ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Երևանի պետական համալսարանի դեկաններ ու ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեկանները հայտարարություն են տարածել, որը հրապարակել է «ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից, բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար: Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ անձինք. Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ
15:55 - 04 դեկտեմբերի, 2020
Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն

Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն

ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-2021 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը. բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Այս մասին հյտրարություն է տարածել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որեւէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: Կորոնավիրուսի համավարակի եւ բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, եւ հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարեւորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռեւս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է եւ պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին: Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։ Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ: Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ եւ մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաեւ մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է եւ կա որպես հայերենագիտության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»:  
14:17 - 04 դեկտեմբերի, 2020
Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել |hetq.am|

Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր որոշում, որով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և հարակից օրենքներում։ Մասնավորապես, բուհերի ռեկտորները, գիտական կազմակերպությունների տնօրենները նախատեսվող օրենքների փոփոխությամբ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։ Այս առիթով ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանի մամուլի ասուլիս էին հրավիրել։ Նրանք իրենց մտահոգություները հայտնեցին օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ «Այս մեծ փաթեթները և՛ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, և՛ Երևանի պետական համալսարանի կողմից կարելի է ասել զրո ուշադրության են առաջացել։ Որևիցէ փոփոխություն տեղի չի ունեցել, երկար ժամանակ ձգձգված մնացել է՝ առաջացնելով հանարային արդարացի ընդվուզմներ, և այսօր հապճեպ կարգով չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը։ Իրավիճակն ավելի վատանում է այդ նախագծի մեջ կատարված մի փոփոխության աարդյունքում, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարը իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը 5 տարի ժակետով»,- հայտնեց Մենուա Սողոմոնյանը։  Ըստ նրա՝ սրանով հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ և միանգամից նշանակել բուհի ռեկտոր․ «Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում և խախտում է»։ Վերջինիս խոսքով՝ այս օրենքի նախագիծը բուհերին կախման մեջ է դնում քաղաքական իշխանություններից, և նրանց փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջանալու են փոփոխություններ։ Ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի՝ օրենքի նախագիծը որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է։  «Հեղափոխությունից հետո մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ կլինեն բարեփոխումներ և մենք կունենանք բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության ողջամիտ մակարդակ։ Գործող և ներկայացված օրենքի նախագծով բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադմեիական ազատություն ունենալու հնարավորությունից»,- ասաց ռեկտորի թեկնածուն։ Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը․ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:04 - 03 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ «ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասված է գրառման մեջ: Առցանց տեղի ունեցած նիստում այսօր գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ: Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցավ երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի: «Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասաց Մարատ Գրիգորյանը: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է. «ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին։ Հայ ժողովրդին պարտության մատնած և կապիտուլյացիա ստորագրած վարչապետը պետք է հեռանա»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով ևս համալսարանն անպայման պետք է հայտարարությամբ հանդես գա և կրավորական կեցվածք չընդունի. «Հայտարարության կառուցվածքը պիտի լինի իրավիճակի սթափ գնահատում, պատճառներ և առաջարկ: Վերջինս պետք է բխի իրավիճակի գնահատականից»: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանի կարծիքով էլ հստակ է, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հեռանա. «Դիվանագիտական դիլետանտիզմի և արկածախնդրության հետևանքներն ենք մենք հիմա քաղում»: ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն իր խոսքում նշեց, որ բոլորը համակարծիք են, որ իշխանությունը պետք է հեռանա, գոնե այն տեսանկյունից, որ պարտված ղեկավարը դժվար կարողանա հետագայում առաջնորդել. «Չնայած ես չեմ համարում, որ իշխանությունները հող են հանձնել, այդ հողը մեզնից խլել են: Խլել են պատերազմով, իսկ որ պատերազմում մենք պարտվել ենք, մեղավոր չեն միայն իշխանությունները, մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք 30 տարվա մեր գործունեությամբ և անգործությամբ»: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօր տարբեր գիտնականների, մտավորականների և փորձագետների կողմից ձևավորվում են հարթակներ, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակներ են առաջարկում. «Անխոս ԵՊՀ-ն ինքնին նման հարթակներից ամենաառաջնայինն է և ամենամեծ իրավունքը և պատասխանատվությունն ունի՝ արտահայտելու իր կարծիքը»: Նա հիշտակեց 90-ականներին մամուլում տեղ գտած հայտարարության մասին, որով ԵՊՀ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ բարձրաձայնելով ժամանակի խնդիրները. «Այսօրվա իշխանության սխալների մասին ես, ի տարբերություն շատերի, բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ այն դեռևս ուժեղ էր: Կարծում եմ՝ այս իշխանության սխալներից մեկը հայագիտական առարկաների շուրջ մշակված հարձակումն էր, որին մեր գիտխորհուրդը հավանություն տվեց»: ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը փաստեց, որ ճիշտ կլինի դիտարկել երևույթը, այլ ոչ անձանց. «Միևնույն ժամանակ երևույթի քննարկումն ավելի կամրապնդի համալսարանի դերը հասարակության մեջ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված է լինելու ռազմարդյունաբերության վրա: Հետևաբար պիտի հասկանանք մեր անելիքը, համապատասխան քայլերի ձեռնարկումը»: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ հայտարարության մեջ պետք է շեշտվի, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի կարծիքով նույնպես ԵՊՀ գիտխորհուրդը չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի շուրջ, բայց և պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել՝ չբևեռվելով մի անձի, մի իշխանության, մի մտածելակերպի վրա. «Մեր հիմնական կորուստը, իմ համոզմամբ, մեր զոհերն են: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը: Այս գինը, որ մենք վճարեցինք, արժե՞ր, դեռ ինչքա՞ն կարող էինք վճարել, մինչև վերջին հա՞յը»: Նրա համոզմամբ, պետք է պատասխան պահանջել բոլոր իշխանություններից, թե ինչ է արվել պատերազմը կանխելու համար. «Իմ կարծիքով, այս ամենը հետևանք է 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի հաջորդ օրվանից սկսած: Արցախյան պատերազմը հարկադրված էր, որը մենք հաղթեցինք: Հաղթանականից հետո, իմ կարծիքով, մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմը նորից սկսի: Ի դեպ, մենք՝ համալսարանն ընդհանուր առմամբ, ևս ոչինչ չարեց, որ պատերազմ չլինի»: Վահրամ Դումանյանի փաստմամբ, այսօրվա գերխնդիրը պետք է լինի հասարակության համախմբումը: Նրա կարծիքով, ցանկացած հեղափոխական իշխանություն դատապարտված է. «Այժմ պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որովհետև ԱԺ-ում աշխատանքներ են իրականցվում առանց ընդդիմության. «Ճգնաժամն ընթանում է նաև հասարակության մեջ: Առճակատման, հնարավոր բախումների մթնոլորտում համալսարանի հայտարարությունը պետք է ուրվագծի որոշակի ճանապարհային քարտեզ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք 90-ականների սկզբի հաղթանակով և շատ թեթև ենք վերաբերվել շատ քաղաքական գործիչների, ավելի կոնկրետ առաջին նախագահի զգուշացմանը, շատ թեթև ենք վերաբերվել Ադրբեջանի հոխորտանքներին, անտարբեր ենք եղել Թուրքիայի առաջ քաշած «մի ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությանը, անլուրջ ենք վերաբերվել փաստին, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը: «Այս պատերազմն անսպասելի էր գուցե օրվա իմաստով, բայց որ այս պատերազմը պիտի լիներ, կամ զիջումները պետք է լինեին առանց պատերազմի, կամաց-կամաց ակնհայտ էր դառնում: Երբ շատ երկար ես վայելում հաղթանակի պտուղները, և չես պատրաստվում հաջորդ պատերազմին, ընդ որում՝ պատրաստվելն աշխատանքով, նյութական, ի վերջո պարտվում ես»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Նրա կարծիքով, անցյալ և ներկա իշխանությունները շատ թեթևամտորեն են վերաբերվել կրթության հարցերին, բոլորն արհամարհանքով են վերաբերվել գիտությանը: Նրա հավաստմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը պատերազմին ձգտել չի նշանակում միայն, բոլոր առաջավոր տեխնոլոգիաներն առաջացել են այդ համալիրում: Այնտեղ են ծնվում նոր գաղափարները. «Պետք է ստեղծվեին ենթակառուցվածքներ, նյութական արտադրություն, անհրաժեշտ էին արդյունաբերական հզորություններ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի համոզմամբ, եթե պիտի գա նոր իշխանություն և շարունակի նույն գործունեությունը, ապա ոչինչ չի փոխվի. «Եթե գալու է նոր իշխանություն, որը մտածելու է իր իշխանությունը պահելու մասին կամ զարգացման խնդիրներ չի դնելու, էլի նույն փոսի մեջ ենք լինելու»: Ներկայիս իշանությունը, Գեղամ Գևորգյանի կարծիքով, ունի մեղքի իր բաժինը. «Ես չէի ասի՝ միայն նրանք են մեղավոր, բայց նրանց օրոք է գրանցվել այս վիճակը: Ելքը մեկն է. կառավարության հրաժարական: ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն: Ճիշտ կլինի առաջիկա կես տարում իրականացնել արտահերթ ընտրություն, ոչ այս պահին»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ դիտարկում արեց՝ նշելով, որ երկրի հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ եղել է տեխնոկրատ կառավարություն. «Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է ինչ-որ կերպ նշվի մեր հայտարարության մեջ»: Քննարկումների ավարտին որոշվեց կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
17:17 - 20 նոյեմբերի, 2020
ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները |armtimes.com|

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում ուսանողների ընթացիկ քննությունները չեն չեղարկվի։ Նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում ուսանողները կհանձնեն իրենց ընթացիկ քննությունները։ Որոշումն այսօր կայացվել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստի ժամանակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ ռեկտորատի որոշումը՝ ընթացիկ քննությունները նոյեմբերի 2-7-ն անցկացնելու վերաբերյալ, մի շարք ուսանողների դժգոհության պատճառ էր դարձել։ Նրանք հայտնել էին, որ պատերազմ է, բոլորը լարված են, ոմանք կամավորագրվում են՝ սահման մեկնելու համար։ Բացի այդ, համավարակի պատճառով դասերը հեռավար են անցնում, կրթության որակը տուժում է, քննություն չեն կարող հանձնել։ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել էին Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով։
15:01 - 22 հոկտեմբերի, 2020
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։ Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները, Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 միլիոն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո, Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` 4 տարվա ընթացքում 34 միլիոն դրամ փոխանցելու համար։ Բնականաբար, Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց», այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Կարծում ենք, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են Հայաստանի կրթության ու գիտության զարգացման ճանապարհին անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները։ Բնականաբար, Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այս պահին, ցավոք, հավելյալ մանրամասներ գործից հայտնել չենք կարող, սակայն առավել քան համոզված ենք, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է»։
12:55 - 17 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան»  հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 17 սեպտեմբերի, 2020
Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն |armenpress.am|

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակն ուսման վարձերի վճարման առումով խնդիր է դարձել շատերի համար: Ուսանողները նշում են, որ բուհերը սահմանել են ժամկետներ, չվճարելու դեպքում դուրս կմնան կրթական գործընթացից: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով միայն ԵՊՀ-ում բուհից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած շուրջ 500 ուսանող: «Հավաքվել է 5 հազար 300 ուսանողի ստորագրություն: Մեծ մասը ԵՊՀ-ի ուսանողներ են: Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը: Ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով նամակը ընդունեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
15:40 - 15 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները
 |iravaban.net|

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները |iravaban.net|

iravaban.net: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում ընդունված Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի վերաբերյալ (նախատեսվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորում ու Սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացում) Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը հարցազրույց է ունեցել Aravot.am-ի հետ։ Հարցազրույցը վերանգրված էր․ «ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմանը «կողմ» քվեարկած անձինք սկսել են պետականության ապամոնտաժումը. Վարդան Այվազյան»։ Հարկ է նշել, որ Այվազյանն այս հարցազրույցում թույլ է տվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ պարունակող հայտարարություններ՝ դրանով իսկ գցելով Մայր բուհի` Երևանի պետական համալսարանի համբավն ու պատիվը, հնչել են նաև մասնագիտական առումով փաստազուրկ, որոշ հատվածներում՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հասցեին անգամ վիրավորական բնույթ կրող արտահայտություններ։ Մեջբերենք մի քանի հատվածներ․ «Ի՞նչ խնդիր է դնում իշխանությունը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորելով մեկ՝ Գերագույն դատարանում, պատասխանեց. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել բանականությունից»: Նշված հատվածում, առնվազն հասկանալի չէ, թե երկու դատարանների միավորման արդյունքում ինչու՞ են քաղաքացիները զրկվելու բանականությունից։ Ավելի պատկերավոր լինելու համար, մեր զրուցակիցն այսպիսի համեմատություն է անում. «Երբ, ասենք, բժիշկը այնքան գրագետ է, որ կորոնավիրուսով հիվանդին բուժելու ժամանակ, արհեստական շնչառական ապարատը հիվանդի քթին կամ բերանին միացնելու փոխարեն, հետույքին է միացնում»:   Հատկանշական է, որ գոնե վերջին ամիսներին՝ կորոնավիրուսվ պայմանվորված, Հայաստանում հասարակությունը շատ ավելի բարձր է սկսել գնահատել բուժաշխատողի աշխատանքը և նման համեմատությունը՝ հիվանդ, անօգնական, կյանքի և մահվան կռիվ տվող մարդուն թթվածնային սարքով ապահովելու հետ կապված արտահայտությունը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408 – Ն որոշման համար 1 հավելվածով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը։ Կանոնադրության 103-րդ հոդվածում նշվում է, որ ԵՊՀ-ի ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները: 107-րդ կետում նշվում է, որ ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք։ 131-րդ կետով էլ սահմանվում է, որ ԵՊՀ-ի աշխատողները պարտավոր են`-պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները,-մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում,-կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականություններ: Այս առումով մասնագիտական հանրությանը հետաքրքիր կլինի իմանալ, թե վերջին անգամ ե՞րբ է մասնագիտական այդ թվում մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ վերապատարաստում անցել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԵՊՀ գիտական խորհրդի 2015 թվականի մարտի 26-ի N 6/2 որոշմամբ էլ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմանդրամի ներքին կարգապահական կանոնների նոր խմբագրությունը։ Ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետում նշվում է, թե ինչ պարտավորություններ ունեն ԵՊՀ աշխատողները․ այդ թվում՝ -կատարել Աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտերով նախատեսված պարտականությունները, -բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղիանկությունը,   – աշխատավայրում իրենց պահել արժանավայել՝ հետևելով հասարակության համակեցության կանոններին։ Ցավալի է, բայց փաստ՝ Մայր բուհի ամբիոններից մեկի վարիչը՝ գիտամանկավարժական աշխատանք կատարող անձը, թույլ է տալիս ոչ օրինակելի վարքագիծ, արտահայտում մասնագիտական էթիկային ոչ հարիր արտահայտություններ, ինչը, վստահաբար, ոչ միայն պատիվ ու հեղինակություն չի բերում ԵՊՀ-ին, այլ նաև` խոցելի է դարձնում մայր բուհի պատիվն ու հեղինակությունը։ Այլ մեջբերումներ հարցազրույցից․  «Պետականությունից զրկվելն էլ հանգեցնում է ազգային ինքնության կործանման եւ պետականության ապամոնտաժումը փոխարինվում է ֆեյսբուքյան իշխանությամբ, սմարթֆոնների, այֆոնների մենյուներով: Հիմա, ըստ էության, հանձնաժողովի այդ ութ անդամները, որոնք «կողմ» են քվեարկել, սկսել են պետականության ապամոնտաժումը»: «Սա առաջին քայլն է՝ պետականության կորստից հետո վերացնելու մեր ազգային ինքնությունը եւ ստեղծելու նոր մարդու մոդել, որը պետք է զուրկ լինի բարոյականությունից եւ պատասխանատվությունից, ընդ որում, սա համաշխարհային թրենդ է համարվում: Սրա դեմը, եթե մենք չառնենք, ապա շատ վատ հետևանքներ կունենանք ազգային անվտանգության առումով»: «Մեզ մոտ կա բանականության մթագնում`շիզոֆրենիա՝ առանց հասկանալու, առանց ջանք գործադրելու, առանց գիտելիք ստանալու՝ խայտառակ, անհասկանալի փորձարարություն կատարել պետության և հասարակության նկատմամբ: Դա ամենածանր հանցագործությունն է»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ պատրաստ է Սահմանադրական բարեփոխումների՝ այս համակարգին «կողմ» քվեարկած անդամների հետ, իրենց իսկ նախընտրած հեռուստաընկերությունում, ուղիղ եթերում բանավիճել եւ ապացուցել նրանց սնանկությունը:    Վերոնշյալը փաստարկում է, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը թույլ է տվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ` դրանով իսկ խախտելով առնվազն ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետով նախատեսված ԵՊՀ-ի պատիվն ու հեղիանկությունը բարձր պահելու դրույթը: Ուստի ԵՊՀ-ի ղեկավարությունը, պարտավոր է ԵՊՀ-ի կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների համաձայն գնահատական տալ սույն նյութում նշված փաստերին և քննարկել Վարդան Այվազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իսկ վերջինս էլ, կարծում ենք, պետք է ցուցաբերի մասնագիտական խիզախություն և ներողություն խնդրի մասնագիտական հանրությունից, այդ թվում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից: Իրավաբան.net-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի հետ, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․ -Պարոն Այվազյան, ձեր հարցազրույցում մի քանի արտահայտություններ կան, որոնք կողքի հայացքից բավականին վիրավորական, ինչու ոչ՝ նաև էթիկայից դուրս են թվում, համեմատություն կա բժշակական միջամտության հետ կապված և այլն։ Ըստ ձեզ, դուք էթիկայի որևէ կանոն խախտե՞լ եք։  -Ասեմ ձեզ, որևէ կանոն չեմ խախտել, և եթե որևէ մեկը դրանից վիրավորված է և կարծում է, որ կանոն է խախտվել, կարող են իրավական գործիքակազմով իրենց խախտված իրավունքնեը պաշտպանել։ Ես գտնում եմ, որ էթիկայի ոչ մի կանոն չի խախտվել։ -Խոսք է գնում նաև մասնագիտական հանձնաժողովի անդամների, մասնավորապես «կողմ» քվեարկած անդամների վեարբերյալ, եթե որևէ պահանջ լինի, դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել հանձնաժողովից։ -Բացարձակապես, իհարկե ոչ։ Որ հանձնաժողովին հրավիրել եմ բանավեճի, պիտի հանձնաժողովից ներողություն խնդրե՞մ, էս ի՞նչ մանկամտություն ա, կներեք։ Ես ուղղակի չեմ հասկանում, եթե բողոքներ կան, թող իրենք դիմեն համապատասխան մարմիններին, ես կպատասխանեմ, հիմա ասենք ինչա նշանակում ներողություն խնդրել և այլն։ Ձեզ դիմե՞լ են իրենք։ -Ինձ չեն դիմել, պարոն Այվազյան, ես որպես լրագրող Ձեզ եմ հարց ուղղում, ու ուզում եմ հստակեցնել՝ իմ հա՞րցն էր Ձեզ համար մանկամտություն։  -Չէ հիմա դուք արդեն սկսում եք խոսքերի վրա, և այլն, հիմա կոնկրետ ձեր ուզածը ի՞նչ ա, ասեք, ես ասեմ։ Ես որևէ մեկից չեմ պատրաստվում ներողություն խնդրել, եթե գտնում են՝ իրենց շահերը ոտնահարված են, ասացի՝ իրենք էլ իրավաբան են, թող իրենց իրավական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանեն։ -Ես լրագրող եմ, ես իմ հարցն եմ ուղղում ու իմ հարցի պատասխանն էի ուզում լսել, ինչը առաջին հենց բառից տվել եմ։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ -Խնդրեմ։
10:46 - 06 սեպտեմբերի, 2020
Չեմ առաջադրվել և չեմ առաջադրվելու ռեկտորի պաշտոնում․ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյան

Չեմ առաջադրվել և չեմ առաջադրվելու ռեկտորի պաշտոնում․ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյան

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ լրագրողների հետ հանդիպման նպատակն է ներկայացնել իր պաշտոնավարման ընթացքում իրականացված գործընթացները, որոնք կփաստեն, որ այս ընթացքում կառավարման ճգնաժամ չի եղել, ինչպես շրջանառվում է մամուլում: Նրա փոխանցմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սահմանվել են դասախոսների մասնագիտական կոմպետենցիաները, կրթական համակարգում ներդրվել է հետազոտական բաղադրիչ, մագիստրատուրայում ներմուծվել է պրակտիկա, իրականացվում է կրթական ծրագրերի մոնիթորինգ: Բացի դրանից՝ Գ. Գևորգյանի փաստմամբ, ԵՊՀ-ում հաշմանդամություն ունեցող բոլոր ուսանողներին տրամադրում է օգնություն, իսկ այդ օգնությունն իրականացնող աջակիցները վարձատրվում են: Նա նշեց նաև, որ 2020 թ. անցկացվել և ամփոփվել է «ԵՊՀ լավագույն դասախոս» մրցույթը, որի արդյունքում հաղթող յուրաքանչյուր դասախոսի տասը դասախոսություններ կձայնագրվեն: Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև հեռավար ուսուցումը ԵՊՀ-ում կազմակերպելու գործընթացին՝ ասելով, որ դեռևս անցած կիսամյակից դասընթացներ են կազմակերպվել դասախոսների համար, իսկ ուսանողների համար՝ պատրաստվել տեսաուղեցույցներ: Նա փաստեց, որ ուսումնական այս տարվանից հեռավար ուսուցումն իրականացվելու է միայն www.e-learning.ysu.am հարթակում, որտեղ ներդրված է անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև տնտեսական ձեռքբերումներին և խոսեց համավարակի պատճառով կրած կորուստների մասին: Վարձավճարների թանկացման և ընդունելության տեղերի կրճատման մասին խոսելով՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ նախաձեռնվել էր իրատեսական պլանավորում, որպեսզի լինի որակյալ ընդունելություն, իսկ վարձավճարների թանկացման պատճառը գումարի անհրաժեշտությունն է: Նրա խոսքով, վարձավճարների բարձրացումից գոյացած գումարն ուղղվելու է դասախոսների աշխատավարձի բարձրացմանը:   Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ-ն ևս մեկ անգամ նշեց, որ չի առաջադրվել և չի առաջադրվելու ռեկտորի պաշտոնում: Նրա կարծիքով, ռեկտորը ոչ թե պետք է ընտրվի, այլ նշանակվի: Նա պարզաբանեց նաև իր հնչեցրած այն միտքը, թե ինքն այս պաշտոնում ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել՝ ասելով, որ բուհը պետական կառույց է, որի սեփականատերը պետությունն է, իսկ ընտրվող ռեկտորը պետք է ունենա իշխանության աջակցությունը. «Իշխանությունն իրավունքի ունի հայտնելու իր կարծիքը, որը երևում է քվեարկությամբ»: Հարցին, թե ինքը տեղյակ էր, որ իր՝ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում առաջադրվելը և ընտրվելը օրենքի խախտում էր, քանի որ երկու պաշտոններ չի կարելի համատեղել, Գեղամ Գևորգյանը նշեց, որ այդ ժամանակ տեղյակ չի եղել, և պատասխանատուն էլ ինքը չէ, այլ ԵՊՀ ՀԽ-ն, որն այդ ժամանակ գուցե նույնպես տեղյակ չէր: Գեղամ Գևորգյանը հերքեց այն լուրերը, թե քննարկումներ են եղել ԿԳՄՍՆ-ում, որոնց ընթացքում իրեն առաջարկել են մի շարք քայլեր իրականացնել ԵՊՀ-ում, իսկ ինքը մերժել է՝ ասելով, որ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դրանք չի անի: Նա ժխտեց նաև այն լուրերը, թե իբր իր բոլոր քայլերը համաձայնեցրել է իշխանության հետ:   Մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութը ստորև.    
15:32 - 02 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի |armenpress.am|

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար՝ Միքայել Մալխասյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Օգոստոսի 25-ին կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստը, որի օրակարգում երեք հարց էր: Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր, իսկ երկրորդը՝ քարտուղարի։ Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։ Լրատվամիջոցներին թույլ չէին տվել լուսաբանել ՀԽ նիստը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող: Նիստից հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն արգելել լրագրողների մուտքը: «Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել, եթե դա հնարավոր լիներ տեխնիկապես: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ: ԵՊՀ լրատվական ծառայությունն ամբողջությամբ տեսագրել և ձայնագրել է, այդ ամենը հասանելի կլինի համալսարանի կայքում»,- նշեց Անդրեասյանը: ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ամոբղջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու ուղղությամբ:
16:29 - 25 օգոստոսի, 2020
Մենուա Սողոմոնյանը առաջարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկել երկու անդամի լիազորությունների դադարեցման հարցը

Մենուա Սողոմոնյանը առաջարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկել երկու անդամի լիազորությունների դադարեցման հարցը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվականը։   Մենուա Սողոմոնյանն իր ելույթում նշեց, որ հարցն օրակարգում ներառելու հարցն ունի իրավական հիմնավորումներ: Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների սույն խորհրդի կազմավորման և գործունեության մեջ կան իրավական բնույթի խնդրահարույց կողմեր, որոնք նույնիսկ կարող են կասկածի տակ դնել խորհրդի կողմից կայացվող որոշումների լեգիտիմությունը։ Ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ քննարկել ներկայացվող հարցը՝ այն ընդգրկելով օրակարգի մեջ՝ առաջարկված հարցերից առաջ։ Խորհրդի որոշ անդամների նշանակման ու գործունեության հետ կապված՝ առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ կամ սուբյեկտիվ ու խնդրահարույց մեկնաբանություններ։ Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների՝ նման խորհուրդների նույնիսկ մեկ անդամի նշանակման իրավական հիմքի խախտումն առ ոչինչ է դարձնում խորհրդի ցանկացած որոշում։ Պարոն Վահան Պապիկյանը Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա՝ զբաղեցնելով կառավարության գործերի կառավարչի պաշտոնը։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Օրենքի հաջորդ հոդվածները, ըստ այդմ, մանրամասն թվարկում են, թե որ պաշտոններն են համարվում համապատասխանաբար քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական (հոդվածներ՝ 5-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 3-րդ մաս, 8-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այդ պաշտոններից ոչ մեկի մեջ չի ընդգրկվում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնը։ Այն կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հստակ տարբերակում է այդ երկու խումբ պաշտոնները)։ Սա կարելի է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ նախկինում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում էր «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունը, որը ներկայումս փաստորեն փոխարինվել է «պետական պաշտոնատար անձ» հասկացությամբ, բայց քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք գործող օրենսդրությամբ ամբողջությամբ համարվել են հանրային ծառայողներ, ուստի գործող օրենսդրությունը տարբերակում է դրել պետական պաշտոն ունեցող հանրային ծառայողների և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի միջև, քանի որ ըստ պաշտոնի հանրային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնողների (պետական պաշտոնների) համար առկա են ավելի խիստ սահմանափակումներ և այլ կարգավորումներ։ Ուստի այս համատեքստում ԵՊՀ կանոնադրության մեջ օգտագործված «պետական պաշտոն» հասկացությունը պետք է կիրառվեր գործող օրենսդրության նորմերի հիման վրա, այլ ոչ թե կամայականորեն։ Գևորգ Մուրադյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդում անդամ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից՝ որպես տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ կամ համալսարանի հետ համագործակցող գործատու։ Ընդ որում՝ Գևորգ Մուրադյանն այդ կարգավիճակում առաջադրվել է՝ լինելով մեր հասարակության շրջանում բոլորովին անհայտ «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր։ Հարգելի՛ գործընկերներ, փորձենք հասկանալ «Մետրիկա» ՍՊԸ-ի ճանաչվածությունը, ԵՊՀ-ի գործատու լինելու ներուժը և Գևորգ Մուրադյանի՝ բիզնեսի ոլորտում կայացվածության աստիճանը։ Մարդու գործունեությունը որոշվում է նրա նախապատվություններով։ Նախ՝ Գևորգ Մուրադյանը մինչև 2018 թվականի գարունը զբաղեցրել է պետական պաշտոն, 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀԿ համամասնական ցուցակում՝ փաստորեն ներկայացնելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ։ Բայց երբեք տնտեսական գործունեությամբ հայտնի չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է պետական պաշտոնի հետ։ Երկրորդ՝ չնայած իմ համառ ջանքերին, և ես համոզված եմ, որ այլ գործընկերներ ևս ջանքեր գործադրած կլինեն այդ ուղղությամբ, «Մետրիկա» ՍՊԸ-ի՝ մեր երկրի տնտեսության մեջ ունեցած դերի, նրա տված տնտեսական արդյունքի վերաբերյալ ոչինչ չեմ գտել։ Այդ ՍՊԸ-ն իր գործունեության ծավալներով ու գրանցած արդյունքներով չի կարող համարվել ո՛չ ԵՊՀ գործատու, ո՛չ տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ։ Եթե փորձենք ինտերնետում փնտրել այդ ՍՊԸ-ն, ապա դրա գործունեության մասին չկա տեղեկատվություն, ավելի շատ նյութեր կհայտնվեն՝ «Մետրիկա» ՍՊԸ-ն հիշատակելով հենց նրա հիմնադրի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կամ անդամ դառնալու կապակցությամբ։ Այսինքն՝ ոչ թե «Մետրիկա» ՍՊԸ-ն է  հայտնի դարձրել Գևորգ Մուրադյանին, ինչի շնորհիվ նա հայտնվել է այս խորհրդում, այլ Գևորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հայտնվելն է հայտնի դարձրել «Մետրիկա» ՍՊԸ-ն։ Ուստի սրանով բացահայտ խախտվում է ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը։ Գևորգ Մուրադյանը, անդամակցելով նաև Հոգաբարձուների նախորդ խորհրդին, ոչ միայն չի պահպանել ֆիդուցիար պատասխանատվության իր շրջանակը, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ։ Ֆիդուցիար պատասխանատվությունն իրավաբանության մեջ գոյություն ունեցող սկզբունք է, որը սահմանում է, որ հաստատության, իրավաբանական անձի պաշտոնյան, խնամակալը (իսկ հիմնադրամի հոգաբարձուն այդ իսկ հիմնադրամի խնամակալն է) պետք է բացառապես իր խնամակալությանը հանձնված հաստատության շահերից բխող գործունեություն վարի և չառաջնորդվի որևէ այլ շահերով, դիրեկտիվներով կամ անձնական շահերով։ Գևորգ Մուրադյանը, որը 2018 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մարտը՝ մեկուկես տարի, եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը, հակառակ իր խոստման՝ «մեծ նպաստ բերել համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար, ավելի ինտենսիվ անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստերը, պարբերաբար հանդիպումներ ունենալ դասախոսների և ուսանողների հետ…», ոչ միայն չի կատարել համալսարանի զարգացմանն ուղղված որևէ նշանակալի կամ ոչ նշանակալի քայլ, ոչ միայն բավարարվել է համալսարանում բարձրաստիճան պաշտոնների իր մտերիմներին նշանակել տալով, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ՝ մասնավորապես, առանց հիմնավորելու, խախտելով ֆիդուցիար պատասխանատվության սահմանները, առանց համապատասխան հետազոտական հիմքերի, առաջնորդվելով բացառապես հրահանգով ու կատարելով քաղաքական պատվեր, որոշում է անցկացնել տվել փակել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ սրանով հակադրվելով ԵՊՀ գիտխորհրդի որոշման տրամաբանությանը և անտեսելով ուսանողության պահանջներն ու բողոքները։ Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՊՀ կանոնադրության և իր աշխատակարգի, իրավասու է դադարեցնել իր անդամի կամ անդամների լիազորությունները։ Այս դեպքում ֆիդուցիար պատասխանատվության շրջանակի և նշանակման հետ կապված դրույթի խախտումը լուրջ հիմք է մի մասով Վահան Պապիկյանի, երկու մասով՝ Գևորգ Մուրադյանի լիազորությունները դադարեցնելու համար։ Ուստի, ելնելով վերը նշված փաստարկներից, առաջարկում եմ օրակարգում ընդգրկել Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի՝ այս խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը»։    Գևորգ Մուրադյանն ի պատասխան ասաց, որ թերևս լավ չեն ծանոթացել իր կենսագրությանը և հիշեցրեց, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Փաստեց, որ աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Զբաղվել է քվանտային տեխնոլոգիաներով, գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում, իսկ Վահան Պապիկյանն ասաց, որ պատրաստ է հրաժարվել անդամակցությունից, եթե ներկայացված փաստարկներն ապացուցվեն: Հարցն օրակարգում ներառելու առաջարկությունը քննարկումների առիթ դարձավ: Անդամներից ոմանք փաստեցին, որ Գևորգ Մուրադյանը լավ դասախոս է, մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, ինչին ի պատասխան՝ Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ չեն վիճարկվում Գևորգ Մուրադյանի անձը և գործունեությունը, այլ հարցը, թե ինչ հիմքով է նա ընտրվել ՀԽ անդամ. այն է՝  տնտեսության ոլորտի ներկայացուցիչ և համալսարանի գործատու: Քննարկման հիմք դարձավ նաև առաջարկությունն օրակարգում ներառելու քվեարկության ձևը. ՀԽ անդամներից մի մասը պնդեց, որ այն պետք է քվեարկել միանգամից, մյուս մասը՝ առանձին-առանձին: Ի վերջո, առաջարկությունը քվեարկության դրվեց միանգամից և չհաստատվեց ՀԽ անդամների կողմից: Քիչ անց Մենուա Սողոմոնյանը լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ իր կողմից բարձրաձայնված հիմնավորումները կներկայացնի դատական ատյաններում:
14:18 - 25 օգոստոսի, 2020
ԵՊՀ հոգաբարձուների նիստը լուսաբանել չի թույլատրվում պարետի որոշման պատճառով. ԵՊՀ ներկայացուցիչ |aysor.am|

ԵՊՀ հոգաբարձուների նիստը լուսաբանել չի թույլատրվում պարետի որոշման պատճառով. ԵՊՀ ներկայացուցիչ |aysor.am|

aysor.am: Քիչ առաջ ԵՊՀ բակում սպասող լրագրողներին մոտեցավ համալսարանի ներկայացուցիչը և նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա գտնվել վերջիններիս թույլ չեն տալիս պարետի որոշման պատճառով, այն է՝ դահլիճում 40 հոգուց ավելի չպետք է լինի:ԵՊՀ ներկայացուցչի խոսքով՝ խորհրդի անդամների թիվն արդեն իսկ 30-ից անց է, և իրենք անդամ չհանդիսացող բոլոր անձանց խնդրել են լքել նիստերի դահլիճը: Որպես փոխզիջումային տարբերակ՝ լրագրողներին մոտեցած անձն առաջարկեց կամ տեսախցիկները տեղադրել նիստերի դահլիճում և դրսում սպասել՝ մինչև միջոցառման ավարտը, կամ մեկ լրատվամիջոցի արտոնել ներսում գտնվել՝ հեռարձակումը վերջինիցս վերցնելու պայմանով:ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին առաջարկեցին գոնե աթոռներ տեղադրել միջանցքում, որտեղից նիստին հետևելու հնարավորություն կունենան: ԵՊՀ ներկայացուցիչը խոստացավ այս առաջարկը ներկայացնել ԵՊՀ ղեկավարությանը և ավելի ուշ տեղեկացնել՝ հնարավո՞ր է գործընթացը նման կերպ կազմակերպել, թե ոչ:Մի քանի րոպե անց վերադառնալով՝ նշված անձը տեղեկացրեց, որ հոգաբարձուների կոլեգիալ որոշման համաձայն՝ նիստը կնկարահանվի ԵՊՀ լրատվական ծառայության կողմից, ինչից հետո տեսագրությունը հասանելի կլինի ԶԼՄ-ներին:ԵՊՀ ներկայացուցիչը, լսելով իր հայտարարությանը հետևած լրատվամիջոցների դժգոհությունը, թե ինչու են լրագրողների հրավիրում, եթե մուտքից ներս չեն թողնելու, առաջարկեց նման հարցադրմամբ դիմել ԵՊՀ մամուլի խոսնակին, ով էլ տարածել է միջոցառման հրավերը:
13:12 - 25 օգոստոսի, 2020
ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

tert.am: Ես չեմ հավատում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը օբյեկտիվ է լինելու կամ կայանալու է ռեկտորի թեկնածուների ծրագրերի համեմատություն, մրցույթ, տեսլականների միջև բախում, քննարկում: Այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, թե ընտրության ժամանակ գերակայելու է խմբակային շահը: «Իշխանությունը, որը խոսում է բուհական ինքնավարությունից, ակադեմիական ազատություններից, որևէ կերպ իր քայլերով համահունչ չէ իր հայտարարություններին: Կարող ենք ուղղակի նայել Հոգաբարձուների խորհրդի կազմը, որ հասկանանք՝ իշխանությունները գնալու են թիմային լուծման: Իշխանությունները խոսում են բուհական ինքնավարությունից, մինչդեռ համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են տարբեր ոլորտների փոխնախարարներ, տարբեր պետական կառույցների ղեկավարներ, և այս կամ այն կերպ իշխանություններին մերձ կանգնած անձինք»,- ասաց Մելքոնյանը՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամների 50 տոկոսը Կառավարության ներկայացուցիչներն են: «Ենթադրում եմ նաև, որ իշխանությունը ոչ միայն այդ 50 տոկոսն ունի. կարծում եմ՝ համալսարանի կազմից ընդգրկվածներից 1-2-ը տարբեր շարժառիթներով քվեարկելու են իշխանության ընդունած որոշման օգտին: Ես կարծում եմ, որ լինելու է դասական սցենար, և ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ոչ թե ընտրվելու, այլ նշանակվելու է Կառավարության ընդունելի թեկնածու»,- ասաց ռեկտորի թեկնածուն՝ ցավալի և մտահոգիչ որակելով այն հանգամանքը, որ իշխանությունները ներկայանում են իբրև որոշ արժեքների կրողներ, բայց անում են ճիշտ հակառակը: «Մենք տեսնում ենք տարբեր կապեր, հովանավորչություն: Չի կարող ընտրությունը համարվել օբյեկտիվ, երբ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ով, իշխանությունների տերմինաբանությամբ, «ըստ օդում կախված լուրերի», շատ ջերմ հարաբերություններ ունի ռեկտորի թեկնածուներից Վահրամ Դումանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարածում է ԵՊՀ-ի զարգացման վերաբերյալ Դումանյանի հարցազրույցը: Սա համարել օբյեկտիվ՝ ուղղակի ճիշտ չէ: Նմանատիպ այլ դրսևորումներ ևս կան: Պետք չէր ներկայացնել սա որպես մեծ հեղափոխական փոփոխություն: Մեր կոլեգաներից ոմանք մի գաղափար էին առաջ քաշում, ես համաձայն չէի, բայց հիմա, ցավոք, համաձայն եմ՝ անգամ պետք չէ ռեկտորի պաշտոնի համար ընտրություններ անել, կարելի է ուղղակի նշանակել, որովհետև այս կամ այն կերպ, միևնույն է, ռեկտորը նշանակվում է»,-ասաց Մելքոնյանը: Անդրադառնալով ռեկտորի հետաձգված ընտրություններին և հարցին՝ արդյո՞ք ռեկտորի գրանցված հինգ թեկնածուները կմնան, թե՞ հնարավոր է նոր թեկնածուների առաջադրում, Մելքոնյանն ասաց. «Թեկնածուներիս մոտ էլ բազմաթիվ հարցեր և անորոշություն կա: Ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս ԿԳՄՍ նախարարության գործելաոճը հարցականներ առաջացնող է. տարբեր ժամկետների խախտումներ արդեն կան: Որքանով ինձ է հայտնի, գերակշռում է այն կարծիքը, որ պետք է գրանցված թեկնածուները մնան, և Հոգաբարձուների նոր խորհուրդն իրականացնի ընտրություն: Իրավական առումով էլ այդպես է. խորհուրդը փոխվում է, բայց այն գործառույթները, որ կան, վերաբերում են ընդհանրապես խորհրդին, ոչ թե փոփոխված անձերին: Թեև նախարարությունից տարբեր՝ ոչ դրական անակնկալներ կարելի է սպասել»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, թե ինքը՝ որպես ռեկտորի թեկնածու և համալսարանական, որևէ ծանուցում չի ստացել ընտրությունների կայացման ու ժամկետների վերաբերյալ:Հիշեցնենք, որ 2019 թ․ մայիսի 23-ից Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը։ 2020 թ․ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ պայմանավորված ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։ Օրերս հաստատվեց համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որի անդրանիկ նիստը կկայանա վաղը: Նիստի օրակարգում են Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Շարունակությունը՝ tert.am-ում
11:40 - 25 օգոստոսի, 2020