Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

Շուրջ 70,000 ԱՄՆ դոլար Սիրիայի մեր հայրենակիցներին

Շուրջ 70,000 ԱՄՆ դոլար Սիրիայի մեր հայրենակիցներին

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով։ Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․  30,000 ԱՄՆ դոլար ՝ Սիրիայում  հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին: Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին։ Հավելենք, որ հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։ Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  մշտապես մեր հայրենակիցների կողքին է։
16:13 - 09 սեպտեմբերի, 2020
«Հայաստան» հիմնադրամի տնօրենն առցանց քննարկմանը ներկայացրել է սփյուռքին աջակցելու ռազմավարությունը |armenpress.am|

«Հայաստան» հիմնադրամի տնօրենն առցանց քննարկմանը ներկայացրել է սփյուռքին աջակցելու ռազմավարությունը |armenpress.am|

armenpress.am: Սփյուռքի հայկական լրատվամիջոցների՝ «Զարթօնք», «Արև» և «Սարդարապատ» թերթերի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մամուլի առցանց լսարան» խորագրով շարքի 8-րդ հանդիպումը: Այս անգամ քննարկման հյուրը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, որն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանան կատարած այցին և սփյուռքին աջակցելու հարցում հիմնադրամի ռազմավարությունը: «Զարթօնք»-ի հոդվածը քննարկման վերաբերյալ. «Վերանորոգուող Առաջնահերթութիւններ եւ Մարտահրաւէրներ» թեմայով բովանդակալից, ներկաների համար հետաքրքիր ելոյթ ունեցաւ Հիմնադրամի տնօրէն Հայկակ Արշամեանը։ Տարբեր երկրների շուրջ 55 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը վարեց «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը։ Նա իր խօսքում երախտագիտութիւն յայտնեց ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի տնօրէնին առցանց լսարանում ելոյթ ունենալու համար։  Հայկակ Արշամեանն իր խօսքը սկսեց նախ Հիմնադրամի ստեղծման պատմութիւնից, որը բոլորին քաջ յայտնի է, ապա անցում կատարեց Պէյրութին,  ներկայացրեց այնտեղ պայթիւնից յետոյ հայկական պատուիրակութեան կատարած փաստահաւաք աշխատանքների մանրամասները։ Նշենք, որ հայկական պատուիրակութեան կազմում էին Հայկակ Արշամեանը, Սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը եւ ԱԺ պատգամաւոր Հրաչեայ Յակոբեանը։  «Հիմնադրման իր ուժերի ներածին չափով պէտք է կանգնի իր սփիւռքի քոյրերի ու եղբայրների կողքին։ Հենց նրանց շնորհիւ է  որ կառուցուել է Հայաստանը,  Արցախը։ Անցած տարի, երբ Լիբանանում սկսուեց տնտեսական տագնապը, Հիմնադրամում, քննարկելով իրավիճակը, որոշեցինք, որ ինչ-որ կերպ պէտք է աջակցենք Լիբանանի մեր հայ համայնքին, յատկապէս կրթական ոլորտում։ Մենք մօտ 150 հազար տոլար ուղղակի բերեցինք Լիբանան ու համամասնաբար բաժանեցին կրթական բոլոր հաստատութիւններին, տեղի հայկական մամուլին։ Նոյնը արեցինք մի քանի ամիս առաջ, նորից կրթական հաստատունութիւնների մասով։ Պէյրութում տեղի ունեցած ողբերգական պայթիւնը, բազմապատկեց այն խնդիրները, մարտահրաւէրները, որի առջեւ կանգնած էր հայ համայնքը։ Փառք ու պատիւ Հայաստանի ու Արցախի կառավարութեանը, որ անմիջապէս օգնութիւն կազմակերպեց ուղիղ Լիբանանի կառավարութեանը, միւսը Արցախի մեր հայրենակիցների կողմից Լիբանանի հայ գաղութին»,- ներկայացրեց Արշամեանը։  Խօսելով Պէյրութում իրենց տեսածի մասին, բանախօսն ասաց՝ այն, ինչ տեսան, սարսափելի էր։ «Այն ինչ մեր աչքերը տեսան սարսափելի էր։ Հայութիւնն այս անգամ շատ աւելի շատ տուժեց, քանի որ պայթիւնի առաջնագծում էր։ Մենք շրջեցինք հայկական թաղամասում, ունեցանք բազմաթիւ հանդիպումներ, կուսակցութիւններ ներկայացուցիչների, մամուլի ներկայացուցիչներ, անհատների հետ։ Մեզ համար շոկային էր էր այն, ինչ տեսանք։ Մենք գնացել էինք մարդկանց լսելու, հասկանալու կարեւոր հրատապ խնդիրները գոյքագրելու, որի առաջ կանգնած է հայ համայնքը։ Պայմանաւորուածութիւն ձեռք բերեցինք Անթիլիասի հովանու ներքոյ ստեղծուած յանձնաժողովի հետ, որը մեզ տրամադրելու է համակողմանի տեղեկատուութիւն հայկական գաղութին կրած  վնասի չափի մասին։ Սպասենք այդ յանձնախմբի աշխատանքների աւարտին ու հասկանաք, թէ ինչ ուղղութիւնով պէտք է աշխատի ՀՀ կառավարութիւնն ու Հիմնադրամը»,- լսարանի մասնակիցներին ասաց Հայկակ Արշամեանը։   Գալով Հիմնադրամի կողմից լիբանանահայութեան օգնութեան համար բացուած հաշուեհամարին, Արշամեանն ասաց՝ շուրջ 195 հազար տոլար է հաւաքագրուել Լիբանանի հայ համայնքի համար։ «Շուրջ 195 հազար տոլար ունենք հաւաքագրուած Լիբանանի հայ համայքնի համար։ Այստեղ բոլորը անսացին մեր կոչերին ու մասնակցում են մեր հայկական համայնքի օգնութեան գործընթացին։ Մեր կայքում կարող էք բաց տեսնել, թէ ովքեր են նուիրատուները, ամէն ինչ հրապարակուած է»,- ասաց Հիմնադրամի նախագահը։ Հաւաքագրուած գումարը դեռ որոշուած չէ, թէ որ ուղղութեամբ է ծախսուելու։ Արշամեանի խօսքով՝ խորհրդակցել են Լիբանանի հայ առաքելական եկեղեցւոյ առաջնորդի հետ, նախնական մտածում ենք կրթական ոլորտին ուղղորդել այդ գումարները․ «Սակայն, սա վերջնական չէ, վերջնական եզրակացութեան կգանք մի քանի օրուայ մէջ»։  «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը Հիմնադրամի գործունէութեան եւ սփիւռքին օգնութիւն տրամադրելու մասով մէկ դիտարկում արեց։ Նրա խօսքով՝ համասփիւռքեան այս խնդիրները, իհարկէ, մարտահրաւէր է դարձել Հիմնադրամի համար, քանի որ «Հայաստան» համահայակական հիմնադրամի նպատակը մայր Հայրենիքին ու Արցախին օգնութիւն հաւաքագրել է։ Սակայն, այսօր, Հիմնադրամը հակառակն է անում։ Սեւակ Յակոբեանը հարց ուղղեց՝ այս նոր մարտահրաւէրներին, սկզբում Սիրիան էր, հիմա Լիբանանը, յաջորդը յայտնի չէ, թէ որ գաղութը կը լինի, ինչպէ՞ս պէտք է Հիմնադրամը դիմակայի։  «Այո, Հիմնադրամի ստեղծման նպատակն էր սփիւռքից եկող աջակցութիւնը մէկ խողովակով ուղղորդել դէպի Հայաստան եւ Արցախ։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի այն ժամանակուայ իշխանութիւնները այս առումով խելացի գտնուեցին, որ ստեղծեցին Հիմնադրամը, որն աւելի ճկուն է, քան կառավարական մարմինները։ Այդ առաքելութիւնը 28 տարի շարունակում է Հիմնադրամը։ Մենք ունենք Սիրիայի ճգնաժամի փորձը, երբ որոշակի մարդասիրական օգնութիւն ցուցաբերուեց Սիրիայի մեր հայրենակիցներին։ Մենք Հիմնադրամի համար նոր ռազմավարութիւն ենք մշակել։ Դեռեւս 2019-ի գարնանը մօտ 60 փորձագէտ, սփիւռքի մեր հայրենակիցների մասնակցութեամբ եւս ստեղծեցինք նոր ռազմավարութիւն։  Ըստ այդմ՝ Հիմնադրամի առաքելութիւնը պէտք է դառնայ համահայկական, ցանցային համակարգի ձեւաւորումը, որի նպատակն է ապահովել ընդհանուր ինքնութեան վրայ հիմնուած աշխարհասփիւռ հայկական համայնքների, Հայաստանի ու Արցախի համաչափ զարգացումը, կայուն զարգացումը։ Այսինքն՝ շեշտադրեցինք, որ Հիմնադրամի գործունէութեան ուղղութիւններից մէկը պէտք է լինի նաեւ Սփիւռքի համայնքներում գործունութիւնը։ Հայաստանը նոր տեղծուող պետութիւնը չէ, ինչը 90-ականներին էր եւ մենք պարտաւոր ենք, եթէ կարիք կայ գործունէութիւն ծաւալենք եւ աջակցենք Սփիւռքում գտնուող մեր համայնքներին։ Ես կարծում եմ՝ դա մեր կարեւորագոյն առաքելութիւնների մէկն է։ Ուստի իրավիճակ է փոխուել աշխարհում, մարտահրաւէրներ ունեն նաեւ մեր սփիւռքեան համայնքները եւ մենք պէտք է լինենք նրանց կողքին»,- ընդգծեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրէնը։  Լսարանի մասնակիցներից մէկը հետաքրքրուեց, թէ ինչ կարծիք ունի Հայկակ Արշամեանը ազգային տուրքի գաղափարի մասին։ Հիմնադրամի տնօրէնը համաձայն է այ գաղափարին, սակայն, եթէ դրան մասնակցեն մեծ թուով նուիրատուներ՝ նուազագոյն գումարով։  «Մեր այսօրուայ բոլոր վաւերագրումների վրայ նշուած է ազգային տուրք։ Գաղափարը փորձեցինք վերականգնել դեռեւս անցած տարի՝ խօսելով մէկ գաւաթ սուրճի մասին։ Եթէ ամեն հայ աշխարհի տարբեր հատուածներում ամսական մէկ բաժակ սուրճի՝ մէկ կամ երկու տոլարի աջակցութիւն ցուցաբերի Հիմնադրամին, դա հսկայական գումարներ կը բերի ֆոնտին, որի շնորհիւ մենք էլ աւելի մեծ հնարաւորութիւններ կ՛ունենանք։ Հիմնադրամն այս երկու տարուայ մէջ ամբողջովին փոխուել է, գործունութիւնը թափանցիկ է դարձել, մեր հայրենակիցները բողոքելու տեղ չունեն այս մասով։ Այսօր մենք ունենք առցանց նուիրատուների հսկայական բանակ»,- մանրամասնեց Հայկակ Արշամեանը։  Հիմնադրամի տնօրէնի խօսքով՝  շատ բնական է այսօր լիբանանահայութեան նկատմամբ այս մեծ ուշադրութիւնը։ «Ես նկատում եմ համահայկական միասնութեան նոր ալիք։ Յատկապէս Տաւուշի դէպքերը ցոյց տուեցին, թէ հայերն ինչքան միասնական են, երբ խնդիրը անվտանգութեանն է վերաբերւում, աշխարհի տարբեր անկիւններում գտնուող մեր հայրենակիցների կեանքին։ Սա շատ կարեւոր է։ Ես ուզում եմ որ այս միասնականութիւնը երբեք չմարի։ Մենք պէտք է աւելի դասեր քաղենք ու մեր գործունէութեան մէջ հեռուն նայենք»,- շեշտեց բանախօսը։  Լսարանի մասնակիցները տարատեսակ հարցեր ուղղեցին Հիմնադրամի տնօրէնին կապուած լիբանանահայութեան ու հայրենադարձութեան կազմակերպման հարցում իրենց մասնակցութեան մասով։ Հայկակ Արշամեանը նշեց, որ հայրենիք վերադառնալու տագնապին առաջին անգամ է բախւում Հիմնադրամում աշխատելու ընթացքում։ Նրա խօսքով՝ սերտ համագործակցում են Զարեհ Սինանեանի գրասենեակի հետ։ «Սփիւռքի հետ համագործակցութիւնն իրենց բուն գործունէութեան  հիմնասիւներից մէկն է, Հայաստան ժամանողներին օգնել, աջակցել, ստեղծել մէկ պատուհան, որպէսզի մարդը չվազվզուի տարբեր տեղեր։ Մենք այժմ մտածում ենք, թէ ինչպէ՞ս կարող ենք ինքներս ներգրաւուել այդ ծրագրերում։ Ինձ բազմաթիւ մարդիկ են զանգում, ասում ունենք յաւելեալ բնակարան, հիւրանոց, հիւրատուն ու պատրաստ ենք անվճար տրամադրել Լիբանանից եկող մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն դրա կարիքը։ Ես կարող եմ ասել, որ հայրենադարձութիւն բառհասկացողութիւնը մի քիչ հնացել է։ Հայաստանի դռները միշտ բաց են մեր հայրենակիցների համար։ Պէտք է միշտ հնարաւորութիւններ ընձեռնել  նրանց ովքեր որոշել են վերադառնալ Հայաստան։ Հայաստանի պետութիւնը պէտք  է աջակցի այդ մարդկանց, անկախ նրանց՝ Հայաստանում հաստատուելու նպատակից։ Ամբողջական փաթեթ պէտք է լինի, որը հասանելի կը լինի մեր հայրենակիցներին աշխարհով մէկ»,- տեսակէտ յայտնեց Հայկակ Արշամեանը։ Քննարկման աւարտին, «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը երեք թերթերի անունից շնորհակալութիւն յայտնեց Հիմնադրամի տնօրէնին եւ յաջողութիւն մաղթեց այս ծանր աշխատանքում»։ 
16:41 - 15 օգոստոսի, 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Օգոստոսի 10-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել  Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է  նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը: Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը: Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները: Հագեցած օրակարգով այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նահանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները: Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ: Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմսվարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները: Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները: Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ: Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն:  Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն:  Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
13:11 - 11 օգոստոսի, 2020
«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին». «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր դրամահավաք արշավ է սկսել

«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին». «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր դրամահավաք արշավ է սկսել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ: Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն: Բեյրութի աղետաբեր պայթունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք: Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին: Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
12:43 - 06 օգոստոսի, 2020
«Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն». ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել քաղաքացիներին տեղափոխելու համար |aliq.ge|

«Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն». ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել քաղաքացիներին տեղափոխելու համար |aliq.ge|

aliq.ge: Հայաստանի Հանրապետությունը սկսել է Լիբանանում մեր հայրենակիցների տեղափոխումը հայրենիք: Այսօր՝ հուլիսի 14-ին, Բեյրութ-Երևան չարտերային առաջին չվերթով շուրջ 70 լիբանանահայեր ժամանեցին Հայաստան: Տարիներ առաջ Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է սրվել, և հայ համայնքը պարտադրված է գոյատևել տնտեսական դժվարին պայմաններում: Փորձագետները ներկայիս իրադրությունը չափազանց պայթյունավտանգ են համարում, քանի որ Թուրքիան Լիբանանի հյուսիսում կուտակել է հսկայական ուժեր, սուննի փախստականներ, իսկ վերջիններս Լիբանանում ցույցերի հիմնական կորիզն են կազմում և որոշակի պահի կարող են ուղղորդվել հայաբնակ Բուրջհամուդ: ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայ համայնքը Լիբանանում այժմ մոտ 80 հազար մարդ է կազմում, որոնցից մոտ 25 հազարն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ: Ըստ նրա՝ բացի այս 25 հազարից, լիբանանահայության այլ խմբեր ևս նպատակ ունենան գալ Հայաստան, քանի որ երկրում ակտիվացել են հակահայկական տրամադրություններ հրահրող ուժերը, որոնք կապ ունեն նաև հարևան երկրների հետ: «Քանի որ համավարակի հետ կապված ավիափոխադրումները դադարեցված են, նախաձեռնվել են չարտերային չվերթներ: Մենք կաշխատենք ժամանողների հետ, վեր կհանենք նրանց կարիքները, կկազմվի տեղեկանք՝ հետագա քայլերը ծրագրելու համար»,- ասաց Հ.Ալեքսանյանը: Լիբանանում հայ համայնքի համար աջակցության ծրագրեր իրականացնում են տարբեր կազմակերպություններ ու միություններ: Անցած տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 150 հազար դոլար էր տրամադրել Լիբանանում հայկական կրթական մոտ18 հաստատությունների և լրատվամիջոցների: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով՝ այնտեղ իրավիճակը գնալով սրվում է. «Երբ այնտեղ անհնար լինի այլևս ապրել, հայերի հնարավոր ճանապարհներից մեկը լինելու է նաև Հայաստանը՝ թեկուզև ժամանակավոր, եթե ոչ մշտական: Լավագույն սցենարն, իհարկե, այն է, որ իրադրությունը կարգավորվի և մեր հայրենակիցները անցնեն իրենց բնականոն կյանքին, բայց այս ճգնաժամն արդեն 9 ամիս է տևում, իսկ խնդիրների կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է»: «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը ևս չափազանց մտահոգիչ է համարում Լիբանանի ընդհանուր վիճակը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ այսօր առօրյա հացի խնդիր ունեն. «Հայերը նույն կացության մեջ են: Որոշ չափով միությունները, հիմնադրամները օգնություն ուղարկում են, բայց դա բավարար չի, որ համայնքի խնդիրները լուծվեն: Չկա տնտեսական զարգացման որևէ հնարավորություն, մարդիկ փակում են իրենց բիզնեսները, դժվար է պատկերացնել, թե ինչ ապագա պետք է լինի այնտեղ»: Ր.Դուդակլյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է տեղի ազգային կրոնական ղեկավարության հետ սերտ աշխատեն, որպեսզի անմիջական օգնությունը ծրագրեն.  «Լիբանանում իմ հարազատները գրեթե բոլորն էլ մտորում են Հայաստան տեղափոխվելու մասին: Պարզ չէ, թե ինչքան ժամանակ կարող են դիմանալ, բայց նաև պարզ չէ, թե իրենց ունեցվածքն ի՞նչ պետք է անեն՝ բանկերը փողերը չեն տալիս, տները չեն կարող վաճառել, դատարկ գրպաններով ինչպե՞ս գան: Խնդիրը շատ ավելի բարդ է: Կա՛մ պետք է հրաժարվեն ունեցվածքից, կա՛մ փորձեն լուծել ֆինանսական խնդիրները»: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Լիբանանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները էթնոկրոնական խմբերի միջև համերաշխությունը պահպանելու և, ըստ էության, որևէ տեսակի խտրական իրավիճակը բացառելու ուղղությամբ: Սակայն նա ևս կարծում է, որ ներքաղաքական ճգնաժամի նման պայմաններում զարգացումները կարող են լինել որոշ առումով անկանխատեսելի: «Լիբանանի համայնքը մեր բացառիկ համայնքներից է Մերձավոր Արևելքում, որ զգալի կշիռ ունի երկրի ներսում, ներգրավված է եղել լիբանանյան հաջողությունների ձեռքբերման և դժվարությունների հաղթահարման գործում: Մինչ այս համայնքն ունեցել է հնարավորություն իր բարեկեցությունը երկրի ներսում ապահովելու համար, բայց քանի որ ներքաղաքական խորը ճգնաժամ է ստեղծվել, որը շարունակական է, չի բացառվում, որ զարգացման այլ ընթացքի պարագայում համայնքի տեղափոխման հարց բարձրանա: Բայց այս պահի դրությամբ նման որևէ տեսակի դրսևորում ես չեմ տեսնում»,- ասաց Գ.Գևորգյանը:Շարունակությունը՝ aliq.ge-ում
22:02 - 14 հուլիսի, 2020
Դրամահավաք-արշավը կտեւի մինչեւ համաճարակի հաղթահարումը. ինչ ծրագրեր են իրագործվել |lragir.am|

Դրամահավաք-արշավը կտեւի մինչեւ համաճարակի հաղթահարումը. ինչ ծրագրեր են իրագործվել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ։ Պարոն Արշամյան, ամիսներ առաջ «Հայաստան» համահայկական հիմադրամը նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները հաղթահարելու համար «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաք-արշավ սկսեց: Որքա՞ն գումար է հավաքվել մինչ այս պահը, որքանո՞վ կա ակտիվություն, աջակցություն։ «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակներում այս պահին արդեն հավաքագրվել է 770,197 ԱՄՆ դոլար։ Մեր առցանց հարթակով նվիրատվություններ են կատարել աշխարհի տարբեր ծայրերից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարազգի նվիրատուներ։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև մեր համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կառույցների հետ։ Դեռևս մարտին, երբ նոր էինք նախաձեռնել դրամահավաք-արշավը, նվիրատվությունների շեմը դրել էինք 200,000 ԱՄՆ դոլար, ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ արագ այդ նշաձողը անցանք և ունեցանք աննախադեպ ներգրավվածություն։ Միայն մեր կայքով ունենք 200-ից ավելի նվիրատու, իսկ ընդհանուր առմամբ դրամահավաքում ներգրավված են մոտ 1000 անհատ։ Հիմնադրամի առցանց դրամահավաքի գործիքն էլ ավելի կատարելագործվեց՝ հատկապես ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխան ամսական ստացականների առումով, որոնք կսկսեն ուղարկվել մեր բոլոր նվիրատուներին այս ամսից։ Շատ կարևոր և անհրաժեշտ էր նաև PayPal համակարգի ինտեգրումը առցանց վճարային համակարգին, ինչը կբարձրացնի այդ համակարգի նկատմամբ վստահությունը ողջ աշխարհում։ Դրամահավաք արշավը շարունակական է և կտևի մինչև համաճարակի վերջնական հաղթահարումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին, մեր բոլոր գործընկերներին և, հատկապես, մեր ողջ թիմին նվիրված աշխատանքի համար։ Պարոն Արշամյան, որքանո՞վ է կորոնավիրուսը խոչընդոտել հիմնադրամի ծրագրերի ընթացքը։ Հնարավո՞ր է արդյոք այդ գումարներն էլ ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Եվ առհասարակ մտահոգություն չունե՞ք, որ այս տարի շատ ավելի քիչ գումար կհավաքվի հեռուստամարթոնին։ Իհարկե, կան մտահոգություններ։ Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից մեր գրասենյակը չի դադարեցրել իր աշխատանքը, բնականաբար աշխատում էինք հեռավար, հենց այդ օրերին էր, որ ծնվեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավ կազմակերպելու մտահղացումը։ Իհարկե, որոշ ծրագրեր ժամանակավորապես կասեցվել էին արտակարգ դրությամբ պայմանավորված, սակայն այժմ աշխատանքները մեծ թափով շարունակվում են։ Օրինակ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Նախորդ շաբաթ Արցախի հանրապետական հիվանդանոցին հանձնեցինք անեսթեզիոլոգիական թթվածնային սարք ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աջակցությամբ։ «Միասին հաղթահարենք համաճարակը» արշավի շրջանակներում հավաքագրված գումարները հատուկ ծառայում են համավարակի դեմ ուղղված պայքարին: Միաժամանակ իրականացնում ենք մեր ընթացիկ ծրագրերը: Շարունակությունը՝ lragir.am-ում
13:26 - 01 հուլիսի, 2020
«Հայաստան» հիմնադրամը 208 հազար դոլար է հանգանակել առողջապահության ոլորտին օժանդակելու նպատակով |azatutyun.am|

«Հայաստան» հիմնադրամը 208 հազար դոլար է հանգանակել առողջապահության ոլորտին օժանդակելու նպատակով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ապրիլի 13-ի դրությամբ, հիմնադրամի հաղորդագրության համաձայն, առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208 հազար 620,43 դոլար՝ նախատեսված 200 հազար դոլար գումարի 104.31 տոկոսը: «Մեր հայրենակիցների համախմբման և ակտիվ մասնակցության արդյունքում հիմնադրամի հայտարարած գումարի շեմն արդեն իսկ հատված է, ուստի այժմ նոր նշաձող է սահմանվում՝ այն է 250 հազար ԱՄՆ դոլար», - նշված է հաղորդագրությունում: «Հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առցանց գրանցված ավելի քան 200 անհատ նվիրատուներին՝ վստահության և շարունակական աջակցության համար: Մեր այս նախաձեռնությանն են միացել աշխարհի հայ համայնքները, կազմակերպություններն ու անհատները Միացյալ Նահագներից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից և Հունաստանից՝ սատարելով այս հայրենանվեր ծրագրին: Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ափի Կիլիկիո թեմի Ազգային առաջնորդարանին և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ խոշոր դրամական նվիրատվությունների համար»,– նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Հանգանակված գումարից 130 հազար դոլարն արդեն իսկ ծախսվել է բարձրորակ բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար: Բացի այդ, Ռուսաստանում գտնվող 60 հայրենակից հնարավորություն է ստացել հատուկ չվերթով անվճար վերադառնալ հայրենիք: Մնացյալ միջոցների տնօրինման համար ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում: Ավելին՝ azatutyun.am-ում
15:52 - 13 ապրիլի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է Առողջապահության նախարարությանը համաճարակի դեմ պայքարում

«Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է Առողջապահության նախարարությանը համաճարակի դեմ պայքարում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի դեմ ուղղված պայքարում շարունակում է սատարել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Հիմնադրամը մամուլի հաղորդագրություն է տարածել տրամադրած աջակցության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ։  Ներկայիս իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև տարբեր երկրներում գտնվող մեր տեղական մարմիններին, որոնք մեծապես աջակցում են այս գործընթացին թե դրամական և թե տարբեր ապրանքների տեսքով։ Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Ֆրանսիայի տեղական մարմնից գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։ Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։ Ավելի վաղ, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ: Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք–արշավ է կազմակերպված։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան 50,000 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ Դուք ևս կարող եք միանալ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին հետևելով այս հղմանը։
10:27 - 26 մարտի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին։  «Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։  Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում  ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես  էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ քայլերի մասին։ Մեր բուժաշխատողները ևս, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար  և ջանասիրաբար աշխատում են պացիենտներին օգնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։   Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն»,– ասվում է հաղորդագրությունում։
20:36 - 18 մարտի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի  գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և  Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այս մասին հայտնեցին «Հայաստան« համահայկական հիմնադրամից: Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ: Փետրվարի 28-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, իսկ ներկայիս դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 դեպք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։  Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: «Ուրախ ենք Առողջապահության նախարարության հետ մեր հերթական արդյունավետ համագործակցության համար: ԱՄՆ–ում արևմտյան շրջանի մեր տեղական մարմնի ջանքերի շնորհիվ՝ սեղմ ժամանակահատվածում կարողացանք ապահովել անհրաժեշտ պարագաների մուտքը Հայաստան», նշում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նշենք որ հիմնադրամը բազում առողջապահական ծրագրեր է իրականացնում: Ամեն տարի ԱՄՆ–ից բժշկական առաքելություն է այցելում Հայաստան և Արցախ  իրականացնելու բազում վիրահատություններ, խորհրդատվություն, ինչպես նաև արդի սարքավորումներով և դեղորայքով են զինվում տեղական բուժկենտրոնները: Հիմնադրամի կայքում առցանց գործում է նաև «Առողջ Հայաստան» դրամահավաք արշավի հարթակը, որի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ բժշկական ծառայություններ տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներին՝ խթանելով գյուղական բժշկությունը: ––– ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
16:16 - 13 մարտի, 2020
Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն» |armtimes.com|

Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն» |armtimes.com|

armtimes.com։ Նյու Յորքում Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ: Քննարկվեցին հիմնադրամի գործունեության, ռազմավարության և ծրագրերի մասին հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։Հայաստան համահայկական հիմնադրամը մոտակա տարիների համար մշակել է նոր ռազմավարություն, ասում է Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ում գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ուղեկցությամբ օրերս գտնվում էր Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպելու համար: Անցած տարվա հոկտեմբերից հիմնադրամի ղեկավարումը ստանձնած Արշամյանը նշում է՝ մշակված նոր ռազմավարությունը ներառական է, կապահովի հիմնադրամի արդյունավետ և թափանցիկ գործունեությունը, այն հաշվի է առել բազմաթիվ քննարկումների ժամանակ բարձրաձայնած մտահոգություններն ու տարիների կուտակած փորձառությունը: «Ի վերջո հասկացանք, որ մեր հայ իրականության պարագայում ամենաճիշտը ցանցային աշխատանքային ոճն է: Շատ կարևոր է ապահովել հիմնադրամի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև շահառուների, աջակիցների ու դոնորների ներգրավվումը հիմնադրամի գործունեությանը»,- նշում է Արշամյանը:Նրա խոսքերով, հիմնադրամն ունի ինչպես հեռահար, այնպես էլ մոտակա նպատակներ: Նյու Յորքում հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան մոտակա ծրագրերին, որոնցից առաջնայինը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին տներով ապահովելն է: Ըստ Արշամյանի՝ համահայկական մոբիլիզացիայի արդյունքում երկու-երեք տարվա ընթացքում հնարավոր է կարգավորել այս հարցը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են: «Դրա առաջին քայլը 40 բնակարաններով շենքի կառուցումն է, որի ուղղությամբ դրամահավաքը սկսվել է, Մեր Ֆրանսիայի գործընկերներն արդեն խոստացել են կես միլիոն եվրո այս ծրագրին»,- հայտնում է հիմնադրամի ղեկավարը: Արշամյանը կարևորում է Սփյուռքում համախմբվածությունը հիմնադրամի ծրագրերի շուրջ: Անհրաժեշտ են աշխատանքներ հենց Սփյուռքի համայնքներում՝ հիմնադրամի կարևորությունը մեծացնելու ու այն Սփյուռքում ավելի ճանաչելի դարձնելու համար: Այդ ճանապարհին օրինակ Միացյալ Նահանգներում կառույցը ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը:Ավելին՝ armtimes.com։ 
09:02 - 16 մայիսի, 2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կկայանա նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կկայանա նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով

Դրական է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում սկսված փոփոխությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այդ փոփոխությունների շնորհիվ ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով, որպեսզի համասփյուռ հայությունն առավել մեծ ակտիվությամբ ներգրավվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերում: Հետևաբար, հայտարարում ենք, որ «Ժամանակ» օրաթերթի 12.04.2019թ. համարում տպագրված հոդվածը, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, չի համապատասխանում իրականությանը: Հիմնադրամի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի ստեղծագործական լուծումների վրա: Հիմնադրամի Լոս Անջելեսի գործադիր գրասենյակում ս.թ. փետրվարի սկզբին տեղի ունեցած կադրային փոփոխությունները պայմանավորված են եղել գրասենյակային ծախսերը կրճատելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով։ Այդ փոփոխությունները միայն ուժեղացելու են գրասենյակի ներուժը և բարձրացնելու են վստահությունը Հիմնադրամի նոր գործելաոճի նկատմամբ: Հիմնադրամը մշակել է նոր ռազմավարություն, որի արդյունքում էլ ավելի են ընդլայնվելու Հիմնադրամ-ՀՀ կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերությունները: Հայաստանի նոր իշխանության հետ համագործակցությունը էլ ավելի է զարգացել ու խորացել: ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը և մի շարք նախարարներ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են, ընդ որում Նախագահ Ա. Սարգսյանը և Վարչապետ Ն. Փաշինյանն անձամբ են սատարում Հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Հետևաբար, նոր իշխանությունների հետ «վատ հարաբերություններ» ունենալու բոլոր լուրերը կեղծ են: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հասարակության լայն զանգվածներին շուտով համապարփակ տեղեկություն կտրամադրի տեղի ունեցած փոփոխություների և առաջիկա ծրագրերի մասին: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
14:14 - 12 ապրիլի, 2019
Ամենամյա թելեթոն լինելու է, և դրա հետ կապված աշխատանքներ տարվում են. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Ամենամյա թելեթոն լինելու է, և դրա հետ կապված աշխատանքներ տարվում են. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

aysor.am: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կայանալու է»․ ասաց հիմնադրամի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Բանուչյանն՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի այսօրվա հրապարակմանը, համաձայն որի հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ շրջանառվող լուրերին հակառակ, միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրինությունը փոխվել է, և մենք պետք է ռազմավարական նոր գաղափարներով հանդես գանք, այս ամենի մասին մանրամասն խոսելը մի փոքր ժամանակավրեպ է։ Ընթացիկ տարվա հունիսին կայանալու է Արցախի Հանարապետության նախագահի, Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերի հետ հանդիպումը։ Թելեթոն լինելու է։ Ես հիմա չեմ կարող ասել՝ այն ինձ ձևաչափով է լինելու, բայց որ թելեթոն լինելու է, և դրա հետ կապված աշխատանքներ տարվում են, միանշանակ է», - ասաց Դավիթ Բանուչյանը։
11:17 - 12 ապրիլի, 2019