Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո․ ԱՀ խորհրդարանական ուժերի արձագանքը

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո․ ԱՀ խորհրդարանական ուժերի արձագանքը

Արցախի Խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը խիստ քննադատաբար են արձագանքել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներքո: Ընդդիմադիր«Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով՝ մանդատային տարածքի գաղափարը անընդունելի և վտանգավոր է: «Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար, Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- ասել է Հ. Խանումյանը և շեշտել, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության համար բացի Հայաստանի Հանրապետությունից, Արցախի ենթակայությունը այլ պետության կամ կազմակերպության անընդունելի է: Խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը Մոսկվայի կողմից վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել: «Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Արցախի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը: «Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո: Անշուշտ, հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ պետություն է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- ավելացրել է Վ. Բաղրյանը: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ ամեն մի ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և պետք է ձգտել պայքարել, որպեսզի այդ պետականությունը լինի անսասան: «Մեր բազմադարյա պատմության մեջ, երբ ունեցել ենք պետականություն, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ազգային ինքնատիպ մշակույթը զարգանա, քաղաքական համակարգը կատարելագործվի, տնտեսությունը վերելք ապրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել: Արցախյան ազատագրական պայքարի հաջողությունը ևս դրանով էր պայմանավորված: Անհրաժեշտ է մատաղ սերնդին, և, ընդհանրապես, հանրությանը մշտապես ներկայացնել այդ գաղափարը»,- նշել է Վ. Բալայանը: Ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցն էլ  առհասարակ ընդունելի չի համարում ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե՛ Արցախի տարածքում, թե՛ սահմանին: «Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել է Գ. Բաղունցը: artsakhpress.am
07:59 - 19 մարտի, 2019
Արցախի հարցի մանդատային սկզբունքով լուծումն աբսուրդ է․ գնահատականներ Սամվել Բաբայանի հայտարարության վերաբերյալ

Արցախի հարցի մանդատային սկզբունքով լուծումն աբսուրդ է․ գնահատականներ Սամվել Բաբայանի հայտարարության վերաբերյալ

Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որ հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Արցախի նախագահական ընտրություններին, օրերս հայտարարել էր, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո: Նա մասնավորապես նշել էր. «...Աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով: Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը, մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում մի հատ քարտեզ, որտեղ որ էդ մարդիկ կամաց-կամաց զարգանում են...Ես կարծում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք, հակառակ դեպքում Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»: Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս հայտարարությանը անդրադարձել են մի շարք գործիչներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախն ինքնիշխան, անկախ երկիր է, դա ամրագրված է Սահմանադրության մեջ, և, առհասարակ, դա որևէ սակարկությունների չի կարող ենթարկվել․ «Իսկ իմ անձնական կարծիքն է՝ Արցախի կարգավիճակի հարցում միակ փոփոխությունը, որ կարող է տեղի ունենալ, այն է, որ Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ապագայում կազմի մեկ միացյալ Հայաստան, հայոց պետություն: Թե երբ դա կլինի, ցույց կտա ժամանակը: Այս պահին ունենք մեկ հայրենիք և երկու անկախ պետություն: Մեր անկախ պետականությունը գերագույն արժեք է բոլորիս համար»: Բաբայանն ավելացրեց, որ միանշանակ պետք է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. «Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ պատմական, քաղաքական, մշակութային կապեր, այնտեղ է մեր ամենամեծ սփյուռքը: Իսկ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն բոլոր պետությունների հետ, որտեղ կա հայկական սփյուռք»: Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ բացառում է Արցախյան հարցի մանդատային սկզբունքով լուծումը, Բաբայանը պատասխանեց. «Տարբեր քաղաքական գործիչներ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ես ասում եմ այն, ինչ մեր օրենքներով է և վստահ եմ՝ ինչպես մտածում է մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը»: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը խիստ բացասաբար է վերաբերվում Սամվել Բաբայանի հայտարարությանը: Ըստ նրա՝ սա կնշանակի հետ գնալ Ազգերի լիգայի տրամաբանությանը, երբ մանդատներ էին տրվում ինչ-որ երկրների, ինչն էլ շատ գաղութային ընկալում է: «Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի և որևէ կողմ՝ լինի Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը կամ որևէ մեկը, մանդատ կրելու որևէ իրավունք չունի: Դա աբսուրդ է, որովհետև մոտավորապես վերադարձ է 20-րդ դարի սկիզբ, երբ մենք խնդրում էինք, որ Հայաստանի մանդատը ինչ-որ երկիր վերցնի: Սա սուվերենության, ինքնորոշման դեմ լուրջ, պրոբլեմատիկ քայլ է, ու չեմ հասկանում այն հետագիծը, որ Արցախի հերոսը, ով անցել է այդ ամբողջ պատերազմով, կարող է այսպես մտածել: Կուզեի իմ խոսքում տարանջատած լինել Արցախի հերոս Սամվել Բաբայանին և այն Սամվել Բաբայանին, որ հիմա է խոսում»,-նշեց Ավետիսյանը։ ԱԺ-ի երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, կրկին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դեռ չի դիտել տեսանյութը, սակայն, ամեն դեպքում, Արցախյան հարցի կարգավորման հարցում ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը «Գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահների ընդունված ֆորմատ, որի շրջանակներում էլ բանակցություններ են վարվում, իսկ մնացածն ուղղակի կարծիքներ են, տեսակետներ են և այլն»,-նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ Սամվել Բաբայանի անցած ուղու և գործունեության նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ կարծում է՝ հիմա տեղին չէ նրա առաջարկը. «Կա Մինսկի խումբ, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ, և նրան է այս փուլում վերապահված հարցին լուծում տալու լիազորությունները: Իսկ թե ինչ սկզբունքներ են քննարկվում և քննարկվելու, կախված է միայն բանակցող կողմերից և նրանց դիրքորոշումից բանակցությունների ընթացքում: Իմ անձնական կարծիքով՝ պարոն Բաբայանի առաջարկած տարբերակն այս փուլում բացարձակ կիրառելի չէ»: Արցախի հերոսի հայտարարությանն անդրադարձավ նաև «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ նշելով, որ դրան առանձնապես լուրջ չի վերաբերվում. «Այդ հայտարարությունը, ամենայն հարգանքով Սամվել Բաբայանի անցած ռազմական ուղու նկատմամբ, քաղաքական տրամաբանությունից դուրս հայտարարություն է: Ռուսական մանդատի հարցը դեռ 90-ականներին միջազգային հանրությունը, այդ թվում՝ Արցախը, Ադրբեջանը, փակել են: Այստեղ կա միջազգային կոնսենսուս, որ ռուսական զորքերն Արցախում չեն լինելու, և միակ ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, դա որևէ մեկը չի վիճարկում: Սամվել Բաբայանը քաղաքական գործունեություն սկսելու հայտ է ներկայացրել, դա իր տեսանկյունն է, և ինչքան էլ ես բացասական վերաբերվեմ, դրա վերաբերյալ վերջնական գնահատականը կտա Արցախի ժողովուրդը նախագահական ընտրություններում: Հասկանալի է, որ Արցախում քաղաքական գործընթացներում ամենակարևոր հարցը Արցախյան խնդրի վերաբերյալ դիրքորոշումն է»:«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանն էլ նշեց՝ իրենք այսօր Ստեփանակերտ-Երևան համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ «Սասնա Ծռեր Արցախյան կուսակցությունը» սկսում է ստորագրահավաք՝ Արցախում հաշվառված քաղաքացիների ընտրական իրավունքները վերականգնելու համար. «Մենք Արցախում միակ օրակարգ ենք տեսնումъ Հայաստանին դե յուրե միանալը և աշխատելու ենք այդ օրակարգը սպասարկելու համար»: «Հայաստանի կառուցողական կուսակցության» ղեկավոր Անդրեաս Ղուկասյանը ևս բացասաբար է վերաբերվում Սամվել Բաբայանի առաջարկած տարբերակին: «Նման հայտարարությունները, կարծում եմ, որևէ օգուտ չեն կարող բերել հայ ժողովրդին: Ես գտնում եմ, որ քաղաքական դաշտում նման միտք արտահայտելը շեղում է հարցի խաղաղ կարգավորման այն ուղղություններից, որոնք պայամանավորված և թելադրված են մեր ազգային շահերով: Առհասարակ, երբ մի ժողովուրդ, թողնելով իր շահը, այլ ազգի շահն է գերադասում, դա չի կարող որևէ դրական ավարտ ունենալ»,- նշեց նա:Աստղիկ Քեշիշյան
18:36 - 18 մարտի, 2019
Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչու Ղարաբաղը պետք է բանակցություններին չմասնակցի. Մանվել Սարգսյան |tert.am|

Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչու Ղարաբաղը պետք է բանակցություններին չմասնակցի. Մանվել Սարգսյան |tert.am|

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Արցախում արած հայտարարությունից, նշեց․ «Հատուկ կազմակերպված էր ցույց տալու Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ վարչապետի կողմից առաջ քաշած թեզերը կապրիզ ու ձևականություն չեն: Նիկոլ Փաշինյանի ելույթում պարզ ասված է, որ Հայաստանի կառավարությունը կուրս է վերցրել, որ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնի, մասնակցություն ապահովի բանակցային պրոցեսում: Սարգսյանն ասաց, որ պետք է սպասել` տեսնելու, թե ինչ ուղղություն է ընտրել Հայաստանը նպատակին հասնելու համար: «Մինսկի խումբը կրկնեց իր դիրքորոշումը, այդ թվում՝ Արցախի մասնակցության թեզը: Նրանք լղոզված ձևով ներկայացրին, որ որևէ մեկը դեմ չէ դրան»,- նշեց Մ. Սարգսյանը: Դիտարկմանը, թե ՄԽ-ն միաժամանակ ասում է, որ ձևաչափը պետք է չփոխվի, արդյոք սա ակնարկ չէ՞, որ դեմ են Արցախի մասնակցությանը, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Եթե փոխեին, բարդություններ կստեղծեին չէ՞: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դիրքորոշուման վրա սա պետք է ազդի: Շատ են խոսում՝ արժե՞ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, թե՞ չարժե: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե ինչի մասին ենք խոսում, կարևորը թեման է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի մասնակցության թեման առաջ քաշել: Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչո՞ւ պետք է Ղարաբաղը բանակցություններին չմասնակցի»:   Ավելին՝ հարցազրույցում
06:39 - 13 մարտի, 2019
2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %․ Մանուշ Մինասյան

2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %․ Մանուշ Մինասյան

2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ 2018թ.-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 111.8 %, իսկ 2018թ. հունվար-դեկտեմբերին (աճողական), 2017թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, 112.1 %: Մ. Մինասյանի խոսքով՝ տնտեսության մեջ արձանագրվող ցանկացած ցուցանիշ գնահատելու համար պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են մեր տնտեսությանը:  «Դրանցից կարելի է առանձնացնել ինքնուրույն դրամավարկային քաղաքականության բացակայությունը, տնտեսության կախվածությունը արտաքին աշխարհից, ինչի հիմնավորումը ապրանքների, ծառայությունների մեծաքանակ ներմուծումն է, ինչպես նաև մեր պետական ծախսերի մի զգալի մասի ոչ սեփական միջոցներով ֆինանսավորումը: Տարիներ շարունակ մեր հանրապետության տնտեսության մեջ գերակայող է եղել արդյունաբերությունը, որի մեջ բավական մեծ կշիռ է ունեցել հանքագործական և բաց հանքերի շահագործման ոլորտը: Առանց այն էլ սակավ միջոցները ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն 25 տարի է, ինչ կառուցում ենք շուկայական տնտեսություն, սակայն այսօր շուկայական տնտեսության համապատասխան մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ արժեթղթերի շուկա մենք չունենք, շատ թույլ է զարգացած անշարժ գույքի, ապահովագրության շուկաները, բավական մեծ է նաև ոչ շուկայական ծառայությունների տեսակարար կշիռը»,- ավելացրել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը:  Արցախպրես
12:03 - 12 մարտի, 2019
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը․Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը․Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ․  «Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է: 2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի: Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը: Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարևոր, և մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ: Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»: ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
11:05 - 12 մարտի, 2019
Հայաստանի ու Արցախի ԱԱԽ նիստում կքննարկվի Ադրբեջանի հետ բանակցություններում Նիկոլ Փաշինյանի լիազորությունների հարցը.Արզիկ Մխիթարյան |aysor.am|

Հայաստանի ու Արցախի ԱԱԽ նիստում կքննարկվի Ադրբեջանի հետ բանակցություններում Նիկոլ Փաշինյանի լիազորությունների հարցը.Արզիկ Մխիթարյան |aysor.am|

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում շարունակվում է Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը նշեց, որ համատեղ նիստում որոշ «խոհանոցային» հարցեր են քննարկվելու, որոնք, ըստ նրա, հավանաբար կվերաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին։ «Կոնկրետ, եթե կա ձևավորված փաստաթուղթ, կարծում եմ, այն կքննարկվի։ Իմ կարծիքով, հավանաբար, կքննարկվի նաև այն լիազորությունների հարցը, որոնցով Փաշինյանը կներկայանա Ադրբեջանին ու աշխարհին։ Եթե պարոն Փաշինյանը մտավախություն ունի, որ Արցախն իրեն չի տվել լիազորություն, որպեսզի ինքը մասնակցի այդ բանակցություններին ու որոշումներ կայացնի, կարծում եմ, այսօրվա նիստում այդ խնդիրը կլուծվի», - ասաց Արզիկ Մխիթարյանը: «Մենք, իհարկե, վստահում ենք Հայաստանի իշխանություններին և պատրաստ ենք ընդառաջել, գործակցել ու նպաստել, որ իրոք հայանպաստ որոշում կայացնի», - նշեց նա: aysor.am
10:20 - 12 մարտի, 2019
Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Արցախի չլուծված խնդրի կարիքը չունի․ Ռուբեն Մեհրաբյան |armtimes.com|

Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Արցախի չլուծված խնդրի կարիքը չունի․ Ռուբեն Մեհրաբյան |armtimes.com|

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ տարածած հայտարարությանը, նշել է․   «Եռանախագահաների հայտարարության բացասական կողմը այն է, որ հայկական կողմի ներկայիս դիվանագիտական ջանքերը՝ Արցախին որպես բանակցային կողմի կարգավիճակով վերականգնման վերաբերյալ, այս փաստաթղթով որակվում են որպես միակողմանի քայլեր եւ կոչ էր արվում ձեռնպահ մնալ դրանից։ Բայց սա որեւէ ձեւով չի կաշկանդում հայկական կողմին հենց այդ ուղղությամբ շարունակել ջանքերը՝ մի պարզ պատճառով․ այդ դեպքում թող մեզ բացատրեն՝ ինչպե՞ս են պատկերացնում ղարաբաղյան կոնֆլիկտի ելքը բանակցային գործընթացում, որում որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը՝ առանց Ղարաբաղի։ Եւ հայկական կողմի դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն ա՛յդ բացատրությանը հասնելուն, իսկ դա անբացատրելի է։ Այստեղ կարեւոր է նաեւ հայկական կողմի՝ բանակցության գործընթացին մասնակցելու մանդատի հարցը, որի մասին Փաշինյանը վարչապետ դառնալու հենց հաջորդ օրվանից խոսեց՝ մեկնելով Ստեփանակերտ» ։ Ավելին՝ հարցազրույցում
09:14 - 12 մարտի, 2019
Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է  |armenpress.am|

Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է |armenpress.am|

Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ: «Այժմ 2019 թվականին նախատեսում են 2018-ի համեմատ ապահովել 20-25 տոկոսվ աճ: Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: 2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից: Հիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչև 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112: Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը: Ավելին՝ armenpress.am-ում։
06:32 - 12 մարտի, 2019
Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

Իսպանիայի «Vox» կուսակցությունը գրավոր առաջարկով դիմել է Կոնգրեսին և կոչ արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: «Իսպանիայի «Vox» կուսակցությունը Կոնգրեսին գրավոր առաջարկ է ներկայացրել, որով հորդորում է կառավարությանը՝ Եվրոպական միության ինստիտուտներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ, ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին, խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշված է հրապարակման մեջ:  
00:00 - 01 հունվարի, 0001