Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կոմպակտ դասի ավտոբուսների հերթական խմբաքանակը Երևանում է |armenpress.am|

Կոմպակտ դասի ավտոբուսների հերթական խմբաքանակը Երևանում է |armenpress.am|

armenpress.am: Երևանի փողոցներում առաջիկայում կհայտնվեն կոմպակտ դասի նոր ավտոբուսներ, որոնք մայիսի 2-ին են հասել մայրաքաղաք։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ «Ընդհանուր առմամբ 100 ավտոբուս ենք ձեռք բերել, որոնցից 96-ն արդեն Հայաստանում են։ Դրանցից էլ 92-ն ընդունել ենք, իսկ 4-ը՝ դեռևս ընդունման գործընթաց են անցնում։ Մայիսի 5-ին կամ 6-ին կշահագործվի 74 համարի երթուղին բացառապես նոր ավտոբուսներով։ Նախկինում այդ երթուղին սպասարկում էր մասնավորը, ով հրաժարվել էր, այժմ համայնքն է սպասարկելու։ Երթուղին ձգվելու է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասից մինչև Էրեբունի վարչական շրջան։ Մյուս շաբաթ, հավանաբար, կշարագործվի 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ»,- նշեց Կուբատյանը և հավելեց, որ մեկ երթուղում գործում է 12-14 ավտոբուս։ Նրա խոսքով՝ այս երթուղիները նախկինում էլ են գործել, 47-ն այսօր էլ աշխատում են, սակայն շատ վատ։ Կուբատյանը շեշտեց, որ ևս 3 երթուղի նորացվելու է։
13:38 - 03 մայիսի, 2021
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Երևանի թիվ 71, 74, 47, 48, 22 և 23 մանկապարտեզների հիմանորոգումը կիրականացնեն «Արհովշին», «ՀՁ Արփա-Սևան» և «Օպտիմա էներջի» ընկերությունները։Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ստորագրման արարողությանը հեռավար հանդիպման շրջանակում հետևել են ծրագրի աջակից ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, մասնավորապես, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, հիմնադրամի բոլոր ներդրողներին, Եվրոպական ներդրումային բանկին, Եվրամիությանը, Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև մյուս 10 երկրներին՝ ծրագրին աջակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  «Պայմանագրերի ստորագրումով մենք փաստացի ապահովում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շարունակական իրականացումը: Այն հնարավորություն կտա մեր երեխաներին այցելել հիմնանորոգված, սեյսմակայուն, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերին համապատասխան մանկապարտեզներ: Այս ծրագիրը Երևան համայնքի կողմից առաջին ոչ սուվերեն վարկն է, ինչի արդյունավետ կյանքի կոչման արդյունքում մենք կունենանք հնարավորություն նմանատիպ հաջորդող ոչ սուվերեն վարկերի ստացման և նոր ծրագրերի իրականացման համար»,- ընդգծել է քաղաքապետը։ Շնորհակալություն հայտնելով ծրագրի ընթացքի համար՝ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդյունքները կլինեն տեսանելի: «ԵՄ աջակցությամբ, ինչպես նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ, մենք իրական փոփոխություններ ենք իրականացնում Հայաստանի բնակիչների համար: Շենքերի հիմնանորոգումը և սեյսմակայունության բարձրացումը ապահով և հարմարավետ պայմաններ կստեղծեն երեխանների և կրթող անձնակազմի համար: Էներգաարդյունավետության տարբեր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի մեղմել կլիմայի փոփոխությունը: ԵՆԲ-ն պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը Երևանի և Հայաստանի այլ քաղաքների շենքերի համար ևս»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության գրասենյակի ղեկավար (EIB) Մաչեյ Չուրան: Քաղաքապետարանից հայտնում են, որ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության գլխավոր կառավարիչ (E5P) Էվա Մանիկն էլ հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի օրինակելի և կիրականացվի նաև Երևանի սահմաններից դուրս: Բացի այդ, կարևորվել են նաև փողոցների լուսավորության, աղբավայրի արդիականացման և քաղաքային տրանսպորտի արդիականացման համատեղ ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են: Պայմանագրերով նախատեսված է հիմնովին վերակառուցել վերը նշված մանկապարտեզները, տեղադրել էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, իրականացնել շենքների սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան սահմանափակ հնարավորություններով անձանց տեղաշարժման համար: Ըստ աղբյուրի՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 15 (տասնհինգ) միլիոն եվրո: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 7 (յոթ) միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից՝ 5 (հինգ) միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 (մեկ) միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 (երկու) միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո): Ծրագիրը շարունակական է և մայիսի սկզբին կհայտարարվի ծրագրի երրորդ փուլում ներառված 4 մանկապարտեզների հիմնանորոգման և 3 մանկապարտեզների կառուցման մրցույթը։ Եվս 2 մանկապարտեզների հիմնանորոգումն արդեն ընթացքի մեջ է:
19:30 - 30 ապրիլի, 2021
Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում, որը նախագահեց Մխիթար Հայրապետյանը, քննարկվեց ««Լիցենզավորման մասինն» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու շարժառիթը, նշեց, որ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական եւ նախադպրոցական ծառայություններ: Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս, զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը: Դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր: Հարակից զեկուցումը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա կարեւորեց ներկայացված փոփոխությունները` հորդորելով կողմ քվեարկել: Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
17:47 - 29 ապրիլի, 2021
Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով. Հակոբ Կարապետյան

Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով. Հակոբ Կարապետյան

Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ. Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ: Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի: Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի: Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»,- գրել է Կարապետյանը:
15:17 - 29 ապրիլի, 2021
Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով
 |1lurer.am|

Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 28-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, նշել է, որ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Նշվել է, որ Երևանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու նշված ոլորտներում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 
20:03 - 28 ապրիլի, 2021
«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն

«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են:  «Շրջանցող ճանապարհներից մեկը նաև այս կամուրջն է, որից շատ հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է: Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվեց հիմնովին նոր կամուրջ կառուցել:«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:«Կորեայի ձորի»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն նաև Դավթաշեն վարչական շրջանները:«Մենք հնարավորություն ենք ունենում առանց քաղաք մուտք գործելու միանգամից դուրս գալ դեպի Թբիլիսյան խճուղի, որը և՛ երթևեկության հոսքը կնվազեցնի, և՛ քաղաքացիներին հնարավորություն կտա անվտանգ երթևեկելու: Այնուամենայնիվ, կամրջի վերանորոգումով չենք կարող սահմանափակվել, պետք է նաև ճանապարհը նորոգել, որպեսզի այն ողջ իր ողջ հնարավորությամբ կարողանա նպատակին ծառայել»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:
12:39 - 26 ապրիլի, 2021
Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Հ. Կարապետյանը՝ Բաղրամյան 79 հասցեում տեղի ունեցած ծառահատումների մասին

Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Հ. Կարապետյանը՝ Բաղրամյան 79 հասցեում տեղի ունեցած ծառահատումների մասին

Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով Արաբկիրում՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների թեմայի վերաբերյալ քննարկումները: Կարապետյանի գրառումը՝ստորև. «Խնդրո առարկա տարածքը մասնավորեցվել է տարիներ առաջ: Դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբեւէ շինթույլտվություն չի տրվել: Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Սույնի վերաբերյալ, ի դեպ, տարակուսանք է հարուցում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որը թյուրընկալման տեղիք կարող է տալ: Տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը, ըստ «168 ժամ» պարբերականի հրապարակման, մասնավորապես ասում է, որ [ծառահատումների հետ կապված] «խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում»։ Կրկնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է շատ տարիներ առաջ (լրագրող գործընկերները կարող են Կադաստրի պետական կոմիտեից պարզել տվյալ տարածքի օտարման հանգամանքները»:
15:03 - 14 ապրիլի, 2021
«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել

«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում մի քանի օր է՝ պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չեն վրիպել, և շինարարությունն անմիջապես դադարեցվել է: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրատապ պեղումներ սկսելու թույլտվություն է տվել, ինչի արդյունքում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: «Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշներով և փայլանախշերով: Ունենք նաև ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նյութը թվագրվում է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,-՝պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Նրա խոսքով՝ վերին հատվածում կառույցի հետքեր կան: Դա է հուշում քարերի շարվածքը: «Եթե ուշադիր նայենք՝ տեսնում ենք 3 քար, որոնք շարված են մի ուղղությամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառույց: Մարդիկ, իհարկե, կնայեն ու չեն հասկանա, բայց դա հնագիտական առումով կարևոր է շատ»,-ասում է Միքայել Բադալյանը: Ամեն օր խմբին միանում են նոր կամավորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այս մարդկանց համախմբել է սերը քաղաքի ու նրա պատմության հանդեպ: Հնագետների ցուցումով կամավորներն իրենց առաջին պեղումներն են անում: Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացվում են հնագույն պատմության նոր շերտերը: «Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտությունը, կարծրությունը: Երբ հողի գույնը փոխվում է, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն լինի»,-նշում է Միքայել Բադալյանը: Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Այս տարի պեղումներ կարվեն նաև հնավայրի գլխավոր մուտքից աջ ընկած հատվածում: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները: «Երևում է պատի արտաքին հատվածը, որը մոտ 2 մետր լայնություն ունի և շարունակվում է: Այստեղ, ըստ երևույթին, ինչ-որ նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Եթե այստեղ բացվեն 1.5 մետրանոց պատեր, ապա հնարավոր է արտակարգ գտածոներ գտնենք»,-ընդգծում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը: Տարածքում գտնված սեպանախշերով խեցեղենի բեկորը կհամալրի թանգարանի հավաքածուն. քիչ հանդիպող բացառիկ նմուշ է: «Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացահայտումներ կարող է անել ու պատմել ավելին, քան այսօր գիտենք, նաև դառնալ հնագիտական զբոսաշրջության զարգացման կենտրոն:    
17:26 - 07 ապրիլի, 2021