Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի. Արա Այվազյան |tert.am|

Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի. Արա Այվազյան |tert.am|

tert.am: Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, որով զբաղվում ենք։ Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ։ Հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։ Վերջինս նշեց՝ սահմանների բացումը հատկապես Տավուշի, Լոռու մարզի բնակիչներին շատ է հուզում, քանի որ այդ մարզերի բնակիչների հիմնական մասն առևտրով է զբաղվում և հիմա զրկված է եկամուտ ստանալու հնարավորությունից։ «Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության ավելացման հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, մարդկանց հոսքը խիստ կրճատվել է, թեև իրականացվում են բեռնափոխադրումներ»,-ասաց պատգամավորը։ Նախարարն ասաց, թե նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով, և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ՝ ցամաքային սահմանների բացման հարցը։
17:57 - 24 մարտի, 2021
Պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա. Արա Այվազյանը՝ Le Monde-ին

 |armenpress.am|

Պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա. Արա Այվազյանը՝ Le Monde-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի ևս մեկ հոդված։ Լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի,  տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների հետ։  Լրագրողն անդրադառնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաև այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման  նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաև Հայաստանի հարավ-արևելքում` Սյունիքում: «Նրանք, ովքեր տեղակայվել են Հայաստանի տարածքում` Սյունիքում, այդ զորակազմի մաս չեն կազմում: Նրանք միջնորդների դերն են իրականացնում` խուսափելու Հայաստանի սահմանակից գյուղերի բնակիչների և ադրբեջանցի զինվորների միջև լարվածությունից»,- հստակեցրել է ՀՀ ԱԳ նախարարը: Ֆոստին Վենսանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երևանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արևմուտքում, և, որ Ռուսաստանը նաև կօգնի բարեփոխել հայկական բանակը: Նախարարը հավելել է, որ  «Ղարաբաղի փորձը հաշվի առնելով` մեզ պետք է արմատապես վերանայել և օպտիմալացնել մեր հնարավորություններն ու ուժերի թվաքանակը»: Ջանքերը կուղղվեն վերահսկման, հետախուզության, օդային պաշտպանության համակարգերի, անօդաչու ինքնաթիռների, հրթիռների և հրետանու զարգացմանը: Հոդվածագիրն անդրադառնում է, թե ինչպես է 2018թ.-ին ժողովրդական ու խաղաղ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն եկել իշխանության` տապալելով հետխորհրդային կոռումպացված վարչակազմը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, և նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից:
18:48 - 23 մարտի, 2021
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Մարտի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար: Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և զգալի ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Կարևորվեց Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում: Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ:
20:05 - 22 մարտի, 2021
Արա Այվազյանն Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերի

Արա Այվազյանն Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերի

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։ Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա օրակարգի և ԱլԳ «ետ-2020» տեսլականի շուրջ։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ ՀԳԸՀ լիարժեք և արդյունավետ կիրարկումը շոշափելի նոր լիցք կհաղորդի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման գործում: Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերին։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային հանրության և համապատասխան մասնագիտացված կառույցների տեղում ներգրավվածությունը։
17:47 - 21 մարտի, 2021
Աշխարհը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը. Արա Այվազյանն ուղերձ է հղել

Աշխարհը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը. Արա Այվազյանն ուղերձ է հղել

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը, որը խորհրդանշում է խաղաղություն, համերաշխություն, հանդուրժողականություն ու մշակութային բազմազանություն։ Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեհամակարգում կարևորվում է խաղաղության ամրապնդումը, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները, որոնք բացում են զարգացման ճանապարհներ: Այստեղ մերժվում են ատելությունը, խտրականությունն ու կեղծիքը: Ափսոսանքով պետք է նշել, որ մեր տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են կիսում հիրավի համամարդկային այս արժեքները: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ծանր հումանիտար հետևանքներ ունեցավ խաղաղ բնակչության համար: Այս համատեքստում հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունի աշխարհի ֆրանկոֆոն ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից՝ պատերազմի ծանր օրերին մեր երկրի կողքին կանգնելու որոշումը: Հայաստանը, հանձնառու լինելով Ֆրանկոֆոնիայի և համամարդկային քաղաքակրթական արժեքներին, պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատման համար։ Ինչպես գիտեք, Հայաստանում յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին նշվում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրի մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են կրթական-մշակութային բազմատեսակ միջոցառումներ: COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրը հնարավոր չէ նշել այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը կցանկանար։ Այնուհանդերձ, համոզված ենք, որ դպրոցների, համալսարանների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հայ ֆրանկոֆոնները յուրովի կնշեն ֆրանսերենին և Ֆրանկոֆոնիային նվիրված այս խորհրդանշական օրը։ Լիահույս ենք նաև, որ գալիք գարնանը, Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում համավարակը կհաղթահարվի, և մեր հասարակության ֆրանկոֆոն և ֆրանկոֆիլ համայնքը կվերագտնի ավանդական երկամսյակը վայելելու հնարավորությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ, որպեսզի մեր Կազմակերպությունը, քաղաքակրթությունների երկխոսության բացառիկ վայր հանդիսացող ֆրանկոֆոն մեր մեծ ընտանիքը, մշտապես լինի արդիական և արդարացնի ֆրանկոֆոն տարածքի ժողովուրդների սպասումները»։
14:43 - 20 մարտի, 2021
Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվեց հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
21:55 - 19 մարտի, 2021
Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը: Այս առնչությամբ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղելու գործում: Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից են եղել հակամարտային իրավիճաներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին համընդգրկուն կերպով ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ: ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով:
16:48 - 19 մարտի, 2021
Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական ջանքեր ձեռնարկելու համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում: Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին բազմակողմ ձևաչափերում ձևավորված սերտ փոխգործակցությունը լայն օրակարգի շուրջ։ Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր արգենտինացի գործընկեր Սոլային ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:  
21:30 - 17 մարտի, 2021
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լավ գործիք է Հայաստանում բարեփոխումների իրականացման համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ էստոնացի գործընկերոջը

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լավ գործիք է Հայաստանում բարեփոխումների իրականացման համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ էստոնացի գործընկերոջը

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն  Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում: Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։ Այս առնչությանբ առանձնահատուկ ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։  Նախարարներ Այվազյանը և Լիիմեթսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ։ Այդ առումով զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀԳԸՀ-ն լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։ Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
19:31 - 17 մարտի, 2021
Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդես է եկել հայտարարությամբ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով:  «Ցանկանում եմ ողջունել շվեդ իմ գործընկեր Անն Լինդեին Հայաստանում՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարվող այցի շրջանակներում: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին: Տիկին Լինդե, Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հատկանշական է, որ եվրոպական անվտանգության համար այս դժվարին ժամանակներում Շվեդիան, որի միջազգային խաղաղության համար կատարած ներդրումը հայտնի են բոլորին, ստանձնել է կարևոր այս կազմակերպության ղեկավարումը: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել և արգասաբեր գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելության մեջ: Ցավալի է, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին ծրագրված Ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով: Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները: Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց: Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավվումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում: Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ. զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման։   Հարգելի գործընկերներ, Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»:
15:14 - 16 մարտի, 2021
Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Լինդե |armenpress.am|

Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Լինդե |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է խորացնել համագործակցությունը: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: « Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Սա հստակ արտացոլվում է Երևանում մեր անմիջական ներկայությամբ, այսինքն՝ ռեզիդենտ դեսպան նշանակելով»,- ասաց նա: Նա հավելեց, որ տպավորված է Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներով: «Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդ առաջընթացը լինել: Ես բոլոր կողմերին կոչ եմ հղում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերակայությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ եզրափակեց Անն Լինդեն:
14:14 - 16 մարտի, 2021
Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան

Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին: «Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական պատանդներ մնում են գերության մեջ։ Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Այս անընդունելի գործողություններն ավելի ուժեղ են, քան խաղաղության և հակամարտության դադարեցման մասին դատարկ խոսակցությունները»,- նշել է նախարարը: Այվազյանը Լինդեի հետ զրույցում ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։ «Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված։ Նրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցը»,- ասել է Արա Այվազյանը:
12:36 - 16 մարտի, 2021
 Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ․ ԱԳՆ նախարար

Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ․ ԱԳՆ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարությանը.   «Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։   Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։   Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»:
11:58 - 16 մարտի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի և ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման և նոր ուղղությունների ուրվագծման համար։ Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման մասով: Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման առումով ընդգծվեց միջազգային գործընկերների ներգրավվածության անհրաժեշտությունը։ Նախարարներ Այվազյանը և Շալենբերգը կարևորեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ հակամարտությունների համատեքստում՝ երկուստեք մտահոգություն հայտնվեց զինյալ ահաբեկիչների և վարձկանների նեգրավման և տեղափոխման վերաբերյալ։ Այս առնչությամբ կարևորվեց տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը։ Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
21:01 - 12 մարտի, 2021
Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար․ Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար․ Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը․ Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ, որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները: Արա Այվազյան. Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական ​​և ազգային շահերի պահպանության և պաշտպանության: Հարց. Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար։ Արա Այվազյան. Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ: Հարց. Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա, պարոն նախարար: Արա Այվազյան. Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Հարց. Պարոն նախարար, Հայաստանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում։  Արա Այվազյան. Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ լայնամասշտաբ պատերազմը Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ էր անցկացրել՝ թուրքական օդուժի ներգրավմամբ: Այդ երկիրը դիմեց ոչ սովորական գործիքակազմի. իր ծավալապաշտական քաղաքականության նպատակով մեր տարածաշրջան արտահանեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:  Պատերազմում Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումն արդեն իսկ հայտնի փաստ է, որը հաստատվել է միջազգային մամուլի, համաշխարհային առաջնորդների, բազմաթիվ միջազգային մարմինների կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը: Դա հաստատվել է նաև ձերբակալված ահաբեկիչների կողմից, ովքեր բացահայտել են ողջ շղթան՝ հավաքագրումից մինչև իրենց տեղափոխումը տարածաշրջան:  Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում:  Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ: Հարց. Պարոն նախարար, Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերի մասին և ասացիք, որ Թուրքիան էր ապահովում ահաբեկիչների ներկայությունը հակամարտությունում: Թուրքիան հիմա՞ էլ է շարունակում իր այդ դերակատարությունը։ Արա Այվազյան. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և վարձկաններին, որոնք արտահանվել և տեղափոխվել են մեր տարածաշրջան, կարծում եմ, որ դա միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիր է, որը պետք է լուծում ստանա միջազգային հանրության միանշանակ դիրքորոշման միջոցով։ Զինյալ ահաբեկիչներն ու վարձկանները պետք է դուրս բերվեն մեր տարածաշրջանից։ Հարց. Պարոն նախարար, արդյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար: Արա Այվազյան. Նախևառաջ, Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։ 
17:08 - 12 մարտի, 2021