Սահման

ՀՀ-ից ադրբեջանցիների դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար. ԱԳՆ |aysor.am|

ՀՀ-ից ադրբեջանցիների դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար. ԱԳՆ |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթը և դրա ստորագրման գործընթացը։ «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը։ Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։
15:52 - 20 մայիսի, 2021
Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am:  Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ԱԺ արտահերթ ընտրությունները։ Նա ընդգծել է՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել, բայց այդ ընթացքում որոշ քայլեր պետք է անել՝ սահմաններն ապահովելու համար։ «Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում»,-ասել է նա։ «Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով»,-հայտարարել է նա։
15:35 - 20 մայիսի, 2021
Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման |armenpress.am|

Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։ «Մայիսի 12-ին առավոտյան ժամը 7-ի դրությամբ նկատվել է ադրբեջանական զինված ուժերի զինվորականների տեղաշարժը Սև լճի տեղամաս։ Եվ իրադրության գնահատման արդյունքում պարզվել է, որ Սև լճի թիկունքային մասում առկա են փոքր ստորաբաժանումներ, որոնք, ըստ երևույթին, անցում են կատարել գիշերը։ Մինչև մայիսի 12-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները գտնվել են պետական սահմանի մոտակայքում և իրականացրել պետական սահմանի պահպանությունը։ Հակառակ կողմում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողներն են իրականացրել մարտական հերթապահություն։ 2020 թվականին դեկտեմբեր ամսին Ադրբեջանի և Հայաստան Հանրապետության զինվորականները  պետական սահմանի ճշգրտման ընթացքում տեղադրել են դրոշներ երկու կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ենք տեղադրել, Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանի զինվորականները»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝ մայիսի 12-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն հատել են պետական սահմանը և 3-3,5 կմ խորացել Հայաստանի Հանրապետության տարածք։ «Նշված խորքում հայտնաբերվել են 200-250 զինծառայողներ տարբեր զորատեսակներից՝ և սահմանապահ զորքերից, և Ադրբեջանական Հանրապետության հատուկ զորքերի ստորաբաժանումներից»,- նշեց Մինասյանը։ Կորպուսի հրամանատարի խոսքով՝ այս պահի դրությամբ իրադրությունը վերահսկվում է։ «Մեր ստորաբաժանումները գտնվում են ելման դիրքերում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժումների հետ անմիջական շփման պայմաններում։  Մոտակայքում գտնվում են նաև բնակավայրեր, բնակավայրերում խուճապային իրավիճակ չկա, բոլորին հասկանալի է, որ իրադրությունը շտկման փուլում է»,- ասաց Մինասյանը։ Դեսպանները կորպուսի հրամանատարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ արդյոք Ադրբեջանի կողմից սահմանին կոտակումներ կա՞ն: Կորպուսի հրամանատարը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին նկատվել են կուտակումներ։ «Հետախուզական անօդաչու թռչող սարքեր նույնպես նկատվել են»,- հավելեց նա։ Միջոցառման ավարտից հետո դեսպաննեն ուղևորվեցին Սև լճի տարածք։
15:31 - 20 մայիսի, 2021
Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Վերջին օրերին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ ադրբեջանական զորքի՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժելու և չհեռանալու պատճառով։ Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ հայկական տարածքում։ Այս ամենին զուգահեռ, երեկ հայկական մեդիատիրույթում ակտիվորեն սկսեց տարածվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ Սրանից ժամեր անց շրջանառվեց նաև Լեհաստանի դեսպանության՝ իր քաղաքացիներին ուղղված կոչը, ըստ որի՝ քաղաքացիներին հորդորում են չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Որոշ ժամանակ անց մեդիայում սկսեցին նաև տեղեկություն շրջանառել, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ եղած սահմանագծի մոտակայք։ Այս անգամ լուրի սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք էր։ Տեղեկությունները տարածվեցին Հայաստանի սահմաններին տիրող լարվածության ֆոնին, ինչն էլ մտայնություն ստեղծեց, թե նշված երկրները միայն այս դեպքերից հետո են իրենց քաղաքացիներին կոչ արել չայցելել Հայաստան։ ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, հետևաբար դրա վրա ազդեցություն է ունեցել նաև այս պահին ՀՀ-ում տիրող սահմանային լարվածությունը, սակայն միայն դրանով չէ պայմանավորված։ ԱՄՆ-ն, օրինակ, իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձ՝ 4-րդ մակարդակի, որը կարմիրն է։ Այսպես է գրել Factor.am լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։  Իրականում, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանը ներառել է ամենաբարձր ռիսկային գոտիների ցանկում, սակայն սա ամենևին էլ պայմանավորված չէ վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամետի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն թարմացվել է մայիսի 18-ին, սակայն ինտերնետային արխիվի միջոցով հնարավոր եղավ պարզել, թե երբվանից սկսած է Հայաստանն ընդգրկված ռիսկային 4-րդ մակարդակում։ Այսպես՝ ապրիլի 21-ից սկսած Հայաստանը ընդգրկվել է ռիսկային 4-րդ՝ ամենաբարձ մակարդակում՝ մինչ այդ լինելով 3-րդ մակարդակում։  Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով հրապարակված տեքստերը նույնպես մոտ էին։ Երկու դեպքում էլ հայտարարվում է, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով չայցելեն Արցախ։ Ինչպես նաև երկու դեպքում էլ զգուշացվում է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանային գծերից։ Հայտարարության թարմացված տարբերակում, որը կարող ենք կապել սահմանային լարվածության հետ, սահմանների վերաբերյալ միայն մի բան է ավելացել, ըստ որի՝ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները և վերահսկվել անցակետով։  Լեհաստանի դեսպանատունը նույնպես իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Դեսպանատունը մայիսի 18-ին Հայտարարություն էր տարածել նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սակայն օգտվելով ինտերնետային արխիվից՝ հնարավոր եղավ պարզել, որ այս հայտարարությունը նույնն է եղել, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ հայտարարության տեքստում որևէ բան չի փոխվել վերջին օրերի իրադարձություններից հետո։ Այնուամենայնիվ, նույն հայտարարությունը մայիսի 18-ին դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տարածել էր, ինչը նշանակում է, որ դա կապված է նաև ՀՀ սահմանային լարվածության հետ։ Այս թեմայով երրորդ լուրը Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին Հայաստան չայցելելու խորհուրդ տալն էր։ Ինչպես արդեն նշեցինք, լուրը տարածվել էր տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներից, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի միջև գտնվող ճանապարհի մի հատվածից։ Սակայն հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է այս տարվա փետրվարի 24-ին, այսինքն՝ սա ևս չի կարող կապվել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։  Ընդ որում, եթե ինտերնետային արխիվի միջոցով նայենք ավելի վաղ տեղադրված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ, օրինակ, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, երբ դեռ չէր էլ սկվել 44-օրյա պատերազմը, Մեծ Բրիտանիան դարձյալ տեքստով զգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստան այցի վերաբերյալ։ Մինչև պատերազմը զգուշացվում էին միայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, իսկ արդեն նոյեմբերի 5-ից սկսած՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ թեև ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, Լեհաստանի դեսպանատունը նոր է ֆեյսբուքյան էջում տարածել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր չայցելելու մասին հայտարարությունը, այնուամենայնիվ Հայաստանը ռիսկի գոտում էր ավելի վաղ, քան սահմանային վերջին միջադեպերը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նոր հաղորդագրություն չի տարածել։ Նարեկ Մարտիրոսյան
13:53 - 20 մայիսի, 2021
Մոսկվայում ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Մոսկվայում ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Մոսկվայում մայիսի 19-ին տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։ Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվել է բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը:
11:19 - 20 մայիսի, 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։
10:52 - 20 մայիսի, 2021
ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը: Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»: 
09:32 - 20 մայիսի, 2021
Պուտինն ու Ալիևը զրուցել են. քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին
 |factor.am|

Պուտինն ու Ալիևը զրուցել են. քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը `շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա` լիովին համապատասխանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն: Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը `ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալուն` պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
19:03 - 19 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս |armtimes.com|

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի  նիստի ընթացքում: Այդ մասին ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ», -ասել է Զասը հանդիպումից հետո Նրա խոսքերը մեջբերված են ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ: Ըստ Զասի, ՀԱՊԿ-ը ողջունում է «Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը»: «Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», - նշել է Զասը:
15:16 - 19 մայիսի, 2021
Իշխանությանը զգուշացնում եմ՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելը կդառնա նոր լարվածության պատճառ. ՀՀ ՄԻՊ

Իշխանությանը զգուշացնում եմ՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելը կդառնա նոր լարվածության պատճառ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները` 1) ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ. 2)նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին. 3)ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով. 4)պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացածղ չէ, իսկ տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել. 5)ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը. 6)Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից և  արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարևանությամբ և այլն). 7) Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը,  Արավուսի հովիվին քաշքշելու ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում և այլն): Հատուկ նշում` սահմանազատումն, առհասարակ, ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարևորություն: Դա նաև մարդու իրավունքների երաշխիք է: Բայց սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկված պայմանները ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում: Այսինքն` սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ: ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից: Հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը: Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների  նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ: Դա իր հերթին խաթարելու է խաղաղության ու մարդկանց անվտանգության հեռանկարները տարածաշրջանում»:
14:47 - 19 մայիսի, 2021
Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

 |factor.am|

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք |factor.am|

factor.am: ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Լեհաստանի քաղաքացիներին։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց ` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ:
14:10 - 19 մայիսի, 2021
Քննչական կոմիտեն պարզում է Սյունիքում թունավորման դեպքերի հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզում է Սյունիքում թունավորման դեպքերի հանգամանքները

Սյունիքում թունավորման դեպքերի առնչությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում մայիսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով: Գործը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2021թ. մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
11:46 - 19 մայիսի, 2021
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել․ ՊՆ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել․ ՊՆ

«Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»։
11:14 - 19 մայիսի, 2021