ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։ Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են ստեղծում երկրում ներդրումների ավելացման, գործարար միջավայրի զարգացման համար։ Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։
15:05 - 09 փետրվարի, 2021
Իշխանավեճի թեմաներով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները. Արման Թաթոյան

Իշխանավեճի թեմաներով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝  նշելով, որ քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի: Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Պետք է ճիշտ նախանշել այդ գերակայությունները և հանրային քննարկումներն ուղղել այդ ուղղությամբ՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հեռանկարներից: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այս դեպքում հանրային քննարկումն էլ կշարժվի հենց այդ ուղղությամբ: Այդ կերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն: Վերջապես, հասարակությունն էլ տեսնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իր առօրյա, իրական խնդիրներով, այլ ոչ թե իշխանավեճի նեղ թեմաներով, որ իր իրավունքների հարցերը բոլորի իրական ուշադրության կենտրոնում են, այլ ոչ անտեսված են ու գտնվում են հանրային քննարկման լուսանցքում: Ուստի, բոլորին կոչ եմ անում սթափվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու մեր երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն: Այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից: Վերջապես, այդ կերպ կհաստատենք, որ մեր երկրում ամեն ինչ արվում է ի շահ մարդու ու իրավունքի գերակայության և որ առաջնայինը մշտապես տարբերվում է երկրորդայինից:
22:00 - 08 փետրվարի, 2021
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ: 2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ: Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը: Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից:
15:22 - 08 փետրվարի, 2021
Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Պաշտպանն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ․ օրենսդրական ամփոփված փաթեթն ուղարկվել ԱԺ և Կառավարություն

Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Պաշտպանն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ․ օրենսդրական ամփոփված փաթեթն ուղարկվել ԱԺ և Կառավարություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ, տեղեկացնում է ՄԻՊ Հանրային կապերի բաժինը։Այն կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։ Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․• սահմանել հակամենաշնորհային կոմպլաենսի (տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը, • սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝ 1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․ 2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․ 3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․ 4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․ 5) հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ: • Որպես պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել իրավախախտում թույլ տված կազմակերպության կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի արդյունավետ ներդրման հանգամանքը։ Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, դրանց ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթը։ Կցվում է նախագծերի փաթեթը հիմնավորումներով և ամփոփաթերթը։
12:40 - 08 փետրվարի, 2021
Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՄԻՊ

Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից: Նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝ 1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն ահաբեկչական մեթոդներով. 2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին, կատարել են այլ դաժանություններ (կենդանի մարդկանց գլխատումներ, մարմինների անարգանք և այլն). 3) Արցախի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ. 4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտավորյալ զանգվածային ավերածությունների, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով. 5) պատերազմն առաջին օրից ուղեկցվել է հայատյացության խրախուսման պետական քաղաքականությամբ ու հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների ինստիտուցիոնալ քաղաքականություն). 6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ. 7) Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն իշխանության մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացահայտ են խոսում ցեղասպանության սպառնալիքների լեզվով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Բաքվի ռազմական միջոցառումը). 8) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները, հանրային գործիչները վիրավորում են հայերին, ողջ հայ ժողովրդին` արժանապատվություն նվաստացնելու նպատակով ու դա խրախուսում են, հրապարակայնորեն հրահրում են ատելություն. 9) Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո. 10) պատերազմի և ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիկական մեթոդներով ու անթույլատրելի արագությամբ ՝ առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով. 11) անտեսված են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը. 12) գործընթացն ուղեկցվում է Հայաստանի սահմանային բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու սոցիալ-տնտեսական մյուս իրավունքների կոպիտ խախտումներով (իրենց գույքից զրկված ու անօթևան մնացած մարդիկ). 13) լրջորեն վտանգվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ողջ բնակչության կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները. 14) սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկա չէ կանխատեսելիություն կամ գործողություններն անորոշ են, առկա չէ որևէ տեսակի ժամանակացույց: Ուստի, նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը. հակառակը` պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգավոր դրսևորումների համար»։
10:11 - 08 փետրվարի, 2021
Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։ Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները: Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
21:34 - 06 փետրվարի, 2021
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը: Կարևոր է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել դեպի ՀՀ տարածքի խորքը: 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք: Արդյունքում՝ ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից: Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է  ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով: Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով: Գործարարներն օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ մոտենալ չեն կարող: Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական ուսումնասիրությունների ընթացքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը,ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ»,- գրել է նա:
16:47 - 05 փետրվարի, 2021
Ազատազրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո. ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

Ազատազրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո. ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցին:  «Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը: Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում: Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային բարեփոխումների օրակարգում, որի շրջանակներում ձեռնարկված քայլերն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ, արձանագրում են համակարգային առաջընթաց: Հատկապես բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների օրակարգը, որպես վերջնարդյունք, թիրախավորել է բանտային առողջապահության ոլորտը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելը: Սա նշանակում է, որ ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինի երկրում առկա բժշկական օգնության և սպասարկման այն նույն մակարդակը, ինչ ընդհանուր բնակչության համար՝ բացառելով իրավական կարգավիճակով պայմանավորված խտրականության դրսևորումները: Անդրադառնալով զեկույցի բովանդակային կետերին՝ Նախարարությունը հարկ է համարում առանձնացնել հետևյալ դիտարկումները. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով ամրագրվում են ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու օրենսդրական հիմքերը, իսկ ենթաօրենսդրական ակտերով սահմանվում են դրանց ընթացակարգերը։ Այլ կերպ՝ նշված օրենքի կարգավորումների համալիր վերլուծությունից բխում է, որ ձերբակալված և կալանավորված անձանց բուժհաստատություններում պահելու լիազորությունը հստակ է և կանխատեսելի, հստակ է նաև այն, որ նման լիազորությամբ օժտված է Քրեակատարողական ծառայությունը, իսկ այն, թե ինչ ընթացակարգով է իրականացվում պահպանման լիազորությունը, օրենքն այն ընդունելու լիազորությունը վերապահել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու լիազոր մարմնին: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտի մակարդակով կարգավորելը չի կարող ընդունվել որպես անձի իրավունքը սահմանափակող երևույթ: Բացի այդ, տրամաբանական է, որ ընթացակարգային բոլոր հարցերը չեն կարող դառնալ օրենքի կարգավորման առարկա՝ ելնելով ողջամտության կանխավարկածից: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս կիսում է այս տեսակետը: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտով կարգավորելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել օրենքի «հովանոցից» օգտվել և մեկնաբանվել իբրև անձի իրավունքներին միջամտելու «արդարացում»: Ինչպես նշվեց, օրենքով նախատեսված են բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու իրավական հիմքերը, իսկ թե ինչպես պետք է իրացվեն այդ հիմքերը, հարցի պատասխանը ընթացակարգային տեսանկյունից տալիս են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները: Այս պայմաններում առնվազն հասկանալի չէ, թե ինչպես կարող են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները, որոնք տալիս են անձի նկատմամբ հսկողության իրականացման մանրամասները, դիտարկվել ծավալային առումով օրենքին ոչ համահունչ կամ տալ անձի իրավունքներին անհամաչափ միջամտության թյուր պատկերացում: Բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացման ընթացքում կոնֆիդենցիալության ապահովման նպատակով դրանք իրականացվում են (կալանավորված անձի օրինակով) պահակետի ծառայողի լսողության սահմաններից դուրս: Նման պայմաններում պահակետի ծառայողը դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակից և չի կատարում այնպիսի գործողություն, որն ուղղված է բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացմանը խոչընդոտելուն կամ բժշկական գաղտնիքը բացահայտելուն կամ անձի արժանապատվությունը նվաստացնելուն: Ըստ այդմ՝ կարելի է արձանագրել, որ բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները չեն կարող խախտվել: Դրան զուգահեռ, պահակետի ծառայողն ունի տեսողական արդյունավետ հսկողության ապահովման պարտականություն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ պահակետի ծառայողը հսկում է ազատությունից զրկված անձին և ապահովում անվտանգություն: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ պահակետի ծառայողը գործել է Սահմանադրության 6-րդ հոդվածի կարգավորումներին համահունչ: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք չեն բխում նրան վերապահված լիազորությունների ծավալից, կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: Ուստի, Սահմանադրության և օրենքներին համահունչ գործելն ըստ էության համարել ձևական (formal) մոտեցում, կարծում ենք՝ որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Չպետք է մոռանալ, որ քրեակատարողական հիմնարկն ինքնին հատուկ պահպանվող գոտի է և անվտանգության ապահովման ուժերը չեն կարող համեմատվել քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման ուժերի հետ: Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման որակական կողմի տեսանկյունից պետք է ապահովել անհրաժեշտ հավասարակշռություն անձի առողջության պահպանման իրավունքի և անվտանգության երաշխավորման նպատակով գործադրվող միջոցների միջև: Տեղյակ լինելով միջազգային իրավաբանությունում առկա մոտեցումներին՝ հայտնի իրողություն է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առկայության կամ բացակայության հանգամանքը Եվրոպական դատարանը գնահատում է գործով առկա բոլոր հանգամանքների համակցության մեջ: Պահակետի ծառայողի հսկողության տակ գտնվելու փաստն առանձին վերցված 3-րդ հոդվածի համատեքստում դիտարկելն ընդունելի համարվել չի կարող, այն էլ այն դեպքում, երբ չեն խախտվում բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները: Ինչ վերաբերում է զեկույցում նշված՝ ոլորտային բարեփոխումների առնչությամբ Պաշտպանին իրազեկելուն, հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ բանտային առողջապահության ոլորտում Կառավարության բարեփոխումների օրակարգը բավական հավակնոտ է: Բանտային առողջապահության ոլորտը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ կատարելագործման և արդի զարգացման միտումներին համահունչ գործելու կարիք ունի այնպես, ինչպես հանրային առողջապահության ոլորտը: Բարեփոխումների իրականացումը երբեք չպետք է ընկալվի անձի իրավունքների հնարավոր խախտումները քողարկելու քայլ: Ճիշտ հակառակը՝ Կառավարությունը՝ ընդհանրապես, և Նախարարությունը՝ մասնավորապես, հետևողական է անձի իրավունքների խախտման ցանկացած դեպք բացահայտելուն, երբ առկա են օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր: Արդարադատության նախարարությունը վերստին ընդգծում է իր մոտեցումն առ այն, որ ազատությունից զրկված ցանկացած անձի իրավունքի երաշխավորումը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ անկախ կոնկրետ անձի կարգավիճակից կամ նրա անձի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանից: Եվ որ ամենակարևորն է, նշված մոտեցումը պետք է ընկած լինի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած անձի կամ կառույցի գործունեության հիմքում»:
11:01 - 04 փետրվարի, 2021
ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  «Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։ Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։ Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները եւ ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:58 - 04 փետրվարի, 2021
Մեղրիի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական ԶՈՒ դիտավորյալ արարքներով․ ՀՀ ՄԻՊ

Մեղրիի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական ԶՈՒ դիտավորյալ արարքներով․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սյունքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է: Պաշտպանին խնդրի առնչությամբ անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Մեղրի համայնքի ղեկավարը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությունն այդ ահազանգերը ստացել է Մեղրի համայնք 2021թ. հունվար ամսին կատարած այցի ընթացքում: Հարցն այն է, որ Մեղրի համայնքի բնակավայրերի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3,500մ. բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից ու հետո միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրի համայնքի նշված բնակավայրերի համար: Առանց դրա «Մեղրի» գետն ապահովում է միայն յուրաքանչյուր տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը ու հետո «Մեղրի» դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն առհասարակ ցամաքում է: Այս կերպ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին: Բնակիչները և Մեղրի համայնքի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դեպի Նախիջևան: Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի այս դիտավորյալ գործողությունների արդյունքում լուրջ խնդիրներ են առաջ գալիս յուրաքանչյուր տարի օգոստոս ամսից սկսած Մեղրի և Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերի բնակիչների համար՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Ընդ որում, այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից: Ադրբեջանական զինված ուժերի ու որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող, այն է՝ ջրի իրավունքը: Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքն ունենալու բավարար և շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի և այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների հիմքում: Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի և սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է՝ որպես հազարամյակի զարգացման նպատակ: Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրաահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են Հայաստանի բնակիչների միջազգայնորեն բացարձակ երաշխավորված խմելու և ոռոգման ջրի իրավունքը ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար լրջորեն խախտելու առնչությամբ վերլուծություններն ու գնահատականները, որոնք կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին»:
09:57 - 04 փետրվարի, 2021
Կապանից Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ. ՄԻՊ

Կապանից Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ. ՄԻՊ

Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով): Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը՝ հստակեցնելով, որ մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ: «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Կապան համայնքի ղեկավարը: Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունի կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում: Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներումանմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ, ինչպես նաև մի շարք քննարկումներ բնակիչների հետ: Արդյունքում՝ Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշված ահազանգերը հաստատվել են: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետևյալ գործոնների տեսանկյունից. (1) Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, (2) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով, (3) Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք, (4) ուղեկցվում է Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներն արդեն մեկ ամսից ավելի է գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները, (5) Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ, (6) Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու ադրբեջանական դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքերի գերակայությանը, հետևաբար՝ չունի իրավական ուժ, (7) Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ: Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը: Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին»:
13:03 - 02 փետրվարի, 2021
Սահմանների որոշման գործընթացում ՀՀ բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

Սահմանների որոշման գործընթացում ՀՀ բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանի տեղեկանքում նշվում էր, որ Մեղրիի և Կարյագինոյի (Ջաբրայիլ) հետ կապված՝ սահմանից արևմուտք ընկնող տարածքները հիմնականում ձմեռային արոտատեղեր էին, որոնք փաստացի օգտագործում էին Կապանի և Մեղրիի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Գլխավոր պատճառներից էր բերվում այն, որ առանց այդ արոտատեղերի նշված շրջանների գյուղերի անասնապահությունը կաթվածահար կլիներ: Մեկ այլ դեպքում՝ Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների միջև սահմանների գծման տեղական հանձնաժողովի ղեկավար Յա. Կոչետկովն, օրինակ, Թղութ գյուղին վերաբերող ադրբեջանական առաջարկների չհամաձայնելու հիմքում էր դրել այն, որ դա Շվանիձորի թաղամասերից մեկն է և այդտեղի հողերը (այգիներն ու արոտավայրերը) իրար այնպես են կցված, որ այդ գյուղերը մեկը մյուսից բաժանելն անհնար է լինելու: Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաև Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջև: Սահմանային վեճերը լուծող ՀՍԽՀ տեղական ու հատկապես Անդրդաշնության կենտրոնական հանձնաժողովային 1924թ., 1926թ., 1929թ., 1935թ. և մյուս տարիների աշխատանքների նյութերից երևում է, որ ՀՍԽՀ գյուղացիների իրավունքները մշտապես թերի են քննարկվել. օրինակ՝ անտեսվել են Զանգեզուրի սակավահողությունը և գյուղերի միջև կապերը (վարչական, տնտեսական և այլն), հաշվի չի առնվել այն, թե ինչ դժվարություններ կարող էին առաջ գալ գյուղերի բնակիչների իրավունքների համար: Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին (Քուրդիստանի տարածքից հայկական գյուղերի վրա տարբեր ավազակախմբերի հարձակումներին, գողություններին և այլն), որն էլ ուղիղ ազդել է գյուղացիների կողմից արոտատեղերի և մյուս հողերի օգտագործման վրա (օրինակ՝ երբ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929թ. փետրվարի որոշմամբ Կապանի շրջակայքի` Ողջի և Բասուտ գետերի ավազանի 21 գյուղերը հանձնվեցին Ադրբեջանի Ջաբրայիլ գավառին): Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում»:
10:08 - 01 փետրվարի, 2021
Հարբած ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակում ՝ նպատակ ունենալով ահաբեկել Սյունիքի խաղաղ բնակիչներին. ՄԻՊ

Հարբած ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակում ՝ նպատակ ունենալով ահաբեկել Սյունիքի խաղաղ բնակիչներին. ՄԻՊ

ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց: Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ: Այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում: Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան: Դրանք դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս իրավունքների համար: Սրանք կոպտորեն խախտում են նաև նաև երեխաների շահերը։ Այս փաստն ավելի է ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջպհամայնքային ու միջպետական ճանապարհներին: Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին»,-ասված է պաշտպանի գրառման մեջ:
10:17 - 31 հունվարի, 2021
Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհետականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք): Այդ ժամանաշրջանի՝ սահմանների որոշմանը վերաբերող արխիվային փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության համար: Օրինակ`Կարմիր Քուրդիստանի և ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի միջև սահմանային վեճերը լուծելու համար Անդրդաշնության կենտրոնական գործկոմի (ԿԳԿ) որոշմամբ 1923թ. հոկտեմբերին ձևավորվեց հանձնաժողով(գործել են տարբեր հանձնաժողովներ): Այդ ժամանակ էին դեռ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում լուրջ բարդություններով: Մասնավորապես, Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ և այլն: ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924 թվականի մարտ ամսվա նյութերը հենց այս սահմանախախտումների մասին են վկայում, որոնք կազմվել էին Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա: Այդ ժամանակ էլ լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ: 1926 թվականին ձևավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաև Ակսել Բակունցը, ով մասնագիտությամբ հողաշինարար էր ու նա հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաև պարզ դառնում հայ գյուղացիներն են հիմնականում ոտւժող կողմը եղել, նրանց իրավունքների հաշվի չեն առնվել: Ա.Բակունցի 1926թ. հոկտեմբերի 18-ի զեկուցումները այն մասին են, որ Զանգեզուրի սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել գյուղերի միջև կապերը, մարդկանց համար դժվարություններն ու տնտեսական կապերի (ասենք, կապը Կապանի հետ. այդ ժամանակ գյուղացիների մոտ 50%-ը աշխատում էր Կապանի պղնձի հանքերում և այլն) կարևորությունը, առանց այն էլ սակավահողությունը: Օրինակ՝ Մեղրու և Զանգելանի միջև սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին հատուկ է արձանագրել դեպի արևմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարևորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու և Կապանի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Ընդ որում, հատուկ էր նշում արվում, որ առանց այդ արոտատեղերի շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու (այս վիճակն նույնությամբ առաջ է եկել նաև հիմա): Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից: Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել ևս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում, խաղաղ բնակիչների անմիջական [բառացիորեն մետրերի] հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ: Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որևէ իրավունքի խախտում»:
09:50 - 26 հունվարի, 2021