ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը

ԿԸՀ-ն հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։ Օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել, առաջինը՝ 2023-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին էր։ Երկրորդ հարցով ուժը կորցրած է ճանաչվել ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։  Այսպիսով, ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը։ Քվեարկությունների օրերը սահմանելու հարցը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ նշանակված քվեարկությունների օրերը չեն վերաբերում Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունները նշանակում է Կառավարությունը։ Մյուս հարցը ներկայացրել է ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը, ում խոսքով՝ հանձնաժողովին ներկայացված նախագիծը պայմանավորված է 2022 թվականի հուլիսին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ, մասնավորապես փոխվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները։ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ պարզեցվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները․ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հրապարակային քաղաքական գործունեություն չեն ծավալում։ Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված հարցերը։
17:23 - 11 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։ Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։ Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։ Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով։  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։     Միլենա Խաչիկյան  
14:23 - 03 նոյեմբերի, 2022
Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։  Հովակիմյանի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ դարձան՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Խոսքը նրա քաղաքական եւ կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու եւ իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել է, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ եւ էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։ ԿԸՀ-ն անկախ մարմին է, Հովակիմյանը՝ քաղաքականացված անձ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Համանման կարգավորում առկա է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Թեեւ օրենքի տեքստը հենց ԿԸՀ անդամի, ոչ թեկնածու մասին է, սակայն հասկանալի է, որ քաղաքականացված գործունեությամբ աչքի ընկած թեկնածուի հետագա գործունեության օբյեկտիվությունն ու անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տեղիք տալ։  Վահագն Հովակիմյանի գործունեությունը առավելապես կապված է եղել հենց իշխող քաղաքական ուժի հետ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2012-2015թթ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետը, իսկ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021 թ․ հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այնուհանդերձ, իր ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ինքն է ԿԸՀ անդամի թեկնածուն, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ «Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւս դադարեցված է»,- գրեց նա՝ տեղեկացնելով, որ նույն օրը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումներ։ Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը ֆորմալ բնույթ է կրել՝ պայմանավորված սոսկ ԿԸՀ անդամի՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։ Ընտրական օրենսգիրքը փոփոխելով՝ համապատասխանեցվել է Հովակիմյանին Վահագն Հովակիմյանի ընտրությունից օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրեց, որ նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին։ Որպես հիմնավորում՝ կայքը,  հղում տալով օրենքին, մեջբերեց մի նորմ, ըստ որի՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝  1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.  3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5  տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ  4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:  Ըստ կայքի՝ Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան, հետեւաբար չի համապատասխանում այդ պաշտոնին։ Իրականում, սակայն, կայքի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ մեջբերված իրավակարգավորումը ամիսներ առաջ, երբ դեռ ոչ պաշտոնապես արդեն իսկ շոշափվում էր Հովակիմյանի անունը՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, Խորհրդարանի կողմից փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, կրթական եւ մասնագիտական հիշյալ պահանջները նախատեսված են եղել 2016 թ․ մայիս ամսին ընդունված Ընտրական օրենսգրքով, սակայն 2022 թ․ հուլիսի ամսին ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել են կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ դրանք վերաշարադրելով հետեւյալ կերպ․ «ԿԸՀ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։ Նախագծի պատմության մեջ որպես այս փոփոխության հիմնավորում նշված է․ «Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է ԿԸՀ թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները ԿԸՀ անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում»:  Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում, քվեարկությանը ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմադիրներն այդ ժամանակ արդեն իսկ բոյկոտում էին ԱԺ նիստերը՝ չմասնակցելով դրանց։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել է՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։ Հանրապետության նախագահը օրենքի փոփոխությունը ստորագրել է հուլիսի 20-ին, այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսպիսով, թեեւ ակներեւ է, որ օրենքի հիշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել ԿԸՀ նախագահի՝ իշխանությանը ցանկալի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանին համապատասխանեցնելու համար, սակայն փաստ է, որ ընտրության պահին զուտ ֆորմալ առումով նա համապատասխանել է այդ պաշտոնին։  Հովակիմյանը սխալվում է․ նրա ընտրությունը կատարվել է օրենքի խախտմամբ Վահագն Հովակիմյանի ընտրության ամենավիճահարույց դրվագն այն էր, որ նա, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցեց իր քվեարկությանը՝ դրանով իսկ խախտելով օրենքի պահանջը։ Քվեարկությունից հետո, երբ «Ազատության» լրագրողը ԱԺ-ում փորձեց մեկնաբանություն ստանալ Հովակիմյանից՝ հետաքրքրվելով արդյո՞ք չի համարում, որ շահերի բախում է թույլ տվել, վերջինս պատասխանեց, թե «ԱԺ կանոնակարգ»-ը շահերի բախում տեսնում է, երբ օրենքների քննարկում է, որը անձի համար կարող է շահեկան լինել։ Հովակիմյանը, սակայն, սխալվում է․ պատգամավորի՝ շահերի բախում թույլ տալու դեպքերը սահմանված են ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, այլ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, որով էլ հստակ արգելք է նախատեսված պաշտոնի նշանակվելու դեպքում թեկնածուի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու համար։ Այսպես․ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ է շահերի բախումը, եւ ինչ է նշանակում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը։ Ըստ այդմ, դա, ի թիվս այլնի, նաեւ պատգամավորի կողմից քվեարկությանը մասնակցելն է, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ․․․ պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ  նույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների (խոսքը ԱԺ-ում պատգամավորի պաշտոնով պայմանավորված պաշտոնների մասին է), ինչպես նաեւ որպես ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի: Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի: Այսպիսով, իր իսկ քվեարկությանը մասնակցելով՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանը թույլ է տվել պատգամավորական էթիկայի խախտում։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ ԿԸՀ անդամը, ըստ Սահմանադրության 195-րդ հոդվածի, ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որը 107 պատգամավորի դեպքում 65-ն է։ Այսինքն՝ Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազ 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է․ 107 պատգամավորներից քվեարկությանը միայն 65-ն է մասնակցել, 65-ն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 10-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում․ «Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից»: Հայտարարությամբ ՀԿ-ները նշել էին նաեւ, որ անհրաժեշտ են համարում դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից հիշյալ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։ Ի՞նչ է նախատեսում օրենքը պատգամավորական էթիկայի կանոնների խախտման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը պատգամավորի պարտականությունն է։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկության դեպքում հարցի քննարկումն ավարտելու նպատակով ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով։ Հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, որը ԱԺ նիստում չի քննարկվում, տեղադրվում է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում: Հավելենք, որ նախորդ շաբաթ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունից եւ ՀԿ-ների դիմում-կոչից օրեր անց, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ 3 խմբակցություններին՝ խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը Հովակիմյանի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ։ Հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։   Միլենա Խաչիկյան
20:57 - 18 հոկտեմբերի, 2022
Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.   «Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:    Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:    Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը:    Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է:    Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:   Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։
12:06 - 10 հոկտեմբերի, 2022
ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Այդ մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»,- գրել է Վ. Հովակիմյանը:
16:38 - 03 հոկտեմբերի, 2022
Վերահաշվարկի արդյունքում տեղամասերի քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել. ԿԸՀ

Վերահաշվարկի արդյունքում տեղամասերի քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել. ԿԸՀ

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այսօր ավարտել են սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:   Ներկայացված դիմումների և Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն՝ ընդհանուր առմամբ վերահաշվարկվել են 53 տեղամասերի քվեարկության արդյունքները:   Վերահաշվարկվել են Ծաղկահովիտ համայքի թիվ 17/2, 17/7, Ալագյազ համայնքի թիվ 17/20, Թալին համայնքի թիվ 18/22, 18/23, 18/27, Ճամբարակ համայնքի թիվ 20/6, 20/14, 20/19, Գյուլագարակ համայնքի թիվ 22/3, Ալավերդի համայնքի թիվ 24/8, 24/21, 24/41, Լոռի Բերդ համայնքի թիվ 25/7, Տաշիր համայնքի թիվ 25/12, 25/31, Չարենցավան համայնքի թիվ 27/1, 27/2, 27/3, 27/4, 27/5, 27/9, 27/10, 27/12, 27/14, 27/15, 27/18, 27/19, Ակունք համայնքի թիվ 28/4, Բյուրեղավան համայնքի թիվ 28/12, 28/14, Ջրվեժ համայնքի թիվ 29/1, 29/4, Անի համայնքի թիվ 33/13, 33/18, 33/19, Սիսիան համայնքի թիվ 34/6, 34/14, 34/16, 34/22, 34/23, 34/29, Քաջարան համայնքի թիվ 35/5, Արենի համայնքի թիվ 36/7, Եղեգիս համայնքի թիվ 36/12, 36/21, Բերդ համայնքի թիվ 38/4, 38/5, 38/7, 38/8, 38/9, 38/16, 38/21 տեղամասերի քվեարկության արդյունքները:   Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։
18:35 - 28 սեպտեմբերի, 2022
Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ

Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն: Այս մասին ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում: Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն քվեարկությունից հետո երկրորդ օրը՝(այսօր՝ սեպտեբերի 27-ին) ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են այն ընտրական տեղամասերը, որոնք պետք է ենթարկվեն պարտադիր վերահաշվարկի։ Բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամը 14։00-ին մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ այսօր վերահաշվարկվել են թվով 46 տեղամասերի արդյունքներ։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյուքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով վերահաշվարկի աշխատանքները ավարտվում են քվեարկությունից հետո հինգերորդ օրը(սեպտեբերի 29-ը), մինչև ժամը 14։00-ն։ Վերահաշվարկի աշխատանքները ավարտվելուց հետո ԿԸՀ-ն հանդես կգա վերահաշվարկի արդյունքերի մասին ամբողջական հայտարարությամբ։
20:27 - 27 սեպտեմբերի, 2022
19 ընտրատեղամասում վերահաշվարկի, 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ են ստացվել

19 ընտրատեղամասում վերահաշվարկի, 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ են ստացվել

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքներըբոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ից: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում: Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:
12:51 - 27 սեպտեմբերի, 2022
17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40.36 տոկոսը. ԿԸՀ–ն տվյալներ է հայտնում ՏԻՄ ընտրություններից |tert.am|

17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40.36 տոկոսը. ԿԸՀ–ն տվյալներ է հայտնում ՏԻՄ ընտրություններից |tert.am|

tert.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ. Ծաղկահովիտ գյուղում համայնքում 7020-ից մասնակցել է 3696-ը կամ՝ 52.65 տոկոսը: Ալագյազ համայնքում 2689-ից 1154-ը կամ 42.92 տոկոս: Թալինում 26775 ընտրողից քվեարկել է 10135-ը կամ 37.85 տոկոս: Ճամբարակում 10833 ընտրողից մասնակցել է 4295 կամ 39.65 տոկոս: Գյուլագարակում 6208 ընտրողից քվեարկել է 2739 կամ 44.12 տոկոս: Ալավերդիում 30 547 ընտրողից քվեարկել է 11086-ը կամ՝ 36.29 տոկոսը: Լոռի Բերդում 4009-ից 1727-ը կամ՝43.08 տոկոս: Տաշիրում 18382 ընտրողից՝ քվեարկել է 7339-ը կամ 39.92 տոկոսը: Չարենցավանում՝ 26870 ընտրողից մասնակցել է 10457-ը կամ՝ 38.92 տոկոս: Ակունքում՝ 6855 ընտրողից 3922-ը կամ 57.21 տոկոսը: Բյուրեղավանում՝ 8278 ընտրողից քվեարկել է 3700-ը կամ 44.70 տոկոս: Ջրվեժում՝ 8003 ընտրողից՝ 1532-ը կամ 19.14 տոկոս: Անի համայնքում քվեարկել է 15901 ընտրողից 3768-ը կամ 23.70 տոկոս: Սիսիանում 22942 ընտրողից քվեարկել է 9568-ը կամ 41.71 տոկոսը:  Քաջարանում 6099 ընտրողից քվերակել է 4280 -ը կամ 70.18 տոկոս: Արենիում՝ 8196 ընտրողից քվեարկել է 2578–ը կամ 31.45 տոկոս: Եղեգիսում՝ 4632 ընտրողից մասնակցել է 2223 -ը կամ 47.99 տոկոսը: Բերդում՝ 22485 ընտրողից՝ 8905 -ը կամ 39.60 տոկոս: Ընդհանուր առմամբ բոլոր համայնքներում 236724 ընտրողից մասնակցել է 95545-ը կամ 40.36 տոկոսը:
19:05 - 25 սեպտեմբերի, 2022
Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ

Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:   Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:   Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:   Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝
10:26 - 25 սեպտեմբերի, 2022
Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

    Հաղորդումներ Հարձակում Արցախի վրա Կորոնավիրուս Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն Ազգային անվտանգություն Իրավունք Հետաքննություն Բանակ Իրավիճակը սահմանին Արցախ Արտակարգ դրություն Մարզեր Աշխարհ Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Քաղաքականություն 08:0425 Սեպ, 2022 Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝ 1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ, 2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի, 3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ, 4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան, 5 թեկնածու 1 համայնքում - Թալին, 7 թեկնածու 1 համայնքում - Սիսիան: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ, որոնցից մեկը գործող համայնքապետն է:
10:19 - 25 սեպտեմբերի, 2022
Այսօր լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը

Այսօր լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը

2022 թվականի օգոստոսի 26-ին լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից  տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ բացի դիմումից կուսակցությունը որևէ փաստաթուղթ՝ այդ թվում ընտրական ցուցակ, չի ներկայացրել: 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝ 1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ. 2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի. 3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ 4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան. 5 թեկնածու 1 համայնքում - Թալին. 7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան: Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Կրկին անգամ տեղեկացնում ենք՝ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:
18:15 - 26 օգոստոսի, 2022