Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ՄԽ նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ՄԽ նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել եւ առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայրարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը: «Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»: Ուորլիքի խոսքով, միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլեւս լուծված է պատերազմով: Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաեւ Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ԱՄՆ-ի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Նրա կարծիքով, 44-օրյա պատերազմից հետո Արեւմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձեւաչափը, որը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ: Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանն անհնրաժեշտ է առաջին հերթին ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, գրել է Շապիրոն՝Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով: Ջեյսմ Ուորլիքն «Ամերիկայի Ձայնի« հետ զրույցում նույնպես ընդգծում է. ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ «մենք հետաքրքրված ենք Հայաստանի լավ ապագայով»: Շահեր ունի Վաշինգտոնը նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին: «Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` դա խաղաղ գործընթացի ստեղծումն է եւ առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տեւական գործընթաց է լինելու եւ մենք դա գիտակցում ենք, սակայն, դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»: Մեկնաբանելով Փաշինյան-Ալիեւ հանդիպումները, Ուորլիքն ընդգծում է՝ կարեւոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է: «Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Սակայն, մեր հույսն այն է, որ առաջնորդների միջեւ ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են»: Ամերիկացի նախկին համանախագահը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջեւ բացարձակապես կտրվել էր:
14:00 - 18 դեկտեմբերի, 2021
ՍԾՏՀ-ում ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

ՍԾՏՀ-ում ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհակալություն հայտնելով վրացական նախագահությանն անցյալ վեց ամիսներին տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ջանքերի համար՝ Վահե Գևորգյանը ՍԾՏՀ-ի առաջիկա 30-ամյակի համատեքստում նշել է, որ հոբելյանը լավ հնարավորություն կլինի վերանայելու կազմակերպության կատարողականը և նախանշելու ՍԾՏՀ-ն ավելի դինամիկ ու արդյունավետ կազմակերպություն դարձնելու ուղիները: Նա ներկայացրել է Հայաստանի տեսակետները ՍԾՏՀ-ի աշխատանքային մեթոդները բարելավելու հնարավորության վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
11:29 - 18 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները): Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա: Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն): Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնավորված է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը: Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:
17:20 - 15 դեկտեմբերի, 2021
Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
15:12 - 14 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է: «1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը: Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը: 30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն: Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը: Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը, հավատարիմ 1991թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան: Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի: Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը: Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում»: Հայտարարությունը տարածել են՝ ԱՀ ԱԺ « Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, ԱՀ Աժ «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ԱՀ Աժ «Արդարություն» խմբակցությունը, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը, ԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»խմբակցությունը:
13:05 - 10 դեկտեմբերի, 2021
Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-րդ տարեդարձի առիթով։ «30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ տարածքում հանրաքվե անցկացնելու համար։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։ Հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը տեղի է ունեցել Ադրբեջանի՝ լարվածության սրմանն ուղղված քաղաքականության պայմաններում, որը պայթյունավտանգ բնույթ էր ստացել և արդյունքում վերածվեց լայնածավալ պատերազմի Արցախի և նրա ժողովրդի դեմ։ Արցախում անկախության հանրաքվեի անցկացումն արցախյան կողմի հերթական փորձն էր՝ կանխել մոտալուտ պատերազմը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել իրավական և քաղաքական հարթություն։ Սակայն Ադրբեջանն արհամարհեց հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական միջոցներով լուծելուն ուղղված Արցախի քայլերը և քվեարկության օրը ծանր հրետակոծության ենթարկեց Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ քաղաքացիական բնակիչներ։   Ինքնիշխան պետականությունն ամրապնդելու և զարգացնելու իր վճռականությունն արցախահայությունը վերահաստատել է հաջորդ սահմանադրական հանրաքվեների ժամանակ։ 2006 թ․ դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է երկրի առաջին սահմանադրությունը։ 2017 թ․ փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդը հերթական հանրաքվեով կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը՝ այդպիսով հաստատելով իր նախորդ որոշումներն ու անկախ պետություն կառուցելու ուղին շարունակելու կամքը։ Ցավոք, միջազգային հանրությունը չճանաչեց Արցախի ժողովրդի կամարտահայտությունն ու ժողովրդավարական ձգտումները, ինչը թույլ կտար կանխել Ադրբեջանի սանձազերծած պատերազմները և փրկել հազարավոր անմեղ կյանքեր։ Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի ոչնչացման նպատակով սանձազերծված երեք պատերազմներ (1991-1994 թթ․, 2016 թ․ և 2020 թ․), պատերազմների միջև ընկած տարիներին նպատակաուղղված և հետևողականորեն խափանեց միջազգային միջնորդների խաղաղարար նախաձեռնությունները՝ բանակցությունների ընթացքում որդեգրելով ծայրահեղ անզիջում ու ապակառուցողական դիրքորոշում բոլոր հարցերի շուրջ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առարկայական բանակցություններից Բաքվի հրաժարումն այդ ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է, ինչի նպատակը հակամարտության համապարփակ կարգավորման բացառումն է։ Միջազգային միջնորդների առաջարկությունների էվոլյուցիան վկայում է, որ նրանք գիտակցում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը և ճանաչում են Արցախի ժողովրդի առանցքային դերը սեփական քաղաքական կարգավիճակի որոշման հարցում։ Հրաժարվելով բանակցություններից՝ Բաքուն, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առաջարկներին, փորձում է ուժի ապօրինի կիրառման արդյունքները պարտադրել որպես կայացած փաստ։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։ Անկախության հանրաքվեն ամուր հիմք է արցախյան պետականության համար, որի ստեղծման նպատակն էր փրկել արցախահայությանը լիակատար ոչնչացման վտանգից, ինչի աղբյուրը եղել և շարունակում է լինել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, իսկ վերջինիս պետականաշինության հիմքում դրված է հայատյաց և ցեղասպան գաղափարախոսությունը։ Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, քանի որ ժողովրդի պահպանման և զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։ Արցախահայության պայքարը հանուն սեփական անկախ պետականության, պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ ապագայի»։
10:53 - 10 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը աջակցություն են հայտնում ուղիղ երկխոսության վերսկսմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում: Համանախագահները կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ տարածաշրջանում տևական կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց հայտարարությունում։ «Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում: Համանախագահ երկրները նաև «մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին ու Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչության մոտ մուտք գործելու բոլոր սահմանափակումները միջազգային մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ։ Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում ՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի համար, իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում խոսել էր ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, որը փաստորեն հրապարակվեց մոտ մեկ շաբաթ անց:
09:59 - 08 դեկտեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է. «Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ «Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։ Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։ «Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։ Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։ Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։ «Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ: «Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ: Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։  Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։ Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։ Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։ «Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։
17:12 - 07 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունն ու ԵԱՀԿ երեք հարթություններում նախագծերի իրականացումը՝ ուղղված համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի ամրապնդմանը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի համագործակցության ծրագրի (ACP) հետագա զարգացման հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքիշխան տարածքի նպատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձնաց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
18:03 - 03 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
10:59 - 03 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
10:17 - 03 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել  |armtimes.com|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում: «ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, ասել է Լավրովը:
09:57 - 03 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրաապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացելու համատեքստում ընդգծվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Ավստրիական զարգացման գործակալության գործունեությանը Հայաստանում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը՝ Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու համար։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Միխայել Լինհարտին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայկական կողմը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
09:55 - 03 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ, տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։ Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը։
11:45 - 02 դեկտեմբերի, 2021
Գերմանիայի դեսպանը հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին

Գերմանիայի դեսպանը հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին

Նոյեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով ընդգծվել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը: Արարատ Միրզոյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարևորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։ Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում, կողմերը կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը: Դեսպան Ռիխտերը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին: Զրույցի ընթացքում կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։
15:32 - 24 նոյեմբերի, 2021