Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հանդիպման ընթացքում քննարկելու են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ռազմական համագործակցությանը վերաբերվող։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցին և Փարիզի հետ հնարավոր ռազմական մատակարարումների պայմանագրի ստորագրմանը։   «Արձանագրենք, որ Պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում և հանդիպում է ունենալու իր գործընկերոջ հետ։ Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, և ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը կգտնեն այս հանդիպման արդյունքում»,- ասաց Քոչարյանը։ Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանն իր ռազմական համագործակցության շրջանակը մեծացնում է, Քոչարյանը պատասխանեց․ «Դա այնքան ակնհայտ է, որ ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ, կարծես թե, մենք այդ բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանքներ ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր երկրի կայունությանը առնչվող բոլոր հարցերը ստանան պատշաճ լուծումներ»,- եզրափակեց Քոչարյանը։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ավելի վաղ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն «Le Parisien»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր։ Նա մանրամասնել է, որ կստորագրվի պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը:
12:52 - 23 հոկտեմբերի, 2023
Իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել , թե նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» այցելել․ ՊՆ

Իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել , թե նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» այցելել․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել այն մասին, թե պաշտպանության նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին: Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: Պաշտպանության նախարարությունը հրապարակում է  2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախարարի այցի լուսանկարներն ու տեսանյութը և հորդորում ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից։ Պաշտպանության նախարարությունը նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով իրազեկել է, որ պաշտպանության նախարարի՝ «Եռաբլուր» չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
13:53 - 16 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը և հյուրերը դիտարկել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և հյուրերը դիտարկել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հրավիրյալները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարին և հյուրերին ներկայացվել են զորավարժության կառավարման կենտրոնը, վերազինված լսարանները, որտեղ մշակվում են սցենարները, ու կայացվում են որոշումները: Այցի ավարտին խաղաղապահ բրիգադի հրամանատարը քննարկումների սրահում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերի մասնակցությունը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն իրականացնելիս` ընդգծելով, որ այդ տեղամասերում մեծ է համագործակցությունն ամերիկյան բանակի խաղաղապահների հետ:
15:27 - 15 սեպտեմբերի, 2023
Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Նախարար Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:
16:57 - 14 սեպտեմբերի, 2023
Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան |1lurer.am|

Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան |1lurer.am|

1lurer.am: Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան: Այդ մասին առաջարկվող փոփոխությունները Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել է նոր կարգ, անփոփոխ դրույքներ, ըստ որի՝ առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, երկրորդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, երրորդինը՝ 25 հազար դրամ, չորրորդինը՝ 30 հազար դրամ, հինգերորդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ: Միջին որակավորման գնահատականի (ՄՈԳ) հիման վրա սահմանվելու են նաև գործակիցներ: 60-70,9 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոսի և բարձրի դեպքում՝ 5 գործակից: «Այսինքն՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը. առաջին կուրսի կուրսանտը կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, տարբեր առաջադիմությունների դեպքում, այսինքն՝ 45, 60, 75 հազար, այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով: Երկրորդ կուրսում դա լինելու է 60, 80, 100 (հազար դրամ – խմբ.), այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով, 4-ով, 5-ով: Երրորդ կուրսում՝ 75-ից մինչև 125, այսինքն՝ 75 հազար, 100 հազար, 125 հազար: Չորրորդ կուրսում՝ 90, 120 և 150 հազար: Եվ հինգերորդ և բարձր կուրսում՝ 105 հազար, 140 հազար, 170 հազար: Այսինքն՝ մեր դասական պատկերացմամբ գերազանց սովորող կուրսանտը հինգերորդ կուրսում կարող է ստանալ 175 հազար թոշակ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կրթաթոշակներին, Պապիկյանը նշեց, որ այդ մասով նախագիծը կներկայացվի հոգաբարձուների խորհրդին, և որ ենթադրում է՝ այդ մասով առարկություններ չեն լինի: Այնտեղ էլ, ըստ առաջադիմության, սաների համար կսահմանվեն ամսական 15 հազար, 30 հազար և 45 հազար դրամի չափի բավարարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, քանի որ խոսքը անչափահասների մասին է, այդ գումարի օգտագործման որոշակի սահմանափակումներ են լինելու: Գումարի մի մասը սաները կօգտագործեն արձակուրդին, մյուս մասը՝ 18 տարին լրանալուն պես: Բանկային քարտերը կլինեն սաների անվամբ բացված հաշիվներով:
13:40 - 14 սեպտեմբերի, 2023
Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին |tert.am|

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին ասաց, որ կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամռանը, միաժամանակ նշեց, որ պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։ Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ամառվա մասին մոռանան․ «Ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռային զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծել է Փաշինյանը Նրա խոսքով, Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ․ «Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը  բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել», - նշեց նա։ ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման  աշխատանքները։ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի ու անձամբ կծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին, որ  ամեն ինչ իր ուզածով ընթանա։ «Եկեք չթաքցնենք՝ սկզբից շատ կասկածեր կլինեն, քմծիծաղներ կլինեն, բայց ամենակարևորն է, որ մենք լրջությամբ մոտենանք խնդրին, մեր բոլոր ընթացակարգերը, մշտական տեղակայման վայրերը պետք է լինեն հնարավոր բարձր ստանդարտի ու մեր  վերաբերմունքն էլ լինի հնարավորինս լուրջ, որովհետև, երբ քննարկում ենք, ես ասում եմ՝ նախկինում խոսում էինք բանակում երեխաների բացակայության մասին, որ բանակում չկա երեխա, բանակում կա զինվոր, իմ մոտեցումը նույնն է նաև այս դեպքում՝ բանակում չկա կին, բանակում չկա տղամարդ, բանակում կա զինվոր կամ զինվորական, ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», - նշեց վարչապետը։
13:33 - 14 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով
 |tert.am|

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին:Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է Յորղալլասը: «Sputnik Armenia»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
17:19 - 07 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սուրեն Պապիկյանը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ եւ ԱԹՍ։ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: ՊՆ-ից հայտնել էին նաեւ, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:  
13:48 - 02 սեպտեմբերի, 2023