Ինֆոքոմ

Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարանի համայնքապետարանը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերության հետ վերջին 3 տարիներին շուրջ 700 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս տարվա հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Մանկապարտեզը կառուցվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Գնումը կատարվել է հրատապ բաց մրցույթով, որին մասնակցել է միայն «Աժդանակը»։ «Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերությունը գրանցված է համայնքապետի և կնոջ բնակության հասցեում։  «Աժդանակի» հիմնադիրը, 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։  Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։ Համայնքապետարանն «Աժդանակ» ընկերության հետ խոշոր պայմանագրեր կնքել է նաև 2022 թվականին։ Պայմանագրերից մեկով ընկերությունը Ձագիկավան և Գետիշեն գյուղերում կառուցել է խմելու ջրի մատակարարման համակարգ։ Աշխատանքն իրականացնելու համար բաց մրցույթ է անցկացվել․ երկու համայնքների համար էլ հայտ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։ Պայմանագրի գինը կազմել է 128 մլն դրամ։ Աշխատանքի կատարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 1-ն էր, սակայն այն երկարաձգվել է մինչև տարեվերջ։ Երկարաձգումը հիմնավորվել է անբարենպաստ եղանակային պայմաններով։  Նույն տարվա ընթացքում կնքված մյուս երկու պայմանագրերի վերջնաժամկետները ևս եղանակային անբարենպաստ պայմանների հիմնավորմամբ փոփոխվել են։  2022-ի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը մասնակի նորոգել է երեք շենք։ Համայնքապետարանն աշխատանքի համար վճարել է 9 մլն դրամ։ Գնման մրցույթն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Հաջորդող ամսում՝ սեպտեմբերին, համայնքապետարանն արդեն 33 մլն դրամի պայմանագիր է կնքել «Աժդանակ» ընկերության հետ՝ գետային ջրընդունիչի և պարզարանի կառուցման համար։ Այս դեպքում ևս գնումն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։  Համայնքապետ Փարամազյանը կնոջ ընկերության հետ պայմանագրերի կնքման գործընթացում շահերի բախում չի տեսնում։  «…գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում: Պատվիրատուի ղեկավարի և պատասխանատու ստորաբաժանման վերաբերյալ օրենքում պահանջ չի ներկայացվում»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են համայնքապետարանից։ Չնայած Գնումների մասին օրենքում շահերի բախումը, իրոք, սահմանափակվում է գնահատող հանձնաժողովի անդամներով և քարտուղարով, սակայն, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, եթե անմիջական ղեկավար չունեցող պաշտոնյան լիազորությունների շրջանակում կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը կարող է հանգեցնել շահերի բախման, պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մանվել Փարամազյանին հարցրել էինք նաև՝ հայտարարություն ներկայացրե՞լ է ԿԿՀ, թե ոչ, սակայն մեր այս հարցը անպատասխան է մնացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սակայն, հայտնեցին, որ հայտարարություն չի ներկայացվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ Գնումների մասին օրենքի դրույթներն են թույլ տալիս պետական և համայնքային ղեկավար պաշտոնյաների հետ փոխկապակցված կամ նրանց հետ առնչվող ընկերություններին մասնակցել և հաղթել մրցույթներում։ Համայնքապետի հարազատի ընկերությունը հայտ է ներկայացնում, հաղթում, բայց քանի որ պաշտոնյան հայտերը գնահատող հանձանաժողովում չէ, խնդիր չի ծագում։ «Նշված դեպքերում դե-յուրե խնդիր չկա, սակայն կարող ենք ունենալ ողջամիտ համոզմունք, որ կա շահերի բախում։ Լսել եմ, որ հիմա Գնումների մասին օրենքում այս բացը ցանկանում են լրացնել նման տեսակի շահերի բախումից խուսափելու համար, որովհետև այն, իրոք, մասսայական բնույթ է կրում»,- մեր զրույցում ասաց Հոկտանյանը։ Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը ընկերություններում 2011 թվականին Մանվել Փարամազյանը հիմնադրել է ռեստորանային ծառայություններ մատուցող «Մալիլու» ընկերությունը։ 2021 թվականին Փարամազյանը ընկերությունը փոխանցել է կնոջ քրոջը՝ Արմինե Դավթյանին։ Հիմնադրման օրվանից այս ընկերության տնօրենը Փարամազյանի կինն է՝ Լիլիթ Դավթյանը։  Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Փարամազյանը չի հայտարարագրել ո՛չ կնոջ մասնակցությունը «Տրամպ» ՍՊԸ-ում, ո՛չ էլ «Մալիլու» ընկերության տնօրեն լինելու փաստը։  Համայնքապետարանը հրաժարվում է տեղեկություններ տալ իրականացված ընթացակարգերի վերաբերյալ Գնման ընթացակարգերի մասին հարցում էինք ուղարկել Քաջարանի համայնքապետարանին՝ պարզելու, թե ինչ հիմնավորմամբ են պայմանագրերի վերջնաժամկետները երկարացվել մի քանի ամսով, եթե առաջին պայմանագրի ժամկետի երկարաձգման հիմնավորումը եղանակային անբարենպաստ պայմաններ էին, ինչու դրանք հաշվի չեն առնվել հաջորդ պայմանագրերը կնքելիս և այլն։ Համայնքապետարանն այս հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ տեղեկատվության տրամադրման ցանկացած մերժման հիմք պետք է վերաբերի մերժող մարմնին։ Այս պատասխանը տալու իրավունք ունի միայն ընկերությունը կամ էլ համայնքապետարանը պետք է ապացուցեր, որ առևտրային գաղտնիքն առնչվում է նաև իրեն։  «Եվ բացի սա՝ համայնքապետարանի կնքած պայմանագրի շրջանակում եղած պարտականություններին, պայմանների փոփոխություններին, իրավական հիմքերին վերաբերող հարցերը որևէ աղերս չունեն առևտրային գաղտնիքի հետ։ Եթե առևտրային գաղտնիք է, ինչո՞ւ է համայնքապետարանը հրապարակել պայմանագիրը։ Համայնքապետարանը շատ հեղհեղուկ պատճառաբանություն է բերել և խախտել Տեղեկատվության ազատության մասին օրենքը»,- ասաց Հայրապետյանը։ Հայրապետյանն այլ առերևույթ խնդիրներ էլ նշեց․ կառավարության՝ 2015 թվականի N 1204-Ն որոշմամբ՝ մեկից ավելի հարց պարունակող հարցմանը պետք է պատասխան տրվի առանձին, հերթական համարակալմամբ, ինչն այս պատասխանում չկա։ «Հերթական համարակալումն ապահովում է, որ տեղեկություն ստացողը միտումնավոր կամ պատահաբար որևէ հարց բաց չթողնի։ Այս պարագայում, եթե համայնքապետարանը բոլոր հարցերը մերժել է առևտրային գաղտնիքի հիմքով, բոլորը պետք է մերժեր առանձին-առանձին»,- նշում է նա։ Երրորդ խախտմամբ, ըստ Հայրապետյանի, համայնքապետարանը gnumner.am կայքին պատճաշ հղում չի կատարել։ Եթե պատասխանող կողմը հղում է անում, պետք է նշի այդ տեղեկության միջոցը, վայրը և ժամկետը․ «Համայնքապետարանը հայտնել է միայն միջոցի մասին, մինչդեռ պետք է ասեր՝ փաստաթղթերը հրապարակված են տվյալ ենթաբաժնում, այս օրն ու ժամին»։  Այսպիսով, Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։  Լիլիթ Գրիգորյան
21:22 - 27 դեկտեմբերի, 2024
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
20:48 - 27 դեկտեմբերի, 2024
Գրոզնիում օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման․ «Ռոսավիացիա»-ի ղեկավար

Գրոզնիում օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման․ «Ռոսավիացիա»-ի ղեկավար

«Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովը հաստատել է, որ երբ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։  Նրա խոսքով՝ այդ օրը և այդ ժամերին իրավիճակը Գրոզնիի օդանավակայանի տարածքում «բարդ է եղել»։«Այդ ժամանակ ուկրաինական մարտական ​​անօդաչու սարքերը հարձակումներ էին գործում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այդ պատճառով Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցվել է ռեժիմ, որը նախատեսում է բոլոր օդանավերի անհապաղ հեռացում նշված տարածքից»։ Նրա խոսքով՝ օդանավակայանի տարածքում նաև խիտ մառախուղ է եղել։ Օդաչուները երկու անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն չի հաջողվել։ Յադրովը պնդել է, որ ինքնաթիռի հրամանատարին առաջարկել են վայրէջք կատարել Ռուսաստանի այլ օդանավակայաններում, սակայն նա որոշել է թռչել Ակտաուի օդանավակայան։ Հիշեցնենք, որ Euronews-ը և Reuters-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները, հայտնել են, որ կործանման պատճառը ռուսական հակաօդային ուժերի հարվածն է:  Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններին, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ակտաուում ինքնաթիռի կործանման համար։ Պեսկողը, սակայն, նշել է, որ «իրավունք չունի գնահատականներ տալու, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է»։
16:53 - 27 դեկտեմբերի, 2024
«Քննիչը հարցաքննության ժամանակ ուղղորդում էր, թե՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է»․ 73 զինծառայողների զոհվելու գործով տուժող

«Քննիչը հարցաքննության ժամանակ ուղղորդում էր, թե՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է»․ 73 զինծառայողների զոհվելու գործով տուժող

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում զոհված զինծառայողների հարազատների հարցաքննությունը։ Դատարանում քննության առարկա են Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքները։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։  Դատարանում այսօր ցուցմունք տվեցին գործով տուժող ճանաչված երեք անձինք՝ Կոմիտաս Զարգարյանը՝ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը, Իշխան Աթաբեկյանը՝ զոհված զինծառայող Հայկ Աթաբեկյանի եղբայրը եւ Համլետ Գուլբանդյանը՝ զոհված զինծառայող Գարիկ Գուլբանդյանի հայրը։   Կոմիտաս Զարգարյանի հարցաքննությունը Կոմիտաս Զարգարյանը՝ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը, դատարանում երդվեց ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Նա զինվորական թոշակառու է, մինչեւ 2003թ․ եղել է Ջրականի զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։ Նրա որդու՝ Արշակ Զարգարյանի անունը ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 22-ին։  Կոմիտաս Զարգարյանը Կոմիտաս Զարգարյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի սկսվելուց հետո Զարգարյանի որդին եւ նրա համագյուղացիները հավաքվել են գյուղապետարանի մոտ եւ այնտեղից տեղափոխվել Մարտունու 3-րդ ՊՇ, մշտական տեղակայման վայրից տեղափոխվել դիրքեր։ Այդ հատվածում մնացել են մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ այն օրը, երբ 7-րդ վաշտը մեկնել է դեպի 9կմ կոչվող տեղանք։ Արշակը վերջին անգամ հոր հետ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին, ասել է, որ տանում են Հադրութի կողմերը։ Հետո կապն ընդհատվել է։ Նույն օրը ժամը 16։00-ի մոտակայքում Կոմիտաս Զարգարյանը դարձյալ զանգ է ստացել իր համագյուղացի Արթուր Սարգսյանից, որը որպես կամավոր եղել է նույն տեղանքում, ինչ Արշակը։ Արթուրն ասել է, որ զոհեր ունեն, փամփուշտներն էլ վերջանում են․ «Բառացի ասեց՝ Կոմիտաս դադայ, ընգալ անք զասադա։ Անցավ ժամանակ, նույն համարից մեկ ուրիշն ա զանգում, ներկայանում ա սերժանտ, չեմ հիշում ով ա, բա՝ սենց ա, սենց ա։ Ասում եմ՝ Արշակը որտե՞ղ ա, ասում ա ինձանից մի քսան մետր հեռու ա։ Տենց․․․ Էլ տղուս հետ ընդհանրապես կապ չի եղել, այսինքն՝ տղերքը մոտ 2 ժամ մարտ են վարել շրջափակման մեջ, որովհետեւ հետո էլ ա նույն Սարգսյան Արթուրը զանգել ինձ, բա՝ ճար չկա»։ Կոմիտաս Զարգարյանն Արթուրից հարցրել է, թե ինչքան են բարձրացել 9կմ կոչվող տեղանքից, նա էլ ասել է՝ մի 3-4 կմ դեպի Հադրութ։ Այս զանգերից հետո Զարգարյանն իր երեք համագյուղացիների հետ նստել է մեքենա, ճանապարհվել դեպի 9կմ կոչվող տեղանք․ «Գնում ենք, Կրասնի Բազարից զենքեր վերցնում, շարժվում դեպ Ֆիզուլի, մտնում մի հատ հրետանային դիրք, հարցնում՝ տղերք, տեսել ե՞ք 3 մեքենա պիխոտով անցելիս, բա՝ չենք տեսել։ Հետո գնացել են Կարգաբազար»,- պատմեց տուժողը։ Նա նշեց, որ այս ճանապարհին զանգում են իր ընկերոջն ու ասում, որ հետ դառնան՝ աջ կողմի սարերի վրա թուրքեր են նստած։ Տղամարդիկ հետ են դարձել, մտել Ֆիզուլու տանկային գումարտակ, ճանապարհի ՕՍԱ-ների էկիպաժներից հարցրել՝ տեսե՞լ են վաշտի անձնակազմին, բայց դարձյալ բացասական պատասխան ստացել։ Հետ են դարձել գյուղ, ուզել բարձրանալ հեռուստաաշտարակ, տեսնել տղաների զոհված վայրը։ Բայց մինչեւ այնտեղ հասնելը նորից տեղեկություն են ստացել, որ այդ բարձունքն էլ է արդեն հակառակորդի հսկողության տակ։  Կոմիտաս Զարգարյանը դատարանում հայտարարեց, որ  ՀԿԳ-ից Գասպարյան ազգանունով քննիչը Մարտունիում հարցաքննության ժամանակ իրեն ուղղորդել է՝ ասելով, թե Գոռ Իշխանյանն է մեղավոր տղաների զոհվելու մեջ․ «Գոռ Իշխանյանն իմ տղու մազն էլ չարժի, բայց գոյություն ունի ճիշտ, որ խիղճը մեզ չտանջի։ Նույն քննության ժամանակ, որ պարոն Գասպարյանը եկել ա, ինձ ուղղորդում էր, ուղղորդում՝ բերում-բերում-բերում՝ Գոռ Իշխանյանը մեղավոր ա։ Ասում եմ՝ ինչի՞ ա մեղավոր, բա՝ որ հրաման ա տվել։ Ես էլ ասում էի՝ եթե հրաման չտար, էն վախտ կասեի՝ մեղավոր ա, եթե հրաման չտար, շատ կներեք, կասեի՝ թռչել ա, չի կարում հրաման տա, բայց հրաման ա տվել, ինչի՞ համար ա անունը հրամանատար, այսինքն՝ հրաման տալու իրավունք ունի, էն մարդը հրաման ա տվել, հիմա պետք ա քննել՝ հրամանը ինչի՞ հիման վրայա էդ մարդը հրաման տվել»։ Զարգարյանը հիշեց, որ քննիչին խնդրել է ռազմական փորձագետներից ճշտել՝ արդյոք տրված հրամանների անհրաժեշտությունը եղե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ են կատարվել հրամանները եւ այլն։  Կոմիտաս Զարգարյանը պատմեց, որ պատերազմի ընթացքում Գոռ Իշխանյանին հանդիպել է հրամանատարական կետում։ Նա ասաց, որ այդ ժամանակ որպես զինվորական հասկացել է, որ տղաները դժվար ողջ լինեն։ Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ի՞նչ կա, հնարավո՞ր է այդ ուղղությամբ առաջ գնալ, դիակները հանել։ - Իսկ հարցրել ե՞ք Գոռ Իշխանյանին՝ ո՞վ է հրաման տվել, որ վաշտն ուղարկեն այն տեղանք, ե՞րբ են հրամանը տվել,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ - Չէ, չեմ հարցրել, ասե՞մ՝ խի։ Որովհետեւ ես ինքս եղել եմ նախկին զինվորական, զորամասի հրամանատարի տեղակալ, ես գիտեմ, որ հրամանատարը հրամանը ստանում ա, նոր էդ հրամանի հիման վրա հրաման տալիս։ Դրանք գաղտնի հրամաններ են։ - Իսկ ծնողներից ոչ մեկը Ձեզ չի ասե՞լ՝ Գոռ Իշխանյանին ո՞վ է հրաման տվել,- հարցրեց մեղադրողը։ Տուժողն ասաց, որ չգիտի, թե ով է հրաման տվել, թեեւ դատարանում այդ հարցը բազմիցս քննարկվել է։ Բանն այն է, որ Կոմիտաս Զարգարյանն առաջին անգամ է մասնակցում այս գործով նիստերին, իսկ Արցախի կորստից հետո մեկնել է արտերկիր եւ վերջերս է վերադարձել, ուստի այդ հանգամանքը նրան հայտնի չէ։ Այսօր դատարանում նա տեղեկացավ, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն է հրաման տվել։ - Ըստ Ձեզ՝ Ջալալ Հարությունյանն իրավասո՞ւ էր Գոռ Իշխանյանին նման հրաման տալու,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Բա ի՞նչ, բանակի հրամանատար ա։ - Հրամանատարը պե՞տք է հրաման տալուց առաջ համակողմանի գնահատի իրադրությունը, թե՞ ոչ։ - Ռազմական իրադրության ժամանակ հրամանը չի քննարկվում։ Գրիգոր Մղդեսյանը Այս պատասխանը դատավարության մասնակիցներին չբավարարեց, եւ հարցը դարձյալ հնչեց։ Տուժողը մեկ անգամ պատասխանեց, որ ոչ, չպետք է գնահատեր, իսկ հաջորդ անգամ նշեց, որ հրամանը չի քննարկվում պատերազմի ժամանակ․ «Ես ասում եմ՝ եթե Գոռ Իշխանյանն ինքն իրանից ա հրաման տվել, դատեք»։  Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց․ «Նենց հարց ա հնչեցնում, որ բոլորն էդ հարցին պատասխանեցին, որոնք որ ռազմական որեւէ գիտելիք չունեն, դուք էլ պատասխանեք»։ Դատավորն այս ասելիս նաեւ հարցրեց, թե որեւէ պատերազմի մասնակցե՞լ է տուժողը, վերջինս ասաց, որ մինչեւ 2023թ․ բոլոր ռազմական գործողություններին մասնակցել է։ Դատավորի հայտարարության վերաբերյալ փորձեց առարկություն հնչեցնել պաշտպան Դավիթ Կարապետյանը, սակայն դատավորն առարկությունը չընդունեց եւ չլսեց պաշտպանին։ Դատավորը տուժողներին խնդրեց հարցերին հստակ պատասխանել։ Դավիթ Կարապետյանը Հանրային մեղադրողը շարուանկեց՝ ըստ ներքին ծառայության կանոնագրքի, մարտական կանոնադրության՝ Գոռ Իշխանյանը պե՞տք է համապատասխան գործողություններ կատարեր, որպեսզի զորքը շրջափակման մեջ չընկներ։ Այս անգամ տուժող Կոմիտաս Զարգարյանը պատասխանեց՝ այո։ Հարցի առնչությամբ, սակայն, պաշտպան Կարապետյանը առարկություն հայտնեց․ - Պատվարժան դատարան, մարդը ներկայացրեց, որ ինքը ռազմական գործին ծանոթ մարդ է, եւ պատասխանում է իր գիտելիքներից ելնելով, Ձեր կողմից հայտարարությունը, որ տուժող անձինք այդ հարցերին պատասխանում են, բնականաբար մասնագետ չեն, իրենց իմացածով են պատասխանում։ Քանի որ մեր գործընկերոջ հարցը բացարձակ ռազմական գործի հետ աղերս չունի, եւ եթե իմ միջնորդությունը բավարարված լինել եւ մենք Մարտական կանոնադրությունը ստացած լինեինք, մեր գործընկերն էդպիսի հարց չէր տա։ Տեսեք՝ ինչ է հարցնում․ պարտավո՞ր էր գնահատել իրադրությունը։ Պարտավոր էր գնահատել իրադրությունը ո՞ր իրավիճակներին ա վերաբերում, էս իրավիճակին վերաբերո՞ւմ ա, թե՞ չէ։ Բնականաբար էս իրավիճակին չի վերաբերում։ - Էս իրավիճակը ո՞րն է,- հարցրեց դատավորը։ - Զորքի տեղափոխումը։ Զորքի տեղափոխման դեպքում էդպիսի գնահատում չկա։ Ասում է՝ սենց պիտի լիներ, դուք, որպես ռազմական գործի մասնագետ, էդքանը չեք հասկանում, մյուս տուժողները հասկանում են։ Մարդն ասում ա՝ ես էդ հարցը ճիշտ չեմ համարում, դրա համար ասել եմ՝ ռազմական փորձագետներն ուսումնասիրեն։ Հանրային մեղադրողը հայտարարեց, որ ըստ մարտական ծառայության կանոնագրքի՝ հրամանը հրաման տալուց առաջ պետք է համակողմանի գնահատի․․․։  Դատավորն այս առարկությունը չընդունեց։ Պաշտպաններ Արտակ Հովհաննիսյանը, Արման Բայադյանը, Դավիթ Կարապետյանը Տուժողն ասաց, որ եթե ռազմական փորձագետները գնահատական տվել են, ապա իրենց հնարավորություն տան ծանոթանալ այդ տվյալներին։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը հայտարարեց, որ ռազմական փորձաքննություն է նշանակվել, որը հետո դադարեցվել է։ Ծնողներից մեկը հարց ուղղեց տուժողին՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ վաշտի անձնակազմին ճանապարհին չեն տեսել, իսկ իրենց չորս հոգանոց խմբին նկատել են։ Տուժողն ասաց, որ գնալիս իրենց տեղեկացրել են։ Ծնողը հետաքրքրվեց նաեւ, թե ով է իրենց ասել, որ սարերի վրա հակառակորդն է նստած, ինչպես նաեւ այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրենց հայտնեցին հակառակորդի տեղակայման մասին, իսկ չորս ժամ առաջ չէին հայտնել։ Տուժողն ասաց, որ իր ընկերոջն են զանգել, ասել հակառակորդի մասին, իսկ ինչ վերաբերում է մյուս հարցին, նա արձագանքեց․ «Կարող ա չորս ժամ առաջ ընդեղ թուրք չի եղել, ցավդ տանեմ, ինչի՞ ես դժվար հարցեր տալիս»։ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը տուժողին հարցրեց՝ քանի անգամ է հարցաքննվել քննիչի մոտ։ Զարգարյանը պատասխանեց՝ մեկ անգամ։ Բայադյանը հետաքրքրվեց՝ քննիչի մոտ ասե՞լ է այն ամենը, ինչ այսօր ասաց դատարանում։ Տուժողը դրական պատասխանեց՝ նշելով, որ նաեւ հարցրել է, թե ինչու է քննիչն ուղղորդված հարցեր տալիս, ինչպես նաեւ մի քանի հարցեր է առաջադրել, այդ թվում՝ ռազմական փորձագետ ներգրավելու առաջարկ է արել։ Զարգարյանն ասաց, որ իրեն փորձաքննություն նշանակելու մասին որոշում չեն տվել։   Իշխան Աթաբեկյանի հարցաքննությունը Իշխան Աթաբեկյանը դատարանում հայտնեց, որ իր եղբայրը բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին «Ես եմ» ծրագրով՝ 3 տարի պայմանագրով, ծառայել է Մարտունիում։ Հայկը վերջին անգամ 2020թ․ հոկտեմբերի 9-ին է կապ հաստատել հարազատաների հետ, ասել, որ դիրքերից իջնում են, իրենք էլ մտածել են, որ ուղղակի հենակետային փոփոխություն է լինելու։ Այդ զանգից հետո կապը կորել է։ Որքան էլ հարազատները փորձել են Հայկի մասին տեղեկություններ իմանալ, որեւէ հստակ բան ճշտել չեն կարողացել։ Հետագայում որոշ տեղեկություններ են ստացել, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հրամանով վաշտը տեղափոխվել է այլ տարածք։ Իշխան Աթաբեկյանը - Գոռ Իշխանյանը եւ Նվեր Մարտիրոսյանը որքանո՞վ կապ ունեն Ձեր եղբոր անհետացման հետ,- տուժողին հարց տվեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ - Իրենց ուղարկելու հանգամանքով,- պատասխանեց տուժողը։ - Ըստ Ձեզ՝ հրամանատարն իրավունք չունե՞ր նման հրաման տալու։ - Ուներ, բայց որտե՞ղ ու ի՞նչ տարածք ուղարկելու պարագայում։ - Ինչո՞ւմ եք մեղադրում Գոռ Իշխանյանին եւ Նվեր Մարտիրոսյանին։ - Նրանում, որ ժամանակի ընթացքում էդ տարածքն էլ անվտանգ չի եղել, այսինքն տարհանում ա եղել գյուղերում, տարածքից էլ զորք ա դուրս եկել, ու իրենք զորքը ուղարկել են էն տարածք, որտեղ իրենց վտանգ ա սպառնացել։ Պատասխանելով հանրային մեղադրողի այն հարցին, թե ինչ գործողություններ պետք է անեին Իշխանյանն ու Մարտիրոսյանը, որ չեն արել, տուժողն ասաց, որ հետեւողական չեն եղել զորքի երթին․ «Զորքն ուղարկվել ա, ոչ մի կապ, լուր չեն ունեցել, հետեւողական չեն եղել, թե զորքն ինչ եղավ»։ Իշխան Աթաբեկյանն այդ ժամանակ չի իմացել, սակայն հետո է տեղեկացել, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր զորքին, բայց, չգիտես ինչու, չի կարողացել․ «Եղբայրներս են հանդիպել Կարեն Առստամյանի հետ․․․ [ասել ա] պետք ա զորքը դիմավորեր, ինչ-որ խնդիր ա եղել, իրան չեն ասել, որ [զորքը] գալիս ա։ Պետք ա հրամանատարությունն ասեր, որ հասել են ինչ-որ կետ։ Ինքն էլ ասել ա, որ կապ չի եղել, կապի կետն ա խփված եղել, թե անսարք ա եղել, չեն կարողացել կապ հաստատել, իրան չեն կարացել տեղեկացնել»։  Տուժողն էլ հանդիպել է Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նա մտաբերեց, որ Հարությունյանն ասել է, որ ինքը այդտեղ զորք չէր ուղարկի, իսկ եթե ուղարկելու լիներ, կուղարկեր ավելի պատրաստված զորք՝ իմանալով տեղանքի վտանգները։ Ըստ Իշխան Աթաբեկյանի՝ Գոռ Իշխանյանը, որպես հրամանատար, պարտավոր էր տեղյակ լինել, թե ինչ է կատարվում այն տարածքում, ուր ուղեւորվում է վաշտը։ Տուժողն անձամբ չի հանդիպել զորամասի 1-ին գումարտակի հրամանատար Սեւակ Սարգսյանի հետ, բայց հետագայում նրան հանդիպած ծնողներից տեղեկացել է, որ առաջին գումարտակն է ի սկզբանե գտնվել այդ տեղանքում եւ նահանջել այնտեղից, քանի որ օգնություն չի ստացել։ Հանրային մեղադրողը հարցրեց՝ այսինքն՝ գոնե 1-ին գումարտակի հրամանատարից Գոռ Իշխանյանը տեղեկացած կարո՞ղ էր լինել իրադրության մասին, տուժողը պատասխանեց՝ տրամաբանորեն՝ այո։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ցուցմունքում ասած տեղեկությունները, որ Գոռ Իշխանյանը պետք է տեղյակ լիներ եւ այլն, ենթադրություննե՞ր են, թե՞ հաստատական տվյալներ։ Տուժողը պատասխանեց՝ այնքան էլ ենթադրություն չեն, քանի որ զորքն ուղարկվել է, բայց հետեւողականություն չի եղել։ Պաշտպանը հարցրեց՝ որտեղի՞ց գիտի տուժողը, թե Գոռ Իշխանյանն է զորքն ուղարկել։ Աթաբեկյանը պատասխանեց, որ նման հրաման վաշտի կամ գումարտակի հրամանատարը չէին կարող տալ, տրամաբանորեն զորամասի հրամանատարն է հրամայել․ - Իսկ զորամասի հրամանատարին կարո՞ղ էր ավելի բարձր հրամանատարը հրամայել,- հարցրեց պաշտպան Կարապետյանը։ - Կարար։ - Իսկ եթե ավելի բարձր հրամանատարը ենթակային հրամայում է, ասում՝ զորք ուղարկի, ո՞վ է ուղարկողը։ - Ուղարկողը հենց զորամասի հրամանատարն ա։ Դուք ասում եք՝ իրանից բարձր պաշտոնո՞վ, բնականաբար հրաման են տվել զորամասի հրամանատարին։ - Ո՞վ դարձավ վերջնական ուղարկողը։ - Դե Ջալալ Հարությունյանն ա տվել հրամանը։ - Հիմա ինչո՞ւ եք ասում Գոռ Իշխանյանն ուղարկեց, ոչ թե Ջալալ Հարությունյանը։ - Ջալալ Հարությունյանը հրաման ա տվել, ինքն էլ ուղարկել ա զորքը։ Պաշտպան Արման Բայադյանը, նշելով, որ պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, երբ զորամասեր են թիրախավորվել, հակառակորդը խոցել է նաեւ թիկունքի օբյեկտներ, տուժողին հարցրեց՝ նրա կարծիքով՝ պատերազմի ժամանակ անվտանգ տեղանք կա՞։ Ըստ տուժողի՝ խորքում անվտանգ տեղ կարող է լինել։ Արման Բայադյանը - Որ ասում եք՝ հրամանատարը չպիտի ուղարկեր, ո՞ւր պահեր էդ զինվորներին,- հարցրեց Բայադյանը։ - Իրենք հենակետում են եղել։ Եղբայրս որ զանգել ա, [ասել ա] իջել են հանգստանալու, մտածել են՝ էլի հենակետ են գնալու, որտեղ պետք ա ծառայեն։ - Կարելի՞ է Ձեր ասածներից համադրություն անել, ասել, որ ավելի լավ ա՝ հրամանատարը հրաման չկատարեր, դատվեր, քան զինվորներին ուղարկեին այլ տեղանք, որտեղ զոհվել են։ - Երեւի առաջինը։ - Հնարավո՞ր է՝ էմոցիաների տակ է էս կարծիքը, թե՞ Ձեր դատողություններն են։ - Դատողություն ա, էլի դեպքեր կան, որ նահանջ են տվել զորքին, զորքը չի տուժել, այսինքն՝ պատսպարվել են։ Ջաբրայիլում ա եղել դեպքը։ Նվեր Մարտիրոսյանի պաշտան Արտակ Հովհաննիսյանը տուժողից հետաքրքրվեց՝ երբ վերջինիս եղբայրները հանդիպել են Կարեն Առստամյանի հետ, էլ ովքե՞ր են եղել այնտեղ։ Աթաբեկյանը, սակայն, այդ մասին տեղեկություն չուներ։ Պատասխանելով պաշտպանի հարցերին՝ տուժողն ասաց, որ Նվեր Մարտիրոսյանին եւ Գոռ Իշխանյանին չի ճանաչել, նրանց տեսել է դատարանում։ Իսկ թե ինչ պետք է աներ Նվեր Մարտիրոսյանը, որ չի արել, տուժողն այս հարցին չկարողացավ պատասխանել։ Արտակ Հովհաննիսյանը Նշենք, որ Հայկ Ցոլակի Աթաբեկյանի անունը ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ հունվարի 26-ին։   Համլետ Գուլբանդյանի հարցաքննությունը Հաջորդիվ դատարանում ցուցմունք տվեց Համլետ Գուլբանդյանը, որը զոհված զինծառայող Գարիկ Գուլբանդյանի հայրն է։ Գարիկ Համլետի Գուլբանդյանի անունը ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ հունվարի 23-ին։ Գարիկը ծառայության ընթացքում վարորդ է եղել Մարտունի 2-ում։ Ըստ հոր՝ նա այն վարորդներից մեկն է, որ 1-ին գումարտակի նահանջող զորքին բերել է զորամաս, եւ հետո 7-րդ վաշտին տեղափոխել, նրանց հետ էլ զոհվել է Հադրութում։ Գարիկը հարազատների հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին։ Հետագայում, ըստ տուժողի, ԱԱԾ-ի օգնությանբ տեղորոշել են, թե որդին վերջին անգամ որ տեղանքից եւ ում է զանգել։ Ըստ Գուլբանդյանի՝ այդ զանգը եղել է այն օրը գիշերը ժամը 1-ին, երբ 1-ին գումարտակը հետ է քաշվել եւ եկել զորամաս․ «Այսինքն՝ 1-ին գումարտակին իրանք են բերել հետ։ Վերջին զանգը եղել ա էն մյուս վարորդին։ Հետ են բերել 1-ին գումարտակին, հետո տարել են 7-րդ վաշտին։ Ես զարմանում եմ՝ ոնց կարա գումարտակը, որը բաղկացած ա 200 հոգուց, հետ բերեն, 70 հոգի ուղարկեն։ Այլ իրավիճակ կլիներ, եթե էդ 70 հոգուն օգնություն ուղարկեին 200-ին։ Ինչ վերաբերում ա Սլավիկ Ավագյանին, որն իրանց ուղեկցել ա, ինչքան հարցրել ենք, Գոռն [Իշխանյան] ասել ա՝ ինքն ամենալավն էր տիրապետում տարածքին։ Եթե տիրապետում էր, հրամանն եղել ա մինչեւ 9կմ, ո՞նց կարող էր Սլավիկն անցել 9կմ-ը»,- նշեց տուժողը։  Համլետ Գուլբանդյանը Գուլբանդյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Մարտունի 2-ի մեքենան Մարտունի 3-ի ստորաբաժանմանը տարել Հադրութ, ասաց, որ այդ մեքենաները արդեն Գոռ Իշխանյանի տրամադրության տակ են եղել, երբ 1-ին գումարտակին հետ են բերել զորամաս։  Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը, դիմելով տուժող Գուլբանդյանին, նշեց, որ վերջինիս խոսքերը հակասում են գործի նյութերին, քանի որ հայտնի է, որ Գոռ Իշխանյանի մոտ որեւէ մեքենա չի եղել, Ջալալ Հարությունյանը բոլորը վերցրել է, մեկ մեքենա եկել է Ստեփանակերտից, 2 մեքենա՝ լրիվ այլ տարածքից։ Տուժողն ասաց, որ մեքենաները Գոռ Իշխանյանի տրամադրության տակ են հայտնվել 1-ին գումարտակը հետ բերելուց հետո։ Տուժողի համոզմամբ՝ 1-ին գումարտակին հետ բերելն ու 7-րդ վաշտին տանելը եղել է ժամերի տարբերությամբ, եւ վարորդներից մեկը իր որդին է եղել։ Հիշեցնենք, որ մեկ այլ նիստի ժամանակ տուժողներից մեկը հայտնել էր, որ Սեւակ Սարգսյանն իր հետ զրույցում ասել է, որ երբ հետ է եկել, իր մեքենան անսարք է եղել, ինքը գնացել է տուն լողանալու, հետո երբ եկել է, զարմացել է, որ 7-րդ վաշտն արդեն մեկնել է, քանի որ ինքը Գոռ Իշխանյանին ասել էր՝ պետք չէ այդ տեղանք մարդ ուղարկել։ Զոհվածների հարազատները Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին, թե ինչու է 1-ին գումարտակը հետ եկել զորամաս, տուժողն ասաց, որ չգիտի, լսել է, թե գումարտակը փախել է, բայց, միաժամանակ, Գուլբանդյանը զարմանք հայտնեց՝ նշելով, որ ինչքանով ինքն է հասկանում՝ պատերազմական վիճակում փախած զորքի հետեւից մեքենա չեն ուղարկում։ Ըստ տուժողի՝ Կարեն Առստամյանն է ասել, թե 1-ին գումարտակը փախել է, Գոռ Իշխանյանն էլ հետագայում ծնողներին հանդիպելու ժամանակ ասել է, որ վաշտն ուղարկել է Ջալալ Հարությունյանի հրամանով․ «Ասեց՝ չէի կարա չանեի, բայց ինքը իմացել ա, որ ըտեղ վտանգ ա եղել, երեխքին ուղիղ մտցրել են թուրքի մեջ»,- ասաց Գուլբանդյանը։ Նա անդրադարձավ նաեւ այն պնդումներին, թե կապի խնդիր է եղել, դրա համար Առստամյանը չի իմացել, թե ուր է հասել զորքը, իսկ զորքն էլ Իշխանյանի հետ կապի չի եղել․ տուժողը շեշտեց՝ եթե իր որդին գիշերը զանգեր արել է, նշանակում է կապ եղել է։ Տուժողը նշեց, որ իր որդու մեքենան հետդարձի ճամփին է խոցվել։ Ըստ նրա՝ հակառակորդը դարանակալած է եղել այդ տեղանքում։ - Գոռ Իշխանյանին հարցրել ե՞ք՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, որ իմանա՝ որտեղ է զորքը,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Ոչ մի միջոց։ Կարմիր խաչ էլ չէր գնացել, որ հետեւեր՝ էրեխեքը որտեղ են, ինչ են։ Ոչ մի գործողություն չի արել։ - Սեւակ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք։ - Ես չեմ հանդիպել, տեղյակ չեմ՝ ծնողներին ինչ է ասել։ - Իսկ 200-հոգանոց զորքի զինվորներին հանդիպե՞լ եք։ - Մեր սխալն ա եղել, որ չենք հանդիպել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 8-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
23:11 - 24 դեկտեմբերի, 2024
Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը

Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում:  Նույն որոշմամբ հստակեցվել են նաև հիվանդությունների նկարագրություններում և հակացուցված զինծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ ցանկում նշված հիվանդությունների դեպքերում քաղաքացուն բուժման նպատակով տրվում է տարկետում, և բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ բուժման նպատակով տարկետում ստացած քաղաքացիներին տարկետման ժամկետի ավարտից հետո նույն ախտաբանական վիճակ ունենալու պարագայում կրկին տրվում է տարկետում, որը չի դառնում նպատակային՝ բուժումների բացակայության պատճառով: Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի: Պապիկյանի խոսքով մեկ տարով տարկետման ընթացքում պետք է տեսանելի դառնա՝ զինակոչիկի մոտ հիվանդությունը բարդանո՞ւմ է, թե՞ ոչ: Նշելով, որ 1 տարվա ընթացքում հիվանդության բարդանալու դեպքում զինակոչիկը պետք է ազատվի զինծառայությունից, պաշտպանության նախարարն ավելացրեց. «Լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է 1 տարվա ընթքացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը, և սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»: Այն դեպքում էլ, երբ զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինծառայության համար, և նախատեսված են որոշակի գործառույթների հակացուցումներ, դրանց հետ կապված ծառայության ընթացքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կոնկրետ վիճակով այդ առողջական խնդրի դրսևորման ձևերը տարբեր են, այդ թվում նաև՝ հակացուցման անհրաժեշտության բացակայությամբ։ Պապիկյանն ընդգծեց, որ այս փոփոխությունով վերականգնում են արդարությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում հավանություն են տվել Բանակի կերպափոխման հայեցակարգին: «Կարծում եմ՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կերպափոխվի նաև բանակի ընկկալումը, այդ թվում՝ ֆունկցիոնալ նշանակության առումով: Միաժամանակ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է՝ նաև «հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով»: Փաշինյանը նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, և պարզվում է՝ պատճառը ամենատարբեր առողջական խնդիրներն են: «Այստեղ կարող ենք երկու հնարավոր հետևության գալ. կա՛մ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի մեջ, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կա՛մ [գործ] ունենք համատարած, այսպես ասենք, իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով որոշ հիվանդություններ պետք է սահմանափակում լինեն ոչ թե զինծառայության համար, այլ զինծառայության բնույթի: Փաշինյանն ընդգծեց, որ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի: Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի հաստատման արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ըստ անհրաժեշտության՝ նրանց բուժումը կիրականացվի զինծառայողի կարգավիճակով, ինչպես նաև հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն ըստ հիվանդության արտահայտման աստիճանի։
12:08 - 19 դեկտեմբերի, 2024
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ВГТРК-ին և РИА Новости-ին ու հայտարարել, թե Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել: «Այսպես կոչված, եվրոպացի դիտորդների անվան տակ մեզ հետ սահմանին հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է Ալիևը:  Ալիևի խոսքով դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022 թվականի քառակողմ հանդիպման ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի մասնակցությամբ: «Այդ ժամանակ մենք դեռևս չէինք բացառել Ֆրանսիային կարգավորման գործընթացից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու ամսվա ընթացքում Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ թվով կոնտինգենտը կտեղակայվի: Եվ արգումենտը հետևյալն էր. «ինչու համաձայնեցնել ձեզ հետ, սա Հայաստանի տարածքում [տեղակայվելիք] առաքելություն է»: Իսկ մեր արգումենտը հետևյալն էր. «Ինչո՞ւ էիք մեզ հետ համաձայնեցնում, երբ մենք պայմանավորվում էինք: Այդպես չի կարելի»,- ընդգծել է Ալիևը: Նա նշել է, որ հետագայում ԵՄ դիտորդների թիվը մեծացել է՝ հասնելով 200-ի. «Ավելին՝ այդ առաքելությունը սահուն կերպով վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության՝ հաշվի առնելով, որ միացել են նաև Կանադայի ներկայացուցիչները»:
12:06 - 18 դեկտեմբերի, 2024
Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը

Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը

Հակակոռուպցիոն դատարանում տեւական դադարից հետո այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործի քննությունը։ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ Վերանյանը ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Փոխգնդապետը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը հայտնեց, որ միջոցներ է ձեռնարկել՝ պարզելու դատակոչի ենթակա վկա Արտյոմ Պողոսյանի գտնվելու վայրը։ 2020 թ․ զբաղեցրել է նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Դատարանը գրություններ է հասցեագրել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, Արմավիրի մարզային վարչություն, ինչպես նաեւ՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։ Ստացված պատասխանների համաձայն՝ Արտյոմ Պողոսյանը 2023 թ․ ապրիլ ամսին բուժման նպատակով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրա գտնվելու վայրի, կոնտակտների վերաբերյալ տեղեկություններ պարզել չի հաջողվել։ Պողոսյանի հայրը բանավոր կերպով հայտնել է, որ ինքը եւս դրանց չի տիրապետում։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Դատարանը կողմերից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ վկան ցուցմունք է տալիս նախ քննիչի մոտ՝ նախաքննության փուլում, ապա, երբ գործը ուղարկվում է դատարան, եւ նրա անունը ներառվում է դատակոչի ցուցակում, նա պարտավորվում է դատարանի կանչով ներկայանալ եւ դատարանում նույնպես ցուցմունք տալ։ Դրա անհնարինության դեպքում միայն դատարանը կամ հեռակա է հարցաքննում անձին կամ հրապարակում է նրա նախաքննական ցուցմունքը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ դատարանը ձեռնարկել է բավարար միջոցներ վկային հայտնաբերելու ուղղությամբ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել, ուստի ինքը դեմ չէ, որ հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը։ Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ միաժամանակ միջնորդելով հրապարակել վկայի ոչ միայն նախաքննական, այլ նաեւ նախորդ դատարանում տված ցուցմունքը։ Հիշեցնենք՝ այս գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը այս գործով 4-րդ դատավորն է։ Մեկ տարվա քննությունից հետո՝ այսօր, դատավոր Խաչատրյանն ավարտեց վկաների հարցաքննության փուլը։ Արտյոմ Պողոսյանի նախաքննական ցուցմունքը Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց հրապարակել վկայի թե՛ նախաքննական, թե՛ նախորդ դատարանի դատաքննական ցուցմունքները։ Ըստ այդմ, Արտյոմ Պողոսյանը քննիչի մոտ հարցաքննվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին։ Նա հայտնել է, որ 2008 թվականից ծառայում է Զինված ուժերում, Անդրանիկ Վերանյանին ճանաչում է 2019 թվականից։ Նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Ըստ Պողոսյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին զորամասի կազմով գտնվել են Իշխանաձորի տարածքում։ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Մախսուդյանը ժողով է արել, որին մասնակցել են զորամասի մի շարք սպաներ։ Հետագայում ինքը սպաներից տեղեկացել է, որ Անդրանիկ Վերանյանը հրամայել է, որ զորամասի անձնակազմը ավտոշարասյունով երթ իրականացնի Ջաբրայիլի ուղղությամբ։ Որոշվել է մեքենաները լիցքավորել այդ գիշեր, որպեսզի առավոտյան երթը չձգձգվեր։ Վկան հայտնել է, որ այդպես էլ արվել է։ Երթի ժամանակ մեքենան վարել է ինքը, կողքին եղել են Անդրանիկ Վերանյանն ու Աբգար Խաչատրյանը․ «Մենք ուղեւորվել ենք՝ հակատանկային դասակին փնտրելու, քանի որ իմացել ենք, որ վերջինս երթի մեջ չէ, մնացել է մարտական կիրառման շրջանում։ Այդ ժամանակ հանդիպել ենք ԻՍՎ–ին,  Վերանյանը հարցրել է՝ ո՞ւր են գնում, մեքենայում գտնվող վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը ասել է՝ գնում են՝ մեքենան լիցքավորելու, Վերանյանն էլ ասել է՝ երեկոյան պիտի լիցքավորված լիներ, ինչո՞ւ են հիմա անում։ Ասել է՝ արագացրեք, գնացեք, հասեք շարասյանը»։  Որոշ ժամանակ հետո նորից նկատել են ԻՍՎ մեքենան, իսկ անձնակազմը եղել է բացազատված 10-15 մ հեռավորության վրա․ «Վերանյանն ինձ ասաց՝ կանգնեցնեմ մեքենան։ Ես անջատեցի շարժիչը, չիջա մեքենայից։ Վերանյանն ու Աբգարը իջան, Տարոն Նիկողոսյանին հարցրին՝ ինչո՞ւ են կանգնել։ Տարոնը պատասխանեց՝ քանի որ ԱԹՍ–ի ձայն են լսել։ Վերանյանը հարցրեց՝ հիմա՞ էլ է լսվում։ Տարոնը պատասխանեց՝ հիմա չէ։ Վերանյանն էլ ասաց՝ արագացրեք, նստեք, շարժվեք։ Այդ ասելուց հետո անձնակազմը մոտեցավ, որ նստի, շարժվի, իսկ մենք գնացինք, արդեն իմացել էինք՝ որտեղ է գտնվում հակատանկային դասակը»,– քննիչին հայտնել է Արտյոմ Պողոսյանը։ Երթը շարունակելու հրամանը տալու պահին, ըստ վկայի, ոչ ոք չի առարկել կամ ընդդիմացել։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Հարցին՝ այդ զրույցի պահին ինքը լսե՞լ է ԱԹՍ–ի ձայն, վկան բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ շարժվելուց հետո է ԱԹՍ–ի ձայն լսել, երբ անցել էին արդեն մոտ 1 կմ։ Իսկ երբ ձայնը ուժեղացել է, մտածել են՝ ԱԹՍ–ն իրենց ուղղությամբ է գալիս, ուստի արագ արգելակել են եւ երեքով նետվել մեքենայից դուրս։ Մեքենան գնացել, բախվել է մի քանդված պատի․ «Այդ ժամանակ պայթյունի ձայն լսվեց, մտածեցինք՝ ԱԹՍ–ն հարվածել է «Նիսսանին», որովհետեւ թշնամու նշանակետը ավելի շատ հրամատարական անձնակազմն էր»։ Դրանից հետո նստել են իրենց մեքենան եւ գնացել պայթյունի ուղղությամբ․ «Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը, որոնք կրակից պայթում էին։ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում։ Այնուհետեւ Վերանյանը մոտեցավ, իսկ հայրը, նրան տեսնելով, քարով հարվածեց՝ ասելով, որ նա է մեղավոր, որ երեխաները զոհվեցին»,– պատմել է Պողոսյանը։ Քննիչի հարցերը՝ վկային Դատավորը հրապարակեց նաեւ քննիչի ու վկայի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանը։  Քննիչը հետաքրքրվել է՝ այն, որ իրենք մեքենայից դուրս են թռչել, արդյո՞ք չի նշանակում, որ վտանգ իսկապես եղել է, վկան արձագանքել է՝ ասելով․ «Ոչ, անձնակազմին կանգնած տեսնելու ժամանակ  չենք մտածել, որ այդպիսի վտանգ կա»։ Քննիչը տեղեկացրել է, որ դեպքին ներկա ծնողի՝ Հարություն Օհանյանի վկայությամբ՝ ավտոմեքենան նստելու եւ երթը շարունակելու պահին ԱԹՍ–ի ձայնը դեռ լսվում էր։ Դա հաստատել է նաեւ իրենց մեքենայում գտնվող Աբգար Խաչատրյանը․ «Ես անձամբ ոչ մի ձայն չեմ լսել այդ ժամանակ, լսելու դեպքում Վերանյանը այդպիսի հրաման չէր տա»,– արձագանքել է Պողոսյանը՝ պնդելով, որ եթե մոտակայքում ԱԹՍ աշխատեր, ապա այդ ձայնն այնքան ուժեղ կլսվեր, որ տարածքում մարդ չէր մնա, մինչդեռ ցրված մի քանի հարյուր մարդ կլիներ։ Քննիչի հարցին, թե ըստ կարգի՝ ԱԹՍ–ի ձայն լսելու դեպքում ինչպես է պետք վարվել, վկան պատասխանել է․ «Միայն պիտի իջնեինք ավտոմեքենաներից եւ բացազատվեինք, ուրիշ ոչ մի միջոց չենք ունեցել, հրազենով կրակել են շատ դեպքերում, բայց դա արդյունք չի տվել»։ Վկայի պատասխանից քննիչն արձանագրել է, որ փաստորեն, ԻՍՎ անձնակազմը հենց այդպես վարվել է․ «Վերանյանը մարտական գործողությունների մասնակցած սպա է, իսկ ԻՍՎ անձնակազմը առաջին անգամ էր մեկնում։ Ես անձամբ այդտեղ եմ գտնվել, եւ այդ իրադրությունը ինձ չի հուշել երթ չկատարել։ Եթե այդպես մտածեինք, պետք է տեղաշարժ ընդհանրապես չանեինք»,– նշել է վկան։ Ըստ Մարտական կանոնադրության՝  օդուժի հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է։ Մեջբերելով այս դրույթը՝ քննիչն ասել է՝ ԻՍՎ մեքենան կանգնել Է՝ հենց օդուժի հարձակման վտանգ զգալով, ինչի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեին զենիթային կրակով վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։ Ապա հարցրել է՝ ինչո՞ւ այդպես չի վարվել․ «Այդպիսի դեպքերում, այո, տեղաշարժը չի կանգնում, այլ շարունակվում է։ Մարտական կանոնադրությունը տրվել է շուտ, ես այն ուսումնասիրել եմ ուսումնառության ժամանակ՝ 2008-2014 թթ, իսկ այս պատերազմում համարժեք զենք, զինատեսակներ մենք չենք ունեցել, ԱԹՍ–ի հարվածի վտանգի դեպքում պատսպարվել ենք, ունենայինք էլ՝ մեր ՀՕՊ–ը ոչ մի բան չէր կարողանալու դրա դեմ։ Բացի այդ, ԻՍՎ «Ուրալը» պետք է լիցքավորված լիներ նախորդ օրը, երթին մասնակցեր շարասյան կազմով, ոչ թե առանձին լինեին»։ Արտյոմ Պողոսյանը հավելել է, որ ողջ պատերազմի ընթացքում բոլորը գտնվել են վտանգի տակ, այդ թվում՝ թշնամու ԱԹՍ–ների, որոնք չեն դադարել գտնվել օդում եւ խոցել հայկական օբյեկտները․ «Մեր զորքերը հնարավորություն չեն ունեցել դրանք խոցելու, եւ դա լուրջ ազդեցություն է ունեցել զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, որովհետեւ շատ է պատահել, որ մի նշանակետ խոցելուց հետո խոցել են երկրորդը։ Իմ կարծիքով՝ թշնամին այս պատերազմը հաղթել է հենց ԱԹՍ–ներով»,– ասել է նա։ Արտյոմ Պողոսյանի առերեսումը տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի հետ Նախաքննության ժամանակ վկա Արտյոմ Պողոսյանը առերեսվել է նաեւ թշնամու թիրախ դարձած «Ուրալի» մեջ գտնվող զինծառայողներից մեկի հոր՝ Հարություն Օհանյանի հետ։ Վերջինս եւս դեպքի ականատեսներից է։ Նշենք, որ առերեսումը այն երկու անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը Առերեսման ժամանակ որդեկորույս հայրը պնդել է, որ Պողոսյանը ճիշտ չի ասում․ «Վերանյանը չի հարցրել՝ հիմա՞ էլ եք լսում ԱԹՍ–ի ձայնը, որ Տարոնը պատասխաներ․․․ Ձայնը այնքան ուժեղ էր, որ չէր կարող չլսվել։ Այնտեղ այլ մարդիկ էլ կային, որ թաքնվել էին»։ Հարություն Օհանյանի խոսքով՝ Վերանյանը բարձրաձայն հրամայել է՝ ասելով՝ «կապ չունի, նստեք, շարժվեք»․ «Ես էլ իմ տեղից ասացի՝ ԱԹՍ–ն՝ վերեւը, ոնց շարժվեն։ Անձամբ ես չեմ հասցրել նրանց մոտենալ, քանի որ նրա ասելուց հետո բոլորը նստեցին մեքենա․․․ Իսկ մի քանի րոպե հետո ԱԹՍ–ն խփել է․․․ Տեսնելով մեզ՝ նա փախավ, ես գոռում էի՝ մի թողեք՝ փախչի, նրա պատճառով է․․․»։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը պնդել է՝ եթե Արտյոմ Պողոսյանը լսել է Վերանյանի եւ Տարոնի զրույցը, ապա իր ձայնն էլ պիտի լսած լիներ, որովհետեւ ինքը ոչ թե խոսում էր, այլ գոռում։ Առերեսումը տուժող Արմեն Հակոբյանի հետ  Նախաքննության ժամանակ վկա Արտյոմ Պողոսյանը առերեսվել է սակրավորային վաշտի զինծառայող, տուժող Արմեն Հակոբյանի հետ։ Նրանք հայտնել են, որ իրար ճանաչում են ծառայության բերումով, թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունեն։ Քննիչը առերեսվողներին խնդրել է հայտնել դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները։ Տուժող Արմեն Հակոբյանը պատմել է, որ մեքենան լիցքավորելուց հասել են Իշխանաձորի խաչմերուկ, որտեղ ԻՍՎ պետ Խորեն Մելիքյանը երթը կանգնեցրել է, ասել՝ օդում ԱԹՍ կա, իջնենք ու բացազատվենք, որը արել են։ Այդ ժամանակ եկել է Անդրանիկ Վերանյանը, հարցրել՝ ինչի համար են իջել, ինչին Տարոնը պատասխանել է՝ քանի որ օդում ԱԹՍ կա․ «Անդրանիկ Վերանյանը հրաման է տվել անձնակազմին նստեցնել ու շարժվել, նստել ենք, շարժվել։ Վերանյանի գալու եւ այդտեղ գտնվելու ժամանակ ուշադրությունս նրա կողմն էր, իսկ նրա գնալուց հետո նորից ուշ դարձրի եւ տեսա, որ ԱԹՍ–ն հեռացել էր, օդում պտտվում էր, որ նորից հետ գար։ Երբ նստեցինք, որ շարժվենք, արդեն լսվում էր»։ Արտյոմ Պողոսյանը պնդել է վերեւում նշած իր ցուցմունքը։ Վկայի դատաքննական ցուցմունքը նախորդ դատարանում Հաջորդիվ դատարանը հրապարակեց 2023 թ․ փետրվարի 17-ի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում Պողոսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունք։ Դրանից հետո հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ասել է՝ դատարանում հետազոտված այլ ապացույցների համաձայն՝ դեպքը չի եղել նրա նկարագրածի պես, այլ Վերանյանի հարցին ի պատասխան՝ Տարոնը ասել է, որ այո, [ձայնը] դեռ լսվում է։ Դատախազի այս դիտարկմանը վկան ասել է, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը, պնդել՝ ինքը ձայնը լսել է, երբ մի քանի կմ շարժվել են։ Մեղադրողի խոսքով՝ Վերանյանը, շարժվելու հրաման տալիս ասել է՝ շարժվեն, առանց այն էլ ԱԹՍ–ն վերեւն է։ Վկան, սակայն, չէր լսել այդպիսի արտահայտություն, ասել է՝ չի էլ կարծում, որ փոխգնդապետը նման հայտարարություն կաներ։ Ի պատասխան հարցին՝ ճիշտը ո՞րն էր այդ իրավիճակում, վկան ասել է՝ ճիշտը այն էր, որ բոլորը միանգամից իրար հետ գնային, ոչ թե առանձին։ Հարցին՝ իսկ այն դեպքում, երբ արդեն առանձի՞ն էին, վկան պատասխանել է՝ անձնակազմը պիտի շարժվեր։ Նա ենթադրել է, որ եթե շուտ շարժվեին կամ գոնե առանձին–առանձին լինեին, հնարավոր է՝ այդ դեպքը տեղի չունենար․ «Մենակ էդ էր մեր միջոցը, որ թաքնվեինք, մեկս մեկից հեռու, ուրիշ միջոց չենք ունեցել, 5-րդ սերնդի պատերազմ էր»։ Ցուցմունքների հրապարակումը կշարունակվի դեկտեմբերի 23-ին։   Միլենա Խաչիկյան
20:26 - 16 դեկտեմբերի, 2024
Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն է փոխել նրա կյանքի ընթացքը։ Քննչական եւ դատական անվերջանալի շրջապտույտի մեջ հայտնված քաղաքացուն պետությունն այլ ելք չի թողել։ Վերջերս լրացավ Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ Արտյոմը սպանվել է 2014 թ․ իր իսկ տանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝  ճաշկերույթի ժամանակ կենացները ձգձգելու համար նա հորը դիտողություն է արել, ինչին միջամտել է ներկաներից 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը՝ նրան անվանելով «Արտյոմիկ»։ Արտյոմը նույն կերպ է պատասխանել՝ Մարտիրոսյանին անվանելով «Արթուրիկ»։ Վիճաբանությունը վերածվել է հայհոյանքների, հայհոյանքները՝ ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Արթուր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, նախ ձեռքով, այնուհետեւ դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ադանալյանի սրտի եւ թոքի շրջանում, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Մարտիրոսյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել։ 10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի։ 7 տարվա կալանքից հետո մեղադրյալը գրավով ազատ է արձակվել, որոշ իրեղեն ապացույցներ անհետացել են, արդյունքում հանցագործություն կոծկելու, ապացույցներ կեղծելու եւ այլ դեպքերի առթիվ նոր քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ վկաների՝ մանրամասները մոռացվել են, որոշ վկաներ անհայտ է, թե որտեղ են, որոշ հարցեր էլ մինչ օրս անպատասխան են։ Եվ չնայած այս ամենին՝ որդեկորույս մայրը շարունակում է վճռականորեն դատական մի ատյանից մյուսը գնալ, մի միջնորդության հետեւից մյուսը ներկայացնել։ Նա նաեւ հասարակական կազմակերպություն է հիմնել, զբաղվում է սպանություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ հավատով, որ արդարադատությունը հիվանդանում, բայց չի մահանում։ Նյութում կարդացեք՝  Ինչ է ենթադրում գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը ողջամիտ ժամկետում քննության խնդրի լուծման ուղղությամբ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի դատական հետագիծը Ինչ խնդիրներ են մատնանշում կողմերը Դատավորների շարունակական տեղափոխությունները Շիրակի մարզում Ողջամիտ ժամկետում քննությունը՝ չհնացող խնդիր Արտյոմ Ադանալյանի սպանությունը մեկ օրինակ է տարիներ շարունակ դատարաններում քննվող եւ չավարտվող գործերի։ Չնայած բազմաթիվ ռազմավարություններում ամրագրվելուն եւ օրենսդրական տարատեսական փոփոխություններին՝ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովումը մնում է Հայաստանի դատական համակարգի արդիական խնդիրներից մեկը։ Ողջամիտ ժամկետում քննության իրավունքը մասն է արդար դատաքննության իրավունքի, որն ամրագրված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով՝ «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրով եւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։  Այն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Սրա գաղափարն այն է, որ արդարադատությունը չիրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը։  Հայաստանի դատաիրավական բարեփոխումների՝ 2019-2023 թթ ռազմավարությամբ սահմանվել էր, որ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել դատավորների եւ դատավորների օգնականների թիվը, ներդնել վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգեր եւ գործիքներ: Արդյունքների ամփոփման փուլում արդեն նշվել է, որ դատավորների եւ դատավորների օգնականների թիվն ավելացել է, դատական քննության ժամկետները՝ կրճատվել։ Թե ինչ վերլուծություն կամ հաշվարկ է դրված այս եզրահանգման հիմքում, նշված չէ։ Արդարադատության նախարարությունը եւս մեր գրավոր հարցմանն ի պատասխան չի տրամադրել դրա հիմքում ընկած որեւէ հաշվարկ կամ վերլուծություն։ Բարեփոխումների այժմ գործող՝ 2022-2026 թթ ռազմավարության մեջ նույնպես ամրագրված են դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների լիարժեք պահպանումը եւ դատավարական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացումը, որոնց հասնելու համար էլ նախատեսվել են մի շարք գործողություններ։ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի դատական հետագիծը Արտյոմ Ադանալյանի սպանության օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե տարաբնույթ պատճառներով գործի քննության ձգձգումը ինչպես է հանգեցնում դատական անվերջանալի շրջապտույտի եւ խաթարում քաղաքացու ողջ կյանքը։ Ադանալյանի սպանությունը քննչական մարմինները քննել են գրեթե 1 տարի։ 2015 թ․ գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 3 տարի անց՝ 2018 թ․, դատարանը Արթուր Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ Դատավճիռը, սակայն, չի մտել օրինական ուժի մեջ․ 1 ամից անց տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը 2018 թ․ նոյեմբերի 16-ին բեկանել է դատավճիռը՝ գործն ուղարկելով հետ՝ առաջին ատյանի դատարանում նոր քննության։ 2019 թ․ հունվարին առաջին ատյանի դատարանը արդեն այլ դատավորի` Վահե Միսակյանի նախագահությամբ քննությունը նորից է սկսել։ Մեկ տարի չանցած՝ գործը վերամակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, քանի որ Միսակյանը տեղափոխվել է Երեւանի քրեական դատարան։ Մեկուկես տարվա քննությունից հետո՝ 2022 հունիսին, Նարեկ Բեգլարյանի գործուղման ժամկետը Շիրակի մարզում ավարտվել է, այս անգամ էլ գործը վերամակագրվել է դատավոր Արամայիս Ասատրյանին։ Ասատրյանն էլ իր հերթին է 8 ամիս անց տեղափոխվել այլ դատարան, եւ 2023 թ․ փետրվարին գործը վերամակագրվել է դատավոր Հայկ Իսրայելյանին։ Այս պահի դրությամբ Իսրայելյանը, փաստորեն, 4-րդ եւ առայժմ վերջին դատավորն է, որ դատավճռի բեկանումից հետո քննում է այս գործը։  Դատավոր Հայկ Իսրայելյանը գործը քննում է արդեն 2 տարի, սակայն 7 ամիս է, ինչ դատական նիստեր չեն նշանակվում՝ փորձաքննություն իրականցնելու պատճառաբանությամբ։ Առաջիկա նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։ Սպանվածի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, մատնանշում է մի շարք խնդիրներ գործի՝ թե՛ ներկայիս դատարանում, թե՛ նախորդ դատարաններում քննության եւ թե՛ նախաքննության ընթացքից, պնդում՝ գործն առաջին անգամ քննած դատավորն իր գործողություններով արհեստականորեն հանգեցրել է նրան, որ դատավճիռը հետագայում բեկանվի եւ վերադարձվի նոր քննության։ Վաղեմության ժամկետը լրանալու ռիսկ՝ երկարատեւ քննության հետեւանքով Պարզելով, որ նախաքննության փուլում առկա որոշ ապացույցներ դատարանում բացակայում են՝ տուժող կողմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Հաղորդում ներկայացրած անձը ճանաչվել է տուժող, սակայն վարույթում դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Մեկ այլ քրեական վարույթ էլ նախաձեռնվել է ապացույց կեղծելու դեպքի առթիվ․ պարզվել է, որ առերեւույթ արտաքին միջամտություն է կատարվել սպանվածի հագին եղած վերնաշապիկի վրա։ Այս վարույթով եւս, ըստ նախաքննական մարմնի, քրեական հետապնդման ենթարկվող անձ առ այսօր չկա, իսկաղորդում ներկայացրած անձը՝ Ռուզան Ադանալյանը, այս դեպքում անգամ տուժող ճանաչված չէ։  Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով՝ կատարված խախտումները ոչ միայն դժվարեցնում են ճշմարտության բացահայտումը, այլեւ մեծ ստվեր են գցում արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վրա․ «Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործերով վաղեմության ժամկետը 15 տարի է, որից 10 տարին, ըստ էության, արդեն սպառել են, եւ եթե դատարանը շարունակի իր այս վարքագիծը, մենք շատ լուրջ խնդիր ենք ունենալու վաղեմության ժամկետների հետ կապված։ Եվ ի՞նչ է լինելու, կդադարեցնե՞ն այդ դատավորի լիազորությունները։ Անգամ եթե դադարեցնեն, ի՞նչ է դա տալու տուժողի իրավահաջորդին, որդու սպանության համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, ընդամենը պայքարելու ենք հետեւանքի դեմ»,– նշում է Ֆանյանն ու հավելում, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ողջամիտ ժամկետում քննության իրավունքն անվերադարձ խախտված է»․ պաշտպան Այս տարիների ընթացքում Եվրոպական դատարան է դիմել նաեւ պաշտպանական կողմը։ Արտյոմ Ադանալյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը մեր զրույցում նշում է՝ ՄԻԵԴ–ը արձանագրել է Մարտիրոսյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ՝ ազատության եւ անձնական անձենռնմխելիության իրավունքի խախտում։ Դրանից հետո Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է գրավով, 7 տարի 4 ամիս կալանքից հետո նա ազատ է արձակվել։ Հայրապետյանի գնահատմամբ՝ վերջիվերջո ինչ դատական ակտ էլ կայացվի՝ մեղադրական թե արդարացման, միեւնույն է, այս գործով արդարադատությունն ուշացած է, իր պաշտպանյալի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը՝ անվերադարձ խախտված․ «Գործը անորակ է քննվել ի սկզբանե, եւ 10 տարի հետո այդ բացթողումները լրացնելու օբյեկտիվ հնարավորություն այլեւս չկա։ Այնպես չէ, որ այդ բացթողումները ի վնաս տուժողի են եւ հօգուտ մեղադրյալի, շատ բացթողումներ ի վնաս մեղադրյալի են»։ Պաշտպանի համոզմամբ՝ այն, որ հերթական անգամ փորձաքննություն է նշանակվել, փաստում է, որ մինչ այս խնդիրներ են եղել, իսկ այդ խնդիրների պատասխանատուն պետությունն է․ «Մենք փորձաքննությունների հետ կապված խայտառակ պատկեր ունենք, արդեն 5-րդ թե 6-րդ փորձաքննությունն է նշանակվել,  հիմա էլ պարզվում է՝ փորձաքննությունը, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել․․․ Ոչ ես եմ իրականացրել նախորդ փորձաքննությունները, ոչ էլ տուժողը, պետությունն է իրականացրել, եւ այդ փորձաքննության արդյունքները չեն բավարարել, նույնիսկ էական չէ՝ այդ անբավարար արդյունքը հօգուտ մեղադրյալի է, թե հօգուտ տուժողի, փաստը այն է, որ անբավարար է։ Դրա համար էլ հիմա դարձյալ ստիպված ենք սպասել, այն էլ պարզ չէ՝ այս նոր փորձաքննության եզրակացությունը ի վերջո կգա թե չի գա, հարցերին պատասխաններ կտրվեն թե ոչ կամ արդեն ինչքանով այդ հարցերի պատասխանները արժանահավատ կլինեն, երբ շատ հարցերի պետք էր պատասխանել՝ ելնելով թարմ հետքերից»։ Այս պատկերը փաստաբանը պայմանավորում է նախեւառաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով․ «Այս գործով, ինչպես եւ շատ այլ գործերով դատավորների տեղափոխությունների հետեւանքով ստիպված ենք քննությունը զրոյից սկսել կամ մի շարք գործողություններ, որոնց վրա արդեն ռեսուրս եւ ժամանակ ենք վատնել, կրկնել։ Չգիտես ինչու, այդ տեղափոխությունները հիմնականում Շիրակի մարզի հաշվին են տեղի ունենում»,- վրդովվում է փաստաբանը։ Միայն 2023 թվականին Շիրակի մարզը լքել է 10 դատավոր Փաստաբանի բարձրացրած խնդիրը արդիական է դարձել հատկապես նախորդ տարի, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները շարունակ տեղափոխվում էին Երեւան կամ այլ մարզեր։ Միայն 2023 թ․ Շիրակի մարզից տեղափոխվել է 10 դատավոր։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին տեղափոխվել է 1, 2022-ին եւ 2024 թ․-ին (սեպտեմբերի դրությամբ)՝ 2-ական դատավոր։ Ուշագրավ է, որ ողջամիտ ժամկետների խախտման համար դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող ԲԴԽ–ն չի կարեւորել այն հանգամանքը, որ միայն 2023 թ․ տեղափոխությունների հետեւանքով տեղի է ունեցել 2329 վերամակագրում, այդ թվում՝ 377-ը քրեական գործերով, 1952-ը՝ քաղաքացիական։  Դատավորների այսպիսի տեղափոխությունները ոչ միշտ են հասկանալի ու պատճառաբանված, հատկապես, որ տեղափոխման համար Դատական օրենսգրքով հստակ հիմքեր նախատեսված չեն։ 2023 թ․ հունվար ամսին, օրինակ, երբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 4 թափուր հաստիք առաջացավ, Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկեց Երեւան տեղափոխել Շիրակի մարզի միանգամից 4 դատավորի, ինչից հետո Շիրակի մարզում քրեական մասնագիտացմամբ դատավոր չմնաց։ Իրավաբանական համայնքի շրջանում տարակուսանք առաջացրած, անգամ գործադուլի պատճառ դարձած այս որոշումը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը պայմանավորել էր հետեւյալով․ «ԲԴԽ-ի նոր ձեւավորված կազմը շատ հստակ ամրագրեց այն սկզբունքը, որ Երեւանում թափուր տեղ լինելու դեպքում առաջնահերթությունը տրվելու է մարզերում աշխատած դատավորներին։ Երեւանում աշխատելու են փորձառու դատավորներ, ովքեր արդեն աշխատել են մարզերում, քանի որ մայրաքաղաքում ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը, փորձառու մասնագետներ ունենալն անհրաժեշտություն է»,- ասել էր նա՝ հավելելով, որ 4-ն էլ մասնագիտական նույն փորձառությունն ունեին, ուստի բոլորի դիմումներն էլ ԲԴԽ-ն բավարարել է։ Իսկ ինչո՞ւ էր Երեւանում դատավորների միանգամից 4 թափուր հաստիք առաջացել։ 2022 թ․ Արդարադատության նախարարությունը նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել էր մասնագիտացված նոր դատարան, որը քննում էր մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունները (հայտնի է որպես կալանքի դատարան)։ 1 տարի անց՝ 2023 թ․-ին, Կառավարությունը որոշեց լուծարել այդ դատարանը։ Թեեւ Արդարադատության նախարարությունը մասնագիտացված դատարանի անհրաժեշտությունը կապել էր կոռուպցիոն ռիսկերի եւ գործերի քննության ժամկետների կրճատման հետ, հետագայում այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու որոշեց հետ կանգնել իր այդ նպատակից՝ վերադառնալով իր իսկ կողմից քննադատված մոդելին։ Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը խնդրի լուծման ուղղությամբ Արդարադատության նախարարությունից խնդրել ենք տրամադրել, թե ողջամիտ ժամկետի պահպանմանը միտված ինչ գործողություններ են իրականացվել ոլորտային բարեփոխումների շրջանակում։ Նախարարությունից հայտնել են, որ մշակվել եւ 2024 թ․  փետրվարից ներդրվել է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը՝ cabinet.armlex.am-ը, որը միտված է դատավարական գործողությունների տեւողության կրճատմանը։ Այս համակարգի գործարկումից հետո, սակայն, փաստաբանական համայնքը սկսել է բարձրաձայնել դրա խափանումների մասին։ Նշենք, որ քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգին զուգահեռ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր գործարկել նաեւ քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման՝ e-criminal case համակարգը։ Դրա նպատակն էր 2023 թ․ 4-րդ եռամսյակում հասնել քրեական գործերի առավել արագ, արդյունավետ եւ նվազ ծախսատար քննությանը։ Արդյունքների ամփոփման փուլում, սակայն, պաշտոնապես արձանագրվել է, որ համակարգը լիարժեք չի աշխատում եւ չի դյուրինացվել քրեական գործերի քննության ընթացքում ապացույցների ձեռքբերման գործընթացը։  Կատարված մյուս աշխատանքը, ըստ Նախարարության, դատավորների ներգրավման նոր ընթացակարգի նախատեսումն է, որով ընձեռնվեց հնարավորություն դատավոր դառնալ առանց Արդարադատության ակադեմիայում ուսանելու՝ հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու միջոցով։ Ըստ Նախարարության՝ առկա թափուր հաստիքները համալրելուց հետո գործերի բաշխումն արդեն իրականացվում է թվով ավելի շատ դատավորների միջեւ, ինչը նպաստում է դատավորի՝ թվով ավելի քիչ գործերի մակագրմանը եւ արդեն իսկ նրանց վարույթում գտնվող գործերի ողջամիտ ժամկետներում քննության ապահովմանը։ Հարկ է նշել, որ այս փոփոխությունը ընդունվել է առանց հանրային քննարկման եւ քննադատվել հասարակական կազմակերպությունների կողմից՝ այն համատեքստում, որ Արդարադատության ակադեմիայում սովորելիս թեկնածուները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում (ինչին փորձառու իրավաբանները կարող են տիրապետել), այլ նաեւ գործնական հմտություններ, օրինակ՝ էթիկա, հաղորդակցման հմտություններ, դատական ակտ կայացնելու կարողությունները եւ այլն։ Նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ Կառավարության՝ 2024 թ․ հոկտեմբերի որոշմամբ համաձայնություն է տրվել ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը։  Նշենք, որ սա անհրաժեշտ է մասնավոր մեղադրանքի վարույթը գործարկելու նպատակով։ Խոսքը այն մի խումբ հանցագործությունների մասին է, որոնց բացահայտմամբ ոչ թե պետությունն է զբաղվելու՝ ի դեմս քննչական մարմինների, այլ մասնավոր անձը՝ ենթադրյալ հանցագործությունից տուժած քաղաքացին։  2021 թ․ ընդունված եւ 2022 թ․ ուժի մեջ մտած օրենսդրության անցումային դրույթներով այս ինստիտուտի գործարկումը հետաձգվել էր մինչեւ համապատասխան դատավորների նշանակումը, սահմանվել, որ մինչ այդ մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա հանցանքները քննվում են հանրային կարգով: Դա նշանակում է, որ բոլոր դեպքերում՝ անկախ տուժողի բողոքել–չբողոքելուց, քննչական մարմինները քննելու էին այդ խմբի մեջ մտնող հանցագործությունները, մինչդեռ նախկինում տուժողի բողոքի բացակայությունը քննիչի համար գործը կարճելու հիմք էր։ Ստացվում է՝ 2․5 տարի է՝ համապատասխան դատավորներ չունենալու պառճառով քննչական մարմինները լրացուցիչ ծանրաբեռնվել են, ինչը կարող է բացասաբար ազդել նախաքննության որակի, դրա արդյունքում էլ դատավարական ժամկետների պահպանման վրա։ Դատավարական ժամկետների արդյունավետ պահպանմանը միտված մյուս գործողությունը, ըստ Նախարարության, Երեւան քաղաքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարանջատումն է 2 առանձին՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական եւ քաղաքացիական դատարանների։ Նշենք, որ առաջին անգամը չէ, որ ընդհանուր իրավասության դատարանը բաժանվում է 2 ճյուղի․ նախկինում եւս նման փոփոխություններ իրականացվել են, սակայն դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը դրանով չի լուծվել։ Ըստ Արդարադատության նախարարության՝ քանի որ պետությունը որդեգրել է դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս թոթափելու եւ դրանով իսկ գործերի քննության ժամկետների պահպանման վրա դրական ազդեցություն ունենալու քաղաքականություն, իրականացվել են նաեւ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով չնախատեսված քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել դատարանների բեռնաթափման վրա։ Որպես այդպիսի գործողություն Նախարարությունը մատնանշել է նոտարներին՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու լիազորության տրամադրումը, որը նախկինում վերապահված էր դատարաններին․ «Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են դատարանների գործունեության վերաբերյալ կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանները ստացել են շուրջ 83% նվազ քանակով գործեր»: Հարկ է նշել, որ այս փոփոխությունից 9 ամիս անց Նոտարական պալատը եւ Դատական իշխանությունը չունեին համապատասխան վիճակագրություն, իսկ դատարանների բեռնաթափման՝ այդ ժամանակ հրապարակված չափը՝ 80%–ը, կասկածի տեղիք էր տալիս։ Ռազմավարությամբ չնախատեսված, բայց կատարված փոփոխություններից մեկն էլ պահեստային դատավորի ինստիտուտի նախատեսումն էր։ Դրա նպատակն այն է, որ գործը քննող դատավորի մասնակցությունը բացառող հիմքերի դեպքում պահեստային դատավորը փոխարինի նրան` վարույթը շարունակելով ընդհատված տեղից, այլ ոչ թե վերսկսելով այն։ Այնուհանդերձ, օրենքի ուժի մեջ մտնելուց երկու տարի անց պահեստային դատավոր նշանակելու որեւէ դեպք առկա չէ։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի համոզմամբ՝ պետությունը, ըստ էության, թղթի վրա տպավորություն է ստեղծում, որ ցանկանում է խնդիրը լուծել, բայց գետնի վրա որեւէ բան չի անում, այլ ավելի շատ նպաստում է խնդրին դատավորների շարունակական տեղափոխություններով։ Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ միջանկյալ լուծում է առաջարկում։ «Լուծումը կարող է լինել այն, որ բոլոր նիստերը պարտադիր տեսաձայնագրառվեն (այժմ նիստերը միայն ձայնագրառվում են,-հեղ․), եւ հաջորդող դատավորը վարույթը ոչ թե սկսի զրոյից, այլ շարունակի, նստի, դիտեն բոլոր նիստերը, ինչպես որ մենք՝ պաշտպաններս ենք այժմ ունկնդրում, եթե վարույթը կեսից ենք ստանձնում»,– ասում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը։ Այսպիով՝ թեեւ գործերի ողջամիտ ժամկետում քննության խնդիրը տարիներ շարունակ արձանագրվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններում, գործնական արդյունքները ոչ միշտ են տեսանելի․ ծրագրված գործողությունների մի մասի հաշվետվությունները բացակայում են, մի մասն էլ՝ փաստում, որ գործողությունները լիարժեք չեն իրականացվել։ Բարեփոխում հռչակված մեխանիզմները երբեմն չեն աշխատում, երբեմն էլ կարճ ժամանակ անց չեղարկվում են՝ առկախված թողնելով քաղաքացիների՝ տարիներ ձգվող հարցը՝ ի վերջո, արդարացի պատիժ կլինի՞, պատիժը ժամանակին կլինի՞, թե՞ ոչ։    Միլենա Խաչիկյան
18:00 - 12 դեկտեմբերի, 2024
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում. Արսեն Թորոսյան

Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արձագանքել է Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ որպես հիմնավորում նշելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարու՞մ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը: Թորոսյանը, նշելով, քանի որ թեման շատ է շահարկվում, ուզում է տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։ «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,- գրել է նա:
13:22 - 11 դեկտեմբերի, 2024
Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում: Նա որպես հիմնավորում նշել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ վերջինս հեռացվել է ՔՊ կուսակցությունից, ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության, «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը ինքնակամ դուրս է եկել նաև Աժ ՔՊ խմբակցությունից: Ասլանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ «հանգամանքների բերումով» մասնակցել է մի գործընթացի՝ ծանոթացել է մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների: «Ցանկացած այլ դեպքում ես դա չէի անի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքը ամրապնդելու համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ընդգծեց պատգամավորը: Ապա նա պատմեց, որ շաբաթ օրը տեղի է ունեցել մի հանդիպում, իր խոսքով, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ. «Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը: Դա տեղի չունեցավ: Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ է հեռախոսի պարունակությունը, և որևէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ մադատից հրաժարվելու խնդրանքով»: Հակոբ Ասլանյանը հայտարարության վերջում «խնդրանքով» դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»: Ճշտող հարցին՝ դուրս կգա՞ խմբակցությունից, Հակոբ Ասլանյանը դրական պատասխանեց: Ըստ Ասլանյանի՝ նամակագրությունների մեջ չկան տողեր, որ կարելի լինի պետական դավաճանության կետի տակ դնել:  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: Լրագրողի հարցին, որ մեղադրո՞ւմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ որոշում կայացնելու համար, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Չեմ մեղադրում վարչապետին, գուցե նրան սխալ են ներկայացրել, գուցե թյուրիմացության մեջ են գցել: Շատ լավ գիտենք՝ կան մարդիկ, որոնք վարչապետի մոտ լավը երևալու համար ինչ ասես կարող են ներկայացնել, բայց այն, որ վարչապետին այնպես չեն ներկայացրել, որ վարչապետն իրական պատկերացում ունենա, ես կարծես թե համոզված եմ դրանում»: Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ում կան մարդիկ, որ իր նման են մտածում, բայց չունեն համարձակություն խոսելու սրա մասին. «Մարդիկ կան՝ կոտրված են, անտրամադիր են, կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:
12:45 - 11 դեկտեմբերի, 2024
«Տեղափոխում են Հադրութ, զանգել եմ՝ հաջողություն ասեմ»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների հարազատների հարցաքննությունը

«Տեղափոխում են Հադրութ, զանգել եմ՝ հաջողություն ասեմ»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների հարազատների հարցաքննությունը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հարցաքննվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում զոհված 73 զինծառայողների ծնողներից երեքը։ Դատարանում քննության առարկա են Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքները։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։  Զոհված զինծառայող Պետրոս Ասատրյանի հայր Նվեր Ասատրյանն այսօր դատարանում ասաց, որ իր որդին միանգամից զորակոչվել է Մարտունի 3, Գոռ Իշխանյանն էլ հանդիսացել է զորամասի հրամանատարը։ Ինքը՝ Ասատրյանը, եւս պատերազմի մասնակից է, եւ այդ օրերին ինքն էլ Մարտունիում է եղել, նույնիսկ հնարավորություն է ունեցել որդուն հանդիպելու, բայց այդ հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Տուժող Նվեր Ասատրյանն ասաց, որ պատերազմի ժամանակ որդու հետ վերջին անգամ խոսել է նրանց վաշտի՝ Հադրութի 9կմ կոչվող տեղանք գործողության մեկնելու օրը։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանի հարցին՝ ինչ է խոսել որդու հետ վերջին անգամ, Ասատրյանը պատասխանեց, որ Պետրոսը սովորականից մի քիչ ավելի պաշտոնական տոն է ունեցել, ասել է՝ «պապ, մեզ տեղափոխում են՝ չգիտեմ ուր, ու հեռախոս չի լինելու»։ Որդին, սակայն, չի նշել, թե ում հրամանով եւ ուր պետք է մեկնեն, ինչ կազմով եւ ինչ խնդիր պետք է կատարեն։ Նվեր Ասատրյանի համար այդ խոսակցությունը տարօրինակ չի եղել, քանի որ էլի է պատահել, որ որդու վաշտը երկու օրով գործողության մեկնի ու վերադառնա։ Այս անգամ երրորդ օրը նա զանգել է Պետրոսին, նրա ծառայակից ընկերներին, սակայն որեւէ մեկը այլեւս չի պատասխանել։ Պետրոսի զոհվելու մասին հարազատները տեղեկացել են պատերազմի ավարտից հետո, երբ գնացել են Արցախ․ «Խոսում էին, որ շրջափակման մեջ են ընկել։ Հունվարին արդեն անհայտ կորածների ցուցակում է եղել»,- ասաց Նվեր Ասատրյանը։ Նշենք, որ Պետրոս Նվերի Ասատրյանի անունը Արցախի Պաշտպանության բանակը զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։ - Դեպքերից հետո զորամասի հրամանատարությանը կամ այլ պաշտոնատար անձանց հանդիպե՞լ եք,- տուժողին հարցրեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ - Այո, ծողների հետ միասին,- պատասխանեց Նվեր Ասատրյանը։ - Պարզաբանումներ պահանջե՞լ եք։ - Պատասխանը ստացել ենք էնքանով, որ, իմ հիշելով, Գոռ Իշխանյանն ասել ա՝ ես հրաման եմ կատարում։ Առստամյան Կարենն ասում էր՝ ես չեմ ուզել զինվորներ,- ասաց վկան՝ նշելով, որ Գոռ Իշխանյանն ասել է, որ վաշտը գործողության է ուղարկել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով։ - Ստացե՞լ եք այն հարցի պատասխանը, որ հրամայել եք գնալ 9կմ կոչվող տեղանք, ո՞նց են առաջ անցնել (զորքը շրջափակման մեջ է ընկել Հադրութի Այգեստան գյուղում, որը 9կմ կոչվող տեղանքից ավելի հեռու է,-հեղ․)։ - Անձամբ ես չեմ հարցրել, բայց ով հարցը տվել ա, [Գոռ Իշխանյանը] ասել ա՝ ես էդ տեղն եմ ուղարկել, ոչ թե ուղարկել եմ, որ պիտի անցնեն [նշված տեղը]։ - Ո՞վ պետք է դիմավորեր։ - Առստամյան Կարենը (18-րդ հրաձգային դիվիզիայի ղեկավարն է եղել, նշված տեղում պետք է դիմավորեր վաշտին,-հեղ․)։ - Ձեր տեղեկություններով՝ Գոռ Իշխանյանը զրուցե՞լ է Կարեն Առստամյանի հետ, ասե՞լ է, որ մարդ է գալու։ - Գոռի ասելով՝ հա, Կարենի ասելով՝ չէ։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է Նվեր Ասատրյանը՝ ինչից են զոհվել զինվորները, հրետակոծության տա՞կ են ընկել, թե՞ հրաձգային մարտի են բռնվել։ Տուժողը պատասխանեց, որ լսել են, որ տղաները զանգել ու ասել են, որ շրջափակման մեջ են ընկել, օգնության կարիք ունեն, իրենց փամփուշտները վերջանում են։ Այսինքն՝ հրաձգային մա՞րտ են վարել, այդքան մո՞տ է եղել հակառակորդը՝ հարցրեց մեղադրողը, ինչին Ասատրյանն ու նիստին ներկա մյուս ծնողները դրական պատասխանեցին․ «Բլիժնի բոյ ա եղել»,- ասացին նրանք։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժող Նվեր Ասատրյանից հետաքրքրվեց՝ երբ գնացել են Արցախ եւ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ հյուրանոցում հանդիպել զինվորականներին, ի՞նչ է ասել Գոռ Իշխանյանը։ Տուժողն ասաց, որ Իշխանյանն ասել է, թե տղաները ողջ են։ - Քննիչի մոտ որ հարցաքննվել եք, ո՞ւմ դեմ էիք բողոքում, Ձեր ընկալմամբ՝ ո՞վ է մեղավոր էս ամեն ինչում,- հարցրեց պաշտպանը, սակայն տուժողը կոնկրետ անուն չնշեց։ - Ես չեմ կարա էդ հարցին [պատասխանեմ]․․․,- ասաց Ասատրյանը։ - Նախաքննական տվյալ կա, որ Դուք քննիչի մոտ անուններ տվել եք, կհիշե՞ք։ - Գոռ Իշխանյանինը, Առստամյան Կարենինը, Ջալալ Հարությունյանը՝ որպես հրաման տվող։ - Դա Ձե՞ր կարծիքն է եղել, թե մինչեւ էդ քննիչի հետ քննարկում էիք ունենում։ - Դե, քիչ-քիչ իմանալով՝ ինչ կարա լինի․․․ - Ջալալ Հարությունյանի հետ կապված ի՞նչ խնդիր էինք ներկայացնում քննիչի մոտ։ - Որ գրաված տարածք խի պիտի ուղարկի,- պատասխանեց տուժողը։ Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանը, Արման Բայադյանը, Արտակ Հովհաննիսյանը (աջից՝ ձախ) Պաշտպան Արման Բայադյանը տուժողին հարցրեց՝ բնական չէ՞, որ պատերազմի ժամանակ զորքը պետք է մարտի բռնվեր, գործողության գնար, ի վերջո դա չէ՞ պատերազմին մասնակցելու նպատակը։ Նվեր Ասատրյանն ասաց, որ բնական է, որ մարտեր պետք է լինեին։ - Կարո՞ղ ենք ենթադրել, որ ճիշտ տեղ են հասել, եթե բռնվել են մարտի,- հարցրեց պաշտպան Բայադյանը։ - Կարանք տենց մտածենք, բայց հարցն էթում ա, ինչքան տեղյակ եմ՝ էդ տեղում չպիտի լինեին։ - Այսինքն ձեր դժգոհությունն այն է, որ սխալ տեղ են գնացել։ - Որ սխալ տեղ ա, իրանց (նկատի ունի հակառակորդի,- հեղ․) գրաված տարածքն ա։ Պաշտպան Արտակ Հովհաննիսյանը հարցրեց՝ տուժողը տեղյա՞կ է՝ գրավո՞ր, թե՞ բանավոր է եղել Ջալալ Հարությունյանի հրամանը։ Նվեր Ասատրյանն ասաց, որ Գոռ Իշխանյանն ասել է՝ բանավոր է, Ջալալ Հարությունյանը պնդել՝ գրավոր․ - Դուք տեսե՞լ եք հրամանը։ - Ես չեմ հիշում, որ անձամբ տեսած լինեմ։ - Երբ հանդիպել եք Գոռ Իշխանյանին, ովքե՞ր են եղել նրա հետ։ - Թիկունքի պետն էր, թե․․․ Չեմ հիշում ազգանունը, երկու հոգով էին,- ասաց տուժողը, իսկ ծնողներից մեկը տեղից նշեց՝ Սամվել Պողոսյանը՝ Ասկերանի կամդիվը՝ դիվիզիոնի հրամանատարը։ - Կարեն Առստամյանի՞ հետ ով կար։ - Մենակ էր, երբ ես ըտեղ եմ եղել։ - Իրենց հանդիպելու ինտերվալը ինչքա՞ն է եղել։ - Կոնկրետ չեմ հիշում, կարող ա մյուս օրը։ - Իսկ Ջալալ Հարությունյանի հետ հանդիպել, խոսե՞լ եք։ - Ես՝ չէ։ Հաջորդիվ հարցաքննվեց զոհված զինծառայող Արեն Մովսիսյանի քույրը՝ Աննա Բալայանը։ Նա պատմեց, որ եղբայրը հոկտեմբերի 10-ի առավոտյան զանգել է իրենց, հաջողություն մաղթել՝ ասելով, որ տեղափոխվում են Հադրութ, հեռախոսները հավաքելու են, ուստի կապ չեն ունենալու․ «Մամային ասել ա՝ լավ տեղ են տանում, տանում են խրամատ փորելու»,- ասաց տուժողը։ Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին, երբ տղաները մեկնել են գործողության, Հադրութն արդեն գրավված է եղել։ - Այսինքն՝ տեղյակ եք, որ Գոռ Իշխանյանն ու Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ վաշտը ուղարկել են Հադրութ,- ասաց հանրային մեղադրողը։ - Իմ իմանալով՝ Գոռ Իշխանյանն արդեն իմացել ա դրա մասին, ո՞նց կարա ուղարկի Հադրութ, եթե արդեն հանձնված ա,- պատասխանեց Աննա Բալայանը։ - Ումի՞ց եք իմացել, որ հոկտեմբերի 11-ին Հադրութն արդեն ընկած էր։ - Սաղ էլ խոսում էին, ամենից մի բան լսում էինք։ - Լուրերը նաեւ քաղաքացիական անձի՞նք էին ասում։ - Սաղ, իմ հարազատ ախպերը պոստում էր, բանակում էր ծառայում, պապաս էլ էր պոստում, ինչքան լսել են, ես էլ իրանցից եմ լսել, ասել են՝ Հադրութը հանձնված ա։ - Հնարավո՞ր էր՝ Գոռ Իշխանյանը չիմանար, որ հոկտեմբերի 11-ին Հադրութը ընկած էր։ - Իմ իմանալով՝ իրավունք չուներ զորքը ուղարկեր, երբ բեսպիլոտնիկ էր աշխատում։ Մինչեւ 9կմ 2 ժամվա ճանապարհ ա (նկատի ունի՝ այդ ողջ ճանապարհին անօդաչուներ կարող էին լինել օդում,- հեղ․)։  Աննա Բալայանը Տուժող Աննա Բալայանի կարծիքով՝ հրամանատարները վաշտը չպիտի ուղարկեին 9կմ կոչվող տեղանք։ Ըստ նրա՝ եթե զորքը մնար Մարտունիում, այդքան զոհեր չէին լինի․ «Մինչեւ հիմա պատասխանը չգիտենք՝ ինչի են Մարտունի 3-ից ուղարկել Հադրութ»,- ասաց տուժողը։ Նա հայտնեց, որ 2021թ․ փետրվարի 10-ին են իրենց հայտնել, որ Արենը զոհվել է, մինչ այդ ինչ ասես՝ լսել են, որ տղաները գերի են, որ շրջափաիման մեջ են, որ գուցե Իրանի սահմանն են անցել, եւ այլն։ Հարազատներին մինչ օրս տանջում է նաեւ այն հարցը, թե ինչից է զոհվել Արենը․ «Կարող ա վիրավորվել ա, օրերով ցավ ա քաշել, օգնող չի եղել․․․»։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողին խնդրեց մանրամասնել, թե եղբայրը հեռախոսազրույցի ժամանակ բառացի ինչ է ասել․ - Ասացի՝ բա ո՞ւր եք գնում, ասեց՝ տեղափոխում են Հադրութ, զանգել եմ՝ հաջողություն ասեմ, որովհետեւ հեռախոսները հավաքելու են։ Մամայի հետ խոսելիս ասել ա՝ մեզ տեղափոխում են Հադրութ՝ խրամատ փորելու,- ասաց Բալայանը։ Նա նշեց, որ, այո, Կարեն Առստամյանը պիտի դիմավորեր զորքին, բայց, ըստ իրեն, մեղավորը Գոռ Իշխանյանն է, որ վաշտին ուղարկել է այնտեղ։ Պաշտպանը հարցրեց՝ իսկ Գոռ Իշխանյանը պատերազմի ժամանակ կարո՞ղ էր հրաման չկատարել։ Տուժողը պատասխանեց՝ հրամատարաներ են եղել, որ չեն լսել վերադասին։ Պաշտպան Արման Բայադյանն էլ հարցրեց՝ իսկ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը չգիտե՞ր, որ Հադրութը գրավված է։  - Ո՞նց կարային չիմանային,- ասաց Բալայանը։ - Բա Ձեր կարծիքով՝ տեսնում են, որ գրավել են, 72 զինվոր ուղարկում են հենց էդ տե՞ղը։ - Հնարավոր ա, որովհետեւ կամ իմանալու էին, որ խառնա լինելու։ Ես գիտեմ, որ Գոռ Իշխանյանը հատուկ ա ուղարկել։ - Գոռ Իշխանյանն ինչի՞ է ուզում երեխեքի մահը։ - Ես շատ եմ լսել, որ քանակ են ուզել լրացնել։ Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաեւ պահեստազորային Մհեր Սարգսյանի հայրը՝ Ատվերիկ Սարգսյանը։ Նա ասաց, որ ներկա չի եղել զինվորականների հետ հանդիպումներին ու նրանց հարցեր չի տվել։ Նաեւ նշեց, որ քանի որ ականատես չի եղել որեւէ դեպքի, չի կարող մանրամասներ հայտնել կամ անուններ հնչեցնել․ «Դուք ճիշտ ասեք էդ պեները, մեզնից լավ եք իմանում, խի՞ եք հարցնում ինձ, դուք մեզնից լավ գիտեք»,- դատարանում հայտարարեց տուժողը։ Նրա կարծիքով՝ տղաներին դիտավորյալ սպանդի են տարել, ում հրամանով, ինչու՝ չի կարող ասել․ «Բոլորը անպատասխանատու են եղել»,- նշեց նա․ «Եթե մեր ընատնիքում մեր երեխային մեկը վատություն անի, պատասխանտուն ընտանիքի տերն ա, այսինքն՝ ես եմ։ 3-րդ պաշտպանական շրջանից 70 հոգին որ գնացել են, պատասխանտուն համարվում ա տվյալ տեղի կամանդիր պալկան, այսինքն Գոռը»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Նշենք, որ Մհեր Ատվերիկի Սարգսյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․-ի մարտի 30-ին։  Դատական նիստն ավարտվեց Ատվերիկ Սարգսյանի հարցաքննությամբ։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում՝ Նվեր Ասատրյանը Հայարփի Բաղդասարյան
22:48 - 10 դեկտեմբերի, 2024
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
16:31 - 05 դեկտեմբերի, 2024
Ովքեր են կառավարում բուհերը․ խոստումներ, իրականություն և օրենքի նոր նախագիծ

Ովքեր են կառավարում բուհերը․ խոստումներ, իրականություն և օրենքի նոր նախագիծ

Կուսակցական ազդեցություններից ազատ բուհեր ունենալու անհրաժեշտության մասին գործող կառավարող ուժը խոսում էր դեռ ընդդիմադիր ժամանակներից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման 6-րդ տարում, սակայն, Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, որոնցից 3-ը՝ կուսակցականներ։ «Ինֆոքոմը» պարզել է, թե ինչ պաշտոններ են զբաղեցնում և կառավարող ուժի հետ ինչպիսի հարաբերություններ ունեն այդ 12 պետական բուհերի կառավարման խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ-ի առաջադրած անդամները,  ինչպես նաև բուհերի ապակուսակցականացմանն ուղղված ինչ դրույթներ են առկա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում։   Ինչ էր հայտարարում կառավարող ուժն իշխանափոխությունից անմիջապես հետո 2018-ի ապրիլին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բուհերի խորհուրդներում կուսակցական անձանց առկայությունից, պնդում էր․ «Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ ․․․․ Որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինելու որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»։ 2018-ի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը, հայտարարեց՝ իրենք ոլորտը կարգավորող նոր օրենք են մշակում, և համաձայն այդ օրենքի՝ այլևս ոչ մի պետական պաշտոնյա չի լինելու բուհերի խորհուրդներում¹։ Նա շեշտում էր նաև այն հանգամանքը, որ տվյալ պահին (2018-ի վերջին) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ոչ մի անդամ բուհերի խորհուրդներում նախագահ չէր ընտրվել։ Այդ ժամանակ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ քննարկվում է կառավարության մարմինների մասնակցությունը բուհերի ղեկավարմանը նոր օրենքով 20-30% դարձնելու հարցը։ Նշենք, որ գործող օրենքով բուհի խորհրդի 25%-ին առաջադրում է վարչապետը` կառավարման մարմիններից, 25%-ին՝ ԿԳՄՍՆ-ն՝ տարբեր ոլորտներից, այսինքն՝ խորհրդի անդամների կեսին առաջադրում է կառավարությունը։ 2019-ին, երբ Հովհաննես Հովհաննիսյանն արդեն 7-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ (Հովհաննես Հովհաննիսյանն անկուսակցական է), ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Մենք էլ ենք ուզում՝ քաղաքականությունից զերծ միջավայր լինի, և դրա համար որևէ նախարար չդարձավ հոգաբարձուների խորհրդի նախագահ և չընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի անդամների մեջ, և մաքսիմում փորձ էինք անում զերծ պահել մարդկանց հոգաբարձուների խորհրդից: Բայց ինձանից լավ գիտեք կարգը, որ 25%-ն ընդգրկվում է կառավարությունից։ Հիմա ընկած ման էինք գալիս՝ ով իշխող կուսակցության անդամ չէ: Եթե նայեք հոգաբարձուների խորհրդի անդամների կազմը, կտեսնեք բավականին մեծ թվով հանրապետականներ, դաշնակներ, կտեսնեք և այլ կուսակցություններ»:   Ինչպես  են ներկայումս ձևավորվում  բուհերի խորհուրդները 2019-ի դրությամբ գործում էր (և այժմ էլ շարունակում է գործել) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը։ Օրենքը սահմանում է, որ բուհի խորհուրդը ձևավորվում է պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի (այսինքն՝ կառավարության), լիազորված մարմնի (այսինքն՝ ԿԳՄՍՆ-ի) ներկայացուցիչներից: Անդամների թիվն առնվազն 20 է²։ Ըստ Կառավարության սահմանած՝ բուհի խորհրդի ձևավորման կարգի՝ խորհրդի 25%-ը կազմում են պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները, 25%-ը՝ ուսանողության կողմից ընտրված անդամները, 25%-ը՝ հիմնադրի անունից վարչապետի առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, և 25%-ը՝ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ-ի) առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։  Խորհուրդն իր կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից) ընտրում է նախագահ, որը  չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող, սակայն այդ բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը։ Բուհի խորհրդը հաստատում է բուհի բյուջեն, ռազմավարական ծրագրերը, իրականացնում է ռեկտորի ընտրությունը, բուհի գործունեության տարեկան հաշվետվության գնահատումը և այլն։   Կուսակցականները գնացին բուհեր՝ ապակուսակցականացնելու դրանք 2020-ից սկսած՝ Հայաստանի բուհերում հաստատվեցին հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր, որոնք գործում են մինչ օրս։ 2021-ին հատկապես աղմուկ բարձրացրեց այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրեց ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանին, որը նաև ընտրվեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ի պատասխան քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2020 թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն՝ մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90%-ը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»։ Կուսակցականների՝ բուհերի խորհուրդներ գնալուց հետո էլ, սակայն, կառավարությունը շարունակում էր խոսել ապակուսակցական կրթական միջավայրից։ 2022-ին ընդունված «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրն», օրինակ, խոստանում է Հայաստանում ապահովել կուսակցական ազդեցություններից ազատ կրթական միջավայր։ «Հասարակական-քաղաքական իրավիճակը, որի պայմաններում մշակվել է սույն Ծրագիրը, էականորեն տարբերվում է մինչ այս գոյություն ունեցած իրավիճակներից, քանի որ ներկայում առկա են քաղաքական կամք և հստակ նպատակադրում` ձևավորելու իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ և նախաձեռնող, խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառական, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր բոլորի համար»,- ասվում է ծրագրի ներածության մեջ:  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է Երևանում գործող պետական 12 բուհերի խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամների³ կենսագրությունը։ Մեր հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) անունից վարչապետի առաջադրած 60 անդամներից 13-ը կամ մոտ 22%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում⁴, 3-ը կամ 5%-ը՝ քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ անդամ է, ևս 3-ը կամ 5%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ⁵ է, իսկ 9-ը կամ 15%-ը ՔՊ աջակից է կամ փոխկապակցված անձ (բոլորը միասին՝ մոտ 47%)։ ԿԳՄՍՆ առաջադրած 60 անդամներից 7-ը կամ մոտ 11,6%-ը պետական համակարգի աշխատող է, 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ նախկին քաղաքական պաշտոնյա և ՔՊ փոխկապակցված անձ, 2-ը կամ 3․4%-ը՝ ՔՊ համակիր կամ փոխկապակցված անձ, իսկ 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ քաղաքական պաշտոնյա և ՔՊ  անդամ (բոլորը միասին 18․3%)⁶։ Տվյալներն՝ ըստ առանձին բուհերի, կարող եք տեսնել սահիկաշարում (պատկերներն ամբողջությամբ տեսնելու համար մեծացրեք սահիկաշարը)։ Հետաքրքիր է նաև այն, որ բուհերի խորհուրդներում կան կրկնվող անդամներ․ 11 պաշտոնյաներ, որոնցից 3–ը քաղաքական պաշտոն են զբաղեցնում, խորհրդի անդամ են միանգամից մի քանի բուհում։ Իսկ խորհուրդների նախագահների 67%-ը քաղաքական պաշտոնյա է։ Այսպիսով, անկախ մինչև 2018-ի իշխանանափոխությունը և իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո հնչած քաղաքական հայտարարություններից, այսօր փաստացի բուհերի խորհուրդներում կան և՛ քաղաքական պաշտոն զբաղեցնողներ, և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ (այդ թվում՝ ՔՊ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնող), և՛ ՔՊ աջակիցներ կամ ՔՊ-ականներին փոխկապակցված անձինք։ Ավելին՝ Հովհաննես Հովհաննսիյանը, որը զբաղեցրել է քաղաքական պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորն է։ 2023-ի մարտին, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին լրագրողները հարցրին բուհերն ապակուսակցականացնելու հայտարարություններից հետո խորհուրդներում կուսակցական անձանց հայտնվելու մասին, նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ նկատի ունենք, երբ որ ասում ենք որևէ հաստատության կուսակցականացվածություն․ արդյո՞ք դրանով մենք նկատի ունենք, որ ոչ մեկը  տվյալ հաստատությունում չպետք է լինի որևէ կուսակցության անդամ։ Դա չի՛ կարող ուղղակի էդպես լինել, որովհետև մարդու իրավունքն է լինել կուսակցական կամ չլինել կուսակցական, և որևէ մեկը չի կարող ասել, որ, օրինակ, մեր ոչ մի ուսուցիչ չպիտի պատկանի որևէ կուսակցության, որ կրթության ոլորտի ոչ մի աշխատակից չպիտի կուսակցության անդամ լինի։ Կապ չունի՝ որ կուսակցության»։  Նախարարը մանրամասնեց՝ երբ խոսում են կրթական հաստատությունների կուսակցականացվածության մասին, նկատի ունեն այն դեպքերը, երբ այդ հաստատություններում լծակներ են գործադրվում որևէ կուսակցության օգտին գործունեություն ծավալելու ուղղությամբ։  «Օրինակ՝ ուսանողների տվյալներ հավաքագրվեն, և այդ ուսանողները որևէ կուսակցության հավաքներին, քարոզչական միջոցառումներին [մասնակցեն]։ Էլ չեմ խոսում ընտրությունների մասին։ ․․․․ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ իմաստով բուհերը կուսակցականացված չեն։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես ոլորտի՝ այս պահի ղեկավար․ որևէ բուհի առջև չկա՛ դրված քաղաքական խնդիր, կուսակցական խնդիր ու չի՛ կարող դրված լինել»,- նշեց նա։ Նախարարի այս հայտարարությունից շատ չանցած՝ 2023-ի սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը նաև Պոլիտեխնիական համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահն է, ընտրություններից երկու օր առաջ այցելեց այս համալսարան։ Դեպքի մասին ահազանգեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը, որի տեղեկություններով ուսանողներին հայտնել էին՝ Ավինյանի հետ  հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։ Դիտորդական առաքելությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Ավինյանը Պոլիտեխնիկական համալսարանի վերելակների խնդրի լուծման համատեքստում հնչեցնում իրենց նախընտրական կարգախոսը․ «Արդեն ասել էիք, մենք արդեն անում ենք»։ 2023-ի ավարտին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին «Ինֆոքոմը» հարցրեց, թե ինչպես է կառավարությունը սպասվող փոփոխություններով բուհերում ապահովելու կուսակցական ազդեցությունից զերծ կրթական միջավայր, երբ հոգաբարձուների խորհուրդներում առաջադրվում են կուսակցական անձինք։ Սարգիս Հայոցյանը նախ նշեց, որ այդ մարդիկ բուհեր չեն գործուղվել որպես կուսակցության ներկայացուցիչներ, իսկ բուհերում «կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց չկա»։ «Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե կուսակցականացման վտանգ կարող է լինել, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանեց՝ իրենք ուսումնասիրում են, թե միջազգային պրակտիկայում օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ կան, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը։  «Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ»,- ասաց Սարգիս Հայոցյանը։   Հակասահմանադրական դրույթներ, որոնք վերաբերում էին բուհերի ինքնավարությանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առաջին նախագիծը կառավարությունը հանրային քննարկման էր ներկայացրել 2019-ի ավարտին։ Այս նախագիծը լրամշակումների մի քանի փուլ անցնելուց հետո հասավ Ազգային ժողով (ԱԺ) և ընդունվեց 2021-ի մարտին։ Օրենքի՝ Աժ-ում ընդունված վերջնական տարբերակով սահմանվում էր, բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, որոնցից 4-ին առաջադրում է բուհի ակադեմիական խորհրդը, 5-ին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարը։ Նախագծում նաև նշվում էր, որ եթե բուհը սահմանված ժամկետում չի առաջադրում կառավարման խորհրդի 4 անդամներին կամ առաջադրում է 4-ից պակաս ադամների, ապա չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարը (Հոդված 27)։  Նախագծով արգելվում էր, որ բուհի կառավարման խորհրդում ներգրավվեն կուսակցության ղեկավար մարմնի անդամներն ու քաղաքական պաշտոն զբաղեցնողները (Հոդված 28)։ Բուհում առանցքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձինք՝ ռեկտորի տեղակալները, կառուցվածքային միավորների ղեկավարները, ղեկավար վարչական աշխատակազմը և նմանատիպ այլ պաշտոններ զբաղեցնողները ևս չէին կարողանալու ընդգրկված լինել կուսակցական և քաղաքական ղեկավար մարմիններում կամ պետական պաշտոններում (Հոդված 37)։ Ռեկտորների համար ևս սահմանափակումներ կային․ «Հանրային բուհի ռեկտորը իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության մարմնի ղեկավար անդամ, կուսակցության անունից ունենալ ելույթներ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն (Հոդված 32)»:  Այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգյսանը, սակայն, չստորագրեց ԱԺ-ում ընդունված օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով օրենքի մի քանի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը։ ՍԴ-ն 2021-ի օգոստոսին հրապարակված վճռով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչեց Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, հիշեցնենք, սահմանվում էր, որ կառավարման խորհրդի 4 անդամին առաջարկում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ 5-ին՝ լիազոր մարմնի ղեկավարը։ Հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում էր, որ եթե բուհը սահմանված ժամկետներում 4 անդամի չի առաջադրում կամ 4-ից պակաս անդամների է առաջադրում, չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը։ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետն էլ սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»: ՍԴ որոշման հրապարակումից հետո՝ 2021-ի հոկտեմբերին, հրապարակվեց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված և Սահմանադրությանը համապատասխանեցված նախագիծը, ըստ որի՝ բուհի խորհուրդը պիտի ունենար 12 անդամ, որից 6-ին առաջադրելու էր բուհի ակադեմիական խոհրուրդը, 6-ին նշանակելու էր լիազոր մարմնի ղեկավարը։ Իսկ բուհի կողմից սահմանված ժամկետներում անդամներ չառաջադրելու դեպքում լիազոր մարմինը կարողանալու էր մինչև 2 ժամանակավոր անդամ առաջադրել՝ մինչև բուհի կողմից առաջադրումը (Հոդված 27)։ Բուհի խորհրդի անդամների, ռեկտորի և վարչական պաշտոն զբաղեցնողների համար շարունակում էր գործել կուսակցության ղեկավար մարմնի անդամ լինելու  և քաղաքական պաշտոն զբաղեցնելու արգելքը։ Օրենքի լրամշակված նախագիծը, սակայն, այդպես էլ չհասավ ԱԺ (պատճառների մասին կարող եք կարդալ այստեղ)։   Ինչ կարգավորումներ է առաջարկում կառավարությունը հիմա  Այս տարվա սեպտեմբերին՝ 2 տարվա ընդմիջումից  հետո, հանրային քննարկման ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։  Նախագիծը սահմանում է, որ բուհերն ունենալու են կառավարման երեք մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ և գործադիր մարմին՝ ռեկտոր։ «Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»,- ասվում է նախագծում: Ըստ նախագծի՝ ներկայումս Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում կամ դրանից դուրս գործող գիտական գրեթե բոլոր կազմակերպությունները միանալու են բուհերին։  Գիտական կազմակերպությունները բուհերի կազմում ունենալու են որոշակի ինքնավարություն, առանձին գիտական խորհուրդ, տնօրեն։ Նախագծով սահմանվում է, որ գիտական կազմակերպության տնօրենը ևս առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։ Կուսակցական լինելու արգելքը ոչ միայն ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի համար է։ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»,- ասվում է նախագծում: Նախագծում նշվում է, որ բուհի հոգաբարձուների խորհուրդը համարվելու է նաև դրա կազմում ընդգրկված գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդը։ Հոգաբարձուների խորհուրդն իրականացնելու է մի շարք կարևոր գործառույթներ, այդ թվում՝  բուհի տարեկան բյուջեի ու դրա փոփոխությունների հաստատումը, բուհի ռազմավարական ծրագրի հաստատումը, ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի ընտրությունը, պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը։ Նախագծով սահմանվում է, որ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ։ Անդամներից 10-ին ներկայացնում է բուհը՝ 5-ին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից) և 5-ին՝ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից: Մյուս 10 անդամներին առաջադրում է լիազոր մարմինը, այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն։ Լիազոր մարմնի առաջադրած անդամները կարող են լինել գիտության և կրթության․ հումանիտար, արվեստների կամ գործարար միջավայրի՝ բարձր հեղինակություն վայելող և պատասխանատու պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձիք՝ այդ թվում Սփյուռքի կամ այլ երկրի ներկայացուցիչներից։ Եվ չնայած չկա այնպիսի դրույթ, որը կարգելի հոգաբարձուների խորհրդի անդամին լինել կուսակցական կամ զբաղեցնել քաղաքական պաշտոն, նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար»։  «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց՝ նման անհամապատասխանության պատճառն այն է, որ հանրային քննարկման դրված նախագծում հոգաբարձուների խորհրդի անդամներին վերաբերող այդ դրույթը հստակ շարադրված չէ։ Ըստ կոմիտեի նախագահի՝ նախագծի՝ կառավարություն ուղարկվելիք լրամշակված տարբերակում հոգաբարձուների խորհրդի անդամներին վերաբերող ձևակերպումները հստակեցվելու են։  Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրվելու է հետևյալ տարբերակով․ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում և ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ քաղաքական, հանրային կամ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»: Եթե նախագիծը շարադրվի այս խմբագրմամբ, կնշանակի, որ հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն կարող առաջադրվել ոչ միայն կուսակցականներն ու քաղաքական պաշտոն զբաղեցնողները, այլև առհասարակ հանրային և համայքնային ծառայության պաշտոններ զբաղեցնողները։ ԿԳՄՍՆ-ն այս պահին առաջարկների հավաքագրման փուլում է, և նախագծի վերջնական լրամշակված տարբերակի հրապարակումից հետո պարզ կդառնա, թե ինչ խմբագրմամբ նախագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի ԱԺ-ում։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի ձևավորման նոր սկզբունքները գործելու են խոշորացված բուհերի համար։ Թե երբ տեղի կունենա բուհերի խոշորացումը, դեռևս հայտնի չէ։ Պետական բուհերից մի քանիսի խորհուրդների լիազորությունների ժամկետը լրանալու է 2025-ին, մի մասինը՝ 2026-ին, մի մասինը՝ 2028-ին։ Մինչ բուհերի խոշորացումը հոգաբարձուների խորհուրդները կշարունակեն ձևավորվել գործող օրենսդրությամբ։ Այսպիսով, չնայած 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարող ուժի խոստումներին՝ բուհերն ազատել կուսակցական ազդեցություններից, այսօր բուհերի կառավարման խորհուրդներում առկա է զգալի քաղաքական ներկայություն․ Երևանի 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների 47%-ը քաղաքական պաշտոնյաներ են կամ կապված են կառավարող կուսակցության հետ, ԿԳՄՍ նախարարի առաջադրած անդամների 18.3%-ը պետական պաշտոնյաներ են կամ կապված են կառավարող կուսակցության հետ։ Չնայած վերոնշյալին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է սահմանափակել կուսակցականների և քաղաքական պաշտոնյաների մասնակցությունը բուհերի կառավարմանը, սակայն այս սահմանափակումների գործնական կիրառումը դեռևս կախված է օրենքի վերջնական խմբագրությունից և բուհերի խոշորացման գործընթացից:   ¹ Հայաստանում բուհերն իրավակազմակերպական ձևով կա՛մ հիմադրամներ են, կա՛մ պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Հիմնադրամներն ունեն հոգաբարձուների խորհուրդներ, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունները՝ կառավարման խորհուրդներ։ Նյութում խորհուրդ/կառավարման խորհուրդ/հոգաբարձուների խորհուրդ ձևակերպումները համարժեք են, քանի որ տարբեր փաստաթղթերում հանդիպում են նշված բոլոր տարբերակները։ ⇑ ² Մեր ուսումնասիրած բոլոր 12 բուհերի կանոնադրություններով հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանված է 20։ ⇑ ³ Խորհուրդների կրկնվող անդամները հաշվվել են որպես առանձին անդամներ՝ ճշգրիտ պատկերը ստանալու համար։ Այն անձինք, ովքեր առաջադրվել են ի պաշտոնե, իսկ հետո նրանց պաշտոնը փոխվել է, տվյալներում ներկայացված են առաջադրման օրվա դրությամբ եղած պաշտոնով։ ⇑ ⁴ Պետական և համայնքային քաղաքական պաշտոնների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ⇑ ⁵ Նյութում որպես ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ են նշվում նախկին ՔՊ-ականները, ՔՊ-ականների ընտանիքի անդամները, ՔՊ-ին նվիրատվություն կատարածները, ինչպես նաև հանրային (օրինակ՝ սոցցանցերով) աջակցություն հայտնածները։ ⇑ ⁶ Նկարում «պետական կառույց» ձևակերպումը վերաբերում է ՊՈԱԿ-ներին, պետության հիմնադրած կամ պետական մասնաբաժին ունեցող այլ կառույցների, հիմնադրամների ու կազմակերպություններին՝ բացառությամբ մշակութային, սպորտային, բժշկական, ուսումնական և գիտական կառույցների, որոնք նշված են որպես «պետական այլ կառույց»։ ⇑ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Լյուսի Մանվելյանի
18:51 - 04 դեկտեմբերի, 2024
«Ծիծաղելի թիվ». վարորդներին հավելյալ աշխատանքային ժամի համար առաջարկվել է 700 դրամ

«Ծիծաղելի թիվ». վարորդներին հավելյալ աշխատանքային ժամի համար առաջարկվել է 700 դրամ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդները բողոքի ակցիա են իրակացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և պայմանների բարելավում: Ակցիա իրականացնող վարորդներից մեկը հայտնեց, որ իրենց խոստացել են 100-150 000 դրամով աշխատավարձի բարձրացում, բայց հիմա ասում են, որ նման թիվ չեն ասել. «Ամեն մեկն ասում ա՝ անձամբ ես ասե՞լ եմ, բայց եթե մեկն ասում ա, ուրեմն՝ դա քննարկված հարց ա, ես էդպես եմ հասկանում: Մեր աշխատանքային պայմանագրով 12 ժամ մենք պետք է աշխատենք, պլյուս երկու ժամ հանգիստ, այսինքն՝ ընդհանուր 14 ժամ: Հիմա մեզ երեկ եկել են, առաջարկել են՝ հավելյալ ժամերի համար ժամը 700 դրամ, ծիծաղելի թիվ, էն էլ 10-ից հետո»: Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իրենց աշխատանքային ժամը տևում է «պրակտիկորեն մինչև 18 ժամ»: Խոսելով աշխատանքային պայմանների մասին՝ վարորդներից մեկը ասաց, որ ավտոբուսների վերջնակետերում չկան զուգարաններ կամ էլ դրանք փողով են: Նրանք նշեցին, որ քանի դեռ ավտոբուսների գումարները առձեռն էին փոխանցվում, իրենք այս հարցը չէին բարձրացնում, քանի որ կարողանում էին լրացնել այդ ծախսերը: «Ազատության» լրագրողի հարցին, թե օրական մոտավորապես որքա՞ն գումար էր մնում վարորդներին այն ժամանակ, երբ ավտոբուսի գումարը վճարում էին առձեռն, վարորդներից մեկը պատասխանեց, որ 4000-5000 դրամ մնում էր: «Մեզ ժամավճար պետք չի, մենք հրաժարվում ենք ժամավճարով աշխատելուց: Մեր պայմանագրով ինչ կա, էդ ձև ենք աշխատելու: Մնացած հարցերը թող մտածի վերադասը»,- ասաց վարորդը: Նա նաև հայտարարեց, որ իրենք վճարային նոր համակարգին դեմ չեն և սաբոտաժ չեն անում, պարզապես ցանկանում են պայմաններ՝ մեքենաները լվանալու, լվացման կետերի հերթերից ազատվելու, պահանջում են ժամավճարով աշխատանքի դեպքում վճարի բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, զուգարաններ: Վարորդները նաև հայտնեցին, որ ղեկավարն այսօր իրենց ասել է, որ բոլորը, ովքեր ակցիա են իրականացնում, հեռացված են աշխատանքից: Վարորդները չեն հերքում, որ խոսնակի նշած չափի աշխատավարձ են ստանում, բայց նշում են, որ իրենք արտաժամյա են աշխատում, պայմանագրից դուրս պարտականություններ իրականացնում, մասնավորապես՝ իրենց միջոցներով հոգում են շատ ծախսեր, այդ թվում՝ մեքենաների մաքրության, վերանորոգման ծախսերը: Այսօր Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է. MAN - 401,500 ՀՀ դրամ, Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ, Gazel City - 219,500 ՀՀ դրամ:
10:43 - 03 դեկտեմբերի, 2024