Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին

Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Այս մասյին հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցել է Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները: Նախարարը խոսել է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սևան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարևորագույն խնդիրների մասին․ «Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաև գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սևանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»: Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելել է «Սևան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:   Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
16:47 - 17 ապրիլի, 2021
Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար

Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար

Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների շրջանակում առավելագույնը կանի Արցախում բնականոն կենսագործունեությունը վերականգնելու համար։ «Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։ Նախարարի՝ Արցախի Հանրապետություն այցի օրակարգի կարևորագույն կետերից էր Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի բացթողումը։ Նախարար Պետրոսյանը և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ջրամբար են բաց թողել ձկան առաջին խմբաքանակը։ Ծիածանափայլ Իշխանը բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և՛ միկրոպլանկտոնի առկայության և՛ ջրի ջերմաստիճանի տեսանկյունից այս պահին լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու։ Այս ամենն արվում է երկրում կենսագործունեության լիարժեք վերականգնման նպատակով և ի բարօրություն Արցախի ժողովրդի։ 1-2 տարի անց արդեն կունենանք ձկնատեսակի բավականին ներկայանալի պոպուլյացիա,որը կարող է կերակրել Արցախի մեր հայրենակիցներին։ Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կարողությունների և տեխնիկական հզորությունների շրջանակներում վերապատրաստման հնարավորություն կընձեռվի։ Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։ Այս ուղղությամբ ևս անելիքը շատ է․ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հզորությունները կօգտագործվեն մոնիթորինգի աշխատանքներում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին և Արցախի գործընկերներին` հագեցած օրակարգով այցի և բովանդակային քննարկումների համար: Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ առկա է բավարար կամք և քաղաքական վճռականություն Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված նախանշած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:03 - 09 ապրիլի, 2021
«Սևան» ազգային պարկում քննարկվել են էկոտուրիզմի զարգացման հեռանկարները

«Սևան» ազգային պարկում քննարկվել են էկոտուրիզմի զարգացման հեռանկարները

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետը:   «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ քննարկվել են էկոտուրիզմի զարգացման, զբոսաշրջային նոր ուղղությունների մշակման,աշխատակազմը համապատասխան մասնագետներով համալրելու, բնակչության էկոգիտակցության մակարդակի բարձրացման և բնության հատուկ պահպանվող տարածքներիկառավարման վերաբերյալ այլ հարցեր:   Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ կա, և այն կայացնելու համար առկա տարածքների ճիշտ օգտագործման մեխանիզմներ է պետք մշակել:   Հանդիպումը շարունակվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում: Տեղում քննարկվել են առկա խնդիրները, ներկայացված ցուցանմուշների պահպանման և մշակման մեթոդները:
18:54 - 02 ապրիլի, 2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից. ՇՄ նախարարության նոր լուծումները |armenpress.am|

Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից. ՇՄ նախարարության նոր լուծումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի կենսապաշարների կայուն կառավարման համար համալիր մոտեցման անհրաժեշտություն է տեսնում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ կայուն կառավարումը ենթադրում է Սևանի պաշարների հաշվառում, ուսումնասիրություն, պահպանում, որս կատարելու չափաքանակի սահմանում և այլն: Սևանում ձկնապաշարի օգտագործումը կանոնակարգելու, գործընթացն առավել կառավարելի դարձնելու համար արդյունագործական ձկնորսության ծրագրի 2-րդ փուլն է իրականացվում, որը թույլ է տալիս ձուկ որսալ սահմանված չափաքանակով ու սահմանված պահանջներին համապատասխան: Ծրագրին զուգահեռ պատկան մարմինները քննարկում են մի տարբերակ, որ ձկնորսության ամբողջ գործընթացը կազմակերպվի պետական կազմակերպության կողմից, իսկ ձկնորսներն այնտեղ լինեն աշխատող: «Նախատեսվում է ծրագրի մշակում, ըստ որի, ստեղծվի պետական կառույց, որը կկազմակերպի ամբողջ ձկնորսության գործընթացը, ձկնորսներն էլ կլինեն այդ կառույցի աշխատողը: Կառույցը կլինի նաև մթերողը: Այսինքն՝ մեկ կետով կապահովվի Սևանում ձկնորսության գործընթացը, և այդ կառույցը պատասխանատու կլինի հսկողության համար: Այստեղ շատ կարևոր է աշխատանքի, աշխատատեղերի հարցը: Դրանով կլուծվի սոցիալական խնդիր»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը: Սևանում ձկան որսի գործընթացը պետական կազմակերպության միջոցով կազմակերպելը, ըստ Ոսկեհատ Գրիգորյանի, կարևոր է տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Ձկնորսները, գործելով տվյալ կազմակերպությունում, կունենան կայուն աշխատավարձ: Նրանք կվարձատրվեն նաև այն ժամանակահատվածում, երբ պարապուրդի մեջ կլինեն: Սա թույլ կտա դուրս գալ հնարավոր ապօրինությունների դաշտից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազամազանության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանի խոսքով, պետական կառույցի հետ աշխատելով, առաջ են քաշում կյանքի ապահովագրության բաղադրիչը, որոնք կունենան ձկնորսները: Արմեն Արաբյանը նշեց, որ տարվա ընթացքում լինում են ջրահեղձության դեպքեր, հետևաբար կարևոր է, որ սոցիալական երաշխիքներ լինեն: Ինչ վերաբերում է ձկնորսության գործընթացը պետական կառույցի կողմից կազմակերպելուն, ապա Արմեն Արաբյանը վերհիշեց խորհրդային տարիներին ունեցած փորձը: «Խորհրդային տարիներին կային ձկնորսական տնտեսություններ, որտեղ ձկնորսներն աշխատում էին: Մենք մտածում ենք, որ գործընթացը կազմակերպվի մեկ պետական կառույցի կողմից, ձկնորսը հանգիստ խղճով կգնա աշխատանքի, իր աշխատավարձը կստանա, ձուկն էլ կհանձնի պետությանը, որն էլ կկազմակերպի դրա իրացումը»,- ասաց տեսչության ներկայացուցիչը: Առաջարկվող լուծումը դեռ քննարկվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Այն կդրվի հանրային քննարկման՝ ընդգկելով բոլոր շահագրգիռ կողմերին:
15:05 - 29 մարտի, 2021
«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի փետրվարից մինչ օրս Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք չունեն այդտեղ գտնվելու իրավական փաստաթուղթ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների կցակառույցներին և տաղավարների նկատմամբ։ «Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլով կապամոնտաժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։   «Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել: «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»,- ասաց նա:
18:45 - 18 մարտի, 2021
Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի

Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի

Նկարը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից, 20.07.2020 Հայաստանի սիրտ և զարկերակ հանդիսացող Սևանա լիճը գնում է ճահճացման՝ գլոբալ տաքացումների, կլիմայական փոփոխությունների և մշտական չլուծվող խնդիրների պատճառով։ Սևանա լիճը բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն: Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։ Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3): 1931թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի: Ներկայումս յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդությամբ: Կարևոր է գիտակցել, որ 21-րդ դարում խմելու ջրի պաշարների նոսրացումն աշխարհում բերելու է դրա արժեքի բարձրացմանը: Իսկ Սևանա լիճը հանդիսանում է Հայաստանի բնակչության ջրի, սննդի, արդյունաբերական, ոռոգման աղբյուրը: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանման գործում անելիք ունի ինչպես պետությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացի: Սևանա լճի պահպանումը Հայաստանի բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր է, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը։ Սևանի հարակից բնակավայրերի կենցաղային կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են լիճ՝ վնասելով ջուրը, ավազանի բուսական ու կենդանական աշխարհը։ Ջրի մաքրման կայաններ կան Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում, մյուս բնակավայրերը չունեն կոյուղիների հեռացման համակարգ: Բացասական ազդեցություն ունեն նաև Սոթքի հանքի ցրված ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ՝ հատկապես վնասելով Սոթք ու Մասրիկ գետերի ավազանները։ Այս տարածքում լրացուցիչ մաքրման կայանների ստեղծումն ու կիրառումն անհրաժեշտություն է լիճ մուտք գործող ջրերը հնարավորինս ֆիլտրելու համար։ Բացի դրանից՝ հարկավոր է աղբահանության այնպիսի համակարգ ստեղծել, որ բնակիչներն իրենց համայնքներով հոսող գետերը չդիտարկեն իբրև աղբը մեկուսացնող միջոց: Սևանա լճի ջրավազանի ջրօգտագործման ավելի քան 40%-ը կազմում է ձկնաբուծությունը։ Այն ևս բացասաբար է անդրադառնում ավազանի վրա, եթե կանոնակարգված ու գրագետ չի իրականացվում։ Սևանի ձուկը պետք է դիտել ոչ թե որպես սննդի աղբյուր, այլ էկոհամակարգի տրոֆիկ շերտի վերին օղակ: Ձկները սնվում են մանր խեցգետնակերպերով, որոնք իրենց հերթին՝ ֆիտոպլանկտոնով կամ մանր ջրիմուռներով: Այսինքն՝ ձուկը մաքրում է լիճը այդ օրգանական նյութերից և ձկների չհաշվարկված բուծումն ու ձվադրման ժամանակ որսի կազմակերպումը էականորեն խախտում են էկոհամակարգի հավասարակշռությունը։ Սևանա լճի պահպանման հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներին, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները։ Սևանա լճի մակարդակի իջեցման, ջրի տաքացման և ջրիմուռների բազմացման հետևանքով առաջանում է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը։ Սևանի լազուրը կապտականաչավուն գույն է ստանում, լիճը ծաղկում է: Սևանի ծաղկման պատճառների մեծ մասը մարդու գործունեության հետևանքն է։ Լճին կապատականաչավուն գույն հաղորդող ջրիմուռների տարածման գլխավոր պատճառներից մեկը Սևան թափվող կոյուղաջրերն են: Կապատականաչավուն ջրիմուռները 1964 թ․ էլ են նման մասշտաբներով ակտիվացել։ Ընդ որում՝ ինչպես առաջ, այնպես էլ այս վերջին տարիներին, դրա ծաղկման պատճառը եղել են ցիանոբակտերիաները, որոնք հայտնի են նաև որպես կապտականաչ ջրիմուռներ: Սևանում ծաղկումներ գրանցվել են նաև 1990-ականների երկրորդ կեսին, բայց այդ տարիներին այն ծաղկել էր այլ ջրիմուռների պատճառով: Հերթական մասսայական ծաղկումն սկսվել է 2018-ից: Խորհրդային տարիներին կարևոր է եղել ջրի մակարդակի իջեցումը, ինչը բերել է ջրիմուռների ծաղկման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, օրինակ՝ ջրի տաքացում, լույսի թափանցում մինչև հատակը: Հիշենք, որ 1930-ականներից ոռոգման և էներգետիկ նպատակներով լճի մակարդակն արագ տեմպերով իջեցվում էր, և միայն 1960-ականներին գործնական քայլեր ձեռնարկվեցին (Արփա-Սևան թունելի նախագծմամբ ու կառուցմամբ)՝ այն փրկելու համար: Պակաս կարևոր չէ նաև ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Սևանի հիմնախնդիրների, կլիմնայի փոփոխությունների մասին խոսել ենք անկախ փորձագետ Այսեր Ղազարյանի հետ: Ըստ փորձագետի՝ Սևանի խնդիրներն այսօր շատ են՝ կառավարման համակարգի պատճառահետևանքային կապից, մարդկանց մտածելակերպից, Հայաստանում առկա սոցիալական վիճակից մինչև մշակույթային խնդիրներ։ «Խնդիր է նաև այն, որ Սևանի ավազանի բնակչությունն է աղտոտում լիճը, տուրիզմը նույնպես ունենում է իր ծանր հետևանքները լճի վրա, ափամերձ օբյեկտներն էլ կարճաժամկետ հանգիստ են կազմակերպում, իսկ կոյուղաջրերն ու թափոնները թափում են լիճ։ Այս ամենին են գումարվում նաև չկարգավորվող ձկնագողությունը, հանքարդյունաբերությունը, գետերով եկող ծանր մետաղները, օրգանական մնացորդները և, ի վերջո, կանաչ ջրիմուռներով ակտիվ ծաղկումը, որոնք Սևանն այսօր լուրջ վիճակի են հասցրել։ Վերջինս դեռևս շարունակվում է»,- նշում է Այսեր Ղազարյանը։ Մասնագետը կարծում է, որ այս պահին առաջնահերթ է լուծել լճի հիմնարար խնդիրները, ապա դրանից հետո միայն մտածել մարտահրավերների մասին։ «Փորձենք տարբեր հարթությունների վրա դնել զարգացած երկրներին և Հայաստանին։ Զարգացած երկրների կառավարման համակարգը կայացած է, ընդլայնված բարեփոխումներով և տեխնոլոգիական մոտեցումներով: Այդ պետությունները ոլորտում որևէ խնդիր չունեն, նրանք ավելի շատ մտածում են մարտահրավերների և դրանց ազդեցությունը մեղմացնելու մասին: Իսկ Հայաստանում էկոհամակարգը ուշաթափ վիճակում է, և այդ պարագայում մտածել մոտեցող մարտահրավերների մասին, շուտ է։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ անիմաստ է զարգացած երկրների հետ նույն հարթության վրա կանգնել ու խոսել միայն մարտահրավերներից»,- ասում է Այսեր Ղազարյանը։ Ըստ նրա՝ պետք է մտածել, թե միգրացիոն կամ հարմարվողականանության ինչ ծրագրեր կարելի է իրականացնել էկոհամակարգի իրավիճակի մեղմացման, հարմարվողականությունը բարձրացնելու համար: «Պետք է կառավարման համակարգը ռադիկալ փոփոխությունների ենթարկել, եթե ջերմաստիճանը բարձրանա, ավելի կրիտիական խնդիրներ կառաջացնի, մինչև այդ փուլն արդեն կունենանք շատ թույլ, քայքայված էկոհամակարգեր, որոնք ըստ էության հենց առաջին հարվածից կընկնեն: Մենք պետք է փորձենք ուժեղացել, վերականգել էկոհամակագերը, որպեսզի դրանք կարողանան դիմանալ կլիմայի փոփոխությունների մարտահրավերներին: Պետք է ունենանք համապատասխան ներուժ, լավ ինստիտուցիոնալ կառուցվածք, համապատասխան իրավական գործիքակազմ, ադեկտվատ տեխնիական միջոցներ, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին պատշաճ ձևով այդ ամենը իրականացնել»,- ասում է Այսեր Ղազարյանը: Իսկ ինչ վերաբերում է լճի ծաղկմանը՝ փորձագետը նշում է, որ, ինչպես արդեն ասել էր, լիճը շարունակում է ծաղկել։ «Այս տարի մի փոքր քիչ է ծաղկում, բայց գործընթացը շարունակվում է, որովհետև մենք ծաղկման նվազեցման որևէ գործընաթաց չենք տարել։ Կանաչ զանգվածը՝ բիոմասան, նորից լճում է, տնտեսվարողները ակտիվ գործունեություն են ծավալում, կոյուղաջրերը լցվում են լիճ, ձուկն ակտիվ բռնում են, ցանցավանդակային տնտեսությունները նույնպես շարունակվում են։ Այսինքն՝ որևէ գործընթաց չի դադարել, և լիճը քայլ առ քայլ մոտենում է ճահճաչման, իսկ տեղումների փոփոխությունը և ջերմաստիճանի բարձրացումը կարագացնեն դրա ճահճացման գործընթացը։ Կարևոր է նշել նաև, որ գլոբալ տաքացման հետևանքով ողջ աշխարհում խմելու ջրի պաշարները գնալով նվազում են, իսկ Հայաստանը այդ առումով կարող էր շատ լավ հաղթաթուղթ ունենալ իրխմելու ջրի պաշարներով, սակայն այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, ոչինչ էլ չենք ունենալու»,- նշում է փորձագետը։ Այսեր Ղազարյանը կարծում է, որ մի քանի տարում կարելի է կառավարման համակարգի հետ կապված խնդիրները բարելավել և բերել չեզոք ազդեցության։ «Շատ դեպքերում էկոհամակարգի առողջացումը մի քիչ դանդաղ է գնում, բայց ձեռնարկված քայլերի ազդեցությունը կարելի է արդեն տեսնել մոնիթորինգի միջոցով։ Եթե մենք փոխենք մեր մոտեցնումները, ձևավորենք քաղաքական կամք, այո,՛ մենք լիճը կտանենք առողջացման, փրկության ճանապարհով։ Եթե քայլեր ձեռնակրվեն Սևանա լիճը 5-6 տարիների ընթացքում կվերականգնվի»,- ասում է փորձագետը։ Անի Եղիազարյան
16:20 - 18 մարտի, 2021
Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Այն միջոցները, որոնք Կառավարությունը ձեռնարկում է Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու նպատակով, առաջին հերթին անում է Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է:  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց, որ առավելագույն նիշը հունիս-հուլիսին է արձանագրվել, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու. մակարդակը հասնելու է 1901 մետրի:  «Դա Արփա-Սևան թունելով դեպի Սևան աննախադեպ քանակի ջրի ներհոսքի, ինչպես նաև ոռոգման նպատակով խիստ վերահսկողությամբ ջրի բացթողումների արդյունք են»,- ասաց նախարարը: Վարչապետի խոսքով՝ նշված ցուցանիշները փաստում են, որ իսկապես կարողացել են որոշակիորեն կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Կարևորեց նաև, որ այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար էլ ջրային պաշարների խնդիր չեն ունենալու:
11:58 - 18 մարտի, 2021
«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ և վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից, որոնք ուսումնասիրվել են ոլորտային օրենսդրության հետ համադրությամբ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում: Ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման՝ 1-ին կետի 1-ին ենթակետի և 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին  ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը: Իսկ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ: Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սևանա լճի մասին» 15.05.2001թ. –ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նախատեսված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:53 - 19 փետրվարի, 2021
Սևանում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ

Սևանում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը: Պետրոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում»,- գրել է Պետրոսյանը: Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսավարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ «Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կապված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկ ենք տվել այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացին․ շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները»,- նշել է Պետրոսյանը:
12:17 - 15 փետրվարի, 2021
Սևանա լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց

Սևանա լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց

Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ, և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։   Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թ. նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թ. դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 64 ապօրինի ցանց։   Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Հսկողության միջոցառումները շարունակվում են։   Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվել է «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը: Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսվել է 300 տոննա սահմանաչափ:   «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար:   Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ: Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։      
12:58 - 01 փետրվարի, 2021
Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այդ երկու գետերի սնուցման ակնունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, եւ, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում են նաեւ գտնվում Սեւանի ջրահավաք հիմնական աղբյուրները»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ այս փաստի շուրջ ՀՀ բնապահպանական որոշ շրջանակներ արդեն մտահոգություններ են հայտնել, իսկ նախարարությունն իր հերթին ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ-ին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս հարցի շուրջ, ըստ նրա, նախարարությունն ավելին անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։ Անդրադառնալով սահմանազատման արդյունքում հնարավոր նոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Պետրոսյանն ասաց, որ դրանում նախարարությունը եւս մասնակցության մանդատ չունի ու ներգրավված չէ. «Բայց պետք է ասեմ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի որոշ արգելավայրեր ու արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգային սահմաններին արեւելյան ու արեւմտյան կողմերից, եւ, բնականաբար, մեր մասնագետների հետ մենք պերմանենտ աշխատանքային շփումների եւ կապի միջոցով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները»։ Նախարարն ընդգծեց՝ այս պահին բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները համընկել են ՀՀ սահմանների հետ, եւ սահմանների ճշգրտման արդյունքում նման խնդիրներ չեն առաջացել։
17:56 - 26 հունվարի, 2021
Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Սեւանի ափամերձ տարածքները 1901․5 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ է թույլ տվել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում մենք կապալառու ընկերության վճարումները դադարեցրել էինք ու փաստաթղթերն ուղարկել դատախազություն»,- հայտնեց նախարարը։ Նա հայտնեց նաեւ, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Թե ինչ խախտումներ է կատարել այդ կապալառու ընկերությունը, Պետրոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք կա։ Նախարարը նաեւ հայտնեց, որ մինչպատերազմական փուլում շուրջ 3-4 տասնյակ շենք-շինություններ, տաղավարներ ապամոնտաժվել են, եւ նոր տեխնիկայի ձեռքբերմանը զուգընթաց արդեն գարնանը կվերսկսվի ավելի լայն ծավալով ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը, ինչպես նաեւ՝ շինաղբի ու այդ տաղավարների դուրսբերումը առափնյա տարածքներից: Խոսելով 2021 թվականի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին՝ նա հայտնեց, որ 2021-ի բյուջեով արդեն նախատեսված գումարները նախարարությունը մտադիր է վերաբաշխել։ Այդ առաջարկով նախարարությունն արդեն իսկ պատրաստվում է դիմել Կառավարությանը. «Մենք արդեն աշխատում ենք Կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սեւան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը, այլ «Սեւան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռքբերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի եւ Սեւանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով»։ Նախարարը հույս հայտնեց, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն մաքրման դադարեցված աշխատանքները։
16:59 - 26 հունվարի, 2021