«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ
 |1lurer.am|

Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել լրամշակելու նպատակով, ապա անդրադարձավ Կառավարության դիրքորոշմանը և առաջարկություններին: Ըստ այդմ՝ Կառավարությունը համարում է, որ. 1. Ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը: 2. 18-27 տարեկան՝ զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները՝ 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15 ամսով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով: Առաջարկվում է հստակեցնել նաև 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման անցնելու դեպքերը, համապատասխան փոփոխություն նախատեսել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, 27 տարին լրացած և օրենքով սահմանված՝ տարկետման հիմք ունեցող քաղաքացիների համար նախատեսել 15 միլիոն դրամ վճարելու պարտավորություն, նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները, այն նկատառմամբ, որ առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների խուսափելու համար:  Այդ նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած ՀՀ քաղաքացիների վրա, նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ, բացի դրանից՝ Քրեական օրենսգրքի նախագծում հստակ նախատեսել, որ 27 տարեկանից հետո գումարի վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատումը կարող է իրականացվել միայն տվյալ անձի ներկայանալու դեպքում: «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ նախագծերի ընդունումն իրականացնել՝ հաշվի առնլելով Կառավարության հիշյալ առաջարկությունները»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարի տեղակալը: Հիշեցնենք՝ գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած: Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվել քրեական պատասխանատվությունից:
14:58 - 12 դեկտեմբերի, 2023
Համաձայնությունը ձեռք է բերված, սպասում ենք գերիների վերադարձին. ՀՀ ԱԺ պատգամավոր
 |armenpress.am|

Համաձայնությունը ձեռք է բերված, սպասում ենք գերիների վերադարձին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանից հայ գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնության մեջ որևէ փոփոխություն լինի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, թե ինչո՞ւ է ուշանում գերիների վերադարձը: Պատգամավորը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չուներ: «Համաձայնությունը ձեռք է բերված, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուշանում՝ նա ասաց, որ հստակ տեղեկություն չունի, չի կարող ասել՝ ուշանում է, թե չի ուշանում, գուցե չի ուշանում, ուղղակի ժամկետներ կան։ «Համաձայնությունը ձեռք է բերված, երկուստեք հայտարարությունն արված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,-ասաց Հակոբյանը: Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին աջակցություն հայտնելն արդյոք նախապայմա՞ն է եղել Ադրբեջանի կողմից՝ նա ասաց՝ չի կարծում, թե նախապայման է եղել, դա երկուստեք պայմանավորվածության արդյունք է: Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ պայմանավորվածությունն իրականություն չդառնա՝ Հակոբյանն ասաց. «Առնվազն կա պայմանավորվածություն: Եվ այդ պայմանավորվածության կատարման ժամանակահատվածը կտեսնենք, թե ինչպես է ընթանում»: Պատգամավորը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ դա իրականություն չդառնա: Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
14:44 - 12 դեկտեմբերի, 2023
Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են |armeniasputnik.am|

Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ պատգամավորները մաքսային մարմին կողմից տրանսպորտային միջոցների կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ թանկացնելը հիմնավորված չեն համարում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագծով առաջարկվում է ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել՝ մարդատար ավտոմեքենայի համար գանձել 5000 դրամ գործող 1600 դրամի փոխարեն։ Նշվում է, որ նախատեսվում է սահմանել ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի ավտոներկրողները տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց, որ հակասություններ կան նախագծում։ «Դուք ասում եք, թե օրական 500 մեքենա հնարավոր է սպասարկել, մաքսային ծառայությունն էլ իր աշխատանքը պատշաճ կատարում է, այդ դեպքում մեքենաների պահպանման տուրքն ինչո՞ւ է բարձրացվում։ Դրա պատճառով շատանալու են այն անձինք, որոնք կցանկանան արագ մաքսազերծում անել։ Ինքներդ ձեզ հակասում եք, եթե ձեր նպատակը ֆիսկալ չէ։ Ավտոներկրողների համար ֆինանսական բեռն ավելացնում եք, բայց պատճառը չհիմնավորված է։ Գյումրու մաքսակետից 1,5 մլրդ ավելի փող եք ուզում ստանալ, «ստայանկի» գնի թանկացումը հիմնավորված չէ»,– նշեց Մինասյանը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ի պատասխան շեշտեց, որ այսօր մինչև 160 մեքենա է գալիս Հայաստան, բայց 130-ն է ներկայացվում մաքսազերծման, ինչից էլ կուտակումներ են առաջանում։ Փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կա 500 մեքենա սպասարկելու, բայց դիմողները չեն գալիս, հետևաբար իր ասածն ու նախագիծը միմյանց չեն հակասում։ Մանուկյանը նաև նշեց, որ այժմ Գյումրու մաքսատանը, որը նախատեսված է 2300 մեքենայի համար, մոտ 1300 մեքենա կա։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ եթե Գյումրու մաքսայինում հերթ չկա, ապա մեքենաների կայանման գինն ինչու են 1600 դրամից նախատեսում դարձնել 5000 դրամ։ «Ձեզ մոտ հերթեր են գոյանում, որովհետև դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել։ Ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողներն էլ ստիպված օրական 5000 դրամ պետք է վճարեն»,– ասաց Ավետիսյանը։ Քննադատությանն արձագանքելով՝ Մանուկյանը նշեց, որ այսօր Գյումրու մաքսատանը հերթեր չկան, սպասարկումն իրականացվում է պատշաճ կերպով՝ չնայած հոսքի ավելացմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ընդգծեց, որ շատ վատ և ժամանակավրեպ օրենք է։ «Այսօր մոտ 50%–ով է ծանրաբեռնված այդ կայանատեղին, հետևաբար խնդիր չկա։ Թաքուն կարելի է մտածել, քանի որ կիսով չափ է ծանրաբեռնված, ուզում եք 1600 դրամը դարձնել 5000 դրամ, որպեսզի լիքը եղած ժամանակվա գումարը լրացնեք։ Կոչ եմ անում հնարավորինս լավարկել այս օրինագիծը»,– ասաց Աղազարյանը։ ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ մեքենա ներկրող, սակայն չմաքսազերծող քաղաքացիները դրանք սեփական օգտագործման համար չեն բերում, այլ վերավաճառելու։ Հնարավոր է նաև, որ ներկրողը մեքենան սեփական օգտագործման համար է բերել, բայց այդ պահին մաքսազերծելու համար գումար չունի։ Նա առաջարկեց ավելի մեղմացուցիչ դրույթներ սահմանել՝ ավելի երկար ժամանակով թույլ տալ, որ մեքենաները կայանեն անվճար կամ վերանայեն տուրքի չափը։ Նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների շնորհիվ տարածքների առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն էլ կբարձրանա։ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները:
12:22 - 11 դեկտեմբերի, 2023
Տաքսու վարորդներից 1 մլն դրամ չի գանձվի, նրանք 2-3 տոկոսի չափով տուրք են վճարելու․ Բաբկեն Թունյանը պարզաբանեց |aravot.am|

Տաքսու վարորդներից 1 մլն դրամ չի գանձվի, նրանք 2-3 տոկոսի չափով տուրք են վճարելու․ Բաբկեն Թունյանը պարզաբանեց |aravot.am|

aravot.am: Տաքսիների վարորդները 1 մլն դրամ տուրք չեն վճարի, այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի ընդունմանը։ Դրանով որոշակի փոփոխություններ են սահմանված տաքսի ծառայությունների, մասնավորապես, օնլայն տաքսիների համար։ «Այս վերջին 2-3 օրվա ընթացքում ինձ զանգահարել ու գրել են մեր բազմաթիվ գործընկերներ՝ հարցեր ունենալով դրա հետ կապված։ Ինչ-որ թյուրընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 մլն դրամ տուրք ենք սահմանում։ Ուզում եմ ասել, որ նման բան չկա, 1 մլն դրամ սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է։ Այսինքն՝ այդ 1 մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում։ Խնդրում եմ այս ինֆորմացիան տեղ հասցնել, եւ իմացեք, որ նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ասաց Թունյանը։  
10:48 - 11 դեկտեմբերի, 2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից

Այսօր Իջևանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Նիստին մասնակցել են Կուսակցության Տավուշի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։  Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է 2024-ին կուսակցության ներսում սպասվող նոր գործընթացի մասին․  «Սովորաբար կուսակցությունները, հատկապես կառավարող կուսակցությունները, ունեն գայթակղություն ավելի ու ավելի շատ մարդ ներգրավելու, և ամենատարբեր հետաքրքրություններ են առաջանում ներգարվվելու։ Մեզ համար խնդիր է հետևյալը, որ մենք առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել (նկատի ունի՝ կուսակցության անդամները,- խմբ․), և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանց, ովքեր այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկեր ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ»։
21:41 - 09 դեկտեմբերի, 2023
Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան
 |azatutyun.am|

Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: Նա ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։ «Ազատությունը» նաև այս թեմայի շուրջ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: - Ինչո՞ւ չընտրեցիք Հայկուհի Հարությունյանին, դուք գիտեք, որ քաղհասարակությունը քննադատում է ձեզ դրա համար: - Նախ, ես կարծում եմ, քաղաքացիական հասարակության մի մասը մեզ հետ անհամաձայն է, կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նույնպես կուզենային ավելի լավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառավարում տեսնել, որովհետև տեսնում ենք հեռացող կամ արդեն իսկ պաշտոնը լքած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի մասին: Ազգային ժողովը կամ կառավարող մեծամասնությունը ընդամենը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ: Սա չի նշանակում, որ նախորդ 4 տարում ոչինչ չի արվել: Նսեմացվում է ամբողջ աշխատանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պարզապես մեր իրավունքն է պաշտոնը լքելուց հետո..., նախ, հարց է՝ արդյոք անձը կցանկանա՞ կրկին առաջադրվել, դա նոր փուլ է, նոր փորձ է, այսինքն, կարող են մրցակիցներ ևս լինեն, և ամբողջությամբ մեր իրավունքն է որոշել, որ պաշտոնավարումից հետո մեկ այլ անձ կարող է պաշտոնավարել: Մեր խմբակցության հետ տիկին Հարությունյանի հանդիպումից հետո՝ մեկ շաբաթ, 10 օր, ընդ որում, մենք չէինք մասնակցում այդ բանավեճին, սպասում էինք մինչև կգա համապատասխան Ազգային ժողովի նիստը, մի ամբողջ ալիք բարձրացավ, տիկին Հարությունյանը ևս մասնակցություն ունեցավ, խոսակցությունը տանելով այնպիսի դաշտ, կարծես թե մեր հայտարարագրերի շուրջ է միայն դժգոհությունը, բայց սա բոլորովին այսպես չէ:  - Արդյոք այդքան էական դետալներ են, որ նույնիսկ չմասնակցեիք քվեարկությանը և այսպես նրքան ճանապարհեիք, թե՞ այնուամենայնիվ, գուցե վկայում է, որ դուք եք քննադատության նկատմամբ անհանդուրժող: - Ես մտադրություն չունեի հրապարակավ ասելու, որ տիկին Հարությունյանը քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչի դուրս է մղել իրենց աշխատավայրից, ես չէի ցանկանում հրապարակային էսկալացնել իրավիճակն այս հարցի շուրջ: Փակ հանդիպման ժամանակ իրեն այս հարցադրումն արել էի, բայց նաև տիկին Հարությունյանը խաղադրույքները, այսպես ասած, բարձրացնելով, մեր հասցեին հնչեցնելով մեղադրանքներ, որոնք անհիմն են, թե մենք մեր հայտարարագրերի շուրջ հարցերի պատճառով իրեն չենք ցանկացել վերընտրել դրդեց, որպեսզի այդ խոսակցությունը ստանա նաև այդպիսի դրսևորում և վերջում, այո, մենք չմասնակցենք այդ քվեարկությանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
16:44 - 08 դեկտեմբերի, 2023
Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։  Արկադի Թամազյանը դիմել է Ալավերդու բնակիչներին.  «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Օրեր առաջ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ՏԻՄ ինստիտուտի բացահայտ ոտնահարման հերթական փորձն արդեն մեր համայնքում։ Շուրջ 1000 ոստիկանի հովանավորչությամբ մի խումբ պատեհապաշտներ, կոպտագույնս արհամարհելով օրենքները, տեսանելի խախտումներով տիրացան համայնքի կառավարմանը։Ակնհայտ է, որ այդ մարդկանց նպատակը ոչ թե համայնքին ծառայելն է, այլ սեփական խղճուկ ամբիցիաներն ու շահերն ամեն գնով բավարարելը։ Այս մեկ տարվա ընթացքում ես և իմ թիմն ապացուցեցինք, որ համայնքը կառավարվում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ, և չնայած երկրի կենտրոնական իշխանությունների հաճախակի ստեղծած արհեստական խոչընդոտներին՝ իրականացված աշխատանքները տեսանելի են և ծանրակշիռ։Սիրելինե՛րս, այս օրերին ձեր կողմից ուղարկված նամակները, հեռախոսազանգերը, համացանցային հրապարակումներն իրապես ոգևորիչ են, որի համար շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ ձևավորված կայուն փոխվստահության մթնոլորտում մենք միասին վերադառնալու ենք Ալավերդին զարգացնելու մեր ընդհանուր գործին։ Հավելեմ նաև, որ մեր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։ Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը։Իսկ այդ պայքարում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի դերը։Ես ձեզ հետ կշարունակեմ լինել ամենօրյա կապի մեջ՝ քննարկելու համար մեր հետագա ծրագրերը և անելիքները։ Վաղը համայնքային իշխանությունը զավթածները նախատեսել են համայնքի ղեկավարի երդմնակալության արարողություն, որը ևս համարում եմ հերթական հակաօրինական քայլը։Շնորհակալ եմ»։ 
09:46 - 08 դեկտեմբերի, 2023
«Անկախ ձեր գնահատականներից և վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է»․ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով

«Անկախ ձեր գնահատականներից և վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է»․ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով

Երեկվանից Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Հարցուպատասխանից և ելույթներից հետո հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։ «Երկու կարեւոր արձանագրում եմ ուզում անել․ առաջինը՝ թույլ տվեք որպես քաղաքացի պահանջ հնչեցնել երկու քաղաքական ուժերին (ՔՊ և «Հայաստան» դաշինք՝ խմբ․), անհատներին․ ես երեկ նշեցի, այսօր ընդգծված կրկնում եմ՝ ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ եւ անկախ քաղաքական շահերից՝ պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու եւ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել՝ նաեւ անհատների կողմից։ Տիկին Տիգրանյան (պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան՝ խմբ․), Դուք ինձ նոր չեք ճանաչում, բայց, ցավում եմ, որ ինձ զգուշացնում եք, որ ընդդիմության կողմից իմ վերաբերյալ ասված խոսքերը կարող են ինձ վնաս պատճառել։ Երկրորդը՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր չի մնացել առաջին անգամ, եւ մնացած բոլոր տեսակի գնահատականների, փաստերի անդրադարձից առաջ ուզում եմ հարց հնչեցնել՝ այս նույն ԱԺ-ի կողմից երեք տարի պաշտոնավարումից հետո ընտրված թեկնածուի հարցադրումների վերաբերյալ։ Տիկի՛ն Կարապետյան (պատգամավոր Մարիա Կարապետյան՝ խմբ․), Դուք էդ հարցերը տվե՞լ եք էդ նույն անդամին, ով հանդիսացել է հենց էդ նույն աշխատանքի տեսանկյունից էդ համակարգող պատասխանատու անդամը, Դուք էդ հարցերի պատասխանն ստանալուց հետո փորձե՞լ եք ճշտել, թե էդ դեպքում եթե ես ինքս՝ որպես Հանձնաժողովի նախագահ, էդ աստիճանի գերակա ազդեցություն ունենալով, գործունեություն էի շարունակում, բա թիմի, քաղաքական թիմի եւ նույն կառավարության համար երկու տարի առաջ վտանգ չէի՞, էն գործողությունները, որոնք վերագրվում են ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես, իրականացվել են քվեարկության ու Հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից կայացված որոշումներով։ Երկրորդ արձանագրումը նույն խնդրի վերաբերյալ, նույնիսկ գույքային դրության վերաբերյալ խնդիրները համարժեք են եղել նաեւ մյուս թեկնածուի առնչությամբ։ Հրապարակային են եղել նիստերը, ուստի առաջարկում եմ բոլորին նորից ծանոթանալ եւ ինքներդ գնահատել, արդյոք սա հավասար մոտեցո՞ւմ է, թե իսկապես այն, ինչից նաեւ դուք եք նեղանում, հանրային նաեւ հասարակական պահանջներից, արդարացված է»,- հայտարարեց Հարությունյանը։ Այնուհետև նա առանձին անդրադարձավ պատգամավորների ելույթներին և անհատապես պատասխանեց նրանց բարձրաձայնած հարցերին։ «Ի՞նչ տեղի ունեցավ այս երկու օրերի ընթացքում։ Պարո՛ն Աղաջանյան (պատգամավոր Էդուարդ Աղաջանյան՝ խմբ․), Դուք ճիշտ եք ասում, Հանձնաժողովի գործունեության կամ իմ վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, եւ ես հղում չեմ անում պարոն Մինասյանին, որպեսզի նորից փորձերը ինձ քաղաքականացնելու, չկրկնվեն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ, հիմա ես՝ փաստերով։ Փաստ համար մեկ, եւ սա ընդգծված եմ ասում․ ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով ներկայացված են եւ հասանելի, ավելին, դրանք վերլուծված են Հանձնաժողովի կողմից։ Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, գործընկերներից մեկը երեկ Հանձնաժողովի կայքին բավականին լավ ծանոթացել էր, առաջարկում եմ նրանից խորհրդատվություն ստանալով գտնել եւ կարդալ, որպեսզի այս երկու օրերի ընթացքում նույն հարցն ավելի քան յոթ անգամ հնչեցնելով, տարբեր ելույթներում էդ տեսակի վարքագծի մասին հարցեր բարձրացնելով պատրանքային տպավորություն չստեղծվի, թե դա իմ բարեվարքության խնդիրն է, որով ես ԿԿՀ նախագահումը թերի կերպով եմ իրականացրել։ Բացի դրանից՝ խնդրում եւ պահանջում եմ սա երրորդ անձի անունից՝ իմ քրոջ վերաբերյալ ձեր հայտարարություններում եւս զգույշ եղեք։ Իմ քույրը երբեւէ Հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որեէ գործարքի եւ գործողության մասնակից չի եղել, սրանում կասկածողներն էլ հնարավորություն ունեն կոնկրետ կազմակերպություններից տվյալներ ճշտելու։ Երկրորդ փաստ․ պարոն Խանդանյան (պատգամավոր Սարգիս Խանդանյան՝ խմբ․), լա՛վ է, որ Հանձնաժողովի կայքն էդ աստիճան ուսումնասիրել եք, հաշվետվողականության հարց եք բարձրացնում, բայց լավ չի, որ մինչեւ վերջ չեք կարդացել։ Որովհետեւ ես Ձեզ հարց ունեմ․ եթե կարդայիք, էդ հաշվետվության մեջ նշված էր մի հարց, որի պատասխանը Դուք պիտի հիմա հնչեցնեիք՝ նորից նույն ինստիտուցիոնալ մոտեցումը պահպանելով։ Հանձաժողովի կողմից ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության եզրակացությունը ինչի՞ ուշացրած ներկայացրեք ՍԴ, հարց երկրորդ՝ ավելի քան երկու տարի Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ինչի՞ ԱԺ-ն այդ պաշտոնը չհամալրեց իր ընտրությամբ։ Փաստ երրորդ՝ տիկին Բադալյան (պատգամավոր Լուսինե Բադալյան՝ խմբ․), Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց արդեն հրապարակված տեղեկություններն օգտագործելով՝ ուզում եմ ոչ միայն ինձ, ամբողջ հանրությանը բացատրեք՝ քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք գնահատում իրականացնում, եւ նորից, հրապարակված տվյալներն օգտագործելով՝ ուզում եմ բացատրեք՝ էդ տվյալը օգտագործելով քաղաքական հասունության ստանդարտը ո՞նց գնահատվեց, օրինակ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, բա եթե փակ քննարկումներից նեղվում ենք, ինչի՞ չենք ուզում էդ ստանդարտի հավասար կիրառումը հասանելի, թափանցիկ դարձնել նաեւ հանրությանը։ Փաստ համար հինգ․ տիկի՛ն Ջուլհակյան (պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան՝ խմբ․), լավ է, որ իմ հայտարարագրերը փորձել էիք վերլուծել, բայց լավ չէ, որ դա արել էիք նույն լրագրողի սիրողական մակարդակով, այնինչ Ձեզ տրված էր հսկայական լիազորություն՝ ստանալ, վերլուծել, օգտագործել օրենքով սահմանված կարգով բոլոր այն տեղեկությունները, որոնք Ձեր բոլոր տեսակի կասկածները կփարատեին։ ԱԺ աշխատակազմի միջոցով մրցութային խորհուրդը Հանձնաժողովի մասին օրենքի 10-րդ հոդվածի պրիմ եւ տասներորդ մասի համաձայն՝ պարտավոր էր ներկայացնել այն տեսակի եզրակացություն, որը ներկայացնում է Հանձաժողովը մնացած բոլոր թեկնածուների վերաբերյալ, եւ Ձեր գործընկերոջ այն հարցադրումն ինձ, թե ինչու նույն օրինակ Ինֆոքոմի հրապարակած հոդվածն այդտեղ տեղ չէր գտել, ես չեմ դրա պատասխանատուն, այդ եզրակացությունը կազմելու պարտավորությունը կրել է խորհուրդը։ Խնդրում եմ ներկայացնել եզրակացություն՝ ստորագրված այդ խորհրդի հինգ անդամների կողմից, եւ դա հասանելի դարձնել այդ նույն տվյալների, հնարավոր կամ ենթադրյալ շահերի բախման, հնարավոր գույքային դրության անհամատեղելիության կամ այլ հարցերի վերաբերյալ հավասարապես։ Ընդգծված կրկնում եմ՝ հղում չանել եւ չօգտագործել ԿԿՀ կողմից գույքային դրության ստուգման այն տեղեկանքը, որը կազմվել է․․․ քանի որ ԱԺ խորհուրդը բանկային գաղտնիքին հասանելություն չունի, բա մնացած տվյալների մասով, օրինակ, խորհուրդն ինչի՞ է հարցում արել ԱԱԾ-ին, եթե դրա պատասխանն ԱԺ բոլոր պատգամավորները հավասարաչափ չունեն։ Փաստ երկրորդ՝ Արուսյակ Ջուլհակյանի արած հրապարակումների մասով․ ես առաջարկեցի մինչեւ շահերի բախման մասին խոսելը առնվազն կարդալ օրենքը։ Իմ կողմից օրենսդրական նախաձեռնությամբ «հանդես գալու», որովհետեւ ես որպես սուբյեկտ եւ մարմին ներկայացնող՝ նման իրավասություն չունեմ եւ չեմ ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, բայց դրա համատեքստում կամ զուգահեռ ուզում եմ հարց տալ․ տիկի՛ն Ջուլհակյան, բա Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ-ի կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞, կամ Վճռաբեկ դատարանի թեկնածու ԱԺ պատգամավորին քվեարկելը շահերի բախում չի՞։ Պարոն Թորոսյան (պատգամավոր Արսեն Թորոսյան՝ խմբ․), Դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ էդ որոշումը ձեզ ամենաանպրոֆեսիոնալը թվա, մի հատ նորից կարդալ, եւ ինձ չէ, մնացած բոլորի համար էն հարցին պատասխանել, թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը որպես Առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչեւ 350 մլնից ավելի արժեքով։ Սահմանափակվում եմ փաստերի ներկայացման՝ ժամանակի տված հնարավորությամբ՝ ընդամենը արձանագրելով այս երկու օրերի քննարկման արդյունքները մեկ վերջնական նախադասությամբ․ այո՛, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ ներդրվել է, ինստիտուտը կայացել է, եւ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի, անկախ ձեր գնահատականներից եւ ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է, եւ էդ աշխատանքը եւս որպես պատմություն խեղաթյուրել եւ շրջելի դարձնելու հնարավորություն չունի»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։
14:18 - 07 դեկտեմբերի, 2023
ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ ստորագրած Համագործակցության մասին հուշագիրը

ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ ստորագրած Համագործակցության մասին հուշագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։ Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Այդ մասին տեղեկանում է ՔՊ կուսակցության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կատարված հրապարակումից: «Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,- ասված է հրապարակման մեջ:
16:05 - 06 դեկտեմբերի, 2023
Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Շարունակվում է Ագզային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում քննարկվում է 2024թ․ պետական բյուջեի հարցը, այն ներկայացնում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մինչ այդ, սակայն, ներկայացվեցին երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները, որոնց մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը՝ երկուսն էլ 68 կողմ, 1 դեմ ձայներով։ Ընտրված երկու անդամներն էլ ԱԺ նիստի ընթացքում երդվեցին։ Նունե Հախվերդյանը   Հասմիկ Հակոբյանը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը՝ 69 կողմ ձայնով։ Հակոբ Միհրանյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը՝ 68 կողմ ձայնով։ Սերգեյ Մարաբյանը
10:27 - 06 դեկտեմբերի, 2023
Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2023թ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքում գումարվել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու նիստ: Նիստին մասնակցել են ավագանու Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը, Ապրելու երկիր խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ներկա է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022թ․ սեպտեմբերին ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն էր: Ի պատասխան՝ Արկադի Թամազյանի աջակիցները նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ին հրավիրել են քաղաքացիական խաղաղ հավաք համայնքապետարանի շենքի մոտ՝ անվստահության գործընթացը թույլ չտալու նպատակով: Սա վերջին երկու ամիսների ընթացքում Ալավերդիում արդեն երկրորդ ավագանու նիստն է՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով: 2023թ․ հոկտեմբերին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ  էր հրավիրել Ապրելու երկիր խմբակցությունը, որին բավարար քվորում չէր ապահովվել: Այս նիստին ներկա էին ԱԵ խմբակցության 12 անդամներից 11-ը և Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող ավագանու մեկ անդամը: Վերջին ամիսներին պարբերաբար շրջանառվում էին տեղեկություններ, որ փորձ է արվում տարբեր ճնշումների միջոցով հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Այս մասին նաև հայտարարել են ԱԵ կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համատեղ ասուլիսի ընթացքում: Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի,  իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով: Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը: Մասնավորապես.  Գործադրվել է ճնշում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին, հայտնելով, որ չի տեսնում դրա համար հիմնավոր որևէ պատճառ։ Կան տեղեկություններ նաև այլ անդամների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հանդիպել կամ տեղեկություն տրամադրել քաղաքացիական հասարակության անդամներին կամ հրապարակային հանդես գալ այդ մասին։ Բռնությունների գործադրմամբ արգելափակվել է ավագանու անդամների մի մասի, այդ թվում գործող համայնքապետի մուտքը ավագանու 2023 թ. դեկտեմբերի 5-ի նիստին:Ոստիկանությունը փորձել է արդարացնել այդ սահմանափակումը նրանով, որ գործողություններ են իրականացնում ՔՊ ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։ Իրավապահներն արգելափակել են  համայնքի բնակիչների մուտքը ավագանու նիստերի դահլիճ և ներկայությունը այդ նիստին, որով խախտվել է ՏԻՄ օրենքի՝ նիստի հրապարակայնության պահանջը: (Տեսեք վերոհիշյալ աղբյուրը:) ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ լիագումար նիստին մասնակցելու և իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցել ու միջամտել է Ալավերդի համայնքի հիշյալ նիստին՝ նաև անձնական վիրավորանքներ է հասցրել գործող համայնքապետին։ ԱԵ խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովին մասնակցության և քվեարկության համար, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ կուսակցության անդամները խոստացել են Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը: Անվստահություն հայտնելուն աջակցող ավագանու անդամները նիստերի դահլիճում հայտնվել են ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։ Օրենքի խախտմամբ ընթացած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար` Շնող համայնքի նախկին ղեկավար, Դավիթ Ղումաշյանը։ Մենք ներքոնշյալ կազմակերպություններս.  համարում ենք, որ ավագանու անդամների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցության խոչընդոտմամբ նիստը ինքնին ապօրինի է և դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։ դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությամբ հակաժողորդավարական միջամտությունը Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարմանը, ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների խախտումները, ինչպիսիք քանիցս դրսևորվել են նաև այլ համայնքներում, խստորեն դատապարտում ենք ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտութամբ Ալավերդի համայնքում ավագանու ապալեգիտիմացումը, իրավապահ մարմիններից պահանջում ենք քննություն իրականացնել ոստիկանության գործողությունների իրավաչափության և արձանագրված ճնշումների փաստերի գնահատման համար, իրավապահ մարմիններից պահանջում եք քննության ենթարկել առերևույթ քրեական հանցակազմ պարունակող վերոհիշյալ գործողությունները, Հայտարարում ենք, որ Տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ այսպիսի ոտնձգությունները և ճնշումները պետական օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ոտնահարում են քաղաքացիների կամքը, հակոտնյա են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության ոգուն ու հետզհետե ոչնչացնում են այն խորհրդանշական առաջընթացը, որ արձանագրվել էր ընտրական գործընթացներում: Պետական իշխանությունը պարտավոր է իրեն ու հանրությանը հաշիվ տալ նշված հետադիմական զարգացումները նախաձեռնելու և խթանելու համար: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» «Ուղղակի Ժողովրդավարություն» «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։
21:05 - 05 դեկտեմբերի, 2023
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։  «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է» ,- ասված է հայտարարության մեջ։ 
17:11 - 05 դեկտեմբերի, 2023
ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը
 |1lurer.am|

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի  թափուր պաշտոնում: Հակոբյանի թեկնածությունը քննարկվել է նաև հանձնաժողովում»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Հակոբյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, զբաղվել հետազոտական աշխատանքներով, հրապարակել 50-ից ավելի գիտական և գրախոսական հոդվածներ: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2012-ից «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիրն է: «Վստահ եմ, որ տիկին Հակոբյանը բարեխղճորեն կկատարի իր աշխատանքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, կոչ եմ անում ԱԺ բոլոր խմբակցություններին՝ կողմ քվեարկել տիկին Հակոբյանի թեկնածությանը»,- նշեց Ղազարյանը:
14:19 - 05 դեկտեմբերի, 2023
Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը
 |news.am|

Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը |news.am|

news.am: Ալավերդու ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն  նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ  տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը: Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախորվը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աճակցելով ՔՊ-ին: Դա թույլ է տվել ՔՊ-ին ունենալ 14 քվե, համայնքապետին անվստահություն հայտնելու համար։ 
13:09 - 05 դեկտեմբերի, 2023