Հունգարիա

Գուլիև. «Սաֆարովի արտահանձնումը սոսկ մարդասիրական քայլ էր» |azatutyun.am|

Գուլիև. «Սաֆարովի արտահանձնումը սոսկ մարդասիրական քայլ էր» |azatutyun.am|

azatutyun.am: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ժամանակ, որն իրականացվել է գաղտնի եղանակով, պետական գաղտնիքի որևէ հանգամանք չի եղել։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, գրականագետ, թարգմանիչ Վիլայաթ Գուլիևը, ով 2010-21 թվականներին զբաղեցրել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը: «Պարզապես երկու բարեկամ երկրների ղեկավարներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եվրոպայի խորհրդի ընդունած միջազգային կոնվենցիայի հիման վրա, հայրենիք են վերադարձրել ադրբեջանցի սպային, ով հունգարական բանտում էր։ Ադրբեջանում նա պետության ղեկավարի հրամանով ներում է ստացել, քանի որ կրել է պատժի մի մասը», - պարզաբանել է դիվանագետը: Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի և Հունգարիայի կողմից երկուստեք «մարդասիրական և վեհանձն քայլ էր»: «Ոչ մի գաղտնի գործարք չի եղել, չէր էլ կարող լինել, թեպետ մեր ընդդիմադիր մամուլը փորձել է այն ժամանակ թարմ հետքերով այդպես ներկայացնել տեղի ունեցածը: Ես կարող եմ լիովին վստահորեն ասել, որ գաղտնի գործարք չի եղել, քանի որ անմիջական մասնակցություն եմ ունեցել այս գործընթացին», - ասել է Գուլիևը: Սաֆարովի արտահանձնման ավարտից անմիջապես հետո Հեյդար Ալիևի հիմնադրամն՝ ի նշան «Ադրբեջանի ժողովրդի երախտագիտության՝ բարեկամ Հունգարիայի ժողովրդին», Բուդապեշտի 12-րդ թաղամասում կառուցել է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոց՝ հանրակացարանով: «Մեր դեսպանատունը հոգացել է դպրոց-հանրակացարանի մասին։ Այս ավանդույթը շարունակվում է նաև այսօր», - ասել է Վիլայաթ Գուլիևը: Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով Բուդապեշտում անցկացվող անգլիալեզու դասընթացներին, որտեղ 2004 թվականին սպաների հանրակացարանում գիշերը կացնով սպանել է անկողնում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականին հունգարական դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: 2012-ին նրան արտահանձնել են Ադրբեջան, որտեղ դիմավորել են որպես ազգային հերոսի: Սաֆարովի արտահանձնումը մեծ վնաս է հասցրել հայ-հունգարական հարաբերություններին: Դիվանագիտական կապերը երկու երկրների միջև 2012 թվականին Երևանի որոշմամբ կասեցվել են: Արտահանձնումը բողոքի ալիք է բարձրացրել նաև Հունգարիայում: Վերջին տարիներին երկու երկրները դիմում են հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերի:
17:55 - 23 նոյեմբերի, 2023
Սլովակիան լրացուցիչ ուժեր է ուղարկել Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար |news.am|

Սլովակիան լրացուցիչ ուժեր է ուղարկել Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար |news.am|

news.am: Սլովակիան լրացուցիչ ուժեր կուղարկի Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, փոխանցում է РИА Новости-ն։ Սեպտեմբերի սկզբին Սլովակիան որոշում կայացրեց մինչև 500 զինվորական ուղարկել՝ ոստիկանությանը աջակցելու Հունգարիայի հետ սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարում, իսկ ավելի ուշ հանրապետությունը նաև Սլովակիայի և Հունգարիայի սահմանին մինչև նոյեմբերի 3-ը սահմանային հսկողություն նշանակեց։ Սլովակիայի մի քանի քաղաքներում անօրինական ներգաղթյալների կուտակումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Ֆիկոն նշել է, որ քանի դեռ ապօրինի միգրացիան չի վերահսկվում, վտանգ կա, որ ահաբեկչական կառույցների հետ կապված մարդիկ կարող են մուտք գործել Սլովակիա։ Սլովակիայում կալանավորված անօրինական միգրանտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 8 անգամ և կազմել ավելի քան 11,2 հազար մարդ, որոնք մտադրություն են ունեցել հասնելու Արևմտյան Եվրոպա։
10:01 - 31 հոկտեմբերի, 2023
Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները. Սիյարտո |1lurer.am|

Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցություններն իր տարածքում՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն РИА Новости-ի հետ հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Բուդապեշտը հանդես գալ որպես միջնորդ, եթե ռուս-ուկրաինական երկխոսությունը վերսկսվի, Սիյարտոն նշել, որ եթե իր երկիրը նման խնդրանք ստանա, ապա առանց վարանելու դրական կարձագանքի։ Նա հավելել է, որ ճգնաժամի մեկնարկից մի քանի օր անց անձամբ զրուցել է ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրիյ Երմակի հետ։ «Ես երկուսին էլ առաջարկեցի Հունգարիան որպես հանդիպման վայր՝ անաչառ, անկողմնակալ, անվտանգ վայր, որը կերաշխավորի հավասար խաղադաշտ և ապահով միջավայր բոլորի համար: Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է»,- եզրափակել է Սիյարտոն:
13:59 - 28 հոկտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Միյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը: Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Պետեր Միյարտոն հավելել է, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
15:53 - 27 հոկտեմբերի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին

Հայաստանի Հանրապետություն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին ներկայացված է ստորև: «Բարև ձեզ, Հարգելի՛ պարոն նախարար, Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում` Երևանում։ Որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում մեր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սա Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն՝ մեր հարաբերությունների վերականգնումից հետո, երկարատև ընդմիջումից հետո: Ես հավատացած եմ, որ փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ հիշատակել նաև Հունգարիայի փոխվարչապետի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեր նախարարի այցելությունը Հունգարիա, այժմ Ձեր այցելությունը Հայաստան: Պետք է ասեմ, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ: Հարգելի՛ գործընկերներ, Մեր այսօրվա խորհրդակցությունների ընթացքում նախարար Սիյարտոյի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսության հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն, գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում առկա իսկապես լուրջ ներուժն իրացնելու, հնարավոր ներդրումները, դա արդեն վերաբերում է տնտեսությանը, խթանելու ուղղությամբ։ Ընդգծել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը, կարևորել նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների իրացումը: Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ այս ամենը, նաև միջխորհրդարանական համագործակցությունը, հիմք կդառնա ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման համար, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար: Իհարկե, կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Եվ դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը: Հարգելի՛ ներկաներ, Այսօր մենք քննարկել ենք նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր: Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված, այդ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ աջակցությամբ, կունենա իր դրական արդյունքը: Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի Հանրապետության ներգրավածությունը՝ մասնավորապես վկայակոչելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը, որում նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ համագործակցության այլ թեմաներ, կարևորել ենք և երախտագիտություն ենք հայտնել Հունգարիային Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցության համար: Պարո՛ն նախարար, Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ այս ուղենիշներն իրենց արտացոլումն են գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը: Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը: Պարո՛ն Սիյարտո, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա անկեղծ և գործնական քննարկումների, մեր փոխգործակցությունն առաջ տանելու Ձեր պատրաստակամության համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»: Հարց. /Հայկ Մագոյան, «Ռադար» Արմենիա/.Օգտվելով առիթից հարցս ուղղում եմ երկու ԱԳ նախարարներին: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո փաստացի վտանգված է Լեռնային Ղարաբաղում հայկական ողջ մշակութային ժառանգությունը: Տեղեկատվական դաշտում կան տարատեսակ հրապարակումներ հայկական կրոնական կոթողոների ինքնության աղավաղմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, միջազգային գործընկերների ներգրավածություն կա՞ կանխելու այդ վանդալիզմը: Պատասխան. /Արարատ Միրզոյան/. Շատ լավ, շնորհակալություն հարցի համար, և՛ ես, և՛ հարգարժան պարոն նախարարն, ըստ էության, արդեն իսկ փոքր ինչ անդրադարձանք հարցին, բայց կհավելեմ հետևյալը: Իսկապես բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային-հոգևոր ժառանգության հարցը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի է սրվել: Հիշում եք հավանաբար՝ մենք նաև նախկինում դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մեր այլ միջազգային գործընկերներին: Կար պայմանավորվածություն, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, և ըստ էության, Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ, բայց հիմա էլ ավելի պահանջված է այս առաքելությունը, և մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց ես ուզում եմ նաև առանձին երկրների մասին խոսել, և մենք այսօր այստեղ Հունգարիայի արտաքին գործերի նախարարին ենք հյուրընկալում Հայաստանում և այսօր խոսել ենք այդ մասին: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, ով անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը և մատչելիությունը դեպի այդ վայրեր: Կրկին, պարոն նախարար, շնորհակալ եմ: Ուզում եմ նաև օգտվել առիթից և անդրադառնալ մեր փոխգործակցության, Հունգարիայի պատրաստակամության և աջակցության մյուս դրսևորումներին: Իսկապես մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև այն բանի համար, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերիներ վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Նաև այժմ, երբ 100 հազարից ավելի փախստականներ, բռնի տեղահանվածներ ունենք Հայաստանում, արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել նրանց օգնության գործում: Քիչ առաջ դուք լսեցիք, որ Հունգարիան պատրաստակամություն ունի նաև բուժման կարիք ունեցող և նաև այդ հոգեբանական տրավման ապրած երեխաներին, այդ թվում և՝ ամառային ճամբարների միջոցով հոգեբանական աջակցություն ցույց տալու, և այլն: Ուզում եմ ասել, որ մենք սա կարևորում ենք և շնորհակալ ենք և նույնպիսի վերաբերմունք ակնկալում ենք մշակութային ժառանգության հետ կապված:  
14:33 - 27 հոկտեմբերի, 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
 |armenpress.am|

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: Պետեր Սիյարտոն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասաց նախարարը: Սիյատոն նշեց նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև: Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ դաժանաբար կացնահարել էր։ Չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի, Հուգարիան նրան արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև ստացել էր մայորի կոչում: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին: 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։  
12:54 - 27 հոկտեմբերի, 2023
Հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր. Միրզոյան
 |1lurer.am|

Հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել առկա հնարավորություններից, բայց պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի ընդհանուր անվտանգային իրադրության և կայունության վրա: Այդ մասին ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Վստահ եմ, որ Հունգարիան՝ որպես ԵՄ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև այլատյաց քաղաքականության բացառումը, քանզի մենք արդեն ականատես ենք եղել նման դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ ԼՂ-ում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100 հազար հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին ԼՂ-ից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել ՀՀ-ում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991-ին Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասաց Արարատ Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարարը նաև ընդգծեց, որ փոխվստահության մթնոլորտի հնարավորության ստեղծման համար կարևոր է ԼՂ ժողովրդի իրավունքների, ինչպես նաև ԼՂ-ում մնացած հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրում:
12:32 - 27 հոկտեմբերի, 2023
Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը
 |1lurer.am|

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում, բայց կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենալը միշտ չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը։ Օրբանն էլ հայտարարել է, որ Հունգարիան երբեք մտադրություն չի ունեցել դիմակայել Ռուսաստանին, այլ միշտ ցանկացել է ընդլայնել շփումները։ Նրա խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հնարավորինս լավ կապեր հաստատել Մոսկվայի հետ։ «Մեր հարաբերությունները շատ փորձությունների են բախվել ռազմական գործողության և պատժամիջոցների պատճառով, սակայն Բուդապեշտը փորձում է փրկել այն ամենը, ինչ կարող է»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը, շնորհակալություն հայտնել, որ «Ռոսատոմը» և «Գազպրոմը» շարունակում են գործակցել Բուդապեշտի հետ: Օրբանը նաև ընդգծել է Ուկրաինայում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։
16:23 - 17 հոկտեմբերի, 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանից հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար. դեսպան |armenpress.am|

Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանից հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար. դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝  102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)  Աննա Մարիա Սիկոն: Անդրադառնալով Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների և դրա արդյունքում ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումների մասին հարցին՝ դեսպանը շեշտում է, որ Հունգարիան հստակ և հաստատուն դիրքորոշում ունի բոլոր զինված հակամարտությունների վերաբերյալ, ինչը բազմիցս են արտահայտել: «Վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով: Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասում է դեսպանը՝ հավելելով, որ դա է ճիշտը նաև կովկասյան տարածաշրջանի համար։ Հունգարիան հույս ունի, որ պատերազմներն ու մարդկանց տառապանքները շուտով կփոխարինվեն խաղաղ համակեցությամբ: Դեսպանի վստահեցմամբ՝ Հունգարիան լիովին հասկանում է իրավիճակի լրջությունը, այդ իսկ պատճառով մի քանի օր առաջ ինքը ժամանել է Երևան, հանդիպել հայ քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ՝ քննարկելու մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։ «Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Հունգարիան 102 հազար եվրո է նվիրաբերել Հայկական Կարմիր խաչին «Հունգարիան օգնում է» ծրագրի միջոցով՝ աջակցելու մարդասիրական ծրագրերին։ Հունգարական օգնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունությանը` օգնելով հակամարտության և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց»,-ասում է Աննա Մարիա Սիկոն: Հունգարիան ուրախ է, որ կարող է անհապաղ օգնություն ցուցաբերել այս սարսափելի հանգամանքներում և հնարավոր ամեն ջանք կգործադրի դա շարունակելու համար։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին լուրեր էին տարածվել, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրի ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո էր կիրառել հայտարարության ընդունման նկատմամբ: Հայաստանում Հունգարիայի դեսպանը ԵՄ հայտարարության վերաբերյալ այս հրապարակումները համարում է փաստերի և իրականության վրա չհիմնված մեղադրանքներ։ «Մի քանի անդամ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, մեկնաբանություններ են արել նախատեսված համատեղ հայտարարության վերաբերյալ,  վերջում չի հաջողվել կոնսենսուս ձեռք բերել, ուստի այն հրապարակվել է Բարձր ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելի անունից»,-պարզաբանում է դեսպանը: Իսկ թե ի՞նչ դիրքորոշում ունի Հունգարիան դեռ 2021-ի մայիսից Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի վերաբերյալ՝ դիվանագետը վստահեցրեց, որ միջազգային իրավունքի հիման վրա Հունգարիան հավատարիմ է մնում ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին։ Բազմաթիվ առիթներով են հստակեցրել իրենց դիրքորոշումն այս առնչությամբ։ Հունգարիան ցանկանում է, որ մարդկային տառապանքներին վերջ տրվի, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա  խաղաղ ապրել: Դեսպանը վստահեցնում է, որ Հունգարիան միշտ աջակցել Է այս նպատակով նախաձեռնություններին և կշարունակի դա անել: Իսկ Ադրբեջանում մինչև այժմ ապօրինաբար պահվող հայ գերիների առնչությամբ դեսպանը հավաստիացնում է. «Հունգարիան պատրաստ է կրկին միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին իրենց հայրենիք»: 2021 թվականի դեկտեմբերին  Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 5 հայ ռազմագերի էր վերադարձել հայրենիք:
09:12 - 06 հոկտեմբերի, 2023
Հունգարիան 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը՝ «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար |news.am|

Հունգարիան 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը՝ «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար |news.am|

news.am: Հունգարիայի կառավարությունը 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյը։ Նրա խոսքով՝ օգնությունը կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցու խնդրանքով` Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետեւանքով առաջացած խորհրդակցություններից հետո: «Վերջին շաբաթներին զինված հակամարտության սրման և Ստեփանակերտի վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ հազար էթնիկ հայեր լքել են իրենց տները և տեղափոխվել Հայաստան»,- նշել է նա։ «Հունգարիայի օգնությունը նպատակ ունի խթանել կայունությունը տարածաշրջանում՝ օգնություն տրամադրելով հակամարտությունից և վառելիքի պահեստի պայթյունից տուժած խաղաղ բնակիչներին», - ասել է Ազբեյը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նա նշել է, որ Հունգարիայի կառավարությունը տարածաշրջանում խաղաղությունը դիտարկում է որպես միակ կենսունակ լուծում։  
11:01 - 29 սեպտեմբերի, 2023
Հունգարիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է լուրերը, թե երկիրը արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է լուրերը, թե երկիրը արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիարտոն մեկնաբանել է լուրերը, թե երկիրը արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը․ «Երեկ որոշ կեղծ լուրեր էին շրջանառվում Ղարաբաղյան իրավիճակի մասին Եվրամիության հայտարարության վերաբերյալ։ Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ անդամ երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարության վերաբերյալ դիտողություններով և առաջարկություններով, սակայն փոխհամաձայնություն չի եղել, հետևաբար ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարություն է տարածել իր սեփական անունից։ Այստեղ Հունգարիայի դիրքորոշումը պարզ է. պատերազմի փոխարեն պետք է խաղաղություն։ Երկար տարիներ և տասնամյակներ հետո ժամանակն է, որ Ղարաբաղի ժողովրդի տառապանքներն ավարտվեն։ Այս միակողմանի հայտարարությունները չեն օգնի, այնուամենայնիվ, ՄԱԿ-ը հիանալի հնարավորություն է տալիս դրանք անձամբ քննարկելու համար»:
19:41 - 22 սեպտեմբերի, 2023
Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը. Յոզվիակ |azatutyun.am|

Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը. Յոզվիակ |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։ Երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Յոժեպ Բորելը հայտարարություն տարածեց, որում ԵՄ-ը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: «Ադրբեջանի պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը, խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից», - մասնավորապես ասված է հայտարարությունում:
11:32 - 22 սեպտեմբերի, 2023