ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները պետք է ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար․ ԿԳՄՍՆ

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները պետք է ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար․ ԿԳՄՍՆ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն։Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա ծնողին կառաջարկվի համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի:Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին խնդրում է տվյալների ստուգումը կատարել մինչև մայիսի 31-ը՝ հետագայում նախընտրելի դպրոցում երեխային հայտագրելու ժամանակ հավելյալ խնդիրներից խուսափելու համար:Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն` 010/011 57-84-55, 010/011 57-84-53 հեռախոսահամարներով:Հայտագրման քայլերի հաջորդականությունը` կից տեսանյութում:
13:13 - 21 մայիսի, 2021
Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`«Մայրենի» (գրավոր, թեստ) - 22.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 25.06.2021 թ.«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և դպրոցում գործածվող դասագրքերից: 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝«Հայոց պատմություն» (բանավոր) - 21.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 24.06.2021 թ.«Գրականություն» (բանավոր) - 28.06.2021 թ.«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 30.06.2021 թ.Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 03.07.2021 թ.Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - 05.07.2021 թ.«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - հունիսի 21-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից: 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝«Հայոց լեզու» (գրավոր) - 09.06.2021 թ.«Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2021 թ.«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից: Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն: Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
11:53 - 21 մայիսի, 2021
Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

 ՀՀ ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ եթե երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Մխիթար Հայրապետյանը: Ըստ գործող օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Նախագծով առաջարկվում է լրացնել հետևյալ կետը՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում,  ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: «Այսպիսով, դասընթացները լրացնելու պարագայում արդեն իսկ հնարավորություն կտրվի դասավանդել դպրոցներում՝ այն պարագայում, երբ երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը, այնուամենայնիվ, կմնա չլրացված»,- ասաց Հայրապետյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը, մասնավորապես նախարարությունը շատ կարևորում է այս կարգավորման ներառումը Հանրակրթության մասին օրենքի շրջանակում: Նրա խոսքով՝ նաև քաղաքային համայնքներում է լինում որոշ առարկաների գծով ուսուցիչների պակաս: «Հատկապես խնդրահարույց է բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասը և դրա լրացման հնարավորությունների նվազ լինելը՝ կապված այն սահմանափակող դրույթի հետ, որ այդ հաստիքներին կարողանում են հավակնել միայն մանկավարժի որակավորում ունեցող անձինք կամ այն անձինք, որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն»,- ասաց փոխնախարարը:
15:59 - 19 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումների արդյունավետության և ոլորտի զարգացման հիմքը ֆինանսավորման նոր մոդելների մշակումն է: «Գոյություն ունեցող ֆինանսավորման մոդելը որակյալ և  մրցունակ  մասնագետ պատրաստելու ժամանակակից պահանջներին չի բավարարում»,-  ընդգծելով ֆինանսավորման խնդրի առաջնահերթությունը` փաստել է նախարարի տեղակալն ու հավելել, որ ներկայումս բուհերի ֆինանսավորման 90-95 տոկոս և ավելի չափաբաժինը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից: Մի դեպքում ուսանողի կրթության համար վճարում է պետությունը` բուհին հատկացնելով որոշակի տեղեր պետական պատվերի շրջանակում, մեկ այլ դեպքում` ուսանողը կամ որևէ մասնավոր, բարեգործական կազմակերպություն, որը ստանձնում է բուհում սովորողի ուսման վարձի հատուցման գործառույթը: Սակայն, բոլոր դեպքերում բուհերը, բացի ուսման վարձից, ֆինանսական այլ աղբյուրներ գրեթե չունեն, ինչը, ըստ նախարարի տեղակալի, արդյունավետ մոտեցում չէ բուհի զարգացման և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից: «Բուհերը, ըստ էության, ֆինանսական կախվածություն ունեն ուսանողների  քանակից, քանի որ ուսանողները համարվում են նրանց ֆինանսավորման հիմնական և գլխավոր աղբյուրը, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա»,- նշել է Կ. Թռչունյանը: Նա կարևորել է օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավումը բուհերի բյուջեներում, և բուհերին առաջարկել է այդ առումով լինել  նախաձեռնող: Նրա խոսքով` բարձրագույն կրթության բարեփոխումների և նախատեսվող նոր իրավական կարգավորումների մեջ ֆինանսավորման մի քանի բաղադրիչ է առանձնացվել: Կարևոր խնդիրներ են նաև առկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, որոնցից կարող են բխել նաև ֆինանսավորման նոր մեխանիզմների վերաբերյալ իրատեսական առաջարկների ուղղությամբ համակարգված աշխատանքները: Հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց բուհերում գործող ֆինանսավորման բանաձևերը, մասնավորապես, ըստ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության և մի քանի այլ գործակիցներ: Բուհերի ներկայացուցիչները բարձրացրել են նաև մի շարք հարցեր` բուհական տարբեր մասնագիտությունների համար պետական պատվերի շրջանակում պետության սահմանած ուսման վարձի չափի, պետպատվերի տեղերի բաշխման, անվճար տեղերն ըստ ուսանողների սոցիալական վիճակի նպատակային հատկացման և մի շարք այլ խնդիրների առնչությամբ: Բուհերի ֆինանսավորման խնդիրների շուրջ քննարկումները լինելու են շարունակական:
15:18 - 19 մայիսի, 2021
Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն»  առարկաների ուղեցույցները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, պատասխանների ձևաթուղթը և դրա լրացման կարգը, ինչպես նաև առաջադրանքներում ընդգրկվելիք ծրագրային նյութի շրջանակները: Թեստերի կազմման համար հիմք են ընդունվել հանրակրթական դպրոցի վերոնշյալ առարկաների ծրագրերը: «Կենսաբանություն» առարկայի ուղեցույցը ԳԹԿ կայքում հասանելի կլինի առաջիկայում։
15:31 - 18 մայիսի, 2021
Հայաստանում ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցում

Հայաստանում ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցում

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը պատասխանատու է փորձնական ծրագրի իրականացման համար: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և գործնական ճանապարհով ստացած գիտելիքների ամրապնդմանը: «ՆԶՊ-ի չափորոշչի վերանայման ընթացքում հաշվի են առնվել նաև այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Արցախյան վերջին պատերազմից հետո: Այդ նպատակով խնդիր ենք դրել՝ բարձրացնել ՆԶՊ առարկայի որակը՝ էապես շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Նախ, վերանայվել է ընդհանուր թեմատիկ ծրագրային ներկայացվածությունը, և ներառվել են այն բաղադրիչները, որոնք արդիական են ու համապատասխանում են ժամանակակից խնդիրներին: Եվ երկրորդ՝ էապես շեշտադրվել է գործնական հատվածը. նախատեսվում է փորձարկել մարզառազմական ճամբարները, որոնք պարտադիր են լինելու 11-րդ դասարաններում սովորող աշակերտների համար»,-  նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը  քննարկվել է ՀՀ պաշտպանության ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ: Փոխնախարարի խոսքով՝ այս տարի մարզառազմական ճամբարների ծրագիրը կփորձարկվի չորս դպրոցներում՝ 100 աշակերտի համար: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մարզառազմական միջոցառումներին դրանց ակտիվ և հաջող մասնակցությունը: Այդ ուսհաստատություններն են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցները: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է փորձարկել տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ վրանային ճամբարը, որպեսզի աշակերտներին հնարավորություն տրվի համապատասխան պայմաններում ստանալ անհրաժեշտ գործնական հմտություններ: «Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում այդ 100 երեխայի համար, որպեսզի պատշաճ կազմակերպենք գործընթացը: Այդ տարիքի երեխաների հետ անցկացվող նմանատիպ միջոցառումների ընթացքում կարևոր են վերահսկողական մեխանիզմները. նախապատրաստական աշխատանքների կարիք կա թե՛ ծնողների, և թե՛ երեխաների հետ: Ընդ որում՝ ծնողների համաձայնությունը պարտադիր է՝ երեխաներին այդ գործընթացում ներգրավելու համար»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ առանց համատեղ աշխատանքի ծրագիրը չի կարող հաջողել: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ դպրոցներին, որ համաձայնել են դառնալ փորձնական ծրագրի մաս՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված փորձառությունը կօգնի առավել մեծ ոգևորությամբ մասնակցել մյուս փուլերին: Նրա խոսքով՝ փորձարկման ծրագրի արդյունքում այն կլրամշակվի և կբարելավվի: Ճամբարի կառուցվածքը կձևավորվի ՀՀ զինված ուժերի գումարտակի կառուցվածքի նմանությամբ, որը ներառում է երեք վաշտ, յուրաքանչյուր վաշտում՝ երեք դասակ, յուրաքանչյուր դասակում՝ տասը կամ տասներկու սովորող: Ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարը նախատեսվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար: Ծրագրի տևողությունը 12 օր է։
10:27 - 18 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, իսկ նախարարության համակարգման ոլորտները երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություն են տալիս: «Ներկայում մեզ համար առաջնահերթ է նախարարության համակարգման ոլորտներում բարեփոխումների և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումը, որոնց ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: Համոզված եմ, որ Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը և ճապոնական կողմին շնորհակալություն հայտնել շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար:  Վահրամ Դումանյանն ընդգծել է գիտության և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի մեծ փորձը և առաջարկել է դիտարկել այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունը: Խոսելով երկու երկրների երիտասարդության միջև կապերի ամրապնդման կարևորությունից՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև բարձրագույն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարություններին՝ Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին:  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և դեսպան Ֆուկուսիմա Մասանորին քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: 
14:51 - 17 մայիսի, 2021
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում արտաքին և ներքին գնահատումներ կիրականացվեն

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում արտաքին և ներքին գնահատումներ կիրականացվեն

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած: Արտաքին գնահատում` վարկանիշային ցանկ Համաձայն նոր կարգի` պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության միջոցով: Կազմակերպության ընտրությունը կկատարվի սահմանված կարգով`  սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակում: Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվելու է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի ընտրած կազմակերպության կողմից: Արտաքին գնահատման ժամանակ հաշվի են առնվում սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և նախադպրոցական կրթության չափորոշչի համապատասխանությունը, ինչպես նաև կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները: Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները` վերջին 5 տարվա գործունեության արդյունքների հիման վրա: Արտաքին գնահատման արդյունքներն ամրագրվում են հավաստագրի միջոցով: Գնահատման չափանիշներով սահմանված միավորների առնվազն 75 տոկոսը ստանալու դեպքում հաստատությանը հինգ տարի ժամկետով տրվում է հավաստագիր:  Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է վարկանիշային ցանկ, որը հրապարակվում է նախարարության կայքում: Ներքին գնահատում` ինքնավերլուծություն Գործունեության ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից: Ներքին գնահատումն ուսումնական հաստատության ինքնավերլուծությունն է, որն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սաների ծնողները: Նշենք, որ ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության հաստատած հարցաշարերի հիման վրա: Ներքին և արտաքին գնահատման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովումն ու նախադպրոցական կրթության որակի բարելավումն է` կրթական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության խթանումը:  
11:39 - 17 մայիսի, 2021
Հանրային քննարկման է դրվել «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը. ԿԳՄՍՆ

Հանրային քննարկման է դրվել «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 28-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրով սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են՝ դպրոցական կառավարման բարելավված համակարգի ներդրումը և հանրապետության բոլոր մարզերում ու Երևան քաղաքում մինչև 2023 թվականը համընդհանուր ներառականության անցումը: Որպես նպատակ է սահմանվել նաև 12-ամյա կրթությանը նոր բովանդակություն հաղորդելը՝ չափորոշիչների, ուսումնական պլանի ու առարկայական ծրագրերի և ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ու օտար լեզուների բովանդակության և դասավանդման մոտեցումների վերանայման միջոցով: Օրենսդրական փաթեթի նախագիծն առնչվում է հետևյալ ոլորտներին՝ ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրում, հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրում, ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցում, ինչպես նաև հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրում: Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացում Նախագծով առաջարկվում է ներդնել ուսուցչի մասնագիտական ստանդարտ հասկացությունը՝ որպես նրա գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի բնութագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ այն փոխկապակցելով մասնագիտական ստանդարտին։ Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվում է մասնագիտական ստանդարտների հաստատման լիազորությունը։ Վերանայվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված են որոշակի հերթականություն և ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով: Այն նաև հնարավոր չի դարձնում համապատասխանելու դեպքում առավել վաղ ժամկետում դիմել հաջորդ աստիճանի տարակարգի համար։ Հետևաբար, հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը՝ նշված կարգավորումը, սակայն, տարակարգերի շնորհման մեխանիզմին թույլ չի տալիս իրապես խրախուսող և խթանող դեր խաղալ։ Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանվելը։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար։ Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները, մասնավորապես հնարավորություն է տրվել ատեստավորում իրականացնել թե՛ պարզ, թե՛ բարդ ընթացակարգերով՝ հաշվի առնելով, որ տարբեր մասնագիտական ստանդարտների համապատասխանող ուսուցիչների համար կարող են գործել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ բարդ ընթացակարգով ատեստավորումներ՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգմանը։ Հանրակրթության կառավարում Տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Սա թույլ կտա տարբերակված մոտեցում կիրառել արդեն իսկ գործող տնօրենների նկատմամբ, որոնք հավաստագրի երկարացման համար ներկայում անցնում են ամբողջությամբ նույն ընթացակարգով, ինչպես նաև գործադրել նվազ վարչարարություն և ռեսուրս պահանջող գործիքակազմ՝ ատեստավորման միջոցով։ Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև հնարավոր կլինի խուսափել այն դեպքերից, երբ տնօրենի պաշտոնավարման՝ գործնականում անսահմանափակ ժամանակը բացասական երևույթների հիմք է դառնում։ Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում, որի արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է՝ տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձն ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և նորից հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով, բայց ոչ ավելի, քան 10 տարի անընդմեջ նույն պետական ուսումնական հաստատությունում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։ Այս ընթացակարգը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը, գործող տնօրենների նկատմամբ կիրառել առավել արդյունավետ և նրանց փորձառությունը հաշվի առնող քաղաքականություն՝ միաժամանակ այն հավասարակշռելով ընդհանուր ժամկետային սահմանափակման դրույթներով, որոնք կարող են հանրակրթության ոլորտում լավ փորձի տարածման և զարգացման հիմք դառնալ։ Կարևոր փոփոխություն է նաև հավաստագրումից առաջ պարտադիր վերապատրաստման սկզբունքի վերանայումը, որի արդյունքում վերապատրաստումը կամավոր է։ Ըստ այդմ՝ հավաստագիր ստանալ ցանկացող անձն ինքը պետք է որոշի՝ վերապատրաստվե՞լ, թե՞ ինքնուրույն պատրաստվել քննություններին։ Մյուս փոփոխությունն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառելիության արդյունավետության օգտագործման և հաստատության ռազմավարական զարգացման նպատակով դրա կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ու պարբերականության ամրագրումը, ինչպես նաև դրա կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին։ Սա թույլ կտա բարձրացնել խորհրդի դերակատարությունն ուսումնական հաստատության գործունեության ընթացքում և ամրագրել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայում հաճախ կրում է զուտ ձևական պահանջի բնույթ։ Ներառական կրթություն Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը՝ ներառելով վարքի և հուզակամային, մշակութային ու լեզվական գործոնները: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։ Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկվում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս: Առաջարկվել է նաև հրաժարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող «բարձրացված չափաքանակ» հասկացությունից՝ փոխարենը ներդնելով հետևյալ բովանդակությունը. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով»։ Ակնկալվող արդյունք Ակնկալվում է, որ նշված ուղղություններով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները։
19:06 - 16 մայիսի, 2021
Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլն ավարտել է և պատրաստվում է քննությունների: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանընշեց, որ հայտագրման ընթացքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, որևէ խնդիր չի եղել: 24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել: «Որևէ դժգոհություն չի եղել, մեկ, երկու հոգի են եղել, որ չեն հասցրել, նրանց ուղղորդել ենք երկրորդ փուլ: Ի՞նչ է իրենից ենթադրում հայտագրման առաջին փուլը. մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը, ինչպես նաև քննությունների հանձնումը: Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի լինելու է երկու փուլով: Ե՛վ առաջին փուլը, և՛ երկրորդ փուլը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում: Երկրորդ փուլը մենք նախատեսում ենք բանակից զորացրվածների, Սփյուռքից եկած մեր հայրենակիցների, ինչպես նաև այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ընթացքում»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդծելով, որ երկրորդ փուլն անցկացվելու է հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին և երկրորդ փուլից հետո նոր անցկացվում է մրցույթ: Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ նա նշեց, որ միասնական քննություններ հանձնողների թիվն այս տարի Հայաստանում 10 հազար 957 է, Արցախում՝ 529-ը՝ ընդհանուր թիվը կազմելով 11 հազար 486: Ներբուհական քննություն հանձնողների թիվը 1 899 է: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է: Դիմորդների շրջանում ավելի շատ ընտրած առարկաներից, առաջին տեղով, «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», այնուհետև «Հայոց լեզու և հայ գրականությունը»: «Այս տարի նախորդ տարիների նման չէ: Երեք քննություններից միասնական հանձնում ենք երկուսը, և դիմորդներին տրված էր հնարավորություն ընտրելու օտար լեզուն կամ հայերենը: Դիմորդների զգալի մասը ընտրել է օտար լեզուն: Վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիների շարունակ դիմորդներն ավելի բարձր գնահատական են ստանում «Օտար լեզվից», քան «Հայոց լեզվից»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդգծելով, որ շուտով այդ բացը կլրացվի, որովհետև փոփոխություններ են նախատեսված, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» քննությունը դառնա պարտադիր: Դիմորդների շրջանում նախընտրելի մասնագիտությունների կառուցվածքում առանձնապես փոփոխություններ չեն եղել: Ամենից շատ դիմորդները դիմել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտության համար, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա ուղղությունն է, որին հաջորդում է ԵՊՀ-ի «Իրավագիտությունը», ՀՊՏՀ-ի ֆինանսները, Բրյուսովի անվան պետական համալսարանի ծառայությունների բաժինը: Վերջինս, ըստ Կարո Նասիբյանի, նորություն էր: Դիմորդների շրջանում պահանջված բուհերից են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:
14:22 - 14 մայիսի, 2021
Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին․ ԿԳՄՍՆ

Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին․ ԿԳՄՍՆ

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և  մեր ազգային ինքնության վկայությունները:  Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:                                                                                     COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո`  թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար: Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113  մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:
13:15 - 14 մայիսի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի առնչությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի առնչությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, օգտվելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.10 կետով իրեն տրված իրավասությունից և հիմք ընդունելով խորհրդի լուծարման մասին իրավական ակտի բացակայությունը, ապրիլի 29-ին գրությամբ պահանջել է հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ ապրիլի 23-ին իր կողմից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը քննարկելու համար: Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհուրդ չունի, քանի որ խորհրդի 16 անդամներ ազատման դիմումներ են գրել, Գ. Գևորգյանն իր գրության մեջ իրավական հիմնավորումներ էր ներկայացրել, որ խորհուրդ գոյություն ունի: Նախևառաջ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ խորհրդի անդամի լիազորությունը դադարում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա։ Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է պատկանում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Հետևաբար խորհրդի որևէ անդամի լիազորություն, օրենքով սահմանված կարգով, խորհրդի որոշմամբ վաղաժամկետ դադարեցված չէ, ինչը նշանակում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համալրված է ամբողջությամբ և իրավասու է իրականացնել օրենքով նախատեսված իր բոլոր լիազորությունները։ Հաշվի առնելով, որ այս անգամ ևս հիմնադրի և լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամները, բացի Ա. Քերոբյանից, չեն ներկայացել նիստին, հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողությունից ներկայացված անդամները հայտարարություն ընդունեցին խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների հայտարարությունը Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի ներքոստորագրյալ  անդամներս հայտարարում ենք՝ Ս.թ. մայիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի կողմից հրավիրված հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին խորհրդի անդամներից 16-ի չներկայանալու պատճառով նիստը չգումարվելու և նշված անդամների հրաժարականների դիմումների առկայությամբ պայմանավորված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ի վիճակի չէ կատարելու ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները: Հաշվի առնելով, որ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և լիազոր մարմնի գործողությունների արդյունքը: ԿԳՄՍՆ-ի կողմից շարունակաբար նշվում է այն փաստը, որ խորհուրդում աշխատանքային մթնոլորտը տհաճ է, և հունվարի 29-ին էլ խորհրդի նախագահ չի ընտրվել, մինչդեռ իրականում գալիք նիստերում այդ հարցերը կարգավորելու որևէ խոչընդոտ չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և խորհրդի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ։ Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո (այդ թվում՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին հակասելու հիմքով) լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարությունը 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշմամբ ուղղակիորեն փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ: Մենք կարծում ենք, որ կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին, ինչը հակասում  է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին: Կոչ ենք անում կառավարությանը՝ վերանայելու 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշումը, հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը: Միևնույն ժամանակ կոչ ենք անում ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և Մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց՝ համախմբելու ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում լուծելու համար։  Ավետիք Քերոբյան (Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար) Արսեն Հախումյան (ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր) Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ) Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ) Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ) Սարգիս Քելյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ) Նարինե Խաչատրյան (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ) Միքայել Մալխասյան (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ) Դավիթ Ափոյան (ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, իրավագիտության ֆակուլտետի ուսանող) Ամալյա Սողոմոնյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ) Արմինե Ավթանդիլյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի) Բաբկեն Հովհաննիսյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ) Խաչիկ Աբաջյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող) Շուլի Հակոբյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող) Արշակ Պողոսյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող) Հասմիկ Վարդումյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի)»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:56 - 14 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Դեբետում նոր դրպրոցի կառուցման նախագիծը

Վահրամ Դումանյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Դեբետում նոր դրպրոցի կառուցման նախագիծը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ 1.2 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Ըստ աղբյուրի՝ նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու նպատակով մայիսի 13-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին և գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:     Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ներկայացրել է դպրոցի կառուցման հայեցակարգը՝ ծրագրի իրականացման հարցում ակնկալելով պետության գործընկերային (ոչ ֆինանսական) համագործակցությունը և աջակցությունը: Նա նշել է, որ հիմնադրամը 2020-2025 թթ.-ի համար Դեբետ համայնքում իրականացնում է ներդրումային մեծ ծրագիր՝ ենթակառուցվածքների, բիզնեսի և կարողությունների զարգացման համատեքստում: Ծրագրում ներառված է նաև դպրոցի կառուցումը՝ նախատեսված 150 աշակերտի համար: «Բացի հիանալի շենքային պայմաններից, դպրոցն ունենալու է նաև ժամանակակից բովանդակություն և վերապատրաստված ուսուցիչներ՝ հանդիսանալով պետական լավագույն դպրոցի մոդել: 12 տարվա մեջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հիմնականում Արմավիրի մարզում վերանորոգել է 12 դպրոց, սակայն այս անգամ ցանկանում ենք կառուցել նորը»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 10 տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ 5 մարզերի 35 գյուղական համայնքների շուրջ 1300 երեխաների համար իրականացրել է անգլերենի անվճար դասեր՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով: Նա առաջարկել է քննարկել այդ դասերը վերոնշյալ համայնքներում ֆորմալ կրթության դաշտ բերելու և հանրակրթության ծրագրերում ներառելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է դպրոցի կառուցման և, առհասարակ, կրթության ոլորտում ներդրումներ անելու գաղափարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար հատկապես մարզային ուղղություններով կրթության որակի բարձրացումն ու ժամանակակից պահանջներին բովանդակության համապատասխանեցումն ունի ռազմավարական նշանակություն: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը դպրոցաշինությունը ռազմավարական խնդիր է համարում և միայն վերջին երկու նիստերում պետական բյուջեի միջոցներով 20 մոդուլային դպրոց կառուցելու նախագծեր է հաստատել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ անդրադառնալով անգլերենի ուսուցման հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարությունը, կարևորելով կրթության ոլորտում հարևան պետությունների հետ սերտ համագործակցությունը, քննարկում է ամառային ճամբարներ կազմակերպելու հնարավորությունը, օրինակ՝ հայ-վրացական և հայ-իրանական: Այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է անգլերենին զուգահեռ հաշվի առնել նաև վերոնշյալ լեզուների ուսումնասիրության խնդիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հարցեր:
18:52 - 13 մայիսի, 2021
Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: «Նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ:  Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պաշտաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաև ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը: Առանձնահատուկ պետք է նշել, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշների համապատասխան պահանջների սահմանման համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Դումանյանի խոսքով՝ հիմա գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է մինչև 2025-ը գիտաշխատողի միջին աշխատավարձը դարձնել 276 հազար դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր 141 հազար 400 դրամ է, իսկ մինչև 2025-ը կկազմի 477 հազար 200 դրամ: «Այս թվերը շատ լավ ցուցադրում են, թե ինչ սրընթաց, շեշտակի փոփոխություն է տեղի ունենում: Սրա համար նախատեսվում է 2022-ին ավելացնել ֆինանսավորումը 3.6 միլիարդ դրամով, 2023 թվականին՝ 2.2 մլրդ, 2024-ին՝ 2.4 մլրդ-ով, իսկ 2025-ին՝ 2 մլրդ դրամով: Կարծում եմ՝ սա որակական լուրջ փոփոխություն է գիտության ոլորտում: Նման թռիչքաձև փոփոխություն չեմ հիշում, որ երբևէ նախկինում եղած լինի»,- նշեց Դումանյանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից կրկնապատկվում է բազային աշխատավարձերի չափաքանակը, որն այսօրվա 4 միլիարդի փոխարեն կազմելու է մոտավորապես 7.7 միլիարդ: Իսկ 2025-ին դառնալու է 14.4 միլիարդ դրամ: «Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը այսօր միջինում կազմում է 138 հազար դրամ: Հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ մոտավորապես 553 հազար դրամ»,- նշեց Ավինյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ ըստ էության, առաջիկա 3 տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: «Զուգահեռ՝ ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որ մենք համոզված լինենք, որ ոչ թե ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ ըստ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է: Հաջորդ խնդիրը. գիտաշխատողներն իրենք որոշակի ֆինանսական հնարավորություններ ստանում են ոչ միայն բազային աշխատավարձով, այլև թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են: Եթե սա հաշվի ենք առնում, Հայաստանում գիտաշխատողի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ՝ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ»,- նշեց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ սա կարևոր քայլ է դեպի գիտալիքահեն տնտեսության հիմնում: «Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում նրան, որ կրթական համակարգը ծառայի տնտեսությանը: Այս տարի հասցրել ենք 18 ասպիրանտական տեղի պատվեր ստանալ մասնավոր հատվածից: Այսինքն՝ բիզնեսը տվել է իր թեմատիկ առաջադրանքներն ու փողը, որ կրթական համակարգը պատրաստի այն կադրերին, որոնք իրեն պետք են»:
12:02 - 13 մայիսի, 2021
Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021- 2025թթ. գործողությունների պլանի նախագիծը |armenpress.am|

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021- 2025թթ. գործողությունների պլանի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ դեռևս 2014 թվականին Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Այս ընթացքում ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար։ 2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը կազմել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը՝ «Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի» և Գերմանիայի կառավարության աջակցությամբ: Ռազմավարության իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Վերջինս պատասխանատու է ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության համար: Հանձնաժողովում ընդգրկված ԿԲ-ն և մյուս  կառույցները պատասխանատու են ֆինանսական կրթման այլ ծրագրերի մշակման ու  իրականացման համար: Նոր ծրագրի նախագծով ամփոփվում է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև ներկայացվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և նրանց ուղղված ծրագրերը, դրանց արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։ Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների ծրագրեր. օգնել երկրի բնակչությանը, որպեսզի ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.) «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը գործարկվել է 2014 թ.-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը:       Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել: Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.) ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն: 2021-2025 թթ. գործողությունների ծրագիր 2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները: «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով  «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն  կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում: Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:
10:52 - 13 մայիսի, 2021