Սահման

Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը․ ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին

Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը․ ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի վերաբերյալ․ «Ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով: Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը և որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում և դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը: Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ։ Բացի այդ, ըստ 2021 թվականի հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարևանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում են։Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո: Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա այլևս գյուղացիները դրանք չեն կարողանում օգտագործել: ՀՀ ինքնիշխան տարածում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը: Արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝ 1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ. 2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ: Այս ամենը հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրություններով: Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Արդեն պետք է սկսվի խոտհունձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ: Սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով: Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»:
11:19 - 04 հունիսի, 2021
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am:   Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի միջոցով տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:  Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:   Մարզկենտրոն Կապանում Սերգեյ Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։
15:40 - 03 հունիսի, 2021
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կարևոր է համարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության լիակատար կյանքի կոչումը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: «ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Նշվում է, որ այս մարտահրավերներին լուծումներ տալը դեպի կայուն խաղաղ կարգավորում տանող առաջին քայլն է միայն: «Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կողմերին վերսկսել կառուցողական ոգով բանակցությունները: ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է ԵՄ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- նշվում է հայտարարությունում: Ընդգծվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում հաստատելու գործում Եվրամիության դերակատարման, ինչպես նաև երկու գործընկեր երկրների հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու կարևորությունը:
11:28 - 03 հունիսի, 2021
Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց. ՄԻՊ-ի մանրամասն արձագանքը Հ1-ի ռեպորտաժին

Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց. ՄԻՊ-ի մանրամասն արձագանքը Հ1-ի ռեպորտաժին

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է մանրամասն արձագանք Հանրային հեռարձակողի խորհրդի հունիսի 2-ի հայտարարությանը՝ կապված «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն երեկվա՝ հունիսի 2-ի հայտարարությունը, որը վերաբերում է Հանրային հեռուստաընկերության 2021թ. մայիսի 30-ի «Լուրեր» թողարկմամբ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ եթեր հեռարձակված ռեպորտաժին, առավել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի լրջագույն խախտումների ու նրանց անվտանգության վտանգները: Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարությունն էլ բխում է ՀՀ բնակչության և առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի (կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ) պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության վերը նշված ռեպորտաժի հաջորդ օրը՝ մայիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված էր հանդես գալ հրապարակային դատապարտող արձագանքով, որը նպատակ ուներ կանխարգելիչ ազդեցությամբ բացառել նմանատիպ հաղորդումները հետագայում թե՛ Հանրային Հեռուստաընկերության եթերից, թե՛ այլ լրատվական կազմակերպությունների և լրագարողների կողմից: Ընդ որում, Պաշտպանի հայտարարության ձևակերպումները հատուկ էին ընտրվել այնպես, որ առանց այդ էլ թիրախավորված երիտասարդ լրագրողը լրացուցիչ թիրախավորումների չենթարկվի: Բայց Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը: Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը: Այդ պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, ըստ էության, ապացույցներ են ապահովում, որոնք կարող են օգտագործվել տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում ՀՀ ու նրա քաղաքացիների իրավունքների և շահերի դեմ: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 31-ի արձագանքն այդ ռեպորտաժին պայմանավորված էր նաև նրանով, որ ուսումնասիրություններն արդեն իսկ արձանագրել էին Պաշտպանի համար սպասելի բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նյութեր, որոնք ուրախությամբ ադրբեջանական հանրային քննարկման առարկա էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին (հղումներն այս հայտարարության վերջում): Ավելին արդեն իսկ տարածում են ստանում կոչերը «հետ վերցնելու ադրբեջանական գյուղերը հայկական օկուպացիայից»: Ադրբեջանական քարոզչական նշված նյութերում, որպես ադրբեջանական օգտին ապացույց, օգտագործվում են նաև ՀՀ Ազգային ժողովի՝ Տավուշից ընտրված պատգամավորի խոսքերը, որոնցով նա Տավուշի մի շարք գյուղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նյութերում նույնիսկ ադրբեջանական օգտին պնդումներ են արվում այն մասին, որ ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ կառավարության հանձնարարությամբ: Ուստի, իր իսկ ձևավորված այս վտանգավոր կանխավարկածը փարատելու համար Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու անվտանգության համար վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարեն պարտավոր է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝ 1) Արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է: 2) Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: 3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով: 4) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս: Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված): Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: 5) Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով: Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը: 6) Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» է և այլն: 7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվեն այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են: 8)Արդյոք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է): 9) Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացությունները այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ: 10) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջագային ատյաններում ընկալվում է՝ որպես պետական մոտեցում, քանի որ այս հեռուստաընկերությունը պետական է և հիմնադրված է ՀՀ կառավարության կողմից: 11) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց: Եվ այս ամենն այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր արձանագրվում են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների զանգվածային խոշտանգումների և ունեզրկումների հաշվին ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ: Այն պայմաններում, երբ բնակիչները զրկված են իրենց պատկանող հողատարածքներից, արոտավայրերից ու տներից, երբ չեն կարողանում ազատ օգտագործել ճանապարհները, ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակում են գյուղերի հարևանությամբ, քաշքշում ու սպառնում են հովիվների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունները, գնալով զարգացնում են հայատյացությունն ու թշնամանքը՝ ռազմավարական ու քաղաքական նպատակ հռչակելով Երևան, Սևանն ու Սյունիքը։ Ավելին ռեպորտաժը հեռարձակվում է այն պայմաններում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել ու այս պայմաններում չեն էլ կարող, ինչը հաստատվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Հենց այսպիսի պատմական փաստերի բացահայտ աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող խիստ դատապարտելի, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով ՀՀ սահմանների անվտանգությունը: Եվ վերջում՝ Հանրային հեռարձակողների խորհրդի գիտության համար առաջարկում ենք այսուհետ նկատի ունենալ, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որևէ հարցի վերաբերյալ հանդես է գալիս հրապարակային արձագանքով, ուրեմն դրա հիմքում ընկած են հիմնավոր ապացույցներ, իսկ խնդիրներն էլ ավելի շատ են ու հիմնավոր արձանագրված: Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթներն են պետական մարմինների արարքներից պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները՝ իրականացնելով նրանց նկատմամբ համապատասխան վերահսկողություն: Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված և գործելով պետական ֆինանսավորմամբ, իսկ Հանրային հեռարձակողի խորհուրդը, ձևավորվելով պետության կողմից, գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ վերահսկողության ներքո: Ուստի, Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջում ենք մնալ սեփական լիազորությունների սահմաններում, պահպանել կոռեկտություն ու մյուս անգամ չփորձել գնահատականներ տալ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման հարցերին: Հետևաբար՝ խոսքը ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների, այլ ոչ թե բացահայտ շահարկող փաստարկներով հարցը լրատվամիջոցի գործունեությանը միջամտելու տիրույթ տեղափոխելու բացարձակ դատապարտելի փորձերի մասին է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն վերահաստատում է իր մայիսի 31-ի հայտարարությամբ արված այն պնդումը, որ Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին: Համոզված վերահաստատում ենք նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը. այն ուղղակիորեն վտանգում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրում է Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն երեկվա` հունիսի 2-ի վտանգավոր հայտարարությանը և Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժին՝ չեզոքացնելու համար միջազգային ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի դեմ դրանց օգտագործման փորձերը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Հանրային հեռարձակողների խորհրդի նշված հայտարարությամբ ոչ միայն այդ ռեպորտաժին տրվեց առավել մեծ տարածում, այլ նաև հաստատվեցին այդ ռեպորտաժի վտանգավոր շեշտադրումների «հավաստիությունը»: Մինչ Հանրային հեռարձակողի խորհուրդը կտա վերն առաջադրված հարցերի պատասխանները, Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող հարցերի լուսաբանման առանձնահատկությունների, այդ թվում՝ պատմական փաստերի, քաղած դասերի վերաբերյալ իրականացնել վերապատրաստումներ Հանրային հեռարձակողի խորհրդի և Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ղեկավար կազմի համար: Ստորև ադրբեջանական հանրային քարոզչական հարթակների հղումների մի շարք օրինակներ են, որոնք անդրադարձել են Հանրային հեռուստաընկերության մայիսի 30-ի ռեպորտաժին»:,- նշվում է հաղորդագրության մեջ:
09:32 - 03 հունիսի, 2021
Դիտորդներ տեղակայելու դեպում խնդիրը չի լուծվի, բայց սահմանին լարվածությունը կթուլանա, սակայն որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Դիտորդներ տեղակայելու դեպում խնդիրը չի լուծվի, բայց սահմանին լարվածությունը կթուլանա, սակայն որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդներ տեղակայելու առաջարկը ոչ թե խնդրի լուծման վերաբերյալ է, այլ լարվածությունը թուլացնելու․ խնդրի լուծում կարող է լինել, երբ վերջնական որոշվի՝ որն ում սահմանն է, և երկու կողմերն էլ ճանաչեն այդ հանգամանքը։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս առաջարկով խնդիրը չի լուծվում։ Թե ինչքանով է իրատեսական, արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք արձագանքներ, որ պատրաստ են գալ, այդտեղ կանգնել։ Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա, բայց, ինչպես հասկանում եմ, այդ առաջարկի վերաբերյալ չի եղել որևէ երկրի հայտարարություն, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել»,-ասաց նա։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ անցած հինգշաբթի կայացած ԱԽ նիստից հետո Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնից, Մարուքյանն ասաց, թե նիստի Այվազյանի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ «Ես հետո զարմացած էի, երբ իմացա, որ հրաժարական է տվել։ Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար, և նախարարների հրաժարականը երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց նա՝ կոչ անելով հրաժարականներ չտալ մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները։
13:39 - 31 մայիսի, 2021
Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։  -Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ -Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ։
22:12 - 29 մայիսի, 2021
ՄԻՊ-ն ու ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ն ու ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը։  Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մի շարք համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինծառայողներրի արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Այդ փաստերի հիման վրա պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:  ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ իրավիճակներ: Պահեստազորի սպաների միության անդամները նաև նշել են, որ իրենք նույնպես արձանագրել են ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին, որոնք պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը, փոխանակվել տեղեկություններով ու կարծիքներով: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով:
16:04 - 29 մայիսի, 2021
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից |armenpress.am|

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։  «Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Բոլոր կողմերը պետք է ետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները»,- ասվում է ԵՄ գլխավոր խոսնակի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։
20:51 - 28 մայիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (21.05.21 - 26․05․21)

11։41- Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև այդ գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ [Արա Այվազյանը՝ Զարիֆի հետ զրույցում]   11։34- Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: [ԱԺ անկախ պատգամավոր Արման բաբաջանյան]   10։01- ՀՀ ՄԻՊ-ի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ ԶՈՒ ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ՝ կրակահերթ արձակելով, սպանել են ՀՀ զինծառայողի: ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը։ [ՀՀ ՄԻՊ]   09։43- Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը: [«Հանրապետություն» կուսակցություն]   25․05․2021թ․ 22։40- Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով։ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով] |tert.am|   21։26- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:   20։47- Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: [ՀՀ ԱԳՆ]   20։15- Հորդորում ենք ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]   19։35- Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ։ [Արմեն Սարգսյան]   18։55- Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]   18։35- Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից: Բանաձեւում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։ [Նիդերլանդներում Հայաստանի դեսպանություն]   18։27- Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։ [ՀՀ ՊՆ]   17։14- Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։ [ՀՀ ՊՆ]   16։58- Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ]   14։37- ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը»,-նշել է Դևիդ Վալադաոն։ |armenpress.am|   13։47- ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հարությունյանը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում ՊՆ դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Քննարկվել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։ [ՊՆ]   13։43- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ Այվազյանը մանրամասն ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]   11։10- Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու։ [«Իմ քայլը» խմբ․ պատգամավոր Միքայել Զոլյանը՝ սահմանային իրադրության մասին] |tert.am|   10։48- Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]   24․05․2021թ․ 21։45- Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ։ Հարությունյանը Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները, անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։ [ՀՀ ՊՆ]   21։41- Կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։ Իսկ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ [ՀՀ ՊՆ]   16։29- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին։ Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]   23․05․2021թ․ 21։25- Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են։ [Տեղի համայնքապետարան]   13։27- Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։ Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը: Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]   22․05․2021թ․ 18։05- Եվրախորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրախորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում: Բանաձևը փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ [ՀՀ ԱԳՆ]   16։41- ՀՀ ՊՆ-ը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: ՊՆ-ի փոխանցմամբ նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: |armenpress.am|   14։32- Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ։Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի։ |tert.am|   11։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը: [ՀՀ կառավարություն]   10։32- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սև լճին հարակից տարածքի միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին։ Ադրբեջանական զինված անձինք մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում է՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում: ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:   21․05․2021 21։17- ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայատարարվել, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ։ [Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ «Պատիվ ունեմ» դաշինքի հանդիպումից] |news.am|   20։53- Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկու երկրներին։ Հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը։ [«Հանրապետություն» կուսակցություն]   16։57- Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: [ՀՀ զինվորական դատախազություն]   16։22- ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն ԱՀ տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս իրավիճակում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։10- Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։ [«Հայ Ազգային Կոնգրես»]   14։47- Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։ Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]   14։18- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը․ «Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը: |ria.ru| |tert.am|   13։31- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու։ [Ռուբեն Ռուբինյան]   13։29- Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ռազմական կցորդներին ներկայացվել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին: Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը: [ՀՀ ՊՆ]   13։24- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։   Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։   Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)
23:45 - 26 մայիսի, 2021
Ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը. Զախարովա |tert.am|

Ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:«Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած իրադարձություններից հետո կողմերը գտնվում են լիարժեք երկխոսության և փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում: Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար»,- ասել է Զախարովան: «Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ-բանակցային եղանակով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահամանզատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է  ամեն կերպ աջակցել դրան»,- հավելել է Զախարովան:
17:59 - 26 մայիսի, 2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։ Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։
17:45 - 26 մայիսի, 2021
Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան |tert.am|

Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ բանակցությունների ընթացում յուրաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումներն այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացի և բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ հարցին․ «Բուֆերային գոտիների, ջրային ռեսուրսների, անվտանգության գոտիների հարցերը երկու երկրների հանձնաժողովների քննարկման առարկաներն են, և որոշակի սկզբունքներ կան, որոնք երկու կողմի համար պետք է ընդունելի լինեն, այդ սկզբունքների հիման վրա սկսում է տեղի ունենալ գործընթացը»,-ասաց նա։ «Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր՝ մինչև ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները․ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը, և, փաստացի, մենք հենց այդ սկզբունքով էլ ժամանակավոր հենակետեր էինք տեղադրում, Ադրբեջանի հետագա գործողություններն այդ պրոցեսն ակնհայտորեն խաթարեցին, և, միանշանակ, լրիվ այլ տրամաբանություն փորձեցին թելադրել, որը, կարծում եմ, ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու»,-ասաց նա։
17:35 - 26 մայիսի, 2021