Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում. FIP.am-ը հրավիրում է հարցազրույցի |fip.am|

Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում. FIP.am-ը հրավիրում է հարցազրույցի |fip.am|

fip.am։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին կրկին անդրադարձել է FIP.am-ի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հրապարակմանը։ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է «Հայէկոնոմբանկից» իրեն տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է, որ 2018 թ. հունիսի 8-ին Սիմոնյանի պլաստիկ քարտին բացվել էր 16,000 դոլար գումարով վարկային գիծ։ Նույն օրն էլ վերոնշյալ գումարը կանխիկացվել է ամբողջությամբ։ Ըստ Սիմոնյանի, իր RANGE ROVER EVOQUE մեքենան ձեռք է բերել հենց այս գումարի ներգրավմամբ։Ալեն Սիմոնյանն ավելի վաղ նշել էր, որ RANGE ROVER EVOQUE ավտոմեքենան գնել է հունիսի 12-ին 25,500 դոլարով։ Ըստ Սիմոնյանի պնդումների, նա իր նախկին MITSUBISHI ASX ավտոմեքենան վաճառել է 11,500 դոլարով։ Իսկ մնացած գումարը վճարել է վարկային գծով տրամադրված միջոցների հաշվին (16,000 դոլար)։Սակայն Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած բանկային տեղեկանքը և դրա վերաբերյալ մեկնաբանությունը նոր հարցեր են ի հայտ բերում՝ կապված ԱԺ փոխխոսնակի հայտարարագրերում առկա տվյալների հետ։Ալեն Սիմոնյանը պնդում է, թե «այդ ժամանակ (մեքենան գնելու ժամանակ-խմբ.) իր միջոցները չեն բավականացրել, և դիմել է այն բանկին, որտեղ տարիներ շարունակ ունեցել է հաշիվ, և խնդրել է վարկային գիծ (overdraft) բացել»։ Մինչդեռ Սիմոնյանի՝ միջոցներ չունենալու մասին հայտարարությունը չի համապատասխանում իր հայտարարագրերում ներկայացված տվյալներին, քանի որ մայիսին՝ պաշտոնը ստանձնելու օրվա հայտարարագրում, որն Էթիկայի հանձնաժողով է ներկայացվել հունիսին, հստակ նշված է, որ Ալեն Սիմոնյանն ունեցել է 16,200 դոլար և 2 մլն դրամ։ FIP.am-ը, հավանաբար, հետաքննություն չէր իրականացնի, եթե Ալեն Սիմոնյանը պատշաճ կերպով ներկայացներ իր հայտարարագրերը։ Բանկից նոր վարկային գիծ ներառելով՝ ԱԺ փոխնախագահն այդ մասին չի ներկայացնում իր հայտարարագրերում, մինչդեռ այն, ըստ կարգի, պետք է ներկայացվեր նոյեմբերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տարեկան հայտարարագրում։ Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստերը ճիշտ են, ապա ինքը նաև սխալ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ՝ թաքցնելով 16 հազար դոլարի վարկը:Եթե հաշվի առնենք, որ վարկային գիծը ներգրավվել է մինչև հունիսի 15-ը, այսինքն՝ Էթիկայի հանձնաժողով Ալեն Սիմոնյանի կողմից հայտարարագիր ներկայացնելու օրը, ապա գոնե այդ փաստաթղթում, թեկուզ շփոթվելով, ինչպես, Ալեն Սիմոնյանի պնդմամբ, եղել է մեքենայի դեպքում, պետք է նշում լիներ նաև 16,000 դոլար վարկային պարտավորության մասին։ Իսկ հայտարարագրում նշված է 14 մլն դրամ փոխառություն (այն ներգրավվել է բնակարան ձեռք բերելու համար)։ Հաշվի առնելով ԱԺ փոխնախագահի հայտարարագրերում առկա տվյալները՝ FIP.am-ի թիմը ի գիտություն է ընդունում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշածը, սակայն պնդումը, որը ԱԺ պատգամավորի հայտարարագրերում կեղծ տվյալներ կան, մնում է իրական (և էլ ավելի է հիմնավորվում)։ Խմբագրությունը հրավիրում է Ալեն Սիմոնյանին դեմ առ դեմ հարցազրույցի, որը կհեռարձակվի առանց խմբագրման, ցանկության դեպքում՝ ուղիղ եթերով, FIP.am-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։
10:15 - 03 հունիսի, 2019
Ալեն Սիմոնյանը, ըստ էության, հաստատել է ապօրինի հարստանալը. Դանիել Իոաննիսյան

Ալեն Սիմոնյանը, ըստ էության, հաստատել է ապօրինի հարստանալը. Դանիել Իոաննիսյան

Նախօրեին Փաստերի ստուգմանը հարթակը հրապարակել էր Սիմոնյանի հայտարագրերի ուսումնասիրությունը և հանգել եզրակացության, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել ապօրինի հարստացումը թաքցնելու համար:Ալեն Սիմոնյանն այդ ուսումնասիրությունն անհեթեթություն է անվանել:Իոաննիսյանը պատասխանել է Սիմոնյանին.«Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու օրոք։ Սա, արդեն, հանցագործություն է, որը, ենթադրաբար, արվել է, որ մարդիկ չիմանան, որ թանկարժեք մեքենան Ալենը ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ ու չհարցնեն, թե որտեղի՞ց։2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժեքը։Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»։
08:14 - 01 հունիսի, 2019
Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում |fip.am|

Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում |fip.am|

fip.am: Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, և դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2018 թ. մայիսից դարձել է ԱԺ պատգամավոր։ Նա 2018 թ. հունիսի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա (16.05.2018) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։ Այստեղ ներառված տվյալները մի շարք հարցեր են առաջացնում։Կնոջ հայտարարագրի բացակայությունը Փոխկապակցված անձանց թվում ԱԺ պատգամավորը նշել է անչափահաս երկու զավակներին և կնոջը՝ Մարիամ Մարգարյանին։Վերջինս, սակայն, Էթիկայի հանձնաժողով մինչ այժմ հայտարարագիր չի ներկայացրել, ինչը կասկածի տակ է դնում ԱԺ պատգամավորի ունեցվածքի մասին հայտարարագրում ներկայացված տվյալների լիարժեքությունը։Հատկանշական է, որ Մարիամ Մարգարյանը, պայմանավորված ամուսնու նոր պաշտոնով (2019 թ. հունվարի 14-ից Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նախագահի տեղակալն է), պետք է տարեկան հայտարարագիր ներկայացներ մինչև ս.թ. մարտի 31-ը։ Սակայն տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 31-ը։ Ուշագրավ է, որ այլ պատգամավորների ընտանիքի անդամները վաղուց ներկայացրել են տարեկան հայտարարագրերը։ Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի անգամ անչափահաս զավակներն են հայտարարագրեր ներկայացրել։Նշենք, որ հայտարարագրի չներկայացնելը վարչական իրավախախտում է՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։Կեղծ հայտարարագիրըԱլեն Սիմոնյանն ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա (16.05.2018) դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է 2012 թ. արտադրության RANGE ROVER EVOQUE 2.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Սակայն Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան նա ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո՝ հունիսի 12-ին: Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է RANGE ROVER մակնիշի մեքենա, սակայն շուրջ 12 մլն դրամ արժողությամբ շարժական գույքը (Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ մեքենան գնել է 25,500 դոլարով) ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ: Իրականում պաշտոնը ստանձնելիս նա ունեցել է 2011 թ. արտադրության MITSUBISHI ASX մակնիշի մեքենա: Ըստ այդմ՝ Ալեն Սիմոնյանն ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել, ինչը Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է (hայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Եթե Ալեն Սիմոնյանը պատահաբար է շփոթել պաշտոնը ստանձնելու և հայտարարագիր ներկայացնելու օրերը, և սխալը իսկապես դիտմամբ չի արվել (սա պետք է դեռևս քննվի հանձնաժողովի կողմից), ապա շփոթմունքի համար նախատեսված է միմիայն վարչական տուգանք։ Ապօրինի հարստացման կասկածներՀաճախ պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս փորձում են ավելի շատ (նաև ավելի թանկ) ունեցվածք հայտարարագրել, որպեսզի հետագայում ապօրինի կերպով հարստանալիս ներկայացնեն դա որպես «նախկինում արդեն իսկ առկա ունեցվածք» (ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է, եթե այն տեղի է ունեցել պաշտոնավարման ժամանակ): Այժմ փորձենք հասկանալ, թե որքանով է այս դեպքն ապօրինի հարստացման օրինակ, և ինչն է Ալեն Սիմոնյանը ցանկացել թաքցնել՝ կեղծ հայտարարագրեր ներկայացնելով։ 2018 թ. մայիսի 16-ի դրությամբ, համաձայն Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Ալեն Սիմոնյանն ունեցել է 2 մլն դրամ և 16,200 դոլար: 2018 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, ԱԺ պատգամավորն ունեցել է 2․5 մլն դրամ և 18,500 դոլար: Այսինքն` շուրջ կես տարում Ալեն Սիմոնյանը «հարստացել» է մոտ 3,300 դոլարով: Նույն ընթացքում Ալեն Սիմոնյանը ստացել է մոտ 2․7 մլն դրամի (մոտ 5600 դոլար) չափով աշխատավարձ՝ որպես ԱԺ պատգամավոր: Եթե հայտարարագրում նշված տվյալները ճիշտ են, ապա ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը վեց ամսում ծախսել է մոտ 1.2 մլն դրամ կամ ամսական 200,000 դրամ։ Մինչդեռ ԱԺ պատգամավորն ունի բանկից վերցրած փոխառություն, որն իրենից ենթադրում է նաև ամսական լրացուցիչ վճարումներ։ Այլ կերպ ասած՝ պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանն անձնական խնայողություններով կամ աշխատավարձով չէ, որ գնել է RANGE ROVER-ը: Դա, ըստ էության, հաստատել է նաև ինքը՝ Ալեն Սիմոնյանը, ասելով. «Մեքենան գնվել է անցած տարվա հունիս ամսին իմ նախորդ մեքենայի (2011 թ. արտադրության MITSUBISHI ASX 2.0L, որը ձեռք էր բերվել 2016 թ. օգոստոսին — խմբ.) վաճառքից գոյացած գումարով և «Հայէկոնոմբանկից» վարկային միջոցների ներգրավմամբ»։Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկանքի համաձայն, Ալեն Սիմոնյանը RANGE ROVER-ը գնելու նախորդ օրը՝ 2018 թ. հունիսի 11-ին, իսկապես վաճառել է MITSUBISHI ASX 2.0L մակնիշի ավտոմեքենան, որի շուկայական արժեքը մոտ 9-11 հազար դոլար է: Այսինքն, Ալեն Սիմոնյանին պետք էր ևս մոտ 15,000 դոլար՝ հունիսի 12-ին RANGE ROVER EVOQUE 2.0 մակնիշի մեքենան գնելու համար:Հատկանշական է, որ մամուլում առկա հրապարակումների համաձայն, Ալեն Սիմոնյանն իր RANGE ROVER մակնիշի այդ մեքենան նվեր է ստացել «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանից՝ բուքմեյքերների մասին հայտնի օրենսդրական նախաձեռնության համար:Վարկային միջոցներԱնդրադառնանք «Հայէկոնոմբանկից» ստացված վարկային միջոցներին։ Ինչպես երևում է 2018 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ԿԸՀ-ին տրամադրած գույքի և եկամուտների մասին թեկնածուի հայտարարագրում (հաշվետու ժամանակաշրջան է վերցված 01.11.2017 — 01.11.2018), Ալեն Սիմոնյանը 14 մլն դրամ փոխառություն (վարկ) է ստացել։ Սակայն նույն վարկը երևում է նաև վեց ամիս առաջ՝ 2018 թ. ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու (16.05.2018) հայտարարագրում: Այսինքն, Ալեն Սիմոնյանն այդ վարկով չէ, որ ձեռք է բերել RANGE ROVER-ը։ Տրամաբանական չէ վերցնել վարկ, չoգտագործել այն մի քանի ամիս և վճարել դեռևս չօգտագործվող վարկի համար տոկոսներ։ Բացի այդ, համաձայն Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերի, 2017 թ. մայիսի 30-ին Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը, «Հայէկոնոմբանկից» վարկային միջոցների ներգրավմամբ, «Գրադինվեստ» ՍՊԸ-ից ձեռք են բերել համատեղ անշարժ գույք՝ Երևան քաղաքի Մ. Եկմալյան 1/1 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքում, որի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2017 թ. օգոստոսի վերջին։ Այս բնակարանի արժեքը եղել է շուրջ 21 մլն դրամ (մեկ այլ հետաքննության թեմա է, թե ինչպես է պատգամավորին հաջողվել Երևանի կենտրոնում մոտ 44,000 դոլարով ձեռք բերել շուրջ 77 քմ տարածքով բնակարան — խմբ.)։ Գույքի ձեռքբերման համար Ալեն Սիմոնյան-Մարիամ Մարգարյան ամուսնական զույգը «Հայէկոնոմբանկից» ստացել է ուղիղ 14 մլն դրամ հիփոթեքային վարկ։ Մնացած մասը վճարվել է զույգի ունեցած դրամական միջոցներից։ Հարկ ենք համարում նշել, որ 2017 թ. ապրիլի 1-ի դրությամբ Ալեն Սիմոնյանն ունեցել է 56,000 դոլար (տեսանելի է հայտարարագրում — խմբ.) և անշարժ գույքի ձեռքբերման համար, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են այդ միջոցները։Ընդհանրապես, հայտարարագրերից անհասկանալի է, թե որտեղ է անհետանում Ալեն Սիմոնյանի ունեցած 56,000 դոլարից 40,000-ը։ Շուրջ մեկ տարում՝ 2017 թ. ապրիլի 1-ից 2018 թ. մայիսի 16-ն ընկած հատվածում, ԱԺ փոխնախագահի դրամական միջոցները նվազում են՝ հասնելով 16,200 դոլարի։ Վերոնշյալ գումարի մի մասը, հավանաբար, օգտագործվել է 2017 թ. մայիսին ձեռք բերված բնակարանի արժեքի 30% կանխավճարը (ավելի քան 7 մլն դրամ) տալու համար, իսկ մնացած մասը (մոտ 25,000 դոլար) ոչ մի տեղ չի երևում։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ այդ գումարով RANGE ROVER-ը չէր կարող գնվել, քանի որ ավտոմեքենան ձեռք է բերվել 2018 թ. հունիսին, իսկ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն արդեն վերոնշյալ գումարը չկա։Այսպիսով՝ 2017 թ. մայիսին Ալեն Սիմոնյանը 14 մլն դրամի վարկային փոխառություն է ստացել բնակարանի ձեռքբերման համար։ Գումարը, ըստ վարկային պայմանագրի, չէր կարող օգտագործվել այլ նպատակով։ Մինչ այդ Ալեն Սիմոնյանն անշարժ գույք չի ունեցել, ինչը երևում է 2017 թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու հերթական ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում։ Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրերում երևացող միակ վարկը՝ 14 մլն դրամի չափով, ծախսվել է հենց բնակարանի ձեռքբերման վրա և չէր կարող օգտագործվել նաև RANGE ROVER-ի գնման համար:Ըստ էության, կա՛մ Ալեն Սիմոնյանը հայտարարագրերում կեղծ տվյալներ է ներկայացրել իր ունեցած վարկի մասին, կա՛մ RANGE ROVER-ի ձեռքբերումն իրապես հանդիսացել է ապօրինի հարստացում: Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով, ապօրինի հարստացումը հանցագործություն է, եթե գույքի չհիմնավորվող ավելացումը գերազանցում է 5 մլն դրամի շեմը: Սիմոնյանի դեպքում, եթե առկա է ապօրինի հարստացում, ապա խոսքը մոտ 7 մլն դրամի մասին է (RANGE ROVER-ի գնման և MITSUBISHI-ի վաճառքի գների տարբերությունը):Հարություն Ծատրյան
13:23 - 31 մայիսի, 2019
ԱԺ-ն քննարկում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը |tert.am|

ԱԺ-ն քննարկում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նախագծվ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը։ Նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախագծով սահմանվում է անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանի և Մեղրիի տարածքում, այն էլ սահմանված վայրերում։ Նաև նախատեսում է սահմանափակումներ, որ ամուսինները կարող են դատական կարգով արգելել միմյանց մուտք գործել խաղասրահ, նաև տարիքային սահմանափակում է դրվում՝ 21 տարին լրացված անձինք կարող են մտնել խաղասրահ, ինչպես նաև կանխիկով գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում, և դա հնարավոր է թույլատրված բեթշոփերի պարագայում։Ալեն Սիմոնյանը նշեց, որ Կառավարության կողմից նախագիծն ստացել է դրական եզրակացություն և բյուջեի վնասն աննշան է արձանագրել։ «Հավելեմ նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի նոյեմբեր ամսից, բայց դա չի վերաբերելու ավտոմատացված այն ապարատներին, որոնք գազալցակայաններում են տեղադրված, որոնք բողոքի ալիք են բարձրացրել։Ալեն Սիմոնյանը նշեց, որ ոլորտը գտնվում է վատ վիճակում, և յուրաքանչյուր ուսումնասիրությունից չեն կարողանում հստակ թիվ ասել, շուրջ 1300 աշխատող կարող է լինել ոլորտում, և մոտ 700 աշխատակցի կարող է վերաբերել։ Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ-ում մոտավորապես 63 000 մարդ համարվում է խաղամոլ: Նրանցից շուրջ 3000 մոլի խաղացող են:
12:15 - 31 մայիսի, 2019
Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու կապված է նախկին իշխանության հետ, թե ՀՀ օրենքի հետ․ Ալեն Սիմոնյան

Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու կապված է նախկին իշխանության հետ, թե ՀՀ օրենքի հետ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ժխտում է այն կարծիքը, թե դատական բարեփոխումների փաթեթը օրակարգ մտցվեց միայն այն ժամանակ, երբ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։«Ես կարծում եմ, որ հիմա այն փուլն է, որ ԱԺ-ն լիակատար գործում է և կարող է զբաղվել այս հարցով։ ԱԺ-ում մենք իշխանություն ենք վերջին հինգ ամսվա ընթացքում։ Դուք ասում եք, որ Քոչարյանի հետ կապ ունի, բա Քոչարյանին մի անգամ էլ էին բաց թողել, բա ինչո՞ւ չարեցինք դատական բարեփոխումների փաթեթը։ Բազմաթիվ գործեր կան, պարզապես Քոչարյանի գործը աղմկահարույց է։ Եկեք չկապենք իրար։ Այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խմբի մարդիկ, առաջինը քաղաքական ուժ ներկայացնող մարդիկ են, երկրորդը ովքեր վճարվում են, որ քաղաքականությամբ զբաղվելու տեսիլք ստեղծեն, ովքեր զբաղված են մեր դեմ փողով հոդված գրելով»,- Սարդարապատում ասաց նա լրագրողների հետ զրույցում։Անդրադառնալով դատավորներին վեթինգի ենթարկելուն՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որևէ վատ բան չի տեսնում դրա մեջ, ավելի դեմ չէ նաև որպեսզի բոլոր պետական պաշտոնյաները ևս վեթթինգի ենթարկվեն, այդ թվում՝ պատգամավորները։«Ես որևիցե խնդիր չունեմ նման գործելաոճ կիրառելու, բոլորս էլ գիտենք որ ՀՀ-ում բոլոր հարուստ մարդիկ եղել են պետական պաշտոնյաները։ Եթե առաջարկվի պատգամավորներին վեթթինգ անել, ես խնդիր չեմ տեսնում»։Իսկ արդյոք պետք է հրաժարական տա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․«Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու կապված է նախկին իշխանության հետ, թե ՀՀ օրենքի հետ»։ Իսկ թե կոնկրետ ինչպե՞ս պետք է ապացուցի, Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում լրագրողների գործունեությունը սհամանափակելուն ԱԺ-ում և ինչ է քննարկվել «Իմ քայլում», ԱԺ փոխխոսնակը նշեց․«Ես նման բանից տեղյակ չեմ, կարծում եմ, լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակել, գուցե մշակվի համակարգ, լրագրողների աշխատանքը կազմակերպելու համար, գուցե հատուկ սրահ լինի բրիֆինգների համար, ես չգիտեմ։ Անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին՝ Ալեն Սիմոնյանը ավելացրեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները։ Հարցին, թե գուցե հանձնաժողովի անդամները լինեն չծառայած անձիք, ԱԺ փոխխոսնակը նշեց․ «Բանակում չծառայած մարդկանց քիչ է պետք շահարկել։ Ես անձամբ ծառայել եմ և եթե առաջարկեն լինել հանձնաժողովի անդամ, կհամաձայնեմ։ Այդ դեպքերի ժամանակ կար շատերիս հետաքրքրող հարցեր, կային մտահոգություններ և մենք պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ։ Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկն ասաց՝ տանկի մեջ վառելիք չկար, պետք է նման բաները անհետևանք չմնա, որ այսուհետ բոլորն իմանան, որ ամեն ինչ արվել է ՊՆ կողմից, պետության կողմից»։
07:13 - 28 մայիսի, 2019
Ոչ մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» Հանրապետության հրապարակը ցանկության դեպքում նորից կլցնի. Ալեն Սիմոնյան |aysor.am|

Ոչ մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» Հանրապետության հրապարակը ցանկության դեպքում նորից կլցնի. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am։ Այսօր խորհդրարանում լրագրողները Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հուշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ։ «Ներողություն, էդ 1100 մարդ, որ ասում են, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի վախտ, որ ասում էին՝ դե լավ, հրապարակում քիչ մարդ կա։ Խոսքն այն մասին է, որ ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնի, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ Այդուհանդերձ, ըստ Սիմոնյանի, այն, որ բոլոր դատարանները փակ են եղել ու չեն աշխատել «խոսուն է». «Մենք որ մեր քայլերը սկսում էինք, 10-13 հոգի էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց կարծիքը, չէ՞»։ Անդրադառնալով վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին, ԱԺ փոխնախագահը պնդեց, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել։  «Դա քաղաքական ակցիա էր։ Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի էր ունեցել նաև հեղափոխության օրերին», - ասաց ԱԺ փոխնախագահը։
09:30 - 22 մայիսի, 2019
Որեւիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ–ի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին |news.am|

Որեւիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ–ի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին |news.am|

news.am: Որեւիցե երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի գործողությանն ու ներքին գործերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսական որոշ լրատվամիջոցներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ որդեգրել չեզոք դիրքորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ: Լրագրողի հարցին՝ Ռուսաստանի կողմից Քոչարյանի նկատմամբ սատարում ԱԺ փոխնագահը չի տեսնում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ «Ռուսաստանի կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է, վերջիվերջո դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես մենք չենք խառնվում որեւիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որեւիցե այլ երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի, մնացած օրենքների գործողությանն ու ներքին գործխերին։ Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է եւ հետեւություններ մեր գործընկերները կանեն»։
10:20 - 23 ապրիլի, 2019
Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան |aysor.am|

Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am: Այս տարի ՀՀ-ում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հստակ ժամկետներ ԱԺ փոխնախագահը չմատնանշեց, իսկ դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո արդեն շուրջ մեկ տարի է անցել և ինչու այս ժամանակահատվածում Պուտինի այց Հայաստան չեղավ, Սիմոնյանը նշեց, որ ՌԴ նախագահի այցերի պլանավորման համար բավականին երկար ժամանակ է նախատեսվում: «Կարող եմ ձեզ ասել, որ այս տարվա մեջ մենք այց կունենանք և ոչ միայն ՌԴ նախագահի մակարդակով: Կարծում եմ՝ ՌԴ նախագահի այցերը բավականին երկար ժամկետով են նախատեսվում, իսկ այն, ինչ մի տարի առաջ տեղի ունեցավ Հայաստանում, դրան հետևեցին ընտրությունները, հետևաբար սա զուտ տեխնիկական պատճառ է եղել: Դուք շատ լավ գիտեք, որ շփումները երկու երկրների ղեկավարների միջև ամենահաճախակի և ամենաջերմ բնույթն են կրում, և ինչպես արդեն ասացի, այս տարի ոչ միայն ՌԴ նախագահի այլ տարբեր երկրների ներկայացուցիչների այցերն են նախատեսվում Հայաստան», - ասաց Սիմոնյանը:
09:45 - 23 ապրիլի, 2019
Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին՝ հնարավորություն եւ հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը: Ցուցարարների հետ հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ցուցարարների հետ հոգեւորական էր գնացել, որպեսզի ԱԺ ամբիոնն օրհնի։ Սիմոնյանը նշեց, որ նրանք, ովքեր ներկայացել են, եկել են հատուկ հրավերներով։ «Մեղադրել որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ինչ-որ բանի համար, պետք չէ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ հրավիրված հանձնաժողովը ՀԿ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացրած հարցերը լսելու համար է եղել. «Հանձնաժողովը այդ մարդկանց լսելու համար է եղել։ Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ, ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունից միայն երկու պատգամավորներ են ներկա եղել եւ առանձնահատուկ հրավեր չի եղել խմբակցության կողմից։  
15:42 - 08 ապրիլի, 2019
Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին. Ալեն Սիմոնյան

Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ, կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա:Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկերոջ մահը, որ իր կայքի այցելությունները ապահովեր: «Գաղտնիքը բացահայտված է, ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ էր, որտեղ բժիշկը պատմում էր, որ մահամերձ ընկերս իրենց մոտ է և վատ վիճակում: Հիմա փաստ Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել, և ես ճանաչում եմ շատերին այս, «լրատվական» -ում և ուզում եմ ասել` ամոթ Ձեր արած «գործին»»։       
06:53 - 29 մարտի, 2019
Եթե նախագծում այդ փոփոխությունը չլինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի. Ալեն Սիմոնյան |hraparak.am|

Եթե նախագծում այդ փոփոխությունը չլինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի. Ալեն Սիմոնյան |hraparak.am|

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ էին եկել գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, որոնք նախօրեին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որով բարձրացվում է գազավորված ըմպելիքների վրա դրվող ակցիզային հարկը, ինչը, ըստ գործարարների, կարող է հանգեցնել մինչեւ 30 տոկոս թանկացման, վաճառքի ծավալների անկման եւ, վերջապես՝ գործարանի փակման։ ԱԺ-ում նրանց հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սիմոնյանը գործարարների հետ հանդիպել էր նաեւ մի քանի օր առաջ, երբ նրանք կառավարության շենքի դիմաց ցույց էին անում։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր քննարկումների շնորհիվ գրեթե վստահ ենք, կարելի է ասել՝ 90 տոկոս հավանականությամբ, այն նախագիծը, որի դեմ բողոքում էին, կփոփոխվի, եւ գործարարները չեն տուժի։ Սա ենթադրում է, որ նախագծում փոփոխություն կկատարվի»։ Նրա խոսքով, եթե այդ փոփոխությունը չկատարվի նախագծում, իրենք մտադիր են դրա հետ կապված շատ լուրջ միջամտություն կատարել։ «Կարող է եւ դեմ քվեարկենք, եթե փոփոխություն չլինի»,- ասաց նա։ hraparak.am
06:45 - 13 մարտի, 2019
Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախստանի դեսպանին

Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարեւորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարեւան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: ՀՀ ազգային ժողով
13:06 - 12 մարտի, 2019