Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Այնուհետ պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում վեհափառը ներկայացրել է համայնքի վիճակը, պայթյունից հետո հայաբնակ թաղամասերում արձանագրած պատկերը, ըստ որի՝ հայերի բնակարանները մեծ վնասներ են կրել, և դրանք արագ վերականգնման կարիք ունեն: Վեհափառ Տերն ընդգծել է նաև, որ այժմ կարևոր է համայնքի կարիքների առաջնահերթյուննների վերհանումն ու իրական գնահատումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ տարվում են, ստեղծվել է համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախումբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցի նպատակը ոչ միայն հումանիտար օգնությունն ուղեկցելն է, այլև տեղում իրական պատկերին ծանոթանալը և լիբանանահայության հետ ուղղակի շփումները: Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը հզորացնելու հետ մեկտեղ՝ պետք է ամրապնդել նաև սփյուռքը: Այս կապակցությամբ Զարեհ Սինանյանը կարևորել է հատուկ լիբանանահայության  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսված դրամահավաքը: Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է, որ հայրենիքի դռները միշտ բաց են սփյուռքի առջև:
09:43 - 10 օգոստոսի, 2020
Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ
 |tert.am|

Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ |tert.am|

tert.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնում է, որ Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։ Սինանյանն ընդգծեց, որ դեսպանատանը ցուցակագրված մարդկանց բաժանել են մի քանի կատեգորիաների։ Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ։ «Բնականաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան»,- ասաց Սինանյանը՝ մանրամասնելով, որ որքան հնարավոր է շուտ ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է։ Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։ «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- մանրամասնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Շարունակությունը՝ tert.am-ում։
10:08 - 09 օգոստոսի, 2020
Հայաստանն առաջին չվերթով Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ

 |armenpress.am|

Հայաստանն առաջին չվերթով Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն առաջին չվերթով որպես հումանիտար օգնություն Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը նույնպես մեկնելու է Լիբանան՝ տեղում հայկական համայնքի խնդիրներին ծանոթանալու նպատակով։ «Մենք, շատ նրբանկատ գտնվելով, Լիբանանում մեր համայնքի շահերից ելնելով, առաջին բեռը տանում ենք Լիբանանի ժողովրդի, Լիբանանի պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս Լիբանանի հայկական համայնքին և ոչ թե Լիբանանի ողջ ժողովրդին։ Երկրորդ չվերթով արդեն հայկական համայնքի համար կլինի պարենամթերք, այն ամենը, ինչ համայնքն անհրաժեշտ է համարում ըստ ցուցակների, որոնք արդեն ստացել ենք։ Նույնը նաև երրորդ չվերթով։ Շատ կարևոր ենք համարում, որպեսզի Լիբանանի ժողովուրդը հասկանա, որ մենք հիշում ենք այն դրական դերը, որ նրանք խաղացել են մոր ժողովրդի ճակատագրում, մանավանդ Ցեղասպանությունից հետո, երբ նրանք թույլ են տվել, որ մեր հայրենակիցներն այնտեղ հաստատվեն և բարգավաճեն երկար տարիներ»,- նշեց նա։ Նա հավելեց, որ Լիբանան են գնում այնպիսի պայմաններում, երբ երկիրն ալեկոծված է։ «Բայց Լիբանանի ժողովուրդը մեզ համար  եղբայրական ժողովուրդ է, պետությունն էլ մեզ համար եղբայրական պետություն է»,- ասաց Սինանյանը։
21:43 - 08 օգոստոսի, 2020
Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին |lragir.am|

Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին |lragir.am|

lragir.am: Լիբանանում կա հայության մի զանգված, որը ցանկություն ունի Հայաստան գալ։ Եվ հայկական կողմը պետք է նուրբ մոտեցում ցուցաբերի այս հարցին։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանից երեք օդանավ է մեկնելու Լիբանան՝ մարդասիրական օգնության կարգով։ Երեք թռիչք է լինելու, առաջինը հավանաբար կլինի վաղը երեկոյան։ Նաև հայկական պատվիրակություն է մեկնելու Լիբանան։ «Օգնության ցանկը կազմվել է՝ հիմնվելով այն ցուցակի վրա, որը մեզ ներկայացրել են լիբանանյան գործընկերները։ Այստեղ մի նուրբ հարց կա՝ մենք որպես պետություն չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ մենք եկել ենք Լիբանան, որպեսզի օգնենք հայերին։ Կարծում եմ՝ դրա մեսիջը շատ սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից։ Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց։ Հետևաբար, մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայկական համայնքը»,- ասաց Սինանյանը։ Նա նշեց, որ Լիբանան են գնում՝ փաստահավաք գործունեություն իրականացնելու առաքելությամբ։ «Մեր նպատակը տեղում ծանոթանալն է այն բոլոր վնասներին ու արհավիրքին, մեր հայրենակիցների տրամադրություններին, որպեսզի մենք էլ ավելի խորը հասկանանք, թե երկարաժամկետ հատվածում ինչ կարող ենք մենք անել։ Այնտեղ ոչ միայն տեղի ավերածության խնդիրն է, այլև մարդկանց հոգեբանական խնդիրն է։ Մենք մինչև համավարակն արդեն տեղեկացված էինք, թե որքան լուրջ է տնտեսական իրավիճակը Լիբանանում, և հասկանում էինք, որ կա լիբանանահայության մի զանգված, որը ցանկություն ունի Հայաստան գալ։ Սա էլ մի խնդիր է, որի հետ ուզում ենք տեղում ծանոթանալ, բայց ավելի նուրբ ձևով, որովհետև չենք ուզում, որ սա դառնա հիմնական թեմա»,- հավելեց Սինանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Լիբանանում որոշ շինությունների վերականգնման աշխատանքները պատրաստ է իրականացնել Հայաստանի կառավարությունը։ Այս հարցին ևս պետք է նուրբ մոտենալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանի կառավարությունն ուզում է միայն հայկական մշակութային կենտրոնները վերականգնել։
15:19 - 07 օգոստոսի, 2020
Շաբաթ օրը մեկնում եմ Բեյրութ, տեղում կծանոթանամ իրավիճակին. Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյանը՝ Հայաստան գալ ցանկացող լիբանանահայերի մասին |tert.am|

Շաբաթ օրը մեկնում եմ Բեյրութ, տեղում կծանոթանամ իրավիճակին. Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյանը՝ Հայաստան գալ ցանկացող լիբանանահայերի մասին |tert.am|

tert.am: Ես շաբաթ օրը մեկնում եմ Լիբանան, Բեյրութ, և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակին: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստան գալ ցանկացող հայերի մասին հարցին: «Այս պահին թվում է, Հայաստան գալ ցանկացողների թիվը իրոք շատ մեծ է, բայց չկա այդ անձանց որևէ առարկայական, թվային հաշվարկ, ինչից մեր գործը մի քիչ դժվարանում է»,-նշեց Սինանյանը: Նրա խոսքով՝ Հայաստան ֆիզիկապես գալու խնդիր կա այն մարդկանց համար, որոնք քաղաքացիություն չունեն կամ կացության կարգավիճակ չունեն. «Իրենց համար էլ պետք է միջոց գտնենք, որ կարողանան հայրենիք գալ: Դա բացարձակ օրինական իրավունք չի, բայց ցանկացած հայի համար բացարձակ բարոյական իրավունք է»,-նշեց Սինանյանը: Հարցին՝ եթե այդ խնդիրները լուծվեն, ու հայերը վերադառնան Հայաստան, ինչպե՞ս են լուծվելու կեցության հարցերը, Սինանյանը արձագանքեց. «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, երևի ամենաբարդ հարցն է, և բնական է՝ տրամադրված ենք այդ հարցին լուծում տալ: Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա, հետևաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Զարեհ Սինանյանը:
12:41 - 06 օգոստոսի, 2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց

Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Այս մասին հայտնում են  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն: Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք  համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը: Արամ Ա կաթողիկոսը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և հայ համայնքի շրջանակներում ընդհանուր իրավիճակը, խոսվել է զոհերի և վիրավորների մասին: Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելու ուղղությամբ, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Գլխավոր հանձնակատարը Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ է համակարգային ձևով աշխատելու համար: Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ:
19:13 - 05 օգոստոսի, 2020
Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները․ Զարեհ Սինանյան

Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները․ Զարեհ Սինանյան

Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ: Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել: Դեպքից անմիջապես հետո հեռախոսով կապնվեցի Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ: Դեսպանը նշեց, որ արդեն իսկ կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ` պարզելու, թե որքան է նախնական վնասը, և արդյոք կան զոհեր: Այս պահին միայն խոսք է գնում մեկ վիրավորի մասին, ով վնասվել է պայթյունի հետևանքով կոտրված ապակուց։ Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Նոր տեղեկությունների առկայության պարագայում մենք կկատարենք հավելյալ թարմացումներ: Աստված մեր հայրենակիցներին և Բեյրութի բնակիչներին պահապան»:
22:39 - 04 օգոստոսի, 2020
Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը |armenpress.am|

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն»  ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։ Ծրագիրը ներառում է՝ Հայոց լեզվի դասընթացներ, Պատմաճանաչողության դասընթացներ, Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում), Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, Առցանց կրթական խաղեր, Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի,արվեստի ներկայացուցիչների հետ, Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ, Աշխատարաններ, Համայնքային նախագծեր։ Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ  պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից: Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:  
14:21 - 03 օգոստոսի, 2020
Հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի պաշտպանության շուրջ․ Զարեհ Սինանյան

Հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի պաշտպանության շուրջ․ Զարեհ Սինանյան

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողություններին վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Սինանյանը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունները ցայսօր ուղեկցվում են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով, հատուկ նշանակության զորքերի, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության թիրախավորմամբ: «Հայկական բանակի գրագետ և զգոն գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերն ունեցել են բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի բանակի թանկարժեք ռազմատեխնիկա: Մեր զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում հայկական կողմն արձանագրել է շոշափելի դիրքային առաջխաղացում։ Ցավոք, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տեղի ունեցող մարտերի ընթացքում հերոսաբար նահատակվել են Հայոց բանակի 4 զինծառայողներ»,- նշել է Սինանյանը։ Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կրկին դիմում է զենքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հասաստանի սահմանները, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զորակցության բազմաթիվ կոչեր է ստանում: Հայկական սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին: «Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, հայկական զինված ուժերն այս պահին լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին, և կասկածից վեր է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ մեր բանակը՝ մարտունակ: Մեր նպատակը խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և թշնամու ցանկացած ոտնձգություն ստացել և ստանալու է համապատասխան և հուժկու հակահարված: Գիտենք, որ հայկական սփյուռքն իր մեծ ազդեցությամբ և հսկայական ներուժով հայրենիքի պաշպանի թիկունքին է: Այժմ ամենակարևորը մեր արդար ձայնը միջազգային հանրությանը հասցնելը և ադրբեջանական անօրինական գործողություններին համապատասխան գնահատական պահանջելն է: Սփյուռքի մեր հայկական լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել բացառապես պաշտոնական լրատվություն: Աներկբա է, որ հայ ժողովուրդը կրկին համախմբված է մեկ միասնական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Միասին մենք անհաղթ ենք»,- ընդգծել է Սինանյանը։
12:33 - 17 հուլիսի, 2020
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ: Տեսակապին մասնակցել են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշել, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ է կատարել հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին: Այնուհետ նիդերլանդահայ համայնքի մասին համակողմանի տեղեկատվություն է փոխանցել դեսպան Բալայանը՝ նշելով, որ համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և նպատակասլացությամբ, կարողանում է բարձր պահել հայի հեղինակությունը, գործարար, մշակութային համբավը, պահպանելով ինքությունը՝ լիարժեքորեն ինտեգրված լինել բնակության երկրի կյանքին: Դեսպանն անդրադարձ է կատարել նաև համայնքային գործիչների կողմից հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մշակութային նախաձեռնություններին, լոբբիստական ջանքերին, բարեգործական գործունեությանը: Այնուհետ ներկաները Գլխավոր հանձնակակատարի հետ քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերել են սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, զինապարտության խնդրին, մասնագիտական համագործակցությանը, սփյուռքում հայաստանյան գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վիզաների ազատականացման ընթացին և Հայաստան-սփյուռք գործակցության այլ թեմաների:
20:23 - 28 հունիսի, 2020
Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը |armenpress.am|

Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Մարսել քաղաքից հատուկ չվերթով Երևան ժամանեց ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Խմբին օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Խմբում ներգրավված բժիշկներից մեկը հայազգի է: Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ֆրանսիական կառավարության հետ սերտ համագործակցությամբ:
09:27 - 24 հունիսի, 2020
Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բժիշկների երկրորդ խումբը

Մոտ օրերս Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայտնի ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսիահայ բժիշկ: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում։  
18:08 - 21 հունիսի, 2020
Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը

Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը

Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ Հայաստանի Հանրապեետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում: Այդ իսկ նպատակով գրասենյակը Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը: Հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ առաջին առցանց հանդիպումն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Տեսակապի մասնակիցներին ողջունեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նշեց, որ անկախ աշխարհում տիրող իրավիճակից` սփյուռքի հետ կապը լինելու է մշտական և զարգացող: Այնուհետ իսպանահայ համայնքի անդամները ներկայացրին բնակության երկրում ազգությամբ հայերի իրավիճակը, առօրյան և խնդիրները: Հատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ վարակի դեմ պայքարում համայնքը միահամուռ աջակցում է տեղի իշխանություններին՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններվ, պատրաստելով անվճար պաշտպանիչ դիմակներ, սնունդ տրամադրելով խոցելի խմբերին, կազմակերպելով բուժաշխատողների անվճար տեղափոխումը: Նշվեց, որ քաղաքում ազգության հայերի շրջանակներում կան վարակակիրներ, որոնք բուժման փուլում են: Այս պայմաններում տեղի մեկօրյա դպրոցը, շախմատի և նկարչական խմբակները շարունակում են ուսուցումը հեռավար եղանակով: Համայնքային ներկայացուցիչների կողմից կարևորվեց նման պայմաններում գրասենյակի ստանձնած այս նախաձեռնությունը, քանի որ երկար տարիներ Իսպանիայի հայ համայնքի մի ստվար մասը դուրս է եղել հայրենի կառավարության հոգածությունից: Համայնքային գործիչները հատկապես մտահոգություն հայտնեցին, որ Իսպանիայի հայերի ձուլումն ընթանում է ահագնացող տեմպերով. մի կողմից շատ հաճախ Հայաստանից տեղափոխված ընտանիքներում ծնողները հետևողական չեն, մյուս կողմից՝ համայնքը չունի ավանդական կառույցներ, չկան մշակույթի տներ, ամենօրյա դպրոցներ: Չնայած այս ամենին՝ տեղի հայ երիտասարդներից շատերը ցանկանում են վերադառնալ և աշխատել հայրենիքում: Համայնքային ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի թույլ համակարգվածությանը, ձուլման վտանգի կանխմանը, Հայաստանից համայնքներ դասագրքերի առաքման ուշացումներին, երկքաղաքացիությանը, զինապարտությանը: Հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, «Insude Europe» կազմակերպության նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայի տասնյակ քաղաքներում գործում են 50 հայկական կազմակերպություններ, ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:  Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց համայնքի կազմակերպվածությունն ու օրինակելի համախմբվածությունը: Այնուհետ հանձնակատարն անդրադարձավ կորոնավիրուսի հետևաքնով Հայաստանում տիրող իրավիճակին, սահմանափակումներին, տնտեսական և սոցիալական միջոցառումներին: Ներկայացնելով գրասենյակի ծրագրերն ու հնարավոր փոփոխությունները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ «Քայլ դեպի տուն», երիտասարդ առաջնորդների ծրագրերի իրագործումը կասկածի տակ է, չեղարկվել են մի շարք համայնքային այցելություններ, համաժողովները հավանաբար կանցկացվեն առցանց ձևաչափով: Սփյուռքի մասնագետների «իԳործ» ծրագիրը կմերկնարկի սեպտեմբերից, Հայաստանի պետական համակարգում աշխատելու համար դիմել է 800 մասնագետ: Գլխավոր հանձնակատարն անդրադարձավ նաև գրասենյակի նպատակներին՝ Հայաստանի և սփյուռքի  միջև կապերի ամրացում, առավելագույն փոխներգրավում, հայրենադարձության համար նախապայմանների ստեղծում, ներդրումների խթանում ու ներդրումային դաշտի բարելավում: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները տասնյակ հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին, որոնք մասնավորապես վերաբերում էին մասսայական, մասնագիտական և ֆորսմաժորային հայրենադարձությանը, համապատասխան օրենքի և ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, հայրենադարձվողներին տրամադրվող մաքսային արտոնություններին, ներդրումային աջակցությանը, հայապահպանությանը:  Հարցին՝ արդյո՞ք այժմ սփյուռքի հետ աշխատանքն առավելապես հայաստանակենտրոն չէ, Զարեհ Սինանյանը նշեց, որ հզոր Հայաստանը սփյուռքի երկարակեցության գրավականն է, և ուժեղ պետականության պայմաններում սփյուռքն ավելի քիչ խնդիրների կբախվի:  Ինչ վերաբերում է արևմտահայերենի պահպանմանը, հանձնակատարն ընդգծեց՝ արևմտահայերենը լայնորեն պետք է դասավանդվի նաև Հայաստանում, և հայրենիքը պիտի դառնա արևմտահայերենի ուսուցանման կենտրոն: Նշենք, որ տեսակոնֆերանսների բոլոր մասնակիցների հետ պահպանվում է հետադարձ կապ, համագործակցությունը շարունակական է: 
19:02 - 04 մայիսի, 2020
Սիրիայից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցների գրեթե 85 տոկոսը վարձով է բնակվում. ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար
 |armtimes.com|

Սիրիայից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցների գրեթե 85 տոկոսը վարձով է բնակվում. ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար |armtimes.com|

armtimes.com: Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների գրեթե 85 տոկոսը վարձով է բնակվում, ինչն իրենց եկամուտների համար մեծ բեռ է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաճարակով պայմանավորված՝ կա՞ արդյոք սիրիահայերին աջակցելու ծրագիր, քանի որ նրանց մեծ մասն արհեստավոր է, հիմա չեն աշխատում եւ բնակվարձի խնդիր ունեն։ «Մարդիկ, որոնք չեն աշխատում, բայց ստիպված են վճարել իրենց վարձը, կանգնած են խնդրի առաջ։ Այս պահին չկա նման ծրագիր, սակայն մենք փորձում ենք ձեւ գտնել, ինչ-որ ծրագիր առաջարկել մեր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որը մի կողմից խտրական չի լինի, մյուս կողմից կկարողանա պահել այս յուրահատուկ պահանջը»,- ասաց Սինանյանը։
18:34 - 17 ապրիլի, 2020