հետո չեմ ինքնամեկուսացել․ Ալեն Սիմոնյան

Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ, ուստի վերադառնալուց հետո չեմ ինքնամեկուսացել․ Ալեն Սիմոնյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար 2020 թվականի մայիսի 21-22-ը ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ գործուղվել էին Արցախ։  Լրատվամիջոցներում ու համացանցում պտտվող՝ երդմնակալության օրվա լուսանկարները բազմաթիվ քննադատությունների եւ հանրային վրդովմունքի առիթ դարձան, քանի որ դրանցից որոշոներում պաշտոնյաները սոցիալական հեռավորություն չէին պահել, երբեմն էլ պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով չէին։  Այս քննադատությունների արձագանքը չուշացավ։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով եւ պարզաբանեց, որ Արցախի պարետի որոշումների եւ մեր որոշումների մեջ կտրուկ տարբերություն կա․ «Այնտեղի թվերի եւ այստեղի թվերի մեջ էլ զգալի տարբերություն կա: Լուսանկարն արվել է բաց տարածությունում, բացի այդ, Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան: Հասկանալի է, իհարկե, զայրույթն ու հարցերը, որ երեկվանից քննարկվում են: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է հաշվի առնել կանոնները, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումն ու իրավիճակի այս նկարագիրը հասկանալի են»: Պաշտոնյաներն արդեն վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։ Վերոնշյալ պարզաբանումներից հետո Infocom-ը փորձեց հասկանալ՝ նրանք ենթարկվո՞ւմ են ՀՀ պարետի որոշումներին, քանի որ դրանցից մեկի՝ N81 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար, եւ նույն որոշման մեջ Արցախի Հանրապետությունը որպես բացառություն նշված չէ։ Որոշ պատգամավորերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ «Իմ քայլը» խմբակցությունից տեղեկացանք, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ինքնամեկսուացել։ Զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ, նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս պատասխանեց, որ չի ինքնամեկուսացել։ Մեր հարցին, որ պարետի վերոգրյալ որոշմամբ սահմանվում է ինքնամեկուսացման պահանջ, արդյոք չի՞ խախտվում նորմը, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։ «Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ»,- ասաց Սիմոնյանը։ Մեր դիտարկմանը, որ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ նախօրեին հայտարարեց, որ Արցախում գործում են բոլորովին այլ կանոններ ու կարգեր, այլ սահմանափակումներ, եւ որ ի վերջո այնտեղ պարետն ուրիշ պաշտոնյա է, պատգամավորն արձագանքեց․ «Ըստ Infocom-ի եւ ձեզ՝ Արցախն ուրի՞շ երկիր է։ Դուք մեկնաբանում եք ձեր ուզած ձեւով։ Այո, Արցախն ունի իր իշխանությունները եւ այնտեղ գործում են այլ կանոններ։ Ուստի, ներողություն եմ խնդրում, բայց ձեր շահարկումը չեմ հասկանում։ Դուք նշում եք, որ ես ասել եմ՝ այլ կանոններ են գործում, եւ, միեւնույն ժամանակ, Արցախն անվանում եք այլ երկիր։ Եթե այլ երկիր է, դա՝ ուրիշ խոսակցություն, եթե ոչ, ապա՝ ոչ։ Պարետի լիազորություններն ու գործողությունները ՀՀ տարածքին են վերաբերում։ Եւ ձեր մեջբերած օրինակը վերաբերում է արտերկրին։ Եթե Արցախը որպես բացառություն նշված չէ, եթե օրենքում որեւէ բանի մասին գրված չէ, դա նշանակում է՝ դրա հետ կապված որեւէ կարգավորում չկա, եւ ձեր մեկնաբանությունն ընդհանրապես տեղին չէ»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ Արցախն այլ երկիր չէ, Արցախն ունի իր կանոնները․ «Եւ պարետի որոշմամբ որեւէ մարզում, օրինակ Սյունիքում, կարող են գործել այլ կանոններ, այդ դեպքում Սյունիքից գալիս ես պետք է մեկուսանա՞մ, իհարկե ոչ։ Բացի այդ, պաշտոնատար անձինք, պատգամավորները մեկնելիս 3-5 օրը մեկ անցնում են ստուգում, եւ Արցախում գործող որեւէ կանոն եւ սահմանափակում չի խախտվել, ինչպեւ նաեւ ՀՀ-ում գործող։ Ուստի հարցնել՝ ես ինքնամեկուսացե՞լ եմ, շատ սխալ միտում եւ շատ սխալ հարց է իմ գնահատմամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Հայարփի Բաղդասարյան
16:17 - 23 մայիսի, 2020