Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Գարեգին Երկրորդը Ռումինիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան

Գարեգին Երկրորդը Ռումինիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում: «Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ սանձազերծած ռազմական գործողություններին, որի հետևանքով կան զոհեր, վիրավորներ և ավերածություններ։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի զսպելու Ադրբեջանի ագրեսիան՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։ Փոխնախարար Յուլիան Ֆոտան իր ցավակցությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Ռումինիայի կառավարությունն ամեն ջանք կգործադրի նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։ Պրն Յուլիան Ֆոտան հույս հայտնեց, որ իր այցը Հայաստան կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների առավել խորացմանն ու սերտացմանը։ Փոխնախարարը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներգրավվածությանը Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և երկրի զարգացման գործընթացին: Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիայի իշխանություններին և Ռումին Ուղղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար»,- նշված է գրառման մեջ։
20:18 - 13 սեպտեմբերի, 2022
Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը․ Գարեգին Բ

Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը․ Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարածել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․   «Սիրելի ժողովուրդ հայոց,   Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ։   Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները և առ Աստված ձայնող տաճարները։ Առկա իրադրության մեջ թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։ Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք և սատար լինենք Հայոց Բանակին և հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք և գործենք առ հայրենին սիրով և պատասխանատվությամբ։ Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատևության։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։   Եղբայրական մեր դիմումն է Քույր Եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար և կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։   Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերը ամուր ու տոկուն պահի և Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։   Աստված պահապան Հայոց բանակին և մեր հայրենիքին»։
12:46 - 13 սեպտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չառլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։   Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում նշել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը ծառայեց հավատքով ու սիրով՝ հանդեպ Բրիտանիայի ժողովուրդը։   Յոթ տասնամյակ շարունակ Նորին Մեծությունը ներշնչեց իր ժողովրդին միասնականություն և ամենադժվար ժամանակներում դարձավ ուժի և վճռականության խորհրդանիշ։   Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալ Աստծուց Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հոգին։
19:13 - 09 սեպտեմբերի, 2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանի իշխանություններին՝ հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու համար

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանի իշխանություններին՝ հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու համար

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես եկավ Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից։  Արձանագրություն 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների վերաբերյալ։      Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»: ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել: Գերմանիայի Կարլսրուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար, Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար, Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին:
20:16 - 08 սեպտեմբերի, 2022
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։  Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության։ Արդարև, իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության  համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են։ Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի։ «Տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում խոհեմությամբ, և գիտությամբ շտեմարանները լցվում են ամենայն հարստությամբ ու պատվական բարիքներով» (Առակ․24․ 3-4)։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված լուսավոր պահի մեր կրթօջախները, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը` կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և պարգևի ձեզ ուժ ու եռանդ ձեր նվիրական առաքելության մեջ։ Սիրելի սաներ, զորացեք ջանասիրությամբ, քաջարթուն մտքով ու հոգով և ձեր ուսուցիչների առաջնորդությամբ ու միասնական ջանքերով ուսումնական տարին առատ դարձրեք արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ ժողովրդի ճանապարհը ու ծառայեն աստվածպարգև մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:  Թող Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ առատապես օրհնի ու հանապազ պահպանի մեր հայրենիքն ու ժողովրդին»:
10:16 - 01 սեպտեմբերի, 2022
Կատարվել է հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մինչ արարողությունը Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորեց հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։ Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։
13:47 - 18 օգոստոսի, 2022
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:Աղբյուրը՝ qahana.am։
10:08 - 24 հուլիսի, 2022
Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին
 |news.am|

Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին |news.am|

news.am: Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա, որովհետեւ դիրքը շատ լավն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել Հիսուսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրվել։ «Ամբողջ Հայաստանից որտեղից էլ նայես՝ սա երեւում է, ինքներդ էլ եղաք այստեղ, տեսաք, թե ինչ դիրք ունի»,– ասաց Գագիկ Ծառուկյանը եւ նշեց, քանի որ խոսակցություններ են եղել, թե պետք չէ, որ արձանը լինի պատմամշակութային տարածքներում, իրեն ընտրել են ոչ  պատմամշակութային տարածք։ Անդրադառնալով հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, թե արձանի կառուցումը ոչ միայն հոգեւոր ուղերձ ունի, այլեւ ներքին հակասությունները հաղթահարելու հնարավորություն է, հիմա կարծո՞ւմ է, որ այդ ուղերձը տեղ է հասել,  հաշվի առնելով արձանի շուրջ խոսակցությունները, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ուղերձը արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է»։ Գագիկ Ծառուկյանը նախընտրեց չմեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ լինելու հանգամանքը։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝  դեպի Հատիս լեռ ճանապարհը բարեկարգվելու է, բացի այդ՝ կառուցվելու է 5 կմ երկարությամբ ճոպանուղի։ «Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը, սակայն, չասաց, թե արձանը տեղադրելու համար որքան ներդրում է կատարելու։ Ծառուկյանի խոսքով` արձանի առաջին հարկում լինելու է թանգարան, արձանի տարածքում ոչինչ չի լինելու, իսկ լեռան ներքեւում լինելու են քոթեջներ, սրճարաններ: «Ինչ-որ անհրաժեշտ է, որ մարդիկ գան հարմարավետ զգան իրենց»,– ասաց նա։
18:19 - 09 հուլիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ՝ անվտանգային հարցեր, չլուծված սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ։ Նորին Սրբությունը նկատել է, որ նման այցերը ամրապնդում ու զորացնում են համագործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ նպաստելով նաև առկա մարտահրավերների հաղթահարմանը։   Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Ադրբեջանում միչև օրս պահվող ռազմագերիներին և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունը խոսել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կրոնամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության մասին, որի հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայկական քրիստոնեական հնագույն մշակույթի շուրջ յոթ հազար պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։   Խոսելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորության մասին՝ Վեհափառ Հայրապետը տարակուսանք է հայտնել հարևան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների մթնոլորտում պարտադրվող խաղաղության հնարավորության առնչությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հատնել, որ բարեկամ երկրները, միջազգային հանրությունը և Եվրոպայի խորհուրդը հստակ կեցվածք կդրսևորեն մտահոգիչ այս խնդիրների վերաբերյալ և քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երևույթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։   Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ է կատարեց հակամարտության ընթացքում և հետպատերազմյան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնավորի՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին։   Իր հերթին, Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ ուշադրության կենտրոնում են։ Վերջինս հատկապես կարևորեց սահմանների անվտանգության, գերիների վերադարձման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Արցախի ժողովրդի անվտանգության առաջնահերթությունները։ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև հաստատել տևական խաղաղություն և վերացնել առկա հակամարտությունները։   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևոր է համարել նաև մշակութային ու կրոնական երկխոսությունը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղության և կայության հաստատմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերը։  
17:42 - 17 հունիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոն քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Սուինի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Շնորհքը ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին: «Իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց միջոցով հայորդիներին հնարավորություն է ընձեռնվում իրենց ուխտը վերանորոգելու և հայ ժողովրդի համար դժվարին այս օրերին գոտեպնդելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին՝ վստահություն հայտնելով, որ աշխարհասփյուռ հայությունն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ ուժ կգտնի հաղթահարելու առկա մարտահրավերները:
17:49 - 12 հունիսի, 2022
ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ

ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․  «- Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում նաև խաղաղ բնակչությանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը, - Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա,   - Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա,   - Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ։   Գերագույն հոգևոր խորհուրդը, խիստ մտահոգված ստեղծված բարդագույն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով և ապավինելով Բարձրյալ Տիրոջ ողորմությանը և մեր ժողովրդի իմաստությանը, հորդորում է՝   - Առաջնային նկատել ազգային և պետական շահը, գործել խղճի մտոք և պատասխանատվությամբ, խնդիրների արժանապատիվ լուծումները փնտրել բացառապես մեր համընդհանուր կամարտահայտման ու համախոհության մեջ,   - Հայրենիքում, թե սփյուռքում ամենայն ջանք ի գործ դնել զորացնելու մեր ազգային միաբանությունը՝ վերացնելով պառակտող հատվածականությունը, լծվելու հայրենիքի հզորացմանը, միջազգային հարթակներում և ամենուր հետևողականորեն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հատուցմանը, պայքարելու հանուն մեր ինքնության ու հոգևոր-ազգային արժեքների պահպանության,   - Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտոնական գործառույթներից, դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն, հարգանք միմյանց իրավունքների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։ Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել։   Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում հավատավոր մեր աշխարհասփյուռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քույրերին և եղբայրներին և պատրաստակամ հանձնառություններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետության զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։   Աղոթում ենք մեր երկրի խաղաղության ու առաջընթացի համար և հայցում Բարձրյալն Աստուծո օրհնությունն ու զորակցությունը մեր ժողովրդին։   Թող հայրենիքի համար աղոթքը մշտահունչ լինի մեր ազգի զավակների շուրթերին»։
18:45 - 20 մայիսի, 2022
Հոգևորականները հանրահավաքին ներկա են լինելու հնարավոր լարվածությունները մեղմելու համար. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Հոգևորականները հանրահավաքին ներկա են լինելու հնարավոր լարվածությունները մեղմելու համար. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև մայիսի 1-ի հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։ «Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։ Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»,- ասվում է գրառման մեջ։
14:46 - 01 մայիսի, 2022
Մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը․ Գարեգին Երկրորդ

Մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը․ Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։   Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։   Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։   Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։   Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։   Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։   Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։   Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն»։  
11:17 - 24 ապրիլի, 2022
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի Հարության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի Հարության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քրիստոսի Հարության տոնի առիթով պատգամ է հղել․ Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ» (Ժամագիրք)։   Սիրելի հավատավոր զավակներ,   Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված ու շփոթահար առաքյալները և Հարության բերկրությունն ու մխիթարությունը իրենց սրտում՝ Քրիստոսի կենարար վարդապետությունը տարածեցին աշխարհում և տերունապատվեր սիրո պատգամը հաստատեցին հավատացյալների հոգիներում։   Այսօր մենք և ազգիս աշխարհասփյուռ հավատավոր զավակները համախմբված եկեղեցիներում՝ Վերնատանը հավաքված առաքյալների պես զգում ենք Տիրոջ օրհնաբեր ներկայությունը, յուղաբեր կանանց հետ տեսնում թափուր գերեզմանը, լսում Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»։   Քրիստոսի Հարության տոնը մարդու հանդեպ աստվածային անսահման սիրո, մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակի տոնն է։ Փրկչի սերը թեև հանդիպեց ատելության ու թշնամանքի, սակայն Տերը երբեք չտարակուսեց և չընկրկեց։ Մարդկանց նկատմամբ Նրա հոգատարությունը թեև բախվեց մերժումի, Նրա բերած ճշմարտությունը հակադարձվեց կեղծիքով, բայց Քրիստոս իրագործեց Իր առաքելությունը՝ հանուն մարդկության փրկության, և հարություն առնելով հաշտություն հաստատեց աշխարհի և Աստծո միջև։ Արդարև, հարությունը այնտեղ է, որտեղ տերունավանդ սերն է հաղթանակում։ Հարության փրկարար շնորհով զորանում են հավատացյալ անձերը և արժանի դառնում հավիտենական կյանքի։ Հարությունը կենդանություն է բերում մեղքերով ծանրաբեռնված հոգիներին և մարդու ընթացքը ամուր պահում հույսի, սիրո և արդարության մեջ։   Քրիստոսի փրկագործությամբ արշալույսված դարերի հոլովույթում հարության հավատն ու շնորհը վերափոխել են անձերի ու ժողովուրդների, գոտեպնդել պատուհասների ու փորձությունների մեջ, զորություն պարգևել հաղթահարելու խաչելությունները, վեր հառնելու գողգոթաներից և հաղթանակած քայլելու հարուցյալ կյանքի ճանապարհով։ Այս ճշմարտությամբ ներշնչված է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը օրհնաբանում Տիրոջ հրաշափառ Հարությունը՝ ասելով. «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր մարդկության կյանքը ալեկոծված է պառակտումներով, հակառակություններով, ազգամիջյան ատելության կորստաբեր ընթացքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգների մեջ է աշխարհը ծավալվող քաղաքական զարգացումներով, որոնք հանգեցնում են միջպետական, տնտեսական և սոցիալական լրջագույն խնդիրների, խաթարում են երկրների և ժողովուրդների ներդաշնակ համակեցությունը։ Աղոթենք, որ փոխհասկացողության և համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների կյանքում: Թող Աստծո առաջնորդությամբ մարդկության կյանքում շուտափույթ հանգուցալուծում գտնեն բոլոր բարդ ու մտահոգիչ իրավիճակները՝ զերծ պահելու աշխարհը նոր աղետներից։ Մեր Տերը այսօր էլ մարդկությանը տալիս է խաղաղության, եղբայրսիրության պատգամները և կոչում ապրելու աստվածապաշտությամբ ու մարդասիրությամբ։ Միայն հարուցյալ ընթացքով, Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելով կարող ենք նոր կյանք արարել, որպեսզի, ըստ առաքյալի հորդորի, «ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4)։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Հարության ավետիսն այսօր առանձնակի մխիթարություն ու սփոփանք է բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի պատերազմի արհավիրքներ ապրած մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր այս պահին էլ վշտերի, նեղությունների մեջ են, անկայուն խաղաղության ու անապահովության պայմաններում։ Հատկապես այս դժվարին ժամանակներում մեր կյանքը հավատքի և հավատո գործոց կարիքն ունի, որպեսզի հարատևի հարության ուրախության մեջ և բարեզարդվի նորանոր իրագործումներով ու հայրենաշեն ձեռքբերումներով։ Ազգային մեր անդաստանում հարուցյալ կյանքը նաև նշանակում է ողջախոհություն, անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից՝ առ հայրենին հավատարմություն և ազգին անսակարկ նվիրում։ Այս ոգով մեր կյանքից պիտի մերժենք անտարբերությունը, անհանդուրժելի, աղետաբեր հարմարվողականությունը և հզորություն, միաբանություն ու առաջընթաց ապահովենք աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շեն ու բարօր ապագա՝ սերունդներին։   Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները։ Սիրելի արցախցիներ, Մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ազգովի զորակից լինենք ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական վկայարան։ Հայրապետիս հայցն է առ հարուցյալ Տերը, որ ազգս հայոց տեսնի իր կրած տառապանքների վարձքը և կերտի սրբազան հայրենիքի վերածնունդը։   Մաղթանաց այս աղոթքը Մեր շուրթերին և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով հարուցյալ Փրկչի երկնառաք օրհնությունն ու օգնականությունը և գահակալության արևշատ ու արդյունավոր տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։   Զատկական այս լուսապայծառ առավոտ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և խնդրում, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր Հարության շնորհները հեղի մարդկության կյանքին, Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու ապահովություն։ Թող հարության կենարար խորհրդով զորացյալ ազգս հայոց իրականության առաջնորդի նախնյաց և մեր նվիրական իղձերն ու տեսիլքները՝ ի փառս մեր երկրի և ի հավետ պայծառություն մեր ժողովրդի։ Տիրոջ սերը, խնամքը և ողորմությունը թող հովանի լինեն ազգիս ու հայրենյաց, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։   Քրիստոս յարեաւ ի մեռելոց,   Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի  
16:23 - 17 ապրիլի, 2022
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է նաև մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:   Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:   Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:   Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն: Նյութը՝ Qahana.am-ից
12:34 - 10 ապրիլի, 2022