Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը, շեշտել է առկա համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու նոր նախագծերի իրականացումը: Վահրամ Դումանյանը կրթության և գիտության ոլորտներում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացվող նախագծերից առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում աջակցել ԿԳՄՍ նախարարությանը: Կարևորելով ծրագրի մինչև  2023 թվականը երկարաձգումը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ  ներառական կրթության բարեփոխումները ՀՀ կրթության քաղաքականության առանցքային ուղղություններից են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին և գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ)  «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում: «Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աջակցության համար` նշելով, որ այդ ոլորտում գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված  տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: «Վստահ ենք, որ Ձեր կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցառումները լավագույնս կնպաստեն այս զգայուն և չափազանց կարևոր խնդրի կարգավորմանը»,- նշել է Վ. Դումանյանը: ԱՄՆ դեսպանը փաստել է, որ խնդիրը մտահոգիչ է և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև EducationUSA, FLEX կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներին, Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությանը, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին:
19:34 - 01 հուլիսի, 2021
Հայկ Չոբանյանն ընդունել է Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

Հայկ Չոբանյանն ընդունել է Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ մամուլի ծառայությունը։ Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով քննարկելու  համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները: Կարևորելով առկա համագործակցությունը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի կայացման գործում ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել 2000-ականներին՝ հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի օժանդակությամբ: Ամերիկյան ներդրումների միջոցով բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում, ինժեներական սեկտորի բավականին ներկայանալի բազա է ստեղծվել,  կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա Հայաստանն իր դիրքն է ապահովել, ներկայումս էլ՝ մեծ հնարավորություններ են առկա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին է ներկայացրել Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել է  Ինժեներական քաղաքի ծրագրին, և հրավիրել է դեսպանին մոտ ապագայում համատեղ այց իրականացնել այնտեղ: Հայկ Չոբանյանը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ դերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում, որի շրջանակներում թվայնացման ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր են իրականացվում: Դեսպան Լին Թրեյսին  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա շնորհավորել է ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու, ոլորտի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հարցերում: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանն անդրադարձել են համատեղ իրականացվող տեխնոկրթական ծրագրերի, կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է դեսպանին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին:
20:22 - 22 հունիսի, 2021
Տիգրան Ավինյանն ու Լին Թրեյսին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

Տիգրան Ավինյանն ու Լին Թրեյսին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:   Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի իրականացման մասին է՝ ծառայությունների մատուցման, թվայնացման և այլ ուղղություններով: Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը կարևորել են Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Փոխվարչապետն այս բարեփոխումը անվանել է անկյունաքարային՝ ընդգծելով, որ այն կապահովի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև պետական և համայնքային ծառայությունների թվայնացման ընթացիկ վիճակին ու արձանագրված արդյունքներին: Տիգրան Ավինյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում և մինչև տարեվերջ առարկայական արդյունքներ են ակնկալվում: Ներկայացնելով կառավարության առաջնահերթությունները թվայնացման ոլորտում՝ փոխվարչապետն առանձնացրել է պետական և համայնքային ծառայությունների, պետական մարմինների ընթացիկ աշխատանքների, արդարադատության բնագավառի, կառավարության էլեկտրոնային գործիքների և տվյալների միասնական բազայի ստեղծման հարցերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում համագործակցության հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի հետաքրքրությունը կլիմայի փոփոխության մարտահրավերին արձագանքելու և դրան դիմակայելու արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում: Անդրադարձ է կատարվել «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի գործարկման հնարավորություններին: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ փոխվարչապետը շեշտել է միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում էական նշանակություն ունի՝ հույս հայտնելով, որ նախագահ Ջո Բայդենը հստակորեն կարտահայտի իր՝ դեռևս նախընտրական փուլում բարձրաձայնած դիրքորոշումը:
16:27 - 23 ապրիլի, 2021
ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիքի մարզ՝  տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը: Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել էր պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը և ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը: Սիսիանում դեսպան Թրեյսին այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ և հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շահառուներին (Հացավան համայնքից)։ Ծրագրի շնորհիվ հացավանցիները ձեռք են բերել դրամահավաք անցկացնելու հմտություններ, որոնց օգնությամբ հավաքագրել են միջոցներ և համայնքի մանուկների համար կառուցել խաղահրապարակ։ Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ: Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ: Դեսպան Թրեյսիի հաջորդ կանգառը Հովսեփյանների չրի արտադրամասն է եղել, որտեղ նա շփվել է ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր Հայկուշ Հովսեփյանի և նրա ընտանիքի հետ։ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ Հովսեփյանները զարգացնում են ընտանեկան այգին և արտադրամասը՝ նպաստելով համայնքի եկամտի աճին։ Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է նաև սահմանային անցակետի ղեկավարի հետ և այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ Դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի միջոցով: Կապանում դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ տեսակցել է Սյունքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են վերջիններիս այցն ԱՄՆ և տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։ Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս և հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին և ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժած այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին շարունակական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը:
16:07 - 22 ապրիլի, 2021
ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք

ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն` ընդունելու նախարարությանը նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերի նոր խմբաքանակը:   ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք։   Դրանք տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակներում, որը հիմնականում կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ հիվանդության լաբորատոր ախտորոշում և բուժում։ Ծրագրի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն տրամադրել են թվային 3 շարժական ռենտգեն սարք, 3 ուլտրաձայնային ապարատ, որոնք տրամադրվել են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին՝ օգնելու հարյուրավոր հիվանդների։   Երկրում թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40 հազար ՊՇՌ թեստերի համար: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 313320 պարագա, որոնք անհրաժեշտ են ՊՇՌ թեստավորման համար, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետներ և այլն, որոնք համաշխարհային շուկայում բավականին սակավ էին՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկի պայմանները։   «Շնորհակալ ենք շարունակաբար տրամադրվող աջակցության համար և բարձր ենք գնահատում COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը: Շատ կարևոր է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրումը, իսկ այս փուլում առավել քան կարևոր են հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, պատվաստման գործընթացը»,- ասել է Լենա Նանուշյանը և հույս հայտել, որ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել:
18:45 - 14 ապրիլի, 2021
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարությանը, անձամբ դեսպանին՝ Հայաստանի հակակոռուպցիոն և Ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացրել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ու դատական համակարգում ընթացող բարեփոխումները և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը հաստատուն քայլերով շարունակելու է իրականացնել բարեփոխումների օրակարգը։ Դեսպան Լին Թրեյսին կարևորել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ, չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, արձանագրվել են շոշափելի հաջողություններ այդ ուղղություններով։ Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը հայտնել է հակակոռուպցիոն ու արդարադատության ոլորտներում նոր հնգամյա ծրագրերի մեկնարկի մասին։ Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն ընդգծել է ԱՄՆ գործընկերների կողմից առավել գործուն քայլերի անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական այլ պահվող անձանց վերադարձնելուց հրաժարվելու քաղաքականությանը հստակ արձագանքելու առումով։ Նախարարը նաև շեշտել է, որ այդ անձինք միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով ռազմագերիներ են, ուստի այս հարցում Ադրբեջանական կողմի հայտարարություններն հիմնազուրկ են։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, դրանց գործարկման ժամկետները, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը շեշտել է, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում ժողովրդավար, ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձող են սահմանել և հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ևս այդ նշաձողը կպահպանվի։ Այս առումով Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ բոլոր ընտրություններն ազատ ու թափանցիկ անցկացնելու՝ այդպիսով ամրապնդելով այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ ժողովրդավարությունն ունեցող երկիրն է։
15:06 - 09 ապրիլի, 2021
Կաթողիկոսը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Արցախի սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը

Կաթողիկոսը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Արցախի սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիին։   Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է փոխանցել ԱՄՆ իշխանություններին՝ համավարակի պայմաններում և հատկապես պատերազմյան ու հետպատերազմյան դժվարին շրջանում դեսպանատան միջոցով Հայաստանին և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար աջակցության համար։   Անդրադառնալով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին և հետպատերազմյան հետևանքներին՝ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել տարածաշրջանում կայունության հաստատման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման ուղղությամբ։   Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում Հայոց Եկեղեցու իրականացրած ծրագրերին և կրած ազդեցություններին։   Խոսվել է պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից ցուցաբերված աջակցության, ինչպես նաև զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների հոգևոր խնամքի մասին։   Վեհափառ Հայրապետի կողմից տեղեկություններ են փոխանցվել առ այսօր շարունակվող սոցիալական աջակցության ծրագրերի, զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների հետ տարվող հովվական աշխատանքի վերաբերյալ։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնավորապես արծարծել են գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը։   Հանգամանորեն քննարկվել են գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։  
16:46 - 30 մարտի, 2021
ԱԺ նախագահը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

ԱԺ նախագահը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ Զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։ «Այսօր հանդիպեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։ Նրանց ներկայացրեցի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար։ Հույս հայտնեցի, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվի այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին։ ԱՄՆԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանը ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին և խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։ Զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծեցինք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր էջում։  
19:31 - 02 մարտի, 2021
Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։ Զրույցի ընթացքում Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին՝ նշելով, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից են։  «Պատերազմի օրերին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ Մեր և Արցախի կառավարությունների գործուն ջանքերի շնորհիվ՝ երկու ամսվա ընթացքում Արցախում կեցության վայր ունեցող շուրջ 100.000 քաղաքացի վերադարձել է Արցախ։ Քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու նպատակով շարունակում ենք վերջիններիս սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ևս մասնակցություն կունենա Հայաստանում ապրող արցախցիներին աջակցելու գործում։ «Ձեր ղեկավարած նախարարությունը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է։ Երկու կառույցների միջև լավ հարաբերություններն էական դեր ունեն  համատեղ իրականացվող ծրագրերի հարցում, որոնք մեր երկրների կառավարությունների ընդհանուր օրակարգերի մասն  են կազմում»,- նշել է դեսպանը։ Նա կարևորել է նաև թրաֆիքինգի զոհերի և աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։
19:04 - 11 փետրվարի, 2021
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախգահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը: Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
17:49 - 05 փետրվարի, 2021