ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է  Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:     Քննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար և կազմակերպական-տնօրինման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել վարչական շրջանի մասնաշենքում գտնվող քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել, որից հետո պահանջել զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրել, և ստանալով բացասական պատասխան, իր հետ աշխատասենյակ մուտք գործած անձանց հետ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:14 - 14 սեպտեմբերի, 2021
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 14 սեպտեմբերի, 2021
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ  Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու շուրջ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «ok.ru» սոցիալական կայքում գրանցված օգտատերերի  էջերից բեռնել են վերջիններիս  էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են  կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին: Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև՝ քարտային հաշիվներին փոխկապակցված բջջային հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենց կողմից փոխանցվող գումարի հաստատման գաղտնաբառ: Արդյունքում՝  նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումար: Հանցավոր ճանապարհով ստացված նշված գումարն օրինականացնելու նպատակով, հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու համար «ok.ru» կայքում գրանցված օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և այդ հեռախոսահամարներին ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը: Այնուհետև  ՀՀ և ՌԴ տարածքներում գործող համապատասխան ընկերություններում գրանցել են էլեկտրոնային դրամապանակներ և հաշվառման հաշիվներ, որոնց տնօրինման և օգտագործման համար դրանք նույնականացրել են «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից խաբեությամբ ստացած բանկային քարտերի և անձնագրային տվյալներով: «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից հափշտակված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները կենտրոնացնելով իրենց կողմից կառավարվող և տնօրինվող ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվներում՝ հանցավոր խմբի անդամները դրանք փոխանցել են ՌԴ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվների և բանկային քարտերի հաշիվների, իսկ հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնության գաղտնիությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու նպատակով՝ ապօրինի հասանելիություն են ստացել իրենց հարևանությամբ բնակվող անձանց բնակարաններում տեղադրված «WiFi» ուղեցրիչներին և համակարգչային տեխնիկայով գործողություններ կատարելու ընթացքում համացանցային հասանելիություն են ստացել այլ անձանց անվամբ կապի օպերատորների կողմից տրամադրված համացանցային հասանելիության IP հասցեներից: Բացի այդ, Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 09 սեպտեմբերի, 2021
Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է |1lurer.am|

Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է |1lurer.am|

1lurer.am: Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալված է. այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Ավելի վաղ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին: Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրերի» հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինա Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել: Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով:
13:26 - 09 սեպտեմբերի, 2021
Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ

Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ

ՀՀ-ում կիբեռհանցավորության կանխարգելման և վերջինիս հակազդման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ԵԱՀԿ հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, 2021թ. սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ կիբեռհանցագործությունների և դրան առնչվող թվային տվյալների քրեագիտական շտեմարանի ներդրմանն առնչվող հարցերի համապարփակ ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Հանդիպման ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը նշեց, որ արդի ժամանակահատվածում, երբ հանցագործություններն առավել հաճախ, քան երբևէ կատարվում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, դրանց հակազդման համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ են համարժեք, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգեր: Այդ գործիքակազմում կարող է կարևոր դեր ունենալ Մեծ Տվյալների (Big Data) մշակման համակարգերի ներդրումը, ինչպես նաև տարբեր մարմիններում և ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով քննության ընթացքում հասանելի դարձած թվային տվյալների շտեմարանի ստեղծումն ու կիրառումը: Փարձագետը նշեց, որ նմանատիպ և ավելի գլոբալ ու համապարփակ շտեմարաններ, արդեն իսկ լայն կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում, որոնք հանդիսանում են անփոխարինելի գործիք ոչ միայն կիբեռհանցագործությունների, այլև ցանկացած հանցագործության բացահայտման և քրեական գործերով արդյունավետ քննության համար: Հայաստանի Հանրապետությունում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում փորձագետի կողմից կներկայացվեն առաջարկություններ՝ քրեագիտական շտեմարանի ստեղծման հետագա քայլերի վերաբերյալ:
15:10 - 08 սեպտեմբերի, 2021
Ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է

Ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործով դեռևս 2021 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և սպան կալանավորվել էր։ 2021 թվականի ապրիլի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և վերջինս ազատվել էր կալանքից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
20:42 - 07 սեպտեմբերի, 2021
Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարը, 2008թ-ից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես իմանալով, որ համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությունը ցանկանում է տեղակայել ալեհավաք և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013թ. օգոստոսի 6-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:   Այնուհետև, կնոջ անվամբ տվել է հողամասը մի քանի անգամ ավելի թանկ վարձավճարի դիմաց ենթավարձակալության հանձնելու գրավոր համաձայնություն և 2013թ. օգոստոսի 28-ին վերջինիս կինը վերոհիշյալ ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր և մինչև 2020թ. ապրիլի 30-ը ստացել ենթավարձակալության գումարը: Բացի այդ, համայնքի ղեկավարը առանց հողահատկացման պայմաներում 2013թ. հուլիսի 16-ին տվել է շինարարության թույլատվություն: Համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:05 - 07 սեպտեմբերի, 2021
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: «2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:               
20:18 - 01 սեպտեմբերի, 2021
«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի աշխատակցից պահանջել է գումար և հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 102.000.000 ՀՀ դրամ գումարը դիմել է փախուստի: Այնուհետև, անվտանգության աշխատակիցների հետապնդումից խուսափելու նպատակով` նույն առևտրի կենտրոնում մեկ անգամ կրակոց է արձակել ու դուրս գալով առևտրի կենտրոնի տարածքից` վնասազերծվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձիք, նշանակվել է  դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:
17:48 - 31 օգոստոսի, 2021
Քրեական հեղինակություն համարվող անձը, որն իր խմբի միջոցով Երևանի բնակչին առևանգել ու 10․000 դոլար էր պահանջել,  հայտնաբերվել է

Քրեական հեղինակություն համարվող անձը, որն իր խմբի միջոցով Երևանի բնակչին առևանգել ու 10․000 դոլար էր պահանջել, հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև  ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նշված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ քրեական հեղինակություն համարվող անձը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, գումարային հարցի շուրջ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը: Վերջինիս, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, որտեղ նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք ծեծի են ենթարկել նրան: Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, վերոնշյալ խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը: Նախաքննությունը շարունակվում է:
15:45 - 31 օգոստոսի, 2021
Բագրավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Բագրավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու և չգործելու պայմաններում, նրանցից մեկին հրամանագրել է որպես գրադարանավար, իսկ մյուսին՝ որպես ակումբավար: Վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, և նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով ներկայացրել է վճարման՝ արդյունքում համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է նրանց անվամբ որպես աշխատավարձի գումար հատկացված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 3.248.526 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի բնակչուհիներից մեկին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մյուս բնակչուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:14 - 30 օգոստոսի, 2021
ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է. ՔԿ

ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:09 - 28 օգոստոսի, 2021
«Հարսնաքար» -ի ղեկավարին ազատությունից զրկելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի  գործով հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվել է

«Հարսնաքար» -ի ղեկավարին ազատությունից զրկելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի գործով հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 26-ին հայտնաբերվել է նշված գործի շրջանակներում հետախուզվող անձանցից ևս մեկը՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, որը օգոստոսի 27-ին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:  Նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2015թ. օգոստոսից աշխատելով Ռ.Հայրապետյանի ընտանիքին պատկանող և վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, 2016թ. հունվարի 20-ից մինչև նույն թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում փաստացի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրով ստացել է ընդհանուրը՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, 39.030.000 ՀՀ դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց «Նորալուսին» ՍՊ ընկերության սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող  ՍՊ ընկերություն հիմնադրելու համար, իսկ մնացած գումարով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը: Հայր և որդի Հայրապետյանները, տեղեկանալով կատարվածի մասին, նպատակադրվել են նշված վարկային գումարները մարել ընկերության տնօրենի և նրա ընտանիքի անդամների միջոցներով, այդ թվում՝ իրենց պատկանող ՍՊ ընկերության համար ծախսված վարկային միջոցների վճարման պարտավորությունը նրա և ընտանիքի անդամների վրա դնել և այդ կերպ, շահադիտական դրդումներով, իրենց գույքն ուրիշի հաշվին անհատույց ավելացնելով, գույքային օգուտ ստանալ՝ իրենց նպատակին հասնելու համար ներգրավելով կրտսեր Հայրապետյանի ընկերներին: Վերջիններս, Հայրապետյաններից ստանալով ՍՊ ընկերության տնօրենից 57.500.000 ՀՀ դրամ գումարը ցանկացած տարբերակով վերցնելու հանձնարարություն, ինքնիրավչության եղանակով այն ստանալու նպատակով, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած, կամքին հակառակ, ազատությունից ապօրինի զրկել են նրան և տևական ժամանակ պարբերաբար նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքներով, դիտավորությամբ պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, հարկադրել են նրան և ընտանիքի անդամներին վերադարձնել նշված գումարը: Արդյունքում Հայրապետյանների օգտին փոխանցվել է 240.000 ՀՀ դրամ և 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, տնօրենի տատին պատկանող առանձնատունը, նրա ընտանիքին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև՝ ընդհանուր 4 253 450 ՀՀ դրամի տարբեր արժողության ապրանքներ, այդ թվում՝ ոսկյա զարդեր, երկու ավտոմեքենա: Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև ինքնությունը չպարզված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:41 - 27 օգոստոսի, 2021
Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը: Մասնավորապես, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, կազմակերպվել է Սիսիանի երաժշտական դպրոցներից մեկի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ, արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ համայնքի ղեկավարի եղբայրը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին: Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ, ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը, նույն բաժնի 2 գլխավոր մասնագետ, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի կայքում, սակայն, քանի որ համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊԸ-ի կողմից նշված համակարգ մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել նրա ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերությունը, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ: Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին, մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ: Տեղեկանալով նշված ՍՊ ընկերության հայտի մասին և գիտակցելով, որ ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնող ընկերության կողմից մրցույթին հաղթող ճանաչվելն անխուսափելի է, համայնքի ղեկավարը գնահատող հանձնաժողովի քարտուղարին հանձնարարել է ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր և ամեն կերպ մերժել նրա հայտը: Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու և մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են այն՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի որոշ տողեր ենթակա են եղել լրացման վերը նշված մրցութային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես նշված ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի եղբոր ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում պարտադիր լրացման ենթակա տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը: Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած՝ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊ ընկերությունը, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ: Երկու օր անց համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վերոնշյալ երաժշտական դպրոցի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին: Համայնքի ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, իսկ համայնքի ղեկավարի կողմից կազմված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս ընտանիքի կնքահորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին և երկու գլխավոր մասնագետներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, վերջինիս եղբոր նկատմամբ՝ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարի՝ համայնքապետարանի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել է: Նշված 7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է:
17:53 - 27 օգոստոսի, 2021
Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի․ ՔԿ

Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի այդ, վերջինս օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, խոշորացված համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է վերջինիս անունից կայացված բազմաթիվ որոշումներ՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին: Քննությամբ պարզվել է նաև, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի կողմից 2017թ. նոյեմբերի 10-ին նշված պաշտոնն ստանձնելուց հետո նրա տեղակալներից մեկը նույն օրը, իսկ մյուսը՝ 2018թ. դեկտեմբերին նշանակվելով նշված պաշտոնին, օժանդակել են նշված համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, համայնքի ղեկավարի փոխարեն, ստորագրել են նրա անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին: Պարզվել է նաև, որ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը, նույն համայնքի ղեկավարի կողմից իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, նրա կողմից 2017-2020թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ պատրաստել է կեղծ փաստաթղթեր՝ համայնքի ղեկավարի կողմից պատշաճ աշխատանքի ներկայանալու մասին, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վերջինիս բանկային քարտին փոխանցվել է զգալի չափի գումար, որը համայնքի ղեկավարը յուրացնելու եղանակով հափշտակել է: Բացի այդ, համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2018թ. հուլիսից մինչև 2020թ. փետրվարի 3-ն ընկած տարբեր ժամանակահատվածներում, համայնքի ղեկավարի կողմից տարբեր պատճառներով աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ տվյալ ժամանակահատվածներում համայնքի ղեկավարի կողմից իբր կայացված որոշումներ, որոնք իր ստորագրությամբ և կնիքով վերջինս հաստատել է: Համայնքի աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է նաև վերջինիս անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 3152-րդ հոդվածով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:11 - 27 օգոստոսի, 2021